You are on page 1of 4

ԿՅԱՆՔԻ ՁԵՎԵՐԻ ԵԶԱԿԻՈՒԹՅԱՆ

ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Արտյոմ Տեր-Հարությունյան

Մարդկության անցած պատմական ուղին վկայում է, որ


անվտանգության ապահովման անհրաժեշտությունը դասվում է
մարդկանց և մարդկային համակեցությունների գործունեության
հիմնական դրդապատճառների թվին: Հասարակության կայուն
զարգացման և անվտանգության խնդիրները միշտ հուզել են
մարդկությանը և նրա զարգացմանը համընթաց՝ դարձել առավել սուր
ամբողջ մարդկային քաղաքակրթության համար` պահանջելով ավելի
մեծ ուշադրություն այդ հիմնախնդիրների նկատմամբ: Հենց
անվտանգության անհրաժեշտությամբ է պայմանավորված մեր
նախնիների միավորումը համակեցությունների (այնուհետև՝
պետությունների) մեջ, ինչպես նաև բանակների և կարգապաշտպան
կառույցների (իրավապահ մարմիններ, հատուկ ծառայություններ)
ձևավորումը:

Մարդկության պատմության ընթացքում ամենաընդհանուր տեսքով


ձևավորվել են կյանքի առաջացման մասին երեք հիմնական
մոտեցումներ՝ աստվածաբանական, գերբնական (առեղծվածային) և
գիտական: Մարդկային քաղաքակրթության անվտանգության
քննարկման հարցում մեր մոտեցման յուրահատկությունը հանգում է
այն ըմբռնմանը, որ այդ վարկածներից յուրաքանչյուրն ունի որոշակի
պատմամշակութային համատեքստ (ծագում, զարգացում և
գերակշռում), ապացույցների որոշակի տրամաբանություն
(մեթոդաբանություն), հասկացողական (ըմբռնողական) ապարատ, որը
հենվում է առկա գիտելիքների այս կամ այն մակարդակի վրա: Սույն
հոդվածի առարկան է գիտական մոտեցման հիմնախնդրի
վերլուծությունը։

Վերջին երկու դարերի ընթացքում ձևավորվել է կյանքի էվոլյուցիոն


ծագման և զարգացման գիտական պարադիգմը, որը շարունակորեն
հագեցվում է օբյեկտիվ փաստերով ու հարակից գիտությունների
գիտնականների տվյալներով:

Գիտական ճանապարհով աստղաֆիզիկոսներին և տիեզերաբաններին


հաջողվել է որոշել Տիեզերքի մոտավոր տարիքը (15-20 մլրդ տարի), իսկ
գլխավորը՝ այն ժամանակը (11 մլրդ տարի), որը պահանջվել է մեր
Գալակտիկայի (Ծիր Կաթին), (ինչպես նաև միլիարդավոր այլ
Գալակտիկաների) առաջացման համար: Ծիր Կաթինի
աստղակուտակներում իր տեղն է գտել և մեր Արեգակնային
համակարգը՝ Երկիր մոլորակով, որը 5 մլրդ տարվա ընթացքում
ձևավորվել է իբրև եզակի տիեզերական համակարգ, որն ունի պինդ
միջուկ, վերջինիս շրջապատող հրահեղուկ մագմայի թաղանթ,
ընդկեղևյա թաղանթ՝ մանտիա, մայրցամաքների և օվկիանոսային
հատակի քարոլորտի (լիթոսֆերա) բարակ կեղև (շերտ), ինչպես նաև
մթնոլորտի բարակ շերտ: Վերջին երկու շերտերը՝ քարոլորտը և
մթնոլորտը, այն բարենպաստ միջավայրն են, որը պիտանի է
կենսոլորտի առաջացման և գոյատևման համար:

Զարմանալի է, բայց փաստ. Երկրի քարոլորտի երկրաբանական և


հնէաբանական հետազոտությունները երկրակեղևի նստվածքային
ապարներում հայտնաբերեցին 4 մլրդ տարի առաջ գոյություն ունեցող
միաբջիջ, անմիջուկ կենդանի օրգանիզմների բրածո մնացորդներ,
որոնք բազմացել են պարզագույն բազմացման միջոցով և չունեին
կյանքի տևողության սահմանափակումներ, բացի միջավայրի
ֆիզիկաքիմիական կործանարար ուղղակի ազդեցությունից: Այսպիսով,
շուրջ 4 մլրդ տարի առաջ մեզ համար ինչ-որ անհայտ
երկրատիեզերական պայմաններում Երկրի վրա առաջացել են կյանքի
պարզագույն ձևեր: Հետագա էվոլյուցիայի ընթացքում դրանք
վերափոխվել են բնության այնպիսի ապշեցուցիչ ֆենոմենի, ինչպիսին
մարդկային հասարակությունն է, որի տրամադրության տակ է ոչ միայն
իր անհատների գիտակցությունը, որոնցից յուրաքանչյուրը մարդ է, այլև
նրանց սոցիալական բազմության կոլեկտիվ բանականությունը:
Բնության էվոլյուցիայի արդյունք բանականությունը, դառնալով դեպի
բնության ուսումնասիրությունը և այնտեղ իր տեղին, հայտնաբերեց, որ
մարդկանց հիշողությանն իրատեսորեն հասանելի հասարակության
պատմությունը, ամրագրված և պահպանված քարե կոթողների վրա և
հետագա մատենագրությունում՝ գրավոր հիշատակարաններում,
կազմում է 20 հազար տարուց ոչ ավելի:

Կյանքի ծագման տարբեր տեսություններն անմիջականորեն կապված


են կենսաբանական բազմազանության պահպանման հիմնահարցի
հետ, քանի որ այն ամենակարևորներից մեկն է (Երկրի վրա կյանքի
էկոլոգիական անվտանգության տեսակետից-մարդկության
անվտանգությունը) և կանխորոշում է ինչպես առանձին
էկոհամակարգերի, այնպես էլ ամբողջական կենսոլորտի գոյատևման
հնարավորությունը: Փորձագետների կարծիքով, էկոհամակարգերի
մակարդակով կենսաբազմազանության կրճատումը կարող է
հանգեցնել նրան, որ մոտակա 20-30 տարում մարդկությունը կարող է
կորցնել մոտ 1 մլն տեսակ: Վերլուծելով բրածո կենդանիների
մնացորդները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ միջին
հաշվով տեսակն ապրում է 10 մլն տարուց պակաս և որ Երկրի վրա
երբևիցե գոյություն ունեցող բոլոր տեսակներից 90%-ը ոչնչացել է
(առանց տեսակի զարգացման մակարդակի հաշվառման) [1, c. 83]:

Ժ.Կյուվիեն (1769-1832) համարյա երկու դար առաջ հանգեց այն


եզրակացության, որ Երկրի վրա եղել է կենդանական և բուսական
օրգանիզմների 5 զանգվածային բնաջնջում (ամայացում) և 27
համակործանիչ աղետ (կատաստրոֆա)1:

Մի քանի տասնամյակ անց Է.Կոպը (1840-1897) ձևակերպեց իր օրենքը, որ


որպես կանոն բնաջնջվում են խոշոր կենդանիները, մնում են առավել
ճկունները՝ անվտանգ գոյությանը հեշտ հարմարվողները, որոնք էլ
շարունակում են օրգանիզմների նոր խմբերի առաջացումը:
Էկոլոգների կարծիքով, ժամանակակից պայմաններում, հնագույն
ժամանակների համեմատությամբ, բնաջնջման արագությունն աճում է
ավելի քան 100 անգամ, իսկ տեսակի կյանքի միջին կենսաբանական
տևողությունը 15 տարուց ավելի չէ (առաջացումից մինչև
անհետացումը):

Տարբեր տվյալների համաձայն, նոր՝ 21-րդ դարասկզբին, անհետացել են


կենդանիների ու բույսերի 500 հազար տեսակներ, որոնք գոյություն են
ունեցել Երկրի վրա վերջին 2 հազար տարիների ընթացքում: Ներկայումս
ժամանակակից օրգանիզմների թվաքանակը տատանվում է 30-50
միլիոնի սահմաններում:

Բնական միջավայրի վերջին փոփոխությունը կատարվել է շուրջ 60-65 մլն


տարի առաջ, երբ դադարել են գոյություն ունենալ շատ ծաղկազարդ
բույսեր (կեսից ավելին) և կաթնասուններ (դինոզավրեր, սողուններ և
այլն):

Համաձայն Ս.Դ. Գոլդի հայտնի վարկածի, ներկայումս


կենսաբազմազանության հիմնախնդրին սևեռուն ուշադրություն
դարձնելն ուշացած է, քանի որ վերջին 500 մլն տարիները բնութագրվում
են անշեղ հետընթացով՝ կապված բնության ինքնարտահայտման և
ինքնակարգավորման ունակության աստիճանական թուլացման (ԴՆԹ-
ում աննշան տարբերություններ), ինչպես նաև բանական արարածի
(Homo Sapiens) հանդես գալու հետ [2, c. 143]:

Կենսաբանության մեջ գոյություն ունի, այսպես կոչված, «Կանոն - 1%»,


այսինքն՝ համարվում է, որ էներգետիկ բնական համակարգի
փոփոխությունը 1%-ի սահմաններում, որպես կանոն, դուրս չեն բերում
այդ բնական համակարգը հավասարակշռության վիճակից: Դրա համար
գտնում են, որ կենսոլորտի մարդածին (անթրոպոգեն)
փոփոխությունները Արեգակի էներգիայից 1%-ի սահմաններում այն
առավելագույն թույլատրելի քանակն է, որից այն կողմ տեղի կունենա
կենսոլորտի քայքայում [3, c. 171]:

Գիտնականներն առաջադրում են տարբեր վարկածներ՝


օրգանիզմների բնաջնջման պատճառների մասին. ուժեղ
ճառագայթում, կանաչ զանգվածով թունավորում, կլիմայի
փոփոխություն և այլն: Առավել տարածված է համամոլորակային
աղետի մասին վարկածը, որը հարուցվել է տիեզերական տարբեր
գործընթացներով, ինչը հանգեցրել է մի շարք փոփոխությունների։

Վերոնշյալ վարկածների առանձնահատկությունները և


օրինաչափությունները դիտարկելով մարդկության անվտանգության
հիմնախնդիրների համատեքստում՝ կարելի է անել որոշ
եզրակացություններ.

1. Միջավայրի ցանկացած փոփոխություն կապված է բույսերի և


կենդանիների այս կամ այն տեսակների անհետացման հետ:

2. Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կենսագործունեության


ընթացքում կրում է փոփոխությունների ցիկլ, որն անխուսափելիորեն
ավարտվում է մահով: Սակայն կյանքը շարունակվում է, քանի որ այն
դրսից անընդհատ և հաստատուն քանակի էներգիա ստացող բաց
համակարգ է:

3. Ցանկացած օրգանիզմ փորձում և ձգտում է պահպանել իրեն որոշակի


կայուն վիճակում, չնայած շրջակա միջավայրի անհամասեռության և
փոփոխականության, շնորհիվ օրգանիզմում գոյություն ունեցող
անվտանգության տեսակային (սեփական) համակարգի, որն ունի
գոյատևման տարբեր պարամետրեր (նվազագույն և առավելագույն):

4. Կենդանիների համար արտաքին պայմանների փոփոխությունը


անվտանգության համակարգը դարձնում է ավելի ճկուն. կամ
պահանջմունքների նվազագույն բավարարում, կամ բնակատեղի
անհրաժեշտ միջավայրի որոնում:

5. Յուրաքանչյուր տեսակի հնարավոր անվտանգ գոյության


սահմանները որոշվում են առանձնյակների զարգացման այն փուլով,
որի դեպքում նրանք կարողացել են իրենց տեսակային
անվտանգությանը համապատասխան պատրաստ՝ հաղթահարելու
միջավայրի որոշակի գործոնները:

Այսպիսով, մարդկային քաղաքակրթության անվտանգ գոյության


ընդհանուր ռազմավարությունն ունի բացառիկ, անկրկնելի բնույթ,
քանի որ կյանքի յուրաքանչյուր ձևը եզակի է, ուստի, թեկուզև մեկ
տեսակի անհետացումը կնշանակի նվազագույնը մի քանի հազար
գեների անվերադարձ կորուստ՝ այդ գեների անհայտ ներուժային
հատկություններով, ինչը կարող է հանգեցնել որոշակի
էկոհամակարգերի գործունեության խաթարմանը, ինչն իր հերթին
մարդկության անվտանգ զարգացման համար կառաջացնի բազմաթիվ
և նոր տեսակի մարտահրավերներ, վտանգներ և սպառնալիքներ:

Գիտության և տեխնիկայի բուռն զարգացումը XX դարում հանգեցրեց


համաշխարհային ապրանքափոխանակման և արտադրության
արմատական փոփոխությունների, ինչպես նաև ֆինանսական
միջոցների և տեխնիկական գաղափարների (նորարարությունների)
արագ տարածմանը և տեղաշարժմանը` առաջացնելով բազմաթիվ
խնդիրներ համամարդկային մասշտաբներով: Արդի
ժամանակաշրջանում առավել աճել են տարբեր երկրների ու
տարածաշրջանների փոխկախվածությունը և
փոխկապակցվածությունը, ինչն էլ վկայում է առավել ընդլայնված
միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին:

Համամարդկային խնդիրները բնույթով տարբեր են, սակայն դրանց


գլխավոր նպատակը մարդկության զարգացման անվտանգության
ապահովումն է: