You are on page 1of 4

Հայության հարատևման գրավականները

«Զի թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ,
եւ զորութեամբ տկար, եւ ընդ այլով յոլով անգամ նուաչեալ
քագաւորութեամբ` սակայն բազում գործք արութեան գտանին
գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի» Հայոց
պատմիչի վերոնշյալ խոքերն ունեն ավելի քան մեկուկես
հազարամյակի վաղեմություն, սակայն չեն կորցրել իրենց
արդիականությունը նաև մեր օրերում: Խոսքերն այնքան իմաստալից
են, որ կարծում եմ` երբևէ չեն էլ կորցնի իրենց արդիականությունը:
Այո, պատմահայրն իրավացի է, հնուց ի վեր, փոքրաթիվ ազգ լինելով,
բոլոր ժամանակներում մենք միշտ ձգտել ենք մեր ուրույն տեղն
ունենալ ժողովուրդների և ազգերի խառնարանում և շատ անգամ դա
մեզ հաջողվել է և դեռ վաղնջագույն ժամանակներից մենք ունեցել ենք
սեփական քաղաքակրթական գենը և հազարամյակների հոլովույթում
պահպանելով և սերնդեսերունդ փոխանցելով այդ գենը, կարծում եմ,
որ ներկայումս էլ դրա կրողներն ենք: Իսկ գենը այդ, ըստ իս,
ներկայանում է իբրև Սրբազան հայրենիքի, Սուրբ օջախի, Մշակույթի և
Ազգային ինքնության ընկալումների ընդհանրություն: Իմ խորին
համոզմամբ, Հայը նա է, ով, իր մեջ կրելով նշածս քաղաքակրթական
գենը, փորձում է հավատարիմ մնալ հայ տեսակը բնորոշող
հատկանիշներին: Իհարկե կարելի է հակադրվել այս տեսակետին`
ասելով, որ շատերը, չկրելով այդ արժեքները, այնուամենայնիվ կարող
են հայ համարվել, սակայն իմ համոզմամբ նրանք կարող են հայ
համարվել միայն էթնիկապես, ոչ ավելին, որովհետև նման մարդիկ,
դուրս գալով հայկական միջավայրից, կարող են հեշտությամբ
ուծանալ` կորցնելով իրենց ինքնությունը:
Ընդհանրացնելով վերոհիշյալը`կարող եմ պնդել, որ հայ ազգային
ինքնության գիտակցված պահպանումը և սերունդների անդուլ
աշխատանքով դրա ինքնահարստացումն այն առանցքային
գրավականն է, որի վրա խարսխվում է հայության հարատևումը և
զարգացումը: Հայության հարատևման այս առանցքային
գրավականներից էլ ածանցվում են այլ կարևոր գրավականներ, որոնք
առավել կարևորվում են ներկա հարափոփոխ աշխարհում առաջ եկող
բազմաթիվ մարտահրավերների առկայությամբ, այդ կարևոր
գրավականներն են`
1. Հայաստանի անվտանգության համար այն նվազագույն
անհրաժեշտ տարածքի (ՀՀ-ն և ԼՂՀ-ն իր շուրջն ազատագրված
բուն հայկական հողերով հանդերձ) պահպանումը, որի
վրա Հայաստանը գոյություն ունի իր անկախության ողջ
ժամանակահատվածում. կարևորն այն է, որ հայ ազգը գիտակցի,
որ Արցախի Հանրապետության (ինձ համար սա ավելի ճիշտ
ձևակերպում է) հարցը մեզ համար չափազանց կարևոր է, կարևոր
է ոչ միայն այնտեղ բնակվող հայերի անվտանգության
պաշտպանման, զուտ տարածքի, տնտեսական գործոնի և այլն,
այլ առավել կարևոր`ազգային անվտանգության համար,
որորվհետև այդ տարածքի հետ վերադարձման դեպքում ՀՀ-ը
կունենա բավականին լուրջ ռազմավարական խնդիրներ, որը
կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել:
2. սփյուռքի հայերի ինքնության պահպանումը, նրանց
պոտենցիալի արդյունավետ օգտագործումը,
3. հայոց բանակի զարգացումը և վերազինումը,
4. սոցիալական արդարության, ժողովրդավարության
սկզբունքների ռեալ իրացման հիման վրա ազգային իրավական
պետության կառուցումը,
5. հայոց լեզվի և մշակույթի, ազգային այլ արժեքների ու շահերի
պաշտպանությունը և զարգացումը,
6. հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնության ու բարոյական
արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելումը,
7. համացանցում հայալեզու և Հայաստանին, հայագիտության
բոլոր ճյուղերին և հայությանը, ինչես նաև գիտության տարբեր
ճյուղերին առնչվող բովանդակության անհրաժեշտ ծավալի և
որակի, ինչպես նաև դրանց համաչափության ապահովումը և
այլն,
Պետք է նշել, ոչ հայության հարատևմանը խոչընդոտող տարաբնույթ
սպառնալիքների չեզոքացումը նույնպես կարևոր գրավական է:
Թվարկված գրավականները չափազանց մեծ կարևորություն են
ներկայացնում, քանզի դրանց հետ կապված խնդիրների առկայության
դեպքում վտանգի տակ կդրվի հայ ազգի գոյատևման հարցը, այդ իսկ
պատճառով պետք է առաջնորդվել հստակ քայլերով` պետության
կողմից մշակված ազգային անվտանգության ռազմավարությամբ:
Մեծապես կարևորում և անըդհատ մատնանշում եմ այն փաստը որ,
ուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է ներքին պարտավորվածություն
զգա` իր ուժերի ներածին չափով օգնելու վերոհիշյալ կետերի
իրագործմանը. այստեղ անտարբերությունն անընդունելի է: Պետք է
նշեմ, որ ինքս փորձում եմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի
որոշակի չափով խթանեմ կետերից մի քանիսի իրագործմանը: Ավելի
մանրամասնեմ` իմ և իմ ընկերոջ կողմից ստեղծվել է մի
նախաձեռնություն` «Հայկական գիտական համագործակցություն»
անվամբ, որը դեռևս հասարակական միավորում է և ունի համանուն
կայք, վերջինիս նպատակները համընկնում են վերոհիշյալ կետերից
շատերի հետ, մասնավորապես`հայոց լեզվի և մշակույթի, ազգային այլ
արժեքների ու շահերի պաշտպանությանը և զարգացմանը,
համացանցում հայալեզու գիտական վերլուծությունների
հրապարակմանը, ինչպես նաև` գիտական գործունեություն ծավալող
անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ու նրանց
գործունեության խթանմանը: Արդեն իսկ կատարվել են որոշակի
աշխատանքներ, մշակվել են նախաձեռնության գործունեության
ծրագիրը: Անհրաշետ եմ համարում նշել, որ մոտ ամիսների ընթացքում
պատրաստվում ենք կազմակերպել հանրապետական գիտաժողով`
նվիրված հայ-թուրքական հարաբերություններին. կարևորում եմ այս
թեմայի ուսումնասիրման և այդ ուսումնասիրությունների
հրապարակման նպատակով կատարված յուրաքանչյուր
նախաձեռնություն:
Ընդհանրացնելով վերոհիշյալը` պետք է կարևորենք այն փաստը, որ
հայի ամենազորեղ հատկանիշը պետք է լինի ուժերի ու
հնարավորությունների ներածին չափով հայրենիքի ճակատագրի
համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումը:
Միայն այդ դեպքում կարող ենք գործել, արարել և վստահ լինել, որ
մեր անվտանգ ու կայուն ապագան ապահովված է:
Ամփոփենք` մեջբերելով հայ ազգի մեծանուն Զավակի` Գարեգին
Նժդեհի հետևյալ խոսքերը`
Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ
երջանկութիւն աշխարհում:

You might also like