You are on page 1of 3

Նշան Աբասյան

բանաստեղծություններ

Տերեր
Կեսօրվա բոլոր ծալքերում արև է:
Շողերը թիկնել են տան պատերին, բազմել քարերի վրա, փռվել բակի
կանաչում:
Ծիրանենին հարազատ-անտարբեր հայացքով պատշգամբին է նայում:
Քույրս օրորվում է ճոճանակին:
Ինչ-որ տեղ պատի խոռոչում բզեզի բույն կա…
Հայրս քնած է թախտին…

Ամենուր բույր է…

25 մայիսի, 2010 թ.

Շահանեին
Կարմիր թիթեռնիկն անհոգ ու անվախ թռչում էր եկեղեցու շուրջը…
Դարերի լուռ հովանու տակ վայրկյանը խաղաղ էր ու կենդանի…

21 սեպտեմբերի, 2009 թ.

Էտյուդ
Պահպանողականները հոխորտում են, ազատականները` հռհռում, լրբերը
տրորում են իրար, ռոմանտիկները հարբում են, պոստմոդեռնիստները`
փիլիսոփայում մեծ-մեծ, այրերը թմբկահարում են իրենց բարի գործերը,
ողորմությամբ հագեցածները փառաբանում են նրանց……
Իսկ այդ նույն պահին
հեռու Կյորեսի
մաքուր պուրակով
հանդարտ անցնում է
մի խոհուն աղջիկ…

12 մարտի, 2010 թ.

Մեծ երգ
Բանաստեղծություն
ձնծաղիկի,
գարնան,
և հորս մասին,
որ, դեռ ձնծաղիկը չծաղկած,
դեռ գարունը չեկած,
գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բանաստեղծություն
Օբամայի,
Մեդվեդևի
և հորս մասին,
որ համաշխարհային կարևորագույն հարցերով չի զբաղվում,
այլ գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…

Բանաստեղծություն
բանաստեղծի,
ընթերցողի
և հորս մասին,
որ ո´չ բանաստեղծություն է գրում,
ո´չ ընթերցում է,
որովհետև գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բամաստեղծություն հորս մասին.
նրա ուսերին ձնծաղիկ է ծաղկում,
գարուն է գալիս…

7 մարտի, 2010 թ.

Չքնաղ երգ
Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ ես այնքա՜ն գեղեցիկ եմ, ասես
լուռ շարական…
Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ աշխարհը ծիծաղելի է ինձ, և
սիրտս ոչ ոքի չի կարոտում…

20 դեկտեմբերի, 2009 թ

You might also like