You are on page 1of 22

Քարահունջ – Stonehenge.

առասպելի վերջը

Հրաչ Մարտիրոսյան

Բովանդակություն
1. Ներածություն
2. Հուշարձանի իրական և սարքովի անվանումները
3. Քարահունջ տեղանվան ստուգաբանությունը
4. Հավելյալ քննարկում
5. Ցեղակենտրոնության կենսունակ ու մարտնչող վիրուսը
6. Մի քիչ հնդեվրոպաբանություն
7. Ամփոփում. երևակայական հարցազրույց
Գրականություն

Մի ուրվական է շրջում հայագիտության անդաստաններում՝ անգո, անբովանդակ, վտանգավոր –


Քարահունջի ուրվականը …

1. Ներածություն1
2008 թվականի ամռանը, երբ ես Հայագիտական արշավային դասընթացներիս նախապատրաստական
աշխատանքներով էի զբաղված, ձեռքս ընկավ մի գունավոր հայերեն-անգլերեն ատլաս՝ Գ. Բեգլարյան, “Ատլաս
Հայաստանի և հարակից երկրների”, Երևան, “Նոյյան Տապան”, 2007 (Atlas: Armenia and adjacent countries): Դեռ այդ
տարիներին Քարահունջ – Stonehenge առնչակցությունը բավականաչափ տարածված էր Հայաստանում: Այդ
մասին վստահորեն խոսում էին փողոցում, հեռուստատեսային հաղորդումներում, համացանցում: ՈՒստի,
ատլասը տեսնելով, առաջին հերթին մտքովս անցավ ստուգել, թե այնտեղ ինչպես է ներկայացված այդ
մեգալիթյան հուշարձանը: Գտա հետևյալը.

“Զորաց Քարեր” կամ “Քարահունջ”՝ հնագույն աստղադիտարան (Ք.Ա. VII հզրմ.). “Zorats Karer” or
“Karahunj” (Stonehanj) – Ancient observatory (VII mln B.C.)

Ինձ զարմացրեց ոչ այնքան Stonehenge-ի գրության նման ձևը՝ Stonehanj, որքան այն, որ այս հուշարձանի
կեղծ՝ Քարահունջ անունը և դրա համադրումը Stonehenge-ի հետ արդեն սկսել են արտացոլվել տեղեկատու

1
Տեխնիկական աջակցության համար երախտապարտ եմ “Հայկական գիտական համագործակցություն” կայքի հիմնադիրներ և
ադմինիստրատորներ Արմեն Մարտիրոսյանին և Սամսոն Հովհաննիսյանին: Շնորհակալ եմ նաև բանաս. գիտ. դր Արմեն
Պետրոսյանից՝ արժեքավոր դիտողությունների համար:

1
գրականության մեջ: Այսինքն՝ դա էլ չպիտի ինձ զարմացներ, քանի որ մեր իրականությունը տառացիորեն
հեղեղվում է գիտության հետ ոչ մի առնչություն չունեցող գաղափարներով: Ապշել կարելի է, թե ինչ արագությամբ
են բազմանում ու տարածվում հատկապես բառաստուգաբանական խեղկատակությունները: Դրանք մոգոնվում
են ոչ միայն բանասերների, այլև բանասիրության և նույնիսկ առհասարակ գիտության հետ կապ չունեցող
անձանց կողմից և թափանցում են մարդկանց կենցաղ, համացանց, հեռուստատեսություն և, որ ամենացավալին է,
նույնիսկ ակադեմիական մամուլ և ուսումնական հաստատություններ:
Ամեն անգամ, երբ նման թեմաներով խոսակցություններ են սկսվում, լուրջ գիտնականները ժպտալով
խորհուրդ են տալիս “բանի տեղ չդնել” նման գաղափարները, քանի որ դրանք ոչ մասնագետ մարդկանց կողմից են
առաջադրված: Սակայն նման հանդուրժողական դիրքորոշումն արդեն դարձել է միանգամայն աններելի ու
վտանգավոր: Ճիշտ է, ծայրահեղորեն հակագիտական որոշ գրքեր և տեսություններ դեռ բազում տարիներ առաջ
ջախջախիչ քննադատության են ենթարկվել լուրջ հայագետների կողմից. հիշենք, օրինակ, Արամ Քոսյանի
հոդվածը “մարտնչող տգիտության” մասին (“Փյունիկ” 08-1990) և Գևորգ Ջահուկյանի հոդվածը Ալ. Վարպետյանի
“Ովքեր են ի վերջո արիացիները” գրքի մասին (“Հայաստան”, 1991, հունվ. 22). մեր օրերի համար կարելի է
հիշատակել Գառնիկ Ասատրյանի դասախոսությունը (Asatrian 2009): Սակայն նման հատուկենտ փորձերը
պարզապես կաթիլներ են, որոնք անհետ կորչում են “մարտնչող տգիտության” ծովում: Եվ հետո, վերջին
տասնամյակի ընթացքում այդ ծովը վերածվում է անընդգրկելի օվկիանոսի, որն սպառնում է կուլ տալ
տեղեկատվության ու պրոպագանդայի ամենազոր աղբյուրները՝ համացանցն ու հեռուստաեթերը, իսկ լուրջ
գիտնականների դիմակայության փորձերն անհետևանք են մնում: Իսկ եթե նկատի ունենանք, որ համացանցից
օգտվում են բազմահազար հայ հայրենասեր պատանիներ ու երիտասարդներ, որոնց ուղեղները ցեղակենտրոն
գաղափարների իմունիտետ չունեն, ապա ակնհայտ կդառնա, որ վտանգն աներկբայելի է:
Ինչ վերաբերում է կոնկրետ Քարահունջ-ի “տեսությանը”, ապա դրա քննադատությամբ վերջերս
հեռուստատեսությամբ հանդես են եկել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը՝ հայտնի
հնագետ Պավել Ավետիսյանը, և հայ ժողովրդի պատմության ու դիցաբանության լավագույն մասնագետներից
մեկը՝ Արմեն Պետրոսյանը: Ցավոք՝ այդ հաղորդումը դիտել ինձ չհաջողվեց: Ավելի վաղ նույն գիտնականները,
ինչպես նաև հնագետ Ռուբեն Բադալյանը, հարցազրույց են տվել “Голос Армении” թերթում (2004, 142, դեկտ. 23,
Арис Казинян), որտեղ Արմեն Պետրոսյանը ցույց է տվել, որ Քարահունջ գյուղանունը կապ չունի քննվող
մեգալիթյան հուշարձանի հետ, և մատնանշել է այդ տեղանվան գիտական ստուգաբանությունը` ըստ
Մարգարյանի (1988. 129): Այդ ստուգաբանությունը առաջադրվել է դեռևս քսաներորդ դարի սկզբում Հ. Հյուբշմանի
կողմից (1904), արտացոլվել է հանրահայտ “Տեղանունների բառարանում” (ՀայՏեղԲառ 5, 2001. 315a, 334c) և
հանգամանորեն քննվել է տողերիս հեղինակի կողմից (Martirosyan 2010. 640, 814-815, 815182): Սակայն այս ամենը
մնում է ձայն բարբառոյ յանապատի…
Քարահունջի “տեսությունը” նոր թափ առավ Վաչագան Վահրադյանի ելույթներից ու CNN-ի հայտնի
հաղորդումից հետո: Քանի որ այս “տեսությունը” սպառնում է ընդլայնվել ու իր մեջ ներառել նորանոր տարրեր
(Պորտասար ևն, տես § 4.3), և քանի որ այս “տեսության” մեջ վճռորոշ դեր է խաղում Քարահունջ – Stonehenge
առնչակցությունը, իսկ այս հայկական տեղանվան հարյուրամյա գիտական ստուգաբանությունը շարունակում է
մնալ ստվերում, ապա լեզվաբանական միջամտության անհրաժեշտությունը դարձել է ակնհայտ:
Հուշարձանի հնագիտական և գործառութային քննությունն2 իմ նպատակներից և իրավասությունից դուրս է:
Այս հոդվածիս նպատակն է բանասիրական հանգամանալից վերլուծությամբ ցույց տալ, որ Քարահունջ –
Stonehenge առնչակցությունը բացարձակապես հիմնազուրկ է և, համենայն դեպս այն տեսքով, ինչպես հիմա
ներկայացվում է, իրավունք չունի գոյատևել նույնիսկ որպես վարկածային տեսակետ, և որ այս մեգալիթյան
հուշարձանի ստեղծողներին հայոց լեզվի կրողների հետ նույնացնելու ոչ մի հիմք չունենք: Մեր մշակույթն առանց
գունազարդման էլ շատ հետաքրքիր է ու բարձրարժեք, ուստի մեզ բոլորովին էլ պետք չէ թուրք և ազերի
կեղծարարների նման աղավաղել պատմությունը, սարքել անհեթեթ “տեսություններ” ու այդ կերպ
ծիծաղելիության աստիճանի նսեմացնել “հայաստանյան” հայագիտության վարկը:

2. Հուշարձանի իրական և սարքովի անվանումները


Սիսիանի և Անգեղակոթի մերձակայքում գտնվող այս մեգալիթյան հուշարձանը հիշատակված է տասնիններորդ
դարի վերջերից՝ Ղօշուն-դաշ թուրքական անվամբ, ընդ որում վերջինիս մեկնաբանությունը որպես “զօրքի կամ
զինվորների քար” (կամ ռուսերեն “Войсковые камни”) զուգորդվում է շրջակա ժողովրդի պատմությանն այն
մասին, թե քարակույտերի ու կանգնեցված քարերի տակ թաղված են համապատասխանաբար զորապետների և

2
Այդ մասին տես Лисициан 1935; Խնկիկյան 1984; Парсамян 1985:

2
զինվորների մարմիններ:3 Ավելի հին որևէ անվանում հայտնի չէ:4 Զորաքարեր կամ Զորաց-քար անվանումը5
պարզապես թուրքականի թարգմանությունն է: Այս հուշարձանը մեզ հայտնի ոչ մի աղբյուրում չի կոչվել ոչ
Քարահունջ, ոչ էլ Զորաքարեր կամ Զորաց-քար: Տեղանունների հայտնի հնգահատոր բառարանը չի հիշատակում
դրանցից ոչ մեկը. այն ունի միայն Ղոշուն-դաշ (ՀայՏեղԲառ 3, 1991. 575):
Որոշ վկայությունների համաձայն մերձակայքի բնակիչները այս վայրն անվանում են Դիք-դիք քարեր կամ
Ցից քարեր (Վահրադյան/Վահրադյան 2010):
Է. Պարսամյանը (Парсамян 1985) առաջինն էր, որ մեգալիթյան այս հուշարձանը համեմատեց անգլիական
Stonehenge-ի հետ և վերջինիս անվանումը զուգադրեց նույնպես Զանգեզուրում գտնվող Քարահունջ գյուղի անվան
հետ` ընդգծելով քար – stone և հունջ – henge (< “կախված”) առնչությունները: Այս գյուղը, սակայն, գտնվում է
Գորիսի մերձակայքում և բավականաչափ (շուրջ 30 կմ) հեռու է Ղոշուն-դաշից, և բոլորովին հասկանալի չէ, թե ինչ
իրավունք ունենք այդ գյուղը համադրելու այդքան հեռու գտնվող մեգալիթյան հուշարձանի հետ, և այն էլ
բոլորովին այլ երկրում գտնվող նմանատիպ հուշարձանի անվան միջնորդավորության համատեքստում:
Այդուհանդերձ, այդ չպատճառաբանված զուգակցումը արագորեն քաղաքացիություն ստացավ, և Քարահունջ
անվանումն ուղղակիորեն ամրագրվեց այդ մեգալիթյան հուշարձանին: Հայաստանի Հանրապետության
Կառավարության 2004 թ. հուլիսի 29-ի N 1095-Ն որոշման համաձայն հուշարձանը (հին անվանումը ներկայացված
է՝ “անանուն”, օբյեկտի տեսակը՝ “աստղադիտարան”) անվանվել է Քարահունջ, տես ՀՀՊՏ 2004.08.25/45(344)
հոդ.1008:
Քարահունջի հետագա հաղթարշավում մեծ դեր ունեցավ Պ. Հերունին (2006. 17-19, 87-92): Նա մեգալիթյան այս
հուշարձանը վստահորեն կոչում է Քարահունջ և, առանց Պարսամյանին հիշատակելու, ընդունում է Քարահունջ –
Stonehenge լեզվաբանական առնչակցությունը, սակայն հայերեն հունջ բաղադրիչը նույնացնում է հունչ արմատին
և եզրակացնում, որ և Քարահունջը, և Stonehenge-ը նշանակում են “խոսող/հնչող քարեր” (էջ 19 և 90): Շատ
տարօրինակ է, որ այս տարածքից հեռու գտնվող Քարահունջ անվամբ գյուղերը հիշատակելուց և ապա Սիսիանի
մեգալիթյան հուշարձանի Քարահունջ շինծու անվանման իր այդ ստուգաբանությունն առաջադրելուց հետո նա էջ
19-ում գրում է. “Ելնելով վերը հիշատակված տվյալներից, ես անվանեցի Մոնումենտը Քարահունջ, այսինքն
„Խոսող քարեր‟”: Եթե ինքն է այդ անունը “սարքել”, ապա էլ ի՞նչ իմաստ ունի Stonehenge-հետ համեմատելը:
Ակնհայտ circulus vitiosus (փակ/արատավոր շրջան)…

3. Քարահունջ տեղանվան ստուգաբանությունը


3.0 Մուտք
Այսպիսով՝ մեգալիթյան հուշարձանը երբեք չի կոչվել Քարահունջ: Վերջինս ընդամենը մի սովորական տեղանուն
է, անվանումը բավականաչափ հեռու գտնվող գյուղի, որը ոչ մի առնչություն չունի քննվող հուշարձանի հետ:
Այսքանն արդեն բավական է քննվող փուչիկ-վարկածը հօդս ցնդեցնելու համար: Սակայն ամեն մի կասկած
վերացնելու համար ստորև բանասիրական քննության կենթարկեմ այդ տեղանվան վերոհիշյալ
ստուգաբանությունները, ցույց կտամ դրանց բացարձակ հիմնազուրկ լինելը և կներկայացնեմ իսկական
ստուգաբանությունը:

3.1 Հիմնազուրկ ստուգաբանություններ


Ինչպես տեսանք § 2-ում, Է. Պարսամյանն առաջինն էր, որ Քարահունջը համեմատեց անգլիական Stonehenge-ի
հետ՝ ընդգծելով քար – stone և հունջ – henge առնչությունները: Նա մի կողմից հունջ-ին համեմատվող henge
բաղադրիչը անգլերենի հենքի վրա մեկնաբանում է որպես “висящий” = “կախված” (ինչը հավանաբար ճիշտ է6),
մյուս կողմից էլ, Բ. Չուգասզյանի հաղորդման համաձայն, հունջ-ը բխեցնում է փունջ-ից՝ hunge < punge (Парсамян
1985. 103): Պարզ չէ, թե ինչպես կարելի է հաշտեցնել այս երկու իրարամերժ ենթադրությունները:

3
Լալայեան 1898. 174-175; Ղանալանյան 1969. 263; Лисициан 1935: 712-714; Լիսիցյան 1969. 24; Խնկիկյան 1984. 33: Հուշարձանի
նկարագրության պատմության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների շուրջ տես Лисициан 1935: 713, ծնթ. 1: Մելիք-
Շահնազարյանը (1893) Ղօշուն-դաշ-ը ներկայացնում է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում գտնվող Ղարաքիլիսա
գյուղի (այժմ՝ Ազատան, տես ՀայՏեղԲառ 3. 544a) մոտակայքում: Ղանալանյանը (1969. 270) նույնպես սա ներկայացնում է որպես
Սիսիանի մերձակայքում գտնվող Ղօշուն-դաշ-ից (նշվ. աշխ. 263) տարբեր հուշարձան: Եթե իրականում գործ ունենք նույն վայրի
հետ, ապա գուցե շփոթի պատճառն այն է, որ, ինչպես նշում է Ե. Լալայանը (1898. 174), Սիսիանի Ղոշուն-դաշն էլ է գտնվում
Ղարաքիլիսա անվամբ մի գյուղի (այժմ՝ Սպանդարյան, տես ՀայՏեղԲառ 3. 544a) մոտ:
4
Այն կարծիքը, թե Ղոշուն-դաշ-ը առաջացել է հայերեն Երիւարաց դաշտ ձևից, որից > *Ղոշուն-դաշտ > Ղոշուն-դաշ (տես
Լիսիցյան 1969. 248, ծնթ. խմբ.), ոչնչով չհաստատվող ենթադրություն է: Ղոշուն նշանակում է “զորք, ամբոխ”, և ոչ թե երիվարներ:
Բացի այդ, Երիւարաց դաշտ-ը գտնվում է Վանի շրջակայքում (ՀայՏեղԲառ 2. 240b) և ոչ մի կապ չունի քննվող տարածքի հետ:
5
Տես Խնկիկյան 1984. 33 (վրիպակով տպված Ձորաքարեր): Բեգլարյանի քարտեզի շուրջ տես ներածությունը:
6
Տես http://www.etymonline.com/index.php?term=Stonehenge :

3
Այս տեսակետը վերջերս նոր զարգացումներով է հանդես գալիս: Օրինակ՝ Գայանե Ավետիսյանի (“Երկիր
Մեդիա”)` CNN-ով ցուցադրված հայտնի ռեպորտաժում, որը տեղակայված է “YouTube”-ում, Քարահունջ –
Stonehenge ստուգաբանական առնչակցության համատեքստում հայտարարվում է, որ “the second part հունջ in the
local Syunikʻ dialect means ‘bunch’, Armenian փունջ”: Սակայն “փունջ” իմաստով *հունջ բառ գոնե ինձ հայտնի չէ ոչ
Սյունիքում, ոչ էլ այլուր:
Վաչագան և Մարինե Վահրադյանները (2010), Ղոշուն-դաշ – Զորաց-քար թարգմանության դեմ հարուցելով մի
անիմաստ բանավեճ, պնդում են, թե այս անվանման մեջ “քար” բաղադրիչի եզակի թվով դրված լինելն
անտրամաբանական է, և որ թուրքերեն koşun բառը միայն նշանակում է “շարք”, մինչդեռ պարտավոր էին նախ,
հետևելով գիտական տարրական բարեխղճության թելադրանքին, ստուգել, օրինակ, New Redhouse Turkish-English
dictionary (1968, p. 676) հեղինակավոր բառարանը, որից կիմանային, որ, բացի “line, row (of people)” նշանակելուց,
այդ բառն ունի նաև “troops, military forces” իմաստը: Ավելին, հենց քննվող տարածքի՝ Սյունիքի բնակչության
բարբառում, առկա է այդ թուրքերեն բառից փոխառված ղօշուն բառը “անթիվ՝ անհամար ամբոխ, զորք”
նշանակությամբ (Մարգարյան 1975. 525a):
Վստահորեն առաջ ընթանալով՝ նրանք նշում են, որ թուրքերեն ղոշուն բառը հայերեն որոշ բարբառներում
գործածվել է նաև “խումբ” իմաստով, և եզրակացնում, որ “հուշարձանի անվանման նախնական հայերեն ձևը
կարող էր լինել Քարախումբ կամ նույն իմաստն արտահայտող Քարափունջ բառը: Իսկ Սյունիքի բարբառով՝
Քարահունջ: <…>: Դա թարգմանվել է թուրքերեն որպես Ղոշուն դաշ և այդ լեզվով հասել մեզ”: Փաստորեն, նրանք,
որ քիչ առաջ նման մանր ու անհիմն ձևաիմաստային նկատառումներով առարկում էին Ղոշուն-դաշ > Զորաց-քար
թարգմանության դեմ, ոչ մի խնդիր չեն տեսնում “փունջ” նշանակությամբ *հունջ բառը (որ գոյություն էլ չունի)
թուրքերեն “խումբ/շարք” բառով թարգմանելու մեջ, և հոգնակի դաշլար-ի փոխարեն եզակի դաշ-ի (անէական)
հարցն էլ այլևս նրանց չի անհանգստացնում:
Տեղական բարբառի այս *հունջ բառն ամենայն հավանականությամբ արհեստածին է: Ինձ չհաջողվեց նման
բառ գտնել Ալ. Մարգարյանի “Գորիսի բարբառը” (1975) ընդարձակ աշխատության ծավալուն բառարաններում
կամ այլուր: Քանի դեռ որևէ մեկը չի մատնանշել նման բառի վկայությամբ որևէ աղբյուր, պետք է *հունջ “փունջ”-ը
համարել հիմնազուրկ ենթադրությունից սարքված ուրվական բառ և այն դուրս նետել քննարկման ասպարեզից:
Ենթադրել այդպիսի նախաձևի գոյություն փունջ բառի վերոհիշյալ առնչակցության հիման վրա անիմաստ է.
ակնարկվող *p- > *h- հնչյունական անցումը գործում է բնիկ հայկական, այսինքն՝ հնդեվրոպական ծագում ունեցող
բառերի դեպքում, իսկ փունջ բառի ծագումը, որքան ինձ հայտնի է, դեռ հստակված չէ:7 Չուգասզյանի
ենթադրությունը քիչ թե շատ հիմնավոր համարելու համար հարկ կլինի նախ կատարել կամ մատնանշել փունջ
բառի հնդեվրոպական հավաստի ստուգաբանություն և ապա պարզաբանել կողք-կողքի փունջ և *հունջ
բաղադրիչների գոյության հանգամանքները: Վերջապես՝ անհավանական է, որ գյուղանվան հիմքում ընկած լինի
“քարերի փունջ” իմաստը, որքան էլ գեղեցիկ ու բանաստեղծական լինի այն:
Տեսանք նաև (§ 2), որ Պ. Հերունին Քարահունջ բառի հունջ բաղադրիչը նույնացնում է հայերեն հունչ
արմատին և եզրակացնում, որ և Քարահունջը, և Stonehenge-ը նշանակում են “խոսող/հնչող քարեր”: Սակայն այս
ստուգաբանությունն անընդունելի է, քանի որ հունչ արմատը երբեք հանդես չի գալիս *հունջ տարբերակով (տես
ՀԱԲ 3. 123b). սպասելի էր *հնչաքար. և, որ ավելի կարևոր է, “խոսող/հնչող քարեր” բնիմաստի համար ոչ մի
իմաստալից մեկնաբանություն չի ներկայացվում: Հերունին իր այդ տեսակետը շարադրելուց անմիջապես հետո
գրում է (էջ 19).

Իրոք, այդ քարերը հին ժամանակների աստղագետներին շատ հետաքրքիր և կարևոր տեղեկություններ են հայտնել
Տիեզերքի մասին, ինչպես հիմա էլ մեզ են ասում (և դեռ կասեն) բազում նոր ու անսպասելի տեղեկություններ հնագույն
ժամանակների մասին:

Եթե սա կատակ կամ քնարական զեղում չէ, այլ որպես այդ ստուգաբանության իմաստաբանական
հիմնավորում է մեզ հրամցվում, ապա մենք պետք է մեզ զգանք ծաղրի առարկայի դերում: Ի դեպ՝ Գորիսի
Քարահունջ գյուղի բնակիչներն ինձ ասում էին, որ իրենց գյուղի անունը բաղկացած է քար և հունչ արմատներից և
նախապես վերաբերել է գյուղի նշանավոր Շռռան ջրվեժին (իսկապես հրաշալի ու աղմկոտ մի ջրվեժ, որի տակ
լողանալը մեծ հաճույք է), որը թափվում է քարերի վրա և “հնչում” է:8 Այս ստուգաբանությունն առաջադրվել է դեռ
Ալիշանի (1893. 262b) կողմից: Ձևի առումով Հերունու տեսակետին նույնական այս բացատրությունն, իհարկե,
ժողովրդական ստուգաբանություն է և չի կարող գիտական համարվել: Սակայն, նրանում, ի տարբերություն
Հերունու տեսակետի, գոնե մի փոքր իմաստաբանական տրամաբանություն կա:

7
Աճառյանը (ՀԱԲ 4. 524b) հիշատակում է փունջ բառի ստուգաբանական մի շարք փորձեր և, դրանցից ոչ մեկը համոզիչ
չհամարելով, բառի ծագման հարցը թողնում է բաց:
8
Հմմտ. նաև ՀայՏեղԲառ 5. 315a:

4
3.2 Քարունջ / Քարահունջ անունը կրող տեղավայրերը
ՈՒզում եմ մեկ անգամ ևս ընդգծել. վերը քննված ստուգաբանական բոլոր մարզանքները ոչ միայն իրարամերժ են
և բանասիրական ու տրամաբանական հիմքից կատարելապես զուրկ, այլև հենց սկզբից միանգամայն անհարկի,
քանի որ հուշարձանի Քարահունջ անվանումը նրան փակցվել է արհեստականորեն: Բացի այդ, Քարահունջ
գյուղանունն ունի տեղանվանական առումով շատ սովորական և բանասիրորեն միանգամայն անխոցելի
ստուգաբանություն, որ ներկայացվել է ավելի քան մեկ դար առաջ, բայց մնացել է “մարտնչող տգիտության”
տեսադաշտից դուրս:
Քարահունջ տեղանվան հնագույն վկայությունները գտնում ենք Հովհաննես Դրասխանակերտցու (9-10-րդ դդ)
և Ստեփանոս Օրբելյանի (13-14-րդ դդ) պատմություններում: Երկուսում էլ այն հանդես է գալիս Քարունջ ձևով:
Հովհաննես Դրասխանակերտցին այն հիշատակում է հետևյալ հատվածում (1912=1980. 332-333).

Իսկ Նսրն խարդաւանեալ զխորամանկութիւն և երկաքանչիւրս զնոսա շրթամբք, այլ ոչ սրտիւ՝ իւր
յարակցեալ, հրաւիրէ երթեալ նոքօք ի մայրաքաղաքն Դվին. “զի յապահովացեալք, ասէ՝ ի նմա իւրաքանչիւր
ումեք՝ զիւրաքանչիւրոցն զօգուտն հոգալ մարթասցուք”: Այսպէս ապա դաւոյ դրժոխութեան չու յուղի անկեալ
գնային. իբրև մօտ եղեն ի քաղաքագիւղն Քարունջոյ՝ ընդառաջ լինէին նմա գլխաւոր գահերէցք և հոյակապ
նահապետք ազգատոհմի քաղաքին Դվնայ:

Գ. Թոսունյանը (1996. 333-335) թարգմանում է այսպես.

“Իսկ Նսըրը նրանց երկուսին էլ խորամանկորեն խաբելով և՛ խոսքով, ոչ թե սրտով կապելով իր հետ՝ նրանց հրավիրում է իր
հետ գնալ Դվին մայրաքաղաքը, “որպեսզի, ասում է, ամենքս էլ այնտեղ ապահով լինելով՝ կարողանանք հոգալ
յուրաքանչյուրի օգուտի մասին”: Այսպես նենգորեն խաբվելով և ճանապարհ ընկնելով՝ [նրանք] գնում էին: Եվ երբ մոտեցան
Քարունջ քաղաքագյուղին՝ նրան [Յուսուֆին] ընդառաջ են գալիս Դվին քաղաքի գլխավոր գահերեցներն ու ազգատոհմի
հռչակավոր նահապետները”:

Գ. Թոսունյանը (1996. 379, ծնթ. 125) այս Քարունջ քաղաքագյուղը, որոշ անվստահությամբ, նույնացնում է
Գորիսից ոչ հեռու գտնվող Քարահունջ գյուղին (վերջինիս մասին տես ստորև): Սակայն քաղվածքից և տեքստի
շարունակությունից երևում է, որ այն պետք է տեղայնացնել Դվինի մերձակայքում, ինչն էլ անում է գերմանացի
ականավոր հայագետ Հայնրիխ Հյուբշմանը:9 Այսպես է նաև ՀայՏեղԲառ 5. 334c:
Ստեփանոս Օրբելյանը Տաթևի վանքին հարկատու գյուղերի ծավալուն ցուցակում Սյունիքի Եւայլախ կամ
Այլախ գավառի գյուղերի շարքում հիշատակում է Քարունջ գյուղը (Աբրահամյան 1986. 395), որը նույնացվում է
Գորիսի մերձակայքի Քարահունջ գյուղին: Ներկայիս Քար-ա-հունջ հոդակապով տարբերակն առաջին անգամ
հիշատակում է Աբրահամ Կրետացին (18-րդ դար):10
Քարահունջ անվամբ երկու գյուղ էլ կա Ղարաբաղում:11
Նույն անվանումը կրող մի քանի տեղավայրերի առկայությունը, իհարկե, լրացուցիչ խնդիր է հարուցում
Քարահունջ-ը որպես մեգալիթյան հուշարձանի սպեցիֆիկ անվանում դիտարկող առանց այդ էլ տկար
տեսակետների համար: Հավանաբար այս դժվարությունը հաղթահարելու միտումով է Պ. Հերունին (2006. 18)
նշում, որ, բացի Գորիսի մերձակայքի Քարահունջ գյուղից, այս անունն է կրում նաև երկու գյուղ Լեռնային
Ղարաբաղում, որոնցից “մեկի մոտ ժայռերի մեջ հնուց անցքեր են բացված (դեռ չհետազոտված)”: Այս մշուշոտ
տեղեկությունը մեզ դեռ ոչինչ չի ասում: Ի դեպ, Հերունին այստեղ հիշատակում է պարզապես ժայռերի մեջ
բացված անցքեր, մինչդեռ Հերունու ստուգաբանությունը ներկայացնելիս Վահրադյան/Վահրադյան 2010-ում
չգիտես ինչու սա դարձել է “մեգալիթյան կառույց, որը նույնպես ունի անցքերով քարեր”: Անհասկանալի է՝ սա
Հերունու գրածի աղավաղու՞մն է, թե Վահրադյաններն իրենք են կատարել այդ ճշգրտումը: Նման ոճով գիտական
հարցեր չեն լուծվում:

3.3 Քարունջ / Քարահունջ տեղանվան բանասիրական և ստուգաբանական քննություն


Քարունջ տեղանունը կազմված է քար և ունջ բաղադրիչներից: Առաջինի հարցը պարզ է, մինչդեռ երկրորդի
համար ձևի առումով կա երեք թեկնածու՝ 1) ունջ “տակ, խորք, հատակ, գետնի տակը”, 2) ունջ “գանձ” և 3) ունջ
“մուր, ժանգ” (տես ՀԱԲ 3. 604-605): Այս երեք համանունների ծագումնաբանական կապն անհնար չէ, եթե առաջինն

9
Hübschmann 1904. 479 = Հիւբշման 1907. 421:
10
Ալիշան 1893. 209a, 243b, 244b, 261a և հատկապես 262b; Մարգարյան 1975. 4; Մարգարյան 1988. 129; ՀայՏեղԲառ 5. 314-315:
11
ՀայՏեղԲառ 5. 314-315: Նման է հնչում նաև Լոռվա աշխարհում՝ Չաթինդաղ լեռան լանջին գտնվող մի գյուղի անունը՝ Քարինջ
(ՀայՏեղԲառ 5. 326a):

5
ընդունենք որպես ելակետ և երկրորդն ու երրորդը բխեցնենք նրանից՝ ենթադրելով “գետնի տակ թաղված գանձ” և
“տականք, նստվածք” բնիմաստներ: Երեք ունջ-երից երրորդը ունջ ու օնջ ձևերով և “մուր” ու “ժանգ” իմաստներով
ներկա է հատկապես արևելյան և հարավարևելյան եզրային բարբառներում՝ Գորիսի, Մեղրու, Ղարաբաղի,
Շամախու, Արեշի, Կռզենի և այլն: Մյուս երկու ունջ-երը բարբառներում պահպանված չեն:12
Հ. Հյուբշմանը13 Քարունջ տեղանվան երկրորդ բաղադրիչն իրավացիորեն նույնացնում է ունջ “տակ, խորք,
հատակ” բառին, որը նա տեսնում է նաև Սյունիքի մեկ այլ գյուղանվան՝ Արփ-ունջ(ն)-ի14 կազմում: Հյուբշմանը
բարդության բնիմաստը համարում է “Steinboden = քարայատակ”: Սակայն ավելի հավանական կլիներ “քարի
տակ”-ը, մանավանդ որ այդ լուծման օգտին է խոսում ունջ բառի համար հենց Հյուբշմանի հիշատակած
տեքստային իլյուստրացիան՝ Փավստոս Բուզանդ 4.ժը: Ստորև բերում եմ բնագրի այդ հատվածը (1883=1984. 109),
ապա՝ դրա աշխարհաբար (Մալխասյանց 1987. 201) և անգլերեն թարգմանությունները (Garsoïan 1989. 149).

համարեցան զզօրն եղբօրն՝ թէ խաղաղութիւն է եկն նորա, մինչ իջին առ խորանին դուրս, զի էր հարեալ
զխորանն ի ձոր յունջ բերդին (ընդգծումն իմն է՝ ՀՄ)
– “մտածեցին թե եղբոր զորքն է, եկել է խաղաղության համար: Այս կերպով հասան մինչև վրանի դուռը,
որովհետև (Վարդանը) վրան էր զարկել բերդի տակ, ձորում”
– “because they thought that these were the forces of his brother coming in peace. [And they remained so] until they came to
the very doors of [Vardan‟s] tent, for the tent was pitched in the gorge beneath the fortress”

Ավելի քան ութ տասնամյակ անց Ալ. Մարգարյանը (1988. 129), Հյուբշմանից անկախ, առաջարկեց նույն
ստուգաբանությունը՝ իմաստը մեկնաբանելով հենց որպես “քարի տակ, քարի ստորին կողմը”, որը, ինչպես նա
գրում է, “աշխարհագրորեն միանգամայն ճիշտ է և համապատասխանում է անգամ գյուղի այսօրվա դիրքին:
Քարահունջ գյուղի գլխավերևը առ այսօր էլ կանգուն կա մի վիթխարի-հսկայական քարազանգված, որը և
լավագույն վկան ու ապացույցն է այն բանի, որ այն իսկապես ստեղծվել է նրա ստորին՝ ցածրադիր մասում”:
Սա ակնհայտորեն շատ բնական բացատրություն է տեղանվան ծագման համար: Բավական է հիշել այնպիսի
տեղանուններ ինչպիսիք են՝ Բերդատակ-ը Սյունիքում և այլուր15 և Քարատակ-ը Սյունիքում, Ղարաբաղում և
այլուր:16 Քարունջ տեղանվան այս ճիշտ ստուգաբանությունն արտացոլված է նաև ՀայՏեղԲառ 5, 2001. 315a, 334c:
Շատ հետաքրքիր է Ղարաբաղի Բրդահոնջին-ղալա տեղանունը:17 Ամենայն հավանականությամբ սրա
հիմքում ընկած է *բերդ-ա-հ-ունջ “բերդի տակ” բարդությունը, որը, ըստ բաղադրիչների ստուգաբանության,
նույնական է Փավստոս Բուզանդի վերոհիշյալ յ-ունջ բերդին բառակապակցությանը:

3.4 -h- հնչյունի հարցը


Ալ. Մարգարյանը (1988. 129) ենթադրում է, որ Քարունջ տեղանվան երկրորդ՝ ունջ բաղադրիչը ժամանակի
ընթացքում հավելվել է հ- սկզբնահնչյունով (հմմտ. ընկեր > հինգէր, ընտրել > հընդրէլ և այլն), որի պատճառով էլ
Քար-ունջ անհոդակապ բարդությունը վերածվել է հոդակապով բարդության՝ Քար-ա-հունջ: Այս մեկնությունը
ենթադրում է, որ վերջին մի քանի դարերի ընթացքում ունջ “տակ, խորք, հատակ” բառը տեղի՝ Գորիսի բարբառում
գոյություն ունեցել է, վերածվել է *հունջ-ի և ապա մոռացության տրվել: Սակայն ունջ “տակ, խորք, հատակ” բառը
չի պահպանվել ոչ Գորիսի ու Ղարաբաղի, ոչ էլ որևէ այլ բարբառում: Այն տեղաբնիկների համար անթափանց ու
անհասկանալի է և քարացած կերպով ժառանգվել է միայն քննվող տեղանվան կազմում: Այնպես որ հ-
նախահավելվածով երկրորդային բարբառային նման ձևի գոյությունը քիչ է հավանական: Նշենք նաև, որ ունջ-ի
մյուս՝ “մուր, ժանգ” իմաստն ունեցող համանունի բարբառային ոչ մի ներկայացուցիչ այդպիսի նախահավելված հ-
չունի, այսինքն՝ չկան *հունջ կամ *հօնջ ձևեր, այլ կան միայն ունջ և օնջ:
Ինձ ավելի հավանական է թվում, որ հ հնչյունն այստեղ պարզապես երկու ձայնավորների միջև առաջացող
հորանջ է (glide, hiatus), հմմտ. գի ծառանուն + -ի ծառածանց = գի-հ-ի, դայեակ > բրբռ. դահէկ:18
Քանի որ Քարահունջ-ի դեպքում կապվող ձայնավորներից (-ա-ու-) երկրորդը շրթնային է, հատկանշական են
հատկապես հետևյալ օրինակները.
լեգէովն բառը “Անկանոն գիրք նոր կտակարանաց”-ում և “Յայսմաւուրք”-ում հանդես է գալիս լեգեհոն ձևով
(ՀԱԲ 2. 271b). քանի որ -հ- չունեցող լեգէովն ձևը բազմիցս վկայված է ոսկեդարյան էտապից սկսած և ելակետային

12
Այս համանունների բանասիրական ու ստուգաբանական քննության շուրջ տես Martirosyan 2010: 638-641, 703-704, 814-815:
13
Hübschmann 1904. 387, 479 = Հիւբշման 1907. 284, 421:
14
Ալիշան 1893. 64a, 76a; ՀայՏեղԲառ 5. 514c: Հետաքրքիր է Ալիշանի նկարագրական արտահայտությունը՝ “յունջ մի ցամաքի”:
15
Ալիշան 1893. 209; s hmann 1904: 388, 414 = Հիւբշման 1907. 286, 324; ՀայՏեղԲառ 1. 666-667:
16
Բարխուդարյան 1995. 87 (< 1895); ՀայՏեղԲառ 5. 321, 326:
17
Բարխուդարյան 1995. 87-88 (< 1895); ՀայՏեղԲառ 1. 741:
18
Տես Martirosyan 2010. 211-212, 233:

6
է նաև ստուգաբանական տեսակետից (հմմտ. փոխատու հուն. legeōn [λεγεών] բառաձևը), ապա լեգեհոն
երկրորդային ձևի մեջ անկասկած գործ ունենք ստուգաբանական արժեք չունեցող -հ- հորանջի հետ.19
Սիո(վ)ն լեռնանունը “Գիրք մնացորդաց”-ում (1-ին գիրք, ժա.5) հանդիպում է Սիհովն ձևով (Խալաթեանց 1899.
22b), որին հունարեն բնագրում համապատասխանում է Σιων / Siōn ձևը (Rahlfs 1935. 776):
Նմանատիպ միջնահավելվածային -հ- դիտվում է նաև ազնավուր-ի կողքին առկա ազնահուր և անձնահուր
“մի առասպելական էակ” բարբառային բառաձևերի կազմում: Այս դեպքում, սակայն, ժողովրդական
ստուգաբանությամբ հուր “կրակ” և/կամ հուրի “ոգի, փերի” բառերի առնչակցությունը նույնպես կարող է դեր
ունեցած լինել:
Հորանջի հստակ դեպքեր գտնում ենք նաև Ղարաբաղի բարբառում. օրինակ` էրկու-հ-ինջի “երկրորդ”, որ
կազմված է երկու թվականից և դասական թվականներ կերտող թուրք. -IncI ածանցից (Դավթյան 1966. 125-126):

4. Հավելյալ քննարկում
4.1 Ստուգաբանական սկզբունքներ
Այսպիսով, Քար(ահ)ունջ անվանումը ոչ մի ընդհանրություն չունի Ղոշուն-դաշ մեգալիթյան հուշարձանի հետ,
հետևաբար Stonehenge-ի հետ ստուգաբանական առնչության մասին խոսք լինել չի կարող: Դա պարզապես մի
սովորական տեղանուն է, Հայաստանի ու Արցախի տարածքի չորս բնակավայրերի անվանում, որը կազմված է,
ինչպես ցույց է տրվել Հ. Հյուբշմանի (1904) և Ալ. Մարգարյանի (1988) կողմից, քար “քար” և ունջ “տակ, խորք,
հատակ” բաղադրիչներից:
Զարմանալի է թվում, որ այս հստակ ստուգաբանությունը միշտ անտեսվել է վերջին տարիներին այս
տեղանվան ծագմանն անդրադարձած պրակտիկորեն բոլոր մարդկանց կողմից (չհաշված ներածության մեջ նշված
բացառությունները): Իրականում, ցավոք, դա այնքան էլ արտասովոր չէ. բանասիրական գիտելիքներ ու անգամ
տարրական պատկերացումներ չունեցող մարդիկ սովոր են զավեշտական համարձակությամբ ու թեթևությամբ
լեզվաբանական “հարցեր լուծել”՝ ելակետ ունենալով միայն ցեղակենտրոնությունը և թույլ տալով աններելի
սխալներ, որոնք արդյունք են հետևյալ տարրական բանասիրական սկզբունքների անտեսման.
1) չի կարելի անդրադառնալ հայերեն որևէ տեղանվան ծագման խնդրին առանց նախ ստուգելու Հյուբշմանի
“Հին Հայոց տեղւոյ անունները” աշխատությունը (1904, հայ. թարգմ.` 1907, որը, հին ու թերի լինելով
հանդերձ, մնում է հայոց տեղանունների միակ գիտական ստուգաբանական բառարանը), ինչպես նաև
հինգ հատորից բաղկացած ՀայՏեղԲառ-ը.
2) չի կարելի փորձել ստուգաբանել որևէ տեղանուն առանց նախ հստակեցնելու այն հարցը, թե արդյո՞ք այդ
տեղանունն իսկապես տվյալ վայրի անվանումն է.
3) չի կարելի որևէ տեղանուն ստուգաբանելիս որպես ելակետ ընդունել տարբերակներից միայն մեկը և
անտեսել մյուս տարբերակ(ներ)ը, հատկապես եթե վերջին(ներ)ը ավելի հին է/են:
Հետաքրքիր է, որ, Պարիս Հերունին Քարահունջ-ը մեկնաբանում է որպես “խոսող/հնչող քարեր” (հունչ >
հունջ), սակայն Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Քարունջ գյուղանունը ստուգաբանում է որպես “քարե գանձ”
կամ “հիմնաքարեր” (2006. 18-19)՝ այսպիսով այն սխալաբար տարանջատելով Քարահունջ-ից: Ակնհայտորեն նա
նկատի ունի հայերեն ունջ “գանձ” և ունջ “տակ, խորք, հատակ” բառերը: Փաստորեն, նա որոշ չափով մոտեցել էր
գիտական ստուգաբանությանը և կարող էր հասնել դրան, եթե չառաջնորդվեր իր կանխակալ համոզմունքներով և
հետևեր վերոհիշյալ տարրական սկզբունքներին:

4.2 Հերունու “տեսությունները”


Քարահունջ – Stonehenge տեսությունը չի սահմանափակվում այդ ստուգաբանական կարծեցյալ ընդհանրությամբ:
Այն սերտաճել է ֆանտաստիկ ու գլոբալ “տեսությունների” մի համալիրի: Պարիս Հերունին (2006. 17-19, 87-92) իր
հետազոտությունների արդյունքներն ամփոփելով, հայտարարում է, որ Քարահունջը
● աշխարհի ամենահին ու ամենամեծ աստղադիտարանն է.
● հիմնադրվել է մոտ 15.000 տարի առաջ (“իսկ աստղագիտությունը Հայաստանում սկիզբ է առել մոտ 23.000 տարի
առաջ”).
● ակտիվ գործել է ավելի քան 7.500 տարի առաջ (մ.թ.ա. 6-րդ հազարամյակ).
● “շարունակաբար գործել է ավելի քան 5500 տարիների ընթացքում, ըստ երևույթին, մինչև մ.թ. 301 թիվը, երբ
քրիստոնեությունը Մեծ Հայքում ընդունվեց որպես պետական կրոն”.
● եղել է հին Հայաստանի գլխավոր աստված Ար-ի (Արև) և նրա “քարտուղար” գիտության, գրի և արվեստի
հովանավոր Տիր աստծո տաճար ու նույնիսկ համալսարան:
Նա եզրակացնում է, որ

19
Հմմտ. նաև երգիոն բառի երգեհոն և երգևոն տարբերակները (ՀԱԲ 2. 43-44):

7
● Հայաստանի քաղաքակրթությունը ամենահինն է աշխարհում.
● հայոց լեզուն ու քաղաքակրթությունը սկիզբ են առել Հայաստանում մոտավորապես 40.000 տարի առաջ.
● հայերը քաղաքակրթել են այլ ցեղերին ու ազգերին ու “անշահախնդրորեն գիտելիքներ են շնորհել, ինչպես իրենց
գլխավոր Աստված Արը շնորհում է կյանքը”.
● նախնական այբուբենի կազմավորումը կատարվել է 15-10.000 տարի առաջ.
● Քարահունջի ժամանակներում հայ գիտնականները գիտեին, որ Երկիրը գնդաձև է ու նրա շառավիղը
մոտավորապես 6.300 կմ է, Երկրի առանցքը էկլիպտիկայի մակերեսի նկատմամբ ուղղահայացից թեքված է մոտ
24o և այլն և այլն:

Չլինելով աստղագետ կամ հնագետ՝ ես, իհարկե, իրավասու չեմ քննելու նրա տեխնիկական տվյալներն ու
հաշվումները: Սակայն չեմ կարող թաքցնել զարմանքս, թե ինչպես կարող է մասնագիտությամբ ֆիզիկոս
ակադեմիկոսը, որը ոչ մի պատկերացում չունի պատմական ու բանասիրական գիտությունների մասին, իրեն
իրավասու համարել ներխուժել այդ ասպարեզները և քաղաքակրթության, մշակույթի ու լեզվի վերաբերյալ
ծայրահեղորեն հիմնազուրկ դրույթներով ավերել հայ և համաշխարհային գիտության նվաճումները:
Եթե նույնիսկ Հերունու տեխնիկական տվյալներն ու դրույթները ճիշտ են, ես չեմ հասկանում, թե ինչպես
կարելի է դրանց լեզվա-էթնիկական աստառ հագցնել: Բացարձակապես ոչ մի հիմք չեմ տեսնում դրանց հենքում
հայալեզու տարր ենթադրելու: Քարահունջ – Stonehenge տեսությունը, ինչպես տեսանք, փուչիկ է: Հերունու՝ դրան
զուգակցվող բոլոր լեզվաբանական “հայտնագործությունները” նույնպես ամենաթույլ քննադատության անգամ
չեն դիմանում: Ինչպե՞ս կարելի է տասնյակ հազարավոր տարիներ առաջվա էտապների համատեքստում խոսել
հայոց լեզվի մասին, երբ այդ ժամանակ հայոց լեզուն դեռ չէր տրոհվել հնդեվրոպական մայր լեզվից և, ուրեմն, դեռ
գոյություն չուներ: Ի՞նչ իմաստ ունի խոսել Ար և Տիր դիցանունների մասին, երբ դրանցից առաջինն առհասարակ
գոյություն չունի, իսկ երկրորդը իրանական փոխառություն է: Ի՞նչ արժեք ունեն շոտլանդական Luis կղզու և
այնտեղ գտնվող Callanish-ի անունների ֆանտաստիկ ստուգաբանությունները իբրև հայերեն լույս և Քարե նիշ, երբ
հայերեն նիշ բառը բնիկ հայկական չէ, այլ իրանական (կամ ասորական) փոխառություն, իսկ Luis-ի “տեղական”
ստուգաբանոոթյունը թափանցիկ է: Մի՞թե այս որակի դատողությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ
Հայաստանի քաղաքակրթությունը ամենահինն է աշխարհում, հայոց լեզուն ու քաղաքակրթությունը սկիզբ են
առել Հայաստանում մոտավորապես 40.000 տարի առաջ և այլն : Սրանք միայն ֆանտաստիկ անհեթեթություններ
են:
Հերունու` Քարահունջ-ի ստուգաբանությունն ու դրա շուրջը հյուսված այս անընդունելի դրույթները լայն
մասսայականություն են վայելում հայերի շրջանում և հետզհետե մատչելի են դառնում նաև միջազգային
ասպարեզում՝ անգլերեն լեզվով ֆիլմերի ու հաղորդագրությունների տեսքով: Դրանք արտացոլված են YouTube-
ում տեղակայված մի շարք տեսանյութերում:20 “Carahunge/Stonehenge” խորագրով փոքրիկ ժապավենում21
ազդեցիկ երաժշտության ֆոնի տակ և հուշարձանի լուսանկարների ուղեկցությամբ կարդում ենք, ի թիվս այլոց,
հետևյալ դրույթները. “Research to date has established that the name of the Monument was Carahunge (“Speaking
Stones”)”; “It was also demonstrated that the main functions of Karahunge were: 1) to serve as the temple of AR (Sun) – The
Father and Main God of the Armenians; 2) to provide protection through TIR, the old Armenian God of science” և այլն և
այլն: Ընդգծվում է նաև, որ Քարահունջի ժանակաշրջանի հայ գիտնականները պլանավորել են այլ հնագույն
հանրահայտ հուշարձաններ, ինչպես օրինակ եգիպտական Մեծ Բուրգը՝ “3000 years „younger‟ than Carahunge”, և
մասնակցել են դրանց շինարարությանը, ընդ որում կրկին հիշատակվում են Callanish – Քարե նիշ, ԱՐ – եգիպտ.
ՐԱ և մյուս “գյուտերը”:

4.3 Նոր զարգացումներ


Քարահունջ – Stonehenge “տեսությունը” անընդհատ զարգանում է ու իր մեջ ներառում նորանոր գաղափարներ:
CNN-ի վերոհիշյալ հայտնի ռեպորտաժում աստղաֆիզիկոս Գրիգոր Բրուտյանը Քարահունջի հետ է համեմատում
“պատմական Հայաստանի տարածքում” գտնվող և մ.թ.ա. 11-րդ հազարամյակով թվագրվող Göbekli Tepe
հուշարձանը, որի հայերեն անվանումն է համարվում Պորտասար: Մարի Բարսեղյան-Խանջյանը (2011, տես § 4.5)
բացահայտորեն Գյոբեքլի-թեփե անվանումը համարում է “թուրքացված” և այն տեղակայում է “Թուրքիայի կողմից
բռնազավթած հայկական տարածքներում”: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է ՈՒռհա (Եդեսիա)
հայտնի քաղաքի մերձակայքում գտնվող այս վայրը հայտարարվել “պատմական Հայաստանի տարածք”: Եվ
հետո՝ նման տեղանուն չկա Հայաստանի ու հարակից շրջանների տեղանունների ամենամեծ բառարանում
(ՀայՏեղԲառ) կամ ինձ հայտնի որևէ այլ աշխատանքում: Նման հայկական տեղանուն պարզապես չկա (եթե մեկը
կուզի հակառակն ապացուցել, թող աղբյուր մատնանշի): Մեր աչքի առջև, ճիշտ Քարահունջի նման,

20
Օրինակ՝ http://www.youtube.com/watch?v=vr7MIjd9guQ&feature=related – “Stars & Stones 2010 - CBS USA”:
21
http://www.youtube.com/watch?v=4nuV4moskA4:

8
արհեստականորեն սարքվել է ու աստիճանաբար քաղաքացիություն է ստանում ևս մի ուրվական տեղանուն:
Մենք պարտավոր ենք պարզապես ԴԵՆ ՆԵՏԵԼ ՊՈՐՏԱՍԱՐ ԱՆՎԱՆՈՒՄՆ ու այդ վայրն անվանել իր Göbekli
Tepe անվամբ:
Ֆիզիկոս Պարիս Հերունու գործն այժմ շարունակում է նրա աշակերտ Գուրգեն Վարդանյանը՝ ՀՀ ԳԱԱ
գիտաշխատող, “Քարահունջի աստղադիտարան” կազմակերպության համանախագահը:22 Իմ այս հոդվածը գրեթե
պատրաստ էր, երբ Facebook սոցիալական ցանցում հայտնվեց Գուրգեն Վարդանյանի “Քարահունջ
աստղադիտարան” վերնագրով հոդվածը,23 որտեղ մեզ նորանոր անակնկալներ են սպասում.

Հուշարձանի մասին առաջին գրավոր հիշատակությունը արել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (13-14-րդ դդ.): Ըստ այդ
հիշատակության` հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է: 18-19-րդ դարերում հուշարձանը ստացել է «Զորաց
Քարեր» անունը (գրաբարում «զօր» նշանակում է «օր», այսինքն` օրերի քարեր, օրացույց քարեր):

Պարզապես ապշեցուցիչ է, թե ինչպես կարելի է ընդամենը երեք տողում այսքան հիմնազուրկ ու


անբարեխիղճ դատողություններ և կոպիտ անճշտություններ տեղավորել, այն էլ այնպիսի վստահ ու անկաշկանդ
տոնով, կարծես սովորական ճշմարտություններ են թվարկվում: Իրականում, ինչպես տեսանք § 3.2-ում,
Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է ոչ թե քննվող մեգալիթյան հուշարձանը, այլ Տաթևի վանքին հարկատու
բազմաթիվ գյուղերից մեկը, որը նույնացվում է Գորիսի մերձակայքի Քարահունջ գյուղին: Հետո` պարզ չէ, թե ինչ
աղբյուրների հիման վրա է եզրակացվում, որ 18-19-րդ դարերում հուշարձանն արդեն կոչվում էր Զորաց Քարեր:
Նման վկայություններ ինձ հայտնի գրականության մեջ երբեք չեն հանդիպել: Եթե այնուամենայնիվ կան
աղբյուրներ, ապա պետք է մատնանշել դրանք: Հատկապես ֆանտաստիկ է “օրացույց քարեր” մեկնաբանությունը
(այն նույնական է Վահրադյանների առաջարկած մեկնությանը, տես § 4.4): Գրաբարում զ-օր գոյական ինձ հայտնի
չէ. կա միայն ժամանակի պարագայի գործառույթով {զ + հայց. հոլ.} կաղապարը ինչպես գրաբարում,24 այնպես էլ
բարբառներում:25
Ինչպես տեսանք § 2-ում, Զորաց-քարեր անվանումը պարզապես հայեցված տարբերակն է Ղոշուն-դաշ-ի, որն
իսկապես նշանակում է “զորաքար”: Տեսականորեն անհնար չէ, որ մինչև 19-րդ դարի վերջերը գոյություն ունեցած
լինի Ղոշուն-դաշ-ից ավելի հին որևէ հայկական անվանում: Բայց քանի դեռ որևէ վկայություն գտնված կամ
մատնանշված չէ, ապա պարզապես պետք է լռել:
2011 թ. փետրվարի 6-ին FB սոցիալական կայքում դրվեց “Քարահունջի առեղծվածը” վերնագրով մի ֆիլմ (Գոռ
Պետրոսյան, Անուշ Ապրեսյան), որի սկզբում այս հուշարձանը ներկայացվում է որպես “Վաղ պատմական
շրջանում՝ Զորաց քարեր, իսկ այժմ՝ Քարահունջ անվանված”: Հենց այսպես՝ հանգիստ, վստահորեն, առանց
ամենատարրական պատասխանատվության զգացման. ասես մեր հնագույն պատմիչների երկերում իսկապես
վկայված տեղանվան մասին է խոսքը: Հարգելի հեղինակներ, չկա՛ Զորաց-քարեր անվան ոչ մի հիշատակություն
ո՛չ վաղ, ո՛չ էլ ուշ և նորագույն պատմական շրջաններում: Ի դեպ՝ ֆիլմում մշուշոտ ու անհասկանալի կերպով
հիշատակվում է Խորենացու տեղեկությունը Արտաշեսի սահմանաքարերի մասին՝ ասես այն որևէ առնչություն
ունի քննվող մեգալիթյան հուշարձանի հետ: Սա մարդկանց մոլորեցնող անթույլատրելի աշխատաոճ է, որն
անհրաժեշտ է իսպառ օտարել մեր իրականությունից:
Ամենավատն այն է, որ ֆիլմում ելույթ է ունենում նաև մի պատմաբան՝ Արաքսյա Սիմոնյանը: Նա քննվող
օբյեկտը ներկայացնում է որպես հայոց մշակույթի հուշարձան Զորաց-քարեր անվամբ, խոսում է Ար-Արեգ-
Արմենիա անհեթեթ տեսությունից և Հերունու հայտնագործությունները բնորոշում որպես “անառարկելիորեն
ապացուցված”: Հասկանալի է, որ ֆիլմի դիտողը, եթե մասնագիտական պատրաստվածություն կամ “լապշայի
իմունիտետ” չունի, պիտի տպավորվի “պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ” մակագրությամբ ու
ավելի համոզվի այս “տեսությունների” ճշմարտացիության մեջ:

4.4 Վաչագան և Մարինե Վահրադյաններ


Վերջին տարիներին Քարահունջի և հարակից խնդիրներով ակտիվորեն հանդես են գալիս մաթեմատիկոս
Վաչագան Վահրադյանը և ինժեներ Մարինե Վահրադյանը:26 Չլինելով բանասեր և ըստ էության ոչ մի
պատկերացում չունենալով համեմատական լեզվաբանության մասին՝ այս հեղինակներն իրենց վստահորեն թույլ
են տալիս ստուգաբանական մարզանքներ ու դրանց վրա կառուցում են ֆանտաստիկ դրույթներ: Բանասիրական

22
Տես“Carahunge Voi e of Ameri a.mp4” http://www.youtube.com/watch?v=VkAdkMIZlKA; “Stars & Stones 2010 - Voi e of Ameri a”
http://www.youtube.com/watch?v=AuOxNyH9_GQ&feature=related:
23
Տես http://on.fb.me/dOyfks :
24
Տես Չալըխեան 1885. 242-244; Meillet 1962. 79; Խաչատրյան 1989. 66:
25
Հմմտ., օրինակ, Ախալցխա զօրը (մկբ.) “ցերեկը” (Աճառեան 1913. 328a):
26
Տես Vahradyan/Vahradyan 2008; Վահրադյան/Վահրադյան 2010:

9
նյութի հետ աշխատելու նրանց ոճին արդեն որոշ չափով ծանոթացանք վերը (§ 3.1), որտեղ քննարկեցինք նրանց
*հունջ “փունջ”-ի անընդունելի վարկածը և Զորաց-քար – Ղոշուն-դաշ անհստակ ու անիմաստ բանավեճը:
Վերջինս ավելի է պղտորվում նորանոր “գյուտերով”, ըստ որոնց Զորաց-քար անվանումը մեկնաբանվում է որպես
“Potent stones” կամ “Stones of strongers” կամ “Stones inspiring power”, իսկ մյուս կողմից՝ “օրերի քարեր, օրացույց
քարեր” (այս տեսակետի մասին տես § 4.3), ընդ որում զօր “օր” բառը հանելուկային կերպով համադրվում է ռուս.
заря “արշալույս” բառին:
Բայց այս ամենը դեռ մանր անհեթեթություններ են: Տգիտության մի խոշոր ու կատարյալ թնջուկ է սարքված
հորինովի br արմատի շուրջը: Հեղինակները “Անգլո-սաքսոնական ժամանակագրության” այն տեղեկությունը,
ըստ որի բրիտները եկել են Արմենիայից, ներկայացնում են որպես Քարահունջ – Stonehenge “տեսության”
հիմնավորում: Այս տիպի տեղեկությունը, սակայն, չի կարելի հենց այնպես միանշանակորեն ընդունել որպես
պատմական ճշմարտություն, այն էլ Քարահունջ – Stonehenge ենթադրյալ տեղաշարժի ժամանակագրական
շրջանակներում: Բացի այդ, Հայաստանի այս հիշատակությունը կարող է պայմանավորված լինել դրախտի ու
ջրհեղեղի աստվածաշնչյան ավանդույթների թելադրանքով: Բայց այս հարցն այժմ ինձ համար էական չէ: Ավելի
հետաքրքիր են մտքի մի շարք “փայլատակումներ”, որոնք արժե հրատարակել “Ոզնու” էջերում:
Վահրադյաններն այդ տեղեկության հիման վրա brit ցեղանվան հիմքը կցում են հայերեն բրել բային, որն իբր
նշանակում է “փորագրել”, ընդ որում այստեղ նրանք վկայակոչում են Աճառյանին՝ առանց հղման: Ենթադրվում է,
որ նկատի ունեն “Արմատական բառարանի” համապատասխան բառահոդվածը՝ ՀԱԲ 1. 452: Սակայն այստեղ բրել
բայի համար նշված է միայն “փորել” իմաստը, իսկ բայն ինքն էլ ածանցված է բիր “մահակ, հաստ գավազան”
գոյականից: Գրաբարի լավագույն բառարանում բրեմ բայը ներկայացված է հետևյալ իմաստներով՝ “բրով կամ
բրչաւ փոս հատանել. փորել և հանել զմիջինն. բանալ. ծակել. պեղել. յատակել. քանդել. ի բաց կորզել, քանցել”
(ՆՀԲ 1. 518b): ՆՀԲ-ի և Աստվածաշնչի համաբարբառի (Աստուածատուրեան 1895. 306a) տեքստային
վկայություններում բայը վերաբերում է հող կամ այգի կամ գերեզման փորելուն, աչքեր փորել-հանելուն, երկիր
կամ պատ քանդելուն (աստվածաշնչյան քաղվածքներն ստուգել եմ Զօհրապեան 1805-ի և Brenton 1851-ի ու Rahlfs
1935-ի օգնությամբ): Ոչ մի տեղ ակնարկ անգամ չկա “գրելու” կամ “փորագրելու” մասին: Նման իմաստ նշված չէ
ինձ ծանոթ ոչ մի այլ բառարանում՝ բարբառային, ընդհանուր թե ժամանակակից. տես Աճառեան 1913. 211b;
Մալխասեանց ՀԲԲ 1. 399; Աղայան ԱՀԲԲ 1. 206b:
Այնուհետև Վահրադյանները այս բառերին ավելացնում են Բռուն տեղանունը, որն այսպիսով մեկնաբանվում
է որպես “village of people who are literal”, և անգլ. write բայը, ապա հասնում են Բռնակոթ և Անգեղակոթ
տեղանուններին, կոթ բաղադրիչը կամայականորեն սարքում են կոտ, որի վերաբերյալ գրում են. “There is an old
word kot used in the dialect of Sysian the main meaning of which is „big/great‟” (“Սիսիանի բարբառում կա մի հին բառ,
որի հիմնական իմաստն է „մեծ‟”): Փոխանակ մատնանշելու Սիսիանի բարբառի (!) այդ բառի աղբյուրը և
բացատրելու, թե ինչու են այդ բառը համարում հին, նրանք վկայակոչում են կոտ “մի չափի միավոր” բառը, որ
նույնպես չգիտես ինչու համարում են հին հայկական, և նրան անհասկանալիորեն վերագրում են “մեծ” իմաստը՝
հիմնվելով մի կոտ ոսկի արտահայտության վրա: Սա պարզապես անհեթեթություն է: Իրականում այստեղ գործ
ունենք բարբառային կոտ (նաև՝ կոտ-իկ) “թաս, փայտե աման. մի չափի միավոր” բառի հետ,27 որի հետ քննվող
տեղանունների կոթ բաղադրիչի ունեցած կապը վերևում ժխտել էին հենց իրենք՝ հեղինակները: Ապա նրանք
հիշատակում են կոտ-կոտ խոսել դարձվածը՝ ակնարկելով “մեծ-մեծ խոսել”. բայց քանի որ, սովորության
համաձայն, նրանք աղբյուրներ չեն հղում և առհասարակ բանասիրական տվյալները ներկայացնում են իրենց
ցանկացած ձևով, ապա սա էլ հիմք չունենք վստահելի համարել, մանավանդ որ բառարաններում գտնում եմ
միայն՝ կոտ-կոտ “արագիլին տրվող ածականը, կոտ-կոտ ձայն հանող; ցից-ցից՝ հպարտ-հպարտ քայլվածք”
(ՀայԼեզԲրբԲառ Գ, 2004. 156a): Բայց ամենազավեշտականն այն է, որ այս ավազի հիման վրա նրանք Բռն-ա-կոթ և
Անգեղ-ա-կոթ տեղանունները մեկնաբանում են որպես (Բռն- ասի հիշեցի՝ լավ բռնվեք, որ չընկնեք) “Great Britain”
և “Great England”…
Հարգարժան Վահրադյաններ, ես Ձեզ չեմ ճանաչում ու ոչ մի անձնական շարժառիթ չունեմ Ձեր դեմ հանդես
գալու: Բայց խնդրում եմ չփորձեք հայտարարել, թե իմ այս անհաշտ քննադատությամբ ես Ձեզ վիրավորել եմ.
ընդհակառակը, Դուք եք վիրավորում ինձ ու մյուս բոլորին, քանի որ Ձեր գրածը պարզապես ծաղրուծանակ է:
Խնդրում եմ հասկացեք, որ, բանասիրական տվյալները խեղաթյուրելով ու դրանց վրա օդեղեն ամրոցներ
սարքելով, Դուք բռնանում եք անտեղյակ մարդկանց ուղեղների վրա, իսկ մասնագետներին ստիպում եք ավելորդ
աշխատանք կատարել՝ վրդովված քրքրելով Ձեր չմատնանշած աղբյուրները կամ փորձելով հասկանալ՝ արդյոք
որևէ իմաստ կա Ձեր գրածների մեջ թե ոչ: Եթե չեք կարող մատնանշել իմ տեսադաշտից վրիպած Ձեր
աղբյուրները (թեև չեմ կարծում, թե դրանք կարող են որևէ կերպ փրկել Ձեր վարկածները), ապա խոստովանեք, որ
այս ամենը հորինել եք:

27
Տես Ամատունի 1912. 382a; Աճառեան 1913. 596-597; ՀայԼեզԲրբԲառ Գ, 2004. 155:

10
4.5 Հուշարձանի ցուցատախտակի քննության քննությունը
Վերջերս համացանցում (http://qarahunj.livejournal.com/)
հայտնվեց Մարի Բարսեղյան-Խանջյանի (2011) հոդվածը,
որտեղ հեղինակը սուր քննադատության է ենթարկում
քննվող մեգալիթյան կառույցի՝ VivaCell ընկերության և ՀՀ
Մշակույթի Նախարարության համատեղ ջանքերով
տեղադրված ցուցատախտակը: Փորձենք հասկանալ, թե
ինչու է այս ցուցատախտակն այդպես վրդովեցրել
հեղինակին: Ստորև հատված առ հատված ներկայացվում է
նախ ցուցատախտակի տեքստը (կանաչ, թավ), հետո՝
հոդվածի հեղինակ Մարի Բարսեղյան-Խանջյանի (կապույտ,
շղագիր, ԲԽ համառոտագրությամբ) քննադատությունը, և
ապա՝ իմ մեկնաբանությունը:

Նախ՝ հեղինակն անդրադառնում է ցուցատախտակի վերնագրին, որն է՝ “Անունը”.

Այս վերնագիրն արդեն խոսում է այն մասին, որ տեքստի հեղինակը մակերեսորեն է ծանոթ հայերենին: ՙԱնուն՚ բառը
հայերենում օգտագործում են մարդկանց և կենդանիներին նշելու համար: Իսկ կառույցի կամ հնավայրի համար
կիրառվում է ՙանվանում՚ բառը: Դա խոսում է այն մասին, որ տեքստի հեղինակը զուրկ է հայերեն մտածողությունից և
ամենայն հավանականությամբ տեքստը գրվել է օտար լեզվով և ապա ապաշնորհ ձևով թարգմանվել է հայերեն: Հարց է
ծագում. ինչպե՞ս է եղել, որ հայերեն վատ իմացող մարդուն վստահել են գրել հանրային նշանակության տեքստ, դա
պետք է հարցնել Մշակույթի նախարարությանը: (ԲԽ)

Դեռ հոդվածի սկզբում էլ հեղինակը (ԲԽ) ընդգծել էր տեքստի անգրագետ լինելը. “Միանգամից աչքի է զարնում
այն, որ տեքստը գրված է շատ անգրագետ”: Հայոց լեզվի նկատմամբ այսպիսի նախանձախնդրություն ցուցաբերող
և ուրիշների լեզվաչիմացությունը նշավակող մարդը նախ ինքը պիտի անթերի հայերենով գրել կարողանա: Ես
ժամանակ ու ցանկություն չունեմ հեղինակի հոդվածի բոլոր քերականական, կետադրական ու ոճական սխալները
(դրանք կա՛ն) ցույց տալու: Միայն նշեմ, որ հենց իմ ցիտած քաղվածքներում էլ կան թերություններ: Օրինակ, “Դա
խոսում է այն մասին”-ով սկսվող նախադասությունն իր երկու “և”-երով անհարթ է, իսկ առաջին և-ից առաջ
անպայման պետք է ստորակետ լիներ: Հետո՝ ավելի լավ կլիներ գրել՝ “տեքստը գրված է շատ անգրագետ կերպով”
կամ “անգրագիտաբար, անգրագիտորեն”, քանի որ անգրագետ բառը ածական է, ոչ թե մակբայ: Այն, որ հոդվածի
հեղինակը լավ չի տարբերում ածականը մակբայից, երևում է նաև “Բառացիորեն թարգմանության առիթով արդեն
խոսել ենք” նախադասությունից: Կարելի է ուշադրություն դարձնել նաև հետևյալ նախադասության տարօրինակ
կառուցվածքին.

Չէ որ հնավայրի տարիքը, ըստ հնագետ, պրոֆեսոր Օնիկ Խնկիկյանի հնագիտական մեթոդներով գնահատելիս
կազմում է առնվազն 4000 տարի , իսկ ըստ ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս Պարիս Հերունու աստղագիտական
մեթոդներով գնահատելիս կազմում է շուրջ 7630 տարի: (ԲԽ)

Ինչ վերաբերում է անուն բառի վերաբերյալ հեղինակի առարկությանը, ապա չեմ կարծում, թե արժեր
քննարկումն սկսել այսպիսի մանրուքից, մանավանդ որ այն այնքան էլ տեղին չէ: Հայերենի բոլոր էտապներում
անուն ձևը կարող է վերաբերել ոչ միայն մարդկանց ու կենդանիներին, այլև՝ առարկաներին ու տեղանուններին:
Բավական է աչքի անցկացնել գրաբարի28 և աշխարհաբարի ստանդարտ բառարանների անուն հոդվածները՝ ՆՀԲ
1. 220-221; Աստուածատուրեան 1895. 117-123 (Աստվածաշնչի համաբարբառ); Մալխասեանց ՀԲԲ 1. 165-166;
Աղայան ԱՀԲԲ 1. 86:
Թողնենք անէական հարցերն ու անցնենք ցուցատախտակի տեքստին, որն սկսվում է այսպես.

Սկզբնական անունը դեռևս անհայտ է. այս հնավայրի նախնական բնակիչների ու նշանակության մասին որևէ գրավոր
տեղեկություն չի պահպանվել:

Սկզբնական անվան շուրջ երկար ու անպտուղ դատողություններ անելուց հետո հոդվածի հեղինակը գրում է.

28
Հմմտ. մի քանի վկայություն “Գիրք ծննդոց”-ից՝ անուն գետոյն երկրորդի Գեհովն. եւ դնէր անուն քաղաքին. կոչեաց զանուն
քաղաքին այնորիկ Սէգովր (Ծննդոց բ.13, դ.17, ժթ.22, տես Զեյթունյան 1895. 152,162, 227):

11
Եթե տեքստի հեղինակը նկատի ունի հնավայրի նախաթուրքական` հայկական անվանումը, որից, իրենց սովորության
համաձայն, եկվոր-զավթիչ թուրքերը թարգմանել են և ստացել ՙՂոշուն դաշ՚ թուրքացված ձևը, ապա ինչու՞ հեղինակը
այդ մասին հստակորեն չի գրում: Բացի դրանից, հեղինակը ծանոթ չէ կամ ձևացնում է թե ծանոթ չէ Վ. Վահրադյանի և
Մ. Վահրադյանի հետազոտություններին, որոնք բազմիցս տպագրվել են: Ըստ դրանց արդյունքների` քննարկվող
կառույցի նաև հայաստանյան նմանատիպ այլ մեգալիթյան կառույցների նախաթուրքական` հայկական
ընդհանրական անվանումը եղել է Քարահունջ: Եվ եթե այդ բառը ճիշտ թարգմանենք թուրքերեն կստացվի հենց
ՙՂոշուն դաշ՚: (ԲԽ)

Անարժեք դատողություններ: Արդեն տեսանք, որ Ղոշուն-դաշ-ից ավելի հին որևէ անվան մասին խոսելու հիմք
չունենք: Ցուցատախտակի հեղինակը ոչ մի սխալ թույլ չի տվել: Վահրադյաններին հիշատակելու ոչ մի
անհրաժեշտություն չկար, քանի որ նրանց տեսակետն անhիմն ու անընդունելի է. մեգալիթյան հուշարձանը երբեք
Քարահունջ չի կոչվել. առավել ևս, այդ տեղանվան թարգմանությունը երբեք չէր կարող լինել Ղոշուն-դաշ:
Ապա ցուցատախտակում կարդում ենք.

Առաջին անունը, որ մարդիկ հիշում են Ղոշուն դաշն է, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է “Քարե զորք”:

Անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ՙԱռաջին անունը, որ մարդիկ հիշում են՚ արտահայտությունը: Տպավորություն
է ստեղծվում, որ հեղինակն ուզում է մեծ վաղեմություն հաղորդել թուրքացված ՙՂոշուն դաշ՚ անվանմանը: Իրականում,
սակայն, կառույցի հայկական անվանումը թուրքացվել է մոտավորապես 18-19-րդ դարերում, <…> (ԲԽ)

Ես այդպիսի տպավորություն չեմ ստանում: Գուցե կարելի է վիճել ձևակերպման ոճաբանական հարցերի
շուրջ: Սակայն, ըստ էության, ցուցատախտակի հեղինակը սխալ չէ. Ղոշուն-դաշ-ից հին անուն մենք չգիտենք, ու
պետք չի մտահայեցողական մարզանքներ անել:
Ապա, անհասկանալի մեղադրանքներ ուղղելով 1890-ական թվականների ազգագրագետներին, որ “բավարար
մասնագիտական հետևողականություն” չեն ցուցաբերել՝ հիշատակելով միայն թուրքերեն անվանումը՝ Ղոշուն-
դաշ, հոդվածի հեղինակը գրում է.

Եթե առաջին ազգագրագետներին դա ինչ-որ իմաստով կարելի է ներել ուսումնասիրման իրենց մեթոդների
սահմանափակության պատճառով (հավանաբար Եվրոպայում էին կրթություն ստացել), ապա այս տեքստի
հեղինակին դա ոչ մի դեպքում ներելի չէ, որովհետև ժամանակակից հայագիտությունը այդ հարցում շատ բան արդեն
վաղուց պարզել է: Ուրեմն տեքստի հեղինակի այդպիսի վարքագիծը այլ կերպ, քան դիտավորություն, չի կարելի
որակել: (ԲԽ)

Բոլորովին համաձայն չեմ: Գուցե, կրկին, կարելի է վիճել ձևակերպման ոճաբանական հարցերի շուրջ, գուցե
իսկապես արժեր նաև հիշատակել ժողովրդական Դիք-դիք քարեր և Ցից-քարեր անվանումները: Սակայն, իմ
կարծիքով, ցուցատախտակի տեքստի հեղինակը ոչ դիտավորություն է ցուցաբերել, ոչ էլ մեղանչել է
ճշմարտության դեմ: Ի՞նչ անի մարդը, եթե Ղոշուն-դաշ-ից ավելի հին վկայություններ ունեցող որևէ անվանում
հայտնի չէ: Այն, ինչ նկատի ունի հոդվածի հեղինակը (ԲԽ) “ժամանակակից հայագիտությունը այդ հարցում շատ
բան արդեն վաղուց պարզել է” ասելով, հիմնազուրկ է: Բայց առանձնապես անհասկանալի է նրա՝ առաջին
ազգագրագետների ուսումնասիրման մեթոդների սահմանափակությունը ենթադրաբար եվրոպական կրթությանը
վերագրելը: Գիտենք, որ Ե. Լալայանի բանահավաքային մեթոդներն անթերի չեն եղել: Բայց ի՞նչ իմաստ ունի
եվրոպական կրթության վերաբերյալ այդ ակնարկը: Բավական է հիշել, որ նույն 1890-ականներին Եվրոպայում են
սովորել հայագիտության երկու հսկաները՝ Աճառյանն ու Աբեղյանը:
Այնուհետև, անդրադառնալով ցուցատախտակի “Ղոշուն դաշն է, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է
„Քարե զորք‟” հատվածին, հոդվածի հեղինակը հայտարարում է.

Բացահայտ սխալ է: ՙՂոշուն՚ բառը ՙթուրքերենից թարգմանաբար՚ նշանակում է ՙշարք՚ և միայն ՙշարք: ABBYY Lingvo 12
հեղինակավոր բառարանում թուրքերեն ՙՂոշուն՚ բառը միարժեքորեն թարգմանվում է որպես ՙշարք‟: (ԲԽ)

Ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է մարդ այսքան կատեգորիկ լինել՝ առանց մտքով իսկ անցկացնելու, որ
գոյություն ունեն շատ ավելի լիակատար բառարաններ, քան ABBYY Lingvo 12-ն է, և որ ամենատարրական
բարեխղճությունը պահանջում է նման հայտարարություններ անելուց առաջ ստուգել նաև այլ բառարաններ: Վերը
տեսանք (§ 3.1), որ թուրքերեն koşun բառը, ըստ New Redhouse Turkish-English dictionary հեղինակավոր բառարանի,
բացի “line, row (of people)”-ից նշանակել է նաև “troops, military forces”, և նույն իմաստն ունի նաև Սյունիքի

12
բնակչության բարբառի կողմից թուրքերենից փոխառված ղօշուն բառը՝ “ամբոխ, զորք”, ինչպես հստակորեն ցույց է
տալիս Ալ. Մարգարյանն իր ծավալուն ու ընդարձակ մենագրության մեջ:
Առավել ևս անիմաստ է հոդվածի հեղինակի այն հայտարարությունը, որտեղ նա, Վահրադյանների
հետազոտությունները վկայակոչելով, պնդում է, թե “քննարկվող կառույցի նաև հայաստանյան նմանատիպ այլ
մեգալիթյան կառույցների նախաթուրքական` հայկական ընդհանրական անվանումը եղել է Քարահունջ: Եվ եթե
այդ բառը ճիշտ թարգմանենք թուրքերեն կստացվի հենց ՙՂոշուն դաշ՚: Հուսով եմ այս հոդվածով հանգամանորեն
ցույց եմ տվել, որ Քարահունջ-ը երբեք մեգալիթյան հուշարձանի անվանում չի եղել. այն սովորական գյուղանուն է,
ստուգաբանորեն նշանակում է “քարատակ” և ոչ մի կերպ չէր կարող թարգմանվել Ղոշուն-դաշ:
Ապա՝ ցուցատախտակի տեքստի հեղինակին զանազան մեղադրանքներ ուղղելուց հետո, հոդվածի հեղինակը,
սեփական անսխալականության ու ամենագիտության անխախտ համոզման էյֆորիայի ազդեցությամբ իսպառ
մոռանալով արգելակների մասին, անցնում է ավելի մեծ չափաբաժնով մեղադրանքների ու նույնիսկ
ամոթանքների: Նա ընդգծում է, որ Վահրադյանների՝ Քարահունջի վարկածին “մեծ ապացուցողական ուժ”
հաղորդող “սենսացիոն հայտնագործությունների” արդյունքները հուշատախտակների վրա չնշել նշանակում է
“հետ մնալ գիտության վերջին նվաճումների լուսաբանումից, իսկ այցելուներին զրկել ճշմարտությունն իմանալու
հնարավորությունից”, իսկ ակադեմիկոս Պարիս Հերունու աշխատությունները բնութագրելով մեծածավալ և
ծանրակշիռ մակդիրներով (երկու մակդիրին էլ համաձայն եմ. օրինակ՝ նրա անգլերեն գիրքն իսկապես մեծ ծավալ
ու ծանր քաշ ունի. պոլիգրաֆիական որակն էլ հրաշալի է)՝ գրում է.

Չնշել նրա անունը հուշատախտակին նշանակում է մեղանչել թե´ գիտության, թե´ խղճի առաջ: Ամոթ է, պարոնա´յք,
պարզապես անհարմար է … (ԲԽ)

Սա արդեն չափից դուրս չեղա՞վ: Հարգելի Մարի Բարսեղյան-Խանջյան, Դուք ե՞ք խոսում գիտության ու խղճի
անունից: Միայն մի հռետորական հարց եմ ուզում տալ. Դուք, որ չունեք ոչ համապատասխան գիտելիքներ, ոչ էլ
գիտական պատասխանատվության զգացում, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս այսպիսի անթաքույց թշնամանքով ու
հիմնազուրկ կատեգորիկությամբ միջամտել գիտական քննարկմանը և նույնիսկ մարդկանց հանիրավի ամոթանք
տալ: Ցուցատախտակի տեքստը անթերի չէ. սակայն այնտեղ ճշմարտության հանդեպ ոչ մի մեղանչում չկա,
մինչդեռ Ձեր հարձակումները նրա վրա բացարձակապես անհիմն են, իսկ Հերունու ու Վահրադյանների՝ Ձեր
վկայակոչած “տեսությունները” զուրկ են գիտական արժեքից, ուստի և արդարացիորեն անտեսվել են տեքստում:
Ես ոչ ճանաչում եմ Ձեզ կամ Վահրադյաններին, ոչ որևէ առնչություն ունեմ VivaCell-ի կամ Մշակույթի
նախարարության հետ, ոչ էլ գիտեմ, թե ով է գրել ցուցատախտակը, հետևաբար իմ գրածում անձնական
վերաբերմունք կամ դիտավորություն տեսնելը պարզապես ծիծաղելի կլինի: Հուսով եմ՝ հասկանում եք, որ ես շատ
ավելի մեղմությամբ ու տակտով եմ քննադատել Ձեր հոդվածը, քան Դուք՝ այդ բազմաչարչար ցուցատախտակը,
թեև ես բոլոր հիմքերն ունեմ ավելի խիստ գրելու, իսկ Ձեր հոդվածում գիտականորեն ընդունելի ոչինչ չկա:
Ինչ վերաբերում է քննվող հոդվածի (ԲԽ) վերջնամասին, ապա դրան կանդրադառնամ ստորև՝ ամփոփման մեջ
(§ 7.2):

5. Ցեղակենտրոնության կենսունակ ու մարտնչող վիրուսը


Մարդիկ անկասկած կհարցնեն. “Այս ամենն իսկապես վտանգավո՞ր է արդյոք Հայաստանի գիտակրթական
համակարգի և առհասարակ հայերի աշխարհայացքի ու մտածողության համար”: Պատասխանս է՝ անկասկա՛ծ:
Ցեղակենտրոն ու անբովանդակ գաղափարներն այնպես փափուկ ու անարգել կերպով են թափանցում
համացանց, հեռուստաեթեր, մամուլ և գիտակրթական ասպարեզ, որ մարդիկ այլևս ունակ չեն առողջ դատելու և
գիտական վարկածը տգիտական ցնդաբանությունից տարբերելու: Ապշել կարելի է, թե ինչպես են մարդիկ հալած
յուղի տեղ ընդունում այն պնդումները, թե Ադամն ու Եվան հայերեն են խոսել, հայերենը հնդեվրոպական
լեզուների մայրն է և այլն և այլն:
Ցեղակենտրոնական այս համընդհանուր էյֆորիան չափազանց կենսունակ ու վարակիչ վիրուս է, որ
սպառնում է հայ ժողովրդին զրկել ուղեղի իմունիտետից: Այն սկսում է թափանցել նույնիսկ դպրոցներ ու
անողոքաբար խծբծել անպաշտպան tabula rasa-յի վրա: Մի չափազանց խոսուն օրինակ: Վերջերս “Լույս աշխարհ”-
ում29 հանդիպեցի մի հոդված՝ իր ծայրահեղ անգրագիտությամբ շոկ հարուցող վերնագրով. “Հայոց այբուբենը՝
որպես լեզուների նախահիմք”: Նույնիսկ եթե ասվեր՝ “Հայոց լեզուն որպես լեզուների նախահիմք”, էլի կլիներ
աններելի տգիտություն: Բայց որ կոնկրետ մի լեզվի այբուբենը դիտարկվի որպես լեզուների հիմք… Առավել տգետ
ու հրեշավոր մոլորություն դժվար է պատկերացնել: Հեղինակն է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նոնա
Նարինյանը: Այստեղ ասվում է, որ “Կրասնոդարից հայրենիք ժամանած Արմեն Բուրանյանը, չխնայելով իր

29
Տես http://www.louysworld.com/2011/01/20/:

13
ժամանակն ու միջոցները, Հայաստանում ներկայացնում է ֆիզիկոս, բնագետ, 35 տարի հայոց տառերի բուն
էությունը վերծանող Արծվի Ալեքսանյանի հայտնաբերումները”: Ապա կարդում ենք.

Վերջերս “Կենտրոն” հեռուստատեսության ուղիղ եթերում հեռարձակված Արմեն Բուրանյանի ելույթը բազմաթիվ
արձագանքների առիթ հանդիսացավ, որոնցից մեկն էլ Երևանի հ. 30 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության, հայոց
եկեղեցու պատմության ուսուցչուհի Լիլիթ Միրիբյանի նախաձեռնությամբ դասերից հետո կազմակերպված հանդիպում-
միջոցառումն էր, որը կրում էր “Հայոց այբուբենի վերծանումները” խորագիրը: Հանդիպմանը ներկա էին դպրոցի
տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ: Ներկայացնելով Արծվի Ալեքսանյանի բազմամյա տարիների
ուսումնասիրության ընդհանուր պատկերը` Ա. Բուրանյանը երեխաներին առաջարկեց լսել, վերլուծել, համադրել, բայց
առաջնորդվել սեփական տրամաբանությամբ: Նա փաստեց, որ հայոց այբուբենը բոլոր լեզուների նախահիմքն է:
Հետաքրքրական էր անդրադարձը հայերենի ձայնավորներին և դրանց համադրմանը Ր տառի հետ, եռաշարք, երկշարք և
միաշարք բաղաձայնական համակարգին` նորովի մեկնաբանությամբ, ինչպես նաև ԱՐ-ի` առ այսօր չհասկացված
գաղափարին:

Եվ տեսեք, թե ինչպիսի ինքնավստահ ու անկասելի հաղթարշավով է այս անմտությունը հարթում իր


ճանապարհն ու վերածվում այնպիսի համոզմունքների, որոնց որդեգրման համար անհրաժեշտ է թեթև ձեռքով
քանդել այն ամենը, ինչին երկու դարի ընթացքում հասել է լեզվաբանությունը.

Ներկաները համոզվեցին, որ մինչ այժմ եղած այն կարծրատիպը, թե հայոց աշխարհում նախ խոսքն է եղել, հետո
մեսրոպյան տառը, սխալ է: Հայոց աստվածատուր լեզվում, ի տարբերություն այլ լեզուների, խոսքն ու գիրը միաժամանակ
են արարվել ու տրվել մարդուն: <…>: Այնքան հետաքրիր էր մատուցված նյութը, որ նախատեսված մեկ ժամի փոխարեն
հանդիպումը տևեց չորս ժամ: Երեխաներն առաջարկեցին, որ հանդիպումները լինեն շարունակական (աստված մի
արասցե … ՀՄ), իսկ մանկավարժները եկան այն եզրակացության, որ նյութը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, և
անհրաժեշտ է աջակցություն` դա հայագիտական կենտրոնների հատուկ բաժնում կազմակերպելու համար:

Բնականաբար կայքի այցելուներն էլ են հիացած ու երջանկացած: Ահա այդ հոդվածի մի արձագանք.

Ուրախ եմ, որ վերջապես այս թեմայով հանդիպումներ են կազմակերպվում և այդ հանդիպումների ժամանակ լուրջ
գիտնականների ուսումնասիրություններ են ներկայացվում երիտասարդ սերնդին: Առաջին անգամ Պարիս Հերունուց եմ
լսել, որ Մաշտոցը փաստորեն ոչ թե ստեղծել է, այլ վերագտել է մեր մինչ այդ էլ գոյութուն ունեցող տառերը: Երկար կարող
եմ խոսել այս թեմայի շուրջ, բայց միայն կասեմ. երջանիկ եմ զգում ինձ այն փաստից, որ վերջապես եղելութունը ջրի երես է
դուրս գալիս: Կարծում եմ դեռ անհամար բացահայտումներ են մեզ սպասում մեր անցյալի չվերծանված էջերում: 30

Համընդհանուր էյֆորիա… Մեկնաբանությունները գլուխներն առել փախել են …

“Լույս աշխարհ”-ն ավելի զորեղ ուժ էլ է գործածում հայագիտության լույսը նվազեցնելու համար՝ “Հայերը”
ֆիլմաշարը (տես http://bit.ly/hayer ): Ես մտադիր չեմ միանշանակորեն բացասական գնահատական տալ ամբողջ
ֆիլմաշարին, քանի որ բոլոր ֆիլմերը չեմ դիտել, և որ ամբողջի քննության համար շաբաթներ կպահանջվեին:
Բայց իմ դիտած ֆիլմերից գրեթե բոլորը, ցավալիորեն, հակագիտական ու ցեղակենտրոնական են: Ինչ
անմտություն ասես որ չի կարելի լսել այս ֆիլմերում՝ հիքսոսները (որ ձեռի հետ սարքում են *հայքսոսներ !)
հայերն են. նրանց թագավորական անունները միայն հայերենի հիմքի վրա կարեղ են մեկնաբանվել. հայերն
արիացիներ են. ռուս. абрикос, անգլ. apricot և մյուս բառերը ծագում են armenicos-ից և այլն: Հատկապես ուզում եմ
նշել այդ շարքի “Հայերը. լեզու” ֆիլմը, որտեղից ճշգրտորեն գրառում եմ պատմաբան Արսեն Սարգսյանի
հայտարարությունները՝ զանց առնելով նրա բառաքննական անտեղյակ մարզանքները:

Եթե փորձ անենք թափանցել արմատի ներսը, այսինքն՝ իմաստաբանությունը, լեզվի իմաստաբանությունը
փոխանցենք հնչյունային իմաստաբանությամբ, որովհետև յուրաքանչյուր արմատի մեջ, ինչպես դա երևում է միայն
հայերենում, յուրաքանչյուր հնչյուն ունի իր որոշակի խիստ արտահայտված իմաստը: Լեզվաբանների կողմից
գոյություն ունեն հատուկ կազմված ցուցակներ, թե կոնկրետ որ լեզուն ինչպիսի հնչյունային շեղումներ է տալիս
հնդեվրոպական մայր լեզվից: Եվ գրեթե չկա որևէ լեզու, որը հայերենի նման այդքան հստակ պահպանած լինի,
այսինքն՝ շեղում չունենա հնդեվրոպական մայր լեզվից: <…>: ՈՒսումնասիրություններից երևում է, որ
բացարձակապես բոլոր արմատները, քանի արմատ գոյություն ունի հնդեվրոպական լեզվի մեջ, այդքան արմատ էլ
պարտադիր կերպով հանդիպում ենք հայերենի մեջ: <…>: Հայերենը հանդիսանում է ամբողջ հնդեվրոպական
բարբառների հիմքը կամ մայր լեզուն:

30
Անհրաժեշտ եմ համարում զգուշացնել, որ այս և հոդվածիս մյուս քաղվածքները հղել եմ առանց ուղղագրական
թերությունների խմբագրման:

14
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս նախադասություններից յուրաքանչյուրը
բավական է հստակորեն ցույց տալու համար, որ այս մարդը լրիվ անտեղյակ է հնդեվրոպաբանությունից և
առհասարակ լեզվաբանությունից: Իհարկե՝ ոչինչ, որ մարդ լեզվաբան չէ, և ոչինչ, որ նա մտքերն այդքան խրթին
կերպով է արտահայտում: Բայց պետք է հարցնել ֆիլմի հեղինակներին՝ ինչու՞ էր պետք հնդեվրոպական հարցերի
վերաբերյալ այդ նյութի համար ներգրավել նման անտեղյակ մարդու:
Հաջորդ պարագրաֆում կփորձեմ ցույց տալ, որ հայոց լեզվի բացառիկության և առավել ևս մյուս լեզուների
մայր լինելու Հերունու և մյուսների դրույթները զավեշտի ասպարեզից են:

6. Մի քիչ հնդեվրոպաբանություն
Իրեն հարգող ոչ մի լեզվաբան իրեն թույլ չի տա ներխուժել ճշգրիտ գիտությունների ասպարեզ ու, առանց
հիմնարար գիտելիքների ու համապատասխան կրթության բազայի, համարձակ տեսություններ առաջադրել
մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի կամ քիմիայի ասպարեզում: Բայց չգիտես ինչու որոշ ֆիզիկոսներ ու
մաթեմատիկոսներ, որ նույնիսկ տարրական պատկերացումներ չունեն բանասիրության մասին, իրենց իրավունք
են վերապահում ներխուժել լեզվաբանության դաշտ ու ավերել ողջ եղածը՝ նույնիսկ պատկերացում անգամ
չունենալով, թե ինչեր են ավերում: Նրանց թվում է, թե ոչ ճշգրիտ գիտություն նշանակում է անճիշտ ու հեղհեղուկ
մի բնագավառ, որտեղ ամեն ինչ թույլատրելի է:31 Սա խորագույն մոլորություն է: Լեզվաբանությունը,
մասնավորապես՝ համեմատական լեզվաբանությունը, ունի իր խիստ օրենքները: Տարբերությունն այն է, որ
մաթեմատիկան, ֆիզիկան ու քիմիան գործ ունեն անօրգանական ու օրգանական սուբստանցիայի և այնպիսի
հասկացությունների ու կատեգորիաների հետ, որոնք բացարձակ են, ամենուր ենթարկվում են կառուցվածքի ու
զարգացման նույն օրենքներին և կախված չեն մարդկային հասարակության ու մշակույթի տարբերություններից,
առանձնահատկություններից ու փոփոխություններից, մինչդեռ լեզուն մշտապես անկանխատեսելիորեն
զարգացող ու փոփոխվող հասարակական երևույթ է և անքակտելիորեն կապված է տվյալ հանրության ու
մշակույթի հետ:
Լեզվաբանական օրենքներն ունեն իրենց գործառության տարածաժամանակային սահմանները: Օրինակ՝
տվյալ լեզվաընտանիքի մայր լեզվի որևէ հնչույթ լեզվաճյուղերից մեկում կարող է զարգանալ մի ուղղությամբ, իսկ
մյուսներում արտացոլվել միանգամայն տարբեր կերպ: Հնչյունական օրենքները կարող են սկսվել որոշակի
տարածքում որոշակի մի ժամանակահատվածում և գործել մինչև մեկ այլ ժամանակակետ: Այս տարրական
դրույթի չիմացությունը կամ արհամարհումը, սակայն, առատորեն արտացոլվում է մեր իրականությունը հեղեղող
հայատգիտական մարզանքներում և նույնիսկ սկսում է վստահորեն թափանցել գիտական հրատարակություններ.
օրինակ՝ Երևանի համալսարանի հրատարակած մի գրքում իրար են միացված արեգ, այգ, այբ և այլ բառեր
(Սարգսյան 1999), որոնցից յուրաքանչյուրն իրականում ունի իր առանձին ստուգաբանությունը:
Ամենաբարդն այն է, որ հնչյունական տվյալ օրենքը կարող է խաչվել հնչյունական այլ օրենքների հետ: Սա
կարող է պայմանավորված լինել դիրքային (նույն հնչյունը իրեն պահում է տարբեր կերպ՝ կախված հարևան
հնչյունների ազդեցությունից, հմմտ. ստորև բերվող օրինակները), մշակութային (տաբու, էվֆեմիզմ, ժողովրդական
ստուգաբանություն, բաղարկություն և այլն) կամ անհայտ այլ գործոններով: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ
համեմատական լեզվաբանությունը, բոլոր գիտությունների համար պարտադիր բարեխղճությունից ու
էրուդիցիայից բացի, պահանջում է շատ մեծ զգուշավորություն ու խստություն, բազմաբովանդակ գիտելիքներ և
շատ լեզուների իմացություն: Հետևաբար բոլորովին անընդունելի է, երբ ոչ մասնագետ մարդիկ, առանց
համապատասխան գիտելիքների, կատարում են լեզվաբանական “գյուտեր”, դրանցից բխեցնում են մշակութային
հիմնազուրկ եզրահանգումներ և սրանց վրա վստահորեն կառուցում ակադեմիական գիտությունն ավերող
ֆանտաստիկ տեսություններ:
Քանի որ Քարահունջ – Stonehenge և հարակից “տեսությունները” հավակնում են հայոց լեզվին վերագրել
բացառիկ ու աստվածային բնույթ, անհրաժեշտ է հիմա մի քիչ պարզաբանել, թե դրանք ըստ էության գիտական
ինչ կառույցի հետ են հակադրվում:
Հայերենը համարվում է հնդեվրոպական լեզու, այսինքն՝ պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին,
ինչը նշանակում է, որ հայերենը ցեղակից է խեթերենին, թոխարերենին, սանսկրիտին (հին հնդկերեն),
պարսկերենին, հունարենին, լատիներենին, գերմաներենին, իռլանդերենին, ռուսերենին, լիտվերենին և մի շարք
այլ լեզուների, այսինքն՝ սերում է բոլոր այս լեզուների նախամայր լեզվից: Դա աներկբայելիորեն հաստատվում է
հիմնական բառաֆոնդը կազմող հարյուրավոր բառային ընդհանրություններով ու քերականական կառուցվածքով,

31
Հատկանշական է, որ Վաչագան և Մարինե Վահրադյանները (2010) Ղոշուն-դաշ-ի շուրջ իրենց հարուցած անիմաստ
բանավեճում (տես § 3.1) իրենց տեսակետին հակադիր կարծիքի կողմնակիցներին ներկայացնում են որպես “հիմնականում ոչ
ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներ”:

15
ընդ որում հայերենի ու ցեղակից լեզուների համադրվող բառերի ու քերականական ձևույթների միջև առկա է
երկպլան (ձևի և իմաստի) ներդաշնակություն, իսկ հնչյունական համապատասխանությունները սիստեմատիկ են:
Հնդեվրոպական արմատների վերակազմության մեթոդաբանության և օրինաչափ հնչյունափոխությունների
մասին պատկերացում կազմելու համար դիտարկենք մի քանի օրինակ:
Սանսկրիտ mātár, հուն. μήτηρ (դորիական μάτηρ [mátēr]), լատ. māter, անգլ. mother և մի շարք այլ ցեղակից
բառաձևեր նշանակում են “մայր” և թույլ են տալիս վերականգնել հնդեվրոպական նախալեզվի “մայր” նախաբառը
հետևյալ տեսքով՝ *mātēr: Հայերեն մայր բառը նույնպես, անկասկած, ժառանգել ենք այդ արմատից: Կարող ենք
եզրակացնել, որ հնդ-եվր. *-t- ատամնային պայթականը միջձայնավորային դիրքում հայերենում ընկնում է:
Եվ իսկապես, այս հնչյունական զարգացումն օրինաչափորեն նկատվում է նաև այլ նմանատիպ դեպքերում,
օրինակ՝ հնդեվրոպական * atēr “հայր” արմատի ժառանգներն են հուն. πατήρ [patēr], լատ. pater, թոխար. Բ ācer,
անգլ. father, հայերեն հայր և այլն: Այստեղ տեսնում ենք նաև մեկ այլ հնչյունական զարգացում. բոլոր լեզուներում
բառասկզբի բաղաձայնն է *p-, մինչդեռ հայերենում այն վերածվել է հ-ի: Սա էլ իր հերթին հաստատվում է
համապատասխան այլ օրինակներով, ինչպիսիք են.
հերու “անցյալ տարի” – հմմտ. հուն πέρσσι, դոր. πέρστι [péruti], սանս. parut “անցյալ տարի”.
հուր “կրակ” – հմմտ. խեթ. aḫḫur, հուն. πῦρ, սեռ. հոլ. πῠρ-ός (pur-ós = հայերեն սեռ. հոլ. հր-ոյ), հ-իսլ. fúrr
“կրակ”:
Սակայն երբ այդ նույն *t պայթականը հայտնվում է *r ձայնորդին կից՝ նախորդող դիրքում, ապա այն
հայերենում այլ կերպ է արտացոլվում. ստացված *-tr- հնչյունախումբը վերածվում է -ւր-ի: Հմմտ. հայ. հայր բառի
սեռական հոլովաձևը՝ հաւր (= հօր), որ բխում է հնդեվրոպական սեռական հոլովաձևից՝ *patr-ós, որից ծագում են
հուն. πατρός [patrós], լատ. patris և այլն: Նույն կերպ՝ մայր բառի սեռական հոլովաձևը՝ մաւր (=մօր) համադրելի է
հուն. μητρός և լատ. mātris ձևերի հետ: Նույն *-tr- > -ւր- հնչյունական համապատասխանությունը դիտելի է նաև,
օրինակ, հայերեն արաւր “արոր” բառում, որի ցեղակից ձևերն են՝ հուն. ἄροτρον [árotron], լատ. arātrum, մ-իռլ.
arathar, հ-իսլ. arðr և այլն:
Երբեմն համեմատվող ձևերի նմանությունը որոշ չափով խաթարված է լինում իրար հաջորդած
հնչյունափոխություններով, ուստի դրանց կապը ակնհայտ չի թվում: Սակայն համեմատական մեթոդի օգնությամբ
հնարավոր է քայլ առ քայլ ցույց տալ տվյալ ստուգաբանության ճշտությունը: Օրինակ՝ սանսկրիտ bhrātar-, լատ.
frāter, անգլ. brother և ցեղակից մյուս բառերը, որոնք բոլորն էլ նշանակում են “եղբայր”, մատնանշում են
նախահնդեվրոպական նախաձևի երբեմնի գոյությունը, որը կարող ենք վերականգնել այսպես՝ *bhrātēr “եղբայր”:
Հնդեվրոպական այդ արմատից է բխում նաև հայերեն եղբայր բառը, սակայն նրանում արտացոլված են հայերենին
հատուկ հնչյունափոխությունները: Բացի արդեն նշված միջձայնավորային *-t- ատամնային պայթականի
անկումից, տեղ է գտել նաև *bhr- > -րբ- դրափոխությունը (համեմատել հայ. սուրբ “մաքուր, սուրբ” և սանսկրիտ
śubhrá- “փայլուն, գեղեցիկ”): Այսպիսով՝ ստացվում է վաղնջահայերեն *րբաիր, որն էլ երկու -ր- հնչյուններից
առաջինի տարնմանությամբ (հմմտ. *saravart- > սաղաւարտ) դառնում է *ղբայր: Քանի որ հայերենում բառը չի
կարող սկսվել ղ կամ ր ձայնորդներով, *ղբայր ձևի բառասկզբում առաջ է գալիս այսպես կոչված
նախահավելվածային կամ հենարան ե- ձայնավորը, և ստացվում է ե-ղբայր:
Այս փոքրիկ էքսկուրսն էլ բավական է ցույց տալու, որ հայերենը սովորական դուստր լեզու է, ինչպես մյուս
բոլոր հնդեվրոպական լեզուները՝ սանսկրիտը, հունարենը, լատիներենը, իռլանդերենը, իսլանդերենը, ռուսերենը
և մյուսները. հնչյունական զարգացումների ուղղությունն ակնհայտորեն մատնանշում է հայերեն ձևերի
երկրորդային՝ ածանցյալ բնույթը: Ակնհայտ է, որ բերված օրինակներում ցեղակից լեզուների *p- պայթականի
դիմաց հ-, և *-t- պայթականի դիմաց -ւ- կամ զրոյական արտացոլում ցուցաբերող հայերեն ձևերը չեն կարող
նախնական լինել: Հայերենը ոչ մի կերպ չի կարելի համարել մյուս ցեղակից լեզուների մայր: Հատկանշական է, որ
այս տարրական ճշմարտությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար անտեսում են այն մարդիկ, որոնք
առհասարակ ոչինչ չեն հասկանում համեմատական լեզվաբանությունից:
Կատարյալ տգիտություն է նաև Ար դիցանվան տեսությունը: Ար անվամբ Արևի Հայր աստվածության
պաշտամունք երբեք չի եղել: Այդ անգո դիցանվան կապակցումը միմյանց հետ ստուգաբանական կապ չունեցող
արեւ, արարիչ, արի, Արամազդ, Արարատ (և այն էլ՝ որպես արարման վայր), Հարք և բազմաթիվ այլ բառերի հետ
գիտական ոչ մի արժեք չունի: Նշենք, որ արեւ (սեռ. հոլ. արեգ < *արեգ-ի-) բառի միակ ցեղակիցը սանսկրիտ ravi-
“արև” բառն է, հետևաբար արմատն է *(h2)rew-i-: Ակնհայտ է, որ հայերեն ձևի բառասկզբնային ա- ձայնավորը
նախնական չէ, և ԱՐ արմատի մասին խոսք լինել չի կարող: Հայերեն արար-ը արեւ-ի հետ բացարձակապես ոչ մի
առնչություն չունի. այն առնեմ բայի հնդեվրոպական *h2er- արմատի կրկնավոր անցյալ կատարյալի հիմքն է և
հստակ զուգահեռ ունի հուն. ἀραρίσκω, աոր. ἤραρον „to fit, equip‟ բայի մեջ: Նույն կերպ կապ չունի նաև արի
ածականը. այն ածանցված է այր “տղամարդ” բառից, որ նույնպես հնդեվրոպական մի այլ արմատի ժառանգ է:
Արամազդ-ը իրանական փոխառություն է: Եվ այսպես շարունակ: Ինչ վերաբերում է հայերին արիացիների հետ
նույնացնող “տեսությանը”, ապա դա պարզապես անմտություն է. arya-ն որպես էթնոնիմ վերաբերում է միայն

16
հնդիրանական ժողովուրդներին. հայերի հետ առնչվելու մասին ոչ մի վկայություն չկա: Բայց ցավալի է, որ
նույնիսկ ակադեմիական ոլորտի գիտաշխատողներն են տուրք տալիս այդ անիմաստ “ուսմունքին”. օրինակ՝
վերոհիշյալ “Հայերը” ֆիլմաշարի “Հին հավատք” ֆիլմում Գ. Վարդումյանն ասում է՝ “Արան խորհրդանշում է մեր
արիական սկիզբը”: Ինչի՞ համար է այս ամենը. ի՞նչ կտա մեզ օտար ցեղանվան յուրացումը:
Նախամայր լեզուն խոսվել է աշխարհագրական որոշակի տարածքում՝ “հնդեվրոպական նախահայրենիքում”
(որի տեղայնացումը վիճահարույց է), և սկսել է տրոհվել մոտ 6-7.000 տարի առաջ, իսկ ըստ այլ տեսակետի՝ մի
քանի հազարամյակ ավելի վաղ: Հասկանալի է, որ տրոհմանը նախորդած ժամանակաշրջաններում հայերենի,
հունարենի, հնդկերենի կամ որևէ այլ հնդեվրոպական լեզվի գոյության մասին խոսք լինել չի կարող: Այդ
ժամանակ կար միայն հնդեվրոպական նախալեզուն, իսկ այլ տարածքներում՝ մյուս լեզվաընտանիքների
նախալեզուները՝ սեմա-քամյան, քարթվելական, խուռա-ուրարտական, դրավիդյան և այլն:
Հասկանալի է, ուրեմն, որ հայոց լեզվի ակունքները թաղված են հնդեվրոպական անցյալում: Հայերենի
ամենահին բառերն ու քերականական ձևույթները և մշակութային իրակությունները սերում են հնդեվրոպական
արմատներից, ուստի դրանք չեն կարող դիտարկվել մայր լեզվից ու նրա մյուս ժառանգներից անկախաբար:
Հետևաբար հնդեվրոպական լեզվաբանության կարևորությունը հայոց լեզվի ու մշակույթի ակունքների
ուսումնասիրության համար դժվար է գերագնահատել: Հնդեվրոպական և հայկական լեզվաբանությունը 19-րդ
դարի առաջին կեսից մինչև մեր օրերը գիտնականների մի ստվարաքանակ համաստեղության ջանքերի շնորհիվ
կարողացել է իրագործել նախալեզվի քերականական համակարգի, բառամթերքի ու մշակութային համակարգի
վերակազմության և դրանից ածանցված առանձին լեզուների՝ հայերենի ու մյուսների զարգացման մեխանիզմների
մշակման բարդ աշխատանքները:
Այս ամենից պարզ է դառնում, որ ծայրահեղորեն անհեթեթ են այն պնդումները, թե հայերենը 40.000 տարեկան
է ու դրախտի լեզուն է: Եթե նույնիսկ ընդունենք հնդեվրոպական նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհում
կամ մերձակա տարածքներում տեղակայելու վարկածները, ապա դրանից ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏԵՎԵԼ, որ
հայերենը հնդեվրոպական մյուս բոլոր լեզուների նկատմամբ գերակա դիրք է գրավում: Հայերենը, իհարկե,
անփոխարինելի դեր ունի հնդեվրոպական նախալեզվի ու նախամշակույթի վերակազմության գործում, իսկ որոշ
հարցերում (օրինակ՝ կոկորդայինների ու գլոտտալների տեսությունների) իսկապես բացառիկ կարևորություն
ունի: Սակայն ընդհանուր առմամբ նա շատ ավելի քիչ նյութ է տրամադրում այդ գործում, քան խեթերենը,
սանսկրիտը, ավեստերենը, հունարենը, լատիներենը և մի շարք այլ լեզուներ: Գուցե տարօրինակ թվա, բայց
նույնիսկ լիտվերենը, որի գրավոր մշակույթը հայերենից երիտասարդ է ավելի քան հազար տարով, բազմաթիվ
էական հարցերում շատ ավելի արխաիկ է ու կարևոր նախալեզվի վերակազմության համար: Ինչ վերաբերում է
հայերենի գրավոր ժառանգությանը, ապա այն, իհարկե, շատ հարուստ է, ինքնատիպ ու բարձրարժեք, բայց չի
կարող համեմատվել սանսկրիտի, հունարենի ու լատիներենի ժառանգությունների հետ:
Սիրել մայրենի լեզուն ու մշակույթը նշանակում է խոնարհ կերպով ուսումնասիրել ու ճանաչել
դրանք, ոչ թե տգիտաբար աղավաղել ու անմտություններ հերյուրել դրանց շուրջը: Հայոց
պատմությամբ ու մշակույթով հպարտանալու շատ իրական հիմքեր ունենք, ու բոլորովին պետք չէ
կեղծ արժեքներ ստեղծել ու անհեթեթ “տեսություններ” սարքել:

7. Ամփոփում. երևակայական հարցազրույց


7.1 Եզրակացություններ.
● Սիսիանի և Անգեղակոթի մերձակայքում գտնվող այս մեգալիթյան հուշարձանը հիշատակված է տասնիններորդ
դարի վերջերից՝ Ղօշուն-դաշ թուրքական անվամբ. ավելի հին որևէ անվանում հայտնի չէ. այն երբեք չի կոչվել
Քարահունջ, հետևաբար Stonehenge-ի անվան հետ համեմատությունը անիմաստ է. Զորաց-քարեր անվանումը ոչ
մի պատմական արժեք չունի. այն պարզապես Ղոշուն-դաշ-ի հայեցված տարբերակն է (§ 2).
● Քարահունջ-ը (հին վկայություններում՝ Քարունջ) սովորական տեղանուն է. այդ անվամբ հայտնի է չորս
բնակավայր, որոնք ոչ մի առնչություն չունեն քննվող հուշարձանի հետ. “Խոսող քարեր” և “Քարափունջ”
մեկնություններն անընդունելի են (§§ 3.1-3.2).
● Քար-ունջ / Քար-ա-հ-ունջ տեղանունը կազմված է քար “քար” և ունջ “տակ” բաղադրիչներից և նշանակում է
“քարի/ժայռի տակ”. -հ- հնչյունն ամենայն հավանականությամբ ձայնավորների կցման տեղում առաջացած
հորանջ է (§§ 3.3-3.4).
● Քարահունջի “տեսությունը” օրըստօրե աճում է ու վերածվում հակագիտական մի հսկա ու անճոռնի թնջուկի՝
իր մեջ ներառելով Հերունու և այլոց ֆանտաստիկ անհեթեթությունները, ըստ որոնց հայերենը 40.000 տարեկան է և
հնդեվրոպական լեզուների մայրը, հայ մշակույթը քաղաքակրթությունների մայրն է և այլն և այլն. կատարելապես
հիմնազուրկ են ինչպես այդ, այնպես էլ Պորտասար-ի ու Ար աստծո և մյուս “տեսությունները” (§§ 4-6):

17
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
● ասպարեզից վերջնականապես հանել մեգալիթյան հուշարձանի Քարահունջ անվանումը.
● կանխել Göbekli Tepe-ի Պորտասար անգո անվանման նմանատիպ զարգացումը.
● փորձել ձևեր գտնել գոնե որոշ չափով վերահսկելու և գրաքննության ենթարկելու
համացանցը զավթած հայատգիտական զիբիլիզացիան:

7.2 Երևակայական հարցազրույց


Այսքանով հոդվածիս առաքելությունը կարելի պիտի լիներ համարել ավարտված: Սակայն այս տիպի հարցերը
մեր իրականության մեջ զուգակցված են շատ հիվանդագին խնդիրների հետ, որոնք պայմանավորված են հայ
ժողովրդի ծանր ու սպեցիֆիկ ճակատագրով և արյունոտ ու սպիտակ՝ մշակութային կոտորածներով: ՈՒստի
այստեղ վերջակետ դնել դեռ չի կարելի:
Ես համոզված եմ, որ հոդվածս պիտի առաջացնի բուռն ու իրարամերժ ալիքներ: Իհարկե՝ կան նորմալ
մարդիկ ու ճշմարիտ գիտնականներ, որոնց համար այս ամենը միանգամայն հասկանալի և ընդունելի կլինի: Բայց
ավելի շատ ակնկալում եմ երկու տիպի հակազդեցական վերաբերմունք.
1) մարդիկ, որոնք մինչև ուղնուծուծը վարակված են ցեղակենտրոնական գաղափարներով, բուռն
վրդովմունքի ալիք կբարձրացնեն. ոմանք կատաղի հակահարձակում կգործեն՝ հակափաստարկների
փոխարեն անիմաստորեն առաջ հրելով մաշված ու անարժեք պնդումները, ոմանք էլ, զգալով, որ ասելու
բան չունեն, անզորությունից կդիմեն իրենց մատչելի միակ զենքին՝ հայհոյանքին ու զազրախոսությանը.
2) մարդիկ, որոնք սթափ մտածելու ունակությունը չեն կորցրել, բայց կդժվարանան ու կմտահոգվեն, քանի
որ կզգան, որ այս ամենը քանդում է ամեն օր և ամենուրեք նրանց ուղեղները լցնող ցեղակենտրոն հեղեղի
շինած “հաճելի” պատկերացումներն ու աշխարհայացքը. աշխարհայացք, ըստ որի հայերենը լեզուների
մայրն է և այլն և այլն. բայց, ամենակարևորը, նրանք, ինչքան էլ դա անտրամաբանական ու անհեթեթ է,
անկեղծորեն կմտահոգվեն, թե այս ամենը կվնասի մեր ազգային անվտանգությունը:
Առաջիններին ասելու ոչինչ չկա, քանի որ ցանկություն չունեմ ժամանակ վատնելու. առանց այդ էլ այս
հոդվածում ստիպված եղա, գիտական հարցեր քննելուց բացի, բավականաչափ ժամանակ ու նյարդեր վատնել
անիմաստ ու անարժեք բազմաթիվ “տեսությունների” հանգամանալից քննության վրա: Բայց մյուսների համար
կկատարեմ մի շարք պարզաբանումներ: Սա կլինի երևակայական հարցազրույցի նման մի բան: Ես կփորձեմ
կանխավ պատասխանել այն հարցերին, որոնք, ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, պիտի ծագեն մարդկանց մեջ:
Անկասկած կգտնվեն մարդիկ, որոնք կհարցնեն. սա արդյո՞ք ազգային անվտանգության խնդիր չէ. Ղոշուն-
դաշ-ը մեգալիթյան այս հուշարձանի ամենահին անվանումը համարելով՝ մենք թուրքերին հնարավորություն
չե՞նք տալիս յուրացնել մեր մշակույթը: Որպես պատասխան՝ նախ մի հստակ օրինակով ցույց կտամ, որ այդ
մտավախությունն իսկապես առկա է մարդկանց մեջ, ապա կփորձեմ հիմնավորել դրա անիմաստ լինելը:
Ինչպես տեսանք § 4.5-ում, Մարի Բարսեղյան-Խանջյանն անողոք ու անարդարացի քննադատության է
ենթարկում մեգալիթյան հուշարձանի ցուցատախտակի տեքստը և նրա հեղինակներին ամոթանք տալիս, որ
նրանք չեն ընդունում Քարահունջի տեսությունը և լռության են մատնում Հերունու և Վահրադյանների ծանրակշիռ
ու սենսացիոն հայտնագործությունները, որոնք, ինչպես փորձեցի ցույց տալ, իրականում ոչ մի գիտական արժեք
չունեն: Մարի Բարսեղյան-Խանջյանն իր հոդվածի վերջում գրում է.

Ո՞վ է պատասխան տալու մշակութային և պատմական այսպիսի խեղաթյուրումների համար, որոնք ներկա և ապագա
սերունդներին զրկում են պատմական հիշողությունից և ինքնաճանաչման հնարավորությունից, որի պատճառով ազգն
աստիճանաբար օտարանում է իր իսկ ստեղծած հոգևոր ու նյութական արժեքներից: Պատմա-մշակութային
արժեքները վերոնշյալ ձևով ներկայացնելը ազգային անվտանգության խնդիր է առաջացնում: Մեր գիտնականները
(արդյոք մե՞ր) խեղաթյուրված ՙպատմական փաստերով և փաստարկներով՚ հոժարակամ թշնամուն են հրամցնում
հայկական մշակութային հուշարձանները, և մեզանում ոչ ոք չի՞ անհանգստանում կամ դիմադրում այդ
ոտնձգությանը` ուղղված մերպատմության և մշակույթի դեմ: Խորհել է պետք…

Լրացուցիչ հստակության համար նախ ընդգծեմ, որ այս հեղինակի դիրքորոշումը բացարձակապես


անընդունելի է, քանի որ նա “մշակութային և պատմական այսպիսի խեղաթյուրումներ” ասելով նկատի ունի
ցուցատախտակում Հերունու և Վահրադյանների “տեսությունների” անտեսումը: Հուսով եմ առողջ մտածելու
ունակություն ունեցող մարդկանց համար արդեն պարզ է դարձել, որ այդ “տեսությունները” գիտական արժեք
չունեն: Հետևաբար հեղինակի հարցը պետք է 180 աստիճանով շրջել և, համապատասխան որոշ
վերաձևակերպումներով, ուղղել նրան ու նրա պես մտածողներին. Ո՞վ է պատասխան տալու մշակութային և
պատմական այսպիսի խեղաթյուրումների համար (ինչպիսիք են, օրինակ, Հերունու և Վահրադյանների
մասսայականացող “տեսությունները”), որոնք ներկա և ապագա սերունդներին զրկում են ինքնաճանաչման

18
հնարավորությունից, որի պատճառով ազգն աստիճանաբար օտարանում է իր ստեղծած հոգևոր ու նյութական
իրական արժեքներից և սկսում է մուրալ ու սեփականել օտար ու անհայտ արժեքներ:
Մի՞թե առողջ դատողություն ունեցող մարդը կարող է իսկապես կարծել, թե ընդամենը 19-րդ դարավերջից
վկայված Ղոշուն-դաշ-ի թուրքական ծագումը հիմք կտա այդ հուշարձանը թուրքական համարել: Դա
անհեթեթության աստիճանի ծիծաղելի է: Կասկածից դուրս է, որ Հայկական լեռնաշխարի մարդաբանական ու
մշակութային միակ ժառանգները հայերն են, և հայալեզու տարրը Հայկական լեռնաշխարհում է ավելի քան 3.000-
3.500 տարի, մինչդեռ թուրքերն ընդամենը մեկ հազարամյակի ընթացքում կեղտոտ կոշիկներով ու անլվա
մարմիններով մեր հայրենիք ներխուծած ու այն ավերած թալանչիներ են: Ի՞նչ առնչություն կարող են նրանք
ունենալ ամենաքիչը 3-4.000 տարվա հնության մեգալիթյան հուշարձանի և, առհասարակ, հայկական
լեռնաշխարհի մշակութային ժառանգության հետ: Բացարձակապես ո՛չ մի: Եթե հարևան գյուղերի թուրք
խաշնարածներն այն տեսել են ու անվանել Ղոշուն-դաշ, մի՞թե դրանով այն դարձավ թուրքական: Ո՛չ, ո՛չ և ո՛չ:
Տեսականորեն հնարավոր է, որ հայերը կառուցած լինեն այդ հուշարձանը կամ այն որևէ կերպ առնչվի հայոց
մշակույթի հետ (թեև պետք է հասկանալ, որ համապատասխան ոչ մի փաստ չունենք նման բան պնդելու համար),
սակայն թուրքական մասնակցությունը պարզապես Բ Ա Ց Ա Ռ Վ ՈՒ Մ է: Նույն կերպ՝ Göbekli-Tepe-ն իր այս
թուրքական անվամբ կոչելով թուրքական չի դառնում, ինչպես որ թուրքական չեն դառնում մերձակա Boğazköy
թուրքական բնակավայրի անվամբ հայտնի խեթական հնավայրն ու այնտեղ գտնված սեպագիր թանկարժեք
ժառանգությունը:
Որոշ մարդիկ ինձ կառարկեն՝ ասելով. “բայց թուրքերն ու ազերիները, այդուհանդերձ, կօգտվեն առիթից”: Դե՝
նրանց ի՞նչ կա. նրանք կարող են թուրքական մակագրությամբ պահածոյի տուփն էլ օգտագործել իրենց
կեղծարարությունների մեջ: Մի՞թե մենք այս մասին էլ պիտի մտահոգվենք: Մենք պետք է մտահոգվենք միայն
հետևյալի մասին. ապահովել հայագիտության բարձր մակարդակն ու միջազգային համբավը: Այ դրա՛նք իսկապես
հիմա վտանգված են ու առանձնահատուկ հոգածություն են պահանջում:
Ադրբեջանցիք ու թուրքերը կեղծիքների լուրջ հիմքեր ու կարիք ունեն: Նրանք զավթել են մեր պատմական
հայրենիքի մի գերակշիռ մասը՝ Եփրատի և Տիգրիսի վերին հոսանքներից արևելք և հյուսիս-արևելք,
ցեղասպանության աններելի ոճիրով բնաջնջել են այդ տարածքների հայ բնակչությունը, ստորաբար կեղծում են
պատմությունը, ավերում ու յուրացնում են մեր մշակութային ժառանգությունը: Իսկ մենք պատմություն սարքելու
ոչ մի պատճառ չունենք: ՈՒ չպիտի՛ անենք: Անելով՝ կրկնակի վնաս ենք հասցնում ինքներս մեզ. նախ՝ մեր
երիտասարդությունը հակագիտական այդ թույնից վարակվում է ու զրկվում է լապշայի իմունիտետից. երկրորդ՝
մեր գիտության վարկը սպառնալիորեն իջնում է:
Մի այլ հարց էլ, անշուշտ, կուղղեն ինձ. –Հերունու, Վահրադյանների և այլոց դրույթները քննադատելիս արդյոք
շատ չե՞ք կատեգորիկ: Պատասխանս հստակ է՝ ո՛չ: Իրենց պնդումներն ապացուցելու համար նրանք պարտավոր
են նախ գիտականորեն հերքել արդի հայ և համեմատական բանասիրության հիմունքներն ու դրույթները, քանի
որ սրանք բացարձակապես անհամատեղելի են իրենց պնդումների հետ: Բայց ինչպե՞ս կարող ես քանդել մի բան,
որի կառուցվածքի ու բնույթի մասին պատկերացում անգամ չունես: Անհրաժեշտ է լավ հասկանալ ևս մի բան. չի
կարելի կարծել, թե հայ և համաշխարհային համեմատական լեզվաբանությունն արդեն գիտի հնդեվրոպական
լեզվի ու հայերենի ծագման վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները: Մենք ունենք ամուր հող մեր ոտքերի
տակ, և բազմաթիվ կարևոր հարցեր արդեն, գոնե հիմնական գծերով, պարզ են: Այդուհանդերձ, դեռ հսկայական
քանակությամբ անհստակ վարկածներ ու լրիվ մութ հարցեր կան, որոնք սպասում են իրենց հետազոտողներին:
Շատ հարցեր մինչև վերջ էլ մութ կմնան: Սակայն Քարահունջ-ի և նրան հարող “տեսությունների” հարցը շատ
հստակ է. դրանք գոյության իրավունք չունեն նույնիսկ որպես վարկած. խոսքը մասնավոր տարաձայնությունների
մասին չէ, այլ արդի հայագիտության հետ բացարձակ, լիակատար ու սկզբունքային անհամատեղելիության:
Ապա կհարցնեն. Դուք Հերունու դրույթները որակում եք որպես “ֆանտաստիկ անհեթեթություններ”: Չե՞ք
գտնում, որ դա անհարգալից վերաբերմունք է հանգուցյալ ակադեմիկոսի նկատմամբ և կարող է հարուցել նրա
վաստակի բազմահազար երկրպագուների ու հետևորդների զայրույթը: Պատասխանում եմ. բոլորովին ո՛չ:
Հասկանում եմ. de mortuis, aut bene aut nihil (“մահացածների մասին՝ կամ լավ, կամ՝ ոչինչ”): Սակայն ես նրա անձի
մասին ոչ մի անհարգալից բան չեմ ասում: Ես ընդամենն ասում եմ, թե ինչ եմ մտածում նրա “տեսությունների”
մասին: Նա հիմա չկա, բայց նրա “տեսություններն” ապրում են ու շարունակում ավերել հայագիտության հիմքերը:
Ինչպե՞ս կարող եմ ես չարտահայտել իմ վերաբերմունքը դրանց վերաբերյալ: Պետք է հասկանալ, որ եթե Հերունու
“տեսությունների” քննադատությունը դիտվի որպես անհարգալից վերաբերմունք նրա հիշատակի ու վաստակի
հանդեպ, ապա դրանք չքննադատելը պետք է առավել ևս համարվի ծայրահեղ անհարգալից վերաբերմունք
այնպիսի հարգարժան ու բազմաբեղուն ակադեմիկոսների հիշատակի ու մեղվաջան վաստակի հանդեպ,
ինչպիսիք են Աճառյանն ու Ջահուկյանը. գիտնականներ, որոնք ներկայացնում են իսկական հայագիտությունը:
Ընդունել Հերունու “տեսությունները” նշանակում է պարզապես խաչ քաշել հայագիտության բոլոր նվաճումների
վրա:

19
ՈՒզում եմ ընդգծել, որ Քարահունջ – Stonehenge “դոսյեն” անհրաժեշտ է փակել և ուղարկել արխիվ: Խոսքն,
իհարկե, չի վերաբերում այս մեգալիթյան հուշարձանին առհասարակ: Այն իսկապես ուշագրավ հուշարձան է և
դեռ սպասում է իր անկանխակալ հետազոտողներին: Ես շատ ուրախ կլինեի, եթե համապատասխան լուրջ
մասնագետներ (հնագետներ ու աստղագետներ) անաչառ վերիֆիկացիայի ենթարկեն Հերունու և մյուսների
հաշվարկներն ու տեխնիկական դրույթները: Ես իրավասու չեմ դրանք վերլուծելու, թեև, անկեղծ ասած, չեմ
պատկերացնում, թե ինչպես կարող է մարդ ճշմարիտ ու բարեխիղճ լինել գիտության մի ասպարեզում, երբ նա
ավերածություններ է գործում մեկ այլ բնագավառում: Ինչևէ՝ իմ խոսքը վերաբերում է միայն այս խնդրի
հայագիտական-բանասիրական աստառին՝ Քարահունջ անվանն ու նրա շուրջը մոգոնված անհեթեթ
“տեսություններին”: Բացառու՞մ եմ ես արդյոք այն հնարավորությունը, որ այս հուշարձանը որևէ կերպ կարող է
առնչվել հայալեզու էթնիկական տարրի ներկայացրած մշակույթին կամ գոնե երբևէ գրավել է հայերի
ուշադրությունը և Ղոշուն-դաշ-ից առաջ ունեցել է որևէ հայկական անվանում: Իհարկե՝ Ո՛Չ: Սակայն պետք է
հասկանալ, որ առայժմ նման պնդումների ոչ մի հիմք չունենք մեր ձեռքի տակ, ուստի, քանի դեռ նորահայտ լուրջ
տվյալներ ասպարեզ չեն եկել, պետք է այս հարցը փակված համարել:
Վերջում հավանաբար կհարցնեն. –Ի՞նչ խորհուրդ կտայիք հայոց լեզվի և մշակույթի պատմությամբ
հետաքրքրվող մարդկանց: Պատասխանում եմ. –Մի՛ թույլ տաք հիմարացնել ձեզ: Մի մոռանաք, որ համացանցը,
հեռուստաեթերը և նույնիսկ ակադեմիական հրատարակությունները լցնող ցեղակենտրոն գաղափարները ձեր
հայրենասիրական զգացմունքները չարաշահող տգիտություններ են: Եթե ուզում եք իսկապես իրազեկ լինել մեր
արմատներին ու իսկական արժեքներին, ապա իմացեք, թե ինչ աղբյուրների հետ գործ կարելի է ունենալ: Փորձեք
գտնել և ուսումնասիրել խելացի գրքեր: Պատրաստ եմ լուրջ մարդկանց օգնել՝ փորձելով, հնարավորություններիս
սահմաններում, նրանց հետաքրքրող հարցերին տալ պատասխաններ և մատնանշել գրականություն: Ինչ
վերաբերում է այն մարդկանց, որոնց տեսակետները ես այստեղ քննադատեցի, ապա նրանց կասեմ հետևյալը.
խնդրում եմ հասկացեք, որ իմ միակ շարժառիթը հայագիտության շահն է, նրա վարկի բարձրացումը: Ես Ձեզնից
ոչ մեկին չեմ ճանաչում, ուստի անիմաստ է անձնական նկատառում տեսնել և գիտական քննադատությունից
վիրավորվել: Պարզապես այլևս չէր կարելի հանդուրժել արգելակները կորցրած այդ հակագիտական հեղեղի
գոյությունը: Եթե Դուք իսկապես մտահոգվում եք հայագիտության մակարդակով ու ճակատագրով, և եթե Դուք
ունակ եք ըմբռնել փաստերի լեզուն, ապա եկեք թողնենք անմիտ տեսությունները, համագործակցենք ու, միմյանց
օգնելով, հանենք հայագիտությունը մութ կիրճերից ու փակուղիներից և այն զարգացնենք գիտությանը վայել ձևով:
ՈՒրախությամբ կպատասխանեմ Ձեր բոլոր դրական արձագանքներին ու հարցերին:

բանաս. գիտ. դոկտոր (PhD, Լեյդենի համալսարան) Հրաչ Մարտիրոսյան


էլ. հասցե՝ hrch.martirosyan@gmail.com
07.02.2011, Leiden

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աբրահամյան, Ա. Ա.
1986 Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն (թարգմ., ներած. և ծնթ.). Երևան. “Սովետական գրող”:
Ալիշան, Ղևոնդ
1893 Սիսական. Վենետիկ. Ս. Ղազար:
Աղայան, Է. Բ.
1976 (ԱՀԲԲ), Արդի հայերենի բացատրական բառարան (2 հատորով). Երևան. “Հայաստան”:
Աճառյան, Հրաչյա Հակոբի
1913 (Աճառեան), Հայերէն գաւառական բառարան. Թիֆլիս (“Էմինեան ազգագրական ժողովածու”, հտ. Թ):
1971-79 (ՀԱԲ), Հայերեն արմատական բառարան, 4 հատորով (2-րդ հրատ.). Երևանի համալսարանի հրատարակչություն
[1-ին հրատ. 1926-1935, 7 հատորով]:
Ամատունի, Սահակ վարդապետ
1912 Հայոց բառ ու բան. Վաղարշապատ:
Աստուածատուրեան, Թ.
1895 Համաբարբառ Հին և Նոր Կտակարանաց. Երուսաղէմ. Տպարան Սրբոց Յակովբեանց:
Բարխուդարյան (Բարխուտարեանց), Մակար
1995 Արցախ. Ստեփանակերտ. “Մունք” (օրիգ. հրատ.՝ Բագու. “Արօր”, 1895):
Բարսեղյան-Խանջյան, Մարի

20
2011 “Քարահունջ” հուշարձանի մոտ դրված տեղեկատվական ցուցատախտակների շուրջ. Livejournal, հունվարի 14.
http://qarahunj.livejournal.com/:
Բեգլարյան, Գ.
2007 Ատլաս Հայաստանի և հարակից երկրների. Երևան. “Նոյյան Տապան” (Atlas: Armenia and adja ent ountries):
Դավթյան, Կ. Ս.
1966 Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը. Երևան. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն:
Զեյթունյան, Ա. Ս.
1985 Գիրք ծննդոց. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն:
Զօհրապեան, Յովհաննէս
1805 Աստուածաշունչ մատեան Հին և Նոր Կտակարանաց (4 հատորով). Վենէտիկ. Ս. Ղազար:
Թոսունյան, Գ. Բ.
1996 Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն (աշխարհաբար թարգմ. և ծնթ.). Երևանի համալսարանի
հրատարակչություն:
Լալայեան, Ե.
1898 Սիսիան. նիւթեր ապագայ ուսումնասիրութեան համար. Ազգագրական հանդէս. 3-րդ տարի, Գ գիրք, Թիֆլիս,1898,
Nr 1. 105-272:
Լիսիցյան, Ստեփան
1969 Զանգեզուրի հայերը. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն:
Խալաթեանց, Գրիգոր
1899 Գիրք մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան. Մոսկուա. Տպարան Վարվառէ Գատցուկ:
Խաչատրյան, Գուրգեն Կիպրոնի
1989 Գրաբարի շարահյուսության ձեռնարկ. Կիրովական. Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ
(ձեռագրի իրավունքով):
Խնկիկյան, Օ.Ս.
1984 Սիսիանի Զորաքարերը. “Հայաստանի բնություն” ամսագիր, 1984, Nr 4, էջ 33-34:
Հերունի, Պ.
2006 Հայերը և հնագույն Հայաստանը. հիմքերը հայոց. արքաեօաստղագիտություն, լեզվաբանություն, հնագույն
պատմություն. Երևան:
Հիւբշման, Հ.
1907 Հին Հայոց տեղւոյ անունները. Հայոց աշխարհին պատմական տեղագրութեան մասին ուսումնասիրութիւններով
( s hmann 1904-ից թարգմ. Հ. Բ. Պիլէզիկճեան). Վիեննա. Մխիթարեան տպարան (“Ազգային մատենադարան”
ԾԳ):
Ղանալանյան, Արամ Տիգրանի
1969 Ավանդապատում. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն:
Մալխասեանց, Ստեփան
1944-45 (ՀԲԲ 1-4), Հայերէն բացատրական բառարան. Երևան (վերատպ. 1955-56 և 1983, Պէյրութ. “Սևան”).
1987 Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն (բնագիրը Ք. Պատկանյանի, թարգմ. և ծնթ. Ստ. Մալխասյանցի).
Երևանի համալսարանի հրատարակչություն:
Մարգարյան, Ա. Ս.
1975 Գորիսի բարբառը. Երևանի համալսարանի հրատարակչություն:
1988 Մի քանի տեղանունների մասին. ՊԲՀ 1988, Nr 4. 123-130:
Մելիք-Շահնազարեան, Ա.
1893 Ղօշուն-դաշ. Տարազ 1893, Nr 7, էջ 109 [հեղինակի անունը նշված չէ. այդ մեկ էջանոց հոդվածի իմ ձեռքի տակ
աեղած էլեկտրոնային պատճենի օգնությամբ հնարավոր չեղավ ճշտել այն. ըստ Ղանալանյան 1969. 470724-ի,
հեղինակն է Ար. Մելիք-Շահնազարյանը]:
Չալըխեան, Հ. Վրթանիսի
1885 Քերականութիւն հայկազնեան լեզուի (հանդերձ փոփոխմամբք և յաւելուածովք աշխատասիրեալ ի Հ. Արսէնէ վ.
Այտընեան). Վիեննա. Մխիթարեան Տպարան:
Ջահուկյան, Գ. Բ.
1991 Հայոց լեզվի ծագման մասին (մի գրքի առթիվ). Հայաստան, Nr 14, 22 հունվարի, էջ 3-4:
Սարգսյան, Վահան
1999 Հայոց գրերի ծագումը. Երևանի համալսարանի հրատարակչություն:
Վահրադյան, Վաչագան և Վահրադյան, Մարինե
2010 Քարահունջ հուշարձանի անվանման շուրջ. http://lernci.livejournal.com/68672.html
Փաւստոս Բուզանդացի
1883=1984 Պատմութիւն Հայոց. Ս. Պետերբուրգ. Տպարան Կայսերական ճեմարանին գիտութեանց, 1883 (Ps. Pʻawstos,
Buzandaran patmutʻiwnkʻ / The Epi istories. a facsimile reproduction of the 1883 St. Peterburg edition with an introduction
by Nina G. Garsoïan. Delmar, New York: Caravan Books, 1984):

21
Քոսյան, Արամ
1990 “Մարտնչող տգիտության” ևս մեկ գրոհ. Փյունիկ 08-1990, էջ 3 և 31:

Лисициан, Ст.
1935 Кошун-даш. мегалитическое городище в Сисиане (Зангезур). Академия Наук СССР XLV Академику Н. Я. Марру. Изд.
АН СССР. Москва, Ленинград: 709-721.
Парсамян, Э. С.
1985 О возможном астрономическом назначении мегалитических колец Ангелакота. Բյուրականի աստղադիտարանի
հաղորդումներ. պրակ 57. Երևան. ՀՍՍՀ ԳԱ. 101-103:

Asatrian, Garnik
2009 The Current Situation in Social Sciences and the Humanities in Armenia. A Short Synopsis of the ARMACAD lecture – June 8,
2009, Bridge Club, Yerevan. http://groups.yahoo.com/group/Armenian-Academic-Association-ARMACAD/message/2257
Brenton, Lancelot Charles Lee
1851 The Septuagint with Apocrypha: Greek and English. London: Samuel Bagster & Sons, Ltd. (= Hendrickson Publishers,
1986/2009).
Garsoïan, Nina G.
1989 The Epi istories attri uted to P„awstos Buzand (Buzandaran Patmut‘iwnk‘): translation and commentary. Cambridge,
Massachusetts: Harvard University Press.
ovhann s Draskhanakertets„i
1912=80 Patmut„iwn ayots„ ( istory of Armenia). A fa simile reproduction of the 1912 Tiflis edition with an introduction by Krikor
Maksoudian: Delmar, New York: Caravan Books.
s hmann, H.
1904 Die altarmenischen Ortsnamen. In: Indogermanische Forschungen 16: 197-490 (+ Karte). Published also separately: Strassburg:
Karl Tr ner, 1904. (հայ. թարգմ. տես Հիւբշման 1907).
Martirosyan, Hrach Kayosiki
2010 Etymological dictionary of the Armenian inherited lexicon. Leiden, Boston: Brill. (Leiden Indo-European Etymological
Dictionary Series, 8).
Meillet, A.
1962 Études de linguistique et de philologie arméniennes. Lisboa: Imprensa Nacional de Lisboa. I: Recherches sur la syntaxe
omparée de l‟arménien, suivis de la omposition en arménien. Avant-propos de E. Benveniste. (Bibliothèque arménienne de la
Fondation Calouste Gulbenkian).
Rahlfs, Alfred
1935 (ed.), Septuaginta. Stuttgart: Deutsche Bibelgesellschaft, 1935, 1979.
Vahradyan, Vachagan & Vahradyan, Marine
2008 The an ient Chroni le of England tells: “The First inhabitants of the island Britain came from Armenia”. Yerevan (Vaspourakan:
New Generation / Վասպուրական. Նոր սերունդ). [էլեկտրոնային տարբերակ, որ սիրալիր կերպով տրամադրեց
պրն Վ. Վահրադյանը].

ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՀԲԲ 1-2, տես Աղայան 1976


ՀԱԲ 1-4, տես Աճառյան 1971-79
ՀայԼեզԲրբԲառ Ա-
(2001-), Ա. Սարգսյան et al. (խմբ.), Հայոց լեզվի բարբառային բառարան (Ե հատորը հրատարակվել է 2008-ին և ընդգրկում է Պ-
Ս տառերը). Երևան. ՀՀ ԳԱԱ “Գիտություն” հրատարակչություն:
ՀայՏեղԲառ 1-5
(1986-2001), Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների
բառարան. հտ. 1, 1986; հտ. 2, 1988; հտ. 3, 1991; հտ. 4, 1998; հտ. 5, 2001. Երևանի համալսարանի հրատարակչություն:
ՀԲԲ 1-4, տես Մալխասեանց 1944-45
ՆՀԲ 1-2
Գ. Աւետիքեան, Խ. Սիւրմէլեան, Մ. Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի. Վենետիկ. Սուրբ Ղազար, 1836-1837. 2-րդ
հրատ. Երևան. Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979-1981:
ՊԲՀ (ИФЖ)
Պատմա-բանասիրական հանդես. Երևան. ՀՍՍՀ ԳԱ (ՀՀ ԳԱԱ) հրատարակչություն:

22

You might also like