You are on page 1of 1

Արարատ (թուրք.՝ Ağrı Dağı, քրդ.

՝ Çiyayê Agirî, գրաբար՝ Մասիս), հանգած


հրաբուխ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանի մոտ՝ Արաքս գետի աջ ափին, ներկա
սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ
(Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[1]։ Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր
լեռն է[2]։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։
Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով,
աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական
բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ
Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ
շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։
Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։
Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում
սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։
«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան
հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել
երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս
անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ
ավանդության լեռն անվանել է իր անունով։ Լեռան թուրքերեն անունը Ağrı Dağı է, ağrı՝
բառացի թարգմանաբար նշանակում է ցավ, տառապանք։
Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ Ծննդոց գրքի՝
Նոյան տապանն իջել է Արարատի վրա։ Հին Կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի
չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյան տապանը նստել է «Արարատի լեռների»
վրա։
Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ
լեռ»։ Մեծ տեղ ունի հայ գրականության և մշակույթի մեջ։ Նոյան տապանի հետ այն
պատկերված է Հայաստանի գերբի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվել է
Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային
խորհրդանիշ։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի
թագավորությունների կենտրոնում, որի համար էլ համարվում է հայերի պատմական
հայրենիքի մի մասը։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում
աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով։ Արարատն անվանվել է Հայաստանի
ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»:
19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր
հայկական պետականությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ հայկական
ժամանակակից առաջին պետական կառույցը, որը գոյություն է ունեցել 1918-1920
թվականներին, հաճախ անվանվել է Արարատյան Հանրապետություն կամ Արարատի
Հանրապետություն, քանի որ այն կենտրոնացած էր Արարատյան դաշտում[3][4][5]։
Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Պատմության մեջ
գրանցված լեռան առաջին հաջողված վերելքը գրանցվել է 1829 թվականին, երբ առաջին
անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն
Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝
Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեքսեյ Զդոռովենկոն,
Մատվեյ Չալպանովը։

You might also like