You are on page 1of 5

ՆՊԱՏԱԿ

Համլետ Մարտիրոսյան

Հնագույն քաղաքակրթությունների
հետազոտման կենտրոն

1. Նպատակը ժամանակի մեքենա

Հայերենում «նպատակ» բառի նախնական իմաստն է «նշանառության կետ,


թիրախ»: Բառն իմաստի ընդլայնմամբ ձեռք է բերել «մտադրություն,
նախագաղափար, որ պիտի իրականացվի ժամանակի ընթացքում»: Վերջապես,
որպես մտադրության իրականացման պահի նկարագիր, բառը ստացել է
«հաղթանակ, հաղթության մրցանակ» իմաստ:
Այլ կերպ ասած, հայերեն նպատակ բառն ընդգրկում է գաղափարի
մտահղացման պահից մինչև դրա իրականացման՝ հաղթանակի պահն ընկած
ժամանակահատվածի ընդհանրական նկարագիրը:
Մարդն իր կյանքի ամեն պահին անսահման հնարավորությունների
կիզակետում է: Նպատակը այդ անսահման հնարավորություններից մեկն է և նրա
ընտրության պահից անսահման հնարավորություններից որոշակիանում է
առաջընթացի միայն մի ուղղություն, որի իրականացմանն էլ մարդն ուղղորդում է իր
մտքերն ու գործողությունները:
Նպատակը որոշակի գործողություննների մղող հզոր շարժիչ ուժ է, որը լարում
է մտցնում մտահղացման հեղինակի կյանքում և նոր ռիթմ հաղորդում նրա կյանքին:
Սկսած նախագաղափարի մտահղացման պահից, նպատակը միշտ գտնվում է
հեղինակից որոշակի ժամանակահատվածով հեռու՝ ապագայում: Այդ
ժամանակահատվածը մտահղացումն իրականացնելու, նպատակին հասնելու
համար անհրաժեշտ ժամանակն է:
Որակապես նույնական նպատակներ դրած մարդիկ դրանք իրականացնում են
տարբեր ժամանակահատվածներում, կախված մեկնարկային կարողությունների ու
հնարավորությունների աստիճանից:
Նպատակի հստակ ձևակերպման պահից մինչև դրա իրականացման պահն
ընկած այդ ժամանակահատվածում հեղինակի գործողությունները պայմանավորված
են նպատակի թելադրանքով: Նպատակը որոշակի ուժով ձգում է մարդուն և ստիպում
իրեն հասնելու, իրեն իրականացնելու միջոցներ գտնել: Նպատակը ստիպում է
համախմբել ողջ հնարավորություններն ու կարողությունները և կատարել նպատակի
իրականացմանը միտված գործողություններ:
Նպատակը հեղինակի համար դառնում է մի երկրորդ ԵՍ, որը «բնակվում» է
ապագայում և ներկայում գտնվող ԵՍ-ին հրահանգներ ուղարկում, թելադրում իր
կամքը: Այլ կերպ ասած, նպատակը ժամանակի մեքենա է, որի միջոցով մարդը
կարգավորում է իր կյանքի ընթացքը և տանում ցանկալի հունով: Նպատակ չունեցող
բանական էակը դատապարտված է գոյությունը քարշ տալ ողորմելի վիճակում կամ
ապրել ռոբոտի միապաղաղ կյանքով:

1
Մարդկային քաղաքակրթության զարգացման պատմությունը նպատակների ու
նրանց իրականացման օղակներից հյուսված մի անխզելի շղթա է: Ամեն մի
նպատակի և նրա իրականացման օղակը գիտա-տեխնիկական առաջընթացի նոր
աստիճանի է բարձրացրել մարդկությանը: Սակայն, գիտա-տեխնիկական
առաջընթացին միշտ ուղեկցել է հոգևորի անկումը:

2. Համատիեզերական նպատակ

Նպատակ դնելը և այն իրականացնելը միայն բանականությանը յուրահատուկ


հատկանիշ է: Սա մարդուն շնչավոր ու անշունչ, կենդանի ու անկենդան էակներից ու
առարկաներից տարբերակող հիմնարար հայտանիշ է: Նպատակի միջոցով է
բանական էակը կարողանում նվազեցնել էնտրոպիան՝ քարը քարի վրա դնել ու
կառուցել և քաոսը վերածել կառույցի:
Տիեզերքի պատմությունը ևս, որպես բանականության ստեղծագործություն,
նպատակների իրականացման բազմօղակ շղթա է, որի նախախնամությամբ
նախատեսված ավարտն առայժմ մեզ անըմբռնելի է:
Սա տիեզերական հիմնարար օրենք է, որով Գերբնական ու Գերբանական
Էությունը (Աստված) հետևելով իր մտահղացման թելադրանքին, ստեղծել է Տիեզերքի
կառույցը, արարել է մարդուն՝ միայն իրեն հայտնի նպատակով: Թեև նպատակը
հայտնի է միայն Նրան, սակայն բանական մարդուն էլ յուրահատուկ է հարց դնել և
նրա պատասխանը փնտրել: Սա ևս նպատակի դրսևորման մի ձև է:
Ուրեմն, ինչու՞ է նա ստեղծել բանական մարդուն
Բանական մարդու արարման աստվածային նպատակի մասին ներկայացնեմ
իմ դիտարկումը: Նախ Տիեզերքի արարման մտահղացումից մինչև աստվածային
նպատակի իրականացումն ընկած ժամանակը բաժանենք երեք փուլերի.
1. Բանական մարդու գոյությանն անհրաժեշտ միջավայրի ստեղծում
(նյութական Տիեզերքի արարում): Ըստ ժամանակակից գիտական
տեսակետների, այն տևել է մոտ 14 միլիարդ տարի: Մոտ 5 միլիարդ տարի
առաջ ձևավորվել է արեգակնային համակարգը:
2. Բանական մարդու ստեղծում, նրա զարգացում և կայացում: Ըստ ներկայիս
տվյալների, բանական մարդն առաջացել է մոտ 80÷100 հազար տարի
առաջ, ինչը մի ակնթարթ է Տիեզերքի տարիքի համեմատ: Այսինքն, մոտ 14
միլիարդ տարի Արարչի սահմանած օրենքները գործում էին բանական
մարդու գոյությանն անհրաժեշտ միջավայրը ստեղծելու համար:
3. Բանական մարդու միջոցով համատիեզերական նպատակի
իրականացում:
Եթե առաջին երկու փուլերի վերաբերյալ ժամանակակից բանական մարդը
շատ թե քիչ հավաստի պատկերացումներ է ձևավորել, ապա երրորդ փուլի
վերաբերյալ մարդկությունն այսօր ոչինչ չգիտի և երրորդ փուլի նման ձևակերպումը
տրվում է առաջին անգամ: Ժամանակակից գիտությունը խոսում է միայն նյութական
Տիեզերքի վախճանի տարբերակների մասին:

2
Հայտնի է, որ մարդու վախճանից հետո նրա նյութական մարմինը փտում,
ոչնչանում, հող է դառնում: Բանական մարդը դեռևս իր գոյության սկզբնական
փուլում հանճարեղ լուծում է ձևակերպել. մարդն ունի նաև աննյութական մարմին՝
Հոգի, որը նրա անմահ ԵՍ-ի կրողն է: Մարդը նյութական մարմնի մահից հետո
շարունակում է ապրել աննյութական մարմնով:
Հոգու այս տեսական գյուտը կարող ենք համարել.
ա. Մեռնելու և վերանալու գաղափարից ծնված սարսափը վերացնելու կամ
մեղմելու արհեստական միջոց: Այլ կերպ ասած՝ ինքնախաբեություն:
բ. Աստվածային ներշնչմամբ ստացված ճշմարիտ գիտելիք:
Այս երկու տեսակետներից ոչ մեկը հնարավոր չէ փորձով հաստատել կամ
մերժել: Մարդկության մեծամասնության կողմից ընդունվող տարբերակը երկրորդն է,
որը մեղմացնում է մահվան գաղափարից ծնվող վախը: Իսկ հարցի ճշգրիտ
պատասխանը գիտի միայն մեռած մարդը, սակայն նրա հետ հաղորդակցվելու և
հարցի պատասխանը ճշգրտելու հնարավորություն չունենք:
Արդեո՞ք հնարավոր է այնպիսի միջավայր, որում անմահ ու չծերացող
բանական էակը չձանձրանա իր կյանքից: Այդպիսին են օրինակ մեր
պատկերացումների աստվածները: Արդեո՞ք աստվածները ձանձրույթի ու
հոգնածության զգացողություն են ունենում, ինչպիսին կունենար հավերժ ապրող
մարդը: Թե՞ աստվածների կյանքը ևս վերջավոր է, բայց այնքան երկար, որ
մարդկային մասշտաբների տեսանկյունից թվում է հավերժություն: Սրանք
պատասխան չպահանջող հռետորական հարցեր են:
Փաստն այն է, որ Տիեզերքի կառույցի առանցքը բանական մարդու գոյության
ապահովումն է: Այս մտքին են հանգում թե կրոնական պատկերացումները, թե
ժամանակակից տիեզերածնական գիտական տեսությունները:
Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ ու առաքելություն է դրվել բանական մարդու առջև,
որ նրա գոյությունը ծրագրավորել ու ապահովել է մեզ անհայտ գերբնական ու
գերբանական էությունը, արարելով Տիեզերքի բարդ կառույցը:
Եթե խնդրին նայենք անմահ ու աննյութական Հոգու գոյության տեսանկյունից,
ապա Տիեզերքում բանական մարդու անհրաժեշտության մեկնաբանման երրորդ
տարբերակ եմ մեջտեղ հանում, որը երբևիցէ չի առաջարկվել և չի քննարկվել:
Այս տարբերակի էությունը հետևյալն է.
Բանական մարդու գոյության իմաստը կայանում է նրանում, որ իր կյանքի մի
քանի տասնյակ տարիների ընթացքում իր նյութական մարմնի մեջ աճեցնի
աննյութական ու անմահ Հոգի:
Տիեզերքի արարման նախագծի Հեղինակը՝ գերբնական ու գերբանական ուժը,
մեր պատկերացումներում ևս աննյութական ու անմահ է: Նա արարում է Տիեզերքը,
այնտեղ ստեղծում է իր «Եդեմի այգին»՝ Երկիր մոլորակը, աճեցնում է մարդուն,
որպեսզի նրանից քաղի իր «սնունդը»՝ անմահ ու աննյութական Հոգի: Այս
ճանապարհով մարդու ԵՍ-ը կրող անմահ Հոգին ձուլվում, լուծվում է Արարչի մեջ:
Արարիչն իր արարածին՝ մարդուն, նախապես ներշնչել կամ ուղղակի հայտնել
է ապրելակերպի այն նախապայմանները (բարոյական նորմեր, բնական միջավայրի
հետ փոխհարաբերություն, Արարչի հետ հաղորդակցում և այլն). որոնց առկայության
պայմաններում միայն մարդը կկարողանա կատարել իր առաքելությունը և աճեցնել
անմահ Հոգի:

3
Հետևելով ստացած հրահանգներին, մարդը նյութական սննդից սուբլիմացնում
էր հոգևոր սնունդ և աճեցնում անմահ Հոգի: Սրա մոտավոր օրինակն է խեցեմորթու
կողմից մարգարիտ աճեցնելը իր խեցիների միջև:

Ժամանակների ընթացքում մարդը հետզհետե մոռացավ Արարչից ստացած


հրահանգները, դարձավ ընչաքաղց ու նյութապաշտ և մոռացավ իր առաքելությունը:
Մոռանալով, որ Արարչի հետ հաղորդակցման միջոցն իր ներսում պիտի կառուցվի
որպես Հոգի, մարդը սկսեց կառուցել սրբավայրեր ու տաճարներ: Սկսած այդ
ժամանակներից, մարդկությունը գնում է խոտոր ճանապարհով, իրեն տալով
նյութական հաճույքներին:
Կա մարդկությանը ճշմարիտ ուղի վերադարձնելու խնդիրը:
Անձամբ հայերիս դա պատգամել է Անդրաշխարհում փակված Փոքր Մհերը:
Իսկ Արարիչը դեռևս չի միջամտում, քանզի գիտի, որ մարդն իրեն
վերագտնելու համար առայժմ բավարար ուժ ունի:

2. Ազգային նպատակ

Նպատակը նույն կերպ է գործում նաև ազգի պարագայում:


Մեր ժամանակներում ժողովուրդները նպատակ դնելու և այն իրականացնելու
ֆունկցիան հանձնել են պետությանը: Նախաքրիստոնեական ժամանակների
Հայաստանում այդ ֆունկցիան կատարում էր Աշխարհաժողովը: Այսօր այդ
ֆունկցիան դրված է Ազգային Ժողովի և Նախագահի/Վարչապետի վրա: Սակայն
անկախության հանրաքվեից մինչ օրս Հայաստանի ղեկավարներից ոչ մեկը (այդ
թվում ներկայիս ղեկավարությունը) չի խոսել ազգային-պետական նպատակների
մասին, չի ձևակերպվել որևէ ազգային հեռահար նպատակ:
Չգիտենք նույնիսկ, թե այս կամ այն հեռահար նպատակը դնելու և իրագործելու
համար ինչ մեկնարկային հնարավորություններ ունենք: Սրան հավելենք մեր
պոտենցիալ կարողությունների չիմացությունը, ֆիզիկական, մտավոր և հոգևոր
ջլատվածության մեծ աստիճանը և պարզ կդառնա, թե որքան հեռու ենք ազգային-
պետական ծրագրեր ու նպատակներ մշակելուց:

4
Մենք անհատականություններից բաղկացած ազգ ենք: Նրանք սփռված են
աշխարհով մեկ և չունենք անհատականությունների կարողությունները միավորելու
և հայրենիքին ծառայեցնելու միջոցը: Այս առումով աշխարհասփյուռ հայությունը ևս
մի Տիեզերք է, կազմված անհաշվելի պայծառ աստղերից: Այս Տիեզերքը կազմող
յուրաքանչյուր հայը ազգային մեծագույն արժեք է:
Այս իրավիճակում պետության դերը մեծ է և շատ կարևոր:
Պետությունը, որպես ազգային բարեկեցության ու անվտանգության
երաշխավոր, պիտի հայտարարի, որ ամեն հայի կյանքը, լինի Հայաստանում թե
Սփյուռքում, անփոխարինելի ազգային արժեք է: Պետությունը պիտի ստեղծի այն
միջավայրը, որում ամեն անհատականություն կարողանա իրեն դրսևորել:
Վերջապես պետությունը պիտի ձևակերպի անհասանելիության աստիճանի այն
հեռահար նպատակները, որոնց իրականացման ճանապարհին պիտի համախմբվեն
ազգի անհատականությունները, իրենց կարողությունները բացահայտեն ու կայանան
անհատականությունների սերունդներ:
Որպես տարբերակ, առաջարկում եմ ազգային-պետական երեք նպատակներ,
որոնք, ըստ հեռահարության, հետևյալներն են.
ա. Մոտակա նպատակ - Հայոց Արարիչ Աստծո տաճարի կառուցում
Մեր Հայ ինքնանվանումը գալիս է Արարիչ Աստծո Հայ անունից, ով հնագույն
սեպագիր տեքստերում բնութագրվել է որպես իմաստության տիրակալ: Հայ Աստծո
տաճարը պիտի կառուցվի ոչ թե որպես պաշտամունքի կենտրոն, այլ՝ որպես
իմաստության ու գիտության տուն, որտեղ պիտի հետազոտվեն ու վերականգնվեն
մեր հեռավոր նախնիների պատմությունն ու մոռացված գիտելիքները: Այս
ճանապարհով պիտի ամբողջացվի ազգային ինքնության ճանաչողությունը:
բ. Հեռահար նպատակ - Հայքի տարածքային ամբողջականացում
Հայաստանը և համայն հայությունը համագործակցելով պիտի հասնեն
տնտեսական, ռազմական և մտավոր զարգացման այնպիսի աստիճանի, որպեսզի
առաջին իսկ հարմար առիթի դեպքում կարողանան պատմական Հայքը միավորել մի
պետականության մեջ և այնտեղ համախմբեն ողջ հայությանը:
գ. Գերհեռահար նպատակ - Մարդկության փրկություն
Երբ մեզ հաջողվի իրականացնել առաջին երկու նպատակները, ապա
մարդկությունն ինքն է հետևելու մեզ և Հայոց Արարիչ Աստծո տաճարում
բացահայտված գիտելիքները նրա համար դառնալու են ապրելակերպի ուղենիշ: Ողջ
մարդկությունը որդեգրելու այն միակ ճշմարիտ աստվածապաշտությունը, որը
վերականգնվելու է Հայ Աստծո տաճարում:

Երբ մեզ հաջողվի կառուցել Հայ Աստծո տաճարը, միավորել Հայքը մի


պետության մեջ և ողջ հայությանը հավաքել այնտեղ, երբ հաջողվի մարդկությանը
ցույց տալ զարգացման ճիշտ ճանապարհը, մեր առջև կբացվի նոր նպատակների
հորիզոնը: Եւ այդպես շարունակ այնքան ժամանակ, մինչև որ Տիեզերքի Արարիչը
կհասնի իր նպատակին:
Կտեսնվենք այնտեղ, այն ժամանակ:

You might also like