You are on page 1of 12

Մարինե Պետրոսյան

բանաստեղծություններ

ՁՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

էս անձրեւը անծանոթ մեկի ուրախությունն ա


որ թափվում ա իմ վրա կատաղի
ասում ա մոռացի մոռացի դարդերդ
մոռացի գործերդ մոռացի հիմարներին
իրանք էնքան շատ են դու իրանց բոլորին
չես կարա մեկ ա չես կարա ուղարկես գրողի ծոցը
ասում ա մոռացի մոռացի ամեն ինչ ինձանից բացի
ես ձրի եմ ասում ա
ուրախությունը միշտ ա ձրի
ես ջրերն եմ որ կային էն ժամանակ երբ ուրիշ ոչ մի բան չկար
մնացած ամեն ինչ ինձանից հետո եղավ
մնացած ամեն ինչ կարող ա նորից չքվի ու վերանա
իսկ ես էն եմ ինչը չի վերանա երբեք
ես ջրերն եմ որ փայլում են արեւի տակ աննպատակ
ես ջրերն եմ որ թափվում են երկնքից աննպատակ
ես քո հայրենիքն եմ ասում ա անձրեւը
դու ինձանից ես ծնվել

ՎԱՅՐԻ ՇՈՒՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առաջ տուն ունեի հիմա տուն չունեմ


էս փողոցներն են իմ տունը
անձրեւ եկավ կանգնեցի ծառի տակ
ու սպասեցի որ վերջանար
հետո քայլում էի իմ համար աննպատակ
թաց մայթերով
ու մեքենաները սլանում էին կողքովս
ջուր շաղ տալով էս ու էն կողմ
ու թրջելով հագուստս
մութն ընկավ
մտա էս սրճարանը
ու հիմա նամակ եմ գրում քեզ
դեռ լավ չեմ հասկացել թե ինչի մասին
հա երեւի էն մասին որ հիմա ես տուն չունեմ
որովհետեւ ինձ տուն պետք չի
հիմա ես նման են վայրի շուշաններին
որոնց մասին ո՞վ էր ասել լավ չեմ հիշում
հա հիմա ես նման եմ վայրի շուշաններին
որովհետեւ գիտեմ էս նամակը դու չես կարդալու
կարդալու են ուրիշները

ԵՍ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԸ

սիրտս ցավում էր
գնացի կանգնեցի անձրեւի տակ ցավը անցավ
հետո քայլեցի քայլեցի շատ երկար
ու մոռացա ինչ որ պատահել էր իմ հետ
հիշեցի բաներ որ ուրիշ տեղ ուրիշների հետ էին պատահում հենց հիմա
մտա դրանց մեջ ու դարձա ուրիշ մարինե
իսկ անձրեւը շարունակում էր գալ
տաք թեթեւ ամառային անձրեւ էր
բարեւ, ասեց ինձ անծանոթ մեկը զարմացած նայելով դեմքիս
բարեւ, ասեցի ես, ու ժպտացի

ՄԱՐՄՆԻ ԹԵԹԵՎՈՒԹՅՈՒՆԸ

երջանկությունը
առարկաների թեթեւությունն ա
մարմնի թեթեւությունը
շարժումների թեթեւությունը
երբ որ առարկաները չեն ցավացնում
շարժումները չեն ցավացնում
խոսքը չի ցավացնում
տգեղությունը չի ցավացնում
կոպտությունը չի ցավացնում
հիշողությունը չի ցավացնում
անցյալը չի ցավացնում
ապագան չի ցավացնում
որովհետեւ երբ որ շատ ես երջանիկ
անցյալ չկա
ու ապագա չկա
ամեն ինչ դառնում ա ներկա
ամեն ամեն ինչ գալիս լցվում ա ներկայի մեջ
ու դառնում ա ուրախություն
շատ ուրախություն
ուրախություն առանց սահմանների
առանց սեւ խոռոչների
երջանկությունը
բոլոր չափումներից դուրս գտնվող էն տարածքն ա որտեղ
ես ու դու
տարբեր չենք իրարից
մենք նույնն ենք
երջանկության մեջ

ԿԱՐՄԻՐ ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ

կարմիր ծաղիկ
ինչի՞ ես դու էսքան սիրուն
ինչի՞ ես խոստանում էն
ինչը որ չի լինելու
խոստանում ես հետո մարդիկ գնում
ցած են քցում իրանց կիեւյան կամուրջից
իսկ դու օրորվում ես քամու տակ
կարծես բան էլ չի պատահել
կարմիր կարմիր ծաղիկ
եթե անգամ ոչխարը քեզ ուտի
մեկ ա դու նորից կբուսնես
մի քանի քայլ էն կողմ
կբացես կարմիր թերթիկներդ
ու կժպտաս նորից
ոչխարին թրիքին ու մարդուն
հավասար

ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

քայլեցի քայլեցի քայլեցի


բայց ամեն ինչ նույնն էր
փողոցները փոխվում էին
բայց ամեն ինչ նույնն էր
մարդիկ փոխվում էին
բայց ամեն ինչ նույնն էր
եղանակը փոխվեց
սկսեց անձրեւ գալ
բայց էլի ամեն ինչ նույնն էր
հետո օրը փոխվեց
լուսաբաց արեց
սիրուն լուսաբաց
սիրուն խաղաղ գժվելու լուսաբաց
բայց էլի նույնն էր նույնն էր ամեն ինչ
մարինե կարո՞ղ ա դու գիժ ես
ի՞նչ ես ուզում
բայց էս էլ ա նույնը
հին պատմություն ա
շատ հին պատմություն

ԳԱՅԼԵՐԸ ԽՄԲՈՎ

երազիս մեջ
ես պուճուր էի
երեւի երեք
տարեկան
իսկ դու մեծ էիր կարգին
քո էսօրվա չափ
մեծ
ու ես տեսնում էի
որ գայլերը մոտենում են
խմբով
բայց ես չգիտեի
իրանց ոնց են ասում
ես չգիտեի էդ բառը
գայլ
դու էնքան բարձր էիր
որ իմ լացը
մեկա չէիր լսի
բայց ես չէի լացում
ես մենակ
նայում էի
ես կանգնել նայում էի
ոնց ես դու դանդաղ
հեռանում
ես կանգնել նայում էի
ոնց են գայլերը
մոտենում

ԱՐԹՈՒՐ ԽԵՄՉՅԱՆԻՆ

մարդը գալիս ա
չգիտես որտեղից
մարդը գնում ա
չգիտես ուր
իսկ արանքում էս կյանքն ա
երբեմն ուրախ
ավելի շատ տխուր
իսկ արանքում մարդիկ են
հազար հազար
միլիոն միլիոն
դու իրանց հարցեր մի տուր
իրանք պատասխան չունեն
իրանք քո նման
եկել են չգիտես որտեղից
իրանք քո նման
գնում են չգիտես ուր
ու եթե դու
հենց նոր կորցրիր
իրանք գուցե
երբեք չեն ունեցել
էն մեկին ու էն միակին
որի հետ կյանքը
ավելի շատ ուրախ ա
քան թե տխուր

ՍԻՐՈՒՆ ԴԱՆԱԿՆԵՐ
սիրուն ծաղիկ
աճեցիր մեջս
ցողուն տվեցիր
հիմա բացել ես թերթիկներդ`
սիրուն դանակներ:

բա հիմա ես ո՞նց շնչեմ


հենց շնչեցի
արյուն եմ դառնալու
ոտքից գլուխ

ԱՎԵԼԻ ԿԱՐՄԻՐ ՔԱՆ ԿԱՐՄԻՐԸ

պատուհանից
երեւում են վարդերը
որ ուզում էի քաղել
ավելի կարմիր քան կարմիրը
ավելի վարդ քան վարդը
բայց ես մատներ չունեմ արդեն
որ վարդերը քաղեմ
ուզում էի դուռը բացել
մատներս մնացին
դռան տակ

ՑՈՒՐՏ Ա

ցուրտ ա
մի տեսակ ուրիշ ցուրտ ա
վառարանը վառում եմ չի անցնում
օղին խմում եմ չի անցնում
չէ չի անցնում ավելի ա շատանում
երգի նման ա
երգի նման ցուրտ ա
ուր գնում եմ հետս գալիս ա
ես սիրեցի էս ցուրտը
իմ նոր ընկերն ա
չի խոսում բայց ամեն տեղ կա
ոնց որ օդ լինի
շնչում եմ չի վերջանում
ինչքան շնչում եմ էնքան շատանում ա
լցնում ա ամեն ծակուծուկ
ուրիշ բան չկա մենակ ինքն ա
ցուրտ ա

ՋՐԵՐԻ ՎՐԱՅՈՎ ՔԱՅԼՈՂԸ

ոտքս դրեցի ջրին


ջուրը պահեց
կարող ա երազ էր
բայց կարող ա ոչ էլ երազ էր
ուղղակի մոռացել էի ամեն ինչ
աշխարհը մոռացել էի
նույնիսկ տառերը չէի հիշում
նույնիսկ երկուսն ու երեքը չէի հիշում ինչ ա
աշխարհը չկար
մենակ դու կայիր
ոտքս դրեցի ջրին
ջուրը պահեց

ՇՈՒՆ ՇՈՒՆ

ախ ինչ սիրուն անձրեւ ա


տաք ու սիրուն
թափվում ա վրաս
անցնող դարձողների վրա
մայթին կանգնած շան վրա
բայց էս շունը
ինչի՞ ա կանգնել մնացել
ինչի՞ չի թաքնվում
մտներ մի մուտք ասենք
պատսպարվեր անձրեւից
շանը հատուկ տուն պետք չի
շան համար ամեն տեղ տուն ա
բայց էս շունը ինչի՞ ա սենց կանգնել մնացել
ինչի՞ չի փախնում
կարո՞ղ ա ինքն էլ ա ջոկել ինչքան սիրուն ա էս անձրեւը
անկապ սիրուն
ոնց որ բանաստեղծություն լինի
քեզանից բան չի ուզում
քեզ բան չի տալիս
ուղղակի թափվում ա վրադ ու լավ ես զգում
շուն շուն
ես սիրեցի քեզ
ու քո մասին բանաստեղծություն գրեցի
ափսոս չես կարող կարդալ
բայց կապ չունի
սիրուն ա չէ՞

ՑՈԳՈԼ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

տեսնես ինչի՞ են
էրեխեքը սիրում ցոգոլ գողանալ,
ես որ պուճուր էի,
մայիս-հունիսը ցոգոլ գողանալու սեզոն էր,
խումբ էինք կազմում, ասպատակում էինք մեր թաղի պարտեզները,
ու բացառություն չկար, մեր պարտեզն էլ էինք մտնում,
պապս ջղայնանում էր գոռգոռում էր ընկնում էր հետեւներիցս,
որ բռներ կարող ա ծեծեր մեզ, ինձ էլ կարող ա ծեծեր,
ի՞նչ էր իմ արածը,
հիմարություն էր չէ՞ երեւի,
էդ մեր պարտեզն էր, ծիրանները հասնեին ես էի ուտելու,
բայց գողանալը հավես էր,
հենց գողանալն էր հավես ոչ թե ցոգոլը,
հիմա շուկայից ցոգոլ եմ առնում էդ համը չունի,
մանկության գողացված ցոգոլի համը:
Մի անգամ դասարանով գնացենք էինք էքսկուրսիա,
եթե ճիշտ եմ հիշում` Սարդարապատ,
ու ճանապարհին ծիրանի այգիներ կային, լիքը այգիներ, ցոգոլը վրան,
էրեխեքով վրա տվեցինք ծառերին,
քաղում էինք գժի պես ուրախացած,
ու քաղելիս ջարդում էինք ճյուղերը, մեկ էլ ընկեր Խաչատրյանը մեզ տեսավ
`
հայոց լեզվի իմ շատ սիրելի դասատուն,
սկսեց գոռալ ահավոր ձայնով,
մինչեւ հիմա էդ ձայնը ականջներիս մեջ ա,
ասում էր` դուք հասկանո՞ւմ եք ինչ եք անում,
էդ գյուղացու աշխատանքն ա, իրա քրտինքը,
դուք գողանում եք իրա քրտինքը,
չգիտեմ ուրիշները ոնց, բայց ես ահագին ազդվել էի լացս գալիս էր:
Ու հիմա, տարիների հեռվից, մտածում եմ` ինչ տարօրինակ ա կյանքը,
ճիշտն ու սխալը մենակ դպրոցական դասագրքերում են իրարից քանոնով բ
աժանած,
մեկ էլ քրեական օրենսգրքում,
իսկ կյանքում ` իրար հետ գրկախառնված են,
ու ցոգոլ գողանալը մի քիչ նման ա սեքսի,
………………
ու քանի որ մարդը սեքսից ա ծնվում,
երեւի դրա համար էլ ամեն մեկիս մեջ կա ցոգոլ գողանալու ցանկությունը
մանկուց

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴՐԱԽՏԸ

մարդ չկա
էս որտե՞ղ եմ ես
ինչ լավ ա ստեղ
էս ի՞նչ ձայն ա
մարդու ձայն չի
բա ի՞նչ ձայն ա էս
առարկաներից ա գալիս
մի տեսակ ղժժոց ա
մի տեսակ ղժժում են առարկաները
բայց շատ թեթեւ
էնքան որ զգաս իրանք կան
որ լավ են զգում իրանց
էս դրախտն ա երեւի
առարկաների դրախտը
ես չեմ մահացել
ես փոխվել եմ առարկայի
էս ինչ հավես ա ստեղ

ԳԵՏԸ ԽՆՁՈՐՆԵՐ Ա ԲԵՐՈՒՄ


խնձոր
էլի խնձոր
գետը խնձորներ ա բերում
ես պառկած եմ ափին
կաթիլ
էլի կաթիլ
երկինքը կաթում ա վրաս
էս որտե՞ղ ա չեմ հասկանում
ո՞նց եկա էս կողմերը
ոչինչ չեմ հիշում
բայց ի՞նչ կարեւոր ա
կարեւորը – գետը խնձորներ ա բերում
ու երկինքը իմն ա
սաղ երկինքը իմն ա
մեղրի պես կաթում ա վրաս

ԴՈՒ ԻՄ ՀԵՌԱՎՈՐՆ ԵՍ

էսօր երազումս քեզ եմ տեսել


չեմ հիշում ինչ էիր անում
բայց ի՞նչ կարեւոր ա
կարեւորը
հիմա նստել նայում եմ համակարգիչիս էկրանին
ու զգում եմ
ոնց են սենյակիս բոլոր առարկաները
ձգվել
բարձրացել թաթերի վրա
ու նայում իմ հետ նույն ուղղությամբ
սիրիր մերձավորիդ ոնց որ անձը քո
ասում էր ջրերի վրայով քայլողը
դու իմ մերձավորը չես
դու իմ հեռավորն ես
բայց ես սիրում եմ քեզ
ոնց որ անձը իմ

ԵՐԲ ՈՐ ԵՍ ՉԵՄ ԼԻՆԻ ՉԻ ԼԻՆԻ ԷՍ ԱՇԽԱՐՀԸ


ես երեւի չհասցնեմ տեսնել
իրա բոլոր ծակուծուկերը
ափսոս
բայց մեկ ա
իմն ա էս աշխարհը լրիվ
իմն են իրա բոլոր բոլոր ծակուծուկերը
աղվամազիկներն ու փոսիկները
իմն ա ինչ որ կա
ես կամ դրա համար էլ կա էս աշխարհը
երբ որ ես չլինեմ չի լինի էս աշխարհը
կլինի բոլորովին ուրիշ աշխարհ

ՈՒ ՀԻՄԱ ԷՍ ՔԱՂԱՔՆ Ա ՓՌՎԱԾ ՔՈ ԱՌԱՋ

օրերը վազեցին ու անցան վազեցին ու անցան


ու հիմա էս քաղաքն ա փռված քո առաջ
էս քաղաքը որի մայթերին
հանգիստ շարած ա ամեն ինչ
ամեն ինչ որ դու շատ երկար շատ երկար
փնտրեցիր ու գտար
բայց գտնելուդ ճանապարհին
կորցրիր լիքը բան որ թանկ էր քո համար

ու հիմա դժվար ա հասկանալ


դու ուրախությունի՞ց ես լալիս
տեսքի՞ց էս շքեղ քաղաքի որ փռված ա քո առաջ
ու որի մայթերին հանգիստ շարած ա ամեն ինչ
ամեն ամեն ինչ որ դու շատ երկար
փնտրեցիր ու գտար
թե՞ տխրությունն ա քո սիրտը լցրել
էն բոլոր բաների համար
որ կորցրիր քո փնտրելու ու գտնելու ճանապարհին
էն բոլոր բաների որ թանկ էին քո համար

ՍԱՌՈՒՅՑՆԵՐ ԽՆՁՈՐՆԵՐ

ախ էս ինչ աշուն ա
խնձորները ծառերի վրա են ձեռքդ մեկնի ու կեր
ոչինչ որ հետո տերեւները կթափվեն ձյուն կգա
ձյունն էկել ա արդեն
նայի` խնձորները սեղանին են, ձեռքդ մեկնի ու կեր
էս քո տունն ա
էս էլ ա քո տունը
եթե դուռը բաց ա ուրեմն քոնն ա էս տունը
ու խնձոր ա դրած սեղանին
մարինե խնձոր ա դրած սեղանին քո համար
բայց ո՞վ ա դրել
ով որ դրել ա մոտերքում ա երեւի
լվացել ա խնձորները դրել ա սեղանին
ու խնձորները դեռ թաց են լրիվ
փայլում են լույսի տակ
իսկ դրսում ձմեռ ա արդեն ու քամին տարուբերում ա ծառերը
քամին բարձրացնում ա ձյունն ու խփում ա ապակուն
էն ո՞վ ա դրսում
ասա թող ներս գա
բայց ինքը չի լսում քեզ իրա համար գարուն ա դեռ
ինքը տուն չունի ինքը ոչ մի տեղ տուն չունի
ինքը սառույցների վրայով ա քայլում
դու ճանաչում ես իրան որովհետեւ հիշում ես
բայց ինքը չգիտի քեզ ինքը ո՞նց հիշի քեզ մարինե

You might also like