You are on page 1of 2

Դրամավարկային քաղաքականություն

Արժութային քաղաքականություն Տպել

ՀՀ կենտրոնական բանկի արժութային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության


արժութային պահուստների արդյունավետ կառավարման միջոցով ՀՀ դրամի հուսալիության ու
միջազգային հեղինակության բարձրացմանը, ընթացիկ արժութային գործառնությունների և կապիտալի
շարժի, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ իրավատնտեսական դաշտի
ստեղծմանը: Այդ նպատակների իրականացման համար հայտարարվել է համապատասխան
արժութային ռեժիմ, մշակվել են արժութային համակարգի գործունեության սկզբունքները և սահմանվել
օրենսդրական կարգավորման շրջանակները:

Արժութային ռեժիմ
ՀՀ կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը համահունչ
է ազատականացված կապիտալի հաշվի գործարքների և անկախ դրամավարկային
քաղաքականության իրականացման սկզբունքներին: Կենտրոնական բանկի միջամտությունը
արժութային շուկային իրականացվում է` ելնելով դրամավարկային քաղաքականության
նպատակներից: Շուկայում ձևավորված փոխարժեքների հիման վրա Կենտրոնական բանկը
հրապարակում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված
միջին փոխարժեքները:

Արժութային կարգավորման դաշտի համառոտ նկարագրություն


Արժութային կարգավորման դաշտը ներառում է Հայաստանի Հանրապետությունում արժութային
գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և
օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում
արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:

ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և


դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների
կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են
Հայաստանի Հանրապետության դրամով:

Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման,


ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային
վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և
իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող
հատուցումները ապահովագրավճարներն և ապահովագրական հատուցումները, ընդունվում են
Հայաստանի Հանրապետության դրամով:

ՀՀ տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում դրամական


(փողային) ներդրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով: ՀՀ տարածքում
փողային շահումները կարող են գովազդվել և տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

Ներքին արժութային շուկայում ինչպես ՀՀ ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտները առանց


սահմանափակումների և իրենց համար նախընտրելի փոխհամաձայնեցված փոխարժեքով
իրականացնում են արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ Կենտրոնական բանկի և
Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց` բանկերի, օտարերկրյա բանկերի` ՀՀ գործող
մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների,
լիցենզավորված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձանց
(արժութային դիլերներ-բրոքերներ), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց
(փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառք սակարկություններ կազմակերպող անձանց
միջոցով:

Ազատականացված է ինչպես վճարային համակարգի, այնպես էլ ՀՀ տարածքում գործող բանկերի


կողմից հաճախորդների սպասարկման հետ կապված արժութային գործառնությունների
իրականացումը: ՀՀ տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ
բանկերի` ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերը կարող են սպասարկել միջազգային պրակտիկայում
ընդունված բոլոր տեսակի հաշիվները: Նման սկզբունք է գործում նաև ռեզիդենտների կողմից
օտարերկրյա բանկերում միջազգային բանկային պրակտիկայում կիրառվող հաշիվների բացման
ոլորտում:

Առանց սահմանափակումների իրականացվում է մինչև 10 հազար ԱՄՆ դոլարի համարժեք կանխիկ


արտարժույթի, այլ արժութային արժեքների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված
մետաղադրամների) և գանձապետական տոմսերի, ինչպես նաև ճանապարհային չեկերի Հայաստանի
Հանրապետություն ներմուծումն ու Հայաստանի Հանրապետությունից արտահանումը: Նշված գումարը
գերազանցող արժութային արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող
պետությունից ներմուծելու կամ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող
պետություն արտահանելու դեպքում պահանջվում է մաքսային հայտարարագրում:

Ազատականացված են նաև կապիտալի շարժի հետ կապված գործառնությունները (ուղղակի և


պորտֆելային ներդրումները, անշարժ գույքի նկատմամբ սեփականության և այլ իրավունքների
ձեռքբերման վճարների փոխանցումները, երկարաժամկետ (180 օրվանից ավելի) ֆինանսական
միջոցներով գործառնությունների իրականացումը): Սակայն Կենտրոնական բանկը ֆինանսական
համակարգի կայունության պահպանման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների
շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, վիճակագրական կամ
տնտեսական ռիսկերի կանխարգելման և վիճակագրական նպատակներով կարող է սահմանել
կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքների իրականացման կարգ ու պայմաններ:

Անդամակցումը Արժույթի միջազգային հիմնադրամին


1992 թվականի ապրիլի 28-ին Հայաստանն անդամակցվելով Արժույթի միջազգային հիմնադրամի`
ընդունել է Համաձայնագրի VIII հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ բաժիններով նախատեսված
պարտավորությունները: Սրանով Հայաստանը միջազգային հանրությանը հավաստիացնում է, որ
վարելու է հուսալի տնտեսական քաղաքականություն` օժանդակելով սահմանափակումներից զերծ
բազմակողմանի վճարումների համակարգի զարգացմանը:

• Հայտարարություն ՀՀ կենտրոնական բանկի արժութային քաղաքականության վերաբերյալ


• «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը հաստատելու եւ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած
ճանաչելու մասին
• Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների կողմից աշխատանքների կատարման,
ծառայությունների մատուցման համար արտարժույթով վճարումների իրականացման» կարգ
• Կարճաժամկետ վարկերի ժամկետայնությունը եւ փոքրածավալ գումարների չափը

You might also like