You are on page 1of 10

ԵԴԵՄԻ ԻԾԱԳԻՐ ԱՐԽԻՎԸ

The Goat-Writing Archives of Eden

(հատված անտիպ մենագրությունից)

Համլետ Մարտիրոսյան

ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

1
ԱՌԱՋԱԲԱՆ

Այս աշխատությունը նվիրված է Եդեմի արխիվին, իմա՝ աշխարհի հնագույն


գրերին ու այդ գրերի լեզվին: Աշխարհի ենթադրյալ առաջին գրին ու այդ գրով
գրառված առաջին տեքստերին «Եդեմի արխիվ» բնորոշում է տվել XVIIIդ փիլիսոփա
և աստվածաբան Ջ. Գ. Հերդերը (1744 –1803թթ): 1 Ըստ Հերդերի, Եդեմի արխիվը գրվել է
աշխարհի հնագույն գրով, մարդկության նախնական լեզվով և առաջին ազգի
մարդկանց կողմից: Հերդերը գտնում էր, որ այդ արխիվի հայտնաբերմամբ
մարդկությունը ձեռք կբերի հնագույն պատմությունը ճանաչելու բանալին: Հերդերի
մտքերը բխում են Ծննդոց գրքի ոգուց և չեն կարող արժանանալ այն պիտակներին
(ազգայնականություն, ռասիզմ և այլն), որոնք ծնվեցին Հերդերից մոտ 200 տարի անց՝
երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ծննդոց գրքի ոգին իր եռահատոր «Հայոց պատմություն» աշխատության
հիմքում դրեց նաև Մխիթարյան միաբանության անդամ, աստվածաբան, պատմաբան
Միքայել Չամչյանը (1738-1823թթ)՝ Ջ. Գ. Հերդերի ժամանակակիցը: Մ. Չամչյանն իր
առաջին հատորի «Ի վերայ լեզուին Հայոց, թէ իցէ առաջին» վերնագրի տակ պնդում է,
որ «այն առաջին բարբառ, որով խօսէին մարդիկ Ադամայ անտի մինչև ցբաժանումն
լեզուաց, հայոցն էր, որ և մնաց մինչև ցայժմ»: 2 Հայոց լեզուն Չամչյանն անվանում է
նաև «բնիկ լեզու Ադամեան» և գրում. «Իսկ արդ՝ այն լեզու որով խօսէր Նոյ և որդիք իւր
անդ ի Հայաստան, ո՛չ խառնեցավ, և ո՛չ բարձավ, և ո՛չ յայլ փոխեցավ, այլ՝ է նոյն, որ
այժմ կա ի Հայաստան, ապա յայնժամ Հայաստանս կամ հայոց լեզվաւ խօսէին Նոյ և
որդիք իւր»: 3
Շատերի կողմից ու առավել հաճախ ադամական լեզու է համարվել
եբրայերենը: Անշուշտ սա Հին Կտակարանի հզոր ազդեցության սուբյեկտիվ
արդյունքն է: Նման տեսակետ արտահայտողներն անտեսում են այն իրողությունը, որ
Ծննդոց գրքի հիմնական նյութը (արարչություն, Եդեմի նկարագրություն, ջրհեղեղ,
աշտարակաշինություն և այլն) միջագետքյան սեպագիր աղբյուրների եբրայերեն
հակիրճ վերապատումն է: Այս պարագայում եբրայերենը պարզապես միջնորդ է հին
գրավոր աղբյուրների ու ժամանակակից մարդու միջև: Նման տեսակետի հիմքեր
չկան նաև այն պարզ պատճառով, որ հին եբրայերենը, որպես անկախ լեզու,
ձևավորվել է Ք.ա. II հազարամյակի վերջերին:
Ինչ վերաբերում է հայերենին, ապա սա այն աշխարհագրական տարածքի
լեզուն է, որտեղ, ըստ շումերական աղբյուրների ու Ծննդոց գրքի, Աստված շինեց
Եդեմը, բխեցրեց առաջին աղբյուրը և արարեց մարդուն, որտեղ ջրհեղեղից փրկվեց ու
վերածնվեց մարդկությունը: Այս սրբազնագույն տարածքում են Սյունիքի
ժայռապատկերները՝ մեր քննության նյութը: Մեր այս աշխատանքում խնդիր ենք դրել
ցույց տալ, որ Հայաստանի ժայռապատկերները աշխարհի հնագույն գաղափարագիր
գրային համակարգն է, գաղափարագրման լեզուն հայերենն է, որ նրանից են ծագել
Հին Աշխարհի բոլոր գրային համակարգերը (շումերական, եգիպտական, դանուբյան,
հարապպյան և այլն), իսկ որպես գրավոր սկզբնաղբյուր՝ այն Եդեմի արխիվն է:

1
. http://en.wikipedia.org/wiki/Johann_Gottfried_Herder
2
. Մ. Չամչյան, Հայոց պատմություն, հ. Ա, Երևան, 1985, էջ 153, տես նաև՝ Ա. Ութուջյան, Հայ
ժողովրդի ծագման Միքայել Չանչյանի տեսությունը, Հայկական լեռնաշխարհը հայոց և
համաշխարհային քաղաքակրթության բնօրրան, Երևան, 2004, էջ 15
3
. Նույն տեղում, էջ 154
2
ԳԼՈՒԽ Ա

ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

3
1.1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Գիրը մարդկային քաղաքակրթության կարևորագույն հայտնագործություններից է:


Հաղորդակցման ոչ գրային միջոցները (ձայն, շարժում, դիմախաղ և այլն)
ակնթարթային են, անցողիկ ու ենթադրում են հաղորդակցվողների մերձակցություն:
Գիրը վերացրեց տարածա-ժամանակային արգելքները և մարդուն հնարավորություն
տվեց իր խօսքն ապրեցնել շատ ավելի երկար, քան սեփական կյանքի տևողությունն է
և դուրս հանել շատ ավելի հեռուներ, քան իր կենսատարածքի չափերն են: Դա իր
հերթին հնարավորություն տվեց իրարից մեծ հեռավորությունների վրա ապրող
մարդկանց փորձն ու իմացությունը կուտակել, ընդհանրացնել և ստեղծել
միասնական հոգևոր-մշակութային կենսատարածք, ինչը ազգի ձևավորման կարևոր
նախապայման է:
Մեր օրերի հետազոտողները գրի ծագման անհրաժեշտությունը բխեցնում են
ավելի ուշ շրջանում գրի կիրառման այս դրսևորումներից: Իրականում գիր ստեղծելու
անհրաժեշտությունը չի բխել մարդ-մարդ հաղորդակցման կարիքներից, այլ ծագել է
որպես մարդ-Աստված հաղորդակցման միջոց: Սույն աշխատության մեջ պիտի
հիմնավորենք այս տեսակետը: Իսկ աշխատության հիմնական նպատակն է
մանրակրկիտ և բազմակողմանի հոտազոտությունների միջոցով ցույց տալ, որ
Սյունիքի ժայռապատկերների կենդանապատկերներն ու վերացական նշանները
աշխարհի հնագույն գաղափարագիր գրային համակարգն է: Սյունիք ասելով միշտ
պիտի նկատի առնենք պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհը:
Գիտության մեջ այսօր տիրապետում է այն կարծիքը, թե աշխարհի հնագույն
գրային համակարգերը Ք.ա. 3300-3200թթ մեզ հասած շումերական և եգիպտական
պատկերագրերն են: Մյուս կողմից, հին աշխարհի պատմության հիմնարար և
սակայն դեռևս չլուծված խնդիրը հենց շումերական և եգիպտական
քաղաքակրթությունների ծագման հարցն է: Շումերական քաղաքակրթության
ակունքները հասնում են Ք.ա. 6-րդ հազ. կես (Ուբեյդ), իսկ եգիպտական
քաղաքակրթությանը՝ Ք.ա. 6 հազ. վերջ (Բադարի, Մերիմդե, Ֆայում): Այս
քաղաքակրթությունները հիմնողներն իրենց հետ Միջագետք ու Նեղոսի հովիտ են
բերում զարգացած երկրագործական և անասնապահական մշակույթ,
Ճարտարապետություն, արհեստներ, դիցաբանություն և գիր: Հնագիտական
տվյալները հիմնավորապես ցույց են տալիս, որ Ք.ա. VI հազ. նախորդող
ժամանակաշրջանի Միջագետքում և Նեղոսի հովտում այդ մշակույթների փուլային
զարգացման հետքերը բացակայում են: Գիտության մեջ ձևակերպված «ովքե՞ր էին
այդ մշակույթի կրողները և որտե՞ղ էր նրանց նախահայրենիքը» հարցադրման
պատասխանը դեռևս բացահայտված չէ: Այս խնդրի լուծման իրական ուղին թերևս
հայտնի եգիպտագետ Բ. Էմերիի առաջարկն է. «Իրականում հենց ինչ որ մի «երրորդ
կողմի» գոյությունը, ում մշակութային ձեռքբերումները մատչելի դարձան, ընդ որում
միանգամայն անկախ, ինչպես Եգիպտոսին, այնպես էլ Միջագետքին, լավագույնս
կբացատրեր այդ քաղաքակրթությունների միջև ընդհանուր գծերի գոյությունը և
միաժամանակ՝ արմատական տարբերությունները»: 4
Դեռևս XIXդ վերջին և XXդ սկզբին կարծիքներ էին հայտնվել, թե շումերական և
եգիպտական քաղաքակրթությունները ստեղծողները Հայկական լեռնաշխարհի

4
. W.B. Emery, Archaic Egypt, Edinburg, 1961
4
բնիկներն էին: 5 Նախկինում պատշաճ ուշադրության չարժանացած այս տեսակետը
ներկայումս ունի հնագիտական անհերքելի հիմնավորումներ: Վերջին մի քանի
տասնյակ տարիների ընթացքում պատմական Հայաստանի տարածքում կատարված
պեղումների արդյունքները (Çayönü, Hallan Çemi Tepesi, Hassuna, Göbekli, Nevali Çori,
Nemrik, Kurtik և այլն) ցույց են տալիս, որ Տիգրիս և Եփրատ գետերի վերին
հոսանքներում Ք.ա. XII-VII հազարամյակներում գոյություն է ունեցել զարգացած՝
երկրագործությունը յուրացրած և տաճարական համալիրներ կառուցող միասնական
մշակույթ: 6 Այս քաղաքակրթության կրողները և նրանց սերունդներն են նորի քարի
դարում բնակեցնում Հայկական լեռնաշխարհից մինչև Նեղոսի հովիտ ու Ստորին
Միջագետք ընկած տարածքները: Ք.ա. VII հազարամյակում հասնելով Նեղոսի հովիտ
ու Ստորին Միջագետք, նրանք հիմնում են առաջին բնակավայրերը և դնում
դասական եգիպտական ու շումերական քաղաքակրթությունների հիմքերը: Նրանք
իրենց հետ Նեղոսի հովիտ ու Ստորին Միջագետք են տանում նաև այն
նշանագրությունը, որը ստեղծվել էր Սյունիքի ժայռապատկերները փորագրողների
կողմից:
Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն
ամենահին ու ամբողջական հնագիտական նյութը Սյունիքի ժայռապատկերներն են:
Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն իրենց քանակով, կատարման
տեխնիկայով, նշանների բազմաքանակությամբ ու սյուժեների բազմազանությամբ
աշխարհում չունեն իրենց նմանակը: Ցավոք սրտի, առայժմ չեն հետազոտվել նաև
հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի
առնչությունները: Սույն աշխատանքում փորձ է արվելու լրացնել նաև այդ բացը:

1.2. ՍԿԶԲՈՒՄ ԸՆԹԵՐՑՈ՞ՂՆ ԷՐ, ԹԵ՞ ԳՐՈՂԸ

Գրի ծագման անհրաժեշտությունը տարածության վրա խոսքի փոխանցման


անհրաժեշտությունից չի բխել: Միևնույն է, գրառված խոսքը տարածության մի կետից
մի այլ կետ պիտի տեղափոխվեր մարդու միջոցով: Նույն հաջողությամբ նա կարող էր
A կետից B կետ տեղափոխել բանավոր խոսքը, ինչն անում էր օրինակ Էնմերքարի
դեսպանորդը: 7 Շումերական այս ասքում փորձ է արվում գրի ստեղծման
անհրաժեշտությունը բացատրել այն հանգամանքով, որ հերթական անգամ
Արատտա ուղարկվելիք խոսքն այնքան բարդ էր, որ դեսպանորդը չկարողացավ այն
հիշել: Էնմերքարը ստիպված եղավ հնարել գիրը, իր ուղերձը գրառել կավե սալիկի
վրա և այն դեսպանորդի միջոցով ուղարկել Արատտայի գերագույն քուրմին:
Շումերական ասքի այս դրվագը չի կարող գրի ստեղծում դիտվել նախ այն
պարզ պատճառով, որ փաստորեն անտեղյակ լինելով Էնմերքարի «ստեղծած» գրի
սկզբունքին, այնուամենայնիվ Արատտայի գերագույն քուրմը ընթերցում է այդ

5
. The Cambridge Ancient History, ed. by J. Bury et al, v.1, Cambridge, 1928; I. J. Gelb, Hurrians and
subarians, Chicago, 1944
6
. Տես CANeW հնագիտական նախագծի տվյալները: http://www.canew.org/download.html
7
. Տես՝ «Էնմերքարը և Արատտայի գերագույն քուրմը» շումերական ասքը.
http://etcsl.orinst.ox.ac.uk/cgi-bin/etcsl.cgi?text=c.1.8.2.3&display=Crit&charenc=gcirc# կամ
Энмеркар и верховный жрец Аратты, Вестник лревней истории, №4, 1964, ст. 205
5
ուղերձը: Այս դրվագից կարելի է միայն մի եզրակացություն անել՝ այն է, որ մինչ
Շումերում գրի հայտնվելը այդ նույն գիրը վաղուց գործածության մեջ էր
Արատտայում; Այլապես Արատտայի գերագույն քուրմը այն չեր կարող ընթերցել: Այդ
գրին ծանոթ էին և Արատտայի գերագույն քուրմը, և Էնմերքարը, իսկ վերջինս, ըստ
ասքում առկա տվյալների, ծագումով Արատտայից էր:
Շումերական հիշյալ ասքը գրի ծագման անհրաժեշտությունը բխեցնում է
տարածության վրա մարդկանց հաղորդակցման անհրաժեշտությունից: Մոտ
չորսուկես հազարամյակ առաջ գրառված այս տեսակետը գործնականում չի փոխվել
և այսօր էլ գրի ծագման վերաբերյալ գիտական տեսակետներից տարածվածն ու
ընդունվածն այն է, թե գիրը ծագել է որպես մարդկանց փոխադարձ հաղորդակցման
միջոց: 8 Ելնելով այս տեսակետի վրա հիմնված ըմբռնումներից, գիտնականները հին
քարե դարի ժայռապատկերները համարում են նախագրային փուլ, այն համարելով
«նկարագրման-պատկերագրման եղանակ»: Գրի ծագումն ուսումնասիրող
առաջատար գիտնականներից Ի. Ե. Գելբը գրում է, թե նկարը, որպես արվեստի
ստեղծագործություն, հստակ չի սահմանազատվում հաղորդակցման միջոց ծառայող
նկարից: Ապա ավելացնում է, թե «Նկարագրման-պատկերավորման եղանակների
կիրառման լավագույն նմուշներն առկա են Հին ու Նոր աշխարհների
ժայռապատկերներում, որոնք սկիզբ առնելով հին քարե դարում՝ հասնում են մինչև
մեր օրերը»: 9
Ամեն ինչ ճիշտ է ասված ու բնութագրված, սակայն բացառապես միայն այն
տեսակետի շրջանակներում, թե իբր գիրը ծագել է որպես փոխադարձ
հաղորդակցման միջոց: Նաև շեշտենք, որ հին քարե դարի ժայռապատկերների
վերաբերյալ Ի. Ե. Գելբի (և նրան հետևողների) կարծիքը անշուշտ չի վերաբերվում
հայկական ժայռապատկերներին, քանի որ նա ծանոթ չէր դրանց, ծանոթ չէր
հայկական ժայռապատկերների վերացական նշանագրերի համակարգին, որը
աշխարհի առաջին ու հնագույն գաղափարագիր գրային համակարգն էր, որից
հետագայում ծագեցին Հին Աշխարհի մյուս գրային համակարգերը:

8
. I. J. Gelb, A study of writing, The University of Chicago Press, 1963; (Ռուս. թարգման. И. Е.
Гельб, Опыт изучения письма, Москва, 1982) Սկսած 1970թ Դ. Շմանդ-Բեսսերատը
զարգացնում է մի վարկած, որի համաձայն գիրը ծագել է Շումերում՝ Ք.ա. IV
հազարամյակում, հաշվողական համակարգի հիման վրա (D. Schmandt-Besserat, Before
Writing; vol. 1, From Counting to Cuneiform; vol. 2, A Catalogue of Near Eastern Tokens, Austin,
University of Texas Press, 1992): Ըստ Դ. Շմանդ-Բեսսերատի, տարբեր երկրաչափական ձևեր
ունեցող (գունդ, կոն, սկավառակ, բուրգ և այլն) կավե փոքրիկ առարկաներն օգտագործվել են
որպես տարբեր ապրանքների հաշվառման միջոց, իսկ այդ երկրաչափական ձևերից ու
նրանց վրա եղած պատկերներից Ք.ա. IV հազարամյակի վերջում Շումերում հետզհետե
ծագել է պատկերագիրը: Այս կավե առարկաների հնագույն նմուշների տարիքը գնահատվում
է ~11000 տարի, պատկանում են նախախեցեղեն նոր քարե դարին և հայտնաբերվել են
պատմական Հայաստանի հարավային շրջաններում, որտեղից տարածվել են Միջերկրական
ծովի արևելյան ափեր և Զագրոսի լեռներով՝ Շումեր ու Էլամ: Չնայած ընդիմախոսների
քննադատություններին, Դ. Շմանդ-Բեսսերատը համառորեն շարունակում է իր վարկածի
համար նոր հիմնավորումներ փնտրել:
Ավելորդ չենք համարում նշել, որ այս վարկածը ևս հիմնվում է այն տեսակետի վրա,
թե գիրը (հաշիվը) ծագել է որպես մարդկանց փոխադարձ հաղորդակցման միջոց:
9
. И. Е. Гельб, Опыт изучения письма, Москва, 1982, ст. 319
6
Մենք դեմ ենք Ի. Ե. Գելբի կողմից մշակված տեսակետին ամբողջությամբ և
առաջարկում ենք որակապես այլ տարբերակ:
Իր նմանից զատ, մարդը նաև աստվածների հետ հաղորդակցվելու կարիքն
ուներ և անհրաժեշտաբար նա պիտի մշակեր աստվածների հետ հաղորդակցվելու
արդյունավետ ու հուսալի միջոց: Մեր կարծիքով նախնական գրի հասցեատերը ոչ թե
երկրորդ մարդն էր, այլ՝ Աստվածը: Գելբի տեսակետի համեմատ այս տարբերությունը
խիստ սկզբունքային է, որը կարող է բացատրել ոչ միայն գրի ծագման իրական
դրդապատճառները, այլ նաև շատ օգտակար լինել այդ գրերի վերծանման գործում:
Նախ նշենք, որ խոշոր ժայռաբեկորների վրա փորագրված նշանագրերը,
նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում, չէին կարող ծառայել որպես երկու մարդու
հաղորդակցման միջոց, որովհետև այդ ժայռաբեկորներն անհնար էր տեղաշարժել,
տեղափոխել: Հետևաբար, եթե նայենք մարդ-մարդ հաղորդակցման տեսանկյունից,
ապա ում ուղղված էր այդ ուղերձը, նա պիտի գար ժայռի մոտ: Անշուշտ նման
անհեթեթ հաղորդակցման միջոց չէր հնարվի բանավոր խոսքին տիրապետող երկու
բանական էակների միջև: Այս պարագայում մնում է պնդել, որ ժայռաբեկորների վրա
փորագրված գրությունների հասցեատերն Աստվածն էր, ում նման ձևով ուղերձ
հղելու համար գրությունը (ժայռը) տեղաշարժելու անհրաժեշտություն չկա:
Անշուշտ ժայռերից բացի, նշանագրերը կարող էին գրառվել նաև այնպիսի
առարկաների վրա, որոնց հնարավոր էր տեղաշարժել (փայտ, չթրծած կավ, կաշի):
Վերջիններս անկասկած եղել են, սակայն քայքայվել են ու մեզ չեն հասել: Մյուս
կողմից, այս նյութերի վրա հավանաբար գրել են ավելի ուշ, քանի որ նախքան
նշանագրեր գրառելը, այդ առարկաները պիտի ենթարկվեին որոշակի
նախապատրաստական մշակման: Սրանց նկատմամբ ժայռաբեկորն ունի երկու
կարևոր առավելություն. նախ ժայռաբեկորի բնականից հարթ ճակատը նման
նախապատրաստական աշխատանքներ չէր պահանջում և երկրորդ՝ բազալտե
ժայռաբեկորի վրա փորագրված նշանագիրը գործնականում հավերժությանը
համեմատ կյանքի տևողություն էր ստանում և չեր փչանում ոչ Արևի կիզիչ
ճառագայթներից, ոչ սառնամանիքից, ոչ էլ անձրևից:
Արդյունքում, մեր կողմից առաջադրվող վարկածը կարող ենք ձևակերպել
այսպես. գիրը, իր նախնական պատկերագիր-գաղափարագիր ձևի մեջ ծագել է ոչ թե
որպես մարդկանց փոխադարձ հաղորդակցման միջոց, այլ՝ ստեղծվել է որպես
մարդու կողմից Աստծուն ուղերձ հղելու միջոց և այդ գիրը փորագրվել է
ժայռաբեկորների բնականից հարթ ճակատներին:
Այժմ, ելնելով մեր ժամանակների մտածողությունից ու հեռավորությունից,
փորձենք վեր հանել այն դրդապատճառները, որոնք մարդուն ստիպեցին գիր
ստեղծել: Եթե դա մեզ հաջողվի, ապա ավելի դյուրին կլինի հասկանալ, թե նա ինչպես
ստեղծեց գիրը: Դ. Շմանդ-Բեսսերատի հետազոտություններին նվիրված և The New
York Times պարբերականում հրատարակված մի հոդված հեղինակը վերնագրել էր
այսպես. «Երբ ոչ ոք չէր կարող կարդալ, ո՞վ սկսեց գրել»: 10 «Հավն է ձվից, թե՝ ձուն
հավից» - այս հին ու հայտնի երկմտանքը նմանակող հիշյալ վերնագիրը, թեև
երգիծական երանգներով, սակայն լուրջ հարցադրում ձևակերպելու
հնարավորություն է ընձեռնում. սկզբում ընթերցողն էր, թե՝ գրողը: Ով է ումից
սովորել. ընթերցո՞ղը դարձավ գրող, թե՝ գրողից հետո ի հայտ եկավ ընթերցողը: Եթե

10
. J. N. Wilford, When no one read, who started to write?, The New York Times, April 6, F1-F2,
1999
7
պատասխանենք այս հարցին, ապա կարծում եմ կկարողանանք վեր հանել նաև գրի
ստեղծման նախնական դրդապատճառները:
XXդ առաջին կեսում քվանտային մեխանիկան ձևակերպեց դիտողի՝
փորձարարական ճանապարհով աշխարհն ուսումնասիրողի ու ճանաչողի
գաղափարը և Տիեզերքում նրա գոյության ֆունդամենտալ նշանակությունը: 11 Անցած
դարի 70-ական թվականների ձևակերպվեց Տիեզերքի առաջացման այսպես կոչված
«մարդկային սկզբունքը» (антропный принцип), համաձայն որի, Տիեզերքի հիմնարար
օրենքները և հաստատուններն այնպիսի փոխադարձ ներդաշնակությամբ են
կարգավորված, որպեսզի առաջանա բանականությամբ օժտված և աշխարհակարգն
ու նրանում գործող օրենքներն ըմբռնելու կարողություն ունեցող դիտողը: 12 Այլ կերպ
ասած, ի սկզբանէ Տիեզերքին պարտադրվում է այնպիսի օրենքներ ու
հաստատուններ, որպեսզի նրանում անհրաժեշտաբար գոյանա բանական մարդն իր
որոշակի առաքելությամբ: 13
Բնության մեջ ամեն մի արարած՝ բույս, ծառ, թե գազան, դիտող է, ունի իր
կենսապահովմանն անհրաժեշտ ու իր կարողություններին համապատասխան
հորիզոն՝ շրջան, իր Տիեզերքը, որի կենտրոնում տվյալ դիտողն է: Այդ հորիզոնի
ներսում է նա սնվում, մասնակցում ինֆորմացիոն փոխազդեցություններին,
կուտակում իր էմպիրիկ գիտելիքներն ու դրանք փոխանցում հաջորդ սերունդներին:
Ինքնագիտակցման արշալույսին, ելնելով իր էության հոգևոր-բանական
կարգավիճակի թելադրանքից, մարդը նախ գիտելիքներ էր փնտրում իր գոյությունն
ու իր աշխարհը կազմակերպող ուժերի ու կարգերի մասին: Այսպես սկսվում է
դիտողի առաքելությունը: Դրա համար նա օգտվում էր շրջապատի առարկաների ու
երևույթների հետ կապված բնական նշանները ճանաչելու, դրանցից դեպքերի ու
երևույթների տրամաբանված պատճառա-հետևանքային շղթա կազմելու և ի վերջո՝
կռահումներ կատարելու իր կարողություններից: Այդ պահից սկսած, նյութական
ուժերի դաշտում սկսում է գործել մարդու աննյութական՝ հոգևոր-բանական ուժը: Այդ
մարդը դեռ չգիտի իր գործելիք բարի ու չար գործերի ցանկը: Նա դեռ նոր-նոր է սկսել
աշխարհակարգի ճանաչման պրոցեսը և նոր է սկսել կարդալ այս կամ այն՝ ցանկալի
կամ անցանկալի բնական երևույթին նախորդող նշանները և կանխագուշակումներ
անել: Մարդը հետևում էր այն ռազմավարական վարքին, որը թելադրում էին
ընթերցված նախանշանները և նրանցով կատարված կանխագուշակման
արդյունքները: Ընդ որում, ընտրության պատասխանատվությունն ընկնում էր այն
անձնավորված ուժի վրա (Աստված), ով իր հայտնած նախանշանների միջոցով հուշել
էր տվյալ ընտրությունը:
Աշխարհաճանաչողության այս ճանապարհին, որպես հիշողության հիմնական
մեխանիզմ, ձևավորվում էր ծեսը: Սա արդեն սրբազան տարածքի ձևավորման,
աստվածների բնակության վայրի որոշակիացման ու Տաճարի շինարարության
սկիզբն էր: Ծեսը, որպես վարքի խորհրդաբանված ձև, ուներ իր «բառապաշարը,

11
. И. Пригожин, Конец определенности. Время, хаос и новые законы природы, Ижевск, 1999
12
. Б. Картер, Совпадение больших чисел и антропологический принцип в космологии,
Космология: теория и наблюдения, Москва, 1978
13 . «Մարդկային սկզբունքին» կողմնակից այն ֆիզիկոսները, ովքեր խուսափեցին հղում
կատարել աստվածային արարչությանը, զարգացրին այն թեզը, թե իբր տիեզերածնության
պահին ծնվում են անվերջ քանակի տիեզերքներ և նրանցից մեկում պատահականության
օրենքներին համաձայն առաջանում է դիտողի՝ մարդու գոյությանն անհրաժեշտ միջավայր:
8
շարահյուսությունն ու քերականությունը» 14 , այսինքն ձևակերպվում էր որպես տեքստ
այն ըմբռնմամբ, ինչ ըմբռնմամբ հետագայում պիտի ընկալվի գրավոր մշակույթում:
Քայլ առ քայլ մարդը ընթերցելով արտաքին աշխարհի նշանները, յուրացնում էր
տիեզերական այբուբենը և սովորում աստվածների լեզուն: Սա դեռևս գիր չունեցող,
սակայն արդեն ընթերցելու կարողություն ունեցող մարդն էր: Այստեղից մինչև գրի
ստեղծումը մի քայլ էր և այդ քայլը պիտի վրա հասներ այն ժամանակ, երբ Աստծո
(բնության) ուղերձներն Ընթերցողը որոշեր իր ուղերձը հղել Աստծուն:
Որպես Ընթերցող, մարդն արդեն հստակ գիտեր, որ Աստված իր խոսքն
արտահայտում է նշանների միջոցով 15 և ոչ խոսքով. Ընթերցողն է նշանները
դարձնում խոսք ու հայտնում տոհմակիցներին: Մարդն իր փորձից նաև գիտեր, որ
երկու խոսակիցներ, սկսած որոշակի հեռավորությունից, իրար տեսնում են, բայց
իրար խոսքերը չեն լսում: Նա կարող է տեսնել մինչև հեռավոր հորիզոնի գիծը, բայց
մի քանի քայլի վրա չլսել իր նմանի ձայնը: Նույն կերպ, շատ հեռու գտնվող Աստվածը
չի կարող լսել մարդկային ձայնը, բայց կարող է տեսնել մարդուն ու նրա փորագրած
նշանները: Խոսքն առավել անկայուն ու անլսելի է ուժեղ քամու, անձրևի, փոթորիկի,
բքի, ամպրոպի՝ այսինքն այն արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ մարդը
կցանկանար օգնություն խնդրել Աստծուց: Նման իրավիճակներում Աստծո
հովանավորությունն ակնկալող մարդը նախապես կարող է իր աղերսը նշանագրել
ժայռաբեկորի վրա՝ մշտապես ի ցույց Աստծո հայացքին: Այլ կերպ ասած, օգտագործել
ճիշտ նույն տեխնոլոգիան, ինչպես Աստվածն է իր նախանշաններն ուղարկում
Ընթերցողին:
Աստվածային նշաններն Ընթերցողը հետևելով այս պարզ տրամաբանությանը,
անխուսափելիորեն կհանգեր այն մտքին, որ պիտի կատարել աստվածային
նշանների ընթերցման հակառակ գործողությունը. Աստծո պատկերը և նրան ուղղված
խոսքը դարձնել նշաններ և դնել Աստծո հայացքի առջև:
Աստծուն աղոթելու համար ժամանակակից կրոնների (քրիստոնեություն,
իսլամ, հուդայիզմ և այլն) հավատացյալներն իրենց դեմքերը դարձնում են դեպի
արևելք և դեպի արևելք են ուղղորդում իրենց խոսքն ու միտքը: Մյուս կողմից, նրանք
հավատացած են, թե աղոթատեղին (եկեղեցի, մզկիթ, տաճար) Աստծո մշտական
ներկայության վայրն է: Իր համար այս խնդիրը պիտի լուծեր նաև վերին հին քարի
դարի հավատացյալը: Նա ևս Աստծո հետ հաղորդակցվելու համար կարող էր ընտրել
որևէ որոշակի ուղղություն: Սակայն այս դեպքում նրա համար անորոշ էր մնում
իրենից մինչև Աստված եղած հեռավորությունը: Այս պարագայում նրա մեջ պիտի
անվստահություն ծագեր, թե իր խոսքը կարող է Աստծուն չհասնել:

14
. А. К. Байбурин, Ритуал в традиционной культуре, СПБ, Наука, 1993
15
. Այս տեսակետից բնութագրական է հիերոգլիֆային գրի եգիպտերեն անվանումը՝ mdw ntr
= «Աստծո խոսք»: Այսինքն, եգիպտացիներն իրենց նշանագրերն ընկալում էին որպես նշանի
վերածված Աստծո խոսք: Նույն ըմբռնումն է նաև Հին Կտակարանում. մարդն անկարող է լսել
Աստծո խոսքը և Աստված մարդկանց հետ հաղորդակցվում է հրեշտակների միջոցով:
Աստված իր օրենքները հրեաներին է հանձնում ոչ թե խոսքով, այլ քարե սալիկների վրա իր
նշանագրերով և իր կողմից գրառված տեքստի ձևով (Ելից լբ, 16): Հրեական ավանդույթի
ակունքներում շումերական «Էնկին և աշխարհակարգը» դիցաբանական ասքն է: Այնտեղ
ասվում է, թե որպեսզի մարդիկ չնմանվեն գազաններին, Էնկին ստեղծում է աշխարհակարգը
սահմանող օրենքները և գրառում սալիկների վրա, որպեսզի մարդիկ այն ընթերցեն: Էնկին
սալիկները պահում էր իր մոտ, որպեսզի մարդիկ չգոռոզանան ու նմանվեն աստվածներին:
9
Ինչպե՞ս ապահովել Աստծո ներկայությունը այնտեղ, որտեղ ինքն է գտնվում:
Ի՞նչ անել, որպեսզի հնարավոր լինի Աստծուն դիմել այնպես, ինչպես խոսում է իր
դիմաց կանգնած ցեղակցի հետ: Այլ կերպ ասած, նա պիտի ծներ ու ձևակերպեր
տաճարի գաղափարն ու իրականացներ այն: Ի վերջո նա գտավ խնդրի լուծումը.
ընտրեց բազալտի մի ժայռաբեկոր ու նրա վրա գաղափարագրեց իր Աստծո անունը:
Այդ ժայռաբեկորը դարձավ մարդկության առաջին տաճարը, իսկ Աստծո անվան
գաղափարագիր պատկերը՝ առաջին գիրը: Հայացքն այդ պատկերին հառած վերին
քարի դարի հավատացյալն արդեն կարող էր իր խոսքն ուղղել Աստծուն: Այսպես
ստեղծվեց անտեսանելի Աստծո առաջին տեսանելի ձեռակերտ խորհրդանիշը:
Շրջանցելով անմահների ու մահկանացուների միջև գոյություն ունեցող
բազմաթիվ տարբերակիչ հատկանիշներն ու պատնեշները, նշանագրությամբ
հաղորդակցությունը հավասարության նշան դրեց մարդու և Աստծո միջև
հաղորդակցվելու առումով: Ընթերցողի պարտականության մեջ մտավ նաև Աստծուն
ուղերձներ հղելը և նա ստացավ նոր կարգավիճակ (հմայող, թովող, դյութող, քուրմ):
Վերջինս ստանձնեց Աստծո ու իր ցեղակիցների միջև կապ հաստատող միջնորդի
պատասխանատու դերը: Արդյունքում՝ քուրմը և նրա ստեղծած նշանագրերը մտան
աստվածային սրբության քողի տակ:
Աստվածային շնորհով ստացված նշանագրերը մտան կրոնական համակարգի
մեջ, իսկ նշանագրեր ստեղծող կամ ստեղծելու կարողություն շնորհող Աստվածը
(Հայ, Թաթ, Nabu, Odin, Ἑρμῆς, YHWH և այլն) դիցարանում առաջնակարգ դիրք
գրավեց: Այնքան հզոր էր գրի կարևորության ու աստվածային ծագման ավանդույթը,
որ շատ ժամանակներ անց՝ Ք.ա. I հազարամյակի երկրորդ կեսին, Հին Կտակարանը
գրառող հեղինակները չէին կարող անտեսել այն.
«Եւ տախտակքն՝ գործ Աստուծոյ էին. եւ գիրն՝ Գիր Աստուծոյ դրոշմեալ ի
տախտակսն»: 16
Ք.ա. II հազարամյակի երկրորդ կեսի Եգիպտոսը, որտեղից իբր դուրս էր եկել
առասպելական Մովսեսը, ուներ զարգացած գիր ու գրչություն և դասական
գրականություն: Փարավոնի ընտանիքի անդամ, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ Օսիրսի
քուրմ, Մովսեսն անշուշտ պիտի կատարելապես տիրապետեր այդ գրչությանը:
Սակայն Հին Կտակարանի հեղինակները (Ք.ա. I հազ. երկրորդ կես) այս փաստը
մտածված անտեսեցին, որովհետև նրանք ստեղծում էին սեփական ժողովրդի
առաջացման պատմությունը, որում ազգի կայացման հիմնական բնութագրերը (լեզու,
գիր, կեսատարածք, օրենք) պիտի լինեին աստվածատուր: Այս պատկերացումը
դրանից շատ հազարամյակներ առաջ Հայաստանում կատարված իրողություն էր,
որը տարածվելով՝ այլ ժողովուրդների մեջ, դարձել էր հզոր ավանդույթ և իրեն էր
ենթարկել նաև Հին Կտակարանի հեղինակներին:
Ասպիսով կարող ենք փաստել, որ գիր ստեղծող մարդը լուծել է ոչ թե
կիրառական-կենցաղային խնդիր, ինչպիսիք են օրինակ երկու մարդու
հաղորդակցումը կամ կացինի, նետ-աղեղի ու բրիչի ստեղծումը, այլ լուծել է հոգևոր-
ծիսական խնդիր:

16
. Ելից լբ, 16
10

You might also like