You are on page 1of 5

Խնդիր 4

ՀՀ Ազգային Ժողովը ցանկանում է վավերացնել ԵԱՏՄ կողմից


ներկայացված միջազգային պայմանագիր, ըստ որի ԵԱՏՄ-ն ընդունում է
Սահմանադրություն։ Այդ սահմանադրությամբ նախատեսված է, որ
անդամ պետությունների սահմանադրական կարգավորումների և ԵԱՏՄ-
Սահմանադրության կարգավորումների միջև հակասության դեպքում
կիրառվում են ԵԱՏՄ-Սահմանադրության կարգավորումները։
ԱԺ-ն սահմանված կարգով, մինչև միջազգային պայմանագիրը
վավերացնելը, այն ներկայացում է Սահմանադրական դատարան,
որպեսզի վերջինս ստուգի պայմանագրի սահմանադրականությունը։
Ի՞նչ եզրակացություն կտա Սահմանադրական դատարանը։

Լուծում.
Սահմանադրական դատարանը (այսուհետ՝ ՍԴ) բացասական
եզրակացություն կտա, եթե համապատասխան միջազգային
պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը։
Ա. Չափացույց
Որպես չափացույց այստեղ կարող է ծառայել Սահմանադրության 1-ին
հոդվածը, մասնավորապես՝ այնտեղ տեղ գտած ինքնիշխանության
սկզբունքը։
Ինքնիշխանությունը, ըստ էության, ունի երկու չափում՝ դեպի ներս
(ներքին) և դեպի դուրս (արտաքին)։ Ներքին ինքնիշխանություն
նշանակում է, որ պետության ներսում չկա մեկ այլ սուբյեկտ, որի կամքը
վեր է ժողովուրդի կամ պետության կամքից։
Արտաքին ինքնիշխանությունը ենթադրում է, որ պետությունը պետք է
անկախ լինի այլ պետություններից։
Թեև ինքնիշխանության սկզբունքը բացարձակ չէ, այսինքն՝ միջազգային
պարտավորություններով ստանձնելով պետությունը ինչ-որ չափով
զիջում է իր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից, դա չի կարող
այնքան հեռուն գնալ, որ մեկ այլ պետության կամ միջազգային կառույցի
ինչ-որ ձևով արտահայտած կամքը լինի գերակա՝ ՀՀ ինքնիշխանության
նկատմամբ։
Բ. Սուբսումցիա (համադրում)
Համաձայն փաստական տվյալների՝ ԵԱՏՄ-Սահմանադրության
համապատասխան կարգավորումների շրջանակներում այն կիրառման
գերակայություն է ստանում անդամ պետությունների
սահմանադրությունների նկատմամբ։ Այս պարագայում,
մասնավորապես՝ ՀՀ-ի դեպքում, դա կհանգեցնի նրան, որ ժողովուրդի
կամահայտնության արդյունքում ընդունված Սահմանադրությունը՝
կոլիզիայի դեպքում, չի կիրառվի, ինչը համատեղելի չէ
Սահմանադրության 1-ին հոդվածի հետ։
Հետևաբար՝ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի համապատասխան
միջազգային պայմանագիրը։

Գ. Վերջնական արդյունք
ՍԴ-ն կտա բացասական եզրակացություն։

Խնդիր 5
Խնդիր 4-ի փաստական տվյալները փոփոխվում են այնքանով, որ
նախաձեռնվում է սահմանադրական փոփոխություններ, ըստ որի
Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր
նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային
պայմանագրերի և սահմանադրության նորմերի միջև հակասության
դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։»։
Նախքան սահմանադրական փոփոխությունների նախագիծը
հանրաքվեի դնելը՝ ՀՀ Ազգային Ժողովը համապատասխան նախագիծը
ներկայացնում է Սահմանադրական դատարան։
Ի՞նչ եզրակացություն կտա Սահմանադրական դատարանը։

Լուծում.
ՍԴ-ն կտա բացասական եզրակացություն, եթե սահմանադրական
փոփոխությունների նախագիծը հակասում է Սահմանադրությանը։

Ա. Չափացույց
Չափացույց այս դեպքում կարող են հանդիսանալ բացառապես
Սահմանադրության անփոփոխելի հոդվածները։ Դրանք են՝
Սահմանադրության 1-ից 3-րդ հոդվածները։ Դա բխում է
Սահմանադրության 203-րդ հոդվածից, ըստ որի Սահամանդրության 1-ից
3-րդև 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն։ 203-րդ հոդվածից
բխում է, որ Սահմանադրության ցանկացած փոփոխություն պետք է
համահունչ լինի Սահմանադրության 1-ից 3-րդ հոդվածներով
սահմանված պահանջներին։
Որպես չափացույց այստեղ կարելի է դիտարկել Սահմանադրության 1-ին
հոդվածը, մասնավորապես՝ ինքնիշխանության սկզբունքը։
Ինքնիշխանությունն ունի երկու չափում (նայել վերոգրյալում)։
Այստեղ վտանգված է արտաքին ինքնիշխանությունը։

Բ. Սուբսումցիա (համադրում)
Սահմանադրության համապատասխան փոփոխությունների նախագիծը
նախատեսում է, որ միջազգային վավերացված պայմանագրերը
կիրառման առաջնայնություն ունեն Սահմանադրության նկատմամբ,
ինչը համահունչ չէ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված
ինքնիշխանության սկզբունքին։
Հետևաբար, համապատասխան փոփոխությունը
հակասահմանադրական է։

Գ. Վերջնական արդյունք
ՍԴ-ն կտա բացասական եզրակացություն։

Խնդիր 6
ՀՀ Ազգային Ժողովը, ելնելով ժողովուրդի մեջ իր նկատմամբ առկա բարձր
վստահությունից, որոշում է նախաձեռնել սահմանադրական
փոփոխություններ, ըստ որի Վարչապետի պաշտոնավարման ժամկետը
կսահմանվի՝ ցմահ, իսկ Վարչապետի մահանալուց հետո նրա պաշտոնը
կժառանգի իր իրավահաջորդը։
ԱԺ-ն սահմանված կարգով, մինչև հարցը հանրաքվեի ներկայացնելը,
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնում է
Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս ստուգի
փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը։
Ի՞նչ եզրակացություն կտա Սահմանադրական դատարանը։
Լուծում.
ՍԴ-ն կտա բացասական եզրակացությունը, եթե Սահմանադրության
փոփոխությունների նախագիծը հակասում է Սահմանադրությանը։
Ա. Չափացույց
Տե՛ս վերոգրյալը (Սահմանադրության 1-ին և 203-րդ հոդվածներ)։ Այստեղ
որպես չափացույց կարող է ծառայել Սահմանադրության 1-ին հոդվածը,
մասնավորապես՝ պետության հանրապետական ձև ունենալու
սկզբունքը։
Հանրապետությունը ենթադրում է միապետության բացակայություն
(այսպես կոչված՝ բացասական սահմանում)։ Միապետությունը
ենթադրում է, որ պետության իշխանության առնվազն մեկ ճյուղ ցմահ
կենտրոնանում է մեկ անձի և հետագայում՝ իր իրավահաջորդի ձեռքում։
Ի տարբերություն բացարձակ միապետության, որտեղ ողջ
իշխանությունը (օրենսդիր, գործադիր, դատական) կենտրոնանում է մեկ
անձի (թագավորի, կայսրի, մոնարխի և այլն) ձեռքում, միապետություն են
որակվում նաև այն պետությունները, որտեղ իշխանությունների թեկուզ
մեկ ճյուղ կենտրոնանում է մեկ անձի ձեռքում։

Բ. Սուբսումցիա (համադրում)
Համաձայն փաստական տվյալների՝ Վարչապետի պաշտոնավարման
ժամկետը սահմանվում է՝ ցմահ, իսկ Վարչապետի մահանալուց հետո
նրա պաշտոնը պետք է ժառանգի իր իրավահաջորդը։ Վարչապետը՝
որպես գործադիր իշխանության ղեկավար, խորհրդարանական
կառավարման շրջանակներում, փոփխվում է ըստ խորհրդարանում
մեծամասնություն ունեցող իշխող ուժի կամքի։
Համապատասխան փոփոխությունների ընդունման պարագայում,
գործադիր իշխանության ղեկը ցմահ և ժառանգելու իրավասությամբ
ստանձնում է մեկ անձ, ինչը համահունչ չէ պետության հանրապետական
ձևին։
Հետևաբար, Սահմանադրության համապատասխան
փոփոխությունների նախագիծը հակասում է Սահմանադրության 1-ին
հոդվածին, մասնավորապես՝ պետության հանրապետական ձևին։
Այսպիսով. ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի Սահմանադրության
փոփոխությունների նախագիծը։
Գ. Վերջնական արդյունք
ՍԴ-ն կտա բացասական եզրակացություն։

You might also like