You are on page 1of 2

Եթե ինձ հարցնեին

Եթե մի անգամ կյանքում ինձ հարցնեին, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը,


բայց հարցնեին այնպես, որ հնարավոր լիներ ինչ-որ բան փոխել, կասեի հենց քո քաղաքի
մասին, որ այդքան շատ սիրում եմ։ Բայց չհարցրին․․․

Եթե աշխարհն ստեղծելիս ինձնից հարցնեին, թե ինչպիսին ստեղծել այն, ես շատ բան
չէի փոխի, թերևս ավելի պարզ ու հստակ կպատկերեի մարդկային հարաբերությունները,
կփոխեի ինձ ու քեզ տեղերով, որ մի պահ գոնե հասկանայիր, թե ինչ եմ զգում։ Բայց
չհարցրին․․․

Եթե հարցնեին, թե ինչպիսին ստեղծեն քեզ, կփոխեի թերևս միայն ինձ․․․

Մանկական երազանքների մեջ բոլորս էլ պատկերացնում ենք մեր աշխարհը, մեր


տունը, աշխատանքը, մեքենան, մեր ապագան, որտեղ մենք ամենակարող ենք։ Հետո սկսում
ենք փոխել կամ փոխվել։ Մենք երազում ենք ամեն ինչ կառուցել նորից, մեր արարչից ավելի
լավ, ավելի կատարյալ, ուզում ենք հանել այտեղից չարին, վատին, տգեղին, ուզում ենք, որ
հարցնեն մեզ մեր կարծիքը, թե ինչպես կառավարել երկիրը, ինչպես դադարեցնել
պատերազմը, ինչպես տուն կառուցել։ Ուզում ենք, որ ծառը մեզ հարցնի իր աճելու մասին,
գետն իր հունի ու արևն իր լույսի մասին, այո, ուզում ենք աստղերը հարցնեն մեզ
դասավորվելուց առաջ։ Մանկական մեր ցանկությունների մեջ խաղերն են, որ խաղում են
մեծերը ու մենք ուզում ենք, որ նրանք հարցնեն մեզ կանոնների մասին, բայց մենք բոլոր
խաղերին նայում ենք որպես միայն հանդիսատես, իսկ եթե մեզ հարցնեին․․․

Հետաքրքիր մի կախարդանքով բոլորս էլ դուրս ենք գալիս մանկությունից։ Մեզ թվում


է, թե դա տեղի կունենա պաշտոնապես, հանդիսավոր, մեզ կհարցնեն, թե ինչպես ենք ուզում
մեծանալ, ինչ պետք է անեն իրենք, որ մենք մեզ հարմարավետ զգանք, բայց այդպես էլ ոչ ոք չի
հարցնում․․․

Փոխարենը հարցնում ենք մենք․ «ինչու՞», «ինչպե՞ս», «ե՞րբ»։ Ու բոլոր հարցերը մնում են
անպատասխան։ Դեռ երկար կփնտրենք այս հարցի պատասխանը, իսկ եթե մեզ հարցնեին․․․

Մի օր բոլորս էլ մեծանում ենք ու կանգնում նրանց շարքերում, ում նայում էինք ու


հարցնում։ Ու մենք էլ դառնում ենք նրանց նման՝ մի տեղ բարի, մի տեղ չար, մի տեղ ներող, մի
տեղ նախանձ, մի տեղ կարոտում ենք, մի տեղ խաբում, սիրում, ներում, զարմանում,
մտածում, հարցնում։ ՈՒ նորից մեզ ոչ ոք չի հարցնում․․․

Հետո տեսնում ենք այն շարք կանգնած երեխաներին, որ նայում են մեզ մի


թախանձանքով, որ գոնե մեկ հարց տանք՝ իրենց կյանքի ամենագլխավոր հարցը, թե ինչպես
և ինչ են ուզում իրենք որ լինի, բայց մենք ժամանակ չունենք նրանց համար․ ի՞նչ պիտի ասեն
նրանք, որ մենք չգիտենք, ի՞նչ կա այնտեղ, որտեղից մենք եկել ենք։ Իսկ կյանքի գույները
երբեմն ետևում են ու գոնե մեկ անգամ հարկավոր է շրջվել տեսնելու համար։ Մեղավորը
ժամանակն է, գործերը, գործատուն, տունը, շունը, կատուն, երեխաները․․․ նրանք դեռ շատ
փոքր են երազելու կամ հարցնելու համար։ Իսկ ինչու՞ մեզ ոչ ոք երեխաներից չի հարցնում, թե
ինչ կուզեինք մենք իրենցից։ Այ եթե հարցնեին․․․

Մեր ամբողջ անցած ճանապարհը մեկն է, դա կյանքի միակ ճանապարհն է, որտեղ


միայն հարցեր պիտի տալ կամ պատասխանել։ Բայց երբեք, լսում եք, երբեք մեզ չեն տալիս
այն հարցը, որ մենք ամբողջ կյանքում ուզում ենք լսել (իսկ եթե տալիս են, ապա այնքան ուշ,
որ տխրում ենք միայն), իսկ եթե ժամանակին մեզ հարցնեին․․․

Եթե ժամանակին ինձ հարցնեին, թե ինչպիսին կուզենայի, որ լիներ աշխարհը, ես


կպատասխանեի՝ անվերջ։ Եթե ինձ հարցնեին․․․

30.04.2020

You might also like