You are on page 1of 268

ԹԵՄԱ հմ. 1.

Հումանիստական պատմագրությունն Իտալիայում


Քաղաքական-հռետորական դպրոցն Իտալիայում
15-րդ դարում հումանիզմը արդեն վերածվեց մշակութային համընդհանուր
շարժման, որի հայտնի կենտրոններն էին Ֆլորենցիան (մինչև դարավերջ պահպանեց իր
առաջնայնությունը), Միլանը,Վենետիկը, Նեապոլը, ավելի ուշ Ֆերրարը, Մանտուան և
Բոլոնիան: Ստեղծվեցին դպրոցներ, որոնց նպատակն էր դաստիարակել բազմակողմանի
զարգացած և ազատ անհատներ: Հումանիստներին հրավիրում էին համալսարաններում
դասավանդելու հռետորություն, փիլիսոփայություն և գրականություն: Նրանց անգամ
վստահում էին կանցլերի, քարտուղարի և դիվանագետի պարտականություններ: Այս
շրջանում ձևավորվեց սոցիալական նոր խավ` հումանիստ մտավորականությունը,
որոնց շուրջն էլ ձևավորվեցին գիտական ու մշակութային կենտրոններ կամ դպրոցներ:
Նման գործընթացների արդյունքում Իտալիայում, ավելի վաղ, քան եվրոպական մյուս
երկրներում, ձևավորվեցին հումանիստական պատմագիտական դպրոցները:
Առաջին պատմագիտական դպրոցը քաղաքական-հռետորականն էր: Այս դպրոցի
ներկայացուցիչները մեծ տեղ էին հատկացնում քաղաքականությանը և հռետորությանը:
Նրանք ուսումնասիրում էին պատմական տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված
քաղաքական, վարչական և կառավարման համակարգերը: Առանձնահատուկ
ուշադրություն էր դարձվում հռետորությանը` պահանջելով դպրոցի
ներկայացուցիչներից յուրացնել հունահռոմեական ականավոր հռետորների մտքերն ու
աշխատությունները: Նրանք երբեմն անգիր էին անում անտիկ հռետորների
աշխատությունները: Հենց այս ժամանակ էլ լայնորեն տարածվեցին անտիկ
հեղինակների աշխատությունները` հումանիստ գրողների մեկնաբանություններով ու
ծանոթագրություններով:
Քաղաքական-հռետորական դպրոցի հիմնադիրն էր իտալացի հայտնի
հումանիստ, գրող և պատմաբան Լեոնարդո Բրունին (Leonardo Bruni 1370/74-1444): Նա
ծագումով Արեցոյից էր (Arezzo) և այստեղից էլ նրա Արետինո (Aretino) անունը:
Կրթությունը ստացել է Ֆլորենցիայում և Հռավենայում: Նա եղել է Կ. Սալյուտատիյի
աշակերտն ու համախոհը: 1405-1415 թթ. պապական կուրիայում զբաղեցրել է
քարտուղարի պաշտոնը, գժտվել է Հովհաննես 23-րդ (Հռոմի պապ հակապապ 1405-1415)
պապի հետ, վերադարձել է Ֆլորենցիա և 1427 թ. մինչև իր մահը զբաղեցրել է
հանրապետության կանցլերի պաշտոնը: Բրունին փայլուն տիրապետել է անտիկ
լեզուներին: Նա հունարենից լատիներեն է թարգմանել Արիստոտելի
աշխատությունները: Բրունին համարվում է քաղաքացիական հումանիզմի հիմնադիրն
ու նրա բարոյաքաղաքական ուսմունքի հեղինակը, չնայած որ քաղաքացիական
հումանիզմի գաղափարների ձևավորման գործում կարևոր դեր է կատարել Կ.
Սալյուտատին: Այս ուղղությունը հետաքրքրվում էր սոցիալ-քաղաքական խնդիրներով,
որոնք քննարկվում էին պատմության, էթիկայի և մանկավարժության հետ սերտ կապերի
շրջանակներում:
Բրունիի վաղ ստեղծագործություններից է «Ֆլորենցիա քաղաքի փառաբանումը»
(1404-1405), որը գրված է ներբողի ոճով և համարվում է քաղաքացիական հումանիզմի
փաստաթղթերից մեկը: Այս աշխատությունը կարելի է համարել իտալական
վերածնության քաղաքական մտքի սկիզբը, որտեղ Ֆլորենցիային վերագրվում է
համաիտալական լիդերի դերը: 15-րդ դարի 30-ական թթ. Բրունին գրում է «Ֆլորենցիայի
պետության մասին» աշխատությունը, որտեղ քննարկում է Ֆլորենցիայի քաղաքական
համակարգը` նրա դեմոկրատական և արիստոկրատական գծերը:
Լեոնարդո Բրունիի խոշոր պատմագիտական աշխատությունն է «Ֆլորենցիայի
ժողովրդի պատմութունը», որը հեղինակը շարադրել է փաստաթղթերի հիման վրա`
հենվելով Ֆլավիո Բիոնդոյի կողմից պատմությունը երեք` հին, միջին և ժամանակակից,
ժամանակաշրջանների բաժանելու տեսության վրա: Այս աշխատությամբ դրվել է
հումանիստական պատմագրության հիմքը, իսկ նրա հեղինակը համարվում է առաջին
պատմաբանը: Այն շարադրված է լատիներենով, սակայն թարգմանվում է իտալերեն և
հրատարակվում Վենետիկում 1473 թ.: Ինչպես հեղինակի մյուս աշխատություններում,
այստեղ նույնպես քննարկվում են քաղաքական խնդիրներ: Բրունին պաշտպանում է
հանրապետության և քաղաքացիական ազատությունների գաղափարները` ներառյալ
ընտրելու և ընտրվելու իրավունքը, օրենքի առջև բոլորի հավասարությունը,
արդարությունը որպես բարոյական նորմ, որոնք ընդգրկվել էին Ֆլորենցիայի
հանրապետության սահմանադրության մեջ: Այնուհետև հեղինակը լուսաբանում է
Ֆլորենցիայի պատմությունը` նրա հիմնադրումից մինչև 1404 թ. և դրանով
ամբողջությամբ առանձնանում է միջնադարյան ավանդություններից։ Նա Եվրոպայի
պատմության նոր շրջանը համարում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ու
մայրաքաղաքի տեղափոխումը Կոստանդնուպոլիս։ Դրանով իսկ միջին դարերը դիտում
է որպես առանձին պատմափուլ։ Մերժում է աստվածային նախախնամության
գաղափարը, քննադատում է միջնադարյան բոլոր հեղինակներին, ավանդազրույցներն ու
հրաշքները, սկսում է ուսումնասիրել փաստաթղթերը` դրանց հիման վրա շարադրելով
պատմությունը և բարձրացնելով նրա դերը: Ներկայացնում է Արևմտյան Հռոմեական
կայսրության անկման պատճառները և գնահատականները, որոնց հետ կապում է
Ֆլորենցիայի վաղ շրջանի պատմությունը: Բրունին գրել է նաև բարոյական և
մանկավարժական թեմաներով աշխատություններ:
Էրուդիտական (խորագիտակ)-քննադատական դպրոցը

Իտալիայում հումանիստական պատմագիտական մյուս դպրոցը էրուդիտական


(խորագիտակ)-քննադատականն էր, որի ներկայացուցիչները համարվում էին
խորագիտակ կամ բազմուսում մարդիկ: Նրանք պահանջում էին առավել մեծ
ուշադրություն դարձնել նոր սկզբնաղբյուրների ու փաստաթղթերի վերհանմանն ու
բացահայտմանը: Վերջինների նկատմամբ ցուցաբերել քննադատական վերաբերմունք`
մանրակրկիտ ուսումնասիրելով և վերլուծելով դրանք: Այստեղից էլ առաջացել է դպրոցի
քննադատական անվանումը:
Էրուդիտական-քննադատական դպրոցի հիմնադիրն էր իտալացի հումանիստ և
պատմաբան Ֆլավիո Բիոնդոն (Flavio Biondo, 1392-1463): Նա ծնվել է Ֆորլիում,
ժամանակի համար ստացել է բավականին լավ կրթություն, զբաղեցրել է պապի
քարտուղարի պաշտոնը: Նա առաջինն էր, ով որպես պատմության յուրահատուկ
ժամանակաշրջան առանձնացրեց միջնադարը, իսկ 1453 թ. արդեն առաջ քաշեց «միջին
դարեր» տերմինը (լատիներեն-medium aevum): Բիոնդոն առաջին պատմաբաններից էր,
ով պատմությունը բաժանեց երեք ժամանակաշրջանների` հին, միջին և ժամանակակից,
միաժամանակ նա հայտնի է որպես առաջին հնագետներից մեկը: Բիոնդոն թողել է
հարուստ ժառանգություն` հիմնականում պատմական և հնագիտական բնույթի
աշխատություններ: Նա նույնպես իր աշխատությունները շարադրել է լատիներենով:
Ֆլավիո Բիոնդոյի պատմագիտական բնույթի ամենահայտնի աշխատությունն է
«Հռոմեական կայսրության անկումից սկսած տասնամյա պատմությունը» (Վենետիկ,
1483 թ.): Հեղինակը 32 գրքով ներկայացնում է Եվրոպայի պատմությունը` այն սկսելով
410 թ. վեստգոթերի կողմից Հռոմի կողոպուտով և հասցնում է մինչև իր
ժամանակաշրջանի Իտալիայի պատմությունը` 1442 թ.: Բիոնդոն այս աշխատությունը
շարադրել է տվյալ ժամանակաշրջանի հուսալի աղբյուրների հիման վրա` փորձելով
առաջնորդվել քննադատական մոտեցմամբ և ցույց տալ իր օգտագրծած աղբյուրների
հավաստիությունը: Բիոնդոյի մյուս աշխատությունն է «Պատկերազարդ Իտալիան» (1474
թ.), որտեղ հեղինակը ներկայացնում է իտալական տասնութ մարզերի պատմությունն ու
աշխարհագրությունը` հենվելով իր ճամփորդությունների ու հավաքած
տեղեկությունների վրա: Բիոնդոն, ի տարբերություն միջնադարյան
աշխարհագրագետների, որոնք նկարագրել են առանձին տարածաշրջաններ, հետևելով
Ստրաբոնի օրինակին, վերականգնել է Իտալիայի տարածքային միասնականության
գաղափարը` նկարագրելով ողջ թերակղզին: Օգտագործելով տեղագրությունը` փորձել է
կապ ստեղծել անտիկ և իր ապրած ժամանակաշրջանների միջև: Հեղինակն այդ
նպատակով նկարագրել է առանձին տարածաշրջաններ` տալով դրանց
ստուգաբանությունը և պատմական փոփոխությունները, միաժամանակ դրանք կապելով
կարևոր պատմական իրադարձությունների հետ: Ըստ էության, Բիոնդոն ներկայացրել է
պատմական աշխարհագրությունը, որը սկսվում է հռոմեական հանրապետության և
կայսրության ժամանակներից` ընդգրկելով 400 տարի, բարբարոսների արշավանքներից
հասցնելով մինչև Հռոմեական կայսրության անկման վերլուծությունը:
Բիոնդոն որպես հնագետ թողել է մի շարք աշխատություններ, որոնք կարևոր դեր
են խաղացել հնագիտության զարգացման համար: Առաջինը «Վերականգնված Հռոմ»
աշխատությունն է (3 հատորով, 1444-1448 թթ.), որտեղ հեղինակը վերականգնում է
անտիկ Հռոմի տեղագրությունը: Սա առաջին գրավոր և համակարգված ուղեցույցն է:
Երկրորդ աշխատությունը «Հաղթական Հռոմն» է (1479 թ.), որտեղ Հռոմը ներկայցվում է
պետական կառավարման և ռազմական արվեստի անփոփարինելի նմուշաձև:
Էրուդիտական-քննադատական դպրոցի հայտնի ներկայացուցիչն էր իտալացի
հումանիստ Լորենցո Վալլան (Lorenzo Valla, 1407-1457): Նա համարվում է պատմա-
բանասիրական քննադատության հիմնադիրը: Վալլան կրթություն ստացել է
հումանիստների շրջապատում: 1429 թ. հռետորություն է դասավանդել
Պավիում`սկզբում մասնավոր դպրոցում, իսկ 1431 թ.` համալսարանում: 1435 թ. եղել է
նեապոլիտանական թագավոր Ալֆոնս Արագոնացու քարտուղարը, իսկ կյանքի վերջում
նույն պաշտոնը զբաղեցրել է նաև պապական կուրիայում:
Լորենցո Վալլան հումանիստական դարաշրջանի ամենավառ
անհատականություններից մեկն է: Նրա թողել է բազմաբովանդակ գրական
ժառանգություն` աշխատություններ է գրել բանասիրության, պատմության,
փիլիսոփայության և էթիկայի վերաբերյալ: Վալլան հայտնի է իր պատմա-
փիլիսոփայական գաղափարներով:
Վալլան շարունակեց սխոլաստիկայի քննադատությունը, հատկապես
քննադատում էր նրա ֆորմալ-տրամաբանական հասկացության մեթոդը: Հակառակ
դրան նա առաջ քաշեց բանասիրությունը, որն օգնում էր հասնել ճշմարտության`
այսինքն, խոսքը, բառը համարում էր մարդկության պատմական և մշակութային փորձի
կրողը: Վալլան հստակորեն դրեց աշխարհիկ մշակույթի ու քրիստոնեական հավատի
հարաբերակցության հարցը` դրանք համարելով հոգևոր կյանքի անկախ ոլորտներ: Նա
նշում էր, որ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը պետք է սահմանափակվի միայն
հավատով, իսկ աշխարհիկ մշակույթը արտացոլում և ուղղորդում է երկրային կյանքը`
վերաիմաստավորելով մարդկային բնության զգացմունքային կողմերը, որոնք էլ մարդուն
դրդում են ապրել շրջակա միջավայրի և ինքն իր հետ համահունչ: Այս ամենը չի
հակասում քրիստոնեական հավատին ու հասկացությանը, քանի որ աստված գոյություն
ունի իր կողմից ստեղծած աշխարհում, ուստի սերը դեպի բնականն ու բնությունը
նշանակում է սեր դեպի արարիչը: Պանթեիստական մտքերի հիման վրա Վալլան
ձևակերպում է հաճույքների կոնցեպցիան` դա համարելով մարդու բարձրագույն
առավելությունը: Նա քննադատում է ասկետական բարոյականությունը, հատկապես
նրա ծայրահեղ դրսևորումները, փոխարենն առաջ է քաշում երկրային բոլոր
ուրախությունների նկատմամբ մարդու ունեցած իրավունքը, ինչի համար էլ մարդուն
տրվել են զգացմունքները: Նա հավասարեցնում է զգացմունքային ու բանական
հաճույքները` հայտարարելով որ մարդու համար օգտակար է ինչպես բնության, այնպես
էլ իր կողմից ստեղծածը և հենց այս ամենի մեջն էլ տեսնում է աստվածային խոսքը: Այս
տեսակետներով Վալլան, քրիստոնեությունից չհեռանալով, ձևակերպում է էթիկայի իր
կոնցեպցիան: Այս բոլոր գաղափարները Վալլան ներկայացրել է իր փիլիսոփայական
հիմնական «Հաճույքների մասին» աշխատությունում, որի վերնագիրը հետագայում
վերաձևակերպվել է «Ճշմարիտ և կեղծ առավելությունների մասին» (1432):
Հումանիստը հանդես եկավ պապի ու պապականության դեմ` ցույց տալով, որ
պապերը քրիստոնեական աշխարհը ղեկավարելու ժամանակ թույլ են տվել բազմաթիվ
սխալներ ու հանցագործություններ: Վալլան սուր քննադատության ենթարկեց
հոգևորականությանը, նրանց վարքն ու բարքերը, ապրելակերպը, եկեղեցական
դոգմաներն ու կառույցները: Նա իր «Վանական երդման մասին» աշխատության մեջ
հարցականի տակ է դնում հոգևորականության ինստիտուտը: Նա գտնում էր, որ այդ
ինստիտուտը, հատկապես քրիստոնեական ասկետիզմը դեմ է մարդու բնությանը: Այս
բոլորն առաջացրեց հոգևորականության զայրույթը և Վալլային կանչեցին ինկվիզիցիայի
դատարան, սակայն նա փրկվեց նեոպոլիտանական թագավորի միջամտությամբ:
Վալլան եկեղեցուն, հոգևորականությանն ու պապերին ավելի սուր
քննադատության է ենթարկել իր նշանավոր «Կոստանդինի պարգևի մտացածին և կեղծ
հիմնավորման մասին» աշխատության մեջ: Այս աշխատությունը գրվել է 1440 թ. Ալֆոնս
Արագոնացու պատվերով` Հռոմի և Նեոպոլիտանական թագավորության միջև
պատերազմի ընթացքում: Այն յուրահատուկ քաղաքական պամֆլետ է, որտեղ գլխավոր
խնդիրը հանդիսանում է գիտական հետազոտությունը: Ըստ «Կոստանդինի պարգևի»
հռոմեական կայսր Կոստանդիանոս Մեծը (306-337) Սիլվեստր պապին շնորհում է
Հռոմեական կայսրության արևմտյան մասը և աշխարհիկ իշխանություն: Աշխատության
մեջ Վալլան հերքում է այն տեղեկությունը, թե իբրև պապականության տարածքը
Կոստանդին կայսեր պարգևն է, քանի որ մանրակրկիտ ուսումնասիրելով
սկզբնաղբյուրներն ու փաստական նյութերը հանգում է այն եզրակացության, որ 4-րդ
դարում և դրանից առաջ որևէ հիշատակություն չկա պապական պետության գոյության
մասին: Վալլան փայլուն տիրապետում էր լատիներենին, ուստի նախաձեռնում է
լեզվաբանական ուսումնասիրություն և համեմատելով լատիներենի զարգացման
փուլերը, նկատում է, որ «Կոստանդինի պարգևի» գրչության ձևը և լեզուն տարբերվում են
4-րդ դարի դասական լատիներենից` եզրակացնելով, որ ամենայն հավանականության
այն վերաբերվում է լատիներենի ուշ շրջանին (իրականում այս փաստաթուղթը Հռոմի
պապերի կողմից ստեղծվել է 8-րդ դարի կեսերին): Վալլան Իտալիայի
մասնատվածության հիմնական մեղավորը համարում էր պապին ու քննադատում էր
նրա գործունեությունը: Փաստորեն Վալլայի հումանիստական բազմակողմանի
կրթությունը, ինչպես նաև նրա կողմից պատմության, հնաբանության, գեղագրության,
պատմական աշխարհագրության, բանասիրության և գիտության մյուս ճյուղերի
օգտագործումը օգնեցին ապացուցելու եկեղեցական այդ կարևոր փաստաթղթի կեղծ
լինելը: Վալլայի կողմից պապի նկատմամբ հնչեցրած մեղադրանքներն ու նրա
հարձակումը եկեղեցու աշխարհիկ իշխանության նկատմամբ ավելի մեծ արձագանքներ
ունեցավ Ռեֆորմացիայի տարիներին (Գերմանիայում Ուլրիխ ֆոն Գուտտենը առաջին
անգամ գերմաներեն թարգմանեց և հրատարակեց Վալլայի այս աշխատությունը):
Վալլան նոր մոտեցումներ է ցուցաբերում նաև հավատի ու մշակույթի հարցերում,
որոնք նա ներկայացրել է իր աշխատություններում` «Կամքի ազատության մասին»,
«Լատիներեն լեզվի գեղեցկությունը» և «Դիալեկտիկական քննարկումներ»:
Նոր քաղաքական դպրոցը

Հումանիստական պատմագրության թերևս ամենահայտնի դպրոցն է համարվում


նոր քաղաքականը: Դպրոցը ձևավորվել է 16-րդ դարում, Ֆլորենցիայում, ինչի համար
կարևոր նախադրյալ էր հանրապետական և միապետական ուժերի միջև պայքարը: Նոր
քաղաքական դպրոցի ներկայացուցիչները հետազոտում և վերլուծում էին պատմական
իրադարձություններն ու փորձը` հետապնդելով քաղաքական նպատակներ: Նրանք
իմաստավորում էին անցյալի դեպքերն ու իրադարձությունները, որպեսզի նախկին
քաղաքական փորձն օգտագործեին տվյալ ժամանակաշրջանի Իտալիայի
հասարակական-քաղաքական կյանքում առկա խնդիրները լուծելու համար: Այս ամենն
ստիպում էր դպրոցի ներկայացուցիչներին ավելի խորությամբ ուսումնասիրել
պատմական իրադարձությունների էությունն ու կապը` ցուցաբերելով միայն
քննադատական մոտեցում:
Նոր քաղաքական դպրոցի հայտնի ներկայացուցիչն է իտալացի մտածող,
փիլիսոփա, գրող ու քաղաքական գործիչ Նիկկոլո Մաքիավելլին (Niccolo Machiavelli,
1469-1527): Նա 14 տարի զբաղեցրել է Ֆլորենցիայի հանրապետության քարտուղարի
պաշտոնը (1498-1512) և հեռացվել է իշխանությունից հանրապետական կարգերի
կործանմամբ, երբ Մեդիչիները հաստատեցին իրենց բռնատիրությունը: Կյանքի մնացած
հատվածում զբաղվել է գիտական և գրական գործունեությամբ: Մաքիավելլին
հիմնականում խորհել է քաղաքական խնդիրների շուրջ: Նրան հետաքրքրել է մեկ
պետության ծաղկման և մյուսի` անկման պատճառները: Ի պաշտոնե նա եղել է տարբեր
երկրներում և վայրերում, ուստի հնարավորություն է ունեցել ուսումնասիրել տարբեր
սոցիալ-քաղաքական կազմակերպությունների ձևերը, առանձնացրել և համեմատել
դրանց բնորոշ գծերը: Նա իր աշխատությունները շարադրել է ժողովրդին հասկանալի
իտալերենով:
Մաքիավելլին իր աշխատություններով դրել է նոր ժամանակների
իրավաքաղաքական գաղափարախոսության հիմքը: Նրա քաղաքական ուսմունքը
հիմնված է իր ժամանակաշրջանի կառավարությունների գործունեության, անտիկ
աշխարհի երկրների փորձի, քաղաքական կյանքի մասնակիցների շահերի ու
ձգտումների մասին պատկերացումների ուսումնասիրության վրա: Մաքիավելլին
ընդունում է մշտական օրենքների ու հարաբերությունների գործունեությունն
աշխարհում, որը հավերժ շարժման մեջ է: Նա պնդում էր, որ անցյալի
ուսումնասիրությունն հնարավորություն է տալիս գուշակել ապագան, կամ էլ անցյալի
օրինակով որոշել գործողությունների այն ուղղություններն, որոնք օգտակար են
ներկայում: Նա ձևակերպել է մի հիմնադրույթ, որը հետագայում դարձել է եվրոպական
գիտական պոզիտիվիզմի հիմքը` իմանալ նշանակում է կանխատեսել: Մաքիավելլին
կատարյալ պետական կարգի նախագիծ չի մշակել: Նա իր խնդիրն է համարել անցյալի
ու ներկայի խոր իմացությունը և իմաստավորումը` բացահայտելու և ձևակերպելու
այնպիսի սկզբունքներ, որոնք օգտակար կլինեն ներկան ու ապագան ուսումնասիրելու
համար: Մաքիավելլին բոլոր պետություններում և ժողովուրդների մոտ շահը համարում
էր մարդկային գործողությունների ամենաընդհանուր պատճառը, որի հիման վրա էլ
ձևավորվում են հարաբերություններն ու պատմությունը, հետևաբար մարդկանց
էությունը նույնն է:
Մաքիավելլիի երկերում քաղաքականության տեսական քննարկումն ազատ է բա-
րոյական ու կրոնական չափանիշներից: Նա առաջինն էր, ով քաղաքականությունն
անջատեց բարոյականությունից և այն դարձրեց գիտության ինքնուրույն ճյուղ`
իրենհատուկ օրենքներով և օրինաչափություններով: ՄիաժամանակՄաքիավելլին ոչ
միայն կրոնից ազատում է քաղաքականության վերլուծությունը, այլև կրոնը
ենթարկեցնում է քաղաքական դատողություններին: Մաքիավելին կրոնը նույնպես
դիտում է պետական շահերի տեսանկյունից` որպես քաղաքականության կարևոր միջոց:
Մաքիավելլին կրոնները համարում էր հասարակական կյանքի երևույթներ, որոնք ևս
ենթարկվում են ծագման, զարգացման և կործանման օրինաչափություններին:
Իմաստասերը քաղաքականությունը համարում էր մարդկային գործունեության
առանձին ոլորտ, որն ունի իր նպատակները և օրենքները, որոնք կախված չեն կրոնից ու
բարոյականությունից: Նա պետությունը դիտում էր մարդկային ոգու գերագույն
դրսևորում, իսկ պետությանը ծառայելը` մարդկային կյանքի նպատակ:
Մաքիավելին քաղաքական գիտության խնդիրը համարում էր կոնկրետ
քաղաքականության վերլուծությունը, որն ուներ զուտ գործնական նպատակ:
Քաղաքական գիտությունը պետք է զբաղվի ոչ թե մարդկային հասարակության
կատարյալ կարգերի, այլ այն միջոցների և ուղիների որոնումներով, որոնց օգնությամբ
կարելի է վերափոխել ու ամրապնդել գոյություն ունեցող հասարակարգը: Այդ
պատճառով քաղաքական գործունեության հիմքը նա համարում է ոչ թե
բարոյականությունը, այլ ուժն ու գործնական-քաղաքական շահը, քանի որ զուտ
բարոյական միջոցներով անհնար է հասնել գործնական-քաղաքակա ն ձեռքբերումների:
Եթե քաղաքականությունը քաղաքական վարքագծի և գործառնության արվեստ է,
կանոնների օրենքների տիրապետում, ապաքաղաքական գիտության խնդիրն է, անտիկ
քաղաքական կյանքի փորձից և ժամանակակից քաղաքական իրադարձություններից ու
գործընթացներից այդ կանոնների բխեցումն ու դրանց նկարագրումը:
Մաքիավելլին գիտական շրջանառության մեջ է դրել «stato» (պետություն)
եզրույթը, որը նշանակում է ոչ թե կոնկրետ պետություն, իշխանություն, այլ
ընդհանրապես հասարակության քաղաքական կազմակերպություն: Պետության
ծագման հարցում նրա հայացքները հարում են հռչակավոր սոփեստ Պրոտոգորասի
ավանդույթներին: Պետությունն առաջացել է նախնադարյան կյանքի արհավիրքներից
պաշտպանվելու պահանջմունքից: Մաքիավելլին առանձնացնում է պետության ճիշտ
ձևերը (միապետություն, ազնվապետություն, ժողովրդավարություն), որոնց նպատակն
ընդհանուր բարիքն ու պետության վեհությունն են, և սխալ ձևերը (բռնապետություն,
օլիգարխիա), որոնցում իշխողները հոգում են միայն սեփական շահի մասին,
ոտնահարում օրենքները, քաղաքացիների անվտանգությունն, արհամարհում
հասարակական բարիքը: Մաքիավելլին գոյություն ունեցող քաղաքական արժեքներից
առանձնացնում էր երեքը` ազգային անկախություն, ազգային անվտանգություն և լավ
սահմանադրություն:
Մաքիավելիի քաղաքական մտատիպարը Հին Հռոմն է` որպես հզոր պետության
գաղափարի մարմնավորում: Այս տեսանկյունից նրան հետաքրքրել է անտիկ Հռոմի
դասական պատմությունը, ուստի հումանիստը շարադրել է «Դատողություններ Տիտուս
Լիվիուսի առաջին տասնօրյակի մասին» աշխատությունը, որտեղ բացահայտվում է
Մաքիավելլիի քաղաքական մտատիպարը: Իտալական իրականությունը նա ընկալում է
հայրենասերի խորը վշտով, ով տեսնում է իր հայրենիքը կործանման եզրին: Հեղինակն
ավելի ու ավելի էր խոնարհվում Հռոմի պետական մեծության առջև, որում տեսնում էր
քաղաքացիական արիության և քաղաքական իմաստնության վառ արտահայտությունը:
Ուստի նա իր մտատիպարը դարձնում է Հռոմը, ընդորում հանրապետական Հռոմը, որը
նվաճել էր ողջ աշխարհը:
Մաքիավելլին շատ է խորհել Ֆլորենցիայի հանրապետության անկման
պատճառների շուրջ և եկել է այն եզրահանգման, որ առաջնային պատճառներից է
ռազմականը: Նա զուգահեռներ է անցկացրել պետական զորքի և վարձու զինվորների
միջև` վերջիններին համարելով ոչ հուսալի: Մաքիավելլին իր քարտուղարության
շրջանում Ֆլորենցիայում ստեղծում է ժողովրդական աշխարհազոր, որը ինչպես և
ֆլորենտական զորքը թույլ էր, ուստի պարտվեց, ինչն էլ դարձավ հանրապետության
կործանման հիմնական պատճառը: Այս բոլոր հարցերին Մաքիավելլին անդրադարձել է
«Ռազմական արվեստի մասին» աշխատության մեջ, որտեղ, ի վերջո, գալիս է այն
եզրակացության, որ պետությունը պետք է ունենա հզոր և կազմակերպված զորք:
1520 թ. Մաքիավելլին կանչում են Ֆլորենցիա և հանձնում պատմագրի պաշտոն:
Այս ժամանակ էլ նա գրում է «Ֆլորենցիայի պատմություն» աշխատությունը (1520-25 թթ.),
որտեղ հեղինակի նպատակն էր ոչ միայն հետազոտել և ուսումնասիրել պատմական
իրադարձությունները, այլև դրանցից բխեցնել գործնական դասեր ու խորհուրդներ:
«Ֆլորենցիայի պատմության» մեջ Մաքիավելլին անդրադարձել է հասարակ ժողովրդի
քաղաքական շարժումներին: Նա գրել է 1378 թ. չոմպիների ապստամբության մասին, որն
առաջին փորձը չէր քաղաքում հասարակության ավելի ցածր խավերի կողմից
իշխանությունը զավթելու համար: Այս աշխատությունում ավելի շատ ներկայացվում է
կուսակցությունների պայքարի պատմությունը:
Մաքրավելլի ամենահայտնի աշխատությունը «Տիրակալն» է (1532), որը
հեղինակին բերեց փառք ու ճանաչում և մինչև օրս շարունակում է մնալ արդիական: Է.
Կինեն «Տիրակալը» համարել է «16-րդ դարի մարսելյոզը», որը կարելի է բնութագրել
որպես քաղաքական մանիֆեստ: «Տիրակալ»-ում հեղինակը նշմարում է միասնական ու
հզոր պետության ստեղծման ուղիներն ու միջոցներն այն պայմաններում, երբ ժողովրդի
մեջ դեռևս հասունացած չեն քաղաքացիական առաքինություննեը: Առանցքային է
միահեծան կառավարման գաղափարը, որն, ի տարբերություն այլ մտածողների,
հեղինակը բխեցնում է քաղաքականության` որպես ամբողջական երևույթի, իր
մեկնաբանությունից: Այն հետագայում դարձավ եվրոպական քաղաքական մտքի
կարևորագույն սկզբունքներից մեկը: Միայն միապետի իշխանությունը կարող է
հաշտեցնել ազնվականներին, սանձել ժողովրդին և երկրում հաստատել միասնություն և
խաղաղություն: Բայց դրա համար անհրաժեշտ են վճռական միջոցներ: Այս գաղափարով
Մաքիավելլին հակասում է ինքն իրեն, քանի որ «Ֆլորենցիայի պատմությունում»-ում նրա
մտատիպարը հանրապետական կարգն էր: Նոր ժամանակներում նա առաջիններից
մեկն էր, ով սոցիալական պրակտիկայում քաղաքականությանը հատկացրեց
կենտրոնական դեր: «Տիրակալը» իր տեսակի մեջ նույնպես ուտոպիա է, քանի որ չի
նշվում կոնկրետ քաղաքական գործչի, այլ հեղինակն ավելի շատ նկարագրում է դրա
իդեալական պատկերը:
Հարկ է նշել, որ Մաքիավելլիի տեսության ոչ համարժեք ընկալման հետևանքով
լայն տարածում է ստացել «մաքիավելականություն» եզրույթը` որպես «նպատակն
արդարացնում է միջոցները» սկզբունքի հիմնավորում, ըստ որի քաղաքական պայքարի
ընթացքում ընդունելի ու հիմնավորված են բոլոր միջոցները, այդ թվում` կեղծիքը,
դավաճանությունը, դավադրությունը, բռնությունը և այլն: Սակայն նշված եզրույթն
էական վերապահումների ու ուղղումների կարիք ունի, քանի որ ինքը` Մաքիավելլին,
բերված միջոցներն արդարացի էր համարում միայն այն դեպքում, երբ խոսքն երկրի
մասնատված կամ արտաքին ուժի կողմից տարանջատված, տարածքների միավորման,
պետության կենտրոնացված ուժի ստեղծման, միասնական պետականության մասին էր:
Մաքիավելլիի գրչին են պատկանում նաև «Ոսկե ավանակը», «Դատողություններ դուքս
Լորենցոյի մահից հետո Ֆլորենցիայում գործերի կարգավորման միջոցների մասին»,
«Լուկիա քաղաքի իրադարձությունների նկարագրությունը» աշխատությունները,
«Մանդրագորա» կոմեդիան և այլն:
Նոր քաղաքական դպրոցի ոչ պակաս հայտնի ներկայացուցիչն է իտալացի հայտնի
քաղաքական մտածող և բարձր Վերածննդի ժամանակաշրջանի պատմաբան Ֆրանչեսկո
Գվիչչարդինին (Francesco Guicciardini,1483-1540): Նա ծնվել է հարուստ և հայտնի
ընտանիքում, ստացել է լավ կրթություն` սովորելով իրավաբանություն Ֆերրարի և
Պադուի համալսարաններում: Ուսումնասիրել է անտիկ դասականներին, տիրապետել է
լատիներենին և հունարենին: 1505 թ. Վերջացնելով ուսումը`ստացելէ քաղաքացիական
իրավունքի դոկտորի կոչում, այնուհետև ողջ կյանքի ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ
կարևոր ու պատվավոր պաշտոններ: Նման վառ անհատականությունը մինչև 19-20-րդ
դարերն անհայտ էր: Գվիչչարդինիին իր փառքով խամրեցրեց ժամանակակից Ն.
Մաքիավելլին, ում համար, ըստ էության, չի գտնվի ավելի արժանավոր ընդդիմախոս:
Հարկ է նշել, որ ինքը`Մաքիավելին շատ էր հարգում և գնահատում Ֆրանչեսկո
Գվիչչարդինիին և նրա հետ ուներ ընկերական հարաբերություններ: Ցավոք երկար
ժամանակ բացակայում էր Գվիչարդինիի աշխատությունների նկատմամբ անհրաժեշտ
ուշադրությունը: Միայն նրա մահից երեք դարանց պատմաբանները, քաղաքագետները,
սոցիոլոգները սկսեցին ավելի ու ավելի հաճախ անդրադառնալ ֆլորենցիացի
քաղաքական գործչի աշխատություններին ու հայացքներին: Գվիչարդինին մի շարք
աշխատությունների հեղինակ է, բայց դրանցից և ոչ մեկն էլ նրա կենդանության օրոք
ճանաչում ձեռք չբերեց: Սակայն անգամ այն ժամանակ, երբ դրանք հրատարակվեցին
համարժեք արձագանք չստացան և հաճախ զուրկ էին համարվում որևէ գիտական և
գրական արժանիքներից: Միայն 20-րդ դարում Գվիչարդինիի գաղափարական
ժառանգությունն ստացավ օբյեկտիվ գնահատական, իսկ նրա անունը`արժանի
ճանաչում:
Խելացի, խորաթափանց, հաշվենկատ և հույզերին չենթարկվող Գվիչարդինին
սիրում էր իր հայրենիքը և երազում էր այնտեղ տեսնել լավ կազմակերպված
հանրապետություն, ազատված բարբարոսներից և «չարագործ հոգևորականներից»:
Որպես խոշոր քաղաքական մտածող` նա փորձում էր կանխագուշակել իր հայրենիքի
ճակատագիրը` հույսը դնելով ազնվականական հանրապետության վրա և սխալվեց: Եթե
Իտալիայի միավորման համար Մաքիավելին կողմնակից էր միապետությանը, ապա
Գվիչչարդինին առաջարկում էր կոնֆեդերացիայի սկզբունքը` նշելով, որ Իտալիայի
տարբեր մասեր տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման տարբեր
մակարդակների վրա են գտնվում:
Գվիչչարդինիի վաղ շրջանի աշխատություններից է «Ֆլորենցիայի
պատմությունը», որտեղ ներկայացված են 1378 թ. չոմպինների ապստամբությունից մինչև
1509 թ. ընկած իրադարձությունները: Հեղինակն այս աշխատության մեջ մանրակրկիտ
հետազոտել է քաղաքական համակարգերի էվոլուցիան` պոպոլանական
դեմոկրատիայից մինչև Մեդիչիների բռնապետության հաստատումը: Նա հանգել է այն
եզրակացության, որ Ֆլորենցիայի համար լավագույն,
կատարյալկառավարամանձևըօլիգարխիանէ: Գվիչչարդինին կարողացել է դիպուկ
ներկայացնել Ֆլորենցիայի հանրապետության քաղաքական ու սոցիալական կյանքը,
տարբեր խմբավորումների և սոցիալական վերնախավի հայտնի դեմքերի
հետաքրքրություններն ու պայքարը: Աշխատության 25-րդ գլխում Գվիչչարդինին կանգ է
առնում Ֆլորենցիայի պետական կառուցվածքի վրա, որը նախորդել էր ցմահ
գոնֆալիոներատի հաստատմանը և նրա վերլուծության արդյունքները հետևյալն են.
Այնտեղ որտեղ չկա վստահություն իմաստուն և փորձառու քաղաքացիների նկատմամբ
և որտեղ գործերը կատարում են թույլ մարդիկ` վատատոհմիկ և անփորձ, այդ
պետությունը դատապարտված է կործանման: Ֆլորենցիայում այդ ժամանակ ավելի
հարուստ ու խելացի քաղաքացիներին ճնշում էին հարկադրական փոխառություններով
և զրկում էին ցանկացած քաղաքական ազդեցությունից, քանի որ վախենում էին, որ
նրանք կնպաստեն Մեդիչիների վերադարձին: Դա նրանց հուսահատության մեջ էր գցել
և նրանք պատրաստ էին ընդունել ցանկացած վարչակարգ, միայն թե չսննկանային:
Ներկայացնելով այս ամենը`Գվիչչարդինին չի թաքցնում իր համակրանքը
«իմաստունների» նկատմամբ: Նա վախենում էր, որ առանց «իմաստունների» և
«հարուստների» մասնակցության չի հաստատվի ամուր և լավ կազմակերպված
իշխանություն: Գվիչչարդինին «սահմանափակ» պետության կողմանակից է և
քննադատում է «լայն» կառավարումը, ժողովրդաիշխանությունը: Օրենսդիր և գործադիր
մարմինների հաճախ փոփոխությունը Գվիչչարդինիի կարծիքով հանգեցնում է
պետական գործառույթների կազմալուծման և խոչընդոտում է միասնական, հստակ
քաղաքականության իրականացմանը:
Գվիչչարդինիի վաղ աշխատություններից է նաև «Ֆլորենցիայի կառավարման
մասին», որտեղ հեղինակը հայտնում է կարծիք, որ ժողովրդական կառավավարումը`իր
ողջ գրավչությամբ և արժանիքներով, իրականում թաքնված բռնապետություն է, քանի որ
ժողովուրդը ճնշում է ցանկացածին, ով ունի այլ դասային պատկանելություն: Ի
տարբերություն Մաքիավելիի, ում Գվիչչարդինին հաճախ էր քննադատում, նա հակված
չէր արդարացնել ավտորիտար իշխանության համակարգը, այլ ցանկացած
հանգամանքներում հավատարիմ է մնում հանրապետական սկզբունքներին` չնայած
դրանց տալիս է արիստոկրատական գունավորում: Հենց այս տեսանկյունից
Գվիչչարդինին քննարկում է ժողովրդաիշխանության և մեկ իշխանի կառավարման
հարցերը: Այստեղ մի իշխանության հատկությունը ի վերջո վերածվելու է
բռնապետության, որը, հեղինակի կարծիքով, դարձնում է այն անընդունելի: Բռնապետի
պետությունը ամրապնդվում է քաղաքացիների արյունով: Բռնապետության կարող է
վերածվել ոչ միայն ժողովրդավարությունը կամ էլ միապետությունը, այլ նաև
ազնվապետությունը: Ավելին Գվիչարդինին շեղվելով վերացական քննադատումներից,
նշում է, որ իր ժամանակի Ֆլորենցիային, որը ծվատվել է կուսակցական պայքարից,
ազնվապետությունն ամենաքիչն է համապատասխանում: Այսպիսով, կառավարման
«մաքուր» ձևերից ոչ մեկն էլ չի կարող երկար պահպանվել իր նախնական տեսքով:
Միաժամանակ ավերիչ քաղաքական աղետները, որոնք պետությանը հասցնում են
անկման և կործանման, անխուսափելի են: Սակայն Գվիչչարդինին ցանկանում է
հետաձգել Ֆլորենցիայի կործանումը և իր քաղաքական տրակտատներում առաջարկում
է նրա վերակառուցման սահմանադրական ծրագրեր: Այդ ծրագրերի տեսական հիմքը
դարձավ հեղինակի կողմից հիմնավորվող և Վերածննդի դարաշրջանում լայնորեն
օգտագործվող խառը կառավարման ձևը: Անկասկած խառը կառավարումը, որը
կառավարման երեք ձևերի խառնուրդն է` միապետության, արիստոկրատիայի և
դեմոկրատիայի, ավելի հաստատուն է, քան այդ ձևերից որևէ մեկի կառավարումը,
հատկապես, երբ այդ ձևերից վերցվում է միայն լավ կողմերը: Գվիչչարդինի համոզված է,
որ պետական ձևերը զարգանալու միտում ունեն, փոխակերպվելու մեկից մյուսի,
անկման հակում և այլն: Համառելով պետական ձևերի փոփոխական բնույթին, նա
միևնույն ժամանակ արտահայտում է հասարակական զարգացման օրինաչափության
մասին գաղափարներ: Գվիչչարդինիի համոզմամբ, բոլոր պետությունները կառուցվում
են բռնության վրա: Նրա քաղաքական իդեալը Վենետիկի հանրապետությունն էր, որտեղ
իշխանությունը ժառանգական սկզբունքով պատկանում էր մի քանի ընտանիքներին:
Մերկացնելով հոգևորականությանը`Գվիչարդինին Մաքիավելիի նման հարկ չի
համարում պայքարել կրոնի դեմ, որպես այդպիսին «քանի որ շատ ուժեղ է այդ բառի
իշխանությունը հիմարների վրա»: Հումանիստը կրոնին վերապահում էր
դաստիարակչական կարևոր գործոնի դեր:
Գվիչչարդինիի ամենահայտնի աշխատությունն է «Իտալիայի պատմությունը»,
որն իր տեսակի մեջ առաջին աշխատությունն է: Հեղինակը հետևում և փաստերով
ներկայացնում է իտալական թերակղզում 1490-1534 թթ. տեղի ունեցող քաղաքական
իրադրաձությունները: Նա շարադրում է իր ժամանակաշրջանի պատմությունը
ականատեսի աչքերով, երբեմն էլ սեփական փորձի հիման վրա: Նշված
ժամանակաշրջանում Իտալիան դարձել էր միջազգային ռազմական կոնֆլիկտների
թատերաբեմ: Գվիչչարդինին ուշադրություն է դարձրել ղեկավարի դերին`այսինքն,
իմաստուն կամ անխելք կառավարողի որոշումներից է կապված ժողովրդի ու երկրի
ճակատագիրը: Այս աշխատության մեջ հեղինակը փորձել է բացահայտել իտալական
պետության քաղաքական և ռազմական անհաջողությունների խորքային
պատճառները: Ընդհանրապես Գվիչչարդինին պատմության մեջ մեծ տեղ է հատկացրել
տնտեսությանը, հատկապես ֆինանսներին ու առևտրին: Գվիչչարդինիի այս
ստեղծագործությունը հրատարակվել է դրա ստեղծումից քառորդ դար անց (1561-1564) և
հեղինակին բերել է պատմաբանի համբավ: Գվիչչարդինին առանձնահատուկ
վերաբերմունք է ցուցաբերել սկզբնաղբյուրների նկատմամբ, օգտագործել է արխիվային
փաստաթղթեր և դիվանագիտական գրագրություններ: Մաքիավելլին և Գվիչչարդինին
համարվում են իտալական Վերածննդի պատմագիտական մտքի բարձրակետը:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1.Бобкова М. С. Исторический метод Бодена как способ теоретического осмысления
прошлого // Диалог со временем. Альманах интеллектуальной истории. — Вып. 1,
М., 1999, с. 184—201.
2.Историография истории нового времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М.,1990, էջ 24-34:
3.Նիկոլո Մաքիավելի, Տիրակալը, Եր., 2010, էջ 3-98:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Брагина Л. М., Итальянский гуманизм эпохи Возрождения, М., 2002.
2. Брагина Л. М., Итальянский гуманизм, этические учения 14-15 веков, М. 1977.
3. Брагина Л. М., Сочинения Итальянских гуманистов эпохи Возрождения, М., 1985.
4. Брагина Л. М., Социально-этические взгляды итальянских гуманистов, М., 1983.
ԹԵՄԱհմ. 2.

Հումանիստական պատմագրությունը եվրոպական երկրներում. Ֆրանսիա,


Անգլիա, Գերմանիա

16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին հումանիստական պատմագրությունն


Իտալիայում հասավ իր բարձրակետին, որից հետո լայնորեն տարածվեց Ֆրանսիայում,
Անգլիայում, իսկ ավելի քիչ ազդեցություն նկատվեց Գերմանիայում: Եվրոպայում այս
շրջանում դեռևս շարունակում էին ուշադրություն դարձնել միջնադարյան
պատմագիտական ավանդույթներին, սակայն աստիճանաբար մեծ հեղինակություն էին
սկսում վայելել պատմական բնույթի աշխատությունները, որոնցում ուշադրություն էր
դարձվում սկզբնաղբյուրներին, պետական, դիվանագիտական ու արխիվային
փաստաթղթերին և ամենակարևորը` դրանց նկատմամբ ցուցաբերվում էր
քննադատական մոտեցում: Վերոնշյալ եվրոպական երկրները նույնպես ապրում էին
սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային համապատասխան զարգացումնները,
որոնք ապահովում էին այս երկրների անցումը միջնադարից դեպի նոր ժամանակներին:
Նման գործընթացների համատեքստում կարևորվեց պատմական գիտության դերն ու
նշանակությունը: Առանձին ներկայացնենք պատմական մտքի զարգացումը եվրոպական
երեք խոշոր երկրներում` Ֆրանսիայում, Անգլիայում և Գերմանիայում:
ա)Ֆրանսիա
16-րդ դարում ավարտվեց Ֆրանսիայի քաղաքական միավորման գործընթացը,
ինչն էլ բարենպաստ պայմաններ ստեղծեց երկրի տնտեսական ու քաղաքական
զարգացման համար: Այս շրջանում Ֆրանսիայում արդեն ձևավորվել էր
բյուրգերությունը, սակայն իշխանությունը շարունակում էր մնալ ֆեոդալական
վերնախավի ձեռքում: 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբին Ֆրանսիայում ձևավորվեց
բացարձակ միապետություն, որն այս երկրի զարգացման առանձնահատկություններից
էր: Միապետի ձեռքում կենտրոնացվեց օրենսդիր և գործադիր իշխանությունների
ձևավորման ու իրականացման գործառույթները: Միաժամանակ 16-րդ դարի 2-րդ կեսին
Ֆրանսիան թևակոխեց քաղաքական ճգնաժամի ժամանակաշրջան, որն արտահայտվեց
կրոնական (քաղաքացիական) պատերազմներով` կարճատև դադարներով տևեց 32
տարի (1562-1594): Պաշտոնապես այն կաթոլիցիզմի ու կալվինիզմի պայքարն էր, սակայն
իրականում ուներ ներքին սոցիալ-քաղաքական պատճառներ: Նմանատիպ
գործընթացներն իրենց ազդեցությունը թողեցին ժամանակի մտածողների, հատկապես
պատմաբանների հայացքների ու գաղափարների ձևավորման վրա:
Ֆրանսիայում հումանիստական գաղափարների ազդեցությամբ զարգացավ
պատմագիտական միտքը: Սկսեցին գրել ու հրատարակել պատմական
աշխատություններ ու հուշագրություններ: 1560 թ. Էտեն Պակեն (1529-1615)
հրատարակեց «Փնտրտուք Ֆրանսիայի մասին» աշխատությունը, որտեղ ներկայացնում
էր կարևոր իրադարձությունների համառոտ պատմությունը: 1568 թ. Ֆրանսուա
Բելֆորեն (1530-1585) ներկայացրեց իր «Կառոլինգյան ինը թագավորների
պատմությունը», իսկ 1576 թ. Բերնար դե Ժիրար Դյու Գայան հրատարակեց
«Ֆրանսիական թագավորների ընդհանուր պատմությունը Ֆարամոնդից մինչև Կառլոս
7-րդ» աշխատությունները: Այս երկու աշխատությունները հետաքրքրիր են ոչ միայն
պատմական իրադարձությունների գնահատմամբ, այլ իրենցից ներկայացնում են
յուրահատուկ քաղաքական ծրագրեր` պաշտպանելով բացարձակ միապետությունը
(աբսոլյուտիզմը): Այս շրջանի հայտնի պատմական աշխատություններից էր Ժակ
Օղյուստ դե Տուի (1553-1617) «Իմ ժամանակվա պատմությունը»: Հումանիստը շարադրել
է մեծաթիվ քաղաքական իրադարձություններ` ընդգրկելով գրեթե ողջ Եվրոպան:
Հեղինակը փորձել է հիմնավորել կրոնական պատերազմների անարդյունավետությունը`
ավելի շատ հանդես գալով քաղաքական կոմպրոմիսի դիրքերից:
Ֆրանսիայում հումանիստական պատմագրության ամենահայտնի
ներկայացուցիչն էր քաղաքագետ, փիլիսոփա, տնտեսագետ, իրավաբան, Փարիզի
պառլամենտի անդամ և Տուլզայի ակադեմիայի պրոֆեսոր Ժան Բոդենը (Jean Bodin, 1530–
1596): Վաղ հասակից, կրթություն ստանալու նպատակով, նրան հանձնել են
Կարմելիտյանների օրդենին, այնուհետև նա քաղաքացիական իրավունք է
ուսումնասիրել Տուլզայի ակադեմիայում, որը համարվում էր 16-րդ դարի Ֆրանսիայի
ամենախոշոր համալսարանական կենտրոններից մեկը: 1516 թ. վերադառնում է Փարիզ,
զբաղվում է փաստաբանական գործունեությամբ և մտերմանում է այսպես կոչված
«Քաղաքականություն» խմբավորման հետ: Բոդենը փորձել է հիմնավորել ժողովուրդների
առաջացման պատճառները` դիտելով այնլ ուրջ հիմնախնդիր, որն էլ համարվում է
ֆրանսիական հումանիստական մտքի հիմնական նվաճումը:
Բոդենին հեղինակություն և ճանաչում է բերում 1566 թ. հրատարակված
«Պատմության ուսումնասիրման դյուրին մեթոդ» աշխատությունը: Հեղինակը խորհում է
պատմության և պատմական գործընթացների մասին և թե դրանք ինչպիսի ազդեցություն
են թողնում մարդկության զարգացման վրա: Աշխատության մեջ հեղինակը փորձում է
ձևակերպել պետության ու պետական իշխանության վերաբերյալ իր ուսմունքը: Այդ
ուսմունքը նա զարգացնում է տասն տարի անց հրատարակված «Վեց գիրք պետության
մասին» (1576) աշխատությանմեջ:
«Պատմության ուսումնասիրման դյուրին մեթոդ» աշխատության մեջ հեղինակի
կողմից առաջ քաշած գլխավոր գաղափարներից է` մարդու արժեքը շատ կողմերով
կախված է այն բնական պայմաններից, որտեղ նա ապրում է: Սա կոչվում է
աշխարհագրական դետերմինիզմի տեսություն, որն առաջ էր քաշվել դեռևս անտիկ
դարաշրջանում, ուստի պատական չէ, որ Բոդենը հաճախ է հղումներ կատարում
Պլատոնին: Հեղինակը աշխատության մեջ ոչ միայն ժողովրդի զարգացման
առանձնահատկություններն է կապում կլիմայի և այլ աշխարհագրական գործոնների
հետ, այլ եզրակացնում է այդ գործոնների խաղացած կարևոր դերը պետության սոցիալ-
քաղաքական համակարգի ձևավորման գործում: Օրինակ, նա նշում է երկրագնդի
հյուսիսում, հարավում, արևելքում ևարևմուտքում գիտության զարգացման
առանձնահատկությունների մասին: Բոդենը տարբեր պետությունների դերերի հարցում
կատարում է առանձին եզրահանգումներ և այս առումով նա չի սահմանափակվում
միայն եվրոպական պետություններով, այլ ուշադրություն է դարձնում նաև Առաջավոր
Ասիայի և Մերձավոր Արևելքի պետություններին:
Հեղինակի կարծիքով պետությունն իրենից ներկայացնում է տնտեսական,
սոցիալական և մշակութային քաղաքակրթության պատմական զարգացման
բարձրակետը (այս հարցում նա համաձայնվում է Ն. Մաքիավելլիի հետ): Աշխատության
մեջ Բոդենն ընդունում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իր համար ընտրի կրոնն
ու աստծուն` իհարկե քրիստոնեության շրջանակներում: Այնուհետև հումանիստը
ներկայացրել է հավատի հանդուրժողականության սկզբունքը: Ըստ Բոդենի պետությունն
իրականացնում է գերագույն իշխանություն, իսկ պետության գերիշխանությունը դա
միշտ, անընդհատ գոյություն ունեցող իշխանությունն է, որը պաշտպանում էին նաև
Կիկերոնը, Մորը, Մաքիավելլին: Բոդենն առանձնացնում էր պետության երեք ձևեր`
դեմոկրատիա, արիստոկրատիա և միապետություն: Նա բացասաբար էր վերաբերվում
դեմոկրատիային` ժողովրդին համարելով գազան, որը շատ դժվարությամբ է որևէ լավ
արարք կատարում: «Նրան վստահել քաղաքական գործերի որոշումը, նույննէ, որ
խորհուրդ հարցնենք խելագարից»,- ասում էր Բոդենը: Արիստոկրատիայի թերությունն
էր համարում անկայունությունը, ինչը ենթադրում էր կոլեգիալ սկզբունքով ընդունել
որոշումները: Բոդենը պետության կառավարման լավագույն ձևը համարում էր
միապետությունը և կողմնակից էր ժառանգական միապետությանը: Մյուս կողմից,
գտնում էր, որ բացարձակ իշխանությունը պետք է ունենա երեք սահմանափակումներ`
այսինքն, սուվերեն տիրակալը իր գործողություններով կապված է աստվածային,
բնության և մարդկային օրենքների հետ, որոնք համընդհանուր են ժողովրդի համար:
Բոդենը հանդես եկավ Արիստոտելի` պետության հիմնական նպատակն է հանդիսանում
մարդկանց երջանկության հասցնելը, դրույթի դեմ, գտնելով, որ պետության հիմնական
նպատակն է ապահովել ներքին խաղաղությունը, արդարությունը, սոցիալական
ներդաշնակությունը և արտաքին թշնամիներից պաշտպանվելը: Հետևելով
Մաքիավելլիին` Բոդենը նույնպես կողմնակից էր, որ սոցիալական կոնֆլիկտների
պատճառներն են հարստության անհավասար բաժանումը, կուսակցությունների
պայքարը և կրոնական անհանդուրժողականությունը: Ուստի նա պահանջում էր
վերականգնել կրոնական ազատությունը և իրականացնել բարեփոխումներ` մասնավոր
սեփականությունը պաշտպանելու նպատակով: Բոդենը մեծ քանակությամբ օգտագործել
է անտիկ ու հատկապես միջնադարյան հեղինակների աշխատությունները, որոնք
վերաբերվում էին հռոմեական իրավունքին: Բոդենի «Վեց գիրք պետության մասին»
աշխատությունը դարձավ փիլիսոփայական և սոցիալ-քաղաքական մտքի ամենախոշոր
հուշարձաններից մեկը: Այն այսօր էլ չի կորցրել իր գիտական նշանակությունը, քանի որ
դարեր անց գերիշխանության, սուվերենության հայեցակարգը գրեթե չի փոխվել:
Բոդենը հետագայում բացահայտ հանդես է գալիս դեիզմի և բանական կրոնի
կողմնակիցների դիրքերից, որը ներկայացրել է «Խոսակցություն յոթ դերերում
բարձրագույն ճշմարտությունների գաղտնիքների մասին» աշխատությունում`
հրատարակվել է միայն 1858 թ.: Այդ մտքերի համար նա քիչ էր մնացել դառնար 1572 թ.
Բարդուղիոմեսյան գիշերվա զոհը:
Հումանիստն իր ապրած ժամանակաշրջանի համար արտահայտել է բավականին
համարձակ գաղափարներ` 16-րդ դարի Ֆրանսիայում տիրող հոգևոր կյանքի
վերաբերյալ, որոնք վերլուծել ու ներկայացրել է երկու համարձակ աշխատություններում:
Առաջին աշխատությունը վերնագրված է «Վհուկների սատանամոլությունը» (1580),
որտեղ արատացոլված է ժամանակաշրջանի հոգևոր միջավայրը, երբ մարդը ապրում է
սատանաների ու վախերի պատրանքով շրջապատված: Այս տրակտատում Բոդենի
առաջ քաշած գլխավոր գաղափարն է` մարդու և հասրակության ներսում
աստիճանաբար ձևավորվող պայքարը հնի դեմ և նոր աշխարհիկառուցման ձգտումը:
Բոդենի վերջին ստեղծագործությունն է «Գեպտապլոմերես» կամ «Յոթ
մասնակիցների խոսակցությունը», որը համարվում է հեղինակի ամենահամարձակ
ստեղծագործությունը: Այստեղ հեղինակը հիմնավորում է կրոնական
հանդուրժողականության գաղափարը: Նա քննադատում է քրիստոնեությունը և այն
համեմատում է այլ կրոնների հետ, որտեղից էլ հանդես են գալիս յոթ մասնակիցները`
ներկայացնելով տարբեր դավանանքներ: Բանավեճի ընթացքում Բոդենը քննադատում է
քրիստոնեական դոգմաները, Քրիստոսի աստվածային բնույթի ուսմունքը և
Երրորդության անաղարտության հայեցակարգը` ցույց տալով, որ անհնար է
բանականության օգնությամբ ապացուցել կրոնի ճշմարտացիությունը: Այս ամենը
Բոդենը անում էր նրա համար, որ մարդիկ պաշտպանեն հավատը, քանի որ
անհավատությունն ավելի վտանգավոր է:
բ) Անգլիա
16-րդ դարում Անգլիայում ևս տեղի էին ունենում արմատական
փոփոխություններ, որոնք արտահայտվեցին բնակչության աճով, ուրբանիզացիայի
մակարդակով և խոշոր մանուֆակտուրաների ի հայտ գալով: Այս շրջանում Անգլիայում
վերելք ապրեց տնտեսությունը, հատկապես գործվածքագործությունը և առևտուրը,
որոնք էլ իրենց հերթին նպաստեցին վաղ կապիտալիստական հարաբերությունների
ձևավորմանը: Այս գործընթացները հանգեցրեցին ագրարային հեղաշրջման, իսկ
քաղաքական կյանքում Թյուդորների օրոք վերջնականապես հաստատվեց բացարձակ
միապետությունը: Անգլիայի պատմության համար կարևոր իրադարձություն էր
ազգային` անգլիկան եկեղեցու, առանձնացումը կաթոլիկ աշխարհից: 16-րդ դարի
կեսերից հետո Անգլիան Եղիսաբեթ 1-ինի (1558-1603) կառավարման տարիներին ապրեց
աննախադեպ վերելք: Նման քաղաքական և տնտեսական իրադարձություններին
զուգահեռ Անգլիայում տարածվեցին և վերելք ապրեցին հումանիստական
գաղափարները:
Անգլիայում հումանիստական պատմագրության հայտնի ներկայացուցիչն էր
մտածող, գրող և հումանիստ Թոմաս Մորը (Sir Thomas More, ավելի շատ հայտնի է Saint
Thomas More անունով, 1478-1535): Նա սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ
Անտոնիայի դպրոցում, այնուհետև 13 տարեկանում հայտնվել է Քենտրբերիի
արքեպիսկոպոս Ջոն Մորտոնի մոտ, ով Մորի մասին ասել է` դառնալու է «հայտնի
մարդ», այնուհետև իրավաբանական կրթություն է ստանում Օքսֆորդի
համալսարանում: Վերադառնալով Լոնդոն` Մորը զբաղվում է քաղաքականությամբ`
ընտրվում է պառլամենտում, որից հետո դառնում է Հենրիխ 8-րդի (1509-1547) կանցլերը:
Սակայն 1532 թ. Նա հեռանում է պաշտոնից և իր հայացքների համար 1535 թ. Գլխատվում
է: Ինչպես Օքսֆորդի համալսարանի ավագ սերնդի ներկայացուցիչների, այնպես էլ Մորի
մոտ էթիկայի հայեցակարգը հիմնված էր «քրիստոնեական առաքինությունների»
հասկացության վրա` միաժամանակ այն շաղախելով հումանիստական
գաղափարներով: Ըստ Մորի առաքինությունն ու սերը պահանջում են ցուցաբերել
քաղաքացիական ակտիվություն և ծառայել հասարակությանը: Մորին խիստ
հետաքրքրել է կանանց կրթության հարցը` գտնելով, որ կինը տղամարդուն հավասար
կարող է հասնել գիտական ձեռքբերումների:
Թոմաս Մորի պատմագիտական ստեղծագործությունն է «Ռիչարդ 3-րդի
պատմությունը», որի շուրջ մասնագետները մինչև օրս վիճում են` այն պատմական, թե՞
գեղարվեստական ստեղծագործություն է: Աշխատության մեջ Մորը ատելությամբ է
ներկայացրել Ռիչարդ 3-րդին` քննադատելով նրա բռնապետությունը: Ի տարբերություն
Մաքիավելլու, ով բարոյականութունն առանձնացնում էր քաղաքականությունից, Մորը
կարևոր տեղ է հատկացնում ղեկավարի բարոյականությանը: Ռիչարդ 3-րդի կերպարով
հեղինակը փորձել է ցույց տալ, որ բարոյականության և քաղաքականության խզումը
հանգեցնում է թագավորության ու պետության անխուսափելի կործանմանը:
Թոմաս Մորի գլխավոր աշխատությունն է «Ուտոպիան» (1516), որը իր տեսակի մեջ
մի յուրահատուկ ստեղծագործություն է` արտահայտելով ուտոպիստական,
սոցիալիստական գաղափարներ: Հեղինակն իր աշխատությունն անվանել է «Ոսկյա
գրքույկ, կարևոր է այնքանով, որքանով զվարճալի Ուտոպիա կղզում ավելի լավ
պետության կառուցման համար»: Աշխատությունը բաժանվում է երկու մասի: Առաջինն
իրենից ներկայացնում է գրական-քաղաքական պամֆլետ: Հեղինակնը քննադատում է իր
ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական համակարգը, պախարակում է
«արյունոտ» օրենսդրությունը, հանդես է գալիս մահապատժի, թագավորական
բռնակալության և պատերազմների քաղաքականության դեմ: Նա քննադատել է նաև
համայնական հողերի բռնագրավման և գյուղացիության վիճակի դեմ` գրելով
«Ոչխարները կերան մարդկանց» միտքը: Սակայն հումանիստը չի սահմանափակվում
միայն քննադատությամբ, այլև առաջարկում է բարեփոխումների ծրագիր:
«Ուտոպիայի» երկրորդ մասում հեղինակը դարձյալ առաջնորդվում է
հումանիստական գաղափարներով: Նա անդրադառնում է պետության խնդրին: Մորի
կարծիքով պետությունը, որը հիմնված է մասնավոր սեփականության վրա իրենից
ներկայացնում է «հարուստների դաշինք» և ծառայում է միայն նրանց շահերին:
Սեփականությունը ծնում է միայն անհավասարություն և մարդկանց հեռացնում է
քրիստոնեական սիրուց: Ուստի նրա «Ուտոպիա»-ում մասնավոր սեփականությունը
փոխարինվում է համայնականով, որտեղ բոլոր մարդիկ աշխատում են հավասար, ունեն
ազատ ժամանակ որպեսզի զբաղվեն գիտությամբ, արվեստով և զվարճանան:
«Ուտոպիա»-ում քաղաքական կյանքը կառուցվում էր ընտրությունների սկզբունքով:
Բարձրագույն պաշտոններ կարող էին զբաղեցնել միայն այն մարդիկ, որոնք ունեին
անաղարտ բարոյական արժեքներ և ղեկավարման ընդունակություններ: Կոնցեսիոնալ
հարցերը լուծվելու էին կրոնական հանդուրժողականության սկզբունքով: Արգելվում էր
միայն աթեիզմը, որին հետևելու համար զրկում էին քաղաքացիական իրավունքից:
Կանանց ևս տրվում էր տղամարդկանց հավասար իրավունքներ:
Թոմաս Մորի «Ուտոպիան» համարվում է Վերածննդի հասարակական մտքի
բարձրակետը: Հեղինակը փորձել է սինթեզել անտիկ քաղաքական տեսությունները և
ժամանակակից փորձը: Նա խորհում է պետության բնույթի, նրա ինստիտուտների ու
կրոնի դերի շուրջ` նպատակադրվելով ստեղծել իդեալական հասարակության
նմուշաձև: Փաստորեն վերոնշյալ գաղափարներով ձևավորվում է ուտոպիստական
ուղղությունը:
Անգլիայում հումանիստական մտքի ներկայացուցիչներից էր իմաստասեր,
պատմաբան, քաղաքական գործիչ Ֆրենսիս Բեկոն (Francis Bacon, 1561-1626): Ժամանակի
համար ստացել է լավ կրթություն, կարիերան սկսել է որպես հաջողակ փաստաբան,
այնուհետև զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ` Յակով 1-ինի օրոք դարձել է
լորդ-կանցլեր:
Բեկոն ավելի շատ հայտնի է իր փիլիսոփայական հայացքներով: Նրա էթիկական
աշխարհայացքը հիմնված է ինդիվիդուալիզմի հումանիստական գաղափարական
ավանդույթների վրա` հավատը մարդու մեջ է և նրա ունակությունն է դառնալ «իր
ճակատագրի տերը»: Բեկոն ստեղծել է գիտական հասկացության նոր տեսություն:
Տարբեր դեդուկցիաներից, որոնք հիմնված էին անտիկ և միջնադարյան
փիլիսոփայության վրա, նա ստեղծել է ինդուկտիվ էմպիրիկական մեթոդը, ինչն
ենթադրում է մասնակիից հանգել ընդհանուրի` հետևելով փորձերին, բանական
հետազոտություններին և գիտական կանոներին: Բեկոն գիտական մեթոդը հիմնավորում
է իր հայտնի «Նոր օրգանոն» (1620) աշխատության մեջ: Նրան է պատկանում «Գիտելիքը-
ուժ է» արտահայտությունը: Բեկոնի էմպիրիկական մեթոդը մեծ ազդեցություն թողեց
Լուսավորության ժամանակաշրջանի եվրոպական փիլիսոփայական մտքի վրա:
Բեկոնին հուզել է հասարակության բարոյականության, քաղաքականության և
կրոնի մասին հարցերը, որոնց նա անդրադարձել է իր գրական-փիլիսոփայական
«Բարոյական և քաղաքական փորձերն ու խրատները» խորագրովակնարկում (1597):
Սակայն նա առավելապես հետաքրքրվել է սոցիալ-քաղաքական խնդիրներով,
մասնավորապես ուշադրություն է դարձրել պետության գործառույթներին`
անդրադառնալով դասերի, կրոնի ու տնտեսության դերին: Անգլիացի մտածողի
սոցիալիստական հայացքները կապված էին հասարակության մեջ գիտության տեղի
վերաբերյալ պատկերացումներով: Գիտությունը պետք է նպաստեր աշխարհի
վերաձևավորմանը, որտեղ իշխանությունը կենթարկվեր մարդուն: Բեկոն իր
ուտոպիստական «Նոր Ատլանտիդա» ստեղծագործությունում համընդհանուր
ներդաշնակությունը և բարեկեցությունը կառուցում է ոչ թե սոցիալական
սահմանափակումների, այլ գիտա-տեխնիկական առաջընթացի հասնելու վրա: Նրա
պատկերացրած իդեալական հասարակությունը ղեկավարում է «Սողոմոնների տունը»`
այսինքն, նոր բացահայտումների լաբորատորիան և գիտելիքների տաճարը: Բեկոն
ապագայի համար կատարել է մի քանի բացահայտումներ` արևային էներգիայի
օգտագործումը, սելեկցիան, թռչող սարքերը և այլն:
Բեկոնի պատմական բնույթի աշխատություններից ամենանշանավորը «Հենրիխ 7-
րդի պատմությունն է» (1622): Նա այս աշխատությունը շարադրել է, երբ արդեն զրկվել էր
բոլոր պաշտոններից: Սակայն հեղինակը փառաբանում է Թյուդորների արքայատոհմին
և Հենրիխ 7-րդի օրինակով փորձում է ավելի բարձրացնել նրա հեղինակությունը:
Փաստորեն Բեկոն այս աշխատությամբ հետապնդել է քաղաքական նպատակներ: Ի
տարբերություն Թ. Մորի, ով քննադատել էր Ռիչարդ 3-րդին, Բեկոն վերջինիս` որպես
ղեկավարի, բարձր է գնահատել: Նա գտնում էր, որ գահի վրա պետք է բազմի լուսավորյալ
միապետը, ով պետք է հետևի իմաստուն մարդկանց խորհրդին: Հումանիստը
դատողություններ է կատարել ժողովրդական ապստամբությունների մասին` դրանք
համարելով սովարական երևույթ: Չնայած Բեկոն քննադատել է ապստամբություններն
ու խռովությունները, միաժամանակ փորձել է վերհանել ու բացահայտել դրանց
պատճառները:
գ)Գերմանիա
15-16-րդ դարերի սահմանագծին գերմանական հողերը համարվում էին Սրբազան
հռոմեական կայսրության տարածքներ: 1486 թ. գերմանական տարածքները
պաշտոնապես անվանվեցին Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն:
Պետության գլուխը կանգնած էր թագավորը կամ կայսրը, սակայն Գերմանիան մնում էր
քաղաքականապես մասնատված երկիր` որտեղ կային տասնյակ մանր ու խոշոր,
աշխարհիկ ու եկեղեցական իշխանություններ: 15-րդ դարի վերջին 16-րդ դարի սկզբին
Գերմանիայում արձանագրվում է ժողովրդագրական ու տնտեսական աճ: Ավելանում է
բնակչության թիվը, որի 90 % ապրում էր գյուղում: Թեև դանդաղ, սակայն այստեղ ևս
նկատվեց արտադրության զարգացումը, հատկապես երկրի հյուսիս-արևմտյան
շրջաններում:
16-րդ դարի սկզբին գերմանացի հումանիստները ավելի լայն ազգային բնույթ
հաղորդեցին եկեղեցու ու թագավորի քննադատությանը, ինչպես նաև դա օգտագործեցին
որպես հիմք իրենց հումանիստական գաղափարների տարածման համար:
Գերմանական հումանիստական պատմագրության խոշոր դեմքերից էր
հումանիստական կրթությամբ պատմաբան, աստվածաբան, փիլիսոփա-միստիկ,
Ռեֆորմացիայի ձախ թևի գաղափարախոս Սեբաստիան Ֆրանկը (Sebastian Franck, 1499-
1542): Նա ավարտել է համալսարան Ինգոշտադտում և Հեյդելբերգում գտնվող
Դոմինիկյան Վիֆլեմսկի քոլեջը, որից հետո դարձել է կաթոլիկ հոգևորական: Այնուհետև
Ֆրանկը հարում է լյութերականությանը` ներկայացնելովՌեֆորմացիայի արմատական
թևը:
Ֆրանկի փիլիսոփայական հայացքները կարելի է համարել պանթեիստական, որը
կարծես Վերածննդի գաղափարների, միջնադարյան միստիկայի, լյութերական
ուսմունքի, նեոպլատոնականության տարրերի, հումանիզմի ու ռացիոնալիզմի
յուրահատուկ սինթեզ է: Նա գտնում էր, որ ճշմարտությունը պետք է փնտրել
ամենատարբեր դավանանքների, եկեղեցական ու աղանդավորական ուսմունքների մեջ:
Հենվելով միստիկական ավանդույթների վրա` Ֆրանկը Աստծուն ըմբռնում էր, որպես
մարդու հոգևոր գործունեության սկիզբ: Այսինքն` դա վերաբերվում էր միայն մարդու
ներաշխարհին: Ուստի ոչ մի եկեղեցական կազմակերպություն իր «արտաքին» տեսքով,
դոգմաներով և արարողակարգով չի կարող համարվել ճշմարիտ եկեղեցի: Ըստ Ֆրանկի
Քրիստոսի եկեցեղին դա «հոգևոր եկեղեցի» է, որի համար անհրաժեշտ է հոգևոր
լուսավորություն: Նա մարդկային ողջ պատմությունը ներկայացնում է Աստծո և
աշխարհի փոխհարաբերությունների, հոգիների և ուժերի միջև պայքարի պատմություն:
Այստեղ հեղինակը դարձյալ կարևորում է հոգևոր սկզբի գաղափարը, որը տրվում է
մարդուն Սուրբ Հոգու կողմից, հետևաբար կարող է տրվել նաև ոչ քրիստոնյաներին:
Ֆրանկը Աստվածաշունչը համարում էր հավերժ ճշմարտության ապացույցը, որը կարող
են հասկանալ միայն նրանք, որոնց մեջ ապրում է Ներքին խոսքը:
Ֆրանկը հանդես էր գալիս կրոնական հանդուրժողականության դիրքերից, ոչ
միայն քրիստոնեության տարբեր ուղղությունների, այլև հրեաների, մուսուլմանների,
հեթանոսների և անգամ հերետիկոսների համար, քանի որ բոլոր մարդիկ ստեղծվել են
Աստծո կողմից: Այս տեսանկյունից նա իր «Աշխարհի ռազմական գիրքը» (1539)
աշխատությունում փորձում է ապացուցել, որ պատերազմը ոչ միայն հակառակ է
Քրիստոսի ուսմունքին, այլև համարում է «սատանայական, անմարդկային արարք, որը
մեղքերի ու անառակության սկիզբն է, ավերում է հողերն ու հոգիները, ոչնչացնում
մարդու մարմինն ու պատիվը»: Այսինքն` Ֆրանկը դեմ էր բոլոր տեսակի
պատերազմներին ու կոնֆլիկտներին:
Ֆրանկը թողել է մի շարք աշխատություններ` «Գերմանիայի տարեգրություն»
(1538), «Ոսկյա կամար» (1538), «Պարադոքսա» (1534), «Յոթ կնքված գրքերը» (1539) ևայլն:
Սակայն նրա ամենախոշոր աշխատությունն է «Ժամանակագրություն, տարեգրություն և
պատմական Աստվածաշունչ» (1531): Հեղինակը ներկայացրել է սոցիալական ու
կրոնական խնդիրները` դրանք կապելով Ռեֆորմացիայի հետ: Այդ իսկ պատճառով նա
մեծ համակրանք է տածել «հերետիկոսների» նկատմամբ: Աշխատության մեջ Ֆրանկը
ներկայացրել է մարդկության պատմական զարգացման համընդհանուր պատկերը`
գտնելով որ աստվածային ծրագիրը իրականցվում է պատմության միջոցով, ուստի
նրանից պետք է վերցվի անհրաժեշտ փորձն ու խորհուրդները: Հեղինակը մարդկային
դժբախտությունների գլխավոր հիմքը համարում է մասնավոր սեփականությունը, որի
տակ առաջին հերթին հասկանում է ֆեոդալական սեփականությունը: Ֆրանկը հանդես է
գալիս հոգևորականության, ֆեոդալների ու պալատականների դաժանությունների ու
բռնակալության դեմ` եզրակացնելով, որ նման իշխանությունը դատապարտված է
անխուսափելի կործանման: Նա հատկապես քննադատում է հոգևորականությանը`
նրանց մեղադրելով քրիստոնեական ուսմունքից հեռանալու մեջ: Չնայած Ֆրանկը մեծ
համակրանք ուներ գյուղացիության նկատմամբ, սակայն դեմ էր ժողովրդական
ապստամբություններին ու ելույթներին:
Ֆրանկն իր աշխատությունները գրել է գերմաներենով, ինչը նպաստել է
գերմաներեն գրական լեզվի զարգացմանը: Հումանիստը զգալի ազդեցություն է թողել
հետագա հետռեֆորմացիոն ուղղությունների ձևավորման վրա:

ՀԻՄՆԱԿԱՆԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Историография истории нового времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М.,1990, էջ 35-43.
2. The Cambridge companion to Renaissance philosophy, ed. by James Hankins. Cambridge,
2007, էջ 23-98.

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Бобкова М. С. Исторический метод Бодена как способ теоретического осмысления
прошлого // Диалог со временем. Альманах интеллектуальной истории. — Вып. 1,
М., 1999, с. 184—201.
2. Мартин Лютер-реформатор, проповедник, педагог, М., 1996.
ԹԵՄԱհմ. 3.

Լուսավորական պատմագիտական դպրոցներն Անգլիայում:


Լուսավորական պատմագրական դպրոցները Անգլիայում
Եվրոպական Լուսավորության պատմության մեջ Անգլիան ունի հատուկ դեր,
քանի որ այս երկիրն է համարվում Լուսավորության հայրենիքը և տարբեր
մոտեցումներով` առաջին կրողը: Դեռևս 17-րդ դարում Անգլիայում տեղի ունեցան մի
շարք բարդ սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրադարձություններ, որոնք էլ այս
երկրում ավելի վաղ ուղղորդեցին պատմական զարգացումը: Հետագայում այս ամենը
նպաստեց հասարակական առաջընթացին: Պատահական չէր, որ 18-րդ դարում
անգլիական հասարակական մտքի հիմնական ուղղությունները շարունակեցին իրենց
զարգացումը եվրոպական մայրցամաքում` արտացոլելով դարաշրջանի
հասարակական-մշակութային գործոնները, որոնք մինչ այդ իրենց նախատիպերը չէին
ունեցել: Ամենից առաջ պետք է նշել ժամանակակից պառլամենտարիզմի վաղ
զարգացումը և նրա վերածվելը կառավարական ուժի: Անգլիական լուսավորությանը
բնորոշ էր հանդուրժողական վերաբերմունքը կրոնի նկատմամբ: Այստեղ չենք հանդիպի
քրիստոնեական դոգմաների սուր քննադատության: Անգլիական եկեղեցու
հանդուրժողականությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այն վաղուց
անկախացել էր կաթոլիկ եկեղեցուց: Եկեղեցին ինքն էր կատարում իր արարողակարգը,
ծիսակատարությունները, որոնք զգալիորեն տարբերվում էին կաթոլիկ եկեղեցուց:
Ստեղծված իրավիճակում Անգլիայում եկեղեցու և լուսավորիչների
հետաքրքրությունները չբախվեցին, որն իր դրական ազդեցությունն ունեցավ երկրի
մշակութային կյանքի հետագա զարգացման վրա: Անգլիայում Լուսավորությունն ավելի
շատ կարող ենք դիտարկել բուրժուական հեղափոխությունների գաղափարական
նախապատրաստման փուլ, որն Անգլիայում ավելի շուտ իրականացվեց, օրինակ`
լուսավորական շատ գաղափարներ ու արժեքներ արդեն 18-րդ դարի սկզբին
իրականացվեցին:
Լուսավորական մտածողության վրա զգալի ազդեցություն են թողել անգլիացի
փիլիսոփա-մատերիալիստ Թոմաս Հոբբսի (Thomas Hobbes, 1588-1679) գաղափարները:
Նա համարվում է հասարակական դաշինքի և պետության ինքնիշխանության
տեսությունների հիմնադիրներից մեկը, ինչպես նաև լայն տարածում են գտել նրա
գաղափարները էթիկայի, ֆիզիկայի, երկրաչափության և պատմության վերաբերյալ:
Հոբբսը սովորել է Օքսֆորդի համալսարանում, փայլուն իմացել է անտիկ գրականություն
և դասական լեզուներ: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա զգալի ազդեցություն են
թողել Ֆ. Բեկոնը և Ռ. Դեկարտը: Հոբբսը նախևառաջ հայտնի է իր փիլիոսփայական
հայացքներով: Նրա գրչին է պատկանում «Փիլիսոփայության հիմունքներ» խորագրով
եռերգությունը: Սա իրենից ներկայացնում է երեք աշխատություններ` «Մարմնի մասին»
(1655), «Մարդու մասին» (1658) և «Քաղաքացու մասին» (1642), որոնցում ներկայացված է
Հոբբսի փիլիսոփայական հայեցակարգը: Հոբբսը ձևավորել է մեխանիկական
մատերիալիզմի վերջնական համակարգը` այն համապատասխանեցնելով տվյալ
ժամանակաշրջանի բնագիտության պահանջներին: Նա մեծ տեղ էր հատկացնում
երկրաչափությանն ու մեխանիկային` դրանք համարելով գիտական մտածողության
իդելական օրինակներ: Հոբբսի հայտնի աշատությունն է «Լեվիաֆան կամ Մատերիա,
եկեղեցական և քաղաքացիական պետության ձևերն ու իշխանությունը», որը հեղինակը
նվիրել է պետության խնդրի պարզաբանմանը: Լեվիաֆանը աստվածաշնչյան հրեշի
անուն է, որի կերպարի մեջ հեղինակը ընդգծում է բնության ուժը, փոխարենը
նվազեցնելով մարդուն: Նման օրինակի օգտագործմամբ Հոբբսը փորձում է նկարագրել
պետության հզորությունը: Մինչև պետության ի հայտ գալը նկարագրում է
հասարակության բնական վիճակը, որտեղ բոլորը եղել են հավասար, սակայն հեղինակը
այդ շրջանը համարել է մարդկության ավելի ահեղ ժամանակաշրջան: Մարդիկ
անընդհատ պատերազմում էին միմյանց դեմ և Հոբբսը առաջ է քաշում «մարդը մարդուն
դիտում էր գայլ» գաղափարը, այսինքն, մարդկանց միջև բացի պատերազմականից ուրիշ
հարաբերություններ չկային: Այսպիսի պայմաններում մարդկանց նպատակն էր առաջին
հերթին պահպանել իրենց կյանքը և հաստատել խաղաղություն, ուստի նրանք կամովի
հրաժարվում են իրենց «բնական իրավունքների» մի մասից կնքում են հասարակական
դաշինք, ստեղծում են պետություն, որն էլ պարտավորվում է պահպանել մնացած
իրավունքները և ապահովել դրանց ազատ կիրառումը: Այինքն` Հոբբսը համարվում է
պետության առաջացման «պայմանագրային» տեսության հիմնադիրներից մեկը: Սակայն
նա չէր պնդում, որ բոլոր պետությունները առաջացել են այս ճանապարհով: Հոբբսի
կարծիքով, բարձրագույն իշխանության հասնելու համար կա երկու ճանապարհ`
ֆիզիկական ուժ (նվաճումներ) և կամովի (պայմանագիր): Հոբբսը առանձնացնում էր
պետության կառավարման երեք ձև` դեմոկրատիա, արիստոկրատիա և միապետություն:
Նա դեմ էր դեմոկրատիային, քանի որ այդ պայմաններում առաջանում են
կուսակցություններ, սկսում են պայքարել իշխանության համար, ինչն էլ ի վերջո
հանգեցնում է քաղաքացիական պատերազմի: Արիստոկրատիան ավելի դրական է
գնահատում, սակայն այն ժամանակի ընթացքում հեռանում է ժողովրդից և ավելի շատ
նմանվում է միապետության: Ըստ Հոբբսի լավագույն կառավարման ձևը
միապետությունն է: Վերջինս մնացածներից ավելի շատ է համապատասխանում
բացարձակ և անբաժանելի իշխանության գաղափարին:
Անգլիական լուսավորության քաղաքական ծրագիրը հիմնականում ձևավորվել է
բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա, էմպիրիզմի և լիբերալիզմի ներկայացուցիչ Ջոն
Լոկկի կողմից (John Locke, 1632-1704), ով նպաստել է նաև սենսուալիզմի տարածմանը:
Նրա գաղափարները մեծ ազդեցություն են թողել քաղաքական փիլիսոփայության
զարգացման վրա: Լոկկը ծնվել է փաստաբանի ընտանիքում, սովորել է Օքսֆորդի
համալսարանը` ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ: Լոկկը ստիպված
երկար ժամանակ հեռացավ Անգլիայից, ապրել է Ֆրանսիայում, Հոլանդիայում, երբ
Վիլհելմ Երրորդ Օրանցին դառնում է թագավոր նա վերադառնում է Անգլիա: Զբաղեցնում
է մի շարք պաշտոններ` այդ ընթացքում ծավալելով ակտիվ գիտական գործունեություն:
Լոկկը նախևառաջ հայտնի է իր փիլիսոփայական հայացքներով, որոնք շարադրել
է «Ակնարկ մարդկային բանականության զարգացման մասին» (1690) աշխատության մեջ,
որտեղ շարադրել է մարդկային իմացության վերաբերյալ իր հայացքները: Ելնելով այն
բանից, որ օբյեկտիվ աշխարհը գոյություն ունի մեր զգայարաններից անկախ, նա
հայտարարում էր, որ առարկաների մասին մարդու դատողությունները հետևանք են
նրանց մեր զգայարանների վրա ունեցած ազդեցության։ Դրանով նա ընդունում էր
արտաքին աշխարհի օբյեկտիվ գոյությունը, և, որ մարդու զգայարանների վրա արտաքին
ազդակների ազդեցության արդյունքում առաջանում են գիտելիքներ: Սենսուալիզմի
տեսությամբ Լոկկը իմացաբանության խնդրում հեղափոխականացնող դեր ունեցավ: Նա
մերժեց գիտելիքների բնածին լինելու վերաբերյալ իդեալիստական տեսությունը`
փորձելով պարզելգ իտելիքների ստացման հիմնական աղբյուրը: Արդյունքում նա
ձևակերպեց էմպիրիզմի տեսությունը, որի համաձայն փորձի վրա են հիմնված մեր բոլոր
գիտելիքները:
Ինչպես 17-րդ դարի շատ մտածողներ, այնպես էլ Լոկկը գտնում էր, որ պետության
առաջացումը բնական երևույթ էր: Նրա իսկ խոսքերով ասած «մարդկանց լիարժեք
ազատության ձև, երբ նրանք հարաբերություններ են կառուցել սեփականությունը և անձը
պաշտպանելու համար»: Լոկկը պետության և իրավունքի մասին իր գաղափարները
ներկայացրել է «Երկու տրակտատ կառավարման մասին» (1690) աշխատության մեջ: Նա
կողմնակից էր բնական իրավունքի տեսությանը, որն էլ համարում էր հավասար վիճակ
բոլորի համար: Լոկկը բնական իրավունքների շարքում էր դասում սեփականության
իրավունքը և վերջինիս տակ հասկանում էր կյանքը, ազատությունը և ունեցվածքը, այդ
թվում նաև մտավոր սեփականությունը: Ըստ Լոկկի, ազատությունն այն է, երբ
յուրաքանչյուրն ընդունում է, որ ինքն է «սեփական անձի ղեկավարը»: Ի տարբերություն
հայտնի փիլիսոփա Թոմաս Հոբբսի, ով բնական վիճակ էր համարում «ազատությունը
ամեն ինչի բաղադրատարն է» կամ «պատերազմ բոլորի դեմ» հասկացությունները, Լոկկը
գտնում էր, որ լիարժեք ազատությունը սահմանափակվում է բնության օրենքներով,
«քանի որ բոլոր մարդիկ հավասար են և անկախ, ուստի նրանցից ոչ մեկը չպիտի վտանգի
մյուսի կյանքը, ազատությունը, առողջությունը կամ սեփականությունը»: Լոկկի
կարծիքով բնական վիճակից քաղաքացիական հասարակության անցումը կատարվել է
հասարակական դաշինքով: Վերջինս ենթադրում էր առանձնացնել միայն իշխանական
գործառույթները և զգալի փոփոխություններ կատարել մարդկանց վիճակի մեջ:
Պետությունը պետք է ղեկավարվի այն նույն օրենքներով, ինչը գոյություն ունի բնության
մեջ, պետք է մարդկանց միջև հարաբերությունները կազմակերպվի բնական
պայմաններին համապատասխան, ուստի նման դեպքում այն չի կարող վնասել
քաղաքացիներին: Այստեղ նկատվում է Լոկկի և Հոբբսի հայացքների
անհամապատասխանություն, երբ վերջինս կարծում էր, որ մարդիկ կնքելով
հասարակական դաշինք կամովի հրաժարվել են իրենց իրավունքների մի մասից և չեն
կարող դրան քհետ բերել: Լոկկը սահմանադրական միապետության կողմնակիցն էր`
գտնելով, որ այդպես կսահմանափակվեն իշխանությունների լիազորությունները և
չարաշահումներ չեն լինի: Լոկկը առաջինը առաջ քաշեց իշխանության տարանջատման
սկզբունքը` օրենսդիր, գործադիր և ֆեդերատիվ: Օրենսդիր իշխանությունն տրվելու էր
խորհրդարանին, գործադիրը իրականացնելու էին դատարանները, բանակը, իսկ
ֆեդերատիվը պետք է հարաբերություններ հաստատեր մյուս պետությունների հետ,
զբաղվեր պատերազմի ու խաղաղության հարցերով, լուծեր դիվանագիտական
խնդիրները, ինչով զբաղվելու էին թագավորը և նախարարները: Պետությունը ստեղծվում
էր որպես բնական իրավունքների (կյանքի, ազատության, սեփականության) և օրենքների
(խաղաղություն և անվտանգություն) երաշխավոր, ուստի այն չէր կարող շորթել բնական
իրավունքներն ու օրենքները, այլ պետք է այնպես կազմակերպվեր, որ հուսալիորեն
պաշտպաներ բնական իրավունքները: Իսկ բռնակալությունից խուսափելու համար
Լոկկը առաջ էր քաշում օրինականության սկզբունքը: Դրա իմաստը կայանում էր
հետևյալում` հասարակության ոչ մի անդամի և քաղաքացու համար որևէ բացառություն
չպետք է կատարվեր, հակառակ դեպքում հնարավոր էր համարում ժողովրդի ու
կառավարության միջև կնքված համաձայնության չեղյալ հայտարարումը, որն ոչ այլ ինչ
էր, քան ապստամբությունների և խռովությունների միջոցով իրենց իրավունքների ու
ազատությունների պաշտպանումը: Այսինքն այս գաղափարներով նա առաջ էր քաշում
դեմոկրատական հեղափոխությունների սկզբունքը, որի մասին նա իր
պատկերացումներն ու հայացքները ներկայացրել է «Մտորումներ 1688 թ. փառահեղ
հեղափոխության մասին» աշխատության մեջ: Լոկկի սահմանադրական գաղափարներն
իրենց արատացոլումը գտան 1688 թ. հեղափոխությունից հետո ձևավորված Անգլիայի
քաղաքական համակարգի վրա, երբ փոխհամաձայնության եկան կղերաֆեոդալական
վերնախավը և բուրժուազիան: Լոկկը նման փոխհամաձայնությունը համարում էր
իդեալական, մանավանդ սահմանադրության գոյության պայմաններում:
Լոկկը անդրադարձել է նաև պետության և կրոնի հարաբերակցության հարցերին:
Նա իր «Նամակներ հանդուրժողականության մասին» (1689) և «Քրիստոնեության
բանականությունը» (1695) աշխատություններում քարոզում է հանդուրժողականության
գաղափարը: Նա կողմնակից էր պետությունից եկեղեցու անջատմանը: Ըստ Լոկկի
պետությունը միայն այն ժամանակ կարող է խառնվել իր հպատակների խղճի ու հավատի
հարցերին, երբ հոգևորականությունը վարում է անբարոյական ու հանցավոր
գործունեություն: Լոկկը հայտնի է նաև իր մանկավարժական հայացքներով, որոնք
ներկայացված են «Որոշ մտքեր դաստիարակության մասին» (1693) աշխատության մեջ:
Լուսավորիչը մեծ տեղ էր հատկացնում դաստիարակությանը` առաջ քաշելով «մաքուր
տախտակի» գաղափարը:
Անգլիական լուսավորության շրջանում, բացի պատմա-փիլիսոփայական մտքից
զարգացավ նաև բուն պատմագիտական միտքը, հատկապես 18-րդ դարի 2-րդ կեսին: Այս
առումով նշանավոր գործիչներից էր անգլիացի պատմաբան Էդվարդ Գիբբոնը (Edward
Gibbon, 1737-1794): Նա մեզ թողել է իր հուշերը, որոնցում հարուստ նյութեր կան նրա
կյանքի ու գործունեության վերաբերյալ: Գիբբոնը սերել է անգլիական հին տոհմից:
Ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ ուսումնասիրել ու նյութեր է հավաքել
թուրքերի, հռոմեացիների ու հույների պատմության մասին: Համալսարանում
ուսումնասիրել է աստվածաբանություն և հարել է կաթոլիկությանը: Հավատը փոխելու
պատճառով նրան հեռացնում են համալսարանից և հայրը ուղարկում է Լոզան: Այստեղ
նա կարոտում է հայրենիքը և շուտով ընդունում է անգլիկան հավատը: Լոզանում ապրած
հինգ տարիները մեծ ազդեցություն են ունեցել Գիբբոնի աշխարհայացքի ձևավորման
վրա: Նա յուրացնում է ֆրանսերեն լեզուն ու գրականությունը, հաճախ լինելով
ֆրանսիական հանրագիտակների շրջանում, ազատվում է անգլիական
նախապաշարումներից և ծանոթանում է այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայում տեղի
ունեցող մտավորական շարժումներին: Այնուհետև ծառայում է անգլիական բանակում,
այցելում է Հռոմ, լինում է հռոմեական հայտնի հուշարձաններում, որոնք էլ մեծ
տպավորություն են գործում նրա վրա: Վերադառնալով Անգլիա ընտրվում է
պառլամենտի անդամ, սակայն քաղաքական գործերին ակտիվությամբ չի մասնակցում:
Գիբբոն թողել է պատմական խոշոր աշխատություն «Հռոմեական կայսրության
անկման ու կործանման պատմությունը» խորագրով: Այն բաղկացած է վեց հատորից (1-
ին հատորը լույս է տեսել 1776 թ., 2-րդը և 3-րդը` 1781թ., իսկ 4-րդը, 5-րդը և 6-րդը` 1789
թ.), որոնցում ներկայացված է Հռոմեական կայսրության, Եվրոպայի ու կաթոլիկ եկեղեցու
պատմությունը` 98 թ. մինչև 1590 թ.: Հեղինակը ներկայացրել է հռոմեական
քաղաքակրթության ազդեցությունը արևմտյանի վրա` սկսած Հռոմեական կայսրության
ծաղկումից մինչև Բյուզանդիայի կործանումը: Անդրադարձել է Արևելյան և Արևմտյան
հռոմեական կայսրությունների անկման պատճառներին: Նա Հռոմեական կայսրության
անկման հիմնական պատճառներ էր համարում եկեղեցուն ու հոգևորականների
բացասական ազդեցությունը երկրի տնտեսական ու հոգևոր կյանքի վրա, հարկերի
ծանրությունը, ժողովրդի աղքատությունը, ռազմական ոգու թուլացումը,
գավառամտությունը, բարքերի խաթարումը, բարբարոսների մշտական հարձակումները:
Սակայն նշում էր, որ մինչև բարբարոսների հարձակումները, կայսրությունն արդեն
գտնվում էր կործանման եզրին, իսկ նրանք գործընթացը ավարտեցին: Աշխատության
վերջին հատորում ներկայացված է մեկ ու կես հազարամյակի պատմություն, երբ
նկարագրվում է Հռոմեական կայսրության կործանումը, այնուհետև 15-16-րդ
գլուխներում անդրադառնում է քրիստոնեությանը: Գիբբոն բացատրում է
քրիստոնեության հաջողության պատճառները` դրանց շարքում առանձնացնելով
քրիստոնյաների անվերապահ նվիրվածությունը, վաղքրիստոնեական եկեղեցու կողմից
մշակած հրաշքների տեքստերը, հանդերձյալ կյանքի վարդապետությունը,
հավատացյալների բարոյական մաքրությունն ու խստությունը, քրիստոնեական
ուսմունքի բնությունը և այլն: Գիբբոն օգտագործել է կարևոր աղբյուրներ` փորձելով
իրադարձություններին տալ օբյեկտիվ գնահատական: Այս ընթացքում էլ նա մշակել է իր
մեթոդաբանությունը, ինչն էլ հետագա պատմաբանների համար դարձել է նմուշաձև,
ուստի պատահական չէ, որ նրան անվանել են «Անտիկ Հռոմի ժամանակակից առաջին
պատմաբանը»: Այս աշխատությունը թարգմանվել է եվրոպական բոլոր լեզուներով:
Խոսելով 18-րդ դարի երկրորդ կեսի անգլիական պատմագիտական մտքի մասին`
չենք կարող չանդրադառնալ ժամանակի մեկ այլ հայտնի պատմաբանի, քաղաքական
գործչի ու լուսավորության դարաշրջանի հրապարակախոսի՝ Էդմունդ Բըրքին (Edmund
Burke, 1729-1797): Նա համարվում է բրիտանական պահպանողականության
գաղափարական հայրը: Ծնվել է Դուբլինում, սկզբնական կրթությունը ստացել է տեղի
քոլեջում, այնուհետև իրավունք ուսումնասիրելու նպատակով գնում է Լոնդոն: Շուտով
հրաժարվում է այդ մտքից` որոշելով դառնալ գրող: Այս տարիներին նա ստեղծում է
պատմական ընկերություն, իսկ 1758 թ. հիմնադրում է Annual Register-համաշխարհային
իրադարձությունների ակնարկը, որը հրատարակվել է 30 տարի: 1765 թ. Բըրքը դառնում
է Անգլիայի պրեմյեր-մինիստր Ռոկինգհեմի (վիգերի կուսակցությունից) անձնական
քարտուղարը, որից հետո` խորհրդարանի անդամ:
Բըրքի պահպանողականությունը մի համալիր ծրագիր էր, որի նպատակն էր
վերափոխելու ներկան` պահպանելով անցյալի արժեքները: Նրա
պահպանողականությունն ունի մարդակենտրոն բովանդակություն, որի առանցքային
տարրերից մեկն էլ բարոյականությունն է: Այս հարցին հեղինակը անդրադարձել է իր վաղ
շրջանի աշխատություններում` «Բնական հասարակության արդարացումը» և
«Իմաստասիրական հետազոտություն վսեմի և գեղեցիկի մեր գաղափարների ծագման
մասին»: Այս աշխատություններում նա հետազոտում է հասարակության հիմքերը և դրա
զարգացման ընդհանուր միտումները: Հեղինակի իմաստասիրությունը համահունչ է իր
դարաշրջանի եվրոպական մտքին, իսկ բարոյականության հիմնախնդիրները
լուսավորության դարաշրջանի կարևոր մտորումներից էին: «Բնական հասարակության
արդարացումը» աշխատությունում Բըրքը փորձում է գտնել մարդու և հասարակության
զգայական ու բանական համաչափությունների գաղտնիքը: Նա մեծ տեղ է հատկացնում
առաքինություններին` գտնելով որ դրանք պետք է լինեն մարդու դատողությունների
միակ չափանիշը: Այս ըմբռնումներով էլ նա մշակել է մարդու «բարոյական ներաշխարհի»
հիմնական դրույթները, որոնք հատկապես ներկայացրել է «Իմաստասիրական
հետազոտություն վսեմի և գեղեցիկի մեր գաղափարների ծագման մասին»
աշախատության մեջ: Հեղինակը մեծ տեղ է հատկացնում գեղեցիկի ու վսեմի
գեղագիտական գիտակցությանն ու ապրումներին` դրանց մեջ ամփոփելով մարդ էակի
հիմնական կենսական մղումները: Բըրքի բարոյագիտության ձևավորման վրա մեծ է եղել
շոտլանդական լուսավորության, հատկապես Դ. Հյումի ազդեցությունը:
Բըրքը անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի և նրա գաղութների
հարաբերություններին: Նա քննադատել է բրիտանացիների վարած
քաղաքականությունը Իռլանդիայի, հատկապես խտրականությունը կաթոլիկների
նկատմամբ: Բըրքը անդրադարձել է Ամերիկային` պաշտպանելով ամերիկացիների
պահանջները: Նա գտնում էր, որ ամերիկացիները և մյուս գաղութների բնակչությունը
պետք է ղեկավարվեն իրենց էությանը և պայմաններին համապատասխան, հակառակ
դեպքում բռնության ու ուժի կիրառումը հանգեցնում է բռնապետության, ինչն էլ նրա
համար անընդունելի էր: Այսինքն` եթե գաղութները նվաճվել են բռնի ուժով, ապա դրանք
բռնությամբ չեն կարող կառավարվել: Որպես կարևոր հատկանիշ նա առաջ էր քաշում
Անգլիայի «համակեցական կարգը»` նշելով, որ Իռլանդիան նվաճեց հենց այդ կարգը, այլ
ոչ թե զենքը: Ինչպես անհատները այնպես էլ ժողովուրդը ղեկավարվում է սկզբունքներով,
ուստի պետական գործչի պարտականությունն է ուսումնասիրել և հաշվի առնել
ենթակաների առանձնահատկությունները: Այս տեսանկյունից նա գտնում էր, որ
ամերիկացիների ազատության մղումը չի հակասում բրիտանական կայսրության
շահերին: Ընդհանրապես նա հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայի և գաղութների
համընդհանուր խաղաղության դիրքերից: Նույն մոտեցումներից ելնելով Բըրքը
մեղադրում էր նաև Արևելահնդկական ընկերությանը` նշելով նրա իրականացրած
կողոպուտը, օրինախախտումները ու անարդարությունը հնդիկ ժողովրդի նկատմամբ և
առաջարկում էր գաղութային Հնդկաստանում կատարել որոշ բարեփոխումներ:
Հնդիկները, ամերիկացիները և մնացած գաղութների ժողովուրդները պետք է գիտակցեն
Բրիտանական պետության կազմում ընդգրկված լինելու քաղաքական, տնտեսական,
մշակութային և կրոնական առավելությունները, այսինքն հեղինակի համոզմամբ
կայսրության կենտրոնը` Անգլիան, մնացածներից տարբերվում է իր պատմական ուղու
արդյունավետությամբ: Դա իր դրսևորումն ստացել է համակեցական կյանքի բոլոր
բնագավառներում:
Բըրքը թողել է խոշոր պատմական աշխատություն «Մտորումներ ֆրանսիական
հեղափոխության մասին» (1790): Աշխատությունը գրել է ֆրանսիական հեղափոխության
ազդեցությամբ: Ընդհանրապես նա սուր քննադատության է ենթարկել հասարակության
վերակառուցման հեղափոխական ծրագրերը և այս տեսանկյունից աշխատությունը
համարվում է պահպանողական գաղափարների հայտնի ստեղծագործություններից
մեկը: Բըրքը բացասաբար է վերաբերվել հեղափոխական իրադարձություններին` դրանք
համարելով զանգվածների իշխանական ապստամբություններ: Աշխատության մեջ
հեղինակը համոզված նշում է, որ ազատություն կարող է լինել միայն օրենքների ու
կարգուկանոնի սահմաններում: Բարեփոխումները պետք է իրականացվեց էվոլուցիոն
գործընթացների արդյունքում, այլ ոչ թե հեղափոխական ճանապարհով: Բըրքը առաջինն
էր, ով քննադատեց ֆրանսիական հեղափոխությունը: Հեղափոխության չարիքը նրանում
էր, որ այն ոչնչացնում էր նախնիների թողած ժառանգությունը, հասարակության
գաղափարական-մշակութային և հոգևոր արժեքները, դարերով հավաքված
հասարակական փորձն ու ավանդույթները: Նա հատկապես դեմ էր ֆրանսիական
հեղափոխության արմատական գաղափարներին, որոնց ի հակադրություն առաջ էր
քաշում բրիտանական սահմանադրությունը ու նրա հիմնական արժեքները`
քաղաքական իրավահաջորդականությունը, բնական իրավունքների պաշտպանումը,
հարգանքը ավանդույթների նկատմամբ և այլն: Հեղինակը գովաբանել է անգլիական
փառահեղ հեղափոխությունը: «Մտորումներ ֆրանսիական հեղափոխության մասին»
աշխատությունը հասարակական մտքի պատմության մեջ մտել է որպես
պահպանողական գաղափարախոսության դասական օրինակ:
Շոտլանդական պատմագիտական դպրոցը
1707 թ. Անգլիայի հետ կնքած ունիայի պայմանագրով Շոտլանդիան զրկվել էր
ինքնավարության իրավունքից, արձակվել էր խորհրդարանը և երկրում ստեղծվել էր
ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ: Շոտլանդիայում ոչ բոլոր շրջաններն էին
հաշտվել ստեղծված իրավիճակի հետ: Նրանք ուղիներ էին փնտրում այդ ծանր վիճակից
դուրս գալու համար, որի արդյունքներից մեկն էլ դարձավ 18-րդ դարում պատմա-
հասարակական մտքի զարգացումը: Վերոնշյալ իրադարձություններն էլ ծնեցին
շոտլանդական լուսավորական միտքը, որի ներկայացուցիչները խորհում էին մի քանի
հարցերի շուրջ` քաղաքական պայքարի միջոցով հասնել նախկին իրավունքների ու
ազատությունների վերականգնմանը, բարձրացնել երկրի հեղինակությունը, նպաստել
երկրի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը: Աստիճանաբար
համոզվեցին, որ քաղաքական ճանապարհով չեն կարող փոխել ստեղծված իրավիճակը,
ուստի առաջ քաշեցին դեռևս հումանիստների կողմից առաջադրված բարոյական
ազատությունների ու քաղաքական առաքինությունների մասին գաղափարները:
Շոտլանդացի լուսավորիչները առաջինը եկան այն եզրակացության, որ այդ
գաղափարների միջոցով կարող են հասնել սոցիալ-տնտեսական և մշակութային
ծաղկման: Սա էլ համարվում է նրանց հիմնական գաղափարը: Շոտլանդական դպրոցի
ներկայացուցիչները իրենց հայացքներով վերջնականապես հանդես եկան 18-րդ դարի
60-ական թթ.: Նրանք շատ հարցերում պարտական էին փիլիսոփա Էնդրյու Ֆլետչերին,
ով համարվում է շոտլանդական Լուսավորության հայրը: Նա Շոտլանդիայի բոլոր
դժբախտությունները կապում էր Անգլիայից «կախվածության» հետ, միաժամանակ նշում
էր, որ դա հնարավոր չի հետ բերել, այլ բրիտանական պետության կազմում պետք է
հասնել ինքնավարության: Շոտլանդացիներն ունեին հզոր մտավոր ներուժ, որը
համախմբվել էր Էդինբուրգի, Գլազգոյի և Աբերդինի համալսարանների շուրջ:
Շոտլանդական Լուսավորության խոշոր գործիչներից էր իմաստասեր,
տնտեսագետ, պատմաբան և հրապարակախոս Դեյվիդ Հյումը (David Hume,1711-1776):
Ծնվել է իրավաբանի ընտանիքում, իրավաբանական կրթություն է ստացել Էդինբուրգի
համալսարանում, աշխատել է Եվրոպայում անգլիական դիվանագիտական
ներկայացուցչություններում: Նախևառաջ Հյումը հայտնի դարձավ իր փիլիսոփայական
հայացքներով: Նա իր փիլիսոփայական գործունեությունն սկսել է 1739 թ. հրատարակած
«Տրակտատ մարդկային բնության մասին» աշխատության առաջին հատորով: Մեկ տարի
անց լույս է տեսնում երկրորդ հատորը: Ավելի ուշ հեղինակը իր իմաստասիրական
գաղափարները վերաշարադրել է առանձին «Մարդկային ճանաչողության
հետազոտությունը» գրքում: Հյումի վրա մեծ ազդեցություն են թողել Ջ. Լոկի և Ջ. Բերկլիի
էմպիրիզմի գաղափարները: Հյումը գտնում էր, որ իմացությունը սկսվում է փորձով և մեր
բոլոր մտքերը հանգում են փորձին, տպավորությանը: Սակայն նա չէր մերժում բնածին
գիտելիքի հնարավորությունը: Այդ պատճառով մարդը չգիտի իր փորձի արդյունքը, քանի
որ փորձը միշտ սահմանափակվում է անցյալով, ապա մարդը չի կարող հասնել
ապագային: Նման դատողություններով Հյումը հանդես է գալիս սկեպտիցիզմի դիրքերից,
մերժում է փորձի միջոցով աշխարհի ճանաչման հնարավորությունը, հետևաբար
հիմնավորում է ագնոստիցիզմը:
Հյումի պատմական հայացքներն ամփոփվել են «Անգլիայի պատմությունը»
աշխատության մեջ, որը հրատարակվել է վեց հատորով` 1754-61 թթ.: Աշխատության մեջ
ներկայացված է Անգլիայի պատմությունը Հուլիոս Կեսարի նվաճումներից սկսած մինչև
1688 թ. հեղափոխությունը: Առաջին հատորում հեղինակը ներկայացրել է Անգլիայի
կազմավորման և առաջին թագավորների պատմությունը: Տվել է տարբեր
իշխանությունների բնութագիրը և նրանց դերը պետության կայացման գործընթացում:
Երկրորդ հատորում նկարագրում է Ազատությունների մեծ խարտիայից հետո ընկած
ժամանակաշրջանի պատմությունը, հատկապես ներկայացրել է կարմիր ու սպիտակ
վարդերի պատերազմին: Ըստ Հյումի դա ֆրանս-նորմանական նվաճումներից երկու դար
հետո անգլիական ազգի ինքնադրսևորման պատմական ժամանակաշրջան
էր: «Անգլիայի պատմության» մյուս հատորներում հեղինակը խոսում է Թյուդորների
արքայատոհմի և նրանց վարած քաղաքականության մասին: Այնուհետև շարադրում է,
մինչև 1688 թ. հեղափոխությունը, կարևոր քաղաքական իրադարձությունների
պատմությունը: Այս աշխատության մեջ Հյումը գլխավորապես ուշադրությունը
կենտրոնացրել է քաղաքական պատմության վրա: Սակայն պետք է նշել, որ փորձել է
ներկայացնել նաև անգլիական կրոնը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները, իսկ
տնտեսական ու կենցաղային հարցերը հիմնականում թողել է ստվերում: Ըստ նրա
մարդու բանականությունը և նրա զգայությունները անկախ են նյութական
ազդեցությունից։ Հասարակական կյանքի զարգացման շարժիչ ուժեը համարում է
առաջընթացը, ուստի պատմության հարցերի մեկնաբանման խնդրում դրսևորել է
իդեալիստական տեսակետ` այսինքն, շարժումը ամենից առաջ տեսնում էր
գաղափարների, գիտելիքների, բարոյականության ասպարեզներում` բաց թողնելով
տնտեսական բնագավառը:
Շոտլանդացի հայտնի իմաստասեր ու պատմաբան էր Ջոն Միլլարը (John Millar,
1735-1801): Նա 1761-1800 թթ. եղել է Գլազգոյի համալսարանի քաղաքացիական
իրավունքի պրոֆեսոր: Միլլարը կրթությունը ստացել է Համիլտոնի հին քերեկանության
դպրոցում (1848 թ. վերանվանվել է Համիլտոնի ակադեմիա), այնուհետև Գլազգոյի
համալսարանում: Նա համարվում է Ադամ Սմիթի ամենանշանավոր հետևորդներից և
տնտեսական գիտության հիմնադիրներից մեկը: Միլլարը լուսավորականության
շրջանում հայտնի դարձավ իր փիլիսոփայական ու պատմական հայացքներով: Նրա
խոշոր իմաստասիրական աշխատություններից է «Հասարակության շարքերում
խտրության դիտարկումների վերաբերյալ» (Observations concerning the Distinction of
Ranks in Society), որտեղ հեղինակը իր առջև խնդիր է դրել բացահայտել հասարակության
նյութական ու հոգևոր կյանքի, հաստատությունների, օրենքների ու բարքերի միջև եղած
կապերը։ Մշակույթի առաջացումը նա կապում է հասարակության նյութական վիճակի
բարելավման հետ, իսկ իշխանության առաջացումը՝ սեփականության ի հայտ գալու հետ։
Միլլարը օրենքների գործադրումը և նրանց միջև եղած տարբերությունները բացատրում
էր տարբեր երկրների համար իրադրությունների տարբերությամբ ու գործողությունների
տարբեր դրսևորումներով: Այստեղնանկատիուներաշխարհագրականմիջավայրը,
բնակչությանքանակը, բնական պայմաններն ու նրանց միջև եղած հարաբերությունները:
Միլլարը իր «Կոչումների ծագման տարբերությունը» աշխատությունում զարգացնում է
այն տեսակետը, որ տնտեսական համակարգը որոշում են բոլոր տեսակի սոցիալական
հարաբերությունները, այդ թվում սեռերի միջև: Նման տեսակետն ավելի ուշ հայտնի է
դառնում տնտեսական դետեմինիզմ անունով:
Միլլարի պատմական ստեղծագործությունն է «Անգլիական կառավարության
պատմական տեսակետը» (1787), որը կարևոր նշանակություն է ունեցել ժամանակակից
Անգլիայի պատմության համար և նպաստել է պատմագրության զարգացմանը:
Հեղինակը ներկայացրել է Անգլիայի պատմությունը` համեմատություններ անցկացնելով
տարբեր պատմաբանների աշխատությունների միջև: Միաժամանակ անդրադարձել է
քաղաքական համակարգին, հատկապես նրա սոցիալական ու տնտեսական հիմքերին,
որն էլ առանձնահատում է դարձնում նրա աշխատությունը: Ըստ Ջ. Միլարի Անգլիան ու
Եվրոպայի մյուս երկրները 17-րդ դարի վերջին անցել են զարգացման երկու փուլ`
ֆեոդալական արիստոկրատիայի փուլ, երբ ողջ իշխանությունը գտնվում էր խոշոր
ֆեոդալների, այնուհետև թագավորի ձեռքին: Հետագայում արդյունաբերության ու
առևտրի զարգացման ազդեցությաններով Անգլիան անցավ երրորդ փուլ, որին բնորոշ է
հոգևոր ազատությունը: Միլլարն ընդունում էր մարդկության պատմության զարգացման
վրա նյութական միջոցների ազդեցությունը, սակայն դեռևս մատերիալիստ մտածող չէր,
որովհետև պատմական գործընթացի զարգացման գլխավոր ու վճռական դերը
վերագրում էր հոգևոր երևույթներին:
Շոտլանդական լուսավորականության հայտնի ներկայացուցիչներից էր
պատմաբան Ուլյամ Ռոբերտսոնը (William Robertson, 1721-1793): Կրթությունը ստացել է
ժամանակի հայտնի դպրոցներում, այնուհետև Էդինբուրգի համալսարանում, որտեղ
ուսումնասիրել է աստվածաբանություն: Ռոբերտսոնը զբաղեցրել է Շոտլանդիայի
եկեղեցու նախարարի պաշտոնը, հետո ղեկավարել է Էդինբուրգի համալսարանը, որը
պատմաբանի ղեկավարման տարիներին հասել է իր բարձրակետին: Նա թողել
պատմական աշխատություններ` չորս հատորով «Չարլզ 5-րդի թագավորման
պատմությունը» (1769), երեք հատորով «Ամերիկայի պատմության 1-8-րդ գրքերը» (1777),
այնուհետև «Ամերիկայի պատմության 9-10-րդ գրքերը» (1796), երկու հատորով
«Շոտլանդիայի պատմությունը» (1759) և «Հնդկաստանի վերաբերյալ անտիկ գրողների
ունեցած գիտելիքների պատմական հետազոտությունը» (1791, An historical disquisition
concerning the knowledge which the ancients had of India): Վերջին աշխատության մեջ
հեղինակը ներկայացնում է Հնդկաստանի վերաբերյալ հայտնի տեղեկությունները,
նկարագրում նրա հարստություններն ու հատկապես ուշադրությունը դարձնում է
հնդկական հարուստ մշակույթին: Այնուհետև հեղինակը հույս է հայտնում, որ այդ ամենն
անգլիացիները կօգտագործեն այդ ժողովրդի բարօրության համար: Ռոբերտսոնի
ամենահայտնի աշխատությունը «Շոտլանդիայի պատմությունն» է, որը հեղինակը
հասցնում է մինչև 1603 թ: Հիմնականում ներկայացրել է քաղաքական պատմությունը:
Ռոբերտսոնը աշխատանքը շարադրել է անգլիական ու շոտլանդական փաստաթղթերի
հիման վրա, որն էլ ավելի արժեքավոր է դարձնում աշխատությունը:
ԹԵՄԱ հմ. 4.

Լուսավորական պատմագիտության ուղղությունները Ֆրանսիայում (Դ.


Դիդրո, Շ. Մոնտեսքյո, Ֆ. Մ. Վոլտեր, Ժ.-Ժ. Ռուսո)

Լուսավորական պատմագրության ուղղությունները Ֆրանսիայում


Լուսավորության գաղափարները մեծ տարածում և արձագանքներ ստացան
Ֆրանսիայում: Լուսավորական շարժման տարածմանը նպաստեց արդեն ռեգենտության
տարիներից սկսված ինքնաարտահայտման ազատությունը: Ֆրանսիական
Լուսավորության համար տեսական հիմք հանդիսացան 17-րդ դարի անգլիացի
իմաստասերների, հատկապես Ջ. Լոկկի գաղափարները: Լայնորեն տարածվեց նաև
Դեկարտի իմաստասիրական ուսմունքը, որի զարգացմանը նպաստեցին 18-րդ դ.
ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստները: Առավել ուշադրություն դարձվեց
Դեկարտի կողմից առաջ քաշված այն մեթոդին, համաձայն որի ճշմարտությունը
մարդկային բանականության կողմից պետք է սահմանվի կոնկրետ ու հստակ:
Բանականության մեթոդը չէր ենթարկվում կրոնական դոգմաներին ու կանոներին:
Ֆրանսիայում հատկապես ուշադրություն դարձրեցին Լոկի հասարակության ու
պետության մասին ուսմունքին: Լուսավորականության ներկայացուցիչները յուրովի
սկսեցին պայքարել «հին կարգերի» դեմ, ուստի աստիճանաբար խորացավ
հակամարտությունը նրանց ու բացարձակ միապետության միջև: Այս ամենը նպաստեց
ավելի արմատական գաղափարների ձևավորմանը: Ֆրանսիական Լուսավրությունը
զարգացավ տարբեր ուղղություններով` վերածվելով մարդկային մտքի մի յուրահատուկ
լաբիրինթոսի: Ֆրանսիական Լուսավորությունը ենթարկվեց արիստոկրատական
մշակույթի ազդեցությանը, մասնավորապես լուսավորիչների մոտ ևս տարածվեց
սալոնային մշակույթը: Նրանք ստեղծում էին տարբեր խմբակներ, օրինակ Հելվեցիուսը,
Հոլբախը և այլք, իսկ լուսավորիչների մասնակցությամբ նման խմբակներն ու սալոնները
փոխում էին իրենց բնույթը` դառնալով ավելի ազատախոհ: Նման վայրերում քննարկում
էին իմաստասիրական, քաղաքական և կրոնական հարցեր: Սակայն լուսավորիչների
ազտախոհական գաղափարները վերնախավին դուր չէր գալիս, ուստի շուտով նրանք
մնում են միայնակ և ստիպված ստեղծում են իրենց խմբակները: Լուսավորիչների
ստեղծած ամենահայտնի խմբակը եղել է հանրագիտակներինը (էնցիկլոպեդիստների),
որը զգալի ազդեցություն է թողել մշակույթի պատմության վրա: Այս խմբակի կողմից
հրատարակվել է ֆրանսիական հայտնի «Հանրագիտարանը» («Էնցիկլոպեդիա»)`
առաջին հատորը լույս է տեսել 1751 թ. և հրատարակությունը շարունակվել է մինչև 1772
թ.: Խմբակի կենտրոնական դեմքն էր Դենի Դիդրոն, իսկ ակտիվ անդամներն էին
դ'Ալամբերը, Հոլբախը, Հելվիցիուսը, Ռուսոն, Կոնդորսեն, Կոնդիլյակը և ուրիշներ:
Պետության կողմից երբեմն սահմանափակվել է խմբակի գործունեությունը և արգելվել
Հանրագիտարանի հրատարակությունը: Սակայն այդ գործողությունները բնավ էլ չեն
ազդել Հանրագիտարանի հեղինակության վրա, այլ հակառակը` դրա հիման վրա
ստեղծվեց եվրոպական Լուսավորության արմատական թևը:
Դենի Դիդրոն (ֆրանս. Denis Diderot, 1713-1784) ֆրանսիացի հայտնի գրող,
իմաստասեր և դրամատուրգ է: Ծնվել է Լանգրեսում, հասարակ արհեստավորի
ընտանիքում, կրթությունը ստացել է տեղի ճիզվիտական քոլեջում, այնուհետև ավարտել
է Փարիզի համալսարանի արվեստի ֆակուլտետը: Դիդրոն հայտնի է իր
իմաստասիրական գաղափարներով: Նա մերժում էր աշխարհի նյութական ու հոգևոր
մասերի բաժանելու վերաբերյալ դուալիստական ուսմունքը: Ըստ նրա գոյություն ունի
միայն մատերիան, որը բարդ ու տարաբնույթ երևույթ է և համարվում է իր մասնիկների
շարժման արդյունքը: Մարդն իրենից ներկայացնում է դաստիարակության ընդհանուր
կարգի և գործոնների փոփոխության արդյունք: Դիդրոն իր քաղաքական հայացքներով
կողմնակից էր լուսավորյալ միապետությանը: Վոլտերի օրինակով նա չէր վստահում
ժողովրդական զանգվածներին, որոնք նրա կարծիքով անընդունակ են «բարոյական և
քաղաքական հարցերի» ողջամիտ քննարկման համար: Դիդրոն հավատում էր միապետի
և փիլիսոփաների համագործակցությանը, որը երկրին կբերեր բարեկեցություն:
Այստեղից էլ նրա մաստերիալիստական ուսմունքը ուղղված էր հոգևորականության դեմ,
քանի որ Դիդրոն նրանց դերը տալիս էր իմաստասերներին: Դիդրոն թողել է
հիմնականում գրական ու իմաստասիրական բնույթի ստեղծագործություններ:
Իմաստասիրական հայտնի աշխատություններից է «Իմաստասիրական մտքեր» (1746),
«Փակուղի կամ սկեպտիկի զբոսանքը» (1747), «Անպարկեշտ գանձեր» (1748) և այլն:
Դրանցում ներկայացված է հեղինակի դիրքորոշումը և հայացքները սկզբում դեիզմի,
ապա աթեիզմի ու մատերիալիզմի վերաբերյալ: Նրա գրական ստեղծագործություններից
են «Ապօրինի որդին» (1757), «Ընտանիքի հայրը» (1758), «Կողմնակի որդին կամ
առաքինությունների փորձությունը» (1757) և այլն: Այս ստեղծագործություններում
հեղինակը նկարագրել է հասարակ մարդկանց, նրանց կյանքն ու կենցաղը: Դիդրոն
ունեցել է խորաթափանց միտք ու սուր լեզու, տիրապետել է հարուստ գիտելիքների,
ուստի պատահական չէ, որ նրան է պատկանում «Հանրագիտարան կամ Արհեստների,
արվեստների ու գիտության բացատրական բառարան» ստեղծելու փայլուն միտքը: Այս
Հանրագիտարանը դարձավ ֆրանսիական լուսավորականության յուրահատուկ
մանիֆեստը: Դիդրոն Հանրագիտարանի համար գրել է 1259 հոդված, որոնց մեծ մասը
նվիրված են քերեկանության հարցերին, այնուհետև պատմության, էթիկայի,
իմաստասիրության, դիցաբանության, գրականության, աստվածաբանության,
քաղաքականության, աշխարհագրության ասպարեզներին: Կան հոդվածներ նաև
ճարտարապետության, բժշկության, իրավունքի, աստղագիտության, քիմիայի, ֆիզիկայի
վերաբերյալ:
Ֆրանսիական լուսավորիչների ավագ սերնդի ներկայացուցիչն էր գրող, օրենսդիր
և փիլիսոփա Շառլ Լուի դե Սեկոնդա բարոնԼյա Բրեդիդե Մոնտեսքյոն (1689-1755): Ծնվել
է Բորդոյում` ազնվականի ընտանիքում, սակայն վարել է շատ հասարակ կյանք: Տասը
տարեկանում որբացել է, սկզբնական կրթությունը ստացել է տեղի քոլեջում: Նրան
նախապատրաստել են որպեսզի ֆրանսիական խորհրդարանում զբաղեցնի պապի
տեղը, որն այդպես էլ լինում է, իսկ 1716-26 թթ. զբաղեցրել է խորհրդարանի նախագահի
պաշտոնը: 1728-31 թթ. ճանապարհորդել է Եվրոպայով, որի հիմնական նպատակը
ուսումնասիրություններ կատարելն էր: Ֆրանսիայում Լուսավորության գաղափարների
ազդեցությամբ առաջին ստեղծագործությունը համարվում է Մոնտեսքյոյի «Պարսկական
նամականին» (1721): 1711 թ. պարսիկ ազնվական Ուզբեկը թողնում է Սպահանում
գտնվող իր պալատը և ընկերոջ` Ռիկոյի ընկերակցությամբ երկարատև
ճանապարհորդություն է ձեռնարկում դեպի Ֆրանսիա: Փարիզում ապրած տարիներին`
1712-1720 թթ., նա հայրենիքում գտնվող ընկերներին ու բարեկամներին նամակներ է
գրում, որոնցում ներկայացնում է արևմտյան հասարակության տարբեր բնագավառները,
հատկապես նկարագրում է ֆրանսիական քաղաքականությունն ու բարքերը:
Մոնտեսքյոն Ուզբեկի բերանով քննադատում է Ֆրանսիայում տիրող իրավիճակը,
ազնվականների կյանքն ու կենցաղը, վարքն ու բարքը: Հեղինակը ներկայացնում է
Ֆրանսիայի քաղաքական համակարգում տիրող վիճակը, կաշառակերությունը,
անպատժելիությունը և այլն: Այս աշխատությունը մեծ արձագանքներ է ունենում և
նպաստում փիլիսոփայի հեղինակության բարձրացմանը:
Մոնտեսքյոյի ազդեցությունը մեծ է եղել ժամանակակից ներկայացուցչական
ժողովրդավարական համակարգի ձևավորման գործում: Նա առաջ է քաշել և հիմնավորել
իշանության տարանջատման գաղափարը, որը ներկայացրել է իր հայտնի «Օրենքների
ոգու մասին» (1748) աշխատության մեջ: Այստեղ հեղինակը ներկայացրել է իր ուսմունքի
մի քանի հիմնական հասկացություններ` առաջին հերթին անդրադառնալով
ազատությանը: Մոնտեսքյոն գտնում էր, որ ազատություն կարելի է հաստատել և
ապահովել այն միայն օրենքներով: Առաջարկելով իշխանության տարանջատման
գաղափարը` Մոնտեսքյոն գտնում էր, որ ցանկացած պետությունում իշխանությունը
պետք է բաժանվի օրենսդիր, գործադիր և դատական թևերի: Օրենսդիր իշխանությունը
պատկանում է միայն ժողովրդին: Գործադիր իշխանությունը պետք է գլխավորեր
թագավորը կամ նախագահը: Իշխանության տարանջատման հիմնական նպատակն է
խուսափել իշխանության չարաշահումից և այդպես պահպանել քաղաքական
ազատությունները: Մոնտեսքյոն առանձնացրել է կառավարման երեք ձև`
հանրապետություն, միապետություն և բռնապետություն: Նա փորձել է հասկանալ այս
երեք կառավարման ձևերի էությունը և տվել է դրանց բնութագիրը. հանրապետական
կառավարումն այն է, երբ բարձրագույն իշխանությունը գտնվում է կամ ժողովրդի կամ
նրա մի մասի ձեռքում (արիտոկրատիայի), միապետությունը` երբ իշխում է մեկ
անհատը, սակայն պալատականների հետ մշակված է մի համակարգ, որը թույլ չի տալիս
միապետությունը վերածել բռնապետության, իսկ վերջինիս դեպքում բոլոր օրենքներն ու
կանոնները ընդունվում են մեկ անձի կողմից և ենթարկվում միայն նրան: Օրենքները
ստեղծվում են մարդու կողմից և հնարավորինս պետք է արտացոլեն տվյալ շրջանի
հասարակական կյանքը: Այդ օրենքներով մարդիկ հարաբերություններ են հաստատում
կառավարողների և կառավարվողների միջև, որը քաղաքական իրավունք է, իսկ
քաղաքացիների միջև հարաբերություններ հաստատող օրենքները կոչվում են
քաղաքացիական: Նա օրենքների ընդունումը հիմնականում կապում էր
աշխարհագրական գործոնի հետ` այսինքն, պետությունները ելնելով իրենց
աշխարհագրական դիրքից, կլիմայից և դրանցով պայամանավորված իրենց կյանքի
տարբերություններից, ընդունում են տարբեր օրենքներ: Մոնտեսքյոն համարվում է նաև
քաղաքական լիբերալիզմի հիմնադիրներից մեկը, ինչը հիմնավորվում է բնական
իրավունքի սկզբունքների վրա: Այսինքն` գոյություն ունեն բնական օրենքներ, որոնք
ինչպես նաև մարդու կողմից ստեղծածները, շատ հաճախ խախտվում են, ուստի
պետության ստեղծման անհրաժեշտություն է զգացվում: Ըստ լուսավորիչի բնական
օրենքները այն օրենքներն են, որոնք համապատասխանեցվում են մարդկային բնության
հետ: Պետության ստեղծման համար անհրաժեշտ են քաղաքական պայմաններ և
օրենքներ, վերջիններն ավելի շատ քաղաքացիական պետության ստեղծման համարեն:
Եթե նման իրավիճակ չի ստեղծվում, ապա սկսվում են պատերազմներ: Ըստ
Մոնտեսքյոյի պատերազմի նպատակը հաղթանակն է, հաղթանակի նպատակը`
նվաճումները, նվաճումների նպատակը` պահպանումը: Այս բոլորից բխող սկզբունքները
պետք է հիմնավորվեն օրենքներով, ինչն էլ իր հերթին ձևավորում է միջազգային
իրավունքը: Մոնտեսքյոն առանձնացնում էր նաև «ժողովրդի ոգին», որի հաստատման
համար հարկավոր են բարոյական ու ֆիզիկական կարգուկանոնի համընդհանուր
պայմաններ:Օրենքների և կառավարման սկզբունքների միջև պետք է լինի
համապատասխանություն: Կառավարման սկզբունքներ ասելով լուսավորիչը
հասկանում էր հիմնարար գաղափար, որն իր հերթին դրվում է կառավարման ձևի
հիմքում: Օրինակ, ժողովրդավարական հանրապետության համար նման գաղափարներ
են պատիվն ու առաքինությունը, արիստոկրատականի համար` չափավորվածությունը,
միապետության համար` պատիվը, իսկ բռնակալության համար` վախը: «Օրենքների
ոգու մասին» աշխատությունը մեծ ճանաչում է ունեցել և դրանում առաջ քաշած շատ
հիմնահարցեր մինչև օրս էլ արդիական են:
Մոնտեսքյոյի խոշոր աշխատություններից է «Մտորումներ հռոմեացիների
հզորության ու անկման պատճառների մասին» (1734): Այն պատմա-փիլիսոփայական
տրակտատ է: Աշխատության մեջ հեղինակը հռոմեական պատմության օրինակով
ապացուցում է, որ միայն այնտեղ որտեղ քաղաքացին ազատ է ու անկախ, որտեղ ողջ
ժողովուրդը մասնակցում է պետության կառավարմանը, այդ դեպքում
հասարակությունն ու պետությունը հաջողությամբ կզարգանան: Հակառակ դեպքում
պետությունը կորցնում է իր հզորությունը և, արտաքին ու ներքին թշնամիների հետ
պայքարում, պարտություն է կրում: Հեղինակը փորձել է Հռոմեական կայսրության
օրինակը տարածել Ֆրանսիայի վրա և այդ օրինակով ցույց տալ ֆրանսիական
պետության ու հասարակության խոցելի տեղերը: Մոնտեսքյոն շարունակեց և
զարգացրեց աշխարհագրական դետերմինիզմի տեսությունը, համարվելով այս դպրոցի
հիմնադիրը, չնայած, որ այս տեսությունն առաջ էր քաշել ֆրանսիացի հումանիստ
ԺանԲոդենը: Նա մեծ տեղ էր հատկացնում աշխարհագրական գործոնին, շրջակա
բնական պայմաններին, կլիմային, աշխարհագրական դիրքին որոնք էլ մեծ ազդեցություն
են թողնում պետությունների ու ժողովուրդների ճակատագրերի վրա: Նման
աշխարհագրական գործոնների ազդեցությամբ նկատելի է դառնում ինչպես մարդկանց
կյանքի տարբերությունը, այնպես էլ ձևավորվում են նրանց սովորույթները,
ավանդույթները, հավատալիքները և այլն: Շատ երևույթներ ղեկավարվելով մարդու
կողմից` օրինակ, կրոնը, կառավարման սկզբունքները, սովորույթներ, ավանդույթները,
անցյալի օրինակները և այլն, միասին ձևավորում են ժողովրդի ոգին:Մոնտեսքյոն
մերժում է պատմական գործընթացներում աստվածաբանական պատճառների
գոյությունը և ավելի շատ հարում է պատմության օբյեկտիվության գաղափարին:
Ֆրանսիական լուսավորության ամենավառ անհատականություններից է
համարվում իմաստասեր, բանաստեղծ, վիպասան, երգիծաբան, պատմաբան,
իրավապաշտպան, հրապարակախոս Ֆրանսուա Մարի Արուե Վոլտերը (1694-1778):
Ծնվել է փարիզյան նոտարի ընտանիքում, ավարտել է ճիզվիտական դպրոց, որտեղ էլ
բացահայտվել է նրա գրական տաղանդը: Վոլտերը իր գրական ուղին սկսել է
բանաստեղծություններ գրելով, որոնց պատճառով 1717 թ. 11 ամիս անցկացնում է
Բաստիլում և դուրս գալուց հետո նրան Ֆրանսիայից վտարում են: Վտարանդիության
տարիներին Վոլտերը ապրել է Անգլիայում, Պրուսիայում, Շվեյցարիայում,
Նիդեռլանդներում: Երբ Ֆրանսիայում գահ է բարձրանում Լյուդովիկոս 16-րդը, 1778
թ.Վոլտերինթույլատրում է վերադառնալ հայրենիք: Նա վերադառնում է Փարիզ և
նշանակվում ակադեմիայի տնօրեն, չնայած պատկառելի տարիքին ձեռնամուխ է լինում
ակադեմիական բառարանի ստեղծմանը:
Նրա իմաստասիրական հայացքների վրա ազդեցութություն են թողել Անգլիայի
լիբերալ քաղաքական համակարգը և կրոնական հանդուրժողականությունը:
Արդյունքում նա գրում է «Իմաստասիրական նամակներ» (1733) աշխատությունը: Այն
լայնորեն տարածվում է Ֆրանսիայում, խորհրդարանում քննարկում են այս
աշխատութունը և ներառում արգելված գրքերի ցանկում: Իմաստասիրական
հայացքներով Վոլտերը հանդես է գալիս Ջ. Լոկկի սենսուալիզմի դիրքերից,
միաժամանակ իր քարոզած ուսմունքով հակառակվում է ֆրանսիական
մատերիալիստական իմաստասիրությանը: Վոլտերը իմաստասիրական կարևոր
հոդված է գրում Հանրագիտարանի համար, որը հետագայում լրացնում և հրատարակում
է «Գրպանի իմաստասիրական բառարան» (1764) խորագրով: Այստեղ նա հանդես է գալիս
իդեալիզմի ու կրոնի դեմ` փորձելով այդ երևույթները բացատրել իր ժամանակվա
գիտության սահմաններում: Նա սուր քննադատության է ենթարկում քրիստոնեական
եկեղեցուն, կրոնական բարոյականությունը, դատապարտում է հանցագործությունները,
քրիստոնեական եկեղեցու ձեռնարկումները:
Վոլտերը բնական իրավունքների տեսության դպրոցի ներկայացուցիչներից էր,
ուստի պաշտպանում էր բնական իրավունքները` ազատությունը, սեփականությունը,
անվտանգությունը և հավասարությունը: Վոլտերը ևս պնդում էր, որ ոչ ոք իրավասու չէ
մարդուն զրկել կյանքից, ազատությունից և սեփականությունից, իսկ մասնավոր
սեփականությունը, նա դիտում էր, որպես քաղաքական ազատության համար
անհրաժեշտ պայման: Իմաստասերը բնական իրավունքների հետ միասին կարևորում էր
պոզիտիվ օրենքները, որոնց անհրաժեշտությունը կայանում էր նրանում, որ «մարդիկ
չար» են: Պոզիտիվ օրենքները կոչված են ապահովելու մարդկանց բնական
իրավունքները, սակայն լուսավորիչը շատ պոզիտիվ օրենքներ համարում էր անարդար,
որոնք մարմնավորում են միայն մարդկային տգիտությունը: Յուրաքանչյուր ոք իրավունք
ունի տնօրինելու իր սեփականությունը, ինչպես նաև խղճի ազատություն, այդ թվում
կրոնական հարցերում: Ինչպես արդեն նշեցինք Վոլտերը կրոնի ու հոգևորականության
խիստ քննադատներից էր: Նա երգիծանքով է վերաբերվել հոգևորականությանը,
քննադատել է քրիստոնեությունը, միևնույն ժամանակ հայտնել է իր հարգանքը
Քրիստոսի անձի նկատմամբ: Վոլտերը քարոզել է կրոնական հանդուրժողականության
գաղափարը, որն էլ ներկայացրել է իր աշխատություններում: 1722 թ. նա գրում է «Կողմ և
դեմ» պոեմը, որտեղ ապացուցում է, որ քրիստոնեական կրոնը սահմանում է սիրել
կարեկցող աստծուն, այլ ոչ թե նրան նկարել դաժան բռնակալի պես: Փաստորեն դրանով
Վոլտերը հայտարարում է քրիստոնեական հավատի տարակարծությունը: Այսքանով
հանդերձ սխալ է Վոլտերին անվանել աթեիստ: Պայքարելով եկեղեցու և
հոգևորականության դեմ` նա միաժամանակ աթեիզմի հակառակորդն էր: Ըստ նրա
աթեիզմը ընդունակ է ոչնչացնել օրինականության ռեժիմը և պատահական չէ, որ նրան է
պատկանում «Եթե աստված չկա, ապա անհրաժեշտ է նրան ստեղծել»
արտահայտությունը: Վոլտերը ամենատարբեր մեթոդներով փորձել է ապացուցել Աստծո
գոյությունը, որը ստեղծել է երկիրը, սակայն նրա գործերին չի միջամտում: Աթեիզմի,
աստվածաբանության և բարոյականության խնդիրները Վոլտերը քննարկել է
Հանրագիտարանի համար գրված «Աստված» հոդվածում: Սակայն 60-70-ական թթ.
Վոլտերը տեղի է տալիս սկեպտիկական տրամադրություններին:
Վոլտերը իր սոցիալական հայացքներով անհավասարության կողմնակիցն էր, ըստ
նրա, հասարակությունը պետք է բաժանվի կրթվածների ու հարուստների, այլ ոչ թե
նրանց, ովքեր ոչինչ չունեն: Եղել է միահեծանության համոզված հակառակորդը, սակայն
մինչև կյանքի վերջը մնացել է միապետական: Վոլտերը կողմնակից էր լուսավորյալ
միապետությանը, որտեղ մեծ տեղ էր հատկացնում հասարակության կրթված
հատվածին` մտավորականությանը, իմաստասերներին: Լուսավորյալ միապետությունը
նրա քաղաքական իդեալն էր, որտեղ միապետի նպատակն էր համարում «լուսավորել
մարդկանց, քաղաքակրթել վայրի երկիրը»: Վոլտերը մեծ ազդեցություն է ունեցել
պատմագիտության զարգացման վրա` թողնելով մի շարք աշխատություններ: Նրա
հայտնի աշխատություններից են «Լուի 14-րդի դարաշրջանը» (1751) և «Ակնարկ ազգերի
սովորությների մասին կամ համընդհանուր պատմություն» (1756): Վոլտերը համարվում
է Լուի 14-րդի դարաշրջանի Ֆրանսիայի պատմությունը իմացող լավագույն
պատմաբաններից մեկը: Նա մանրամասնորեն նկարագրել է այդ ժամանակաշրջանի
պատմությունը: Վոլտերը հիմնականում ներկայացրել է դիվանագիտական ու
ռազմական իրադարձությունները, սակայն ուշադրություն է դարձրել նաև
սովորույթներին, սոցիալական պատմությանը, արվեստի ու գիտության բնագավառում
ունեցած ձեռքբերումներին: Հատուկ ուշադրության է արժանի «Ակնարկ ազգերի
սովորությների մասին կամ համընդհանուր պատմություն» աշխատությունը: Այստեղ
հեղինակը միջազգային համատեքստում նկարագրում է աշխարհի քաղաքակրթական
առաջընթացը, այդպիսով` մերժելով թե ազգայնականությունը, թե ավանդական
քրիստոնեական շրջանակների վկայակոչումը: Վոլտերը առաջիններից մեկն է եղել, ով
փորձել է գրել համաշխարհային պատմություն` տնտեսական, մշակութային և
քաղաքական պատմությունը: Նա Եվրոպային համարում էր ոչ այլ ինչ, քան ազգերի
հավաքածու: Միաժամանակ նա առաջիններից մեկն էր, ով ընդգծեց միջնադարյան
մշակույթի վրա արաբական քաղաքակրթության ազդեցությունը, սակայն պետք է նշել, որ
նա միջնադարին լավ չէր տիրապետում: Վոլտերի մյուս պատմական
աշխատություններն են «Շվեդիայի թագավոր Չարլզ 12-րդի պատմությունը» (1731), «Լուի
15-րդի դարաշրջանը» (1746-1752), «Ռուսական կայսրության պատմությունը Պյոտր Մեծի
օրոք» (հատոր 1-ին` 1759, հատոր 2-րդ` 1763), «Փարիզի խորհրդարանի պատմությունը»
(1769): Վոլտերը պատմագրության վերաբերյալ իր տեսակետները բացատրել է
Հանրագիտարանում հրատարակված «Պատմություն» հոդվածում: Նա հանդես եկավ
պատմական գիտության նպատակաուղղված նորացման խնդրով ու փորձեց այն
իրականացնել: Նրա հիմնական նպատակն էր պատմությունը ուսումնասիրել ու
լուսաբանել լուսավորական փիլիսոփայության ընկալումներով: Վոլտերը պատմաբանի
կոչումը համարում էր ոչ միայն փաստական նյութի հավաքումը, այլ նաև այդ
փաստական նյութի հանգամանալից ուսումնասիրումը և շարադրանքը, պատմական
իրադարձությունների քննադատական մեկնաբանումը` ստեղծելով փիլիսոփայական
պատմություն: Վոլտերը առաջինը գիտական շրջանառության մեջ դրեց պատմության
փիլիսոփայություն հասկացությունը: Վոլտերը յուրահատուկ մոտեցում էր ցուցաբերում
պատմական փաստերի արժանահավատության խնդիրներին, պահանջում էր փաստերի
ու աղբյուրների հանդեպ խիստ քննադատական մոտեցում՝ չափանիշ ընդունելով առողջ
բանականությունը: Նա անգամ կարծում էր, որ ոչ բոլոր սկզբնաղբյուրների
տեղեկություններն են արժանահավատ: Իր պատմական աշխատությունները գրելուց
առաջ նա նյութեր էր հավաքում, որքան հնարավոր է արժանահավատ, օրինակ
«Ռուսական կայսրության պատմությունը Պյոտր Մեծի օրոք» աշխատությունը գրելիս նա
մեծ քանակությամբ նյութեր է ստացել Ռուսաստանից: Վոլտերը թողել է նաև մի շարք
գրական, գեղարվեստական ստեղծագործություններ` «Էդիպ» (1718), «Բրուտ» (1730),
«Ցեզր» (1735), «ՓրկվածՀռոմը» (1752), «Չինացիորբը» (1755), «Օռլեանիկույսը» (1755),
«Զադիգ» (1747), «Կանդիդ» (1759) և այլն: Վոլտերը ունեցավ բազմաթիվ հետևորդներ և
մինչև օրս լայնորեն տարածված է վոլտերագիտությունը:
18-րդ դարի 30-40-ական թթ. ֆրանսիական լուսավորականության
գաղափարախոսության մեջ ձևավորվեց ու զարգացավ ուտոպիական սոցիալիզմի
ուղղությունը, որի կրողները դարձան Ժ. Մելյեն, Գ. Մաբլին և Գ. Բաբյոֆը: Ուտոպիական
սոցիալիզմի գաղափարների առաջին կրողներից էր ֆրանսիացի իմաստասեր-
մատերիալիստ, աթեիստ, ուտոպիական կոմունիստ, կաթոլիկ հոգևորական Ժան Մելյեն
(1664-1729): Գյուղական ջուլհակի որդի էր և ծնողների հորդորով դառնում է կաթոլիկ
հոգևորական: Առանց խնդիրների ու բողոքների 40 տարի եղել է Շամպանի
հոգևորականը, սակայն ողջ կյանքում եղել է աթեիստ: Իր միակ աշխատությունը`
«Կտակը», շարադրել է կյանքի վերջին տարիներին, երբ համարյա չէր տեսնում, որն
ամբողջությամբ հրատարակվել է միայն 1864 թ. Ամստերդամում: «Կտակ»-ում հեղինակը
քննադատում է տվյալ ժամանակաշրջանի ֆրանսիական հասարակությանը,
բացահայտում է ֆրանսիական ժողովրդի, հատկապես գյուղացիության ահավոր ճնշումն
ու շահագործումը: Քննադատում է դասակարգային հասարակությունը, իսկ չարիքի
աղբյուրը համարում է մասնավոր սեփականությունը: Նա իր աթեիստական
գաղափարներով երազում էր իդեալական հասարակական կառույցի ստեղծման մասին:
Նրա հասարակական իդեալն էր միասնական ընտանիք-հանրությունը, որտեղ բոլոր
մարդիկ հավասար են, միասին են տնօրինում բոլոր բարիքները, հաճույքով են
աշխատում, սիրում են միմյանց որպես եղբայրներ: Դրան հասնելու համար մարդիկ
պետք է հասկանան բռնակալական իշխանության անարդարությունը, ազատվեն բոլոր
նախապաշարումներից, որոնց շարքում առաջին տեղը պատկանում էր կրոնին:
Փաստորեն Մելյեն իր այս մտքերով առաջ էր քաշում ուտոպիական մատերիալիզմի
գաղափարները:
Ուտոպիական մատերիալիստական ուղղության հայտնի ներկայացուցիչն էր
Գաբրիել Բոննո դե Մաբլին (1709-1785): Եղել է վանահայր, լուսավորիչ և սոցիալական
իմաստասեր, հեղինակել է մի շարք աշխատություններ պատմության, սոցիալ-
քաղաքական խնդիրների և միջազգային իրավունքի վերաբերյալ: Մաբլին ծնվել է
հարուստ ընտանիքում, բարեկամական կապեր է ունեցել կարդինալ դե Տանսենի հետ:
Ծնողների որոշմամբ սովորել է Լիոնի ճիզվիտական դպրոցում, այնուհետև
վերադառնում է Փարիզ ևընդունվում է Սեն-Սյուլպիսի ճեմարանը, որըշուտովթողնումէ:
Մաբլին 1740 թ. հրատարակում է իր առաջին աշխատությունը` «Զուգահեռներ
հռոմեացիների և ֆրանսիացիների միջև» վերնագրով: Այստեղ հեղինակը քննարկում է
կառավարման տարբեր ձևերը, հատկապես զուգահեռներ է անցկացնում հռոմեական ու
ֆրանսիական պետությունների միջև: Նա շքեղությունն ու հարստությունը դիտում է,
առաջընթացի շարժիչ ուժը, իսկ քաղաքացիների բարգավաճման ու ազատությունների
երաշխավորման համար առաջարկում է ուժեղացնել թագավորական իշխանությունը:
Մաբլին անդրադարձել է միջազգային իրավունքին, որը ներկայացրել է իր «Եվրոպայի
հանրային իրավունքը» (1748) աշխատության մեջ: Այստեղ նա նկարագրել է Վեստֆալյան
խաղաղությունից հետո կնքված մի շարք հիմնարար միջազգային նշանակության
պայմանագրերին: Այս աշխատությունը հեղինակին բերում է եվրոպական ճանաչում, այն
թարգմանվում է բազմաթիվ լեզուներով: Անգլիական համալսարաններում 18-րդ դարում
աշխատությունն օգտագործվում էր որպես ուսումնական ձեռնարկ և քաղաքական
գործիչների սեղանի գիրքն էր: Միջազգային իրավունքի և հարաբերությունների
վերաբերյալ իր հայացքներն ու դատողություններն Մաբլին հետագայում շարադրում է
մեկ այլ ոչ պակաս հայտնի «Դիվանագիտության սկզբունքները» (1757) աշխատության
մեջ: Այստեղ հեղինակը միջազգային հարաբերությունները և պետությունների շահերն ու
հետաքրքրությունները վերլուծում է բարոյական սկզբունքների տեսանկյունից:
Մաբլին անդրադարձել է նաև պատմությանը «Պատմության ուսումնասիրման
մասին» (1778) և «Այն մասին, թե ինչպես գրել պատմությունը» (1783)
աշխատություններում: Քննադատել է, երբ պատմությունը ներկայացրել են որպես
իշխանների ու թագավորների կամ կարևոր դեպքերի ու իրադարձությունների
նկարագրություն: Երկրորդ աշխատությունում հեղինակը նշում է, որ պատմությունը
պետք է լինի բարոյական ու քաղաքական դպրոց և այն պետք է ուսումնասիրի բնական
քաղաքականությունը: Վերջինը հիմնված է բնության օրենքների վրա, որոնք, ինչպես
բնությունը անփոփոխ են: Մաբլին կարծում էր, որ մարդիկ մշտապես կլինեին երջանիկ,
եթե հետևեին այդ անփոփոխ օրենքներին: Մաբլին զբաղվել է նաև անտիկ պատմության
հարցերով: Հայտնի է «Դիտարկումներ հույների մասին» (1749) աշխատությունը, որտեղ
հեղինակը փնտրում է հին քաղաքացիական առաքինությունները, որոնք անտիկ
պատմության ազատության հիմքն էին: Այդ աշխատությամբ Մաբլին լուսավորական
հայացքներով լուսաբանեց անտիկ պատմության հիմնահարցերը, որոնց քաղաքական
սկզբունքները օգտագործվեցին ֆրանսիական հեղափոխության նախօրեին: Մեկ այլ
նշանավոր «Դատողություններ Ֆրանսիայի պատմության մասին» (1765)
աշխատությունում Մաբլին լուսաբանել է Ֆրանսիայի պատմությունը հնագույն
ժամանակներից մինչև Լյուդովիկոս 14-րդի կառավարման ժամանակաշրջանը:
Մոնտեսքյոյի հետևողությամբ հեղինակը Ֆրանսիայի պատմության վերաբերյալ
զարգացնում է գերմանական տեսությունը՝ ստեղծելով ինքնատիպ դեմոկրատական
հայեցակարգ: Ըստ նրա ֆրանկները ներխուժելով Գալլիա, իրենց հետ բերեցին
հասարակական նոր կարգ, որը առանձնանում էր ազատասիրությամբ ու
ժողովրդավարությամբ: Ֆրանկները գալլական բնակչությանը ազատագրեցին
հռոմեացիների իշխանությունից ու բնիկների հետ ստեղծեցին միասնական ժողովուրդ,
սակայն կատարվեց մեծ սխալ` հաստատվելով Գալլիայում ֆրանսիացիների
նախնիները նախ զգուշական քայլեր չձեռնակեցին, արդյունքում ժողովրդի մի մասը իր
ձեռքում կուտակեց ողջ հարստությունը և երկրում հաստատվեցին ֆեոդալական կարգեր:
Հետևաբար, Մաբլին Ֆրանսիայի պատմությունը ներկայացնում է որպես
արիստորատիայի կողմից ժողովրդի իրավունքների բռնազավթման գործընթաց և
Ֆրանսիայի պատմության մեջ բոլոր օրենքները չեն համապատասխանում բնական
իրավունքին: Աշխատանքը շարադրված է արխիվային փաստական հարուստ նյութերի
վրա և ունի գիտական ու հասարակական հնչեղություն։
Ուտոպիական մատերիալիստական ուղղության հայտնի ներկայացուցիչներից էր
Գրաքս Բաբյոֆը (իսկական անունը Ֆրանսուա Նոել Բաբյոֆ էր, 1760-1797), ֆրանսիացի
հեղափոխական, կոմունիստ-ուտոպիստ, ով Դիրեկտորիայի տարիներին ղեկավարել է
«հանուն հավասարության» շարժումը: Բաբյոֆը ծնվել է նախկին զինվորականի աղքատ,
բազմազավակ ընտանիքում: Դեռևս մանուկ հասակում զգացել է ֆիզիկական
աշխատանքի ծանրությունը: Արդեն 1758 թ. ծրագիր է մշակում, որտեղ առաջարկում էր
խոշոր հողային սեփականությունները փոխարինել կոլեկտիվ տնտեսություններով:
Բաբյոֆը հեղափոխության կողմնակից էր և մասնակցել է Բաստիլի գրավմանը: 1789 թ.
հոկտեմբերի 22-ին Բաբյոֆը առաջին անգամ հրապարակային ելույթ է ունենում`
ուղղված ընտրական ցենզի դեմ: Նա հանրապետական կարգերի կողմնակիցն էր:
Հեղափոխության տարիներին հիմնականում ներկայացրել է աղքատ խավերի,
հատկապես վարձու բանվորների շահերը: Քննադատել է յակոբինյան Կոնվենտի
գործունեությունը: Բարձր է գնահատել Ռոբեսպիերին, վերջինիս հետ կիսել է շատ
կարծիքներ, սակայն նրա գերագույն նպատակն է եղել տեսնել հասարակ մարդկանց
փաստացի հավասարությունը, որն էլ համարել է հասարակական իդեալական
կառուցվածք: Բաբյոֆը կյանքի վերջին տարիներին առաջարկել է համարձակ
ագրարային ծրագիր, որի կարևոր դրույթներն էին` առանց փոխհատուցման լիակատար
լիկվիդացնել ֆեոդալական իրավունքը, բռնագրավել եկեղեցու գույքը և վաճառելու
փոխարեն հանձնել երկարաժամկետ վարձակալության, բաժանել հանրային հողերը և
վերջապես առաջարկում էր «ագրարային օրենքը», որի գաղափարը հեղինակը
մանրակրկիտ ներկայացրել է «Մշտական կադաստր» (1789) աշխատության մեջ: «Հանուն
հավասարության» կոմունիստական շարժման ընթացքում սկսում է նախապատրաստել
ժողովրդական ապստամբություն, սակայն համախոհներից մեկի մատնության
հետևանքով բացահայտվում է, Բաբյոֆին ձերբակալում են և ենթարկում գիլյոտինի:
Բաբյոֆի մահից հետո նրա գաղափարներն ավելի զարգացան ու տարածվեցին: Նրա
անունով ձևավորվեց բաբուիզմի ուսմունքը, որի հենքը հանդիսացավ ուտոպիական
սոցիալիզմի գաղափարաբանությունը: Բաբյոֆը և նրա հետևորդները հանդիսանում են
գիտական կոմունիզմի նախորդները:
18-րդ դարի ֆրանսիական մատերիալիստական իմաստասիրության
դեմոկրատական թևի կարկառուն ներկայացուցիչն էր ֆրանսիացի գրող ու մտածող
Ժան-Ժակ Ռուսսոն (1712-1778): Ծնվել է Ժնևում, ֆրանսիացի բողոքականի ընտանիքում:
Վաղ հասակում կորցրել է ծնողներին, ստիպված է եղել թափառել և ճաշակել է կյանքի
բոլոր դառնությունները: Նա կրթություն չի ստացել: Ռուսոն իր ողջ կյանքն ու
գործունեությունը նկարագրել է «Խոստովանություն» (1782) աշխատության մեջ, որը
համարվում է նրա հայտնի ատեղծագործություններից մեկը: Այն ոչ միայն
ինքնակենսագրություն է, այլև վեպ: Գրքի առաջին հատվածում Ռուսսոն նկարագրում է
իր սիրո պատմությունը, իսկ երկրորդ հատվածում ներկայացնում է իր բոլոր
գաղտնիքները: Ռուսսոն համարվում է լուսավորության դեմոկրատական թևի
ներկայացուցիչը: Նա հիմնականում հանդես է եկել քաղաքային ու գյուղական չքավոր
խավի պաշտպանությամբ: Ռուսսոն իր իմաստասիրական հայացքներով ավելի շատ
հարում էր դեիզմին, քանի որ ընդունում էր աստծու և հոգու գոյությունը: Նա մատերիան
համարում էր պասիվ, մեռած, իմացության տեսության հարցում սենսուալիզմի
կողմնակիցն էր և ողջ գիտելիքները բխեցնում էր զգայություններից: Միևնույն ժամանակ
կողմնակից էր բարոյական գաղափարների բնածին լինելու տեսակետին: Մարդկային
հասարակության զարգացման վերաբերյալ Ռուսսոյի գաղափարներն ու մտքերը կարևոր
դեր խաղացին սոցիալ-քաղաքական և պատմա-սոցիոլոգիական տեսությունների
ձևավորման հարցում: Նա իր գաղափարներով քարոզում էր հավասարություն և դեմ էր
հասարակության դասային ու տնտեսական անհավասարությանը: Փորձել է բացահայտել
անհավասարություն առաջացման պատճառները և դրանց հաղթահարման ուղիները,
ուստի ուսումնասիրել է մարդկային հասարակության անցյալի պատմությանը: Ռուսսոյի
պատմա-սոցիոլոգիական տեսության հիմքում ընկած է մարդկության բնական,
նախնական կացության վերաբերյալ ունեցած պատկերացումները, երբ մարդը ապրում
էր հավաքչությամբ և որսորդությամբ, չկար ոչ հասարակություն, ոչ քաղաքական
կազմակերպություն, ոչ էլ մասնավոր սեփականություն: Նմանատիպ գաղափարները
Ռուսոն արտահայտել է իր «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության
ծագման և հիմքերի մասին» (1755) աշխատությունում, որը յուրահատուկ վերլուծություն
է բնական ու ֆիզիկական, բարոյական ու քաղաքական անհավասարության մասին:
Աշխատությունը ոչ միայն հեղինակի դատողություններն է, այլ ավելի շատ նման է
պատմական հեքիաթի, որտեղ նկարագրվում է նախնադարյան մարդու կյանքի
պատկերը: Ռուսսոյի պատկերացմամաբ նախնադարյան մարդիկ ապրում էին
հավասար` «առանց օգնության ու աշխատանքի», քանի որ անհրաժեշտ ամեն ինչ
վերցնում էին բնությունից: Նրանց հավասարությունը հիմնված էր այն ամենի հերքման
վրա, ինչը կարող էր առաջացնել անհավասարություն: Ըստ հեղինակի այս մարդիկ
երջանիկ էին, քանի որ ոչնչի կարիք չունեին: Նրանք անմեղ էին, որովհետև չէին զգում
կիրք ու ցանկություն, չէին օգնում և չէին խանգարում միմյանց: Այստեղ Ռուսսոն
հակադրվում է Թ. Հոբսին, քանի որ վերջինս կարծիքով այդ հասարակության մեջ բոլորը
պատերազմում էին բոլորի դեմ: Մինչդեռ Ռուսոն իդեալականացնում է մարդկության
անցյալը, համարելով այն «բնական վիճակ», ուր չկար սոցիալական ճնշում,
աղքատություն ու անհավասարություն: Այս դեպքում առաքինությունն ու
երջանկությունը անբաժանելի էին, սակայն դրանք անհայտացան հավասարության
վերացմանը զուգահեռ: Այնուհետև հեղինակը փորձում է բացահայտել
անհավասարության առաջացման պատճառներն ու հիմքերը: Անդրադառնալով
մարդկության առաջընթացի գաղափարին` համարում է դա անխուսափելի` այսինքն
մարդը հավաքչությունից ու որսորդությունից աստիճանաբար անցնում է զարգացման
ավելի բարձր աստիճանի` ընդհուպ հողագործությանը, որն էլ ըստ նրա քաղաքակրթեց
մարդուն` միաժամանակ հանդիսանալով մեծ չարիքի հիմքը: Ի վերջո Ռուսսոն հանգում
է այն մտքին, որ անհավասարության հիմնական չարիքը մասնավոր սեփականությունն
է: Նա այսպես է բացատրում. «Առաջինը, ով հանդգնեց ցանկապատել մի հողակտոր`
ասելով, որ դա իմն է», ում Ռուսսոն համարում էր խաբեբա, «և գտնվեցին մարդիկ, ովքեր
հավատացին դրան ստեղծվեց քաղաքացիական հասարակություն»: Այսինքն այսպես
հաստատվեց մասնավոր սեփականությունը, որն էլ հանդիսացավ մարդկության չարիքը:
Հասարակությունը բաժանվեց երկու խավերի` ունևորների և չունևորների, առաջինները
իրենց շահերը պաշտպանելու համար ստեղծում են օրենքներ և հասարակական
իշխանություն: Այնուամենայնիվ Ռուսսոն չէր մտածում վերացնել մասնավոր
սեփականությունը, այլ առաջարկում էր այն փոխարինել մանր բուրժուական
սեփականությամբ:
Ռուսսոն դարձավ պետության ծագման պայմանագրային տեսության
հիմնադիրներից մեկը, որն էլ ներկայացրել է «Հասարակական դաշինք» (1762)
աշխատությունում: Ռուսսոն պետության ծագումն ու ձևավորումը դիտում է որպես
գիտակցված քայլ` այսինքն մարդկանց միջև նախապես կնքվել է դաշինք, արդյունքում
մարդիկ ինքնակամ իրավունք են վերապահել հասարակության որոշ անդամների
ղեկավարել հասարակությանը: Սակայն նրանք չեն հրաժարվել իրենց բնական
իրավունքներից, հետևաբար լուսավորիչի կարծիքով ժողովուրդը իրավունք ունի
մասնակցելու պետության կառավարմանը: Այս հարցում ևս Ռուսսոյի ու Հոբսի
տեսակետները հակադրվում են: Վերջինիս կարծիքով հասարակական
դաշինքով ձևավորվում է բացարձակ միապետություն, երբ Ռուսսոն պաշտպանում էր
բուրժուա-դեմոկրատական իրավունքների վրա հենված պետության գաղափարը: Ըստ
Ռուսսոյի մարդը ծնվում է ազատ, սակայն հետագայում առաջանում են տարբեր
կապանքներ, արդյունքում մեկը կարող է իրեն համարել մյուսների տերը: Նման
դեպքերում պետությունը հանդես է գալիս օրենսդիր նախաձեռնությամբ` այսինքն,
ստեղծում է օրենքներ, որոնք իրականում վավերացված ակտեր են և կիրառվում են
ժողովրդին կառավարելու կամ զսպելու համար: Այստեղ Ռուսսոն հանգում է այն
գաղափարին, որ օրենսդիր իշխանությունը պետք է պատկանի միայն ժողովրդին:
Ռուսսոն առաջ է քաշում պետության ծագման բնական դրույթը, որն էլ հիմնված է
հասարակական դաշինքի սկզբունքի վրա: Ըստ նրա, պետական կառավարման
ցանկացած համակարգ պետք է բաժանել երկու մասի` նախ այն պետք է լինի ինքնիշխան
(ենթադրում էր, որ պետության կառավարմանը պետք է մասնակցեր ողջ բնակչությունը,
ներառյալ կանայք) և ներկայացնի ողջ ժողովրդի կամքը: Երկրորդ` կառավարությունը
պետք է լինի ինքնիշխան: Այս բաժանումը պետք է հստակ կատարվի, որպեսզի հստակ
սահմանվի կառավարության լիազորությունները, իսկ եթե այն չարաշահի իր
լիազորությունները, ապա ժողովուրդը կարող է դադարեցնել նրա լիազորությունները:
Ռուսսոն փորձել է ուսումնասիրել մարդկային հասարակության զարգացման
պատմությունը, կարողացել է ցույց տալ, որ այդ ընթացքում կատարվել են խորը
փոփոխություններ, որ քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կատարելագործվել
են հողագործությունը, արդյունաբերությունը, գիտությունը, արվեստը, միաժամանակ
դրանց զուգահեռ զարգացել ու խորացել է հասարակության անհավասարությունը:
Այսինքն Ռուսսոն հասարակության քաղաքակրթական առաջընթացը այնքան էլ դրական
չէր գնահատում, ավելին, առաջ էր քաշում այն միտքը, որ քաղաքակրթությունն ու
առաջադիմությունը մարդկությանն ավելի է հեռացնում բնությունից: Հասարակական
կյանքի զարգացումը Ռուսոն համեմատում է ամեն մի կենդանի օրգանիզմի զարգացման
հետ՝ անցում մանկությունից դեպի հասունություն, ապա դեպի ծերություն և զարգացման
այս գործընթացը անշրջելի է: «Հասարակական դաշինքը» Եվրոպայում ոգեշնչեց ինչպես
քաղաքական բարեփոխումներ իրականացնել, այնպես էլ նպաստեց հեղափոխական
գաղափարների վերելքին, հատկապես Ֆրանսիայում:
Ռուսսոյի հայտնի աշխատություններից է «Յուլիյան կամ Նոր Էլոիզան» (1761):
Հեղինակը ներկայացրել է մի գեղեցիկ պատմություն` հերոսուհու ողբերգական
ճակատագրով: Վեպն ունի նամակագրական բնույթ և շարադրված է նուրբ ոճով: Այն
բաղկացած է 163 նամակներից և վերջաբանից: 18-րդ դարում այս ոճը այնքան էլ
տարածված չէր, ուստի նրա նկատմամբ ծավալվեց մեծ հետաքրքրություն: Այս
աշխատությունում ևս ներկայացված է Ռուսսոյի իմաստասիրական գաղափարները,
մասնավորապես հասարակության մեջ բարոյական արժեքների դերի ու իսկության
վերաբերյալ: Այսինքն` շատ բարոյական արժեքներ մեզ պարտադրում է
հասարակությունը, եթե մենք լսենք մեր «գաղտնի սկզբունքներին», որը ինքնության
բաղկացուցիչ մասն է, ապա այդ ճանապարհը մեզ կտանի ոչնչացման: Ռուսսոն իր
մանկավարժական հայացքները, հատկապես դաստիարակությաան վերաբերյալ
ներկայացրել է «Էմիլ կամ Դաստիարակության մասին» (1762) աշխատության մեջ:
Հեղինակն այս աշխատության մասին ասել է, որ այն իր գրածներից լավագույնն է ու
ամենակարևորը: Շարադրանքը բաղկացած է հինգ գրքերից: Առաջին երեք գրքերը
նվիրված են Էմիլ անունով երեխայի մանկությանը, չորրորդում ներկայացված է նրա
դեռահասության շրջանը, իսկ հինգերորդը նվիրված է Էմիլի կրթությանը (Ռուսսոն
կողմնակից էր նաև կանանց կրթությանը), ինչպես նաև ընտանեկան ու քաղաքացիական
կյանքին: Այս աշխատության մեջ հեղինակն ամփոփել է կրթության և
դաստիարակության վերաբերյալ իր մտքերն ու մոտեցումները: Ընդհանուր առմամբ
Ռուսոն իր հայացքներով ու աշխատություններով մեծ ազդեցություն է ունեցել
համաշխարհային պատմա-իմաստասիրական մտքի զարգացման վրա:
Ֆրանսիական լուսավորականության պատմության մեջ հատուկ տեղ են գրավում
ֆիզոկրատները: Նրանք կարող են հպարտանալ, որ իրենց գաղափարները հասանելի
դարձան կառավարող շրջանակների համար, անգամ կարողացան հասնել իշխանության:
Ֆիզոկրատիան (ֆրանսերեն` physiocrates, որն իր հերթին առաջացել է հունարեն φύσις-
բնություն և κράτος-ուժ, իշխանություն, կառավարում բառերից` այսինքն, «բնության
կառավարում») 18-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական տնտեսագետների դպրոց էր
կամ ուղղություն: Այն հիմնադրվել է մոտավորապես 1750 թ. Ֆրանսուա Քենեի կողմից:
Դպրոցին «ֆիզոկրատներ» անվանումը տվել է ֆրանսիացի տնտեսագետ ու քաղաքական
գործիչ Դյուպոն դե Նեմուրը (1739-1817)` ելնելով այն մտքից, որ ուղղությունը
արտադրության միակ բնական ինքնուրույն գործոնը համարում էր հողը և բնությունը:
Միաժամանակ անվանումը կարելի է կապել այն մտքի հետ, որ դպրոցի
ներկայացուցիչները «բնական կարգերի» կողմնակիցներն էին, հատկապես
հասարակության տնտեսական կյանքում: Այս միտքն իր հերթին խարսխվում էր բնական
իրավունքի կամ բնական օրենքի բանականության տեսության վրա, որը լայնորեն
տարածված էր 18-րդ դարի իմաստասիրության մեջ: Նշենք, որ ֆիզոկրատներ տերմինը
օգտագործել են միայն 19-րդ դարում, Քենեն ու նրա աշակերտներն իրենց անվանում էին
«տնտեսագետներ», իսկ իրենց ուսմունքը` «քաղաքական տնտեսություն»:
Ֆիզոկրատները կողմնակից էին լուսավորյալ միահեծանությանը, անգամ Քենեն իր
տնտեսական համակարգի իրականացման համար անհրաժեշտ պայման էր համարում
միասնական ու ուժեղ իշխանության առկայությունը, որը համընդհանուր
բարեկեցության ապահովման սահմաններում կպաշտպաներ նաև մասնավոր անձանց
հետաքրքրությունները: Ֆիզոկրատները դեմ էին մերկանտերիզմի քաղաքականությանը,
որը միակողմանիորեն հովանավորում է առևտուրն ու արտադրությունը: Սակայն
ֆիզոկրատները հանդես եկան Ա. Սմիթի տեսության դեմ` նրանք առևտրին ու
արդյունաբերությանը հակառակ առաջ քաշեցին, որպես միակ զբաղմունք
գյուղատնտեսությունը: Վերջինս ապահովում է բարձր եկամուտներ, հետևաբար միակ
արդյունավետ բնագավառն է: Այսինքն, ֆիզոկրատների տեսությամբ հողը համարվում էր
արտադրության միակ գործոնը, այն դեպքում, երբ Սմիթը դրան ավելացնում էր ևս
երկուսը` աշխատանքը և կապիտալը: Այս երկու հասկացությունները հետագայում
քաղաքատնտեսության զարգացման գործում կարևոր դեր են խաղում: Վերջին մոտեցման
հետ կապված` ֆիզոկրատներին ավելի շատ կարող ենք համարել քաղաքատնտեսության
նախորդներ, քան հիմնադիրներ: Մյուս կողմից, ֆիզոկրատների գաղափարներն ու
դրույթները իրենց ազդեցությունը թողեցին ֆրանսիական հեղափոխության վրա:
Ֆիզոկրատների դպրոցի հիմնադիրը և հայտնի ներկայացուցիչն էր տնտեսագետ
Ֆրանսուա Քենեն (1694-1774): Հողագործի որդի է եղել, միայն 12 տարեկանում է սկսել
գրել ու կարդալ: 17 տարեկանում տեղափոխվում է Փարիզ, սկսում է աշխատել և
զուգահեռ կրթություն ստանալ: 1710 թ. սկսում է ուսումնասիրել բժշկություն, 1718 թ.
ստանում է դոկտորի աստիճան և դառնում Մանտ քաղաքի հիվանդանոցի գլխավոր
բժիշկը: 1737 թ. Քենեն ստանում է պրոֆեսորի կոչում և դառնում է Վիրաբուժական
ակադեմիայի քարտուղարը: Այստեղից էլ մուտք է ունենում պալատ` 1752 թ. դառնալով
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդի վիրաբույժներից մեկը: Քենեն ստեղծեց իր
խմբակը, որտեղ հաճախում էին տարբեր մարդիկ, ինչպես լուսավորիչներ, այնպես էլ
ազնվականներ:
Քենեն տնտեսագիտությամբ սկսել է զբաղվել հասուն տարիքում: Այս
բնագավառում նրա առաջին հոդվածները հրատարակվել են Հանրագիտարանում` 1776
թ. «Ֆերմերներ» և «Հացահատիկ» թեմաներով: Այնուհետև Քենեն հետաքրքիր
դիտարկումներ է կատարել պետության, օրենքերի և տնտեսության վերաբերյալ: Ըստ
նրա, աշխարհում գերիշխում են օրենքներ, որոնք Աստծո կողմից ստեղծվել են մարդկանց
բարօրության համար, սակայն իրական կյանքը երբեմն չի ենթարկվում բնական կարգի
սկզբունքներին: Քենեն նշում է, որ մարդկանց միջև անհավասարությունը գալիս է
բնությունից: Պետության ղեկավարումը Քենեն հանձնում է անսահմանափակ
իշխանություն ունեցող միապետին: Նրա համոզմամբ միայն վերջինս կարող է
հաստատել ու պահպանել կարգուկանոնը` հենվելով ազատ բանական իրավունքների
վրա: Միայն բացարձակ միապետը իշխանությունը չի օգտագործի իր
հետաքրքրությունների համար և բնակչությանը կապահովվի բնական իրավունքներով`
հանդես գալով որպես բարձրագույն քուրմ: Քենեն հասարակությունը բաժանում էր երեք
դասերի` հողագործների, անպտուղների, սեփականատերերի: Քենեի բոլոր
դատողություններում մաքուր եկամուտի ապահովման միակ աղբյուրը հողն է: Քենեն
առավել հայտնի է «Տնտեսական աղյուսակ» (1758) աշխատությամբ: Այստեղ Քենեն
առաջին անգամ փորձել է ամբողջությամբ նկարագրել հասարակական
վերարտադրության փուլերը: Այս աշխատության մեջ հեղինակը հասարակության
տնտեսությունը բաժանում է երեք տարբեր խմբերի, որը համապատասխանում է վերևում
նկարագրված դասերին:
Ֆիզոկրատների դպրոցի մյուս հայտնի ներկայացուցիչը տնտեսագետ և պետական
գործիչ Անն Ռոբեր Ժակ Թյուրգոն (1727-1781) էր: Նա պատմության մեջ մտել է որպես
տնտեսական լիբերալիզմի հիմնադիրներից մեկը: Տյուրգոն արմատներով
Նորմանդիայից էր, նրա պապն ու հայրը ևս պետական գործիչներ էին եղել: Թյուրգոն
հանդես է գալիս քաղաքական աշխարհագրության և համաշխարհային պատմության
մասին իր մտորումներով, որոնք շարադրված են «Քաղաքական աշխարհագրություն»
(1750) և «Դատողություններ համաշխարհային պատմության մասին» (անավարտ, 1751)
աշխատություններում: Հեղինակը հետևողականորեն լուսաբանում է պատմական
գործընթացի զարգացումը, հատկապես անդրադառնալով պատմության առաջընթացի
տեսության հարցերին։ Համաշխարհային պատմության մեջ առաջընթացը համարում էր
ընդհանուր օրենք, որի գործողությունները ընդգրկում են մարդկային կենցաղի բոլոր
բնագավառները՝ բանականության զարգացում, գիտության, արվեստի ազատության,
ստեղծագործական ակտիվության բարձրացում, հասարակական կառույցների
ձևավորում, կյանքի անհրաժեշտ միջոցների հայթհայթում, ուստի լուսավորիչը
առաջընթացի մեջ ընդհատում չէր տեսնում: Նա ստեղծեց հասարակության
առաջընթացի ինքնատիպ համակարգ, նշելով աստիճանական անցում մի փուլից մյուսը,
որի ընթացքում ավելի է ընդգծվում դասակարգային անհավասարությունը։ Թյուրգոն
առանձնացնում էր հասարակության զարգացման երեք փուլեր`հավաքչականությունից
ու որսորդությունից դեպի անասնապահություն, ապա՝ հողագործություն: Թյուրգոն
հասարակության զարգացումը համարում է առաջընթաց երևույթ, օրինաչափ շարժում,
որը ստորինից հասնում է բարձրագույնի, հետևաբար առաջընթացը անվերջանալի ու
անընդհատ շարժում է: Նա մյուս լուսավորիչների նման մարդկային բանականության
հաջողությունների հարցում կարևորեց լուսավորության պատմական առաջընթացի
գլխավոր ուժ լինելը և բոլորը հետևում են բանականության շարժմանը, որն էլ
հանդիսանում է նրա վերջնական եզրակացությունը։ Թյուրգոն քննարկել է նաև
կրոնական հանդուրժողականության գաղափարներ` դրանք ներկայացնելով
«Նամակներ հանդուրժողականության մասին» (1753) աշխատության մեջ: Հեղինակը
այստեղ քննարկում է կրոնական հարցեր` անդրադառնալով նաև հոգևորականությանը:
Թյուրգոն իր տնտեսական գաղափարները գործնականում փորձեց իրականացնել,
երբ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը` 1774-1776 թթ.: Այս տարիներին
նա Ֆրանսիայում փորձում էր կառուցել լիբերալ տնտեսություն: Նա հրամանագրերով
փորձում էր կարգավորել առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության
բնագավառները` հենվելով ազատության սկզբունքի վրա: Մի շարք օրենքներ ընդունեց
մոնոպոլիաների դեմ, մասնավորապես հացի մոնոպալիայի` հաստատելով
հացահատիկի ներքին ու արտաքին առևտրի ազատություն: Ֆրանսիայի տարածքում
կարգավորեց մաքսային հարցերը: Թյուրգոն օրենքով հռչակեց գինու առևտրի
լիակատար ազատություն, որը ոչ բոլոր նահանգնեը իրականացրեցին: Արտադրության
բնագավառում նույնպես բարեփոխումներ կատարվեցին, որի նպատակն էր ցեխային
համակարգից անցնել ֆաբրիկագործարանային համակարգին: Անգամ նա նշում էր, որ
բանվորներին է պատկանում աշխատելու իրավունքը: Վերոնշյալ ծրագրերի ու
բարեփոխումների իրականցումը կնպաստեր Ֆրանսիայի տնտեսական բնագավառի
համընդհանուր զարգացմանը: Սակայն պետք է նշել, որ Թյուրգոյի դեմ ձևավորվեց լայն
ընդդիմություն. Նրան դեմ էին ազնվականներն ու մոնոպոլիստները, անգամ
հոգևորականությունը: Արդյունքում Թյուրգոն հեռացվեց պաշտոնից, նրա բոլոր
բարեփոխումները չեղյալ հայտարարվեցին, իսկ Ֆրանսիան հայտնվեց ֆինանսա-
տնտեսական խոր ճգնաժամի մեջ:
Հեղափոխության տարիներին պատմության նկատմամբ հետաքրքրությունը
որոշակի անկում ապրեց, փակվեցին պատմության հարցերով զբաղվող մի շարք
հաստատություններ, հատկապես Ակադեմիան ու որոշ համալսարաններ, ընդհատվեցին
հին փաստաթղթերի անցյալում սկսված հրապարակումները: Սակայն այդ վիճակը
երկար չտևեց, քանի որ շուտով պատմության նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ:
Կոնվենտի կողմից ընդունված կրթության վերաբերյալ որոշումներում վճռական տեղ
հատկացվեց պատմության դասավանդմանը, մասնավորապես նոր հիմնադրված
Մանկավարժական դպրոցում տեղ հատկացվեց մանկավարժ-
պատմաբանի մասնագիտությանը: Կոնվենտի մեկ այլ որոշմամբ նախկին ակադեմիայի
փոխարեն ստեղծվեց Արվեստների ֆրանսիական ինստիտուտը, որը գործում է մինչև օրս:
Նրա մեջ ընդգրկվեցին բարոյականության ու քաղաքական գիտությունների բաժինները`
ներառյալ պատմագիտությունը: Այնուհետև հատուկ ուշադրություն ցուցաբերվեց
Ազգային արխիվի նկատմամբ և Կոնվենտի որոշմամբ թույլատրվեց այնտեղ
ուսումնասիրություններ կատարել:
Հեղափոխությունը պատմաբանների առջև մի շարք խնդիրներ դրեց, հատկապես
ուսումնասիրելու և բացահայտելու հեղափոխության պատճառները, արդյունքները,
պատմական դերն ու նշանակությունը: Հեղափոխության գաղափարական հիմքը
նախապատրաստեցին լուսավորիչները, որոնց երազանքն էր բազմաշերտ ու
բազմաբովանդակ բարեփոխումների իրականացումը: Հեղափոխության տարիներին
լուսավորիչները շարունակում էին ակտիվորեն զբաղվել պատմության հարցերով:
Նրանց կարծիքով հեղափոխությունը հասնելու էր բանականության, մարդու բնական ու
անքակտելի իրավունքների ու ազատությունների հաղթանակին: Իսկապես,
Ֆրանսիական հեղափոխությունը առաջադրեց նոր գաղափարներ, նոր հայեցակարգեր,
նոր մոտեցումներ հասարակության պատմության իմացության ու լուսաբանման համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Историография истории нового времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М.,1990, էջ 35-78.
2. Длугач Т.Б. Подвиг здравого смысла (Гольбах, Руссо, Гелвеций), М., 1995, էջ 56-
134.
3. Занин С. В. Общественный идеал Жан-Жака Руссо и французское Просвещение
XVIII века . — СПб.: Мiръ, 2007, էջ 23-97.

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Հ. Կոնջորյան, Է. Բըրքի ընկերաբանության բարոյագիտական և հոգեբանական
հիմնադրույթները, Պատմության հարցեր, Տարեգիրք 2, Եր., 2013, էջ 112-122:
2. Асмус В. Ф. Жан Жак Руссо. — М.: Знание, 1962
3. Занин С. В. Общественный идеал Жан-Жака Руссо и французское Просвещение
XVIII века . — СПб.: Мiръ, 2007.
4. Кузнецов В. Н. Франсуа Мари Вольтер. — М.: Мысль, 1978.
5. Edward Gibbon, The History of the Decline and Fall of the Roman Empire, 12 vols., Ed.
J. B. Bury with an Introduction by W. E. H. Lecky, New York, 1906,
http://oll.libertyfund.org/index.php?option=com_staticxt&staticfile=show.php%3Ftitle=1
681&Itemid=27
ԹԵՄԱհմ. 5. Լուսավորական պատմագիտական միտքը Գերմանիայում

Լուսավորական պատմագիտական միտքը Գերմանիայում


Լուսավորականության գաղափարախոսությունն ու շարժումը տարածվեց նաև
Գերմանիայում, որն այստեղ հանդես եկավ որպես մի բարդ ու հակասական երևույթ: 18-
րդ դարում Գերմանիան մասնատված էր մի շարք մեծ ու փոքր պետությունների, որոնք
գտնվում էին սոցիալ-քաղաքական և տնտեսական զարգացման տարբեր մակարդակի
վրա, տարբեր էին նաև քաղաքական ու կրոնական հարաբերությունները: Ուստի
տարբեր տարածքներում լուսավարական շարժումը տարբեր չափեր ընդունեց` այսպես,
եթե մի տիրակալ թույլատրում էր ազատախոհության տարածումը, ապա մյուսը
արգելում էր և այսպես շարունակ: Գերմանական լուսավորությունն իր արմատներով
հասնում էր մինչև Ռեֆորմացիան, դա էր պատճառը, որ երբեմն այն անվանում էին
«աշխարհիկ աստվածաբանություն»` այսինքն, կրոնական գունավորումը գերմանական
լուսավորության առանձնահատկություններից էր: Բողոքական հյուսիսի և կաթոլիկ
հարավի միջև զարգացման տարբերությունները իրենց յուրահատուկ ազդեցությունը
թողեցին գերմանական լուսավորության վրա: Գերմանական հողերում, հատկապես
բողաքականների, լուսավորության գաղափարները սկսեցին լայնորեն տարածվել 60-
ական թթ., իսկ կաթոլիկական` ավելի ուշ: Լուսավորական շարժման տարածման համար
մեծ դեր խաղացին համալսարանները, սակայն գլխավոր առաջնորդի դերում հանդես
եկավ լյութերական եկեղեցին: Նոր գաղափարների տարածումը նպաստեց մշակութային
կյանքի աշխուժացմանը: Նման գաղափարներով հասարակական կյանքի
կարգավորումը ինքնստինքյան փորձ էր հավասարակշռելու Գերմանիայի քաղաքական
մասնատվածությունը: Արդեն 18-րդ դարում Գերմանիայում տարածվեցին և զարգացան
մշակութային ու կրթական տարբեր հաստատություններ` օրինակ, միայն Սրբազան
հռոմեական կայսրության տարածքում (որը չէր համընկնում միայն գերմանական
էթնոսով բնակեցված տարածքների հետ) հաշվվում էր 37 համալսարան, այդ թվում երեքը
Սաքսոնիայում, որն ուներ ընդամենը 2 մլն բնակչություն: Գերմանական միապետների
հպարտությունն էր այն, որ նրանց պալատներում կային կոմպոզիտորներ, երաժիշտներ,
դերասաններ, նկարիչներ: Օրինակ սաքսոնական պալատում կար ֆրանսիական խոռ,
բալետ և թատրոն: Չենք կարող անտեսել Գերմանիայում ֆրանսիական մշակույթի
ազդեցությունը, որն էլ իր հերթին մեծ դեր խաղաց ֆրանսիական լուսավորության
գաղափարների տարածման համար: Գերմանական լուսավորության
առանձնահատկություններից է նաև, որ այն ուղղորդվել է այսպես կոչված «վերևից»՝
օրինակ, Պրուսիայում նոր գաղափարների դիրքերից հանդես եկավ ինքը Ֆրիդրիխ Մեծը:
Գերմանիայում առաջին լուսավորիչները հանդես եկան 17-րդ դարի վերջին` ի
դեմս Ս. Փուֆենդորֆի, Գ. Լայբնիցի, Ք. Թոմազյոսի և Ք. Վոլֆի: Այս գործիչները ստացել
էին փայլուն կրթություն և համարվում էին բազմակողմանի զարգացած անհատներ:
Նրանք իրենց իմաստասիրական ծրագրերը ներկայացնում էին Դեկարդի
բանականության ոգով, մեծ տեղ էին հատկացնում բնական իրավունքի տեսությանը:
Նրանք իրենց աշխատությունները գրել են ինչպես լատիներենով, այնպես էլ
գերմաներենով:
Գերմանիայում լուսավորական շարժման առաջին ներկայացուցիչներից էր
պատմաբան, իրավաբան, միջազգայնագետ, իմաստասեր, տնտեսագետ և քաղաքական
գործիչ Սամուել վոն Փուֆենդորֆը (1632-1694), ում երբեմն անվանում են գերմանական
լուսավորության պիոներ: Եղել է լյութերական քահանայի որդի, սովորել է Լայպցիգի
համալսարանում` սկզբում ուսումնասիրել է աստվածաբանություն, այնուհետև
միջազգային իրավունք: Նշված ժամանակաշրջանում Գերմանիայում արդիական էր
միջազգային իրավունքը` կապված կայսեր և գերմանական մյուս թագավորությունների
և իշխանությունների միջև տարաձայնությունները հարթելու և իշխանությունը կիսելու
հետ: Փուֆենդորֆի դերը մեծ է եղել բնական իրավունքի ուսմունքի համակարգման և
տարածման գործում, ինչի արդյունքում Գերմանիայում լուսավորիչների ուշադրությունը
ավելի շատ կենտրոնանում է պետության և իրավունքին վերաբերվող հարցերի վրա:
Միաժամանակ նա համարվում է Գերմանիայում աշխարհիկ իրավաբանական
գիտության հիմնադիրներից մեկը: Ըստ Փուֆենդորֆի օրենքը կամ իրավունքը պետք է
համապատասխանի բանականության օրենքներին` անկախ կրոնական դոգմաներից ու
անգամ գործող օրենսդրություններից: Լուսավորիչի բնութագրմամբ բնական վիճակը
ենթադրում է անհատի ազատությունն ու անկախությունը: Դրանք բնությունից եսասեր
են, սակայն հենց եսասիրությունն է մարդկանց մեջ ծնում հանուն անվտանգության ու
շահի միավորվելու ցանկությունը: Արդյունքում առաջանում է քաղաքական
ամբողջություն և պետություն: Գերմանիայում Փուֆենդորֆը պետության
պայմանագրային ծագման տեսության առաջին կրողներից էր: Մյուս կողմից, հեղինակի
կարծիքով, պետության զարգացմանը զուգահեռ բնական ազատությունները
աստիճանաբար կորսվում են, փոխարենը պետությունը իրավունք է ստանում
բնակչության նկատմամբ բռնություն կիրառել` իրենց իսկ շահերի համար: Հեղինակը
կողմնակից էր բացարձակ միապետությանը, գերադասում էր, որպես բարձրագույն
իշխանության կրողի, տեսնել անսահմանափակ միապետին: Վերջինիս պետք է
պատկաներ կյանքի ու մահվան իրավունքը: Այս ամենին հեղինակը անդրադարձել է
«Մարդու և քաղաքացու պարտականությունների մասին» (1673) աշխատության մեջ: 1670
թ. շվեդական թագավոր Կառլ 11-րդը Փուֆենդորֆին հրավիրում է իր կողմից
հիմնադրված Լունդեի համալսարանի միջազգային իրավունքնի ամբիոնը: Փուֆենդորֆի
հռչակը տարածվում է ողջ Եվրոպայով` նրա կարդացած դասախոսությունների շնորհիվ:
Մի քանի տարի անց շվեդական թագավորը նրան հրավիրում է Ստոկհոլմ` նշանակելով
իր պատմիչ և խորհրդականներից մեկը: Այս տարիներին լուսավորիչը հրատարակում է
իր աշխատությունների հիմնական մասը, որոնց մեջ կարևոր տեղ է գրավում «Բնության
և ժողովուրդների օրենքները» (1672) աշխատությունը, որը նրա մահից հետո
թարգմանվում է ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն:
17-րդ դարի վերջի 18-րդ դարի սկզբի գերմանացի հայտնի լուսավորիչ էր
պատմաբան, իմաստասեր, մաթեմատիկ, դիվանագետ և լեզվաբան Գոտֆրիդ Վիլհելմ
Լայբնիցը (1646-1716): Նա գերմանացի այն մտածողն էր, ով տվյալ ժամանակաշրջանում
գրեց գերմաներեն: Լեյբնիցը 1700 թ. հիմնադրում է Բեռլինի գիտությունների ակադեմիան
և դառնում նրա առաջին նախագահը: Ծնվել է Լեյպցիգի համալսարանի բարոյական
իմաստասիրության պրոֆեսոր Ֆրիդրիխ Լեյբնիցի ընտանիքում: Յոթ տարեկանում
կորցնում է հորը` նրանից ժառանգելով խոշոր գրադարան, որի հիման վրա նա
զարգացնում ու խորացնում է իր գիտելիքները: Սկզբում սովորել է Լեյպցիգի Սուրբ Ֆոմա
դպրոցում, այնուհետև 14 տարեկանում ընդունվել է Լեյպցիգի համալսարան: Լեյբնիցը
երկու տարի անց տեղափոխվում է Յենի համալսարան: 1663 թ. նա հրատարակում է իր
առաջին աշխատությունը «Անհատականության սկզբունքների մասին» խորագրով,
որտեղ նա պաշտպանում էր իրական անհատականության նոմինալիստական ուսմունքը
և ստանում է բակալավրի աստիճան, ավելի ուշ իրավունքի բնագավառում ստանում է
դոկտորի աստիճան: Լեյբնիցը հայտնի է իր գիտական ձեռքբերումնեով ու պատմա-
իմաստասիրական հայացքներով: Այսպես` նա մի շարք բացահայտումների է կատարել
ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի բնագավառներում: Նա Նյուտոնից անկախ
ստեղծել է մաթեմատիկական դիֆերենցիալ և ինտեգրալ համակարգերը` հիմնված
անսահմանափակ փոքր մասնիկների վրա: Միաժամանակ դրել է մաթեմատիկական
տրամաբանությանը հիմքը: Նկարագրել է թվերի երկուական համակարգը` զրո և մեկ,
որի հիման վրա էլ կառուցվել է ժամանակակից համակարգչային տեխնիկան:
Մեխանիկայի մեջ ներմուծել է «կենդանի ուժի» (ինչը ժամանակակից կինետիկական
էներգիայի նախատիպն էր) հասկացությունը և ձևակերպել է էներգիայի պահպանման
օրենքը: Մշակել է նաև վերլուծության և սինթեզի ուսմունքները: Սակայն մեզ համար
առավել կարևոր են Լեյբնիցի իմաստասիրական և պատմական գաղափարները:
Լեյբնիցը իր իմաստասիրական հայացքներով փակում է 17-րդ դարը,
միաժամանակ հանդիսանալով գերմանական դասական իմաստասիրության
նախահայրը: Նրա իմաստասիրությունը սկսվում է անտիկ և նոր աշխարհայացքների
սինթեզման փորձով: Լեյբնիցը անհրաժեշտ էր համարում պլատոնականության և
արիստոտելականության օգտագործումը, սակայն առավել մեծ հետաքրքրություն է
ցուցաբերել չինական իմաստասիրության հանդեպ: Իմաստասերը մերժել է
ճշմարտության չափանիշների դեկարտյան սկզբունքը, որն իրենից ներկայացնում էր
գաղափարների պարզություն և հստակություն: Նա նման մոտեցումը համարել է ավելի
շատ հոգեբանական, ուստի սուբյեկտիվ: Նրա կարծիքով ոչ թե սուբյեկտիվ, այլ
տրամաբանական ապացույցներն են ապահովում գիտելիքի օբյեկտիվությունն ու
ճշմարտացիությունը, այսինքն՝ ճշմարիտ դատողությունների հիմքում դնում էր
հասարակ տրամաբանությունը: Լեյբնիցը անդրադարձել է նաև հոգուն վերաբերող
հարցերին, ինչպես նաև քննարկել է աստծո բարության և չարի գոյության
փիլիսոփայական հարցերը:
Լեյբնիցի պատմական մտորումները առնչվում են ռուսներին: Նա առաջինը
անդրադարձավ ռուսական իշխող դինաստիային, որն իր հերթին կապվում էր հին
ռուսական պետության ձևավորման հետ: Նա սկսեց ուսումնասիրել ռուսների
ծագումնաբանական խնդիրները` առաջին հերթին հետաքրքրվելով ռուսական
ցարական անունների արմատներով և հասկացավ, որ դրանք գնում են խոր անցյալ: Այս
շրջանում ռուսների ծագումը կապում էին Ռյուրիկի հետ, ուստի նմանատիպ
խնդիրներին անդրադարձավ նաև լուսավորիչը: Լեյբնիցը սկսեց հավաքել նյութեր,
անգամ նրան փաստաթղթեր ու նամակներ էին ուղարկում Ռուսաստանից: Նա մեծ տեղ
հատկացրեց վարյագների ծագման խնդիրներին` հետազոտելով անգամ հունական ու
լատինական հեղինակներին: Լեյբնիցը էթնոգենեզ ասելով հասկանում էր նաև լեզվի
ձևավորման գործընթացը, ուստի նրա մոտ լեզվի զարգացման ծագումնաբանական
սխեման ամբողջությամբ համապատասխանում է էթնիկական զարգացման սխեմային:
Լեյբնիցի անուրանալի ծառայությունը կայանում է նրանում, որ նա գերմանական
պատմագրության մեջ առաջինը ծագումնաբանական հարցերի կողքին ուշադրություն
դարձրեց նաև լեզվաբանական խնդիրներին: Նա հայտնի պատմական աշխատություն չի
թողել: Լայբնիցի քաղաքական և իրավաբանական հայտնի աշխատություններն են
«Տրակտատ իրավունքի մասին» (1667) և «Միջազգային դիվանագիտական իրավունքի
կոդեքսը» (1693):
Գերմանիայում լուսավորությունը հասարակական շարժման վերածվեց Հալլեի և
Մարբուրգի համալսարանների պրոֆեսոր Քրիստիան ֆոն Վոլֆի շնորհիվ (1679-1754):
Վոլֆը հայտնի է որպես իմաստասեր, հանրագիտակ, իրավաբան և մաթեմատիկ: Նա
համարվում է Լայբնիցից հետո մինչև Կանտը ընկած ժամանակաշրջանի ամենահայտնի
իմաստասերը, միաժամանակ հանդիսանալով գերմանական իմաստասիրական լեզի
հիմնադիրը: Հեգելը նրան անվանել է «բոլոր գերմանացիների ուսուցիչ»: Վոլֆը ծնվել է
Բրեսլաոյում` աղքատ ընտանիքում: Յենայի համալսարանում սովորել է մաթեմատիկա,
ֆիզիկա և իմաստասիրություն: 1703 թ. ստացել է Լայպցիգի համալսարանի դոցենտի
աստիճան, որտեղ դասախոսություններ է կարդում մինչև 1706 թ,. երբ նրան Հալլեյի
համալսարանում առաջարկում են մաթեմատիկայի և բնական իմաստասիրության
պրոֆեսորի աստիճան: Շուտով նրան մեղադրում են աթեիստական հայացքների մեջ և
նա ստիպված հեռանում է Պրուսիայից: Դասավանդում է Մարբուրգի համալսարանում
մինչև Ֆրիդրիխ 2-րդը նրան կրկին հրավիրում է Պրուսիա` Հալլեի համալսարան` 1743
թ. մինչև կյանքի վերջ մնալով այդ համալսարանի ռեկտոր:
Վոլֆը 1721 թ. հրատարակում է իր հայտնի «Չինական գործնական
իմաստասիրության մասին» աշխատությունը, որում հեղինակը շատ բարձր է գնահատել
անաղարտությունը, իր բարոյական ցուցումներում և մտորումներում անդրադարձել է
Կոնֆուցիոսին` մատնացույց անելով նրան որպես մարդու, ով սեփական ուժերով է
հասնում բարոյական ճշմարտության: Ընդհանրապես Վոլֆի վրա մեծ է եղել Լայբնիցի
ազդեցությունը: Նրա խոշոր ներդրումն է համարվում Լայբնիցի իմաստասիրության
կենտրոնական բաժինների համակարգումը, բացի այդ Վոլֆի ազդեցությունը նկատվում
է նաև բանականության ավանդույթների վրա: Այս տեսանկյունից նա Գերմանիայում
առաջինն էր, ով ստեղծեց համակարգ, որում ներառնված էր իմաստասիրական
գիտության բոլոր բնագավառները: Նրա կարծիքով հոգևոր կյանքը ամփոփվում է մտքերի
մեջ, իսկ մտածողությունը` հասկացությունների համակարգում, ինչն էլ հենց
բանականությունն է: Նմանատիպ մոտեցումները ներկայացված են լուսավորիչի
աշխատություններում, որոնց հիման վրա էլ ձևավորվել է վոլֆականության
հայեցակարգը: Վոլֆը թողել է իմաստասիրական աշխատություններ` «Խելամիտ մտքեր
Աստծո, աշխարհի և մարդու մասին», «Ողջամիտ մտքեր մարդու հասարակական կյանքի
վերաբերյալ» (1721), «Բնական աստվածաբանություն» (1737) և այլն: Վոլֆը,
միաժամանակ, համարվում է բնական իրավունքի տեսության խոշոր ներկայացուցիչը և
իրավագիտության հայեցակարգի հիմնադիրը: Ըստ նրա իրավագիտության
բարդությունը բխում է այնտեղից, որ կարգուկանոնը բաղկացած է նորմերի փակ
համակարգից: Նա գերմանական իմաստասիրության մեջ հիմք դրեց տարբեր
տերմինների` ինչպիսիք են իմաստը, ուշադրությունը, ինքնին, գիտակցություն, կապ և
այլն: Վոլֆը նույնպես հանդես է եկել կրոնական հանդուրժողականության դիրքերից:
18-րդ դարի 40-60-ական թթ. գերմանական լուսավորությունը ընդունում է լայն
գրական-հրապարակախոսական բնույթ: Արդեն 70-80-ական թթ. լուսավորությունը
ռեֆորմացիոն շարժումից վերածվում է հասարակական շահերը ներկայացնող
ներդաշնակ արժեքների համակարգի, որին զուգահետ զարգանում են մտահայեցողական
գաղափարներն ու գրական հրապարակախոսությունը: Գերմանական լուսավորության
ներկայացուցիչներից էր գրող, իմաստասեր, արվեստի տեսաբան և գրական քննադատ
Գոթհոլդ Էփրահիմ Լեսսինգը (1729-1781): Նա մեծ ազդեցություն է թողել գերմանական
գրականության զարգացման վրա` դառնալով դասական գրականության
հիմնադիրներից: Ծնվել է լյութերական հոգևորականի ընտանիքում, կրթությունը
ստացել է Լայպցիգի համալսարանում: Սկսել է գրել ուսանողական տարիներից և շատ
արագ վաստակել է գրական քննադատի անուն: Հատկապես հանդես է եկել եկեղեցական
դոգմաների քննադատությամբ: Լեսսինգը իր գաղափարների պատճառով ոչ մի տեղ չի
կարողացել երկար աշխատել: Լեսսինգը եղել է մասոն` 1771 թ. նվիրվել է Համբուրգում
գտնվող «Երեք ոսկյա վարդեր» մասոնական օթյակին: Մասոնականության վերաբերյալ
նա թողել է մի հիմնարար աշխատություն «Մասոնական զրույցներ» (1778-1780), որտեղ
սուր քննադատության է ենթարկել գերմանական օթյակը` նշելով, որ այնտեղ բույն են
դրել ժամանակի բոլոր չարիքները: Հեղինակը քննադատել է նաև նեոտամպլիերներին:
Այստեղ Լեսսինգը հանդես է եկել անդասակարգ հասարակության ձևավորման
դիրքերից, ուստի նշել է, որ բուրժուական հարաբերությունները ևս հավիտենական չեն:
Նրա կարծիքով մասոների հիմնական զբաղմունքը պետք է լինի թաքնված
ճշմարտության ազատ որոնման ապահովումը: Լեսսինգը իր իմաստասիրական
հայացքներով հավատարիմ է մնացել լուսավորյալ բանականության սկզբունքներին`
դրանք ավելի խորությամբ կապելով պատմության, բնության և արվեստի հետ: Ըստ նրա
մարդկության պատմությունն իրենից ներկայացնում է մարդկային գիտակցության
զարգացման գործընթացը` մերժելով անխելամիտ երևույթները և ազատվելով բոլոր
հնարավոր դոգմաներից, առաջին հերթին կրոնական: Լեսսինգը մարդու
նշանակությունը տեսնում էր նրա կենդանի գործունեության մեջ: Գոյություն ունեցող
ֆեոդալական կարգերի դեմ պայքարելու համար մարդուն անհրաժեշտ են խոսքի և
կարծիքի ազատություն: Լեսսինգը շատ արագ հասկացավ լուսավորյալ միապետ
Ֆրիդրիխ 2-րդի իսկական ծրագրերը և Պրուսիան բնութագրել է որպես «Եվրոպայի
ամենաստրկատիրական երկիր»: Լեսսինգի գրական ժառանգության մեջ կենտրոնական
տեղը կազմում են էսթետիկական և գրական քննադատությունը: Նա հանդես է եկել
կլասիցիզմի նորմերի դեմ: Լեսսինգի գրական հայտնի աշխատություններից է «Նատան
Իմաստուն» (1778) պիեսը որում քարոզվում էին հանդուրժողականության և մարդկային
գաղափարներ: Հեղինակը պիեսում ներկայացնում է երեք խոշոր կրոնների`
քրիստոնեության, մահմեդականության և հրեականության պայքարը, այնուհետև
հանգում է այն մտքին, որ հնարավոր է հասնել ժողովուրդների միջև հավասարության և
եղբայրության հաստատմանը: Այս պիեսով գերմանական հասարակությունը
հասկանում է , որ հրեաների մեջ էլ կան արժանի մարդիկ: Լեսսինգի մյուս հայտնի
գրական ստեղծագործությունն է «Լաոկոն կամ նկարչության և պոեզիայի սահմանների
մասին» (1766), որտեղ հեղինակը համեմատում է արվեստի երկու ձևերը` նկարչությունն
ու պոեզիան: Այս տեսանկյունից օրինակ է բերում Սադոլետոյի նկարագրմամբ Լաոկոնի
քանդակը, մյուս կողմից` Վերգիլիոսի նկարագրած Լաոկոնը: Լեսսինգը նկարչության
տակ հասկանում էր ընդհանրապես ողջ արվեստը: Լուսավորիչի վերջին ու
ամենահայտնի աշխատությունն էր «Մարդկային ցեղի դաստիարակությունը» (1780),
որտեղ հեղինակը շարադրել է առաջընթացի վերաբերյալ իր գաղափարները: Չնայած սա
պատմագիտական աշխատություն չէ, սակայն հեղինակը անդրադարձել է
պատմությանը հուզող հարցերին և հենց պատմական գիտության մեջ էր տեսնում
հասարակական իմաստնություն պարունակող ուժը: Ըստ նրա առաջընթացը տեղ է
ունենում ոչ թե անհատների մոտ, այլ մարդկային ցեղի, ընդ որում նա առաջընթացը
տեսնում էր նվազագույնից դեպի բարձրագույնին հասնելու մեջ: Այս աշխատության մեջ
հեղինակը անդրադարձել է նաև կրոնական ու դավանաբանական հարցերին:
Լուսավորիչի կարծիքով բոլոր կրոնները առանձին պատմական ժամանակաշրջանների
արդյունք են, հետևաբար դրանք միաժամանակ և ճիշտ են և կեղծ (կեղծ են այն առումով,
որ դրանք ավելի զարգացած դարաշրջանում այլևս չեն համապատասխանում հոգևոր
առաջընթացի մակարդակին): Նա առաջարկում էր քննադատաբար վերաբերվել
կրոնների պատմությանը և չէր փորձում հաշտեցնել գիտությունն ու կրոնը: Լեսսինգը
հասարակության զարգացման շարժիչ գործոններ է համարել աշխարհագրական
միջավայրը ու կլիման: Լուսավորիչի այս աշխատության մեջ ներկայացրել է ողջ
մարդկության զարգացումը` այն բաժանելով երեք փուլերի. Մարդկության մանկության
ժամակաշրջանը համարել է Հին Կտակարանը, երիտասարդությանը՝ Նոր Կտակարանը
և իմաստնության շրջանը` Նոր Ավետարանը, երբ սկսվում է համընդհանուր
լուսավորության ու բարոյական ճշմարտության ժամանակաշրջանը, երբ
բարոյականությունը չի պայմանավորվում Աստծո հանդեպ ունեցած հավատով:
Գերմանիայում լուսավորության գաղափարների զարգացմանը մեծապես
նպաստեց իմաստասեր, գրող, գրական քննադատ և տեսաբան Յոհան Գոտֆրիդ Հերդերը
(1744-1803): Ծնվել է աղքատ ուսուցչի ընտանիքում, ավարտել է Քյոնիգսբերգի
համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: Հայրենի Պրուսիայում զորակոչից
խուսափելու համար տեղափոխվում է Ռիգա, որտեղ դասավանդում է տեղի եկեղեցական
դպրոցում, ավելի ուշ՝ նաև հոգևոր սեմինարիայում: Հերդերը իր գրական
գործունեությունը սկսում է Ռիգայում: Նա 1776 թ. Գյոթեի հորդորներով տեղափոխվում է
Վայմար, որտեղ էլ մնում է մինչև կյանքի վերջը: Հերդերը նախևառաջ մեծ տեղ է
հատկացրել մշակույթի և գրականության ուսումնասիրմանը: Այս առումով նրա մոտ
հանդիպում ենք մի նոր մտքի, որը հետագայում դրվել է նրա բուրժուական մշակույթի
տեսության կենտրոնում, յուրաքանչյուր ժողովուրդ համաշխարհային պատմության
յուրաքանչյուր առաջընթացային ժամանակաշրջանում ունի և պետք է ունենա
գրականություն` շաղախված ազգային ոգով: Հերդերը ապացուցում է, որ
գրականությունը ևս իր վրա կրում է բնական և սոցիալական միջավայրի ազդեցությունը,
այդ թվում կլիմայի, տվյալ ժողովրդի լեզվի, ավանդույթների, մտածողության, գրողի
հայացքներն ու մոտեցումները և ամենակարևորը տվյալ պատմական
ժամանակահատվածի: Ուստի, ըստ հեղինակի, տարբեր ժողովուրդներ ունեն տարբեր
հերոսներ ու ավանդույթներ, որոնք չեն կարող ունենալ մյուսները: Հետագայում
հեղինակը այս մտքերը զարգացնում է «Լեզվի ծագման մասին» (1772) աշխատության մեջ:
Իսկ հեղինակի մեկ այլ «Նույնպես պատմության փիլիսոփայություն» (1774)
աշխատությունը նվիրված է լուսավորիչների ռացիոնալիստական փիլիսոփայության
պատմության քննադատությանը: Ազգային ավանդույթների, սովորույթների և
գրականության վերաբերյալ հեղինակի գաղափարներն ու հայացքները ներկայացված են
«Հին և նոր ժամանակներում ազգերի ավանդույթների վրա պոեզիայի ազդեցության
մասին» (1778), «Հին հրեական պոեզիայի ոգու մասին» (1782-1783) և այլ
աշխատություններում: Հերդերը մեծ ավանդ է ունեցել գերմանական գրականության
զարգացման համար իր «Գերմանական գրականության բեկորներ» (1766-1768) և
«Քննադատական պուրակներ» (1769) ստեղծագործություններով:
Հերդերը իր գաղափարներով երբեմն հակադրվել է լուսավորիչներին, հատկապես
մշակույթին առնչվող խնդիրներում: Այսպես լուսավորիչները կատարյալ էին համարում
անտիկ արվեստագետներին և իրենց ժամանակակիցների խնդիրն էին համարում
նմանվելու այդ կատարյալ օրինակներին: Ի հակադրություն Հերդերը պնդում էր, որ
ճշմարիտ արվեստի կրողը հանդիսանում է ոչ թե մշակութային այլ «բանական»`
բնությանը մոտ կանգնած մարդը, ով ունի բնածին ընդունակություններ: Նա չափազանց
ոգևորված է եղել ժողովրդական պոեզիայով, որը խորհուրդ էր տալիս ուսումնասիրել
ճշմարիտ պոեզիայի համար, քանի որ դրանցում, ինչպես այլուր ցույց է տրվում և
մեկնաբանվում «բնական» մարդու կերպարը: Ըստ Հերդերի մարդկությունն իր
զարգացմամբ նման է մեկ անհատի, այն ապրում է երիտասարդության և ծերության
փուլերը: Անտիկ աշխարհի կործանմամբ մարդկությունը գիտակցեց իր ծերության
առաջին փուլը: Լուսավորության դարաշրջանում պատմության սլաքը դարձյալ
կատարեց շրջապտույտ: Այն ինչ լուսավորիչները ընկալում են որպես իսկական
արվեստի գործեր, դրանք ոչ այլ ինչ են, քան արվեստի տարբեր ձևերի մարմնացումներ և
առաջացել են ազգային ինքնագիտակցության հիման վրա` դառնալով
ինքնապաշտպանության յուրահատուկ ձև: Ուստի լուսավորիչը կոչ էր անում
ստեղծագործել ազգային ինքնությունից ոգեշնչված և այդ նպատակով առաջարկում էր
անդրադառնալ հայրենական պատմության ավելի վաղ շրջաններին: Հերդերը
համաշխարհային մշակույթի ցիկլային զարգացման տեսությունը համատեղում էր
ընդհանուր առաջընթացի տեսության հետ: Այս հարցում ևս նա չէր կիսում
լուսավորիչների կարծիքը, ովքեր ենթադրոմ էին, որ մարդկության «ոսկե դարը» պետք է
փնտրել ոչ թե անցյալում, այլ ապագայում: Իսկ Հերդերը նշելով մարդկային մշակույթի
միասնությունը այն բացատրում էր ողջ մարդկության ընդհանուր նպատակի
տեսանկյունից` այն կառուցելով հումանիզմի վրա: Հերդերը առաջիններից էր, որ առաջ
քաշեց ներկայիս ազգային պետության գաղափարը, որն ավելի շատ լուսավորիչը
կառուցում էր բնական իրավունքի սկզբունքների վրա և այն ամբողջությամբ ուներ
խաղաղասեր բնույթ: Նա անդրադարձել է նաև ժողովրդի ոգուն, որի մասին ուսմունքի
նպատակը նույնպես ազգային գոյության պահպանումն էր: Այն ուներ ազգային բնորոշ
անհատական գծեր, այստեղից էլ առանձնացնում են գերմանական ազգային ոգուն
բնորոշ ինքնատիպությունն ու ստեղծագործական զորությունը:
1785 թ. լույս է տեսել Հերդերի հայտնի աշխատությունը «Մարդկության
պատմության փիլիսոփայության գաղափարները» խորագրով: Այն առաջին փորձն է
համընդհանուր ներկայացնել մշակույթի պատմությունը: Այստեղ գրեթե ամբողջությամբ
ներկայացված են Հերդերի մտքերը մարդկության մշակութային զարգացման
վերաբերյալ, այդ թվում կրոնի, գրականության, արվեստի և գիտության մասին:
Հեղինակը մեկնաբանում է բնության զարգացման օրինաչափությունները` ցույց տալով
որ դրանք գտնվում են անընդհատ զարգացման ու փոփոխության մեջ: Այդ զարգացումը
կատարվում է ստորին աստիճանից դեպի բարձրագույնը և բնության զարգացումը
նույնանում է հասարակության զարգացման հետ: Ըստ Հերդերի ժողովուրդների
պատմության զարգացումը իրենից ներկայացնում է միասնական շղթա, որի
յուրաքանչյուր օղակը կապված է նախորդի ու հաջորդի հետ և յուրաքանչյուր ժողովուրդ
օգտագործում է իր նախորդների նվաճումները` նոր նախադրյալներ ստեղծելով հաջորդ
սերունդների զարգացման համար: Հերդերը նվաճումներ ասելով հասկանում էր
մշակույթը, լեզուն, արվեստը, գիտությունը, առևտուրը, հասարակական
հարաբերությունները, կրոնը` դրանց տալով կոնկրետ սոցիալական բովանդակություն:
Հերդերի կողմից համաշխարհային պատմության նման մեկնաբանությունը նորություն
էր պատմության զարգացման ընթացքի ընկալման խնդրում: Այդ հարցերի
մեկնաբանման ընթացքում նա կատարեց մի շարք առաջադիմական եզրահանգումներ,
մասնավորապես նա հակադրվելով եվրոցենտրիզմի տեսությանը մարդկության
նախահայրենքը համարեց Ասիան` նշելով որ առաջին պետական կազմավորումները
առաջացել են այստեղ: Հերդերը հասարակության պատմության զարգացման
հաջորդական փուլերի քննարկման ընթացքում յուրահատուկ տեղ է հատկացնում
միջնադարին ու քրիստոնեությանը, հատկապես միջնադարը չի դիտում խավարի ու
վայրենության ժամանակաշրջան, այլ հակառակը միջնադարում են ստեղծվել
արհեստներն ու արվեստը, զարգացել է առևտուրը և այլն: Հերդերը ընդունելով
պատմության զարգացման օրինաչափությունը` դեմ է արտահայտվել պատմության
ընկալման աստվածաբանական տեսությանը, նա պնդում էր, որ պատմության
զարգացման մեջ պետք չէ փնտրել աստվածային գաղտնիքներ, նախախնամություն,
այլև պետք է այն մեկնաբանել երկրային պատճառներով: Իսկ հասարակության
զարգացման պատճառները նա համարում է ներքին ու արտաքին գործոնների
փոխհամագործակցությունը: Հերդերը վերլուծելով մարդկության պատմության
զարգացման ընթացքը, մերժում է, որ պատմությունը թագավորների ու
զորահրամանատարների գործունեության շարադրանքն է: Հակառակը նա գտնում էր, որ
պատմության փիլիսոփայությունը կոչված է նման սխալները ուղղելու: Նա պետության
ծագումը պայմանավորում է արտաքին գործոններով, ամենից առաջ պատերազմներով,
որ պետությունը ճնշման միջոց է, քանզի իր ծագումով հաստատում է ճորտություն ու
բռնություն: Պետությունը ըստ նրա կարող է վերանալ, երբ հասարակությունը կստեղծի
ինքնակառավարման հնարավորություն: Պետության նման բովանդակությամբ
ընկալման արդյունք էր նրա կողմից ֆրանսիական հեղափոխության հանդեպ ունեցած
ջերմ վերաբերմունքը: խնդրում լուսավորիչը ավելի շատ դրսևորվում է ուտոպիական
մտահայեցողությունը:
Գերմանացի լուսավորիչներից է բանաստեղծ, իմաստասեր, արվեստագետ,
պատմաբան և ռազմական բժիշկ Յոհանն Քրիստոֆ Ֆրիդրիխ ֆոն Շիլլերը(1759-1805):
Ծնվել է զինվորականի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է լատինական
դպրոցում, որտեղ սովորել է նաև մայրենի լեզուն: Այնուհետև բժշկական կրթություն է
ստացել ռազմական ակադեմիայում: Ավելի ուշ Շիլլերը դառնում է Յենայի
համալսարանի պատմության և փիլիսոփայության պրոֆեսոր, որտեղ
դասախոսություններ է կարդում «Ինչ է համաշխարհային պատմությունը և ինչ
նպատակով են այն սովորում» խորագրով: Այս դասընթացը հեղինակին բերում է
ճանաչում և հեղինակություն: Այսինքն այս դասախոսությամբ նա հանդես է գալիս որպես
պատմաբան: Նա պատասխանում է իր իսկ կողմից առաջադրված հարցերին, որով էլ
բացահայտում է պատմաբանի առաքելությունը պատմական գիտության բնագավառում:
Շիլլերը մարդկության պատմության մեջ կարևորում էր նյութական գործոնի դերը։ Ըստ
պատմաբանի համաշխարհային պատմության ուսումնասիրման հիմնական նպատակն
է բացահայտել առաջընթացի զարգացման մանրամասները: Նրա կարծիքով միայն
պատմությունը կարող է սովորեցնել մարդկանց ճիշտ գնահատելու նախնիների կողմից
ձեռք բերված բարիքը: Շիլլերի գնահատմամբ պատմությունը անհատի բարոյական
դաստիարակության խնդրում անգնահատելի իմաստ ունի, քանի որ սովորեցնում է
մարդուն իրեն տեսնել անցյալի հետ միասնության մեջ` նախապատրաստելով նրան
ապագայի մասին եզրահանգում կատարելուն։ Շիլլերը կարևոր դեր էր հատկացնում
պատմագիտությանը, ընդգծելով, որ պատմությունը իր մեջ ընդգրկում է ողջ բարոյական
աշխարհը և առաջադրում է հասարակությանառջև մարդու պատասխանատվության
գաղափարը: Շիլլերը թողել է պատմական բնույթի երկու խոշոր աշխատություններ
«Իսպանական թագից Միացյալ Նիդեռլանդների անկախացման պատմությունը» (1788) և
«Երեսնամյա պատերազմի պատմությունը» (1791): Առաջին աշխատության մեջ
հեղինակը ուսումնասիրել է նիդեռլանդական հեղափոխությունը, որին մեծ
համակրանքով է վերաբերվել: Ըստ նրա իսպանական տիրապետության դեմ պայքարի
հիմնական ուժը նիդեռլանդական բուրժուազիան էր, ով հաջողության հասավ
բողոքական առևտրականների ֆինանսական օգնության շնորհիվ: Շիլլերի կարծիքով
հայրենական ընդվզման կամ անկախության համար երկրի բուրժուազիան ու
արիստոկրատիան պետք է հանդես գան միասնական ուժով, իսկ հաղթանակի հասնելու
համար կարևորում էր որոշ առաքինությունների՝ խելամտության ու չափավորության
առկայությունը: Այսինքն` այս դեպքում Շիլլերը պատմության հարցերի քննարկամը
մոտենում է բարոյականության ու հոգեբանության սկզբունքներով: «Երեսնամյա
պատերազմի պատմությունը» աշխատությունը հեղինակը շարադրել է
գեղարվեստական պատկերավոր լեզվով: Հեղինակը անդրադարձել է
պատերազմիպատճառներին, որոնց մեջ առաջին տեղը հատկացրել է կրոնական
հակամարտություններին: Նա մեկնաբանել է բողոքականների ու կաթոլիկների
դիրքորոշումն ու գործողությունները, սակայն համակրել է բողոքականներին և
փառաբանել է նրանց առաջնորդ շվեդական թագավոր Գուստավ Ադոլֆին:
Շիլլերը հայտնի է նաև իր գեղարվեստական ստեղծագործություններով`
«Ավազակներ» (1781), «Խարդավանք և սեր» (1784) և այլն: Լուսավորիչը թողել է նաև
պատմական պիեսներ, ինչպիսիք են «Դոն Կառլոս, իսպանացի մանուկը» (1787), «Մարի
Ստյուարտ» (1800), «Օռլեանի կույսը» (1801) և այլն: Համաշխարհային ճանաչում ստացավ
Շիլլերի «Ձոն ուրախության» (1785) ստեղծագործությունը, որի հիման վրա
երաժշտություն է գրել Լյուդվիգ վան Բեթհովենը:
Գերմանիայում Լուսավորականության շրջանում պատմաբանների նոր սերունդը
ձգտում էր պատմությունը առանձնացնել գիտությունների ընդհանուր համակարգից և
այն վերածել գիտության ինքնուրույն բնագավառի: Նման ձեռնարկումների
գաղափարական կենտրոնը դարձավ Գյոթինհենյան համալսարանը, որի հայտնի
ներկայացուցիչներն էին Յ. Ֆորստերը, Յ. Գաթթերերը և Ա. Շլյոցերը:
Յոհանն Գեորգ Ադամ Ֆորստերը (1754-1794) եղել է գերմանացի լուսավորիչ, գրող,
ազգագրագետ, ճանապարհորդ և հեղափոխական: Ծնվել է Դանցինգի մոտակայքում
գտնվող փոքր գյուղերից մեկում: Հայրը եղել է աշխարհագրագետ և բուսաբան, հաճախ է
ճանապարհորդել և Ֆորստերը միշտ ուղեկցել է հորը: Ֆորստերը հիմնական կրթությունը
ստացել է Սուրբ Պետրոսի անվան գերմանական գլխավոր դպրոցում, ավելի ուշ սովորել
է Պետերբուրգյան ակադեմիական գիմնազիայում: Անգլիացի հետազոտող և
քարտեզագիր Ջեյմս Քուկի հետ իրականացրել է երկրորդ շուրջերկրյա
ճանապարհորդությունը, որից հետո շարադրել է Քուկի կենսագրությունը: Ֆորստերը
շուրջերկրյա ճանապարհորդության վերաբերյալ իր մտորումներն ու
ուսումնասիրությունները շարադրել է «Ճանապարհորդություն աշխարհի շուրջ» (1772-
1777) աշխատության մեջ, որն ունի գիտական գեղարվեստական բնույթ: Այս
աշխատությունն ավելի շատ ազգագրական ուսումնասիրություն է հիշեցնում: Հեղինակը
ուսումնասիրել է ճանապարհորդության ընթացքում հանդիպած ազգերին ու
ժողովուրդներին, մասնավորապես անդրադարձել է խաղաղօվկիանոսյան բնիկ
բնակչությանը և կատարում է պատմագիտական ընդհանրացում: Ֆորստերը մերժում է
Ռուսսոյի նախնադարյան հասարակական կարգերը մարդկության «ոսկե դար» դիտելու
տեսակետը` նշելով, որ այդ կղզիների բնակիչները ամենևին էլ երջանիկ չեն, հակառակը
նրանք ևս նույնքան դժբախտ են, որքան Եվրոպայի քաղաքակիրթ բնակիչները:
Աշխատությանը կից ներկայացված է նաև քարտեզներ և լրացուցիչ տեղեկություններ:
Դեռևս 1765 թ. Ֆորստերը հոր հետ ռուսական կայսրուհի Եկատերինա 2-րդի առաջարկով
ճանապարհորդել է Ռուսաստանով: Այս ընթացքում նա գերմաներեն է թարգմանել Մ. Վ.
Լոմոնոսովի «Համառոտ ռուսական տարեգրություն» աշխատությունը, որը 1767 թ.
հրատարակվել է Լոնդոնում «Ռուսական պատմության համառոտ տարեգրության
ամփոփում» խորագրով:
Ֆորստերը իր պատմագիտական հայացքները ամբողջությամբ ամփոփել է
«Մարդկության ապագա պատմության ղեկավարող լարը» աշխատությունում: Նա
անդրադառնում է հասարակության պատմության առաջընթացի հարցերին և հայտնում
է այն տեսակետը, որ առանձին անհատներն ու ողջ հասարակությունը զարգանում են
միևնույն սկզբունքներով ու օրենքներով: Հեղինակը զարգացնելով իր միտքը` նշում է, որ
բնության ու հասարակության մեջ եղած բոլոր կենդանի օրգանիզմները ունեն մեկ
նպատակ` պաշտպանել ու շարունակել իրենց ցեղը: Հենց այստեղից էլ եզրակացնում է,
որ հասարակական առաջընթացի ընթացքում բնական ճանապարհով մարդկությունը
աստիճանաբար քաղաքակրթվում է: Լուսավորիչի նման դատողություններին հետևում
են մատերիալիստական եզրահանգումներ, որ բոլոր ժամանակներում բոլոր
հասարակությունների ներսում գոյության միջոցների համար մշտական պայքար է մղվել:
Ամփոփելով հեղինակը եզրակացնում է, որ մարդկային հասարակության ներսում
պայքարը կրում է մշտական բնույթ:
Գերմանական Լուսավորության գաղափարների հետևորդն էր պատմաբան
Յոհանն Քրիստով Գաթթերերը (1727-1799): Ծնվել է սպայի ընտանիքում: Վաղ տարիքից
ուսումնասիրել է աստվածաբանություն, սակայն ավելի ուշ մեծ հետաքրքրություն է
ցուցաբերել դեպի պատմությունը: Նյուրենբերգի դպրոցում դասավանդել է պատմություն
և աշխարհագրություն: 1759 թ. դառնում է Գյոթինհենյան համալսարանի պրոֆեսոր և
կյանքի հաջորդ 40 տարիները անցկացնում է այստեղ: Լուսավորության
ժամանակաշրջանում նա առաջիններից մեկն էր, ով փորձեց պատմությունը վերածել
ինքնուրույն գիտության` այն ազատելով պետական իրավունքի ու աստվածաբանության
հովանավորչությունից: Լուսավորիչը հիմնականում զբաղվել է պատմության
ուսումնասիրության մեթոդների հետազոտմամբ: Գյոթինհենյան համալսարանում նա
1764 թ. հիմնադրում է պատմության ինստիտուտ, որի նպատակն էր ուսումնասիրել և
հրատարակել միջնադարյան գերմանացի պատմիչների, հունական ու հռոմեական
պատմիչների դասական աշխատությունները, ինչպես նաև նպաստել պատմություն
առարկայի զարգացմանը: Նա անգամ ծրագրել էր հրատարակել պատմական հանդես
«Համընդհանուր պատմության գրադարան» խորագրով, սակայն միջոցների սղության
պատճառով հաջողության չհասավ: Գաթթերերը պատմության որպես առանձին
առարկայի և գիտության առջև դնում էր հետևյալ խնդիրները. Պետք է հստակ սահմանվեր
պատմության հետազոտության առարկան, զարգացնել պատմական իմացության
տեսությունը, պատմության համար մշակել համընդհանուր մեթոդներ և
պատմաբանների աշխատանքի համար ստեղծել հատուկ մասնագիտացված կառույցներ:
Այս մոտեցմամբ պատմաբանը գոյություն ունեցող պատմագրությանը հակադրում էր
գաղափարական ու մեթոդաբանական նոր միջոցներով զինված գիտական
պատմագիտության ձևավորման իր ծրագիրը: Նա պատմական գիտության հիմնական
խնդիրն էր համարում զարգացման շարժիչ ուժերի բացահայտումը, մասնավորապես
տարբեր իրադարձությունների ու երևույթների պատճառների ու հետևանքների
հետազոտությունն ու լուսաբանումը: Մյուս կողմից, Գաթթերերը որպես պատմաբան
փորձում էր ներթափանցել պատմական իրադարձությունների խորքը` ուսումնասիրելով
ու մեկնաբանելով դրանց զարգացման հոգևոր ու նյութական պայմանները, առաջացման
պատճառները և լուսաբանել դրանց պայմանավորող գործոնները: Պատմաբանը
նմանատիպ կարևոր գործոններ էր համարում աշխարհագրական ու կլիմայական
պայմանները, գյուղատնտեսությունը, առևտուրը, ազգաբնակչության աճը, կրոնը,
մշակույթը, գիտության զարգացման նպատակներն ու մեթոդները, պատերազմների
ծագման պատճառներն ու հետևանքները: Պատմության հետազոտության համար
առանձնացնում էր երկու հիմնական մեթոդներ` ժամանակագրական ու
համաժամանակագրական: Նրա կարծիքով ժամանակագրական մեթոդը
հնարավորություն է ընձեռում հետազոտողին լուսաբանելու, թե ինչպես աստիճանաբար
ձևավորվեց ու հանդես եկավ պետությունն ու ազգը, զարգացավ մշակույթը, իսկ
համաժամանակյա մեթոդը պայմաններ է ստեղծում միաժամանակ լուսաբանել ու
համադրել նույնանման իրադարձությունները, նրանց գործընթացի
նմանությունը՝ վիճակագրության լայն ընդգրկումով: Մյուս լուսավորիչների պես
Գաթթերերը ևս անդրադարձել է պետության կառավարման ձևի խնդրին: Նա
առաջնորդվելով գերմանական Լուսավորության ոգով, մերժում էր բռնատիրական
միահեծանությունը, սակայն միաժամանակ քննադատում էր նաև հանրապետության
գաղափարները: Ըստ նրա պետական կառավարման ճիշտ ձև հաստատելու համար այն
պետք է խարսխված լինի մարդկանց բարոյական կատարելագործման և աշխարհի
բանական ճանաչման սկզբունքների վրա: Այդ նպատակով գիտնականների հիմնական
խնդիրն է լուսավորել ազգին: Վերոնշյալ մտքերն ու հայացքները պատմաբանը
ներկայացրել է «Համաշխարհային պատմություն» և «Համաշխարհային պատմության
ներկայացման փորձը մինչև Ամերիկայի հայտնագործումը» աշխատություններում:
Գյոթինհենյան դպրոցի հայտնի դեմքերից էր պատմաբան, հրապարակախոս և
վիճակագիր Յոհանն Լյուդվիգ Շլյոցերը (1735-1809): Նա ուսումնասիրել է
աստվածաբանություն ու բժշկագիտություն, իսկ հետագայում Գյոթինհենի
համալսարանում՝ լեզուներ: Կարճ ժամանակով աշխատել է Շվեդիայում, ապա նաև
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում, որտեղ նրան ընկերակցում էին Միլլերն
ու Բայերը: Վերադառնալով Գերմանիա` Գոթինհենի համալսարանում սկսում է
դասախոսել պետական իրավունք և պատմություն առարկաները: Զբաղվել է
քաղաքական հրապարակախոսությամբ, հրապարակել է «Պատմա-քաղաքական
գրագրություններ» և «Պետական տեղեկագրեր» հանդեսները, որոնցում սուր
քննադատության էր ենթարկում ֆեոդալա-ճորտատիրական հարաբերությունները,
անհավասարությունն ու դասային արտոնությունները: Շլյոցերը Գերմանիայում
առաջինն էր, ով 1791 թ. հրատարակեց ֆրանսիական բուրժուական հեղափոխության
հռչակած «Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիան»: Այդ հրատարակման,
ինչպես նաև համալսարանական դասախոսությունների ընթացքում արտահայտած
առաջադիմական հայացքների համար, նրան մեղադրեցին յակոբինյան գաղափարների
քարոզման մեջ: Ֆրանսիական հեղափոխության վերաբերյալ ձևավորված նրա
առաջադիմական գաղափարները հեղափոխության խորացման հետ միասին սկսեցին
սառել, և ավելի ուշ նա հեղափոխության հարցում մերժողական դիրք որդեգրեց: Շլյոցերը
համաշխարհային պատմության հարցերի քննարկման ընթացքում քաղաքական ու
ռազմական իրադարձությունների լուսաբանմանը զուգահեռ կարևորում էր տնտեսական
գործոնը, մեծ տեղ տալով մարդկային պահանջմունքների ֆիզիկական
փոփոխությունների խնդրին, ընդգծելով, որ տնտեսական գործունեության առանձին
բաժիններ զարգանում են ոչ թե մեկուսի, այլ ընդհանուր միասնության մեջ:
Այնուամենայնիվ նա անկարող էր հասարակության զարգացումը լուսաբանել
տնտեսական գործոնի հիմնավորումով: Առանձնապես հատուկ հետաքրքրություն էր
ցուցաբերում անցյալում մարդկության կողմից վառոդի, թղթի, գրատպության,
կողմնացույցի գյուտերի, ինչպես նաև մարդու պահանջմունքների
բավարարման առարկաների՝ թեյի, շաքարի, սուրճի, ծխախոտի նվաճումների հանդեպ:
Համաշխարհային պատմության հետազոտման հարցում Շլյոցերի
հետազոտություններում առանձնապես ուժեղ են սոցիալական իրավիճակի բազում
դրսևորումների մեկնաբանումը, ընդհանրապես պատմության բազմակողմանի
լուսաբանումը:
Երկար ժամանակ Ռուսաստանում աշխատանքի ընթացքում մեծ
հետաքրքրություն ցուցաբերեց Ռուսաստանի ու ռուս ժողովրդի պատմության հանդեպ:
Հավաքեց ու ի մի բերեց ռուսական տարեգրությունների բազում պատառիկներ, դրանք
մաքրեց հետագա կեղծիքներից ու սխալներից, որոնք հետագայում հանգամանորեն
հետազոտելով, վերականգնեց նախնական տեքստերը, գրեց առանձին աշխատություն
տարեգրությունների մասին, հատկապես ուշադրության կենտրոնում էր Նեստորի
«Անցած տարիների պատմություն» տարեգրություն, որի վերաբերյալ գրված
աշխատությունը այդ բնագավառում իր և ռուսական պատմագիտության նվաճումն էր:
Գրել է նաև գերմաներեն լեզվով «Ռուսների պատմություն» աշխատությունը: Այն
նշանավոր էր նրանով, որ հեղինակը պատմագիտության մեջ առաջին անգամ
հետազոտության ընթացքում կիրառեց պատմա-համեմատական մեթոդը: Հարստացրեց
ռուսական պատմագիտական միտքը տարեգրությունների մասին հինգհատորյա
արժեքավոր աշխատությամբ: Շարունակելով հետաքրքրվել Ռուսաստանի պատմության
հարցերով` անդրադարձ է կատարել ռուսական պատմության մեջ սկզբնավորված
նորմանական տեսությանը: Թեև բազում պատմաբաններ կարծում էին, որ Կիևյան
Ռուսիա պետությունը կազմավորվել է եկվոր նորմանների կողմից, և այդ տեսակետը
պաշտպանում էր Շլյոցերը նույնպես, այնուամենայնիվ պնդում էր, որ եկվոր նորմանները
վճռական հետք չեն թողել Ռուսաստանի պատմության վրա: Ռուսաստանի պատմության
հանդեպ առանձնահատուկ ուշադրության հետևանք էր, որ Շլյոցերը Գերմանիայում
առաջինը հիմնեց «Ռուսաստանի պատմության ուսումնասիրման ընկերությունը»` սերտ
կապեր ու հարաբերություններ պահպանելով ժամանակի ռուս պատմաբանների հետ:
ԹԵՄԱհմ. 6. Լուսավորական գաղափարների տարածումը Ռուսաստանում
Լուսավորական պատմագիտական միտքը Ռուսաստանում
17-րդ դարի վերջին քառորդից սկսած և 18-րդ դարում Ռուսաստանի տնտեսական,
քաղաքական ու մշակութային կյանքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ:
Ռուսաստանի առաջընթացի համար կարևոր խթան հանդիսացան Պյոտր 1-ինի
կատարած բարեփոխումները, որոնց արդյունքում Ռուսաստանը վերածվեց հզոր
տերության: Ռուսաստանում, ինչպես եվրոպական երկրներում, ճորտատիրական
հարաբերությունները աստիճանաբար սպառում էին իրենց, ուստի սրվեց պայքարը հնի
ու նորի միջև: Մյուս կողմից, 18-րդ դարի առաջին քարորդին Ռուսաստանում
հաստատվեց բացարձակ միապետություն, որը ձգտում էր ընդլայնել ազնվականների
իրավունքները, սակայն երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը կանխել հնարավոր
չէր: 18–րդ դարի առաջին քառորդին Ռուսաստանում ստեղծվեցին հատուկ
ուսումնական հաստատություններ, բացվեց Գիտությունների ակադեմիան, սկսվեցին
հրատարակվել թերթեր և ամսագրեր, իրականացվեցին առաջին հնագիտական
ուսումնասիրությունները: Պետությունը սկսեց հետաքրքրվել պատմագիտական
աշխատությունների հրատարակմամբ` ձգտելով դրանք ավելի հասանելի դարձնել
հասարակությանը:
18-րդ դարում լուսավորական գաղափարները տարածվեցին նաև Ռուսաստանում,
որտեղ ազնվականական պատմագրության մեջ տիրապետող էր պրովիդենցիոնալիզմի
գաղափարը: 18-րդ դարի կեսին ազնվականական պատմագրությանը հատուկ
պատմական զարգացման ընթացքը նախախնամությամբ մեկնաբանելուն զուգընթաց
արդեն նկատելի էր ռացիոնալիստական մտահայեցողության ազդեցությունը: Առաջին
քայլերը իրականացվեցին Պյոտր 1-ինի հրամանով, ով առաջադրեց «լուսաբանել
ռուսական պետության պատմությունը»: Նրան հետաքրքրում էր հատկապես
թագավորների գործունեությունը, իսկ դեպքերի ու իրադարձությունների շարադրանքը
պետք է սկսվեր 16-րդ դարի իրադարձություններով: Պյոտր 1-ինը միաժամանակ
ցանկանում էր, որ Ռուսաստանի պատմության հարցերը լուսաբանվեին
համաշխարհային պատմության հետ զուգակցված, ինչի համար հանձնարարեց երկիր
ներկրել եվրոպական հեղինակների աշխատությունները, դրանք թարգմանել և ստեղծել
ինքնուրույն պատմագիտական աշխատություններ: Այս շրջանում թարգմանվում են Ս.
Փուֆենդորֆի «Եվրոպական նշանավոր թագավորների պատմության ներածությունը»,
«Մարդու և քաղաքացու պարտականությունների մասին» աշխատությունները այլն:
Նրանցում պատմական իրադարձությունների լուսաբանումը կատարվում էր «բնական
իրավունքի» ու «հասարակական դաշինքի» տեսությամբ՝ հօգուտ ինքնակալության
հիմքերի ամրապնդման ու հավերժացման: 18-րդ դարի առաջին քառորդին
պատմագիտական մտքի բնագավառում նկատվում է պատմական իրադարձությունների
մեկնաբանման ընթացքում նախկին նախախնամությամբ մեկնաբանման մեթոդներից
աստիճանական հրաժարումը, արդեն իրադարձությունները մեկնաբանվում են
առանձին անձանց` թագավորների ու իշխանների, գործունեությամբ: Պյոտր Մեծի
ժամանակաշրջանի պատմաբան, պետական գործիչ «բնական իրավունքի» տեսության
հետևորդ, հրապարակախոս Ֆ. Պրոկոպովիչը գրեց Պյոտր Մեծի մասին
առաջին պատմագիտական աշխատությունը` «Պյոտր Մեծ կայսեր պատմությունը մինչև
Պոլտավայի ճակատամարտը»։ Աշխատությունում լուսաբանված են հյուսիսային
մայրաքաղաքի հիմնադրման ու շվեդական բանակների դեմ Պոլտավայի մերձակայքում
տարած փառահեղ հաղթանակի իրադարձությունները: Ռուսաստանում բացարձակ
ինքնակալության գաղափարական հիմնավորումը կատարեց Շվեդիայում ռուսական
դեսպանի քարտուղար Ա. Մ. Մանկիևը իր «Ռուսաստանի պատմության միջուկը»
աշխատությամբ։ Հեղինակը Ռուսաստանի պատմության շարադրանքը սկսում է
հնագույն ժամանակներից` հասնցելով մինչև 1712 թ.: Նա պատմության շրջաբաժանման
հիմքում դնում էր ինքնակալների կառավարման սկզբունքը։ Իրականում նա շարադրել է
Ռուսաստանի քաղաքական պատմությունը, քննարկել սլավոն բառի, հետևաբար
սլավոնական ժողովուրդների ծագման պատմությունը։ Հակադրվելով այդ անվան
ծագման լատինական հեղինակների մեկնաբանությանը` (ըստ որոնց սլավոն
բառը լատիներենում նույնանում է անազատ, ստրուկ (schlavus) բառի հետ) Մանկիևը
նշում է, որ սլավոն նշանակում է պատվավոր, փառահեղ։ Եվ որպես հիմնավորում գրում
է, որ սլավոնական անունները իրենց մեջ կրում են սլավա արմատը, օրինակ,
Սվյատոսլավ, Մստիսլավ, Բոլեսլավ և այլն։ Մանկիևը լուսաբանել է ռուսական
քաղաքական վերնախավի ու իշխանական տների պատմությունը, ինչ վերաբերում է
ժողովրդական զանգվածնների պատմությանը, ապա Մանկիևը դրան վերաբերվում է
բացասական, դատապարտել է 1648 թ. և 1662 թ. Մոսկվայում բռնկված քաղաքային
բնակչության հուզումները, դրանք որակել է բունտ: 18-րդ դարի առաջին քառորդին
Ռուսաստանում պատմագիտական միտքը զարգանում էր երկու ուղղությամբ. նախ՝
պատմաբանները ոգևորված բնական իրավունքի ու հասարակական դաշինքի
տեսություններով, ապա կատարելով բացարձակ ինքնակալության սոցիալական
պատվերը, աշխատում էին պատմության հարցերի աստվածաբանական
մեկնաբանությունից անցում կատարել դեպի առանձին անձանց բանական
գործունեությամբ հարցերի լուսաբանմանը, մյուս կողմից՝ հատուկ ուշադրություն են
հատկացնում փաստական նյութերի հավաքման ու հրապարակման գործին։ Երկու
ուղղությունների վրա էլ նկատվում էր լուսավորության ազդեցությունը:
Լուսավորության ու ռացիոնալիզմի գաղափարների զարգացման գործում
ռուսական պատմագիտական մտքի բնագավառում խոշոր ավանդ ներդրեց
նշանավոր պատմաբան Վասիլի Նիկիտիչ Տատիշչևը (1688-1750): Նրանով
սկզբնավորվեց ռուսական ազնվականական պատմագրությանը: Նա Պյոտր 1-ինի
ժամանակակիցն էր ու նրա մերձավոր շրջապատի մտավորականը, որի
պատմագիտական հայացքները ձևավորվեցին ռացիոնալիստական ուղղության
ազդեցության ներքո: Նա կարծում էր, որ ինչպես վերնախավի ներկայացուցիչների,
այնպես էլ ամենահասարակ մարդկանց համար պատմության իմացությունը պետք է լինի
պարտադիր։ Պատմության հարցերով նա զբաղվել է դեռևս 1719 թ., երբ Պյոտր Մեծը նրան
հանձնարարեց գրելու Ռուսաստանի պատմական աշխարհագրությունը, նաև լեռնային
գործ ու թնդանոթաձուլման մեջ հմտանալու նպատակով գործուղվեց Շվեդիա: Այնտեղ
նա Շվեդական արխիվներից հայթհայթեց պատմագիտական հարուստ վավերագրեր
Ռուսաստանի պատմության վերաբերյալ, ինչպես նաև հարուստ գրականություն, որի
հիման վրա շարադրեց իր հինգհատորյա «Ռուսաստանի պատմությունը հնագույն
ժամանակներից» աշխատությունը, որտեղ հեղինակը Ռուսաստանի պատմության
շարադրանքը հասցնում է մինչև 17-րդ դարի առաջին տասնամյակը: Աշխատելով
մեկնաբանել պատմության իմաստը` նա նշում է, որ ոչինչ առանց պատճառի ու
արտաքին ազդեցության ինքն իրեն չի կատարվում, որ այդ ամենը լուսաբանում է
պատմությունը, որ առանց պատմության իմացության «մարդը չի կարող լինել իմաստուն
ու օգտակար»: Հեղինակը լայնորեն օգտագործել է նախորդ ժամանակաշրջանում
ստեղծված պատմագիտական աշխատությունները` Անդրեյ Կուրբսկու «Մոսկովյան մեծ
իշխանի պատմությունը», «Կազանի պատմությունը», «Սիբիրյան տարեգրությունը»։
Ուշադիր հավաքել ու քննադատական վերլուծության է ենթարկել ոչ միայն ռուսական,
այլ նաև օտար աղբյուրներ, որոնցում տեղեկություններ են պահպանված Ռուսաստանի
ու ռուս ժողովրդի մասին։ Աշխատության մեջ հեղինակը կատարել է Ռուսաստանի
պատմության շրջաբաժանումը, սկզբունք ունենալով իշխանների ու թագավորների
կառավարման ժամանակաշրջանները։ Տատիշչևը պետության ծագումը մեկնաբանում է
հասարակական դաշինքով, քանի որ մարդը դեռևս միայնակ անկարող էր պայքարել
բնական երևույթների ու թշնամիների դեմ, ձեռք բերել իր համար օգտավետ միջոցներ ու
համապատասխան անվտանգության երաշխիքներ: Ցույց է տալիս, որ պետության
կազմավորումը անցել է մի շարք փուլեր, իսկ անցումը կատարվել է պայմանագրերով՝
ընտանիք, ցեղ պետություն՝ մարդկանց ղեկավարելու նպատակով: Նրա քաղաքական
իդեալը ինքնակալությունն էր` ճորտատիրական տնտեսաձևով:
Ռուսական պատմագիտական մտքի զարգացման գործում 18-րդ դարի երկրորդ
կեսին առանձնակի դերակատարում ունեցավ Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովը (1711-
1765), որը առաջին պատմաբանն էր, որ քննադատեց ու մերժեց գերմանացի
գիտնականների կողմից կյանքի կոչված «Նորմանական տեսությունը»: Այդ տեսության
հիմնադրույթների, մասնավորապես Միլլերի թեկնածուական ատենախոսության
գիտական վերլուծության ընթացքում ձևավորվեց Ռուսաստանի պատմության
վերաբերյալ Լոմոնոսովի գիտական հայացքների համակարգը։ Նրա կողմից
պատմության հարցերով զբաղվելը հետևանք էր ազգային ինքնագիտակցության
զարգացմանը` պայքարելով Ռուսաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային
ինքնուրույն ու անկախ զարգացման համար։ Նա ձգտում էր պատմությունը դարձնել
բարձր հասարակության ուշադրության առարկան: Նրա պատմագիտական
աշխատություններն են` «Հին ռուսական պատմությունը ռուս ժողովրդի պատմության
սկզբնավորումից մինչև Յարոսլավ Իմաստունը», «Համառոտ ռուսական տարեգրություն»,
«Ստրելեցյան խռովությունների նկարագրությունը և արքայադուստր Սոֆիայի
կառավարումը»։ Վոլտերի «Ռուսական կայսրության պատմությունը Պյոտր Մեծի
ժամանակ» աշխատության մասին գրախոսությունը: «Նորմանական դպրոցի»
հակառուսական ու հակագիտական հիմնադրույթների քննադատությանը զուգահեռ
Լոմոնոսովը զբաղվեց ռուսական պետության կազմավորման հիմնահարցով, ընդգծելով,
որ ամեն մի ժողովրդի պետության կազմավորումը անցել է տևական ճանապարհ,
անհրաժեշտորեն հաղթահարելով բազում խոչընդոտներ` պայքարել օտար նվաճողների
դեմ, հաղթահարել ներքին դժվարությունները և այլն: Իր «Հին ռուսական պատմությունը»,
«Համառոտ ռուսական տարեգրություն» (ստեղծվել է Ա. Ի. Բոգդանովի
համահեղինակությամբ) աշխատություններում հակառակ «Նորմանական տեսության»
հեղինակների պնդում ու հաստատում էր, որ ռուս ժողովրդի պատմությունը,
հետևաբար պետության ծագումը չի սկսվել Ռյուրիկի Ռուսաստան հրավիրումով, այլ
մատնացույց անելով օտար աղբյուրներ, մասնավորապես բյուզանդական ու
սկանդինավյան սագաները, ցույց էր տալիս, որ դեռ Ռյուրիկից առաջ անտիկ
աղբյուրների վկայությամբ արդեն կազմավորվել էր ռուսական պետությունը: Այդ
հարցում լինելով հետևողական ստեղծում է Ռյուրիկի սլավոնական ծագման մասին
ավանդազրույցը: Ռուս ժողովրդի ձևավորումը հասցնում է ժողովուրդների մեծ գաղթի
ժամանակաշրջանը, երբ տեղի էր ունենում էթնիկական նոր միավորների առաջացում, որ
նրա ձևավորումը տեղի է ունեցել սլավոնների ու չուդերի միաձուլման արդյունքում:
Ինչպես գերմանացի գիտնականները, այնպես էլ Լոմոնոսովը ընդունում էր, որ Ռյուրիկը
Ռուսաստանում առաջին ինքնակալն էր, սակայն հակառակ նրանց Լոմոնոսովը
աշխատում էր հիմնավորել Ռյուրիկի սլավոնական ծագման իսկությունը: Լոմոնոսովի
դերը մեծ էր նաև ռուսաց լեզվի քերեկանության մշակման գործում:
18-րդդարի70-80-ականերին ռուսական հասարակական կյանքի զարգացման
ընթացքը և արտաքին ազդակները, արևմտաեվրոպական երկրներում լուսավորական
գաղափարների արմատավորումը ռուսական հասարակական մտքի բնագավառում
ծնունդ տվեցին լուսավորական հոսանքին, որն իր վրա կրեց հատկապես ֆրանսիական
լուսավորիչների գաղափարական ազդեցությունը: Ռուսաստանում այն ուղղված էր
նախևառաջ ճորտատիրության վերացմանը: Լուսավորության գաղափարները
Ռուսաստանում ունեցան զարգացման երկու փուլ` 60-70-ական թվականներ, երբ դեռևս
ռուս լուսավորիչների համար ընկալելի չէր ինքնակալության ու ճորտատիրության միջև
կապի առկայությունը և հավասարապես քննադատում էին երկուսն էլ` գտնելով որ
ինքնակալության արատավոր կողմերը հնարավոր է վերացնել օրենքների ու
սովորությունների կատարելագործման շնորհիվ, իմաստուն ինքնակալի բանական
գործունեության արդյունքում: Երկրորդ փուլը ընդգրկում է դարի 80-90-ական
թվականները, երբ տվյալ ժամանակաշրջանի լուսավորության զարգացումն ու
գաղափարական հասունությունը սերտորեն կապվում էր Ա. Ն. Ռադիշչևի
գործունեության հետ: Վերջինս ճորտատիրական իրավունքի վերացումը
պայմանավորում էր ժողովրդական հեղափոխության և ինքնակալական կարգերի
կործանման հետ: Ռուսական լուսավորության առանձնահատկություններից մեկը այն
էր, որ նրա կրողները առաջադեմ ազնվականներն էին ու տարաստիճան
մտավորականության ներկայացուցիչները:
Բուրժուական պատմագրության հետագա զարգացումը կատարվեց
Ս.Ե.Դեսնիցկու(1740-1780) և Ի. Ա. Տրետյակովի (մահացել է 1776 թ.) կողմից։ Նրանք իրենց
ուսումը ստացան Անգլիայում` Գլազգոյի համալսարանում, լսեցին Ադամ Սմիթի՝
«Բարոյական փիլիսոփայության մասին» դասախոսությունները, Ռուսաստան
վերադարձան զինված հարուստ գիտելիքներովև 60-ական թվականներին դարձան
Մոսկվայիհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին իրավաբան
պրոֆեսորները: Տրետյակովը դասախոսում էր հռոմեական իրավունք: Հին Հռոմի
կառավարման ձևի ու նրա տնտեսական զարգացման մասին կազմակերպել է հանրային
դասախոսություններ: Նա իր «Դատողություններ հին ու նոր ժողովուրդների
պետությունների աստիճանական հարստացման մասին» աշխատությունում նոր
ընկալմամբ է լուսաբանել բուրժուական տնտեսության զարգացումը, որը կապում է
աշխատանքի հասարակական բաժանման, արվեստների ծաղկման ու բանկերի
առաջացման հետ։ Ս. Ե. Դեսնիցկին Մոսկվայի համալսարանի իրավաբան առաջին
պրոֆեսորն էր, որը հիմք դրեց իրավունքի պատմությանը, միաժամանակ սոցիոլոգ էր։
Այդ ուղղությամբ գրել է մի քանի արժեքավոր աշխատություն`«Իրավագիտական
դատողություններ ամուսնական իրավունքի ծագման ու զարգացման մասին»,
«Իրավաբանական դատողություններ այն մասին, թե տարբեր հասարակական
կեցություններում ժողոովուրդները ինչ վերաբերմունք ունեն սեփականության մասին» և
այլն։ Նա բոլորովին նոր տեսակետ զարգացրեց հասարակության ու նրա զարգացման
մասին, նկատի ունենալով, որ պատմությունը ուսումնասիրում է հասարակության
առաջընթացը։ Նա բուրժուական հարաբերությունների ջերմ պաշտպանն էր։ Դեսնիցկին
հետևելով Ջ. Լոկկի, Դ. Հյումի, Ա. Սմիթի և անգլիական մի շարք լուսավորիչների
հայացքներին, իր մի շարք պատմաիրավագիտական բնույթի աշխատություններում ու
դասախոսություններում` «Խոսք», «Դատողություններ», ձգտում էր բացահայտել
ժողովուրդների պատմության զարգացման ընդհանուր գծերը: Հեղինակը ցույց էր տալիս,
որ հասարակության զարգացման օրենքներն ու իրավունքները, ընտանիքի, պետության
ու կրոնի ձևավորումը կատարվում է հասարակության զարգացման տարբեր
փուլերում, մարդկանց տնտեսական գործունեությամբ: Նրա հիմնական խնդիրն էր
բացահայտել,թե մարդիկ ինչո՞վ են զբաղվել, ի՞նչ են արտադրել: Նա քննադատել է
ռուսական ինքնակալությունն ու ճորտատիրական համակարգը:
Ռուսական լուսավորությանև ընդհանրապես պատմագիտության
ուսումնասիրման ու գաղափարական զարգացման գործում կարևոր ներդրում է
կատարել Նիկոլայ Իվանովիչ Նովիկովը (1744-1818), որը երկար ժամանակ
ղեկավարելով Մոսկվայի համալսարանի հրատարակչությունը, հրապարակել է
ռուսական պատմագիտակաան բազում հուշարձաններ, սկզբնաղբյուրներ, 1768-1774 թթ.
հրատարակել է «Живописец», «Трутень» և այլ ամսագրեր՝ անխնա քննադատության
ենթարկելով բռնակալությունն ու սոցիալական անհավասարությունը, ցույց տալով ռուս
գյուղացիության ողբերգական կացությունը` համարձակ պայքարելով ճորտատիրության
դեմ: Նովիկովը ընդունելով պատմական զարգացման առաջընթացի տեսությունը`
նրանում ամենից առաջ առանձնացնում էր մարդկանց հոգևոր պահանջմունքների
զարգացումը,որը խթանում ու ընդլայնում է մարդու գործունեությունը: Նա մերժում էր
Ռուսսոյի այն տեսակետը,թե նյութական միջոցների արտադրության զարգացումը և
հոգևոր մշակույթի առաջընթացը կործանարար են մարդու և հասարակության
համար,կարծում էր,որ մարդկության ոսկե դարը ոչ թե անցյալում է, ինչպես մտածում էր
Ռուսսոն, այլ ապագայում է: Պետության կազմավորման խնդրում ընդունում էր
հասարակական դաշինքի դերը, հավատում էր իմաստուն օրենքներով առաքինի ու
լուսավորյալ ինքնակալի իշխանությանը: 1772 թ. նա Պետերբուրգում հրատարակեց
«Ռուս գրողների մասին պատմական բառարանի փորձ» աշխատությունը, լուսաբանելով
ու տեղեկություններ հաղորդելով 10-րդ դարից սկսած շուրջ 317 գրողների մասին ու
առաջին անգամ պատմագիտական վերլուծության ենթարկեց ռուսական
հասարակական միտքը: Նա հրապարակեց նաև «Հին ռուսական մատենագիտություն»
աշխատությունը, ուր լույս տեսան հին ռուսական պատմության արժեքավոր
փաստաթղթեր այդ թվում նշանավոր գրահավաք Մուսին Պուշկինի գրադարանում
գտնված ռուս ժողովրդի հերոսական էպոսը` «Ասք Իգորի դնդի մասին», գրական
պատմական հուշարձանը:
Ն. Ա. Ռադիշչևի (1749-1802) գործունեությամբ ռուսական պատմագիտական,
քաղաքական ու փիլիսոփայական մտքի բնագավառում նշանավորվեց զարգացման նոր
փուլ։ Նրա առաջադիմական հայացքները ձևավորվեցին Ռուսաստանում Պուգաչովի
գլխավորությամբ ծավալված գյուղացիական ապստամբության, ֆրանսիական
բուրժուական հեղափոխության ու Հյուսիսային Ամերիկայի անկախության
պատերազմների ազդեցության ներքո։ Նրա քաղաքական հայացքները արտացոլվեցին
«Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» և «Ազատություն», իսկ
փիլիսոփայական սկզբունքները՝ «Մարդու մահվան ու անմահության մասին»
աշխատություններում։ Մատերիալիստ մտածողը, ճիշտ բացատրելով աշխարհը,
ընդգծում էր իրականության օբյեկտիվությունը։ Նա նկատում էր մարդկային
ողբերգությունը, որը հետևանք էր մարդու կողմից մարդու շահագործմանը: Դրա
քաղաքական հիմքը ճորտատիրությունն էր ու մասնավոր սեփականությունը, որին
տիրում էին ազնվականները։ Անհատի դերի գնահատման հարցին նա անդրադառնում է
«Նամակ Տոբոլսկում բնակվող բարեկամիս» աշխատությունում, որը գրվել է 1772 թ.
Պետերբուրգում Եկատերինա Երկրորդի պատվերով ու իտալիացի քանդակագործ Է.
Ֆալկոնեի քանդակած Պյոտր Առաջինի պղնձաձույլ հուշարձանի բացման առիթով։
Նրանում հեղինակը բարձր է գնահատում Պյոտր Առաջինի անձն ու ձեռնարկած
բարեփոխումները։ Այս առիթով նա նշում է, որ կայսրը մեծ գործ կատարեց Ռուսաստանի
հզորացման ու հետագա զարգացման գործում, որ նրա անունը ավելի փառահեղ կհնչեր,
եթե նա ազատություն տար ժողովրդին։ Ռադիշչևը բռնակալներին ճիշտ էր բնութագրում
և այդ պատճառով ավելացնում է, թե էլ ինչ բռնակալ, որ իր կամքով հրաժարվեր
իշխանությունից ու ազատություն շնորհեր ժողովրդին։ Նա գնահատում էր կայսեր բոլոր
այն ջանքերը, որոնք նպատակաուղված էին Ռուսաստանի առաջընթացին,որով նա
Ռուսաստանի համար ապահովեց ելք դեպի Բալթիկ ծով,միաժամանակ մեղադրում էր
ինքնակալության ամրապնդման ու ճորտատիրության զարգացմանն ուղղված նրա
միջոցառումները։ Ռադիշչևի կողմից բռնակալի երկակի վիճակի մեկնությունը
նորություն էր ազնվականական պատմագիտության բնագավառում։ Ռադիշչևի
«Ազատություն» ձոնի հիմնական գաղափարը ժողովրդական իշխանության
հակադրությունն է ցարի բռնապետությանը։ Այստեղից էլ նրա խանդավառությունը
անգլիական հեղափոխության կողմից թագավորի նկամամբ ժողովրդի արդարացի դատի
իրականացման առիթով, որի մեջ տեսնում էր Կրոմվելի մեծ ծառայությունը։ Նույն կերպ
ողջյունում էր Հյուսիսամերիկյան ազատագրական շարժումները Վաշինգտոնի
գլխավորությամբ, սակայն հետագայում «Ճանապարհորդության...» մեջ նկատի
ունենալով Հարավային Ամերիկայում ստրուկների ճնշումն ու շահագործումը,
հրաժարվեց իր տված նախկին գնահատականից, այն դիտելով ահավոր երկիր։
«Ճանապարհորդության...» մեջ արդարացիորեն ընդգծում էր, որ կգա ժամանակը և
ժողովրդական հեղափոխության ուրվականը կոչնչացնի ճորտատիրությունը։ Նա
հիմնավորում էր գյուղացիական պայքարի պատմական օրինաչափությունը, ընդգծում,
որ այդ պայքարի արդյունքում կկործանվեն գոյություն ունեցող կարգերը։ Հենց այս է նրա
«Ճանապարհորդություն...» աշխատության գաղափարական իմաստը։ Դրանով էր նա
հիմնավորում հասարակական հարաբերությունների զարգացման ու փոփոխության
սոցիալական ու տնտեսական հնարավորությունները, ճորտի աշխատանքի
փոխարինումը ազատ գյուղացու աշխատանքով։ Ռադիշչևը դիմում էր Ռուսաստանի
պատմական անցյալին, նպատակ ունենալով պատմության զարգացման փորձով
կատարել հեղափոխական ընդհանրացումներ։ Այդ իմաստով նրան առաավելապես
հետաքրքրում էին այնպիսի իրադարձություններ, որոնց ընթացքում վճռական
դերակատարում են ունեցել ժողովրդական զանգվածները, ցուցադրել են իրենց
ստեղծագործական ուժերը։ Նրան հետաքրքրող քաղաքական հիմնական հարցը
կառավարման ձևերի փոփոխությունն էր ու ճորտատիրության առաջացումը։ Այդ
հարցերի քննարկումը կատարում էր ազատության ու բռնակալության միջև պայքարի
օրինաչափության լուսաբանմամբ։ Ռուսասստանի պատմության հին
ժամանակաշրջանից առանձնացնում էր վեչեական կառավարմանն շրջանը, այն դիտում
ժողովրդաիշխանության շրջան, իսկ առաջին իշխաններին դիտում էր որպես
ազատության սահմանափակողների։ Այստեղից էլ նրա հիմնական եզրահանգումը, որ
ազատության ու բռնության միջև մղվող պայքարը մշտական է։ Ռադիշչևը,
իդեալականացնելով Նովգորոդի վեչեական կառավարման կարգը, քննադատում է Իվան
Երրորդին ու Իվան Չորրորդին, որոնք վերացրին վեչեական կարգը, Նովգորոդը միացրին
Մոսկովյան պետությանը, թեև նա ռուսական կենտրոնացված պետության
կազմավորումը համարում էր առաջադիմական երևույթ, որ այդ ճանապարհով վերացավ
մոնղոլական լուծը։ Ռադիշչևը զբաղվել է նաև Սիբիրի ու ռուս-չինական առևտրի
հարցերով, ընդգծելով ժողովրդի դերը Սիբիրի միացման ու բնակեցման խնդրում,
հակադրվելով Միլլերի այն կարծիքին, թե ռուսները բռնությամբ են նվաճել Սիբիրը,
ընդգծելով, որ Երմակի ուղարկած պատվիրակների ու տեղի բնակչության միջև կնքված
պայմանագրի համաձայն նրանք կամավոր մտել են Ռուսաստանի կազմի մեջ։
ԹԵՄԱհմ. 7. Անկախության պատերազմները ԱՄՆ-ում և անկախության
հռչակումը
Լուսավորական պատմագիտական միտքն Ամերիկայում անկախության
պայքարի տարիներին
Ամերիկայում պատմագրությունը սկիզբ է առնում հուշագրությունների և
ժամանակագրությունների տեսքով` սկսած գաղութային շրջանից: Առավել ուշագրավ են
Ջոն Սմիտի, Ուլյամ Բրեդֆորդի, Ջոն Ուինտրոպի ժամանակագրությունները, որոնցում
նկարագրվում է գաղութարարների վերաբերմունքը հնդիկների նկատմամբ,
տնտեսական խնդիրները, պայքարը սովի, աղքատության դեմ և այլն: Քննարկվում են
նաև կրոնական խնդիրներ, իսկ Ամերիկայում տարածված էր պուրիտանական
գաղափարները և նրա սկզբունքները պահպանվում էին: Այս բոլոր կրոնական հարցերը
ներկայացված են Ինկրիզ Մեզերի և նրա որդի Կոտտոնի «Նոր Անգլիայի հոգևոր
պատմությունը» աշխատությունում:
Ամերիկյան հասարակական մտքի զարգացման նոր էտապը կապված էր
Լուսավորականության հետ: Լուսավորականությունը գաղափարապես
նախապատրաստեց 1775-83 թթ. անկախության համար մղվող պատերազմը և առաջին
բուրժուական հեղափոխությունը: Հեղափոխության նպատակն էր ոչ միայն հասնել
անկախության, այլև վերացնել նախկին սոցիալ-տնտեսական և քաղաքական
կառույցները: Ամերիկյան լուսավորականությունն իր բարձրակետին հասավ
բուրժուական հեղափոխության ժամանակ և հայտնի լուսավորիչները նաև
հեղափոխության քաղաքական ու գաղափարական առաջնորդներն էին: Ամերիկյան
լուսավորության դարաշրջանը սկսվում է Բենջամին Ֆրանկլինով (1706-1790): Նրա
աշխատություններում մեծ տեղ են գրավում բարոյական-էթիկական խնդիրները:
«Աղքատ Ռիչարդի ամսագիրը» (1732-1758) և «Ինքնակենսագրություն» (1751)
աշխատություններում Ֆրանկլինը ներկայացնում է հասարակ մարդկանց առօրյան: Նա
հասարակության զարգացման առաջընթացը համարում էր բարոյականության և
գիտության կատարելագործումը: «Ստրկավաճառության մասին» (1790)
աշխատությունում հեղինակը ստրկությունը համարում է ոչ բարոյական երևույթ և
փորձում է հիմնավորել նրա անարդյունավետությունը:
Թոմաս Ջեֆֆերսոնը (1743-1826) ևս հայտնի քաղաքական և հասարակական
գործիչ էր: Հենց նա գրեց Անկախության Դեկլարացիան (1776), որը ծնունդ տվեց ԱՄՆ-ին,
նաև այն ներկայացնում է ամերիկյան լուսավորության հիմնական սկզբունքները: Նա
բնական իրավունքների շարքում դասեց կյանքի, ազատության և սեփականության
իրավունքները: Նա քննադատում էր գաղութարարների քաղաքականությունը և
հիմնավորում, որ անգլիական թագավորը ոչ մի իրավունք չունի Ամերիկայի նկատմամբ:
Ջեֆֆերսոնը համոզված էր, որ բռնապետության դեմ լավագույն պայքարը ժողովրդին
լուսավորելն է:
Ամերիկյան լուսավորիչների մեջ ավելի արմատական հայացքներ ուներ Թոմաս
Փեյնը (1737-1809): Նրա ողջ կյանքը անցել է ԱՄՆ-ում` բռնության և անարդարության դեմ
պայքարով: Փեյնն իր հայացքներով ավելի մոտ էր ֆրանսիական լուսավորիչների ձախ
թևին: Փեյնին ճանաչում բերեց «Առողջ մտածողություն» (1776) աշխատությունը, որը
կարծես զանգակի դեր կատարեց` սկիզբ դնելով ազատագրական կռվին: Այնուհետև
հրատարակեց «Ամերիկյան ճգնաժամերը» աշխատությունը, որը Վաշինգտոնի
հրամանով ընթերցվեց բանակի համար, որպես ռազմական հրաման: Առաջին
աշխատության մեջ Փեյնը հիմնավորում է անկախության և հանրապետության
կոնցեպցիան: Իսկ երկրորդի մեջ նա անկախության համար պատերազմը ներկայացնում
է որպես ժողովրդական պատերազմ: Փեյնի ստեղծագործությունների նոր էտապը
կապված է Ֆրանսիական հեղափոխության հետ, որին հեղինակը մասնակցություն
ունեցավ: Նա իր հեղափոխական գաղափարները ներկայացրել է «Մարդու
իրավունքները» աշխատությունում, որը գրել է ի պատասխան Է. Բըրքի «Մտորումներ
Ֆրանսիական հեղափոխության մասին» աշխատության: Ի տարբերություն Բըրքի Փեյնն
առաջ է քաշում հեղափոխություն կատարելու ժողովրդի իրավունքը: Հեղինակն իր
«Ագրարային արդարություն» (1797) աշխատությունում քննադատում է սեփականության
գոյություն ունեցող համակարգը և առաջարկում ուտոպիական ծրագրեր:
Հյուսիսամերիկյան անկախության պատերազմների վերաբերյալ Փեյնը գրեց
«Նամակ Ռեյնալին՝ Հյուսիսամերիկյան գործերի մասին» աշխատությունը` Ռեյնալի
«Ամերիկյան հեղափոխության մասին» աշխատության առիթով, որում Ռեյնալը
հումանիզմի ու լուսավորության հիմնավորմամբ քննադատում էր անգլիական
գաղութատիրությունը: Ռեյնալի աշխատությունը հրապարակվել էր մինչ ֆրանսիական
հեղափոխությունը, ուստի հեղինակը խիստ չափավոր էր գնահատել ամերիկյան
հեղափոխությունը: Թ. Ջեֆֆերսոնը, Ջ. Ադամսը, նաև առաջադեմ այլ մտածողներ դժգոհ
էին Ռեյնալի նման վերաբերմունքից: Փեյնը իր նամակում մեղադրում էր Ռեյնալին, որ նա
չի նկատել այն բազմաթիվ պատճառները, որոնց հիման վրա կատարվեց Անգլիայի ու
Հյուսիսամերիկյան գաղութների միջև խզումը, թերագնահատել է Ամերիկայում տեղի
ունեցած իրադարձությունների միջազգային նշանակությունը, որ այդ հեղափոխական
պատերազմների արդյունքում Ամերիկայում ծագեց նոր հասարակական կարգ: Փեյնը
ձգտում էր ուղղել Ռեյնալի սխալները, հատկապես ամերիկացիների համար 1677 թ.
դժվար իրադարձությունները: Քննադատում է Ռեյնալին, երբ վերջինս մեղադրում էր
Ամերիկային, որ դժվարությունները հաղթահարելու նպատակով դաշինք կնքեց
Ֆրանսիայի հետ՝ նկատի ունենալով անգլո-ֆրանսիական հակամարտությունները:
Անկախության պատերազմներին ու ֆրանսիական հեղափոխությանը մասնակցությունը
ընդլայնեց ու խորացրեց Փեյնի աշխարհայացքը հասարակական հարաբերությունների
զարգացման մեկնաբանման խնդրում: Իր «Բանականության դար» աշխատությունում
անխնա քննադատության էր ենթարկում կրոնը և եկեղեցին, ինչպես նաև
Աստվածաշունչը, որին համարում է դիցաբանական, առասպելական մտածողության
աղբյուր: Փեյնն ի տարբերություն Ռուսոյի, սեփականությունը դիտում էր որպես բազում
մարդկանց աղքատության աղբյուր, դատապարտում էր արդյունքի բաշխման գոյություն
ունեցող ձևը: Նկատի ունենալով հասարակության մեծամասնության ունեզրկված
վիճակը` կարծում էր, որ հնարավոր է մեծահարուստներին հարկադրելու ճանապարհով
բարելավել նրանց դրությունը: Նա սեփականատերերի հարստության աղբյուրը
համարում էր բանվորներին աշխատանքի դիմաց ոչ լրիվ վճարելը, որի մեծ մասը մնում
է սեփականատերերին, որի հետևանքով բանվորներին սպասվում է տանջալից
ծերություն, իսկ ձեռնարկատերը լողալու են շքեղության մեջ: Սրանով հանդերձ Փեյնը
արդեն մոտ էր հավելյալ արժեքի տեսության ընկալմանը: 1802 թ. Փեյնը վերադառնում է
Ամերիկա, սակայն այնտեղ նրան դիմավորում են որպես վտանգավոր ռադիկալի: Նա
մահանում է միայնության և աղքատության մեջ: Այսպիսով, ամերիկյան
լուսավորությունը, որը հարստացավ անգլիական ու ֆրանսիական լուսավորիչների
առաջադեմ նվաճումներով, բարերար դեր ու կարևոր ազդեցություն ունեցավ
եվրոպական հասարական առաջադիմական մտքի զարգացման վրա։
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Историография истории нового времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М.,1990, էջ 89-106.
2. Историография истории России до 1917 года, Под ред., М.Ю. Лачаевой, т. 1, М, 2004,
էջ 4-234.

ԱՌԱՋԱՐԿՎՈՂԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Погребысский И. Б., Готфрид Вильгельм Лейбниц. — Изд.2-е, перераб. и доп. — М.:


Наука, 2004.
2. Шиллер Ф. П. Фридрих Шиллер: жизнь и творчество. М., 1955.
3. E. Burke, A Vindication of Natural Society, in Select Works, V. 1, Oxford, 2001.
4. HochstrasserT. J., Natural Law Theories in the Early Enlightenment, Cambridge,
CambridgeUniversity Press, 2000.
ԹԵՄԱհմ. 8. Պաատմագիտությունը Արևմտյան Եվրոպայում 19-րդ դարի 1-
ին կեսին. Անգլիա,

Պատմագիտությունը Անգլիայում 19-րդ դարի առաջին կեսին

19-րդ դարի առաջին կեսին Անգլիայի սոցիալ-տնտեսական կյանքում խոշոր


իրադարձություն էր արդյունաբերական հեղաշրջումը, որի ծավալման արդյունքում
երկրի ողջ տնտեսությունը փոխվեց. արհեստներին ու մանուֆակտուրաներին
փոխարինեցին արդյունաբերությունն ու առևտուրը և Անգլիան դարձավ աշխարհի
արդյունաբերական խոշոր տերությունը։ Փոփոխություններ կատարվեցին նաև
սոցիալական բնագավառում։ Արդյունաբերական հեղաշրջման սոցիալական խոշոր
ձեռքբերումը եղավ բանվորների աճը, իսկ գյուղացիությունը` աստիճանաբար թուլանում
էր ու նվազում։ Աշխատանքի ու կապիտալի միջև սկսվեց պայքար, ինչն իր հերթին
դարձավ քաղաքական կյանքի հիմնական առանցքը։ Արդյունաբերական հեղաշրջման
ընթացքում փոփոխության ենթարկվեց տիրապետող դասակարգերի միջև ուժերի
հարաբերակցությունը։ Բուրժուազիան հրաժարվում էր հաշտվել այն բանի հետ, որ
ազնվականության ձեքին էր գտնվում քաղաքական իշխանությունը, չբավարարվեց
անգամ 1835 թ. իրականացված բարեփոխումներով ու պառլամենտում տեղերի
ավելացումով։ Բուրժուազիան նպատակ ուներ իր ձեռքում կենտրոնացնել ողջ
իշխանությունը։ Անգլիայում տեղի ունեցող քաղաքական ու սոցիալ-տնտեսական
իրադարձություններն իրենց ազդեցությունը թողեցին պատմագրության վրա: Այս
շրջանում ռադիկալներն իրենց ծրագրի իրականացումը ցանկանում էին կատարել
«Ուտիլիտարիզմի(լատիներեն՝utilites-օգտապաշտություն)» փիլիսոփայական
ուղղության մեջ, որի հիմնադիրն էր նշանավոր փիլիսոփա, իրավաբան Երեմիա
Բենտամը (1748-1832 թթ.), ըստ որի բոլոր հարստությունների նպատակահարմարության
ելակետը օգտակարությունն է։ Պետությունն իր գործառույթները պետք է հասցնի
նվազագույնի, հատկապես, տնտեսական բնագավառում, պետք է չմիջամտի առանձին
անձանց հարաբերություններին, մասնավորապես գործարարների ու բանվորների։ Նա
դեմ էր գործարանային օրենսդրությանը, առաջարկում էր վերացնել ապրանքների
արտահանման համար սահմանված հարկը, որը ըստ նրա, խոչընդոտում է առևտրի ու
արդյունաբերության զարգացմանը։ Բենտամի ուսմունքը դարձավ արդյունաբերական
բուրժուազիայի գործունեության հիմնական ծրագիրը:
Բենտամի գաղափարակիցն ու հետևորդն էր տնտեսագետ, ֆինանսիստ Դավիդ
Ռիկարդոն (1772-1823)։ Աշխատել է զարգացնել աշխատանքի արժեքի տեսությունը՝
հետևելով Ադամ Սմիթին։ Նա պնդում էր, որ բանվորական ուժն ու աշխատանքը եկամտի
միակ աղբյուրներն են, ուստի արժեքի որոշման միակ չափանիշն ու հիմքը։ Այսպիսով,
կապիտալիստական եկամտի աղբյուրը աշխատանքն է, որի հիման վրա Ռիկարդոն
հաստատում է, որ եկամտի ու աշխատավարձի միջև եղած հակադրությունը, այլ կերպ
ասած կապիտալիստների ու բանվորների միջև եղած հակամարտությունն է։ Ռիկարդոն
կապիտալիստական հարաբերությունների զարգացման ժամանակաշրջանում ընդգծեց
կապիտալի ու աշխատանքի միջև եղած հակամարտությունները։ Ըստ Ռիկարդոյի
ռենտան հանվում է կապիտալիստական եկամտից ու հակամարտությունն գոյություն
ունի կապիտալի ու աշխատանքի միջև, ուրեմն նաև ստացված եկամտի միջև,
հետևաբար՝ հակամարտություններ գոյություն ունեն բուրժուական ու հողատեր
ազնվական դասակարգերի միջև։ Այստեղից էլ սկսվեց արմատական բուրժուական
խմբավորումների անհաշտ պայքարը հողատեր ազնվականության դեմ։ Սակայն հարկ է
նշել, որ Ռիկարդոն դեռևս անկարող էր հասկանալ պատմության առաջընթացը։ Ըստ նրա
կապիտալիզմը հավիտենական է ու անփոփոխ և այն համարում էր մարդկության
բնական կեցությունը։
19-րդ դարի 1-ին կեսին անգլիական քաղաքական կյանքի ու հասարակական մտքի
վրա մեծ ազդեցություն թողեց 1789 թ. ֆրանսիական հեղափոխությունը: Անգլիական
առաջադիմական շրջանները ջերմորեն ողջունեցին Ֆրանսիայում ֆեոդալական
հարաբերությունների անկումը։ Հեղափոխության հաղթանակի հետ էին կապում
ազգային քաղաքական հաստատությունների ժողովրդավարացման խնդիրը։
Անգլիական հասարակության մեծ մասը պաշտպանում էր ֆրանսիական
հեղափոխության նվաճումները։ Սակայն Ֆրանսիայում հեղափոխության հետագա
խորացումը անհանգստացնում էր անգլիական ունևոր խավին։ Ֆրանսիական
հեղափոխության՝ հին կարգերի կործանմանն ուղղված հետևողական պայքարն
ահաբեկեց հասարակությանը, որի հետևանքով ծագեց մալթուսյան տեսությունը, որի
հիմնադիրն էր Թոմաս Մալթուսը։ Վերջինս «Ակնարկ ազգաբնակչության օրենքի մասին»
(1798) աշխատությունում զարգացնում էր այն միտքը, որ ազգաբնակչության մեծ մասի
վիճակը երբեք չի բարելավվի, որովհետև նրա աճը կատարվում է երկրաչափական
պրոգրեսիայով, իսկ նյութական միջոցների ապահովումը՝ թվաբանական
պրոգրեսիայով, հետևաբար պատերազմներն ու համաճարակներն օգնում են վերացնելու
այդ անհամապատասխանությունը։ Առաջադրելով այդ հակամարդկային տեսությունը`
նա ձգտում էր արդարացնել կապիտալիզմի արատները, դրանք համարելով բնական
անփոփոխ օրենքներ։ Մալթուսի այդ հայացքները քննադատության ենթարկվեցին
առաջադեմ գործիչ Ույլամ Գոդվինի կողմից, որը ներկայացվել է «Բնակչության մասին:
Մարդկության աճի հետազոտություն»(1820) գրքում։
19-րդ դարի 30-ակաների երկրորդ կեսին Անգլիայի քաղաքական կյանքում
սկզբնավորվեց ժողովրդական հզոր շարժում, որըհայտնի է չարտիզմ անունով։ Այն
արդյունք էր Անգլիայում տեղի ունեցած արդյունաբերական հեղաշրջման, որի
հետևանքովձևավորվեց ու հանդես եկավ բանվոր դասակարգը։ Իրար հակադրվեցին
աշխատանքն ու կապիտալը, բանվոր դասակարգի ու բուրժուազիայի միջև ծայր առան
անտագոնիստական հարաբերությունները։ Չարտիստները պահանջում էին երկրում
քաղաքական իշխանությունը հանձնել բանվոր դասակարգին։ Ժողովրդական
մասսաները երկու տասնամյակ շարունակ ձգտում էին իրական դարձնել չարտիստների
այդ ծրագիրը։ Չարտիստները մեծ ազդեցություն ունեցան անգլիական հասարակական-
քաղաքական ու հոգևոր կյանքում։ Անգլիական բուրժուազիան, լավ հասկանալով այդ
շարժման հզորությունը, մի քանի անգամ որոշակի զիչումներ իրականացրեց.
աշխատաժամի կրճատման օրենք, ավելի վայրի ու բացահայտ շահագործումից
հրաժարում, հաշտվեց ու համաձայնվեց բանվորական արհեստակցական
միությունների գոյության հետ։ Չարտիզմը խոր դեմոկրատական հոսանք էր անգլիական
գրականության ու պոեզիայի մեջ: Սրվող սոցիալ-քաղաքական պայքարի ազդեցության
ներքո ձևավորվեց «Երիտասարդ Անգլիա» խումբը, որի մեջ ներգրավվեցին պատմաբան
Կարլեյլը, Դիզրայելին (Բիկոնսֆիլդը, գրող, դիվանագետ) և այլք։
19-րդ դարի առաջին կեսին անգլիական պատմագիտական միտքը գտնվում էր
զարգացման ցածր մակարդակի վրա։ Պատմագիտական սկզբնաղբյուրներն
արխիվներում ու հիմնարկներում մնում էին փակ ու անմշակ։ 1836 թ. պառլամենտական
հանձնաժողովի ստուգումներն արձանագրեցին, որ արխիվային փաստաթղթերի
ոչնչացումը շարունակվում է, ուստի հանձնաժողովի որոշմամբ ստեղծվեց Հանրային
արխիվ (Public Record Offise), որը գործում է մինչև այսօր։ Անգլիական եկեղեցին
խոչընդոտում էր պատմագիտության զարգացմանը, որի հիմնական թեման եկեղեցական
դոգմաներն էին, հին լեզուները, աստվածաբանությունը, իսկ գիտությունը խաթարում էր
նրա հիմքերը, որի դեմ եկեղեցին հաստատել էր խիստ սահմանափակումներ:
Պատմության նկատմամբ հետաքրքրությունն սկսեց մեծանալ ֆրանսիական
հեղափոխության ազդեցությամբ։ Ունևոր դասի ներկայացուցիչներն սկսեցին
հատկապես ուսումնասիրել միջին դարերի պատմությունը` փորձելով այն
իդեալականացնել։ Ուշադրություն դարձվեց միջնադարյան պատմության
ուսումնասիրման վրա, ինչով զբաղվում էր Վալտեր Սկոտը (1771-1832): Հեղինակը
միջնադարի պատմության ուսումնասիրմանը նպաստեց Շոտլանդիայի պատմության
իրադարձությունների լուսաբանմամբ, մասնավորապես նա իր պատմավեպերով
ներկայացնում էր ժողովրդի կյանքն ու կենցաղը։ Սկոտի աշխատությունները հիմնված
են արխիվային հարուստ փաստական նյութի վրա։ Այնքան հավաստի են նրա գործերում
իրադարձությունները, որ անհնարին է առանձնացնել որտեղ է ավարտվում իրականն ու
պատմականը, որտեղ է սկսվում գեղարվեստականը։ Վալտեր Սկոտը երկար տարիներ
աշխատել է անգլիական արխիվներում` դառնալով Շոտլանդական պատմության
ընկերության ակտիվ անդամը: Նա մեծապեսաջակցել է պատմական վավերագրերի
հրապարակման աշխատանքներին։
19-րդ դարի 1-ին կեսին Անգլիայում ևս ձևավորվեցին պատմագիտական
ուղղություններ, որոնք իրարից տարբերվում էին հիմնականում բարեփոխումների ու
հեղափոխությունների հարցերում ունեցած տարրակարծությունների ու մոտեցումների
հետ կապված։ Այս շրջանում հատկապես տարածված էին թորիների և վիգերի
ուղղությունները: Թորիների պատմագիտական ուղղության հետևորդն էր Արչիբլադ
Արիսոնը (1792-1867), որը իր «Եվրոպայի պատմությունը ֆրանսիական հեղափոխության
նախօրեին», «Ռեստավրացիայի ու Նապոլեոն Երրորդի թագավորության
պատմությունը» աշխատություններում հիմնավորում է այն գաղափարը, որ ցանկացած
տիպիռեֆորմ վտանգավոր է գոյություն ունեցող կարգերի համար ու հղի
հեղափոխությամբ: Հեղինակը փառաբանում է անգլիական քաղաքական կարգերը,
ֆրանսիական հեղափոխության իրադարձությունները ներկայացնում է խիստ
կողմնապահումով, քննադատում է յակոբինյաններին, Նապոլեոն Բոնապարտին,
փոխարենը մեծարում է անգլիական գործիչներին:
Վիգերի պատմագիտական ուղղության հետևորդ պատմաբաններ Հենրի Գալամը
(1777-1859), Թոմաս Մակոլեյը (1800-1859), ունեին այլ կողմնորոշում։ Նրանք ցանկանում
էին հիմնավորել չափավոր բարեփոխումների գաղափարը, նշելով գոյություն ունեցող
կարգերի թերությունները, սակայն միաժամանակ, վախենում էին հեղափոխական
շարժումներից, ժողովրդական մասսաների ակտիվությունից, որի մեջ տեսնում էին
մասնավոր սեփականության դեմ ուղղված վտանգ։ Դա նրանց ահաբեկումն էր, ինչն էլ
ստիպում էր կողմնակից լինել աստիճանաբար իրականացվող չափավոր ռեֆորմներին՝
հինը պահպանելու նպատակով։ Նման տեսակետ էր զարգացնում այս ուղղության
հետևորդ Ջոն Ռասսելը (1792-1878)։ Նա իր «Անգլիական կառավարության ու
սահմանադրության պատմության ակնարկներ» աշխատությունում ցույց էր տալիս, որ
ազատությունը (այսինքն՝ գոյություն ունեցող կարգերը) կարելի է պաշտպանել չափավոր
բարեփոխումների անցկացմամբ։ Նման տեսակետ էր պաշտպանում նաև Հենրի Գալամը
իր «Անգլիայի սահմանադրական պատմությունը Հենրիխ 7-րդից մինչև Գեորգ 2-րդը
(1485-1760 թթ.)» աշխատությամբ, ինչպես նաև Թոմաս Մակոլեյը իր «Անգլիայի
պատմությունը Յակով 2-րդի թագավորումից սկսած» աշխատությամբ։ 1830 թ. նա
ընտրվեց պառլամենտում, մասնակցեց պառլամենտական պայքարին, դարձավ
ռազմական նախարար, վճռականորեն դեմ էր Անգլիայում քաղաքական կարգերի
դեմոկրատացմանը։ 1842 թ. պառլամենտում չարտիստական պետիցիան քննարկելու
ժամանակ Մակոլեյը դեմ արտահայտվեց ընդհանուր ընտրական իրավունքին։ Նա իր
պատմագիտական աշխատություններով մեծ վարպետությամբ հիմնավորում ու
պաշտպանում է տիրապետող խմբավորումների շահերը, ձգտում է բուրժուազիայի ու
խոշոր հողատերերի միջև ստեղծել միություն՝ ընդդեմ ժողովրդական մասսաների։ Նրա
ուշադրության կենտրոնում է 1688 թ. «անարյուն հեղափոխությունը», որը յուրահատուկ
համաձայնություն էր տիրապետող խմբավորումների միջև և նրա արդյունքները
հակադրում է 1648-1660 թթ. հեղափոխությանը, որը վերացրեց Անգլիայի վեհությունն ու
հզորությունը։ Մակոլեյը պատմական փաստերի վրա ուշադրություն չէր դարձնում,
գտնելով, որ պատմաբանը չի կարող հետևել պատմական փաստերի ընթացքին։
19-րդ դարի 1-ին կեսին արմատական բուրժուական պատմագիտական միտքը
ներկայացնում էր Ջորջ Գրոտը (1794-1871), որը պառլամենտական ռեֆորմի համար
մղվող պայքարի ակտիվ մասնակիցն էր, պառլամենտի պատգամավոր։ «Հունաստանի
պատմությունը» աշխատությունում նա բարձր է դասում Աթենական դեմոկրատիան,
նրանում տեսնում է իդեալ, որին պետք է ձգտի հասնել Անգլիան։ Նա դեմոկրատիայի
զարգացման շրջանը համարում է Պերիկլեսի կառավարման շրջանը, որը
համապատասխանում է հունական մշակույթի ծաղկման ու Աթենքի քաղաքական
բարձրացման հետ։ Հունաստանի գրավումը Մակեդոնիայի կողմից նա դիտում է ինչպես
ազատության ու դեմոկրատիայի, այնպես էլ հունական մշակույթի անկում։
19-րդ դարի 1-ին կեսին պատմագիտական ուղղություններից էր
մանրբուրժուականը, որի հայտնի ներկայացուցիչն էր Ուիլյամ Կոբբետը (1762-1835):
Կոբբետը ֆերմերի որդի էր, լրագրող, հրատարակիչ, գոյություն ունեցող կարգերի
քննադատ, մերկացնում էր հարուստների ձրիակերությունը, դատավորների
դաժանությունն ու կաշառակերությունը, գործարարների ժլատությունը, հարձակվում էր
կառավարման համակարգի, հարկերի, ռազմական քաղաքականության դեմ։ Նա
քաղաքական բարեփոխումների կողմնակից էր։ Կոբբետի պատմագիտական
աշխատություններն են. «Բողոքական ռեֆորմացիայի պատմությունը
Անգլիայում»,«Խնամակալության ու Գեորգ 4-րդ թագավորի կառավարման
պատմությունը»։ Առաջինում քննարկում է ռեֆորմացիայի ընթացքում բազում
եկեղեցիների ավերման և այսպես կոչված «ռեֆորմների» հարցերը, որոնք
հասարակությանը պարտավորեցնում էին զբաղվել աղքատներով։ Վառ գույներով
ներկայացնում է ժողովրդական մասսաների դրության վատացումը։ Նա հրապարակել է
փաստաթղթերի մի քանի ժողովածուներ։
19-րդ դարի 1-ին կեսին հայտնի պատմաբաններից էր Թոմաս Կառլեյլը (1795-1881):
Նա վաղ տարիքից զբաղվել է գրական գործունեությամբ, թարգմանել է Ֆիխտե, Գյոթե,
Հեգել։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Հեգելի փիլիսոփայությունը։ Պատմագիտական
հայացքներով մոտ էր ռոմանտիկներին, սակայն ի տարբերություն նրանց ընդունում էր
պատմության առաջընթացը։ Հետևում էր պատմագիտական մանրբուրժուական
դպրոցին։ Առաջին խոշոր աշխատությունն էր «Ֆրանսիական հեղափոխությունը», որում
իրադարձությունների շարադրանքը հասցնում է մինչև 1795 թվականը։ Գիտական
առումով թույլ աշխատություն է, արխիվային նյութերը սակավ են, չի տիրապետում
հեղափոխության տնտեսական նախադրյալներին, մերժում է դասակարգային պայքարը,
հեղափոխությունը ներկայացնում է որպես անարխիա։ Փառաբանում է Միրաբոյին,
Դանտոնին, չի թաքցնում համակրանքը Ռոբեսպիերի ու Մարատի նկատմամբ։ Մեծ տեղ
է հատկացնում յակոբինյաններին, ատում է ժիրոնդիստներին։ Կարլեյլը հետազոտել է
չարտիստական պատմության հարցերը, գրել է «Չարտիզմ» աշխատությունը, որում իր
ցավակցությունն է հայտնում ժողովրդին անլուր տանջանքների ենթարկվելու համար։
Նա գտնում է, որ չարտիզմի արմատները ժողովրդի աղքատության, անիրավական
դրության մեջ են, ընդգծում է, որ ժողովրդին հետապնդումներով ոչնչացնելն անհնարին
է։ 40-ական թվականներին Կարլեյլի պատմագիտական հայացքներն ավելի
հետադիմական դարձան։ Նա սկսեց իդեալականացնել անցյալը։ «Ամենից առաջ և
այժմ»աշխատությունում ներկայացնում է միջնադարի իդեալականացված պատկերը, ուր
իբր թե թագավորում էին բարի ու հասարակ սովորույթները, ինքնակալն ապահովում էր
մարդկանց ազատությունն ու բարեկեցությունը, իսկ եկեղեցին ապահովում էր բարքերի
անաղարտությունը։ Կարլեյլի փիլիսոփայական հայացքների հիմքում ընկած էին
սուբյեկտիվ իդեալիզմի սկզբունքները։ Նա կարծում էր, որ պատմական պրոցեսը չի
ենթարկվում օբյեկտիվ օրինաչափության, այն պայմանավորված է առանձին անձանց
գործունեությամբ։ Այդ դատողությունները նա շարադրել է իր «Հերոսներ, հերոսների
փառաբանումն ու հերոսականը պատմության մեջ» աշխատությունում։ Պատմությունը
դիտում է որպես մեծ մարդկանց, անհատների կենսագրություն, նրանք են ստեղծում
պատմությունը, իրենց հանճարով իրենց կնիքը դնում նրա վրա։ «Իսկական
արիստոկրատներն են կատարում այդ դերը, իսկ ժողովրդական զանգվածները
հանդիսանում են կույր գործիքներ մեծ մարդկանց ձեռքին»,-գրում էր նա։ Ուժեղ
անհատների մեջ նա փնտրում էր հեղափոխության դեմ պայքարող ուժի, որը կարող էր
պաշտպանել բուրժուական հասարակարգը հեղափոխություններից։ «Քանի դեռ
մարդկությունը կա, միշտ կլինեն Կրոմվելներ ու Նապոլեոններ՝ սանկուլյոտներին
(անվարտիքավորներ) վերջ տալու համար»։ Կարլեյլը զբաղվել է Կրոմվելի կյանքի
պատմության ուսումնասիրմամբ, հրապարակել է «Օլիվեր Կրոմվելի կյանքը և
գործունեությունը» հինգհատորյա աշխատությունը, ապա հրապարակել է արժեքավոր
վավերագրեր՝ դրանց կցելով առաջաբան։ Անգլիական բուրժուական պատմագրության
ներկայացուցիչները նախկինում Կրոմվելի մեջ տեսնում էին բռնակալի,
թագավորասպանի, իսկ Կարլեյլը փորձում է նրա գործունեությամբ բացահայտել
պետական գործչի էությունը։ Սակայն նրա պատմա-փիլիսոփայական կոնցեպցիան թույլ
չէր տալիս հասկանալու անգլիական բուրժուական հեղափոխության իրական
նշանակությունն ու շարժիչ ուժերը։ Ի հակադրություն ֆրանսիական հեղափոխության,
անգլիական հեղափոխությունը, ըստ նրա, կրում էր կրոնական բնույթ, երկրային
նպատակներ չուներ։ Կրոմվելը հեղափոխության միակ հերոսն էր, որ նրա վրա դրեց իր
հանճարի կնիքը, որ Կրոմվելը հանդիսանում է հեղափոխության դահիճը։ 1848 թ.
հեղափոխությունից հետո Կարլեյլի հայացքներն ավելի հետադիմական են դառնում։ Նա
ահաբեկված այդ հեղափոխությունից, գրում է «Ֆրիդրիխ 2-րդ Պրուսացու պատմությունը,
որը կոչվում էր Ֆրիդրիխ Մեծ»աշխատությունը, որում փառաբանում է կայսրին` որպես
հերոսի ու պրուսական ռազմա-յունկերական-ճորտատիրական կարգերը։ Կարլեյլի
հայացքներում փոփոխությունն այնքան ակնհայտ էր, որ բուրժուազիայի անհաշտ
քննադատողից վերածվեց նրա ջերմ պաշտպանի։ Ավելի ուշ բացահայտ հանդես է գալիս
ժողովրդական զանգվածների դեմ, հարձակումներ է գործում 1871 թ. Փարիզի Կոմունայի
նկատմամբ, կողմնակից էր ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ նեգրերի
ստրկական կացության գոյատևմանը:
19-րդ դարի 1-ին կեսին զարգացավ նաև ուտոպիական սոցիալիզմի ուղղությունը,
որի հայտնի ներկայացուցիչն էր Ռոբերտ Օուենը (1771-1858), մեծ մտածող, որը
քննադատության ենթարկեց կապիտալիստական համակարգը, արտահայտելով, դեռևս
նոր կազմավորվող, բանվոր դասակարգի ձգտումներն ու շահերը։ Ուսումնասիրելով
կապիտալիստական իրականությունը` նա հասկացավ մասնավոր սեփականության
վրա հենված հասարակության անօգտակարությունը, որ գոյություն ունեցող կարգերում
հասարակության մի մասը ծայրահեղ աղքատ է, իսկ մյուս մասը՝հարուստներն են, որ
նման իրավիճակը պատահական երևույթ չէ, որ այն առաջացել է հասարակության
զարգացման ընթացքում, իրերի դրությունից։ Այս մտքերն այնուհետև նա
զարգացրեցկոմունիստական սկզբունքներով համայնքի ստեղծման իր ծրագրում, որը
հենվում էր գույքի ու համատեղ հավասար աշխատանքի սկզբունքի վրա։ Օուենի
սոցիոլոգիական տեսության մեջ գլխավորը այն է, որ արդյունաբերական հեղաշրջման
հետևանքով ստեղծված նոր արդյունաբերական համակարգը և նոր արտադրողական
ուժերը, նյութական պայմանները հնարավոր կդարձնեն նոր հասարակության
ստեղծումը։ Հարկ է նշել, որ արտադրողական ուժեր (այսինքն՝ տեխնիկայի ու
աշխատանքի կազմակերպման նոր ձևը միասին վերցրած) առաջին անգամ առաջադրվել
է Ռ. Օուենի կողմից։ Ըստ նրա, այդ արտադրողական ուժերի զարգացումն այնպիսի
ծավալներ է ընդունել, որ նյութական բարիքներով կարող է ապահովել ամբողջ
աշխարհին։ Հետևաբար, Օուենը պարզորոշ գիտակցում էր նոր հասարակական կարգերի
ստեղծման գործում օբյեկտիվ նյութական պայմանների գոյության անհրաժեշտությունը։
Սրանով հանդերձ Օուենի հայացքները հետևողական չէին ու թույլ էին։ Հետևելով 18-րդ
դարի ռացիոնալիստների հայացքներին, նա կարծում էր, որ գոյություն ունեցող
հասարակության արատները հանդես են գալիս անկրթությունից, մոլորություններից,
հարկ է բացահայտել ու պարզել դրանց, որից հետո, ըստ նրա,
ճշմարտությունը ներկայացնել մարդկանց, բացատրել գոյություն ունեցող պայմանների
վերացման անհրաժեշտությունը։ Մասնավոր սեփականության հանդես գալու հարցում
ևս հետևում էր ռացիոնալիստներին, կարծելով, որ մասնավոր սեփականության
առաջացումը պայմանավորված է բռնության ու անկրթության հետ։ Նման գիտակցմամբ
նա ենթադրում էր, որ մարդկության ամբողջական կատարելագործումը հնարավոր է
մասնավոր սեփականության, միաժամանակ նաև ընտանիքի, որը բուրժուական
հասարակարգում գնման ու վաճառքի առարկա էր, եկեղեցու վերացմամբ։ Դրանք
հանդիսանում էին մարդկանց թշվառության պատճառները։ Սրանով հանդերձ Օուենը
բացառում էր դասակարգային պայքարը, հնարավոր էր համարում բանվորների ու
կապիտալիստների համերաշխության հաստատումը։
19-րդ դարի 1-ին կեսին զարգացավ նաև չարտիստական պատմագրությունը, որի
կարևոր դեմքն էր Ջեյմս Օբրայենը (1805-1864): Ստացել է լավ կրթություն ու
դաստիարակություն, եղել է հրապարակախոս։ Իր պատմագիտական հայացքներով
Օուենի հետևորդն էր, սակայն նրա առաջարկած համակարգում կատարեց որոշ
փոփոխություններ։ Հակառակ Օուենի, որը չէր ընդունում քաղաքական պայքարը,
Օբրայենը պնդում էր, որ ժողովուրդը պետք է հասնի քաղաքական իրավունքների
քաղաքական պայքարի միջոցով, այդ իրավունքները գործադրի ժողովրդական
ներկայացուցչական հիմնարկներում ընտրվելու համար։ Այդ ճանապարհով ժողովուրդն
ստանալով իշխանություն, կարող է ստեղծել Օուենի երազած կոմունիստական
հասարակարգը։ Օբրայենի կարևոր պատմագիտական աշխատությունն է «Ռոբեսպիերի
կենսագրությունը»։ Հակառակ վիգական պատմագիտական ուղղության հետևորդ
Մակոլեյի, որը ահաբեկված հեղափոխությունից ու ժողովրդական մասսաների
ելույթներից, փառաբանում էր իշխող վերնախավի կողմից` ընդդեմ ժողովրդի, կնքված
համաձայնությունները, ապա Օբրայենը հատկապես հեղափոխության մեկնաբանումն
օգտագործում էր պատմական գործընթացում ժողովրդական մասսաների ուժն ու
վճռական դերը։ Նա ժողովրդին համարում էր պատմության շարժիչ ուժը, որ
հեղափոխությունը, նաև ֆրանսիական հեղափոխությունը, օրինաչափ երևույթ էր։
Սրանով է պայմանավորված նրա կողմից Ռոբեսպիերի գործունեության
լուսաբանումը։ Բուրժուական պատմագրության ներկայացուցիչները ջանք չէին
խնայում Ռոբեսպիերի անձը նվաստացնելու, իսկ Օբրայենը բոլորովին այլ կերպ էր
դատում։ Նա Ռոբեսպիերին համարում է խոշոր քաղաքական գործիչ, ժողովրդի
բարեկամ, որ պարզորոշ պատկերացնում էր ծավալվող իրադարձությունների իմաստը։
Այդ աշխատությունում Օբրայենը մեծ ուշադրություն էր դարձնում Ֆրանսիայի
տնտեսության հարցի ուսումնասիրությանը: Լուսաբանել է հեղափոխության ընթացքում
տարբեր դասակարգերի միջև մղվող դասակարգային պայքարի հիմնահարցը, առանձին
դասակարգերի դերն այդ պայքարում։ Օբրայենի այդ աշխատությունն անգլիական
պատմագիտական մտքի խոշոր նվաճումներից է, ընդգծվում է նրա այդ գործի
առաջադիմությունն իր ժամանակակից այլ պատմաբանների աշխատությունների
համեմատությամբ։
ԹԵՄԱ հմ. 9. Պաատմագիտությունը Արևմտյան Եվրոպայում 19-րդ դարի 1-
ին կեսին., Ֆրանսիա

Պատմագիտությունը Ֆրանսիայում 19-րդ դարի 1-ին կեսին

19-րդ դարի առաջին կեսին Ֆրանսիայում պատմագրությունն սկսեց զարգանալ


բուրժուական հասարակության հաստատման պայմաններում: Նախորդ դարի վերջում
տեղի ունեցած իրադարձությունները և կատարված փոփոխություններն սկսեցին
հիմնականում արտահայտվել 30-40-ական թթ.: Այս շրջանում տեղի ունեցող սոցիալ-
քաղաքական պրոցեսները բաժանվում է երկու էտապի` 1815-30 թթ., երբ
ռեստավրացվեցին Բուրբոնները, իսկ հասարակական-քաղաքական ուժերը սկսեցին
պայքարը միապետության և հոգևորականության դեմ, որտեղ գլխավոր դերը
պատկանում էր լիբերալներին: Երկրորդ էտապը սկսվեց 1830 թ., երբ բուրժուազիան
անցավ իշխանության գլուխ` փորձելով վերջնական ապահովել իր իշխանությունը և
սկսեց երկրի արդյունաբերական-կապիտալիստական զարգացումը: Ֆրանսիայում տեղի
ունեցող այս իրադարձություններն ազդեցին պատմագրության վրա, որի արդյունքում
ձևավորվեցին տարբեր ուղղություններ կամ դպրոցներ:
Ռեստավրացիայի ժամանակաշրջանի պատմագիտական միտքը
Ռեստավրացիայի ժամանակաշրջանում պատմական գիտության նկատմամբ
ուշադրությունն ավելի ուժեղացավ և հենց այս ժամանակ էլ Ֆրանսիայում պատմությունը
դառնում է “դարի գիտությունը”: Հետաքրքրությունը մեծացավ պատմական անցյալի
նկատմամբ: Մյուս կողմից պատմությունը դարձավ գաղափարական-քաղաքական
պայքարի ասպարեզ ռեակցիոն և լիբերալ ուժերի համար: Ռեստավրացիայի
ժամանակաշրջանում ևս առաջացան առանձին դպրոցներ:
Ռեակցիոն ռոմանտիզմ-սա ավելի շատ ներկայացնում էր հետադիմական
գաղափարներ: Նրանք փառաբանում էին միապետական կարգերը, իսկ գաղափարական
հիմքը պրովիդենցիոնալիզմի կամ նախախնամության գաղափարն էր: Ըստ նրանց ամեն
ինչ կանխորոշված է աստծո կողմից, հետևաբար պետք է ենթարկվել գոյություն ունեցող
կարգերին: Այս ուղղության ներկայացուցիչներին անվանում էին նաև հրեշավոր
երրորդության կողմնակիցներ` այսինքն, թագավորը և դահիճը: Թալերյանի խոսքերով`
նրանք ոչինչ չէին սովորել և ոչինչ չէին մոռացել: Այս ուղղության ամենահայտնի դեմքը
գրաֆ Ժոզեֆ դե’ Մեստերն էր (1753-1821): Նա եղել է հրապարակախոս, քաղաքական
գործիչ, փիլիսոփա և երկար տարիներ անցկացրել է վտարանդիության մեջ (1802-17 թթ.
ապրել է Պետերբուրգում) և ներկայացնում է կղերաֆեոդալական ուղղությունը: 1796 թ.
դե’ Մեստերը վտարանդիության մեջ հրատարակեց «Քննարկումներ Ֆրանսիայի մասին»
աշխատությունը, որն ուղղված էր ֆրանսիական հեղափոխության դեմ: Նրան մեծ
հեղինակություն բերեցին «Պապի մասին» (1819) և «Պետերբուրգյան գիշերներ»
ստեղծագործությունները: Նա դեմ էր սահմանադրությանն ու օրենքներին և կողմնակից
էր թագավորի ու եկեղեցու իշխանությանը, իսկ պատմությա հիմքում դնում էր
նախախնամության գաղափարը:
Դե’ Մեստերի գաղափարներին մոտիկ էր Լուի դե Բոնալդը (1754-1840):
Վտարանդիության մեջ նա գրեց «Քաղաքացիական հասարակության քաղաքական և
կրոնական իշխանության տեսությունը` հիմնված բանականության և պատմության վրա»
(1796) աշխատությունը: Ըստ Բոնալդի հասարակական կարգապահությունը հիմնված է
երեք գործոնների վրա` կրոնի գերիշխում, դասային անհավասարություն և բացարձակ
միապետություն: Բոնալդը ևս քննադատում էր լուսավորիչների գաղափարները մարդու
անձի և հասարակական դաշինքի վերաբերյալ:
Պատմագիտական մտքի վրա մեծ ազդեցություն թողեցին հայտնի գրող Ֆրանսուա
Ռենե դե Շատոբրյանի (1768-1848) գաղափարները: Նա վտարանդիության մեջ մշակեց և
1797 թ. Փարիզում հրատարակեց «Հին և նոր հեղափոխությունների պատմական,
քաղաքական և բարոյական փորձը» աշխատությունը, որն ուղղված էր Լուսավորության
և ֆրանսիական հեղափոխության դեմ: Նրա ամենահայտնի ստեղծագործությունները
երկուսն են` «Քրիստոնեության հանճարը» (1802) և «Նահատակներ» (կամ Մարտիրոսներ
1809): Հեղինակը ներկայացնում էր միջնադարյան բարքերը և ապացուցում, թե
քրիստոնեությունը ինչպիսի բարենպաստ ազդեցություն է թողել մշակույթի վրա: Իսկ
երկրորդ պոեմում նա փառաբանում է այն հերոսներին, որոնք զոհվել են հանուն
քրիստոնեական գաղափարախոսության:
Ռեստավրացիայի ժամանակաշրջանի պատմաբաններից է նաև գրաֆ Ֆ. Դ.
Մոնլոզեն (1755-1821): Նա երեք հատորով թողել է «Ֆրանսիական միապետության
պատմությունը իր հիմնադրումից մինչև մեր օրերը» (1814-21) աշխատությունը, որտեղ
ներկայացված է ֆրանսիական միապետության պատմությունը:
Լիբերալ դպրոց: 19-րդ դարի 20-ական թթ. Ֆրանսիայում զգալիորեն աճեց
հասարակական-քաղաքական պայքարը: Բուրբոնները փորձում էին վերականգնել
նախկին միապետական համակարգը, իսկ դրան ընդդիմանում էին լիբերալ ուժերը:
Միաժամանակ ողջ Եվրոպայում տարածվեց հեղափոխությունների նոր ալիք: Այս նոր
դպրոցի հիմնադիրները երիտասարդներ էին` հիմնականում ներկայացնելով լիբերալ
գրատպությունը: Նրանք որոշակի դասեր էին քաղել Ֆրանսիայի անցյալից և գտնում էին,
որ պատմության զարգացման հիմքում ընկած է դասակարգային պայքարը, սակայն դա
ասելով նրանք հիմնականում հասկանում էին 3-րդ դասի և ավատատիրական
վերնախավի միջև ծավալված պայքարը: 3-րդ դաս ասելով նրանք հստակ պատկերացում
չունեին թե ինչ է դա, ավելի շատ նրանց անվանում էին զանգվածների ամբողջություն:
Որպես մեթոդոլոգիա այդ պատմաբանները որդեգրեցին 18-րդ դարի ֆրանսիական
լուսավորականների բանականության տեսությունը` այն մաքրելով ավելորդ և
չհիմնավորված դրույթներից:
Ռեստավրացիայի շրջանի լիբերալ դպրոցի ամենահայտնի հիմնադիրներից էր
Օղյուստեն Թերին (1795-1856): Նրան անվանում են դասակարգային պայքարի
պատմության հայր: Նա իր աշխատություններում ներկայացրել է տարբեր դասերի,
ժողովուրդների և ռասաներ պայքարը: Թերին հատկապես անդրադարձել է 11-12-րդ
դարերում ֆեոդալների դեմ քաղաքային կոմունաների պայքարին, որն էլ համարել է
«իսկական սոցիալական հեղափոխություն»: Թերին 1817-1820 թթ. ընթացքում
հրատարակեց մի շարք փայլուն հոդվածներ, որոնք ավելի ուշ հավաքվեցին մեկ
ժողովածուում «Պատմության ուսումնասիրման տասը տարի խորագրով»: 1825 թ.
հրատարակվեց Թերիի գլխավոր աշխատությունը` «Անգլիայի նվաճումը նորմանների
կողմից», իսկ 1827-ին` «Նամակներ Ֆրանսիայի պատմության վերաբերյալ» գործը:
Թերին իր բոլոր աշխատություններում կարմիր թելի պես անցկացնում է դասակարգային
պայքարի տեսությունը:
Լիբերալ դպրոցի հաջորդ հայտնի ներկայացուցիչը Ֆրանսուա Գիզոն է (1787-
1874): Նա եղել է ոչ միայն խոշոր պատմաբան, այլև քաղաքական գործիչ` երկար
տարիներ Լուի Ֆիլիպպի կառավարությունում վարել է վարչապետի պաշտոնը,
հետևաբար նրա աշխատություններն ունեն աղբյուրագիտական նշանակություն: Գիզոն
ուսումնասիրել է Ֆրանսիայի միջնադարյան պատմությունը, սակայն հիմնական
ուշադրությունը կենտրոնացրել է նոր պատմության վրա: Նրա գլխավոր աշխատությունն
է «Ֆրանսիայի պատմության փորձերը» (1823): Գիզոյի հայտնի ստեղծագործություններն
են (Սորբոնի համալսարանում կարդացած դասախոսությունները)` «Քաղաքակրթության
պատմությունը Եվրոպայում» (1828), հասցրել է մինչև ֆրանսիական հեղափոխությունը
և «Ֆրանսիայի քաղաքակրթության պատմությունը» (1829-30 թթ., հասցնում է մինչև Հուգո
Կապետայի ժամանակները): 1823 թ. նա կազմակերպեց անգլիական և ֆրանսիական
հեղափոխությունների վերաբերյալ հուշագրությունների հրատարակումը (մինչև 1934 թ.
հրատարակվեց համապատասխանաբար 26 և 31 հատորներ): Գիզոն հատկապես շատ է
զբաղվել 17-րդ դարի անգլիական հեղափոխության պատմությամբ: 1826-1827 թթ. լույս
տեսավ նրա «Անգլիական հեղափոխության պատմություն» աշխատության երկու
հատորները, դեպքերը հասցնում էր մինչև Կառլ 1-ինի մահապատիժը: Գիզոն
ապացուցում է, որ անգլիական հեղափոխությունը չնայած իր
առանձնահատկությունների, հիմնականում նման է ֆրանսիական հեղափոխությանը:
Երկուսն էլ կրոնական և քաղաքական պայքար է, որոնք թաքցնում են սոցիալական
խնդիրները, նաև պայքար է տարբեր դասերի միջև իշխանության համար: Գիզոն
պատմության զարգացման հիմքում դնում էր գրքի գաղափարը: Նա ևս մեծ տեղ էր
հատկացնում դասակարգային պայքարին:
Լիբերալ դպրոցի պատմաբաններից էր Ֆրանսուա Օղյուստոմ Մինեն (1796-1884):
Նա 1824 թ. 2 հատորով հրատարակեց «Ֆրանսիական հեղափոխության պատմություն»
աշխատությունը: Նա հեղափոխությունը համարում էր անհրաժեշտություն, որը
վերացրեց միջնադարյան համակարգը: Դա նաև դասակարգային պայքարի արդյունք էր
և Մինեն համոզված էր, որ հասարակության մեջ իշխանությունը պետք է պատկանի
«ապահովված և լուսավորյալ դասակարգին»:
Մինեի սկզբունքների դիրքերից է իր «Ֆրանսիական հեղափոխության
պատմություն» աշխատությունը գրել Ադոլֆ Թերին (1797-1877): Այս աշխատության 8
հատորները լույս տեսան 1823-27 թթ.: Թերին ևս հեղափոխությունը համարում էր
անհրաժեշտություն, անգամ ճակատագրական պարտավորություն: Թերին ներկայացրել
է հեղափոխության վերաբերյալ ռազմական և ֆինանսկան նյութեր: Այս երկուսի
աշխատությունները բարձր են գնահատվել և ունեն աղբյուրագիտական նշանակություն:
Այս շրջանում ձևավորվեց նաև ուտոպիստական սոցիալիստական ուղղությունը,
որի գաղափարների ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցան Կլոդ Անրի դե Սեն-
Սիմոնի հայցքները (1760-1825): Նա պատմական երևույթները լուսաբանել է
դիալեկտիկայի դիրքերից, դրանք ներկայացրել պայքարի մեջ: Ի տարբերություն
մարքսիզմի նա այդ պայքար մեջ դնում էր ոչ թե արտադրական ուժերի բախումը, այլ
գաղափարների բախումը: Սեն-Սիմոնը գտնում էր, որ ֆրանսիական հեղափոխությունը
կղերաֆեոդալական և արտադրական դասերի բախման արդյունքն էր կամ
դասարակգային պայքար հարուստների և աղքատների միջև: Սեն-Սիմոնը մեծ
ուշադրություն է դարձրել քրիստոնեկան գաղափարախոսությանը: Նա առաջիններից էր,
ով տեսավ, որ բուրժուական հասարակարգը ևս անբարոյական է և նկատեց բանվոր
դասակարգի դերը:
Հուլիսյան միապետության ժամանակաշրջանի ամենահայտնի պատմաբանը
Ալեքսիս դե Թոքվիլն է (1805-1859): 1835-40 թթ., Ամերիկա կատարած
ճանապարհորդությունից հետո, Թոքվիլը 2 հատորով հրատարակեց
«Ժողովրդավարությունը Ամերիկայում» աշխատությունը: Այս աշխատությունը
վերահրատարակվել է 13 անգամ և մինչև օրս չի կորցրել իր արժեքը: Նա խորությամբ
ուսումնասիրել է Ամերիկայի ներքաղաքական և վարչական կյանքը: Թոքվիլը ինչ-որ տեղ
մարգարեացրել է Արևմուտքին, միաժամանակ համեմատություններ է անցկացրել ԱՄՆ-
ի և Ռուսաստանի միջև: Թոքվիլի կարծիքով ԱՄՆ-ում առկա սոցիալ-քաղաքական
համակարգը մեծապես նպաստում է արտադրության զարգացմանը, հետևաբար
ժողովրդավարության մասին կարելի է խոսել: Թոքվիլը կարողացել է կանխատեսել, որ
20-րդ դարից սկսած հետագա դարերում պատերազմի և խաղաղության հարցը կախված
կլինի հենց այս երկու պետություններից: Նա նաև անդրադարձել է ֆրանսիական
հեղափոխությանը և նապոլեոնյան դիկտատուրային, վերջինը համարելով
հեղափոխության յուրահատուկ շարունակությունը:
19-րդ դարի 40-ական թթ. Ֆրանսիայում ձևավորվեց նաև մանրբուրժուական
դեմոկրատական ուղղությունը, որի ներկայացուցիչները ևս առաջին հերթին
հետաքրքրված էին ֆրանսիական հեղափոխությամբ: Նրանց համար որպես
փիլիսոփայական հիմք հանդիսանում էր փիլիսոփայական էկլեկտիզմը և
ագնոստիցիզմը, որոնք բխում էին մանր բուրժուազիայի շահերից: Էկլեկտիզմ նշանակում
է, որ մի երևույթ բացատրվում է և՛ այսպես, և ՛այնպես, իսկ ագնոստիցիզմ` այսինքն դրա
բացատրությունը հնարավոր չէ: Այս ուղղության ամենախոշոր ներկայացուցիչը է Ժյուլ
Միշլեն (1798-1874): Նրա գլխավոր աշխատություններն են` բազմահատոր «Ֆրանսիայի
պատմությունը»` սկսած միջին դարերից մինչև 1789 թ. (1833-43 թթ. լույս տեսավ առաջին
վեց հատորները, 1867-ին` վերջին 17-րդ հատորը) և յոթը հատորով «Ֆրանսիական
հեղափոխության պատմությունը» (1847-53 թթ. լույս տեսավ առաջին վեց հատորները,
իսկ 1857-ին` վերջին 7-րդ հատորը): Նրա աշխատությունները գրված են
գեղարվեստական մեծ շնչով, կարծես մի դյուցազներգություն լինի, որտեղ գլխավոր
հերոսը ժողովուրդն է: Միշլեն օգտագործել է արխիվային փաստաթղթեր: Նա առաջինն
էր, որ լիովին վերականգնեց Ռոբեսպիերին: Միշլեն հեղափոխության ամենամեծ
ձեռքբերումը համարում է այն, որ 1792 թ. օգոստոսի 10-ին հռչակվեց հանրապետություն:
Ֆրանսիական հեղափոխության պատմագրության մեջ առաջացավ նաև
յակոբինյան ավանդույթը, որի նպատակն էր հեղափոխության ընթացքում
արժանի գնահատական տալ յակոբինյաններին: Ներկայացուցիչներից է Ֆիլիպպ
Բյուշեն (1796-1865), ով 1830 թ. հեղափոխությանը մասնակցել է որպես
հանրապետական-դեմոկրատ և համարվում է քրիստոնյա սոցիալիզմի հիմնադիրներից
մեկը: Բյուշեն Ռու-Լավերնի հետ 1834-38 թթ. հրատարակեցին «Ֆրանսիական
հեղափոխության պառլամենտական պատմությունը» բազմահատորյակը: Այս
մոնումենտալ 40 հատորանոց աշխատությունը փաստաթղթերի ժողովածու է և մինչև օրս
չի կորցրել իր նշանակությունը:
19-րդ դարի 30-40-ական թթ. ներկայացվեց նաև ֆրանսիական կոմունիստների
պատմական հայացքները: Կոմունիստական գաղափարների առաջին
ներկայացուցիչներից մեկը դարձավ Ֆիլիպպ Բուոնարոթթին (1761-1837): 1828 թ. լույս
տեսավ նրա «Դավադրություն հանուն հավասարության` անվանելով Բաբյոֆի
դավադրություն» աշխատությունը, որտեղ հեղինակը ներկայացնում է իր հուշերը և
բազմաթիվ փաստաթղթեր բաբուիզմի վերաբերյալ:
ԹԵՄԱ հմ. 10. Պաատմագիտությունը Արևմտյան Եվրոպայում 19-րդ դարի
1-ին կեսին. Գերմանիա

ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ


ԿԵՍԻՆ

19-րդ դարի առաջին կեսին Գերմանիան բաժանված էր ֆեոդալական մեծ ու փոքր


պետությունների: Այս շրջանում Գերմանիան Եվրոպայի ամենահետամնաց երկիրն էր։
Թեև երկրի առանձին շրջաններում՝ Հռենոս-Վեստֆալյան մարզում, Սաքսոնիայում,
Բեռլինում բուրժուական հարաբերություններն ավելի արագ էին զարգանում,
Գերմանիան ամբողջությամբ վերցրած դարի 50-ական թվականներին շարունակում էր
մնալ ագրարային երկիր։ Կապիտալիստական զարգացմանը խանգարում էին
ճորտատիրական հարաբերությունները, փակ տնտեսությունը, ինքնուրույն
պետությունների մեկուսացվածությունը, շուկայի բացակայությունը։ Գերմանիայի
զարթոնքի համար խթան հանդիսացան նապոլեոնյան պատերազմները, որոնք իրենց
հետ բերեցին բազում փոփոխություններ։ Դրանք Գերմանիայում առաջացրին ազգային
քաղաքական միասնության ստեղծման ձգտում։ Նապոլեոնը մերձհռենոսյան
շրջաններում հաստատեց ֆրանսիական առաջադիմական կարգեր։ 1815 թ. Վիեննայի
կոնգրեսը գերմանական միության մեջ թողեց շուրջ 38 ինքնուրույն պետություններ,
որոնք կրկին շարունակեցին զարգանալ իրարից մեկուսի։ Ֆեոդալա-ճորտատիրական
հարաբերությունները շարունակեցին գոյատևել ընդհուպ մինչև 1848-1849 թթ.
հեղափոխությունը, թեև 1815 թ. հետո, մանավանդ, երբ 1834 թ. ստեղծվեց Գերմանական
մաքսային միությունը, որը նպաստեց ազգային շուկայի ստեղծմանը, լուրջ առաջընթաց
ապրեցին բուրժուական հարաբերությունները։ Սակայն բուրժուազիայի քաղաքական
դերը երկրի կյանքում շարունակում էր մնալ աննշան, նրա պահանջներըը
բարեփոխումների իրականացման համար, մնում էին անկատար։ Գերմանական
միությունում ու միութենական սեյմում տիրատետող դիրք ունեին Ավստրիան ու
Պրուսիան, որոնք ամբողջ երկրում հաստատել էին խիստ գրաքննություն: Ռեակցիայի
ճնշումը, հասարակական հարաբերությունների անհասունությունը բավարար
պայմաններ չէին ստեղծում երկրում քաղաքական կուսակցությունների առաջացման
համար։ Նոր ձևավորվող պրոլետարիատի ձգտումները իրենց արտահայտությունը
գտան ուտոպիստ սոցիալիստների երազանքներում, իսկ բուրժուական տարբեր շերտերի
ու մտավորականության ջանքերը դրսևորվեցին հրապարակախոսների, գրողների,
փիլիսոփաների ու պատմաբանների աշխատություններում։ Քննադատական
ուղղության հետևորդների ձեռքերը կապված էին իշխանությունների կողմից, որովհետև
նրանց չնչին իսկ ընդդիմությանը սպառնում էր բանտը, վտարանդիությունը, իսկ
հետադիմական հայացքներ ունեցող գրողներն ու պատմաբանները օգտվում էին
պետության հովանավորությունից։ Այս փուլում առանձնապես մեծ զարգացում ապրեց
փիլիսոփայական միտքը, որի ներկայացուցիչներն էին՝ Յոհան Ֆիխտեն, Ֆրիդրիխ
Շելլինգը, Գեորգ Հեգելը։
19-րդ դարի սկզբին մեծ ճանաչում ուներ Յենայի, ապա Բեռլինի համալսարանների
պրոֆեսոր Յոհան Գոտլիբ Ֆիխտեն (1762-1814): Նա եղել է Կանտի աշակերտը, ում
քաղաքական իդեալն էր բուրժուա-դեմոկրատական հանրապետությունը, որը պետք է
ապահովեր մանր սեփականատերերի քաղաքական ազատությունները։ Իր «Բնական
իրավունքի սկզբունքները» գրքում կողմ է արտահայտվում մասնավոր սեփականության
սահմանափակմանը, հողի ազգայնացմանը, Գերմանիայում ֆեոդալական
մասնատվածության վերացմանը։ Նման առաջադիմական հայացքների քարոզչության
համար նրան ազատեցին Յենայի համալսարանից` մեղադրելով աթեիզմի մեջ։
Պատմությունը Ֆիխտեի համար առաջընթաց զարգացում էր, որի ընթացքում մարդը
հասնում է ազատության` օրինաչափության ու անհրաժեշտության գործադրման
ճանապարհով։ Ազատությունը և անհրաժեշտությունը կազմում են հակադրությունների
միասնության դիալեկտիկան։ Ֆիխտեն քննարկել է տնտեսական, սոցիալական ու անգամ
ընտանեկան հարաբերություններ, մասնավորապես նա անդրադարձել է առևտրին:
Պետությունը պետք է սահմանի գներն ու վերահսկի արտադրությունն ու առևտուրը, իսկ
արտաքին առևտրի մոնապոլիան տրվում է պետությանը:
Ֆրիդրիխ Վիլհելմ Շելլինգն (1775-1854) իր գործունեությունը սկսել է որպես
Ֆիխտեի հետևորդ, սակայն ավելի ուշ հանդես է գալիս օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից:
Շելլինգի համար պատմությունը գոյություն ուներ երեք տարբեր ձևերով`
փորձարարական, պրագմատիկ և գեղարվեստական: Առաջինն ընդգրկում է
փաստաթղթերի նկարագրությունը: Երկրորդը որոշակի նկատառումներով
առանձնացնում է փաստաթղթերը` ելնելով դիդակտիկ կամ քաղաքական
չափանիշներից: Երրորդն իրենից ներկայացնում է յուրահատուկ սինթեզ, որն ընդգրկում
է իրականն ու իդեալականը: Շելլինգը, փորձելով պատմության մեջ լուծել ազատության
ու օրինաչափության խնդիրը, առաջ է քաշում երրորդ հասկացությունը` բացարձակի
գաղափարը, որը բարձրանում է համաշխարհային պատմության ընթացքում: Շելլինգն
այն բաժանում է երեք դարաշրջանների` ճակատագիր, բնություն և նախախնամություն:
Ֆիխտեի ու Շելլինգի գաղափարներն իրենց ավարտուն տեսքը ստացան Գեորգ Վիլհելմ
Ֆրիդրիխ Հեգելի (1770-1831) աշխատություններում: Նա համարվում է գերմանական
դասական փիլիսոփայության գագաթներից մեկը, եղել է Յենայի ու Բեռլինի
համալսարանների պրոֆեսոր։ Նա իր փիլիսոփայության համակարգում ընդգրկեց
մշակույթն ու բոլոր գիտությունները՝ մաթեմատիկա, բնագիտություն, իրավունք,
պատմություն, արվեստ, կրոն։ Նա Շելլինգի բացարձակ նույնականության տեսության
մեջ ներմուծեց բացարձակ, կամ համաշխարհային ոգու հասկացությունը։ Բացարձակ
ոգին առաջնային է ու հավիտենական, իսկ բնությունը՝ երկրորդային, որը ծագել է ոգուց՝
գտնվելով ոչ թե բնության, այլ ինքն իր մեջ։ Հեգելը հիմնավորեց դիալեկտիկական
զարգացման սկզբունքները։ Բացարձակ ոգու զարգացումը կատարվում է որպես
մարդկության պատմության զարգացման անհրաժեշտ ու օրինաչափ գործընթաց։ Այն
անշարժ ու խաղաղ չէ, յուրաքանչյուր նոր փուլում գերակայող տարրերի արդյունքում
ծագում են նոր տարրեր, որը բացառում է նախկինին, ինչը որ գոյություն է ունեցել, ինքը
հանդիսանալով զարգացման նոր փուլ։ Այսպիսով՝զարգացումը իրենից ներկայացնում է`
1) առաջընթաց շարժում, որը զարգանում է անկատարից դեպի կատարյալը՝ իր մեջ
ընդգրկելով նաև ներքին հակադրություններ; 2) նրա ներսում եղած հակադրությունների
միջև պայքար է տեղի ունենում; 3) հակադրությունների պայքարը երևան է բերում անվերջ
փոփոխություն ու կյանքի զարգացում։ Այդ զարգացման գործընթացը (դիալեկտիկան)
կատարվում է ոչ թե իրական հասարակության պատմության մեջ, այլ զարգացումը
կատարվում է բացարձակ ոգու ինքնաճանաչման մեջ։ Պատմական պրոցեսը, ըստ Հեգելի,
իդեաների դիալեկտիկ զարգացումն է մարդու գիտակցության մեջ` հակադրությունների
պայքարի միջոցով։ Համաշխարհային պատմության մեջ բացարձակ ոգու զարգացումը
Հեգելը ներկայացնում է որպես ազատության գիտակցման անընդհատ աճ։ Այդ
զարգացման ընթացքում առաջատար ժողովուրդը յուրաքանչյուր փուլում հասնում է
որոշակի աստիճանի, որից հետո պատմության ասպարեզից հեռանում է՝ իր տեղը
զիջելով այլ ժողովրդի: Վերջինս ազատության գիտակցումը բարձրացնում է ավելի
բարձր։ Բացարձակ ոգու ինքնագիտակցումը տեղի է ունեցել արևելքում, ապա հույների
ու հռոմեացիների մոտ, իսկ առավել բարձր աստիճանի է հասել գերմանական ժողովրդի
մոտ։ Այդ պատկերացման համաձայն Հեգելը նկարագրում է համաշխարհային
պատմական պրոցեսը բավականին կամայական կերպով, տալիս դրա շրջաբաժանումը:
Որպես եվրոցենտրիստ Հնդկաստանի ու Չինաստանի ժողովուրդների պատմության
զարգացումը դուրս է թողնում, այն հիմնավորմամբ, թե Հնդկաստանը պատմություն չի
ունեցել, իսկ Չինաստանի պատմական ուղին չի կապվում Առաջավոր Ասիայի ու
Եվրոպայի ժողովուրդների պատմության զարգացման հետ։ Հետևաբար՝ բացարձակ ոգին
իր զարգացումը ապրել է միայն Եվրոպայում, որի համար Հեգելը եզրակացնում է
«անշուշտ Եվրոպան հանդիսանում է համաշխարհային պատմության ավարտը»։
Հակադրվելով հետադիմական ռոմանտիզմի տեսակետներին՝ Հեգելը միջնադարին
տալիս է բացասական գնահատական, սակայն միաժամանակ կարծում է, որ միջնադարն
ու ֆեոդալիզմը Եվրոպայի պատմության զարգացման համար անհրաժեշտ են։
Միջնադարի բարձրացումը զուգակցվում է քաղաքների զարգացման հետ։ Քաղաքները
ֆեոդալական կարգերի ճնշման հակազդեցությունն են։ Քաղաքները պաշտպանում են
պետական միասնության գաղափարը, հանդես են գալիս ընդդեմ կաթոլի եկեղեցուն,
նախապատրաստում են ռեֆորմացիան` ապահովելով ազատությունը կրոնական
դոգմաների դեմ պայքարի միջոցով։ Հեգելը, ելնելով իր պատմագիտական կոնցեպցիայի
սկզբունքներից, կատարում է կամայական եզրահանգում, որ նոր ժամանակաշրջանում
միայն գերմանացիներն են հանդիսանում ազատության կրողները, իսկ պրուսական
ինքնակալությունը հանդիսանում է բացարձակ ոգու զարգացման ամենաբարձր ու
վերջնական փուլը։ Նրա այդ տեսությունը սերտ կապի մեջ է գտնվում իր հայտնի թեզի
հետ, որ «Ամեն մի իրական բանական է, ամեն մի բանական իրական է», ինչպես նաև
պետության մասին ուսմունքի հետ, ըստ որի պետությունը բացարձակ ոգու դրսևորումն
է, իսկ նրա ֆունկցիան է զավթողական պատերազմներն ու մասնավոր սեփականության
պաշտպանությունը։ Հեգելը փիլիսոփայական էսթետիկան ու քաղաքական իդեաները
քննարկման է ենթարկում պատմականորեն։ Պատմության զարգացման ներքին կապը
ներկայացնում է որպես նրա զարգացման ներքին օրինաչափություն, որը դրսևորվում է
կարծեցյալ պատահականության նրա բոլոր դրսևորումներում։ Զարգացման այդ
օրինաչափությունը Հեգելը տարածեց մարդու հասարակական ու հոգևոր կյանքի բոլոր
ոլորտների վրա։ Դրանով նա պատմության հասկացությունը ազատագրեց
մետաֆիզիկայից և առաջին անգամ այն դիտեց որպես զարգացման գործընթաց, որը
կատարվում է անընդմեջ գործողությամբ՝ փոփոխություններ ու վերափոխումներ, որոնց
զարգացման աղբյուրը հանդիսանում է շարժումը, նրանում եղած հակադրությունների
պայքարը։ Անկախ այն բանից, որ նրա փիլիսոփայական տեսությունը ուներ
իդեալիստական բնույթ ու դրա հիմքի վրա նրա կառույցները պատմա-փիլիսոփայական
ոլորտում կամայական էին ու իդեալիստական, Հեգելը կատարեց ավելի խոր
դիտարկումներ։ Նա հասավ այն բանին, որ նկատեց բուրժուական հասարակությանը
հատուկ ներհակությունները, որոնք Ա. Սմիթը չէր նկատել։ Հեգելը կարծում էր, որ
հարստության կուտակման ընթացքում այդ հասարակության ներսում ուժեղանում է
աշխատանքի հետ կապված մարդկանց թշվառ վիճակը։ Նրա փիլիսոփայական
տեսությունը շատ մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն գերմանական, այլ նաև
համաշխարհային պատմագիտության զարգացման համար։
19-րդ դարի առաջին կեսին զարգացում ապրեց գերմանական ռոմանտիզմը, որը
ձևավորվեց ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ ֆրանսիական
հեղափոխության ազատագրական պատերազմները վերածվեցին զավթողականի ու
գերմանական հողերը ընկան ֆրանսիացիների տիրապետության տակ։ Գերմանական
բուրժուազիան, ահաբեկված էր յակոբինյանների արմատական միջոցառումներից,
մանավանդ որ նապոլեոնյան պատերազմների արդյունքում Եվրոպայում սասանվեցին
ֆեոդալական կարգերի հիմքերը: Գերմանիայում սկսեցին տատանվել հեղափոխության
առաջադիմության հարցում, գերմանական հասարկությունը կորցրեց
հավատը առաջադիմության նկատմամբ և հանգեց այն եզրակացությանը, որ
լուսավորության գաղափարները կեղծ են։ Նման մտածելակերպը ծնունդ տվեց
ռոմանտիզմին, որի բնութագրական հատկանիշն էր լուսավորության
ժամանակաշրջանի բոլոր նվաճումներից հրաժարումն ու իսպառ մերժումը։
Գերմանիայում ռոմանտիզմը ծնունդ տվեց մի քանի ուղղությունների կամ դպրոցների`
պահպանողական, Հայդելբերգյան, իրավունքի պատմության, ռոմանտիկական-
պահպանողական։ Հետադիմական ռոմանտիզմի գրողներն էին Նիկը, Նովալիսը, Շլեգել
եղբայրները, Հոֆմանը և ուրիշներ։ Նրանց ստեղծագործություններին բնորոշ էր իրական
կյանքից հեռացումն ու երազային աշխարհով հրապուրվելը, կրոնական
հավատալիքների փառաբանումը, անցյալի իդեալականացումը, միջնադարի
պաշտամունքը։ Առանձնապես ընդգծվում էր ազգայնամոլությունը, գերմանական ազգի
գերադասումը, պաշտամունքը միջնադարյան դասային պետության, սրբերի ու
ասպետների, ֆեոդալա-ճորտատիրական կարգերի նկատմամբ։
19-րդ դարի առաջին կեսին զարգացավ իրավունքի պատմության դպրոցը, որի
հիմնական սկզբունքներն էին` ազգի և նրա անհատների անկրկնելիությունը, դրանց
բացառիկությունը, որը սերտորեն միավորվում էր («volks steigst») «ժողովրդական ոգու
գաղափարի (իդեայի) հետ» որպես պատմության ստեղծագործ ուժի։ Այս դպրոցի
հիմնադիրներն էին Բեռլինի համալսարանի պրոֆեսորներ՝ Ֆրիդրիխ Կառլ Սավինին
(1779-1861) և Կառլ Ֆրիդրիխ Էյխգորնը (1781-1854): Դպրոցի հիմնական սկզբունքները
ձևակերպեց Սավինին իր «Մեր ժամանակի կոչումը օրենսդրության հանդեպ»
աշխատությամբ։ Այդ գործը իրականում գրվեց որպես պատասխան նշանավոր
պատմաբան Տիբոյի «Գերմանիայում համաքաղաքացիական իրավունքի
անհրաժեշտության մասին» աշխատությունում առաջադրված սկզբունքների, որում
վերջինս հանդես էր գալիս Գերմանիայի միավորումից հետո տարբեր իրավական
օրենքները փոխարինել համագերմանական օրենսդրությամբ։ Այդ խնդրում
բուրժուազիան շահագրգռված էր, քանզի նրանում տեսնում էր երկրի ազգային
քաղաքական միասնությունը։ Սրան հակադրվելով Սավինին դեմ էր արտահայտվում
իրավունքի գիտության մեջ ռացիոնալիստական սկզբունքների կիրառմանը, հետևապես
գերմանական իրականության մեջ ֆրանսիական հեղափոխության փորձի
օգտագործմանը։ Ֆրանսիայում աստիճանաբար վերացվեցին գավառային ու տեղական
տարբեր իրավունքներն ու արտոնությունները, պայմաններ ստեղծվեցին ընդհանուր
քաղաքացիական իրավունքի, «Նապոլեոնյան քաղաքացիական կոդեքսի» ստեղծման
համար։ Սավինին կարծում է, որ օրենքներն ու հետևաբար օրենսդրությունը չի
ստեղծվում անհատ օրենսդրի կողմից, այն պատահականության ու առանձին օրենսդրի
կամքի արտահայտությունը չի, այլ հետևանք է հասարակական տևական զարգացման,
որը առաջ է ընթանում աննկատ, որի սկիզբը գտնվում է նախապատմական անցյալում։
Հետևաբար, եթե իրավունքը զարգացման տևական ու բարդ գործընթացի արդյունք է,
ապա անհնարին է ստեղծել նոր իրավունք ու ոչ էլ լիկվիդացնել հին, արդեն կյանք մտած
օրենսդրությունը։ Օրենսդիրը իրավունք ստեղծող չէ, այլ միայն «ժողովրդի ոգու»
արտահայտիչն է, միակ ստեղծագործ ուժն է, որով կարելի է ըմբռնել միայն տվյալ
ժողովրդի անցյալի ողջ պատմությունը։ Այստեղից բխում է ընդհանուր սկզբունքը, այն է՝
պատմականությունը: Ըստ Սավինիի յուրաքանչյուր հարյուրամյակ հանդիսանում է հնի
շարունակությունը` մշտական անխախտ կապի մեջ գտնվելով իր անցյալի հետ։
Պատմությունն անցյալի օրինակների հավաքագրումը չէ, այլ ներկայի վիճակը ճանաչելու
միակ ուղին է։ Միայն նրա օգնությամբ օրենսդիրը կարող է ըմբռնել «Ժողովրդական ոգին»
և համապատասխանորեն ձևակերպել նրա հետ իրավական նորմերը (oրենսդրություն)։
Թեև Սավինիի կողմից իրավական նորմերի, օրենսդրության ձևավորման պրոցեսը իր
մեջ պարունակում է մատերիալիստական ըմբռնում, որ այն հասարակության ու
պատմության զարգացման օրինաչափ արդյունքն է, սակայն նրա ընկալած
պատմականությունը միակողմանի է: Սավինին չի տեսնում հասարակական կյանքում
հեղափոխության ստեղծագործ ուժը, որը հանդիսանում է պատմական զարգացման
արդյունք։ Սավինին պատմականության անվան տակ դատապարտում է
հեղափոխության հետ միաժամանակ այն ամենը, ինչն առաջադիմական է, դրանով
արդարացնելով գոյություն ունեցող ամենահետամնաց պետական ձևերը, հին
ֆեոդալական հարաբերությունները, որոնք գոյություն ունեին Գերմանիայում։ Սավինիի
գաղափարակից Էյխգորնը իր «Գերմանական պետության ու իրավունքի պատմություն»
աշխատությունում իր տեսակետները ձևակերպում էր վերը նշված սկզբունքների
նմանատիպ հիմնավորումով։
Իրավունքի պատմության դպրոցի անվան հետ սերտորեն կապված է գերմանացի
պահպանողական պատմաբան Լեոպոլդ Ռանքեի անունը (1795-1886): Նա
պահպանողական դպրոցի հիմնադիրն է։ Ծնվել է պրուսական մանր բյուրգերի
ընտանիքում, դաստիարակվել՝ կրոնական ոգով։ Պահպանողական դպրոցը ծագել ու
զարգացել է հետադիմական ռոմանտիկական դպրոցի հետ։ Սկզբունքները հաճախ
նույնանում են, տարբերվում է միայն պատմական սկզբնաղբյուրների ընտրության ու
գիտական մշակման, ինչպես նաև աղբյուրների՝ պատմական զարգացման գործում խիստ
«գիտականության ու օբյեկտիվության» առումով։ Ռանքեի կողմից հիմնադրված
պատմագիտական նոր դպրոցի սկզբունքներն իրենց լուսաբանությունը ստացան
«Ռոմանական ու գերմանական ժողովուրդների պատմությունը 1494-1535 թթ.»
աշխատությունում։ Նրա պատմագիտական աշխարհայացքի փիլիսոփայական հիմքը
մշտապես մնաց նախախնամության գաղափարը։ 19-րդ դարի իդեալիստական
փիլիսոփայության համաձայն Ռանքեն պնդում էր, որ պատմական պրոցեսի
զարգացման ուղղությունն ու բնույթը ներկայացվում են իրենց տիրապետող իդեաների
տեսքով։ Պատմության կարևոր իրադարձությունները ծագում են որպես իդեաների-
գաղափարների պայքարի արդյունք, որոնց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում կրոնական
գաղափարները։ Յուրաքանչյուր պետություն, ըստ նրա, ձգտում է լինել ուժեղ, հզոր,
որպեսզի ամրապնդի իր դիրքերն աշխարհում, հետևաբար, նա կարծում է, որ հզոր
պետությունը մշտապես պետք է վարի ուժի դիրքերից թելադրված քաղաքականություն:
Պետության բնույթն ինքն է մղում իշխանության համար պայքարի, զավթողական
պատերազմների։ Դա «Պետության գոյության հավերժական օրենքն է»,-գրում էր Ռանքեն։
Ըստ նրա, նման պատերազմներն ունենում են դրական հետևանքներ, որովհետև
համերաշխորեն համագործակցում են ազգի զարգացման հետ, նրան հաղորդում են նոր
կենսունակություն։ Ռանքեն պատերազմները նույնպես դիտում է որպես մշակույթի
զարգացման նախապայմաններից մեկը։ Այդ սկզբունքներով է նա մեկնաբանում
Եվրոպայի 16-րդ դարի իրական պատմությունը, որի բովանդակությունն են կազմում
պատերազմներն ու դիվանագիտությունը, իսկ հոգևոր մշակույթի պատմությանը,
տնտեսական ու սոցիալական զարգացմանը բոլորովին չի անդրադառնում։ Այսպիսով,
ըստ Ռանքեի պատմությունը միայն պետության քաղաքական պատմությունն է, որի
ընթացքում որոշվում է պետության ամենաուժեղը լինելու ձգտումը, իսկ այդ պետությանը
հակադիր ռազմական ուժով թույլ պետությունները Եվրոպայում պահպանում են ուժերի
հավասարակշռությունը։ Ըստ նրա պատմության ստեղծողներն ու միակ գործիչները
թագավորներն են ու իշխանները, պապերը, մինիստրները, զորահրամանատարներն ու
քաղաքական գործիչները: Այդ սկզբունքով են շարադրված «Պապի պատմությունը»,
«Ռեֆորմացիայի ժամանակաշրջանի Գերմանիայի պատմությունը», «Ֆրանսիայի
պատմությունը 16-17-րդ դարերում», «Անգլիայի պատմությունը 17-րդ դարում»
աշխատությունները։ Սկզբնաղբյուրների նկատմամբ Ռանքեն ցուցաբերում է
յուրահատուկ մոտեցում՝ մեծ տեղ հատկացնելով քաղաքական բնույթի փաստերին, այդ
թվում պաշտոնական ակտեր, դիվանագիտական փաստաթղթեր, գրագրություններ և
այլն։ Նա նման փաստական նյութերով է լուսաբանում պատմական
իրադարձությունները, միաժամանակ նշում է, որ հարկ է պատմագիտական փաստերին,
սկզբնաղբյուրներին քիչ հավատալ։ Ռանքեն հետադեմ ռոմանտիկ պատմաբաններից
տարբերվում էր միայն նրանով, որ պաշտպանելով ու հետևելով նրանց կողմից
առաջադրված գերմանա-պրուսական շովինիզմին ու այն ներդաշնակելով Երոպայի
մշակութային միասնական գաղափարի հետ, Եվրոպա հասկացությունը ընկալում է
միայն ռոմանո-գերմնական պետությունների անվան տակ: Նա կարծում է, որ
սլավոնական ժողովուրդները պատմության մեջ ունեն երկրորդական դեր, նշանավոր են
միայն նրանով, որ պաշտպանել են Եվրոպան թաթար-մոնղոլական արշավանքներից։
Բոլորովին անտեսում է Ասիայի ժողովուրդների պատմական դերը, որոնք հետամնաց են
և համարվում են Եվրոպայի կուլտուրայի տարածման օբյեկտներ: Նման հետադիմական
հայացքներով հանդերձ Ռանքեն խոշոր դեր խաղաց գերմանական բուրժուական
պատմագիտության զարգացման գործում, մասնավորապես սկզբնաղբյուրների
հայտնաբերման, գիտական մշակման, քննական վերլուծման և հրապարակման
առումով։
19-րդ դարի առաջին կեսին Գերմանիայում ստեղծվեց Հայդելբերգյան դպրոցը, որի
հիմնադիրն էր Ֆրիդրիխ Քրիստոֆ Շլոսսերը (1776-1861): Նա աղքատ ընտանիքի զավակ
էր, շնորհիվ ընդունակությունների ու աշխատասիրության կարողացավ հաջողությամբ
ավարտել գյուղական դպրոցն ու գիմնազիան, որից հետո ընդունվեց Հայդելբերգի
համալսարանը: Շլոսսերը Վոլտերի հայացքների հետևորդն էր և շատ հարցերում
հակադրվում էր Ռանքեին։ Շլոսսերը Վոլտերի հետևողությամբ համաշխարհային
պատմությունը դիտում էր որպես մարդկության միասնական պատմություն, մինչդեռ
Ռանքեն համաշխարհային պատմությունը ներկայացնում էր որպես Եվրոպայի ռոմանո-
գերմանական ժողովուրդների պատմություն։ Ռանքեի մոտ առաջին պլանի վրա էին
թագավորներն ու իշխանները, եկեղեցին և զորահրամանատարները, իսկ Շլոսսերի մոտ՝
ժողովրդի կյանքն ու սովորությունները։ Ռանքեն խոնարհվում է պետության առջև, նրա
հզորության մեջ տեսնում է ազգի գերագույն նվաճումը, իսկ Շլոսսերը պետության
հզորացմանը մեծ տեղ չի հատկացնում, առաջնային է համարում ազատության
սկզբունքը։ Նա ղեկավարվում էր. «Լավ է ազատությունը առանց միասնության, քան
միասնությունը առանց ազատության» սկզբունքով։ Ռանքեն հպարտանում էր իր
օբյեկտիվությամբ ու ձեռնպահ էր մնում ուղղակի գնահատականներից, իսկ Շլոսսերը
գնահատում էր յուրաքանչյուր պատմական դեմքի, իրադարձություն որպես անաչառ,
արդարացի դատավոր։ Եվ Ռանքեն, և Շլոսսերը բոլորովին այլ մոտեցում ունեին
սկզբնաղբյուրների ընտրության հարցում։ Ռանքեն հավատ է ընծայում ու
գերագնահատում է արխիվային նյութերի դերը, վստահում է պաշտոնական ակտերին,
իսկ գրական ստեղծագործությունները թերագնահատում էր, իսկ Շլոսսերը, նաև նրա
աշակերտները նշում էին, որ գրական ստեղծագործություններից քաղում են ոչ միայն
առատ նյութ, այլ ձգտում են ամբողջությամբ օգտագործել արդեն հայտնի նյութերը, քանզի
նրանց համար կարևոր էին ոչ թե կառավարությունը և նրա կրողները, այլ այն ամենը, ինչ
օգնում է շարժմանը, առաջընթացին։ Ժողովրդի կյանքը ավելի ամբողջությամբ է
արտացոլվում գրականության մեջ, քան կառավարական ցուցումներում։ Շլոսսերը 1823
թ. երկու հատորով հրատարակեց «Տասնութերորդ դարի պատմությունը»
աշխատությունը, որը հետագայում ավելացրեց` հասցնելով ութ հատորի: Այստեղ նա
անդրադառնում է ֆրանսիական հեղափոխությանը` այն գնահատելով լիբերալ
դիրքերից: Քաղաքական պայքարի վերաբերյալ պատմությունը ներկայացրել է
«Համաշխարհային պատմություն» (1844-1857) աշխատությունում:
Հայդելբերգյան դպրոցի նշանավոր գործիչներից էր Գեորգ Գոտֆրիդ Գերվինիուսը
(1805-1871), որը Շլոսսերի գաղափարակիցն էր ու հետևորդը: Թողել է մի շարք
պատմագիտական արժեքավոր աշխատություններ` «Գերմանական պոեզիայի
պատմություն», «Պատմության տեսության ակնարկներ», «19-րդ դարի պատմությունը
Վիեննայի կոնգրեսի ժամանակից սկսած»։ Հայդելբերգյան դպրոցի ձախ
մանրբուրժուական-դեմոկրատական թևի հայտնի ներկայացուցիչն էր Վիլհելմ
Ցիմմերմանը (1807-1878): Հայտնի է նրա «Գյուղացիական պատերազմը Գերմանիայում»
աշխատությունը, որը նվիրել է իր ուսուցիչ Շլոսսերին։ Նորահայտ արխիվային
փաստաթղթերի ու հրապարակված գործերի հիման վրա նա մանրամասն ներկայացրել
է 1524-1525 թթ. գյուղացիական պատերազմի իրադարձությունները։ Ցիմմերմանը
առաջիններից էր, որ նկատեց գերմանական 1525 թ. ապստամվության, անգլիական 1648
թ. և ֆրանսիական 1789 թ. հեղափոխությունների նմանությունը։ Նրա կողմից 1525 թ.
գերմանական իրադարձությունների մասին հավաքած արժեքավոր պատմագիտական
արխիվային նյութերը օգտագործել է Ֆ. Էնգելսը իր «Գյուղացիական պատերազմը
Գերմանիայում» աշխատությունը շարադրելու ընթացքում։
ՀԻՄՆԱԿԱՆԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Историография истории нового времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М.,1990, 107-147.
2. White H. Metahistory. Historical Imagination in the XIXth century. Baltimore. 1973, էջ
45-187:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Barraclough, Geoffrey. History: Main Trends of Research in the Social and Human
Sciences, (1978)
2. Boyd, Kelly, ed. Encyclopedia of historians and historical writing (2 vol. Taylor & Francis,
1999).
3. Bann, Stephen. Romanticism and the Rise of History (Twayne Publishers, 1995)
4. Kenyon, John. The History Men: The Historical Profession in England since the
Renaissance (1983)
Թեմա հմ. 11. Պատմագիտական միտքը Ռուսաստանում 19-րդ դարի 1-ին
կեսին:
Պատմագիտական միտքը Ռուսաստանում 19-րդ դարի 1-ին կեսին
Ռուսաստանը 19-րդ դար թևակոխեց պալատական հեղաշրջումով, որի
արդյունքում գահ բարձրացավ Ալեքսանդր 1-ինը: Որոշակի փոփոխություններ տեղի
ունեցան Ռուսաստանի հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական
բնագավառներում: Մյուս կողմից Եվրոպայում տարածված առաջադիմական
գաղափարները սկսեցին տարածվել ու հաստատվել նաև Ռուսաստանում: 19-րդ դարի
սկզբից Ռուսաստանում առանձնապես մեծ հետաքրքրություն սկսվեց հայրենական
պատմության նկատմամբ։ Պատմության հանդեպ հետաքրքրության առավել մեծացման
խնդրում կարևոր դերակատարում ունեցան առաջին հերթին Գիտությունների
Ակադեմիան, ինչպես նաև համալսարանները։ Հիմնադրվեցին թանգարաններ,
արխիվներ, պատմագիտական ընկերություններ, որոնց նպատակն էր լուսաբանել ու
վերլուծել պատմական իրադարձություններն ու փաստաթղթերը: 19-րդ դարի առջին
տարիներին Ռուսաստանը թևակոխեց զարգացման նոր ժամանակաշրջան, որը կյանքի
առաջընթացին թելադրեց ժամանակի ոգուն համապատասխան բարեփոխումներ: Այն ոչ
միայն ներքին կյանքի զարգացման, այլ նաև արտաքին ազդակների հետևանքն էր։
Ռուսական իրականությունն ու հասարակական կյանքը բազմաշերտ էր, հետևաբար
քաղաքական, հասարակական ու պատմագիտական մտքի ոլորտում ձևավորվեցին
տարբեր ուղղություններ, որոնք արտահայտում էին տարբեր խմբավորումների շահերն
ու նկրտումները։ Հասարակական կյանքում ընթանում էին ներքին խմորումներ, որոնց
գաղափարական արտահայտությունը եղավ պատմագիտության մեջ պահպանողական,
լիբերալ ու արմատական առաջադիմական ուղղությունների ձևավորումը։
Պահպանողական ուղղության հայտնի ներկայացուցիչն էր Ն. Մ. Կարամզինը
(1766-1826): Այս ուղղության ներկայացուցիչները կողմնակից էին հին կարգերի ու
ազնվականների իրավունքների պահպանմանը, ինչն էլ փորձում էին հիմնավորել
պատմագիտության միջոցով: Ն. Մ. Կարամզինը եղել է գրող, հրապարակախոս և
պատմաբան: Նրա ապրած ժամանակաշրջանում պատմագիտության մեջ տիրապետող
էր սկզբնաղբյուրների նկատմամբ ոչ քննադատական մոտեցում, հայրենական
պատմությունը շարադրվում էր տարեգրությունների պարզ շարադրանքով։ Սակայն 19-
րդ դարի սկզբին արդեն անհրաժեշտություն զգացվեց պատմական իրադարձությունների
շարադրման ընթացքում աղբյուրների նկատմամբ հանդես բերել քննադատական
վերաբերմունք, հանգամանորեն վերլուծել փաստերը, դրանք համեմատել, բաժանել
գլխավորը երկրորդականից, հանգել ճիշտ եզրակացության։ Ընդլայնվում է պատմաբան
գիտնականների մտահորիզոնը, նրանց ավելի շատ են հետաքրքրում ռուսական ներքին
կյանքի իրադարձությունները։ Սակայն պատմագիտության մեջ դեռևս կենսունակ էր
իրադարձությունների շարադրման տարեգրային-գրական մեթոդը։ Այդ բանի փայլուն
վկայությունն է արդեն ռուսական գիտական պատմագրության խոշոր դեմք Կարամզինի
կողմից ռուսական պետության պատմության բազմահատորի ստեղծումը: Կարամզինը
ստեղծեց «Ռուսական պետության պատմություն» 12 հատորյա աշխատությունը, որը
ժամանակագրական առումով ընդգրկում էր Կիևյան Ռուսիայից մինչև 17-րդ դարը ընկած
ժամանակաշրջանը։ Կարամզինը Ռուսաստանի պատմության հարցերով զբաղվելու
ընթացքում հատկապես տարվեց Պյոտր Մեծի անձով ու նրա բարեփոխումներով։ Այս
շրջանում նրա կողմից ռուսական պատմագիտական մտքի բնագավառում մեծ նվաճում
էր Ռուսաստանի պատմության շրջաբաժանման խնդրում առաջադրած տեսակետը։
Կարամզինը Ռուսաստանի պատմության պարբերացման խնդրում մերժելով մինչ ինքը
եղած ու իր ժամանակակից պատմաբանների կողմից առաջադրված տեսակետները,
առաջարկեց պարբերացման խնդրում սահմանասյուն դիտել Պյոտր Մեծի
ժամանակաշրջանը, նկատի ունենալով Ռուսաստանի պատմության զարգացման երկու
շրջան. մինչ Պյոտր Մեծը և նրանից հետո ընկած ժամանակաշրջանը։ Նրա կողմից
առաջադրված այս տեսակետը նոր էր ու խորը գիտական բովանդակություն ուներ։
Դրանով Կարամզինը ի հակադրություն ռուսական պատմագիտության մեջ Պյոտր Մեծի
բարեփոխությունների նկատմամբ եղած թյուր ու սխալ մոտեցումները մերժելով, դրական
էր գնահատում նրա գործունեությունը, ինչպես նաև ընդունում էր եվրոպական բնույթի
միջոցառումները։ Կարամզինը կատարեց եվրոպական շրջագայություն, ինչն էլ նրա մոտ
առաջացրեց գաղափարական շրջադարձ: Նրա գաղափարական այդ շրջադարձը իր
արտահայտությունը գտավ «Ռուս ճանապարհորդի նամակներ» պատմա-
հրապարակախոսական ակնարկներում։ Ահաբեկված հեղափոխության կործանարար
հետևանքներից, նա հրաժարվեց Արևմուտքին առաջադիմական համարելու իր նախկին
հայացքներից, հետևաբար նաև պյոտրյան բարեփոխությունների դրական
գնահատումից։ Հասարակական կյանքի ու ժողովուրդների զարգացման հիմնական
գրավականը այժմ նա համարում էր ինքնակալությունը, որը ռուսական պատմության
ինքնատիպության արտահայտման ձևն էր և, որը ի վիճակի է պայմաններ ստեղծել
խաղաղ ու կայուն զարգացման համար։ Արևմուտքում շրջագայության ընթացքում
Կարամզինը հատկապես տարվեց գրական նոր ուղղությամբ, սենտիմենտալիզմով
(ֆրանսերեն l’sentimentale)։ Արտասահմանյան շրջագայությունից վերադառնալով
Կարամզինը Նովիկովի հետ ձեռնամուխ եղավ մանկա-պատանեկան «Մանկական սրտի
ու բանականության համար» ամսագրի հրապարակմանը։ Նույն ժամանակ Եկատերինա
Երկրորդ կայսրուհին հրապարակում էր «Ամեն ինչի մասին» (Всякая всяачина)
մանկական հանդեսը։ Կայսրուհին շուտով արգելեց Կարամզինի ու Նովիկովի
ամսագիրը։ Նրանք ձեռնամուխ եղան քննադատական-սատիրական բնույթի «Իշամեղու»
(Трутень) ամսագրի հրապարակման գործին, որը շուտով փակվեց ու Նովիկովը
բանտարկվեց։ Կարամզինը հրապարակեց «Московский журнал» ամսագիրը, ուր
տպագրեց իր ստեղծագործությունները, ինչպես նաև «Թշվառ Լիզա» վիպակը, որով
ռուսական իրականության մեջ ձևավորվեց գրական սենտիմենտալիզմի ուղղությունը,
որը հաղթահարելով կլասիցիզմի կապանքները դարձավ ռուս գրականության հիմնական
ուղղությունը։ Կարամզինը սկսեց մերժել արևմտյան բուրժուական կարգերը` փոխարենը
մեծ դեր հատկացնելով ինքնակալությանն ու միապետական կարգերին: Սրանով էլ նա
դարձավ պահպանողական պատմագրության կարկառուն ներկայացուցիչը: Հեղինակը
ինքնակալությունը դիտում էր ռուսական պատմության հիմքը` այն դարձնելով
Ռուսաստանի պատմության շրջաբաժանման գլխավոր ու վճռական գործոնը,
միաժամանակ նշելով նրա կազմավորման, անկման ու բարձրացման փուլերը։ Թեև
գործունեության վաղ շրջանում նկատի ունենալով պատմության զարգացման
նույնականության հարցը, ռուսական իրականության մեջ Պյոտր Մեծի բարեփոխումների
եվրոպական բնույթը, Ռուսաստանի պատմությունը բաժանում էր նախապյոտրյան ու
հետպյոտրյան փուլերի, նաև Արևմուտքի պատմաբանների հետևողությամբ ընդունում էր
նրանց կողմից կատարված շրջաբաժանումը՝ հին, միջին ու նոր շրջափուլերը։ Սակայն
Ռուսաստանի պատմության զարգացումը Արևմուտքին հակադրելու, ռուսական
պատմության զարգացման ինքնատիպությունը ընդգծելու և Ռուսաստանին
հեղափոխության ցնցումներից հեռու պահելու նպատակով հրաժարվեց իր նախկին ճիշտ
ու իրական սկզբունքից և ռուսական պատմության զարգացման ինքնատիպությունը
համարելով ինքնակալությունը, վերջինը դիտեց վճռական գործոն պատմության
շրջաբաանման համար։ Թեև Կարամզինը հակադրության այդ թեզը չամբողջացրեց, այն
կատարեցին հետագայում պաշտոնական պատմագրության ներկայացուցիչներն ու
սլավոնոֆիլները։ Կարամզինը ապահովել է իր աշխատությունների փաստական ու
աղբյուրագիտական հարուստ հենքը:
19-րդ դարի առաջին կեսին տարածված մյուս ուղղությունը լիբերալն էր: 19-րդ
դարը հանդիսանում է ռուսական պատմագիտական մտքի զարգացման նոր փուլը, որը
կարևոր էր պատմության նոր ընկալմամբ: Այս ուղղության ներկայացուցիչները
կողմնակից էին լիբերալ գաղափարներին և գտնում էին, որ Ռուսաստանը
համաշխարհային պատմության շղթայի մի օղակն է ու չի կարող մեկուսանալ
զարգացման ընթացքից։ Այս ուղղության ներկայացուցիչներն էին Ֆ. Գ. Էվերսը, Ն. Ա.
Պոլեվոյը և Մ. Տ. Կաչենովսկին: Ֆիլիպպ Գուստավ Էվերսը (1781-1830) Դորպատի
համալսարանի պրոֆեսոր էր: Նա ողջ կյանքը նվիրել է Ռուսաստանի պատմության
ուսումնասիրմանը: Նրա առաջին «Ռուսական պետության ծագումը» աշխատությունը
(գերմաներեն, 1808 թ.) ճանաչման արժանացավ գիտական շրջանակների կողմից և
հեղինակը՝ Կարամզինի երաշխավորությամբ ընդունվեց Մոսկվայի
Ռուսական պատմության ու հնությունների ընկերության մեջ, ապա ընտրվեց ու դարձավ
Ռուսական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ։ Էվերսը հատկապես
հետաքրքրվում էր Ռուսաստանի պատմության վաղ շրջանի իրադարձություններով,
մասնավորապես պետության ու նրա իրավական հաստատությունների ծագման
հարցերով։ «Ռուսական պետության ծագման մասին», «Նախնական քննադատական
ուսումնասիրություններ Ռուսաստանի պատմության համար» աշխատություններում
Էվերսը հիմնավորեց իր սկզբունքները ռուսական պետության ծագման վերաբերյալ,
ընդգծելով, որ այն հանդիսանում է արևելյան սլավոնների ներքին կյանքի զարգացման
արդյունք, որ արևելյան սլավոնները մինչ նորմաների գալը ունեին իրենց քաղաքական
հաստատությունները, քաղաքական միավորումները, գերագույն կառավարիչները,
իշխանները, որոնք իրենց քաղաքական իշխանության ամրապնդման համար
օգտագործում էին վարձկան նորմաներին, վիկինգներին։ Իշխանությունների
միավորման, ներքին ու արտաքին խնդիրներ լուծելու համար անկարող լինելով սլավոն
իշխանները իրենց միջև եղած հակամարտությունների պատճառով և ձգտելով դառնալ
միակ գլխավոր ուժը, հանգեցրեց այն բանին, որ նրանք որոշեցին իշխանությունը
հանձնել օտար եկողներին, հրավիրեցին Ռյուրիկին։ Էվերսը կասկածով էր վերաբերվում
պատմագրության մեջ եղած այն կարծիքին, թե վարյագ-ռուսները ունեն սկանդինավյան
ծագում։ Օտար՝ արաբական ու արևելյան բազմաթիվ աղբյուրների վկայությամբ նա
եզրակացնում էր, որ ռուսները ծագել են սևծովյան տարածքներում հնագույն
ժամանակներից բնակություն հաստատած խազարներից, սակայն այս տեսակետը
ընդունելություն չգտավ, ավելին, խիստ կերպով քննադատվեց Կարամզինի, Պոլեվոյի,
Պոգոդինի կողմից, ի վերջո նա ստիպված հրաժարվեց իր այդ մտքից։ 1816 թ.
հրապարակած «Ռուսների պատմությունը» աշխատությունում Շլյոցերի հետևողությամբ
պարբերացնելով Ռուսաստանի պատմությունը՝ սլավոնների մասին եղած առաջին
տեղեկությամբ 552 թ. և առանձնացնում է հինգ շրջափուլ` 552-1015 թթ. մինչև Վլադիմիրի
կողմից երկիրը իր որդիների միջև բաժանումը, երկրորդ փուլը՝ մինչև մոնղոլական
արշավանքները, մինչև մոնղոլների դեմ մղած Կալկայի ճակատամարտը՝ 1015-1224 թթ.
երրորդ փուլը՝ ավարտվում է Իվան Ահեղի կառավարումով, իսկ Պյոտր Մեծի
կառավարումը հանդիսանում է չորրորդ և հիգերորդ փուլերի միջև ընկած
ժամանակահատվածը, այն հասցնելով մինչը 1689 թ. թեև առանձին փուլերի
ամբողջական բնութագիրը չի շարադրել, այնուամենայնիվ այստեղ կար կարևոր մի
նորամուծություն, որ նա ռուսների պատմությունը սկսում էր ոչ, թե նորմաների գալու
պահից, ինչպես այն կատարում էին մինչ նա եղած պատմաբանները, այլ 552 թվականով,
սլավոնների մասին եղած առաջին տեղեկությամբ, շարադրելով պետական
կառավարման համակարգը, առևտուրը, արհեստները, իրավական նորմերը,
գիտությունը, արվեստը, որով առաջ անցավ իր նախորդներից։ Մեծ է Էվերսի գիտական
ծառայությունները հին ռուսական մշակույթի աղբյուրների, հուշարձանների
հետազոտման, պատմական փաստերի մեկնաբանման խնդրում։ Տարեգրությունների
տեղեկությունների հավաստիության խնդրի քննարկման ընթացքում նա կատարելով
տարբեր սկզբնաղբյուրների, օտար հեղինակների տվյալների ու դրանց համադրումը,
ցույց տվեց, որ այդ տեղեկությունները հավաստի են։ Էվերսը Ռուսաստանի պատմության
շարադրման ընթացքում լայնորեն օգտագործեց բյուզանդական, արաբական, արևելյան
սկզբնաղբյուրներ` դրանց հանդեպ ցուցաբերելով քննադատական մոտեցում։

Ն. Ա. Պոլեվոյը (1796-1846) հայտնի էր որպես հրապարակախոս, գրաքննադատ և


լրագրող: Թողել է պատմագիտական մեծ ժառանգություն` «Ռուս ժողովրդի
պատմությունը», «Պյոտր Մեծի պատմությունը», «Ռուսական պատմություն առաջին
ընթերցման համար», «Մինչ Պյոտր Մեծի ինքնակալությունը Ռուսաստանի պատմության
ուրվագծեր»։ Պոլեվոյի պատմագիտական աշխարհայացքի առաջադիմական
սկզբունքները ձևավորվեցին ու զարգացան ռուսական պատմագիտական մտքի ու
առանձնապես արևմտաեվրոպական պատմափիլիսոփայական մտքի նվաճումների
ազդեցությամբ։ Նա առանձնապես տարվեց գերմանական փիլիսոփայական մտքի,
մասնավորապես Հեգելի հայացքներով, զարգացման մասին վերջինիս տեսությամբ ու
ֆրանսիական պատմաբաններ Գիզոյի ու Օ. Թիերի գաղափարներով, համաշխարհային
պատմության զարգացման մասին նրանց տեսադրույթներով։ Այդ ամենը նա օգտագործեց
Ռուսաստանի անցյալի ու ներկայի պատմության հարցերի նորովի շարադրման
ընթացքում։ Պոլեվոյը Ռուսաստանի պատմության զարգացման ընթացքի լուսաբանումը
կատարեց համաշխարհային պատմության հետ զուգակցված, քանի որ յուրաքանչյուր
ժողովրդի պատմություն զարգացման նույն շղթայի օղակն է, անցնում է զարգացման նույն
աստիճաններով։ Յուրաքանչյուր աստիճան զարգացման նոր որակ է, որը բարձր ու
կատարյալ է նախորդ աստիճանի համեմատությամբ։ Ընդունեց պատմության
շրջաբաժանման նույն սկզբունքը այնպես, ինչպես կատարում էին եվրոպական
պատմաբանները. հին, միջին, նոր շրջափուլեր։ Յուրաքանչյուր փուլ իր մեջ կրում է
նախորդի հատկանիշները, սակայն զարգացման նոր ու ավելի բարձր մակարդակի վրա,
յուրաքանչյուր փուլ նախապատրաստում է անցում հաջորդին, դա առաջընթաց է, որը
բնութագրական է բոլոր ժողովուրդների պատմության զարգացմանը։ Պատմության
զարգացման առաջընթացը կանգնեցնելը անհնարին է, այն իր հետ բերում է անկում,
կործանում։ Նման օրինակ նա տեսնում է Շվեդիայի, Թուրքիայի, Լեհաստանի
պատմական զարգացման մեջ։ Պոլեվոյը ընդունում ու նկատում էր շարժման ու
զարգացման առաջադիմությունը, միաժամանակ ընդգծում էր նրանց մեջ եղած
հակադրություններն ու դժվարությունները, որով պայմանավորվում էին անկումն ու
հետընթաց շարժումը։ Նա նման իրավիճակ էր համարում ֆեոդալական
մասնատվածությունը, երկպառակտչական պատերազմները, որոնք տանում էին
հասարակությունների կործանման ու պետությունների անկման։ Շարժման ու
զարգացման մեջ նա տեսնում էր հակադրությունների փոխկապակցության,
միասնության ու պայքարի գոյությունը, որ մի պայքարի ավարտը, մյուսի սկիզբն է։
Մարդկության պատմության զարգացման մեջ նկատում էր երեք վճռական գործոնների
առկայությունը` բնակլիմայական, աշխարհագրական, դատողությունների ոգին ու
ժողովրդի բնավորությունը, շրջակա երկրներում տեղի ունեցող իրադարձությունները։
Այդ գործոնները տարբեր ժողովուրդների մոտ կարող են զարգանալ որոշակի
յուրահատկություններով, որով էլ բացատրում էր տարբեր ժողովուրդների պատմության
ինքնատիպությունը։ Պոլեվոյը հետազոտման հատուկ թեմա դարձրեց Պյոտր Մեծի
բարեփոխումների պատմությունը «Պյոտր Մեծի պատմությունը» ծավալուն
աշխատությունում, նախապես լուսաբանելով 17-րդ դարի իրադարձությունները, Ալեքսեյ
Միխայլովիչի վերափոխումները, ցույց տալով, որ Պյոտր Մեծի բարեփոխումները
նախկինի շարունակությունն է։ Պյոտրը, օգտագործելով Արևմուտքի փորձը, ուժեղացրեց
միահեծանությունը, հարստացրեց երկիրը, զարգացրեց արդյունաբերությունն ու
առևտուրը, երկրում արմատավորեց արևմտյան բարքեր ու սովորություններ։
Բարեփոխումներով Պյոտրը Ռուսաստանի զարգացման ընթացքը շրջեց դեպի
Արևմուտք, որը զարգացման տեմպերով շատ էր առաջ անցել: Պոլեվոյը նկատում է, որ
այնուամենայնիվ Ռուսաստանը հավատարիմ մնաց ռուսական արմատական բարքերին
ու սովորություններին ու բնավորությանը։ Պյոտրյան բարեփոխումներին զուգահեռ նա
քննարկեց նաև պատմության մեջ առանձին անհատների հանդես գալն ու պատմության
մեջ ունեցած դերը։ Անհատի հանդես գալը ըստ նրա պայմանավորված է պատմական
հանգամանքներով, որ նա չի կարող գործել իր կամքի համաձայն, չի կարող արագացնել
զարգացման ընթացքը, թռիչք կատարել տարբեր աստիճաններով, քանի որ ինքը ևս մի
աստիճան է։ Մեծ անհատները մարդկության գործունեության արդյունքն են, նրանց
գործունեությունը ուղղորդվում է մարդկանց գործունեության ժամանակաշրջանի
պահանջմունքներով։ Մեծ մարդիկ հանդես են գալիս երբ ժամանակաշրջանը
առաջադրում է իր պահանջները։ Այդպես Ռուսաստանում հանդես եկան Իվան Երրորդը,
Պյոտր Մեծը։ Այս իմաստով էլ նա դրական է գնահատում Պյոտր Մեծի անձը և նրա
կատարած բարենորոգումները։

Մ. Տ. Կաչենովսկին (1775-1842) առանձնահատուկ դերակատարում ունեցավ


ռուսական լիբերալ-քննադատական պատմագիտական մտքի հետագա զարգացման
գործում։ Նա տիրապետել է եվրոպական լեզուներին, ինչն էլ հնարավորություն է ընձեռել
սլավոնների մասին հարուստ նյութեր հավաքել: Նա զարգացրել է պատմության
քննադատական տեսությունը: Կաչենովսկու հիմնական հետաքրքրությունների ոլորտը
հին ռուսական մշակույթի հուշարձաններ էին, գրավոր աղբյուրները։ Այդ խնդրի
ուսումնասիրությանն են նվիրված նրա «Զուգահեռներ ռուսական տարեգրությունում»,
«Ռուսական պատմության սկզբնաղբյուրների մասին», «Նեստոր տարեգիր հին
սլավոնական լեզվով», «Դատողություններ հին ռուսական կաշվե ռուբլու և «Русская
правда»-յի մասին»։ Կաչենովսկին քննական վերլուծության ենթարկեց ռուսական
տարեգրությունները և օրենսդրական ժողովածուները, հատուկ ուշադրություն
դարձրեց տեքստերի համադրման, բաղդադման, ոչ միայն ռուսական ծագման, այլ նաև
այլ ժողովուրդների տվյալ ժամանակաշրջանի տեքստերի հետ։ Այդ ընթացքում նա
նշմարեց, որ տարեգրություններում նույն իրադարձությունները ներկայացվում են
տարբեր կերպ, տրված է տարբեր ժամանակահատվածի ներքո, ուստի նա եզրակացնում
էր, որ ամենահին տարեգրությունը ունի տասնչորս և ոչ ավելի դարի պատմություն,
նրանք տարբեր ժամանակներում առանձին անհատների կողմից վերաշարադրվել են
անձի կամայական դրսևորումով։ Այս առումով էլ հեղինակը անդրադառնում է նաև
«Русская правда»-ին: Փաստորեն «Քննադատական կամ սկեպտիկ դպրոցը» առաջընթաց
էր ռուսական պատմագիտական մտքի բնագավառում, այն կործանեց հին
պատկերացումները պատմության հիմնահարցերի լուսաբանման գործում, թեև ուներ
խիստ արտահայտված ծայրահեղ մոտեցում ռուսական պատմության հնագույն շրջանի
ու գրական հուշարձանների գնահատման խնդրում, այնուամենայնիվ այն ունեցավ մեծ
դեր պատմագիտության մեջ հին պատկերացումների ջախջախման գործում, խթանեց
պատմագիտական մտքի հետագա զարգացումը։
19-րդ դարի առաջին կեսին ձևավորվեց նաև դեկաբրիստական պատմագիտական
միտքը, որը կապված էր դեկաբրիստական շարժման հետ: Նրանք գտնվում էին
ժամանակի առաջադեմ գաղափարների ազդեցության ներքո` հանդես գալով
բանականության տեսության դիրքերից: Դեկաբրիստ որոշ պատմաբաններ ճիշտ էին
ընկալել հասարակական հարաբերություններում սոցիալ-տնտեսական գործոնների ու
պատմության զարգացման գործում ժողովրդական մասսաների վճռական դերը։ Նման
խնդիրների ուսումնասիրությունը պայմանավորված էր նրանով, որ նրանք իրենց առջև
խնդիր էին դրել վերափոխել ոչ միայն քաղաքական, այլ նաև սոցիալ-տնտեսական
կարգերը։ Այդ հիմնահարցերով զբաղվեց հատկապես Ն. Տուրգենևը իր «Հարկային
տեսության փորձ» և «Ռուսաստանը և ռուսները» ուսումնասիրություններում։ Նրանցում
հեղինակը իրավացիորեն զարգացնում է այն ճիշտ կողմնորոշումը, որ պետությունների
ներքին կառուցվածքի կայունությունն ու ամրությունը պայմանավորված է տնտեսական
հարաբերություններով։ Այս խնդրով զբաղվել է նաև Ա. Կոռնիլովիչը` լուսաբանելով
Ռուսաստանի զարգացման ընթացքը 17-18-րդ դարերում տեղի ունեցած
իրադարձությունները։ Նրան առանձնապես հետաքրքրում էր Պյոտր Մեծի
բարեփոխումների հիմնահարցը։ Դրական ու օրինաչափ համարելով Պյոտր Մեծի
բարեփոխումները, միաժամանակ կապ էր տեսնում Ռուսաստանի պատմության երկու
դարերի զարգացման միջև, որ 18-րդ դարում իրագործված բարեփոխումների
նախադրյալները ստեղծվել էին դեռևս 17-րդ դարի զարգացման ընթացքում։
Քննադատում էր բարեփոխումների հակառակորդներին։ Որոշ դեկաբրիստ
պատմաբաններ քննադատում էին Պյոտրին հաջորդած կայսրուհիներին,
մասնավորապես գերմանացիներին տված արտոնությունների համար: Նման հարցերին
են անդրադարձել Մ. Ա. Ֆոնվիզինին «Քաղաքական կյանքի ձևավորումը
Ռուսաստանում», Վ. Ի. Շտեյնգելը «Գրագրություններ», Ա. Պոդժիոնին «Դեկաբրիստի
գրագրությունները» աշխատություններում։ Այդ աշխատություններում լուսաբանվել են
նաև Ռուսաստանում տեղի ունեցած պալատական հեղաշրջումների
իրադարձությունները։ Դեկաբրիստ պատմաբանները անդրադարձել են նաև
Հայրենական Մեծ պատերազմին` թողնելով արժեքավոր աշխատություններ: Դեռ
շարունակվում էին մարտական գործողությունները, երբ այդ իրադարձությունների
կենտրոնում գտնվող Ֆ. Գլինկան ստեղծեց «Ռուս սպայի նամակները» աշխատությունը։
Պատերազմի ավարտից քիչ անց գրեց «Դատեղություններ 1812 թ. Հայրենական
պատերազմի պատմության գիտական շարադրման անհրաժեշտության մասին», նույն
թեմայով աշխատություններ ստեղծեցին Մ. Ֆոնվիզինը, Վ. Շտեյնգելը, Պ. Մուխանովը, Վ.
Նորովը, Մ. Օռլովը։ Դեկաբրիստ պատմաբանները հետաքրքրվում էին ոչ միայն
Ռուսաստանի անցյալի իրադարձություններով, այլ նաև առանձնահատուկ
ուշադրությամբ հետևեցին իրենց ժամանակաշրջանում երկրում ծավալվող
իրադարձություններին, որոնց դերակատարն ու մասնակիցներն էին, կատարեցին
ինքնակալության դեմ իրենց ընդվզումի ճշգրիտ շարադրանքը։ Դեկաբրիստական
շարժման գաղափարական հարստացումը, ձեռք բերված պատմական փորձի
ընդանրհացումը շարժման ընթացքում կատարեցին Պ. Պեստելը, Ն. Մուրավյովը`
լուսաբանելով շարժման ազգային արմատների ու ռուսական ազատագրական շարժման
իրական պաատմությունը։ Շարժման պարտությունից հետո մի շարք գործիչներ
աքսորավայրում շարունակեցին զբաղվել պատմության հարցերով, ստեղծեցին
բավականին հարուստ պատմագիտական գրականություն դեկաբրիստական շարժման
մասին, դրանցից մի մասը տպագրվեց Լոնդոնում Գերցենի «Պոլյարնայա զվեզդա»
ամսագրում։
Այս շրջանում զարգացավ ազնվականական պաշտոնական պատմագրությունը:
Պետք է նշել, որ պատմության նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացավ, ինչն էլ
Նիկոլայ 1-ինը փորձեց օգտագործել քաղաքական նպատակներով: Նման պայմաններում
ձևավորվեց «Հատուկ ժողովրդայնության տեսությունը», որը որոշ ժամանակ կարողացավ
մթագնել հասարակության գիտակցությունը: Սակայն անգամ նման իրավիճակում
առաջադեմ ուժերը շարունակում էին պայքարը: Նիկոլաևյան «Հատուկ
ժողովրդայնության» տեսության գաղափարախոսն ու տեսաբանը, միաժամանակ խոշոր
պատմաբան Մ. Պ. Պոգոդինն էր (1800-1875): Նա մեծ ուշադրություն է ցուցաբերել
Ռուսաստանի պատմության սկզբնաղբյուրների ու հուշարձանների ուսումնասիրման ու
հրատարակման գործին: Նա հրատարակել է Ռուսաստանի պատմության բոլոր դարերի
պատմական իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ.
«Ռուսիայի ծագումը», «Հին ռուսական պատմությունը մինչև մոնղոլական լուծը», «Պյոտր
Մեծի կառավարման տարիները», «Ուսումնասիրություններ, դատողություններ,
դասախոսություններ», մի քանի տասնյակ գիտական հոդվածներ, որոնցով բանավիճում
էր պատմաբաններ Կոստոմարովի ու Իլովայսկու հետ՝ Ռուսիայի ծագման ու
նորմանական տեսության մասին: Պոգոդինը հավաքել է հսկայական պատմագիտական
նյութ, սկզբնաղբյուրներ, դրանք հրատարակեց, որոնցից շատերը մինչ օրս իրենց
գիտական արժեքը չեն կորցրել: Պոգոդինի գրչին են պատկանում «Վարյագների ու
ռուսների ծագումը», «Պատմական աֆորիզմներ», «Նեստոր. տարեգիր»
մենագրություններ։ Պոգոդինին չի կարելի համարել ոչ պահպանողական, ոչ լիբերալ, ոչ
լեգիտիմիստ, ոչ հետադիմական և ոչ էլ առաջադիմական։ Նա ռուսական քաղաքական
կարգերի ինքնակալության, ինչպես այն ստեղծվել էր կյանքի կողմից նրա կողմնակիցն
էր, որին համարում էր ռուսական պատմության պսակը։ Վերջինիս հզորության հիմքը
համարում էր ուղղափառությունը, ինքնակալությունը և ժողովրդայնությունը, որ
ուղղափառ եկեղեցին դարեր շարունակ ներդաշնակություն է հաստատել ժողովրդի ու
պետության միջև։
«Պաշտոնական ժողովրդայնության տեսության» մյուս ներկայացուցիչն է Ն. Գ.
ՈՒստրյալովը (1801-1870): Նա իր դասախոսություններում հանգամանորեն վերլուծում
էր պատմության սկզբնաղբյուրները` ուսանողների առջև բացելով նոր աշխարհ։ Այսպես
են հիշում նրան ուսանողները։ Նրա գործունեությունը ավելի արգասաբեր եղավ դարի 40-
ական թվականներին, երբ հրատարակեց իր դոկտորական ատենախոսությունը՝
«Ռուսական պատմությունը», «Ուսումնական հաստատությունների համար ռուսաց
պատմության դասագրքերի ուրվագծեր», «Ռուսական պատմության ուղեցույց», որոնց
հիման վրա հեղինակը ստացավ պաշտոնական պատմագիր տիտղոսը, ընտրվեց
Գիտությունների Ակադեմիայի անդամ։ Ռուսաստանի պատմության
մասին Ուստրյալովի պատմագիտական տեսական սկզբունքները դրսևորվեցին
«Ռուսական պատմություն» աշխատությունում, իսկ «Ռուսական պրագմատիկ
(կիրառական, գործնական) պատմության համակարգի մասին» աշխատությունում
հեղինակը պատմագիտության գլխավոր խնդիրը համարում էր այն
իրադարձությունները, որոնց մեջ ընթանում էր պետական կյանքը` Ռուսաստանի
ներքին ու արտաքին քաղաքականությունը ղեկավարող մարդկանց արժանահիշատակ
գործերը, օրենսդրությունը, արդյունաբերությունը, գիտությունը, գեղանկարչությունը,
կրոնը, բարոյականությունն ու սովորությունները։ Պատմաբանի խնդիրն է ոչ թե
կենսագրական նյութերի հավաքումը, այլ նաև ցույց տալ հասարակական կյանքի
աստիճանական զարգացումը, քաղաքացիական հասարակության աստիճանական
անցումը մի վիճակից դեպի մյուսին, բացահայտել փոփոխությունների պատճառները և
պայմանները, ներկայացնել այն ամենը ինչ ազդեցություն ունի պետության ճակատագրի
վրա, պատմաբանը պետք է ցույց տա Ռուսաստանի տեղը այլ պետությունների շարքում։
Նա անդրադարձել է ռուսական պետության ծագման խնդրին և պյոտրյան
բարեփոխումներին:
19-րդ դարի 40-50-ական թթ. ռուսական բուրժուական պատմագրության մեջ
ձևավորվեց «Պետական դպրոցը», որի գաղափարական առաջնորդներն էին Կ. Դ.
Կավելինը, Բ. Ն. Չիչերինը, Ս. Մ. Սոլովյովը։ Նրանք հատուկ հետաքրքրություն
ցուցաբերեցին Հեգելի պատմության փիլիսոփայության հանդեպ, նրանից վերցնելով
զարգացման դիալեկտիկական մեթոդը։ Նրանք աշխատում էին տեսականորեն
իմաստավորել անցյալը, այդ իմաստով առանձնահատուկ ուսումնասիրության
ենթարկեցին ռուսական պետականության պատմական զարգացման ընթացքը, նրա
հաստատությունները, իրավական նորմերը։ Պետությունը նրանք դիտում էին որպես
պատմական պրոցեսի սուբյեկտ ու պատմության շարժիչ ուժ:

Կ. Դ. Կավելինի (1818-1885) անվան հետ է կապված «Պետական դպրոցի»


սկզբնավորումը։ Ռուսական պատմության մասին գրած մի քանի հոդվածներում «Հայացք
հին Ռուսիայի իրավական կենցաղի մասին», «Համառոտ ակնարկ ռուսական
պատմության մասին», «Մտքեր ու դատողություններ ռուսաց պատմության մասին»
Կավելինը քննական վերլուծության է ենթարկում ռուսական պատմության անցյալի
իրադարձությունները, ընդգծելով այն միտքը, որ պատմությունը ժողովրդի
ինքնագիտակցության աղբյուրն է ու նրա հայելին, որ ժողովուրդը կենդանի օրգանիզմ է
ու գտնվում է անվերջ զարգացման մեջ։ Կավելինը անդրադարձել է Ռուսաստանի ու
Արևմուտքի պատմության հակադրության խնդրին, թեև ընդունում էր համաշխարհային
պատմության ու Ռուսաստանի պատմության զարգացման նույնականությունը։
Հակադրության առաջին թեզը կրոնական-հոգևոր գործոնն է` արևմուտքում
կաթոլիկական եկեղեցին, Ռուսաստանում՝ ուղղափառ դավանանքը, որը
Ռուսաստանում ընդունեց քաղաքական բնույթ։ Հակադրության մյուս թեզը այն է, որ ռուս
բնակչությունը անվերջ շարժվում էր դեպի հյուսիս, գաղութացնելով տարածքները,
հսկայական տարածքների վրա ստեղծվեց հզոր պետությունը։ Հակադրության այս թեզի
ձևավորմանը զուգահեռ Կավելինը կարծում էր, որ ինքը մի մասով սլավոնոֆիլ էր, մյուս
մասով արևմտական։
Պետական դպրոցի հիմնադրույթներն իրենց հետագա զարգացումը ստացան Բ. Ն.
Չիչերինի (1828-1904) կողմից: Նա ռուսական պատմագիտության թեմատիկան
հարստացրեց պետական հիմնարկների պատմության ուսումնասիրումով։ Այդ
հիմնահարցը նա սկսեց քննարկել մագիստրական ատենախոսությունում «Մարզային
հիմնարկները Ռուսաստանում 17-րդ դարում», ապա այդ թեմային անդրադարձավ
«Ժողովրդական ներկայացուցչության մասին» աշխատությունում։ Ընդարձակ է Չիչերինի
գիտական հետաքրքրությունների շրջանակը։ Ռուսաստանի պատմության հարցերն են
քննարկվել «Ռուսական գյուղական համայնքի զարգացման ակնարկներ», «Խոլոպներն ու
գյուղացիությունը Ռուսաստանում 16-րդ դարում» աշխատություններում։
Պետական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչն էր Ս. Մ. Սոլովյովը (1820-
1879), ով լիբերալ բուրժուական պատմագրության առավել հայտնի դեմքն էր: Նա դեռևս
իր կենդանության վերջին տարիներին հռչակվեց ռուսական պատմագիտական մտքի
դասական մտածող։ Նրան մեծ համբավ բերեց «Ռուսաստանի պատմությունը հնագույն
ժամանակներից» 29 հատորյա հիմնարար աշխատությունը` ընդգրկելով Ռուսաստանի
պատմությունը տևական դարերի հիմնահարցերով, դրանց տալով նորովի
մեկնաբանություն։ Ստեղծել է ավելի քան 244 անուն ստեղծագործություն։ Հեղինակը
Ռուսաստանի պատմության հարցերի շարադրանքը սկսելով հնագույն ժամանակներից`
այն հասցրեց մինչև 18-րդ դարի 70-ական թթ.` մինչև Պուգաչևի գլխավորած
գյուղացիական ապստամբությունը և Ռուսաստանը փոթորկող իրադարձությունները։
Այդ բազմահատորին զուգընթաց զբաղվեց նաև այլ հիմնահարցերով, հրապարակելով
առանձին մենագրություններ «Պատմական նամակներ», «Գրագրություններ»,
«Լեհաստանի անկման պատմությունը», «Հանրային ընթերցումներ Պյոտր Մեծի մասին»,
որում պատմական կոնկրետ փաստական նյութի հենքի վրա ցույց է տալիս, որ պյոտրյան
մշակութային վերափոխումները կապված են եվրոպական վերածնունդի հետ, «Կայսր
Ալեքսանդր Առաջինը. Քաղաքականություն, դիվանագիտություն», «Ռուսական
պատմության գրիչները 18-րդ դարում», «Շլեցերը և հակապատմագիտական
ուղղությունները», «Ն. Մ. Կարամզինը և նրա «Ռուսական պետության պատմությունը» և
այլն։ Սոլովյովի պատմագիտական հայացքների ու Ռուսաստանի պատմության
վերաբերյալ նրա մտորումների գիտական հանրագումարը կատարվել է նրա
«Ռուսական երկրի սկիզբը» աշխատությունում, որում աշխատելով բացահայտել
պատմական զարգացման օրինաչափությունը, նշում է երեք վճռորոշ գործոններ` երկրի
բնությունը, ցեղի բնավորությունը, արտաքին իրադարձությունների ընթացքը։ Սոլովյովը
անդրադարձել է նաև Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի հաստատման ու
գյուղացիական ապստամբությունների (նա ապստամբություն որպես այդպիսին չէր
ընդունում, այլ անվանում էր բունտ) հիմնահարցերին։ Սոլովյովը առաջինը ռուսական
պատմագիտության մեջ մշակեց պատմության հարցերի հետազոտման ու լուսաբանման
քաղաքակրթական մոտեցումը, որի օգնությամբ կարողացավ Ռուսաստանի
պատմությունը առանձնացնել արևմտաեվրոպական երկրների պատմությունից,
միաժամանակ այն քննարկելով համաշխարհային պատմության խորապատկերի վրա։
19-դարի 30-40-ական թվականներին Ռուսական հասարակական-քաղաքական ու
պատմագիտական մտքի բնագավառում ծնունդ առան նոր գաղափարական հոսանքներ:
Պաշտոնական գաղափարախոսության դեմ պայքարում ձևավորվեցին
սլավոնոֆիլական ու արևմտական ուղղությունները, իսկ զարգացող ռուսական
ազատամիտ (լիբերալ) բուրժուազիայի ներկայացուցիչները իրենց հայացքներով ծնունդ
տվեցին «Պետական կամ իրավաբանական» դպրոցին, որի հիմնադրույթները ուղղված
էին ինքնակալության գոյության պայմաններում բուրժուական հարաբերությունների
զարգացման երազանքներին։ Նշված ժամանակաշրջանում ռուսական հասարակական,
քաղաքական ու պատմագիտական մտքի վրա մեծ ազդեցություն գործեց
սլավոնոֆիլական խմբակի գործունեությունը։ Սլավոնոֆիլների տեսադրույթները
որոշակիորեն արտահայտվել էին դեռևս Կարամզինի աշխատություններում, սակայն
ամբողջությամբ դրսևորվեցին Պ. Յու. Չադաևի «Փիլիսոփայական» նամակում, որը
հրատարակվեց ժամանակի առաջադեմ մտածող Նադեժդինի կողմից հրապարակվող
«Телескоп» հանդեսում 1836 թ.։ Այն ուղղված էր «Հատուկ ժողովրդայնության» տեսության
դեմ: 19-րդ դարի 30-50-ական թվականներին ձևավորված սլավոնոֆիլական խմբակի
ակտիվ գործիչներ ու գաղափարախոսներն էին Ա. Ս. Խոմյակովը, Ի. Վ. Կիրեևսկին, Պ. Վ.
Կիրեևսկին, Կ. Ս. Ակսակովը, Ի. Ս. Ակսակովը, Յու. Ֆ. Սամարինը, Դ. Ա. Վալուևը, Ի. Դ.
Բելյաևը։ Սլավոնոֆիլական պատմագիտության հիմնական ու գլխավոր թեման ռուս,
նաև սլավոնական այլ ժողովուրդների կենցաղի, սովորույթների, հավատալիքների ու
պետության կազմավորման, ռուսական ցարերի ու ժողովրդի միասնության
լուսաբանումն էր։ Սակայն հարկ է ընդգծել, որ սլավոնոֆիլները առաջադրելով ռուս
ժողովրդի ու ցարերի միասնության գաղափարը երբեք էլ ժողովրդական սկզբունքը չեն
նույնացրել պետության հետ, ինչպես այդ կատարում էին Պագոդինը և «հատուկ
ժողովրդայնության» տեսության մյուս գաղափարախոսները։ Սլավոնոֆիլները
առաջարկում էին ուսումնասիրել ժողովրդի ներքին կյանքը կենցաղը,
ստեղծագործությունները, բանահյուսությունը, ժողովրդագրությունը, որը կազմում է
նրանց պատմագիտական նվաճումը ժամանակի ռուսական պատմագիտական մտքի
բնագավառում։ Այնուամենայնիվ դրանով հանդերձ, սլավոնոֆիլները նպատակադրված
չէին ցանկանում ուսումնասիրել իրենց ժամանակի հասարակության պատմության
զարգացման ընթացքը, որովհետև այդ զարգացումը տանում էր դեպի ժողովրդի ու
վերնախավերի միջև անտագոնիզմի ընկալմանն ու բացահայտմանը, իսկ իրենք
ազնվական արմատներ ունեին ու չէին ցանկանում իրենց սոցիալական շերտի
արտոնությունները սահմանափակվեին, թեև զարգացման կողմնակից էին, ուստի
հիմնական ուշադրությունը կենտրոնացնում էին անցյալի ուսումնասիրության վրա,
ժողովրդի մեջ փնտրելով անփոփոխ ժողովրդական սկզբունքը, «ժողովրդական ոգին»՝
հետևելով գերմանական փիլիսոփայության ռոմանտիզմի ուղղության՝ ժողովրդական
ոգու վերացական ընկալման տեսությանը, սրանով էլ տարբերվում էին իրենց
գաղափարական հակառակորդ արևմտականներից։
Թեմա հմ. 12. Պատմագիտական մտքի զարգացումը ԱՄՆ-ում 19-րդ դարի
1-ին կեսին:
Պատմագիտության զարգացումն ԱՄՆ–ում 19-րդ դարի առաջին կեսին
1775-1783 թթ. ԱՄՆ-ում տեղի ունեցած հեղափոխությունը տապալեց երկրում
անգլիական գաղութային լուծը, արդյունքում կազմավորվեց անկախ հանրապետություն։
Ամերիկյան կապիտալիզմի առջև բացվեցին զարգացման լայն հորիզոններ, որին
նպաստում էր մայրցամաքի ընդարձակ տարածքներն իրենց բնական անսպառ
հարստություններով։ Ֆրանսիական Լուիզանիան, իսպանական Ֆլորիդան, անգլիական
Օրեգոնը, մեքսիկան Տեխասը 19-րդ դարի առաջին կեսին ենթարկվեցին ԱՄՆ-ին։
Աստիճանաբար իրենց ենթարկելով բնիկ հնդկական ցեղերին ամերիկյան
գաղութարարները դուրս եկան Խաղաղ օվկիանոսի ափերը։ ԱՄՆ-ի բնակչությունը 1790
թ. կազմում էր 31 մլն մարդ։ 1775-1783 թթ. անկախության պատերազմներից մինչև 1861-
1865 թթ. հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում ամերիկյան կապիտալիզմն
աննախընթաց զարգացում ապրեց, կազմավորվեց բուրժուական հասարակությունը,
երկրում սկսվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Կապիտալիզմը երկրի հյուսիս-
արևելյան շրջաններում ավելի դանդաղ էր զարգանում, քան արևմուտքի ընդարձակ
տարածքներում։ Կապիտալիզմի արագ զարգացումը, որը հետևանք էր անկախության
պատերազմների հաջող ելքի, ինչպես նաև ձևավորվող սոցիալական
հակամարտությունները, որոշեցին բուրժուական գաղափարախոսության հիմնական
գծերը։ 18-րդ դարի վերջերին գաղափարական քաղաքական առումով պայքարը էր
ընթանում ֆեդերալիստների ու հակաֆեդերալիստների միջև, իսկ 19-րդ դարի առաջին
կեսին պայքարը ամերիկյան հասարակության ներսում ծավալվեց լիբերալ բուրժուական
թևերի միջև, որն իր արտացոլումը գտավ ռոմանտիզմի բնագավառում։ Հյուսիսում
զարգանում էին բուրժուական հարաբերությունները, իսկ հարավային շրջաններում
ամրապնդվեցին ու զարգացան ստրկատիրական հարաբերությունները, ուր շուրջ 1,5
միլիոն նեգրեր գտնվում էին ստրկական լծի տակ։ Հարավը մեկուսացած էր ազգային
շուկայից։ Ստրկատեր պլանտատորները հարավում ստրկությունը հայտարարեցին
իրենց տնտեսության սոցիալական համակարգը և այն հակադրեցին հյուսիսի
կապիտալիստական տնտեսությանը, ուր օգտագործում էին վարձու աշխատանքը։
Երկրի արևմուտքում վճռվում էր այն հարցը, թե զարգացումը ընթանալու է վարձու
բանվորի, թե՞ ստրուկի աշխատանքի հիմքի վրա։ Հասունանում էր անխուսափելի
հակամարտությունը, արդեն մոտ էր նոր` 1861-1865 թթ. հեղափոխության փոթորիկը։
Ստրկությունը վերացնելու համար ծավալվեց համազգային շարժում, որը կոչվեց
աբոլիցիոնիզմ ու համախմբեց առաջադեմ ամերիկացիներին։ Այն դարձավ 19-րդ դարի
30-50-ական թթ. ամերիկյան հասարակական կյանքի էական գիծը, իր
արտահայտությունը գտնելով կյանքի բոլոր բնագավառներում, պատմագրության
ոլորտում ևս, որը դարձավ հակամարտող կողմերի պայքարի հիմնական միջոցներից
մեկը։ Ամերիկյան պատմագիտական միտքը 18-րդ դարի վերջին ու 19-րդ դարի սկզբին
կատարում էր իր առաջին քայլերը։ Դեռևս չէր զարգացել արխիվային գործը, իսկ
փաստաթղթերը չէին հրապարակվում։ Բուրժուական պատմագիտության մեջ 19-րդ
դարի սկզբին տիրապետող էր ռոմանտիզմը։ Եթե Եվրոպայում ռոմանտիզմի բնորոշ
արտահայտությունը միջնադարյան դղյակների ավերակների ու ասպետական
սովորությունների, հետևաբար արիստոկրատական ռեակցիայի փառաբանման
անդրադարձն էր, ապա Ամերիկայում անհնարին էր կապիտալիզմի հանդեպ ունեցած
քննադատությամբ ակնկալել վերադարձ հին գաղութային կարգերն, անհնարին էր,
որովհետև բուրժուական հեղափոխության հաղթանակով ստեղծվել էր
հանրապետություն, երիտասարդ պետությունն իր առաջին քայլերն էր կատարում,
ուստի ամերիկյան պատմագրության մեջ ռոմանտիզմը հենց սկզբից ընդունեց լիբերալ
բուրժուական գունավորում։ Այդ ուղղության հետևորդներն էին Ջորջ Բանկրոֆտը և
Ֆրենսիս Պարկմենը։
Ջորջ Բանկրոֆտը ուսումն ստացել է Գերմանիայում: Նա, վերադառնալով
հայրենիք, դառնում է խոշոր պետական գործիչ և դիվանագետ։ Իր պատմագիտական
աշխատությունում՝ «Միացյալ նահանգների պատմությունը», լուսաբանում է Ամերիկայի
հայտնագործումից մինչև անկախության պատերազմների ժամանակաշրջանի
իրադարձությունները։ Այն հագեցած է ազգայնականությամբ, փառաբանում է
ամերիկյան հանրապետության քաղաքական կարգերը, նրանց համապատասխանող
հաստատությունները, իդեալականացնում է ամերիկյան բուրժուական դեմոկրատիան,
անտեսում է ստրկատիրության գոյությունը։ Աշխատությունը շարադրված է
հիմնականում նկատի ունենալով նախախնամության սկզբունքը, որով և բացատրում է
ամերիկյան ազգի աստվածային ծագումը, իբրև նախախնամությունն ամերիկյան ազգին
ղեկավարում է ավելի կատարյալ ուղիով, քան մյուս ժողովուրդներին։ Լիբերալ
բուրժուական պատմագիտական ուղղությանն էին հետևում Ջոն Մոտլին և Ուիլյամ
Պրեսկոտտը, որոնք իրենց աշխատություններում քննարկում են անկախության
պատերազմների ու հնդկական ցեղերի դեմ պայքարի հարցերը։ Ամերիկյան
բուրժուական պատմագիտության ամենահուզող կարևոր հիմնահարցերից էր
ստրկության թեման, որի շուրջ ծավալվում էր ակտիվ գաղափարական պայքար։ Հարավի
պլանտատորական օլիգարխիայի գաղափարախոսներն էին Դ. Կելխունը, Դ. դե Բռուն, Դ.
Ֆիտցխյուն, որոնք արդարացնում էին այդ կարգերը։ Լայն մասայականություն էր
վայելում ֆրանսիացի Ժ. Գոբինոյի «Ակնարկներ մարդկային ռասսաների
անհավասարության մասին» աշխատությունը։
Ամերիկյան պատմագրության անենահուզող հարցերից էր ստրկության
վերացման խնդիրը, որի շուրջ ձևավորված աբոլիցիոնիստական ուղղությունը
(ստրկությունը վերացնելու նպատակով ծավալված ժողովրդական շարժում) պայքար էր
մղում ստրկատիրությունը պաշտպանող ուղղության դեմ։ Աբոլիցիոնիստական
ուղղության ամենանշանավոր դեմքը Ռիչարդ Խիլդրետն էր (1807-1865): Նրա
հակաստրկատիրական բնույթի գրական աշխատությունն է «Ստրուկ կամ Արշի Մուրի
գրությունը», որը մեծ հեղինակություն բերեց հեղինակին, ապա հրատարակեց «ԱՄՆ-ի
պատմությունը» պատմագիտական աշխատությունը, որում լուսաբանում է Ամերիկայի
պատմությունը նրա հայտնագործումից մինչև 1820 թ. ընկած ժամանակաշրջանի
իրադարձությունները։ Նա կտրուկ հանդես է եկել ստրկատիրության դեմ, նշելով նրա
անհամապատասխանությունը «Անկախության հռչակագրին», որը հռչակել է մարդկանց
հավասարությունը, որ ստրկությունը խանգարել է 1775-1783 թթ. ԱՄՆ-ում
հեղափոխության իրականացմանը։ Քննադատում ու դատապարտում է հյուսիսի
բուրժուազիային, որը զիչումներ կատարեց հարավի ստրկատերերի օգտին։ Նա դրական
է գնահատում ուժեղ կենտրոնացված կառավարության կողմնակից Համիլտոնին, Ջեյին և
ուրիշներին։ Այդ հարցերին անդրադարձել է նաև «Քաղաքականության
տեսություն»աշխատությունում։ Աբոլիցիոնիզմը, ինչպես նաև բուրժուա-
դեմոկրատականմյուս շարժումները սոցիալական քննադատության հարցում եղել են
խիստ սահմանափակ։ Նրանցից շատերին թվում է, որ ստրկության վերացումը ԱՄՆ-ում
տեղի կունենա սոցիալական հավասարության հաստատմամբ, սակայն նման
պատրանքները Խիլդրետը անհավանական էր համարում։
Աբոլոցիոնիստական պատմագիտության բնագավառում իր լուման ներդրեց
նեգրական մտավորականությունը։ 1848 թ. նեգր պատմաբան Գ. Գարնետը հրատարակեց
«Անցյալը, ներկան և գունավոր ռասայի ճակատագիրը»աշխատությունը։ Նա նեգրական
ազատագրական շարժման առաջնորդ Դուգլասի հետ միասին հանդես եկավ
ռասիստների դեմ, որոնք առաջադրում էին ջնջել, վերացնել նեգրերին մարդկության
շարքերից։ Նա ընդգծում էր նեգրական ռասայի եգիպտական մշակույթին մատուցած
ծառայություններն ու ներդրումները։ Աբոլիցիոնիստական պատմագիտական
ուղղության դեմ հանդես եկան հարավի մի շարք մտավորականներ՝պաշտպանելով
ստրկատիրությունը։ Մշակույթի բնագավառում, հետամնացության ու անջատողական
գաղափարների տարածված լինելու հետևանքով, չստեղծվեց ազգայի պատմագրություն,
շատ աշխատություններ չեզոք բնույթ էին կրում։ Միակ բացառությունն այն է, որ Հենրի
Տակկերի կողմից ստեղծվել է «ԱՄՆ-ի պատմություն»աշխատությունը, որի փաստական
հենքը Բանկրոֆտի գիրքն է։ Հարավի պատմաբանները սովորաբար հանդես են գալիս
ամերիկյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության դեմոկրատական լոզունգների
դեմ, դատապարտում են «Ազատության հռչակագիրը», որը հռչակել էր ազատություն
բոլորի համար։ Նրանք կարծում են, որ ստրկությունը հարավի հավերժ սոցիալական
հիմքն է։ Նրանք ստեղծեցին հետադիմական ուտոպիա «Հունական դեմոկրատիայի
մասին», որը իբր թե հնարավոր է վերստեղծել ամերիկյան պլանտատորական
ստրկության հիմքի վրա։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Историография истории нового времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М.,1990, էջ 160-175, 89-96.
2. Харц Л., Либеральная традиция в Америке, М., 1992, էջ 87-157.
ԱՌԱՋԱՐԿՎՈՂԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Peter C. Messer, "From a Revolutionary History to a History of Revolution: David Ramsay


and the American Revolution," Journal of the Early Republic 2002 22(2): 205-233.
2. Дементьев И.П. Американская историография гражданской войны в США. (1861-
1865). М., 1963.
3. Карамзин Н. М. История государства Российского: в 12-и т. — СПб., 1816−1829.
Թեմահմ. 13. Պատմագիտությունը Արևմտյան Եվրոպայում (Ֆրանսիա)

Պատմագիտությունը Ֆրանսիայում 19-րդ դարի երկրորդ կեսին

19-րդ դարի 2-րդ կեսին Ֆրանսիայում տնտեսական ու սոցիալական կյանքը լուրջ


փոփոխություններ կրեց: Այս շրջանից սկսած ֆրանսիական կապիտալիզմը թևակոխեց
իր մոնոպոլիստական փուլը: Երկրում գնալով ավելացան սոցիալական ու բանվորական
շարժումները: Բուռն իրադարձություններ տեղի ունեցան երկրի քաղաքական կյանքում`
Բոնապարտիստական հեղաշրջումը, 1870 թ. սեպտեմբերի 4-ի բուրժուա-
դեմոկրատական հեղափոխությունը և 1871 թ. Փարիզյան կոմունան, հանրապետական
կարգերի հաստատումը ու երկարատև պայքարն այն ավելի դեմոկրատականացնելու
համար: Այս բոլոր իրադարձություններն իրենց հետքը թողեցին ֆրանսիական
պատմագրության վրա: Նկատվեց նաև պոզիտիվիզմի ազդեցությունը, ինչպես նաև
ձևավորվեց մարքսիստական ուղղությունը, որը հիմնականում կապված էր 1880 թ.
Աշխատավորական կուսակցության ստեղծման հետ: Վերջինի հիմնադիրներն էին Ժ.
Գեդը և Պ. Լաֆարգը: 19-րդ դարի 2-րդ կեսին ֆրանսիական պատմագրության մեջ
նկատվեց երկու էտապ` 50-ական թթ. մինչև 70-ական թթ. սկիզբ և 70-90-ական թթ.:
19-րդ դարի 50-60-ական թթ. ֆրանսիական պատմագրության մեջ յուրահատուկ
ժամանակաշրջան էր: Այս ժամանակ տեղի ունեցան նոր իրադարձություններ,
մասնավորապես ավարտվեց արդյունաբերական հեղափոխությունը: Պատմագրության
կենտրոնում դարձյալ շարունակեց մնալ ֆրանսիական հեղափոխության հարցը,
հատկապես սկսեցին այն քննարկել պոզիտիվիզմի դիրքերից: Հաջորդ կարևոր հարցը
բոնապարտիզմին էր վերաբերվում, երբ Բոնապարտի գործունեության ու Առաջին
կայսրության վերաբերյալ ստեղծվեց 32 հատորով փաստաթղթերի ժողովածու:
Քննարկվում էր նաև ռեստավրացիայի հարցը: 19-րդ դարի 2-րդ կեսին շարունակեց իր
գործունեությունը բուրժուա-ազնվականական ուղղությունը, որը հիմնականում
ուշադրությունը կենտրոնացրել էր հեղափոխությունների խնդրի լուսաբանման վրա: Այս
ուղղության հայտնի պատմաբաններից էր Ալեքսիս դե Թոքվիլը, ով շարունակեց իր
գործունեությունը: 1856 թ. լույս տեսավ նրա հիմնական աշխատությունը «Հին կարգը և
հեղափոխությունը» խորագրով: Աշխատությունը գրվել է 1848 թ. հեղափոխության
ազդեցությամբ և բոնապարտիստական դիկտատուրայի վերականգնմամբ, որը Թոքվիլը
չէր ընդունում: Նա դեմ էր հեղափոխությունների միջոցով քաղաքական համակարգի
հաստատմանը, ինչպես նաև քաղաքականությանը ժողովրդական մասաների
միջամտությանը: Նա համեմատություններ էր կատարում հին ու նոր կարգերի միջև: Նա
առաջիններից էր, որ սկսեց ուսումնասիրել Ֆրանսիայի հին կարգերի սոցիալական
համակարգն ու հասարակական կազմակերպությունները: Երբ Լուի Նապոլեոն Երրորդի
կառավարությունը սահմանափակեց բուրժուազիայի ու ազնվականության
իրավունքները, Թոքվիլը հարեց ընդդիմությանը։ Նա իր աշխատություններում
պաշտպանում էր բուրժուազիայի ու ազնվականության իրավունքները, որոնք համատեղ
հանդես եկան 1848-1849 թթ. հեղափոխության ժամանակ ընդդեմ ժողովրդական,
դեմոկրատական ուժերի։ Բուրժուազիայի ու ազնվականության հակահեղափոխությունը
նա փորձում էր հիմնավորել 1789 թ. հեղափոխության փորձով, որը թելադրված էր իբր
դեմոկրատիայի ծայրահեղ վտանգավոր լինելու մտայնությամբ։ Թոքվիլը գտնում էր, որ
հեղափոխության ժամանակ զարգանում են դեմոկրատական ուժերը, սակայն
վերջիններս անխուսափելիորեն ծնում են բռնություն, մերժում էր հեղափոխության
օրինաչափ լինելը և գտնում էր, որ այն ծագում է ինքնաբերաբար։ Բուրժուա-
ազնվականական պատմագրության մյուս խոշոր ներկայացուցիչն է Ա. Լամարտինը, որը
ակտիվորեն մասնակցեց 1848-1849 թթ. հեղափոխությանը։ Գրել է «1848 թ.
հեղափոխության պատմությունը», «Երեք ամիս իշխանության ղեկի մոտ»
աշխատությունները։ Այդ աշխատությունները ուղղված են դեմոկրատական ուժերի դեմ,
որոնք նրա պնդմամբ ցանկանում էին տապալել գոյություն ունեցող հասարակական
կարգերը։ Լամարտինը հատկապես ահաբեկված է կոմունիստական գաղափարների
հնարավոր տարածման վտանգից։ Այդ վախն էր, որ նրան ստիպեց հրաժարվել
հանրապետական գաղափարներից, անցնել ինքնակալության ճամբարը և գովերգել
ինքնակալությանը։ Բուրբոնների ռեստավրացիային նվիրեց հատուկ աշխատություն
«Ռեստավրացիայի պատմությունը» խորագրով, այն համարելով Ֆրանսիսյի
վերածնունդը, իսկ ազնվականությանը՝ ազգի ծաղիկը։ Նա առաջարկում էր
հեղափոխական մասաների դեմ պայքարի համար ստեղծել անձնական դիկտատուրա։
19-րդ դարի 2-րդ կեսին ֆրանսիական պատմագրության հաջորդ ուղղությունը
դեմոկրատական, արմատական, սոցիալիստական ուղղությունն էր: Պատմաբան-
դեմոկրատների ուսումնասիրման հիմնական թեման շարունակում էր մնալ
Ֆրանսիական հեղափոխության պատմությունը: Նրանցից նշանավորն էր Ժյուլ Միշլեն
(1788-1874), ով պատմության մեջ շարունակեց ռոմանտիստական ավանդույթները: Նրա
մոտ նկատվում է հակակրոնական ու դեմոկրատական սկզբունքներ: Այս տարիներին նա
ավարտին հասցրեց «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» աշխատությունը,
որտեղ հեղափոխության վերջնական դրական արդյունքը համարում էր իրավունքի ու
արդարության հաղթանակը, իսկ հեղափոխության շարժիչ ուժ համարում էր ժողովրդին,
մեծ տեղ էր հատկացնում գյուղացիական հուզումներին։ Անկախ նրա հայացքների
բուրժուական սահմանափակ լիելուն, ժողովրդական մասաներին հեղափոխության
շարժիչ ուժի ընդունումը 50-ական թվականների ֆրանսիական պատմագրության մեջ
պայմաններ ստեղծեց դեմոկրատական ուղղության հանդես գալուն։ Այնուհետև նա գրեց
բազմահատոր աշխատություն «Ֆրանսիայի պատմությունը» խորագրով, որի
շարադրանքը կարողացավ հասցնել մինչև 1815 թ.: Միշլեն ամբողջ կյանքում
հավատարիմ մնաց դեմոկրատական ու հակաֆեոդալական հայացքներին:
60-ական թթ. պատմագրության մեջ իր գաղափարներով յուրահատուկ էր Էդգար
Կինեն (1803-1875): Նա 2 հատորով թողել է «Հեղափոխություն» աշխատությունը: Նա
նույնպես համոզված հակաֆեոդալական հայացքներ ուներ: Այս աշխատության մեջ
Կինեն մտորում էր, թե ինչու Ֆրանսիայում տեղի ունեցան այդ երկու
հեղափոխությունները: Ըստ հեղինակի ֆրանսիական հեղափոխությունն ուներ երկու
նպատակ` ոչնչացնել արտոնյալ հասարակարգը և հաստատել քաղաքացիական
հավասարություն: Իսկ ամենադժվարին խնդիրն էր հասնել ազատության:
Հեղափոխության ժամանակ ռոբեսպիերականության կոնցեպցիան շարունակեց
զարգացնել Լուի Բլանը (1811-1882): Վերջինս մանրբուրժուական ուղղության
ներկայացուցիչներից էր: Նրա «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» 12
հատորանոց աշխատությունը նվիրված է 1789 թ. հեղափոխության իրադարձությունների
լուսաբանմանը, ամբողջությամբ պաշտպանում է յակոբինյաններին հետադիմական
ուժերի հարձակումներից։ Ընդդեմ Միշլեի ու Լամարտինի` պաշտպանում է
Ռոբեսպիերին։ Աշխատանքը գրված է արխիվային հարուստ նյութերի ու ժամանակի
մամուլի հիման վրա։ Բլանի գաղափարները զարգացրեց Էռնեստ Ամելն իր 3 հատորանոց
«Ռոբեսպիերի պատմությունը» աշխատությամբ:
Դեմոկրատական դիրքերից հանդես եկավ Ալֆրեդ Բուժարը (1813-1882): Նա իր
«Մարատ՝ ժողովրդի բարեկամ» աշխատությունում ուսումնասիրեց ու լայնորեն
լուսաբանեց Մարատի գործունեությունը, կերտեց նրա պատմական կերպարը։
Արխիվային հարուստ նյութի հենքի վրա ներկայացրել է Մարատի քաղաքական ու
փիլիսոփայական հայացքները, հեղափոխական գործունեությունը։ Նա 1789 թ.
հեղափոխության հարցերը քննարկել է դեմոկրատիայի դիրքերից, ընդգծելով Մարատի
տեսակետները, որ ժողովրդական մասաները իրավասու են դիմագրավելու
բռնակալներին։ Մարատին ճիշտ չգնահատելու համար բանավիճելով Միշլեի հետ,
արդարացնում է Մարատի առաջադրած հեղափոխական տեռորի մարտավարությունը,
դրական է գնահատում Փարիզի կոմունան, Էբերտիստների գործողությունները։ Նրա
գրչին են պատկանում «Դանտոն», «Կորդելեյրների ակումբը» աշխատությունները: 19-րդ
դարի 60-ական թվականներին ֆրանսիական պատմագրության մեջ ձևավորվեց
հեղափոխական–սոցիալիստական ուղղությունը, որի ներկայացուցիչները իրենց
գործերում լուսաբանում էին Ֆրանսիայում ձևավորվող հեղափոխական իրադրությունը
և բանվոր դասակարգի դասակարգային գիտակցության հասունացման հարցերը։ Այդ
ուղղության կրողներն էին Էդուարդ Թրիդոնը (1841-1871) և Ժորժ Ավենեշը (1828-1876):
Նրանք ընդունում էին հեղափոխության օրինաչափությունն ու դասակարգային
պայքարի տեսությունը։ Թրիդոնը Բուժարի նման փառաբանում է Մարատին իր «1789 թ.
Փարիզի կոմունան» աշխատությունում, քննադատում է Միշլեին Դանտոնին
փառաբանելու և Լուի Բլանին՝ Էբերտիստներին զրպարտելու համար։ Թրիդոնը
Ռոբեսպիերին ու նրա կողմնակիցներին վերաբերում է բացասական, նշելով, որ
Էբերտիստները հեղափոխության սիրտն էին: Մինչ երկրորդ կայսրության անկումը
ֆրանսիական պատմագրության մեջ հանդես եկավ Օղյուստ Ժան Մարի Վերմորելը
(1841-1871): 1848 թ. հեղափոխության մասին նա գրեց «1848 թ. մարդիկ», ապա «1851 թ.
մարդիկ» աշխատությունները։ Վերմորելը պատմաբան էր, հրապարակախոս,
սոցիալիստական կուսակցության առաջնորդ, 1866 թ. հրապարակում էր «Ֆրանսիական
կուրյեր» թերթը, ուր մեծ ուշադրություն էր հատկացնում բանվորական հարցին։ Ինչպես
հեղափոխական մտավորականության մյուս ներկայացուցիչները, այնպես էլ Վերմորելը
մեծ դեր կատարեց 1789 թ. հեղափոխության գաղափարների մասայականացման
գործում։ Նա հատուկ ծանոթագրություններով հրատարակեց Մարատի, Ռոբեսպիերի,
Դանտոնի ճառերն ու ելույթները։ Նա 1871 թ. Փարիզի կոմունայի ակտիվ գործիչներից էր,
արդարադատության հանձնաժողովի անդամ, կռվեց բարիկադների վրա, վիրավորվեց ու
գերվեց, մահացավ բանտում։ Նա Պրուդոնի նման կողմնակից էր հասարակության
խաղաղ միջոցներով վերափոխմանը, սակայն նաև ընդունում էր հեղափոխական
միջամտության անհրաժեշտությունը, եթե իրադրությունը պահանջում էր ու անհրաժեշտ
էր։ Նա հավատացյալ հանրապետական էր և այդ դիրքերից քննադատում էր 1851 թ.
հանրապետությունը տապալած անհատներին։ Անարգանքի սյունին է գամում
բոնապարտիստներին, որոնք գազանային մեթոդներով տապալեցին
հանրապետությունը՝ կատարելով պետական հեղաշրջում։ Անդրադառնալով
հեղափոխությունների գնահատմանը` նշում է, որ միայն այն հեղափոխությունը, որը
ապահովում է ժողովրդին, խաբեբայություն լինել չի կարող, սակայն անկարող եղավ ցույց
տալ, որ հեղափոխության ընթացքում վճռականը ժողովրդական մասաների
գործունեությունն է, որից հետո հիմնական ուշադրությունը կենտրոնացրեց առանձին
անձանց գործունեության լուսաբանման վրա։
19-րդ դարի 2-րդ կեսի ֆրանսիական պատմագրության 2-րդ էտապը սկսվում է
1870-1871 թթ. իրադարձություններով` ֆրանս-պրուսական պատերազմը, երկրորդ
կայսրության կործանումը, Փարիզի Կոմունայի հռչակումը (1871 թ. մարտի 18-ին),
երրորդ հանրապետության ձևավորումը, որոնք Ֆրանսիայի պատմության մեջ բացեցին
նոր ժամանակաշրջան և մեծ ազդեցություն ունեցան հասարակական մտքի զարգացման
վրա: Այս շրջանում շատ գործիչներ, վախենալով ժողովրդական մասաների
ակտիվությունից, անցան հետադիմական ճամբարը և փոփոխություններ տեղի ունեցան
նաև նրանց հայացքներում: Նման գործիչներից էր Էռնեստ Ռենանին (1823-1892), որը
համարվում է հետադիմական ուղղության ներկայացուցիչը: Նա համաշխարհային, հին
աշխարհի պատմության, մասնավորապես քրիստոնեական ժամանակաշրջանի խոշոր
մասնագետ էր, հին եվրոպական լեզուների ամբիոնի պրոֆեսոր, լիբերալ չափավոր
հայացքների կրող, սկսեց բացասական արտահայտվել դեմոկրատական շարժումների
նկատմամբ։ 1870-1871 թթ. իրադարձությունները ցնցեցին նրան` մատնելով խոր
հոռետեսության։ Նա այդ ազդեցության ներքո հրապարակեց «Մտավոր և բարոյական
բարեփոխում» աշխատությունը, որում գրում էր. «Ամեն ինչ փլվեց որպես հայտնության
տեսիլք»։ Քաղաքական բոլոր կուսակցությունները, պետական գործիչները, բոլոր
հասարակական գաղափարները հասկացանն իրենց անկարողությունը։
Առանձնահատուկ վճռականությամբ նա հարձակում էր կատարում կոմունարների վրա,
որ նրանք կրկին կյանքի կոչեցին 1793 թ. յակոբինյան տեռորը: Ատելությամբ էր լցված
դեմոկրատական ուժերի դեմ:
Ժամանակի իրադարձություններն իրենց ազդեցությունն ունեցան նաև Ֆյուստեր
դը Կուլանժի (1830-1889) պատմագիտական հայացքների վրա։ Նա շատ ծանր տարավ
Պրուսիայի դեմ պատերազմում Ֆրանսիայի պարտությունը։ Հրապարակեց մի շարք
հոդվածներ, որոնցում քննադատում էր Պրուսիայի զավթողական քաղաքականությունը,
պրուսական զինվորների դաժան գործողությունները խաղաղ բնակչության նկատմամբ,
հարձակվում էր գերմանացի պատմաբան Մոմզենի վրա, երբ վերջինս արդարացնում էր
Էլզասի ու Լոթարինգիայի անջատումը Ֆրանսիայից։ Քննադատելով Մոմզենին ու
մեղադրելով շովինիզմի մեջ, ինքը տուրք տվեց ծայրահեղ շովինիզմին: Նրա քաղաքական
հայացքները իրենց դրսևորումն են գտել «Հին Ֆրանսիայի հասարակական կարգի
պատմություն» աշխատությունում, որում գերադասում է արիստոկրատական
կառավարման կարգը, եզրակացնելով, որ միջնադարում գոյություն չուներ կոլեկտիվ
սեփականության ոչ մի ձև։ Նրա այս հայացքների շուրջ երկար ժամանակ լիբերալ ու
հետադիմական ուղղությունների հետևորդ պատմաբանների միջև ծավալվեց բանավեճ։
Կուլանժի գրչին է պատկանում «Ֆրանսիայում և Գերմանիայում պատմության գրչության
ձևի մասին» հոդվածը, որում հայտնում է այն միտքը, թե Գերմանիայի հաղթանակի
պատճառը միայն ռազմական գերազանցությունը չէր, այլ գերմանացի գիտնականների
հայրենասիրական ոգին էր, որը պատմաբանները նախորդ 50 տարիների ընթացքում
գաղափարապես նախապատրաստել էին, իսկ Ֆրանսիայում պատմաբանները
բաժանված էին բազում կուսակցությունների և սովորեցնում էին իրենց
կառավարությանն ու իշխանավորներին կառավարությունը բարձր դասել, քան
հայրենիքը։
Փարիզի կոմունայի կործանումից հետո քաղաքական ռեակցիայի դրսևորման
ձևերից մեկը դարձավ Բուրբոնների պատմության փառաբանումը: Այդ առումով
նշանավոր է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռոյալիստների կուսակցական գործիչ
Էռնեստ Դոդեի (1837-1921) գործունեությունը։ Նրա աշխատությունները նվիրված են
Ֆրանսիայում ինքնակալական կարգերի և ռեստավրացիայի պատմությանը։
Ռեստավրացիայի հաստատած կառավարության պաշտպանությամբ հանդես էր գալիս
նաև մեկ այլ պատմաբան Պոլ Դյուրո-Դանժենը (1837-1913), որը իր «Լիբերալ
կուսակցությունը Ֆրանսիայում ռեստավրացիայի ժամանակաշրջանում» գրքում
հավատացած գրում էր, որ միայն ժառանգական ինքնակալությունն է կարող ապահովել
Ֆրանսիայի ծաղկումն ու անվտանգությունը հեղափոխական ցնցումներից ու ռազմական
աղետներից։
Ֆրանսիական պատմագրության մեջ մշտապես կենսունակ է մնում 1789-1794 թթ.
հեղափոխության թեմատիկան։ Նրանով զբաղվում են պատմագիտության տարբեր
ուղղությունների հետևորդ պատմաբաններ։ Այդ ոլորտում միմյանց դեմ գաղափարական
պայքար են մղում՝ ռեակցիոն միապետական, լիբերալ հանրապետական ու
արմատական-դեմոկրատական ուղղությունները։ Ռեակցիոն-միապետական
ուղղության հետևորդն էր Իպոլիտ Տենը (1828-1893), փիլիսոփա, գրականագետ,
արվեստագետ։ Նա 18-րդ դարի հեղափոխության պատմաբան դարձավ 1871 թ.
իրադարձությունների ազդեցության ներքո։ Թշնամանքով է արտահայտվում Փարիզի
1871 թ. մարտի 18-ի Կոմունային։ Այդ դեպքերի ներքո տեղի ունեցավ նրա
գաղափարական էվոլյուցիան, անցում կատարեց լիբերալիզմից դեպի ռեակցիոն
ուղղությունը։ Նրա հայացքների այդօրինակ փոփոխությունը արտահայտվել է
«Ժամանակակից Ֆրանսիայի ծագումը» բազմահատոր աշխատությունում։ Հրաժարվելով
նախկինում ֆրանսիական 18-րդ դարի հեղափոխության պատմության լուսաբանման
առաջադիմական ավանդույթներից, նա ամենամռայլ գույներով է ներկայացնում այն
ժամանակի դեմոկրատական իրադարձությունները, պատմական գործիչների
գնահատումն ու բնութագրումը կատարում է կամայական, միտումնավոր։ Իրար
հակադրելով արտոնյալ դասերի շքեղ կյանքը ժողովրդական մասսաների աղքատության
հետ, քննադատում է ժամանակի առաջադեմ տեսություններն ու հասարակական
գաղափարները, որոնք ըստ նրա պարունակում էին թունավոր նյութ։ Չարությամբ է
լցված ժողովրդական մասսաների հանդեպ, ձգտում է սևացնել նրանց հեղափոխական
պայքարը, ժողովրդին համարելով «վտանգավոր, կործանարար ուժ», որ
յակոբինյանները մոլեռանդների հավաքածու էին, դաժան մարդիկ։ Բոլորովին այլ կերպ
է ներկայացնում Նապոլեոն Բոնապարտին ու նրա գործունեությունը։ Լուսաբանելով
բրյումերի 18-ի հեղաշրջումը, պնդում է, որ ամբողջ Ֆրանսիան ի դեմս Նապոլեոնի
ողջունում էր իր ազատարարին, հովանավորին։ Տենի այս գործը հետադիմականները
ընդունեցին սրտաբաց, իսկ առաջադիմական ուժերը կտրուկ քննադատության
ենթարկեցին։ Նրա հայտնի ստեղծագործությունն է 4 հատորով «Անգլիական
գրականության պատմությունը» (1863-64):
X1X դարի 70-ական թվականներին ձևավորվեց նաև հանրապետական
ուղղությունը: Դարձյալ մեծ ուշադրություն դարձվեց հեղափոխության ուսումնասիրման
խնդրին: Հեղափոխության 100-ամյակի առթիվ ստեղծվեց պատմագիտական
ընկերությունը, որի նպատակն էր ուսումնասիրել ու բացահայտել հեղափոխության
պատճառներն, ընթացքն ու արդյունքները: Աշխատանքները հիմնականում կատարում
էր պատմաբան Ալֆոնս Օլարը (1849-1928), որը Սորբոնի համալսարանի 18-րդ դարի
հեղափոխության պատմության ամբիոնի վարիչն էր։ Նա գրել է «Սահմանադրական
ժողովի և կոնվենտի ճառասացները», «Ֆրանսիայի քաղաքական պատմություն»
ծավալուն ու արժեքավոր աշխատությունները։ Օլարը որպես հանրապետական
աշխատում էր պատմության հարցերի մեկնաբանությամբ ծառայել իր կուսակցությանը։
Այդ նպատակով նա 1789-1794 թթ. հեղափոխության պատմության հարցերի
լուսաբանումով միապետականներից ու եկեղեցականներից պաշտպանում էր իր
ժամանակի բուրժուա-դեմոկրատական կարգերը, քննադատում էր միապետականների
ու եկեղեցականների՝ հանրապետության դեմ ծայրահեղ չափով սրված գաղափարական
ու քաղաքական հարձակումները։
XIX դարի վերջին ֆրանսիական պատմագիտության հիմնախնդիրներից էր նաև
Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ու դիվանագիտության պատմության
հարցերը։ այդ թեմաների արդիականությունը պայմանավորված էր ֆրանսիական
կառավարության արտաքին գաղութատիրական նվաճումների ուժեղացմամբ։ Արտաքին
քաղաքականության ու դիվանագիտության պատմության հարցերի ուսումնասիրման
բնագավառում նշանավոր են Ալբեր Սորելը (1842-1906) և Անտոնեն Դեբիդուրը (1847-
1917)։ Ֆրանս-պրուսական պատերազմը միջազգային հարաբերությունների մեջ լուրջ
փոփոխություններ առաջացրեց, փոխեց ուժերի հարաբերակցությունը Եվրոպայի
կենտրոնում, սրեց ֆրանս-գերմանական հարաբերությունները։ Ֆրանսիայի
պարտությունը, նրանից Էլզասի ու Լոթարինգիայի զավթումը, Ֆրանսիային մղում էր
ռեվանշի, իսկ գերմանական կողմը աշխատում էր թույլ չտալ որպեսզի Ֆրանսիան
ուժեղանա, ամեն կերպ խոչընդոտում էր, անգամ նախապատրաստվում էր նոր
պատերազմի։ Ահա այդ իրադրության մեջ Ֆրանսիայում հետաքրքրություն առաջացավ
պատմաբանների մոտ երկրի արտաքին հարաբերությունների ու դիվանագիտության
պատմության խորազննին ուսումնասիրման համար։ Առանձնապես մեծ
հետաքրքրություն ցուցաբերեցին ֆրանս-պրուսական պատերազմի ուսումնասիրման
հանդեպ` նրա ծագման, ընթացքի ու վերջնական արդյունքի նկատմամբ։
Հրապարակվեցին հուշեր, արխիվային հարուստ նյութեր։ Ա. Սորելը հրապարակեց
«Ֆրանս-գերմանական պատերազմի դիվանագիտական պատմությունը»
աշխատությունը՝ օգտագործելով հրապարակված պատմագիտական գրքեր, արխիվային
փաստաթղթեր, հուշեր։ Սորելը զբաղվել է նաև Նապոլեոն Բոնապարտի արշավանքների
պատմության հարցերով։ Նա մասնակցեց դիվանագիտության պատմության
ընկերության ստեղծմանը։ Նրա ծավալուն ու արժեքավոր գործերից՝ «Ֆրանսիական
հեղափոխությունը և Եվրոպան», որը շարադրել է արխիվային հարուստ ու բազմաբնույթ
նյութերի հիման վրա, լուսաբանել է 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի միջազգային
հարաբերությունները, ցույց է տվել հակաֆրանսիական կոալիցիայի պետությունների
դիվանագիտական բախումները, նրանց կնքած պայմանագրերը։ Ներկայացրել է
Ֆրանսիայում ֆեոդալա-միապետական վարչակարգի քաղաքական բարքերն ու
ավանդույթները, ինչպես նաև մյուս երկրների քաղաքական կարգերը, լուսաբանել է 18-
րդ դարի ֆրանսիական հեղափոխության իրադարձությունները, 1799 թ. նոյեմբերին
(բրյումերի 18-ի) տեղի ունեցած հեղաշրջումը, Եվրոպայում նապոլեոնյան
տիրապետության ժամանակաշրջանը։ Շարադրման ընթացքում ներկայացնում է ներքին
ու արտաքին քաղաքականությունների փոխկապակցությունը, սակայն հստակ չի
տարրորոշել հեղափոխական Ֆրանսիայի ու հին կարգերով ապրող Ֆրանսիայի
արտաքին քաղաքականության բնույթը: Այդ պատճառով Սորելը Նապոլեոնի
ժամանակաշրջանը դիտում է հեղափոխական ժամանակաշրջանի շարունակությունը,
դրանք միացնում է միմյանց։ Անդրադառնալով եվրոպական երկրների վրա
ֆրանսիական հեղափոխության ազդեցության խնդրին, կարծում է, որ այդ երկրներում
դեմոկրատիայի վերելքն ու ազգային ազատագրական պատերազմները ֆրանսիական
հեղափոխության հետևանքն են։ Սորելը իդեալականացնում էր նապոլեոնյան ռեժիմը,
գերագնահատում էր այդ ժամանակաշրջանում եվրոպական երկրներում տեղի ունեցած
բարեփոխումները՝ թերագնահատելով զավթած երկրներում նապոլեոնական
բանակների թալանչիական, զավթողական պատերազմների իսկական էությունը։
Դիվանագիտության պատմության հարցերով զբաղվեց նաև Ա. Դեբիդուրը, որը
հարուստ դիվանագիտական փաստերի հենքի վրա ստեղծել է արժեքավոր ու մնայուն
աշխատություններ` «Եվրոպայի դիվանագիտական պատմությունը», «Եվրոպայի
դիվանագիտական պատմությունը Բեռլինի կոնգրեսից մինչև մեր օրերը», որոնցում
հեղինակը տերությունների արտաքին քաղաքականությունը քննարկել է ներքին
քաղաքականության հետ շաղկապված, սակայն անկարող է եղել հստակ լուսաբանել
դիվանագիտության դասակարգային բովանդակությունը, միևնույն ժամանակ լինելով
բուրժուական հանրապետական ձախ թևի ներկայացուցիչ կարևոր դեր է հատկացրել
հեղափոխական, ազգային ազատագրական շարժումներին, դատապարտելով
զավթողական պատերազմները։ Նրա հայացքների հակակղերականությունը
պարզորոշ դրսևորվել է «Կաթոլիկական եկեղեցին և պետությունը երրորդ
հանրապետության ժամանակ» ծավալուն աշխատությունում։
Ֆրանսիացի պատմաբանները զբաղվել են նաև այլ երկրների պատմության
հարցերով։ Ա. Ռամբոն, մասնավորապես 1870-1871 թթ. ֆրանս-պրուսական
պատերազմից հետո, երբ նկատելիորեն բարելավվեցին ռուս-ֆրանսիական
հարաբերությունները, նա կողմնակից լինելով Ռուսաստանի հետ Ֆրանսիայի
հարաբերությունների մերձեցմանը, ստեղծեց մի շարք աշխատություններ Եկատերինա
Երկրորդի մասին հանդես եկավ հոդվածաշարով, ապա գրեց «Ռուսաստանի
պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 1877 թվականները» աշխատությունը։
Ռուսաստանի պատմությանն անդրադարձավ նաև «Համաշխարհային պատմություն»
աշխատությունում, որի հրատարակիչը եղավ պատմաբան Ե. Լավիսը։ Ռուսաստանի
պատմության հարցերով է զբաղվել նաև Լեռուա Բոլյեն «Ցարերի կայսրությունը և
ռուսները» աշխատությունում։ Ե. Լավիսը առանձնապես զբաղվել է Գերմանիայի
պատմության հարցերով, գրել է մի շարք աշխատություններ` «Ակնարկներ գերմանական
կայսրության մասին», «Գերմանական երեք կայսրերի մասին», «Պրուսիայի պատմության
ակնարկներ»։
Եվրոպայի ու համաշխարհային պատմության խոշոր գիտակ էր Շառլ Սենոբոսը
(1854-1942)։ Նրա «Ժամանակակից Եվրոպայի քաղաքական պատմությունը» որը
ընդգրկում է 1814 թվականից մինչև 1896 թվականը ընկած ժամանակաշրջանի
իրադարձությունների շարադրանքը, ինչպես նաև դրան որպես լրացում մինչև 1902 թ.
իրադարձությունները, կարևոր արժեք ունեցող ուսումնասիրություն է։ Այն
հրապարակվել է մի քանի անգամ, մեծ հեղինակություն բերելով Սենոբոսին նաև երկրից
դուրս։ Հեղինակը այն ստեղծել է արխիվային բազմազան ու հարուստ նյութի հենքի վրա։
Դեպքերի ու իրադարձությունների շարադրանքի նկատմամբ իր ունեցած անկողմնակալ
վերաբերմունքի մասին նա արտահայտվել է աշխատության ներածությունում,
ընդգծելով, որ իր անձնական համակրանքն աշխարհիկ, լիբերալ-դեմոկրատական
եվրոպական հասարակական կարգերի կողմն է։ Սակայն նրա այդքան օբյեկտիվությունը
մոռացության էր մատնվում, երբ հարցը վերաբերում էր բանվորական հեղափոխական
պայքարին, մասնավորապես Փարիզի Կոմունայի հարցին։ Անկարող լինելով
բացահայտել կոմունայի իսկական էությունը, պնդում էր, որ կոմունան ապստամբների
հավաքածու էր, որին Ֆրանսիայում ու արտասահմանում դիտում էին որպես
ավանտյուրիստների հավաքածուի՝ զուրկ քաղաքական բովանդակությունից։ Համաձայն
բուրժուական պատմագիտության մեթոդաբանության` Սենոբոսը նույն կերպ է
գնահատում դասակարգային բնույթով ու պատմական նշանակություն
ունեցող բազմաթիվ կազմակերպություններ, ինչպիսիք են մասոնական օթյակներ,
դեկաբրիստական կազմակերպությունները, Երիտասարդ Եվրոպա, Կոմունիստների
միությունը, Առաջին ինտերնացիոնալը։ Չեն սահմանազատված անարխիստական
կազմակերպությունները և սոցիալիստական կուսակցությունները, ուտոպիստական ու
գիտական սոցիալիզմի տեսությունները։ Գիտականորեն չեն սահմանազատված
առանձին ուղղություններին տրված գնահատականները։ Կարծում է, որ Առաջին
ինտերնացիոնալը ոչ մի դրական արդյունք չունեցավ, միայն ահաբեկեց
հասարակություններին ու կառավարություններին։ Չի բացահայտված մարքսիզմի ու
անարխիզմի տարբերությունները։ 1815-1896 թթ. միջազգային հարաբերություններին
վերաբերող գլուխներում կան բազմաթիվ անճշտություններ ու մակերեսային
եզրահանգումներ։ Նա շատ է գերագնահատում առանձին դիվանագետների ու
պետական գործիչների դերը։ Աշխատության վերջում հեղինակը հույս է հայտնում, որ
հեղափոխություններն ու պատերազմները, որոնք հետևանք էին 19-րդ դարում
Եվրոպայում տեղի ունեցած սոցիալական ու քաղաքական փոփոխությունների 20-րդ
դարում տեղի չեն ունենա, Եվրոպայում կտիրի խաղաղությունը, մինչդեռ նոր դարի
շեմին, այդ գրքի հրապարակումից հետո տեղի ունեցան մի շարք պատերազմներ`
իսպանո-ամերիկյան, անգլո-բուրական, որոնք Առաջին աշխարհամարտի
մունետիկները դարձան։
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Историография истории нового времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М.,1990, էջ 241-255.
2. Гайденко П. П., Давидов Ю. Н., История и рациональность. Социология Макса
Вебера и веберовский ренессанс, М., 2006, էջ 45-174:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Heller, Henry (2006). The Bourgeois Revolution in France: 1789–1815.


2. Doyle, William (1989). The Oxford History of the French Revolution. Oxford.
3. Suzanne Desan, "What's after Political Culture? Recent French Revolutionary
Historiography," French Historical Studies, Volume 23, Number 1, Winter 2000, pp. 163–
196.
Թեմա հմ. 14. Պատմագիտությունը Արևմտյան Եվրոպայում ( Անգլիա)

Պատմագիտությունը Անգլիայում 19-րդ դարի երկրորդ կեսին

XIX դարի երկրորդ կեսին Անգլիան համաշխարհային տնտեսության մեջ


զբաղեցնում էր կարևոր դեր, հատկապես արդյունաբերության բնագավառում։ Անգլիան
տիրապետող էր նաև առևտրի ու ծովագնացության բնագավառներում։ Լոնդոնը
հռչակվեց համաշխարհային առևտրի ու տարադրամի գործառնության կենտրոն, իսկ
անգլիական ֆունտ ստեռլինգը՝ համաշխարհային դրամական հաշվարկման միավոր։
Անգլիան միաժամանակ հսկայածավալ գաղութային կայսրություն էր, որտեղ
դրսևորվեցին կապիտալիզմի բնորոշ առանձնահատկությունները` գաղութային
տարածքներն ու համաշխարհային շուկայում զբաղեցրած գերակա դիրքը։ Սակայն XIX
դարի վերջերին Անգլիան համաշխարհային տնտեսության մեջ ունեցած իր գերակա
դիրքը աստիճանաբար սկսեց զիջել Աներիկայի Միացյալ Նահանգներին, ապա նաև
Գերմանիային, որոնք արդյունաբերության և ընդհանրապես տնտեսության զարգացման
տեմպերով սկսեցին գերազանցել Անգլիային, թեև վերջինս շարունակում էր մնալ որպես
արդյունաբերական զարգացած երկիր ու գաղութային խոշոր կայսրություն։ Անգլիական
բուրժուազիան դասեր քաղելով չարտիստական շարժումից, մշակեց երկրի ու
տնտեսության ղեկավարման առավել հուսալի մեթոդներ։ Գաղութների ժողովուրդների
անխնա թալանից որոշ միջոցներ տրամադրում էր բանվորական առանձին խմբերին, իր
կողմն էր գրավում բանվորական արիստոկրատիային, որը հպատակվում էր տերերին,
դավաճանելով բանվորական շարժմանը, որտեղից էլ առաջացավ նրանց անվանումը՝
շտրեյխբրեխներ-շտրեյխբրեխականություն։ Բանվորական շարժումը չէր սպառնում
բուրժուազիայի շահերին ընդհուպ մինչը XIX դարի երկրորդ կեսը։ Այդ
ժամանակահատվածում իրականացվեցին պառլամենտական երկու բարեփոխումներ
(1867 թ. առաջինը և երկրորդ՝ 1884-1885 թթ.), ընտրողների թիվը հասավ հինգ միլիոնի`
ընտրելու իրավունք ստացան մանր բուրժուազիան, բանվորական առանձին շերտեր,
բանվորական վերնախավը, 1874 թ. պառլամենտը օրենք ընդունեց գաղտնի
քվեարկության կարգի մասին։ Այս փուլում ավելի ուժեղացավ պահպանողական
կուսակցությունը, որն իր ակտիվ արտաքին քաղաքականության համար ձեռք բերեց մեծ
հեղինակություն։ Լիբերալ կուսակցության ներսում տեղի էր ունենում ճգնաժամ` որն այդ
կուսակցության ներքին ու արտաքին ավանդական քաղաքականության նկատմամբ
անգլիական բուրժուազիայի որոշ շրջանների հիասթափության արդյունքն էր։
Բուրժուական հասարակական միտքը այդ տարիներին ապրում էր բարդ, երկակի
գործընթաց։ Մի կողմից, շարունակվում էր գիտության արագ զարգացում, մեծ
հաջողությունների հասավ տեխնիկան ու հասարակական միտքը, իսկ բուրժուազիան
հավատում էր կապիտալիստական համակարգի անսասանությանը։ Հասարակական
կյանքում այդ բոլոր գործընթացներն իրենց արտահայտությունն էին գտնում
պատմագրության մեջ։ Դրա հետ միասին հանդես եկան նաև այլ միտումներ.
սոցիալական հակասությունների սրումը, դասակարգային պայքարի ակտիվացումը,
տնտեսական ճգնաժամերը, արտաքին ու ներքին դժվարությունները ծնում էին
տարակարծություն ու անվստահություն։ Բուրժուական գաղափարախոսությունը
անկարող էր ամբողջությամբ անտեսել արդեն զարգացող մարքսիստական ուսմունքը,
թեև լռության էր մատնում։ Սոցիալիստական գաղափարները տարածվում էին ամենուր,
նրանց ազդեցությունը բանվոր դասակարգի վրա մեծանում էր։ Դրա հետ միաժամանակ
ավելի հստակորեն ընդգծվում էր կապիտալիզմի հակամարտությունների
անլուծելիությունը, ի հայտ էր գալիս բուրժուական հասարակական մտքի լճացումը և
դրսևորվեցին նրա մի շարք հետադիմական միտումները։ Այդ երկակի պրոցեսներն
առավել հստակությամբ դրսևորվեցին զարգացման մասին Դարվինի տեսության
հանդեպ ունեցած հարաբերության մեջ։ Չ. Դարվինի «Տեսակների ծագումը բնական
ընտրության ճանապարհով» աշխատությունում, որը հանդիսնում է
գիտության ընդհանուր զարգացման ու հսկայական փորձնական նյութի ամփոփման
հանրագումարը, հանդիսացավ օրգանական աշխարհի մասին եղած պատկերացումների
կտրուկ շրջադարձը, այն բնության մասին եղած գիտությունը դրեց ամուր ու հաստատուն
հողի վրա։ Դարվինի հայտնագործությունը կենսաբանության շրջանակներից ավելի
հեռուն գնաց, աշխարհի անփոփոխության մասին նախկին պատկերացումները շրջեց
աստիճանական զարգացման (էվոլյուցիա) մասին եղած նրա գաղափարը` դրանով
խոշոր հարված հասցնելով կրոնին։ Եկեղեցին հայտնվեց Դարվինի թշնամիների
շարքում։ Եկեղեցին գտնում էր, որ Դարվինի ուսմունքը հակադրվում է Սուրբ գրքին,
ուրեմն այն անբարոյական է և իրենից ոչինչ չի ներկայացնում: Դարվինի ուսմունքը
գիտության մեծ նվաճումն էր, սակայն բոլորովին այլ բովանդակություն ստացավ, երբ
փորձեցին դրանով բացատրել հասարակության զարգացումը, ստեղծելով «սոցիալական
դարվինիզմի» ուղղությունը։ Այդ տեսության հետևորդները կենդանական աշխարհի
զարգացման օրենքներն ու օրինաչափությունները մեխանիկորեն տարածում էին
մարդկային հասարակության վրա, պնդելով, որ գոյության համար պայքարը
համընդհանուր օրենք է բոլոր կենդանի աշխարհի, նաև մարդու համար։ Կյանքի համար
բորբոքված պայքարը, ըստ նրանց, մարդկային հասարակության բնական վիճակն է, որի
ընթացքում ապրում են միայն նրանք, ովքեր ավելի դիմացկուն են։
Իրականում «սոցիալական դարվինիզմի» տեսությունը հարություն էր տալիս «Մարդը
մարդուն գայլ է» (Homo homini Lupus) հակամարդկային տեսությանը, ինչպես նաև
գիտության կողմից վաղուց ի վեր մերժված մալթուսականությանը։ «Սոցիալական
դարվինիզմի» տեսությամբ նրա տեսաբանները հիմնավորում էին սոցիալական,
գույքային ու քաղաքական անհավասարությունը մարդկանց ու տարբեր ժողովուրդների
միջև։ Քանի որ տարբեր մարդկանց մեջ կան կյանքի համար առավել ունակ մարդիկ,
այնպես էլ տարբեր ժողովուրդների մեջ կան «լավեր», «վատեր»։ Այդ ուսմունքը դարձավ
հիմնարար գաղափար ռասիզմի համար։ Անգլիական սոցիալ-դարվինիստները, պնդում
էին, որ սպիտակ ռասան, առաջին հերթին անգլո-սաքսերը, աստվածային ծագում ունեն։
Դրանով նրանք արդարացնում էին այլ ժողովուրդներին տիրելու Անգլիայի գաղութային
քաղաքականությունը։
XIX դարի երկրորդ կեսին որոշակի հաջողության հասավ պատմագիտությունը,
նախևառաջ սկսվեց պատմագիտական նյութերի հրապարակումը։ Հրապարակվեցին
միջնադարյան ժամանակագրություններ, արխիվային փաստաթղթեր,
հուշագրություններ և այլ աղբյուրներ։ Այդ նպատակով կազմակերպվեց Ռազմածովային
պատմության ընկերությունը, որը կրում էր նշանավոր իրավաբան Սելդենի անունը։ Մի
շարք քաղաքներում ստեղծվեցին պատմագիտական խմբեր, որոնք իրենց առջև խնդիր
դրեցին տեղերում հավաքել ու հրապարակել պատմական նյութերը։ Այդ նպատակով
սկսվեցին հնագիտական պեղումներ։ 1886 թ. հիմնադրվեց «Անգլիական պատմական
ամսագիրը», որը հրատարակվում է մինչև մեր օրերը։ Պատմության դասավանդման
խնդրում համալսարաններում առաջընթաց կատարվեց։ Բացվեցին նոր
համալսարաններ` Մանչեստրում, Բիրմինգհեմում, մտցվեց արտադրությունից չկտրված
ուսուցման համակարգ, որը կրթություն ստանալու համար մեծ հեռանկարներ ստեղծեց,
կատարելագործվեցին պատմության դասավանդման մեթոդները, մտցվեց սեմինար
պարապմունքների նորարական ուսուցման ձևերը և այլն։ Բնական գիտություններին
զարգացումը ուղեկցվում էր պատմագիտության նվաճումներով։ Օքսֆորդի
համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Թեյլորը հրապարակեց «Նախնադարյան մշակույթ»
աշխատությունը, որում լուսաբանեց նախնադարի մշակույթի բազում ինստիտուտներ`
ամուսնության տարբեր ձևերը, կենցաղը, սովորույթները, ժառանգության հարցերը,
հավատալիքները։ Թեյլորը մերժեց լիարժեք ու ոչ լիարժեք ռասաների տեսությունը,
հիմնավորեց, որ բոլոր ժողովուրդներն իրենց զարգացման ընթացքում անցնում են
ընդհանուր և նույն պատմական ուղիով։ Խոշոր հաջողություններ գրանցվեց միջնադարի
պատմության ուսումնասիրության խնդրում։ Այդ ոլորտում խոշոր դերակատարում
ունեցան Ու. Ստեբսը, Է. Ֆրիմանը, Պ.Վինոգրադովը և այլք:
XIX դարի 2-րդ կեսին անգլիական հասարակական մտքի մեջ մեծ տարածում
գտավ պոզիտիվիզմը, որի կրողը դարձավ Հերբերտ Սպենսերը (1820-1903), որը ելնելով
աստիճանական զարգացման գաղափարից, փորձ արեց ստեղծել գիտության բոլոր
բնագավառներին հատուկ իր փիլիսոփայական համապարփակ համակարգը։ Սպենսերը
մասնագիտությամբ ինժեներ էր, ուստի լավատեղյակ էր ճշգրիտ գիտությունների
զարգացման օրենքներին։ Իր փիլիսոփայական տեսությունն անվանեց «սինթեթիկ
փիլիսոփայական համակարգ», որի վերաբերյալ հրապարակեց մի քանի
աշխատություններ՝ «Հիմնական սկզբունքներ», «Կենսաբանական հիմունքներ»,
«Հոգեբանության հիմունքներ», «Սոցիոլոգիայի հիմունքներ»։ Ըստ նրա, աշխարհի, նաև
հասարակության զարգացման հիմքում ընկած է աստիճանական (էվոլուցիոն)
զարգացման օրենքը, որը նա մեկնաբանում է որպես «նյութի ամբողջացում և շարժման
համընթաց նրա ցրումը»։ Այնուհետև Սպենսերը գրում է. «Նյութը անորոշ վիճակից,
կցկտուր միատեսակությունից, անցնում է դեպի որոշակի կապակցված
բազմատեսակությանը, այլ կերպ ասած՝ տարբերակվում, շերտավորվում է»։ Այդ օրենքը
Սպենսերը դիտում էր համընդհանուր և կոնկրետ նյութի օրինակով փորձում է տարբեր
ոլորտներում հետևել նրա գործողություններին, այդ թվում, հասարակության
պատմության բնագավառում։ Սպենսերը հասարակությունը դիտում է որպես դանդաղ,
աստիճանական զարգացման գործընթաց, առանց թռիչքների ու կտրուկ անցումների։
Աստիճանական զարգացման հիմքում, ըստ նրա, ընկած է հավասարակշռության օրենքը։
Վերջինիս ամեն մի խախտման դեպքում բնությունը ձգտում է վերադառնալ նրա նախկին
վիճակին։ Զարգացման նման ընկալումը անմիջականորեն ուղղված է հեղափոխության
դեմ, այն լուսաբանում է կապիտալիստական քաղաքական համակարգի
անխորտակելիությունը։ Եվ բոլորովին զարմանալի չէ, որ Սպենսերը դատապարտում էր
բոլոր տեսակի հեղափոխական հեղաշրջումները, ինպես նաև հանդես եկավ սոցիալիզմի
դեմ։ Սպենսերի փիլիսոփայական համակարգի հակահեղափոխական բնույթը
առանձնապես դրսևորվում է նրա սոցիոլոգիական տեսությունում։ Ելնելով իր
աստիճանական զարգացման տեսությունից` նա մարդկային հասարակության
պատմության մեջ առանձնացնում է երեք փուլ. 1. ցեղային հասարակության զարգացում,
2. վաղ դասային հասարակություն, որտեղ տեղի է ունենում տարբեր ցեղերի միավորում,
որից հետո հանդես են գալիս ազգերը, 3. հասարակության զարգացման ինդուստրիալ
(բուրժուական) փուլ: Սպենսերը մեխանիկորեն կենդանական աշխարհի զարգացման
օրինաչափությունները տարածում է մարդկային հասարակության զարգացման վրա,
որով էլ նույնացնում է մարդկային հասարակության ու կենդանական աշխարհի
զարգացման օրենքները։ Նրա այսպես կոչված օրգանական տեսությունը
օրինականացնում է տարբեր դասակարգերի շահագործումը և կապիտալիզմի
անսասանությունն ու հավիտենականությունը, մասնավոր սեփականության
մշտականությունը։ Ելնելով «բարձր» և «ստորին» դասակարգերի գոյությունից`
Սպենսերը հանգեց «սոցիալական դարվինիզմի» գաղափարին, որը հիմնավորում էր
«ստորին ռասաների» գոյությունը։
Բուրժուական հասարակական մտքի երկակի բնույթը դրսևորվում էր նաև
առաջընթացի գաղափարի նկատմամբ առաջ քաշված տեսակետների շուրջ:
Ամբողջությամբ վերցրած 19-րդ դարի երկրորդ կեսին առաջընթացի գաղափարը
բուրժուական գաղափարախոսության մեջ տիրապետող էր, այն վերածվել էր «հավատի
խորհրդանշանի», իսկ դարի վերջին այդ գաղափարի մեջ նկատվեց ճգնաժամ։ Այդ
հանգամանքը պարզորոշ երևում է սոցիոլոգ Կառլ Պիրսոնի «Ազգային կյանք ու
բնութագիր» աշխատությունում, ուր հեղինակը նշում է, որ առաջընթացը խաբուսիկ,
թվացող երևույթ է, մարդկությունը, պնդում էր նա, առաջընթաց չունի, կանգնած է նույն
տեղում։ Նոր պայմաններում բուրժուական մտավորականների հայացքներում
փոփոխության ենթարկվեցին նաև պետության նկատմամբ ունեցած երբեմնի
պատկերացումները։ Նախկինում նրանք պնդում էին, որ պետությունը չպետք է
միջամտի երկրի տնտեսական, քաղաքական կյանքին, պետք է թույլ տա ազատ
մրցակցություն, պետք է սահմանափակել պետության իրավասությունները։ Սակայն նոր
պայմաններում կատարեցին գաղափարական կտրուկ շրջադարձ, ցանկանում էին ցույց
տալ, որ պետությունը կողմնակի դիտորդ լինել չի կարող, նա պետք է միջամտի ներքին
կյանքի բոլոր բնագավառներին, ավելի ակտիվ լինի արտաքին հարաբերություններում։
Նման դատողությունները հատուկ էին փիլիսոփա, նորհեգելական Դ.Բոզանկետը։
Հեղինակի հայացքները ներկայացված են «Պետության փիլիսոփայական տեսությունը»
(1899) աշխատությունում։ Պետության դերին տրված այդ նոր մոտեցումները հետևանք
էին երկրում տեղի ունեցած նոր սոցիալական երևույթների` ամենից առաջ
դասակարգային պայքարի ու միջազգային հարաբերությունների կտրուկ սրման,
հետևաբար պահանջում էին ամուր ու հզոր պետական կարգ։ Բուրժուական
պատմագրության բնութագրական միտումներից մեկն էլ այն էր, որ անհրաժեշտ էին
համարում հիմնավորել Անգլիայի գաղութային քաղաքականության արդարցիությունը։
Այդ գաղափարն է ընկած Չարլզ Դիլկի «Ավելի մեծ Բրիտանիա» աշխատության հիմքում,
ուր հեղինակը ներկայացնում է բրիտանական գաղութներում իր այցելությունների
եզրահանգումները։ Դիլկի աշխատությունը նպաստեց Անգլիայի գաղութային
քաղաքականության քարոզման գործին։ Անգլիայի գաղութային քաղաքականության
ծավալման ու քարոզման նպատակով 1889 թ. կազմակերպվեց Թագավորական
գաղութային ինստիտուտ, իսկ 1884 թ. Կայսերական ֆեդերացիայի լիգան։ Գաղութային
քաղաքականությունը քարոզվում էր մամուլի միջոցով։ Գաղութային
քաղաքականության իրականացման խոշոր դեմքերից էր Սեսիլ Ռոդսը, որի անունով
հետագայում Աֆրիկայում Զամբեզի և Լիմպոպո գետերի միջև ընկած տարածքներում
ստեղծվեց Ռոդեզիան։ Ռոդսը ներքին սոցիալական հարցերի խաղաղ լուծման
միջոցներից մեկը համարում էր գաղութային նոր տարածքների զավթումը։ Նման
կողմնորոշում ունեին նաև պատմաբան Ջոն Սիլին, գրող Ռեդյուարդ Քիպլինգը։ Ջոն
Սիլին իր «Անգլիայի ընդլայնումը» աշխատությունում, իսկ Քիպլինգն իր
գեղարվեստական ստեղծագործություններում Անգլիան ներկայացնում էին որպես
ժողովուրդների մայր, որը պաշտպանում ու զարգացնում է իր տիրապետության տակ
գտնվող ժողովուրդներին, որ անգլիացիները զավթելով նոր տարածքներ հարստանալու
ու տեղացիներին հարստահարելու նպատակ չունեն, ավելին, իրենց վրա «վերցրել են
սպիտակամորթ մարդու բեռի» գաղափարը, այսինքն՝ գաղութների ժողովուրդներին
քաղաքակրթության հետ հաղորդակցելու ծառայությունը։ Այս գաղափարների
ազդեցությամբ ձևավորվեց գաղութային պատմագրությունը, որի հայտնի
ներկայացուցիչն էր Ջոն Սիլին (1834-1895): Նա իր վերոնշյալ աշխատությունում նշում է,
որ Անգլիան առանց նախապես մշակված ծրագրի գրավել է աշխարհի կեսը, ինչն էլ եղել
է նրա ընդլայնման արդյունքը: Այնուհետև նշում է, որ Անգլիայի վերջին երկու
հարյուրամյակների պատմության կարևոր իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե
Անգլիայում կամ անգամ Եվրոպայում, այլև օվկիանոսից այն կողմ, Ամերիկայում և
Ասիայում: Ներկայացրել է նաև Անգլիայի ու Ֆրանսիայի պայքարը հանուն գաղութների:
Սիլին դասախոսություններ է կարդացել Քեմբրիջի համալսարանում, որտեղ էլ նշել է, որ
պատմությունը քաղաքականության գործնական դպրոցն է, նա հավատացած էր, որ
պատմությունն առանց քաղաքականության անարդյունք է կամ քաղաքականությունն
առանց պատմության ևս անարդյունք է: Գաղութային պատմագրության մյուս հայտնի
ներկայացուցիչն էր Ջեյմս Էնտոնի Ֆրուդը (1818-1894): Նրա աշխատություններից է
«Անգլիայի պատմությունը Ուելսի անկումից մինչև Մեծ Արմադայի կործանումը (1530-
1588)», որտեղ համեմատում է Հենրիխ 8-րդին և Եղիսաբեթ 1-ինին: 1886 թ. Ֆրուդը
հրատարակեց «Օկեանա կամ Անգլիան ու իր գաղութները» աշխատությունը, որտեղ
հեղինակը նշում է գաղութների խաղացած հսկայական դերը մետրոպոլի համար: Նա
թողել է ևս երկու հայտնի աշխատություններ` «Անգլիացիները Արևելյան
Հնդկաստանում» և «Անգլիացիները Իռլանդիայում», որոնցում նկարագրել է
անգլիացիների իրականացրած դաժանությունները վերոնշյալ երկրների ժողովուրդների
նկատմամբ:
XIX դարի վերջին թեև որոշակիորեն ուժեղացավ պահպանողական
կուսակցության դերը անգլիական հասարակական կյանքում, սակայն պատմագրության
ոլորտում շարունակում էր տիրապետող մնալ վիգերի լիբերալ պատմագրության
կոնցեպցիան, որի բնութագրական գիծը 1688 թ. հեղափոխության հետևանքով ստեղծված
անգլիական պետական կարգի փառաբանումն էր և չափավոր ռեֆորմներով
հեղափոխական վարակի դեմ պայքարը։ XIX դարի վերջին պահպանողականները
աստիճանաբար հրաժարվեցին բոլոր տեսակի ռեֆորմների քննադատությունից, երբ 1867
թ. օրենք ընդունվեց իրավունքի ընդլայնման մասին, պահպանողականները ևս հանգեցին
ռեֆորմների անհրաժեշտության մտքին։ Լիբերալ (վիգիական) պատմագրության
ներկայացուցիչն էր Գոլդվին Սմիթը (1833-1910), որը հրապարակել էր մի շարք
աշխատություններ` «Իռլանդիայի պատմությունը», «Քաղաքացիական պատերազմը
Ամերիկայում» և այլն։ Նա Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր էր, Նոր պատմության
ամբիոնի վարիչ, դասավանդել է նաև ԱՄՆ-ի Կոռնելյան համալսարանում, բնակվել է
Իռլանդիայում` մեծ գործ կատարելով տեղում պատմաբան-մասնագետների
պատրաստման գործում։ Նրա աշխատությունները գովաբանում են լիբերալ
կուսակցությանն ու նրա գործիչներին։ Արտաքին քաղաքականության հարցում
առաջարկում էր, որ Անգլիայից անջատվեն Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան,
որպեսզի այդ տարածքներում չկրկնվի Հյուսիսամերիկյան գաղութների ապստամբական
շարժումները։
XIX դարի երկրորդ կեսին Անգլիայում ձևավորվեցին պատմագիտական երկու
դպրոցներ կամ ուղղություններ՝ կապված Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների
անունների հետ, որոնք իրարից տարբերվում էին միայն պատմական հարցերի
ուսումնասիրման թեմատիկայով: Քեմբրիջի համալսարանում առավել մեծ տեղ էին
հատկացնում նոր պատմության ուսումնասիրմանը, իսկ Օքսֆորդի համալսարանում՝
միջնադարյան պատմության հարցերին։ Օքսֆորդի պատմագիտական ուղղության
հիմնադիրն էր Ուիլյամ Ստեբսը (1825-1901): Նրա հիմնական աշխատությունն է
«Անգլիայի սահմանադրական պատմությունը», որում իրադարձությունների
շարադրանքը հասցնում է մինչև 1485 թվականը։ Աշխատություն է գրել նաև Գերմանիայի
միջնադարյան պատմության վերաբերյալ։ Նրա գիտական վաստակը մեծ է պատմական
վավերագրերի հրապարակման գործում։ Նրա հրապարակումներն աչքի են ընկնում
գիտական ճշգրտությամբ ու զուգահեռ տրված ծանոթագրություններով։ Նա առաջինն էր,
որ Օքսֆորդում մտցրեց սեմինար պարապմունքները, որով խորացրեց պատմության
ուսումնասիրության գործը։Քեմբրիջի դպրոցի հիմնադիրն էր Ջոն Էմերի Ակտոնը (1834-
1902), որը կրթությունը ստացել է Գերմանիայում, ուր հաճախել է նշանավոր պատմաբան
Ռանքեի դասախոսություններին։ Նա մեծ էրուդիցիայի տեր պատմաբան էր,
նախասիրությունների լայն շրջանակով՝ հանդես գալով դեմոկրատիայի, ազատության,
ամենից առաջ խղճի ազատության պաշտպանությամբ։ Ակտոնը կոնկրետ
աշխատություն չի թողել, այլ նրա հիմնական գաղափարներն ու հայացքներն ամփոփված
են նրա դասախոսություններում: Այս դպրոցի մյուս ներկայացուցիչն էր Ռիչարդ Գրինը,
ում «Անգլիական ժողովրդի համառոտ պատմությունը» աշխատությունը հրատարակվեց
1876 թ. ու մեծ համբավ բերեց հեղինակին։ Գիրքը ունեցավ մի քանի հրատարակում,
թարգմանվեց այլ լեզուներով։ Աշխատությունում լուսաբանվել է երկրի տնտեսական ու
քաղաքական պատմությունը, մեծ տեղ տալով հոգևոր ու մշակութային հարցերին, իսկ
պատերազմներին, զորավարներին, եկեղեցուն տեղ չի հատկացրել։ Նա գիտակցաբար
ներկայացրել է ոչ թե թագավորի, այլ ժողովրդի պատմությանը, հատկապես,
համակրանքով է անդրադարձել 1381 թ. գյուղացիական ապստամբությանը։
XIX դարի երկրորդ կեսին պոզիտիվիստ պատմաբաններ էին Հ. Բոկլը և Ու. Լեկկին:
Անգլիական պատմագիտությանը մեծ ծառայություն է մատուցել պատմաբան Հենրի
Թոմաս Բոկլը (1821-1862) իր «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում»
աշխատությամբ։ Նա նպատակադրվել էր գրել նաև 15 հատորով համաշխարհային
քաղաքակրթության պատմությունը։ Ուսումնասիրեց բազմաթիվ լեզուներ, հավաքեց
հարուստ արխիվային փաստաթղթեր, սակայն վերահաս մահը թույլ չտվեց իրագործելու
այդ կարևոր նպատակը։ Սոցիոլոգիական ընկալումներով Բոկլը պոզիտիվիստ էր։ Նա
հավատացած էր, որ հասարակությունն իր զարգացման ընթացքում ենթարկվում է
որոշակի օրենքների և նպատակ ուներ այդ օրենքները բացահայտելով պատմությունը
վերածել ճշգրիտ գիտության։ Որպես պոզիտիվիստ նա առաջադիմությունը դիտում էր
որպես պատմության գլխավոր օրենքը, սակայն հասարակության առաջադիմությունը
նա նույնացնում էր գիտելիքների կուտակման հետ։ Հասարակությանը տիրապետող
օրենքների փնտրտուքի ընթացքում նա ելնում էր այն մտքից, որ մարդը հանդիսանում է
բնության մասը, հետևաբար մարդը և ողջ հասարակությունը պետք է ենթարկվեն
բնության օրենքներին։ Փաստերի ուսումնասիրության ընթացքում նա հանգեց այն
եզրակացությանը, որ մարդկության զարգացման խնդրում վճռական դեր ունեն
նյութական պայմանները, ինչպես նաև բնակլիմայական ու աշխարհագրական
գործոնները։ Բոկլը կարծում էր, թե այդ գործոնները հասարակության զարգացման
ընթացքում, հատկապես աշխարհագրական գործոնի, աստիճանաբար փոքրանում է, իսկ
գաղափարական, բարոյական գործոնների դերը մեծանում է։ Նա լրջորեն էր
վերաբերվում պատմության հարցերի ուսումնասիրմանը, հավատացած էր, որ մոտ է այն
ժամանակը, երբ պատմությունը կգրավի իր արժանի տեղը և նրանով լրջորեն կզբաղվեն
պատմաբանները։ Բոկլի գաղափարական հետևորդն էր Ուիլամ Լեկկին (1838-1903), որին
մեծ հեղինակություն բերեց «Ռացիոնալիզմի պատմությունը Եվրոպայում»
աշխատությունը։ Նա ցույց է տալիս, որ լուսավորության ու ճշգրիտ գիտությունների
տարածման ընթացքում ու միևնույն ժամանակ եկեղեցու դերի նվազումով, մարդկային
հասարակության նորմերը չեն խաթարվում։ Ավելին, նա նշում է, որ աստվածաբանական
հայացքների տիրապետումը երկար ժամանակ արգելակում է մարդկության
զարգացումը։ Մարդկության առաջընթացը տեղի կունենա, երբ աստվածաբանությունը
կորցնի իր ազդեցությունը։ Լեկկիի նշանավոր աշխատություններից է «Անգլիայի 18-րդ
դարի պատմությունը», որում, թեև մեծ տեղ է զբաղեցնում քաղաքական պատմությունը,
սակայն հեղինակը անդրադառնում է նաև մշակույթի, եկեղեցու, տնտեսության
պատմությանը։ Լեկկինն առանձնապես մեծ տեղ է հատկացրել Իռլանդիայի
պատմությանը, մանավանդ 1798 թ. ապստամբական իրադարձություններին,
համակրանքով է վերաբերվում ապստամբներին: Այնուհետև պատմաբանը շարադրել է
1776-1783 թթ. ամերիկյան անկախության պատերազմների իրադարձությունները։
Սակայն շուտով Լեկկիի հայացքներում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ,
մասնավորապես, նա դեմ արտահայտվեց 1886 թ. Գլագստոնի կառավարության կողմից
Իռլանդիային ինքնավարություն տալու ծրագրին, իսկ հետո իր «Դեմոկրատիա և
ազատություն» աշխատությունում հարձակումներ կատարեց դեմոկրատական բնույթի
ռեֆորմների դեմ: Հեղինակը կարծում էր, որ ընտրական իրավունքի հետագա
ընդարձակումը վտանգավոր է հասարակության համար։ Լեկկի հայացքներում տեղի
ունեցած էվոլյուցիան արտահայտում էր XIX դարի վերջին տասնամյակների
բուրժուական գաղափարների ընդհանուր մոտեցումները։
XIX դարի երկրորդ կեսի խոշոր դեմքերից էր Սեմուել Գարդիները (1821-1902), ով
իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է անգլիական
հեղափոխության իրադարձությունները, գրելով «Յակով 1-ինի գահակալումից մինչև
1603-1642 թթ. քաղաքացիական պատերազմի սկիզբը», «1642-1649 թթ. քաղաքացիական
պատերազմի պատմությունը», «Հանրապետության ու պրոտեկտորատի պատմությունը»
աշխատությունները` հասցնելով մինչև 1656 թվականը։ Նա կատարել է հսկայական
աշխատանք, հավաքել է հարուստ նյութ Անգլիայի, Իսպանիայի, Հոլանդիայի,
Ֆրանսիայի արխիվներից։ Աշխատությունում հեղինակն առաջ է քաշում այն միտքը, որ
նախկինում պատմագիտությունը սխալ էր կարծում, թե հեղափոխությամբ իրար են
հակադրվել երկու սկզբունքներ՝ մի կողմից բռնապետությունը՝ Ստյուարտների
գլխավորությամբ, մյուս կողմից՝ պառլամենտը, որը ներկայացնում էր անգլիական
ազատությունը։ Նա հատուկ նպատակով դեպքերի շարադրանքը սկսում է Յակով 1-ինի
թագավորությամբ, որպեսզի ավելի խորը լուսաբանի հեղափոխության ակունքները,
բացահայտի հեղափոխության գործիչների հայացքներն ու տեսակետները։ Սակայն
անտեսելով հեղափոխության մեջ դասակարգային շահերը` անկարող եղավ մեկնաբանել
մասնակիցների վարքը։ Փաստերի նկատմամբ նա ունի գիտական մոտեցում, մշտապես
ստուգելով դրանց պատմական իսկությունն ու ճշմարտությունը։
XIX դարի երկրորդ կեսին Անգլիայում պատմագիտության մեջ առանձնահատուկ
հետաքրքրություն սկսվեց տնտեսական հարցերի հանդեպ։ Այս ուղղությամբ նշանավոր
դեմք էր Թորոլդ Ռոջերսը (1825-1890), որը Օքսֆորդի համալսարանի
քաղաքատնտեսության ամբիոնի վարիչն էր, հետագայում դասախոսել է նաև Լոնդոնի
համալսարանում։ Նրա պատմագիտական հետազոտություններն են
«Գյուղատնտեսության ու գների պատմությունը Անգլիայում 1259-1793 թթ.»,
«Աշխատանքի ու աշխատավարձի 600 տարին», որոնցով նա զբաղվել է շուրջ 40
տարի։ Նրա ուսումնասիրությունների հիմքում ընկած են աշխատանքի ու
աշխատավարձի տատանման և աշխատավորների նյութական մակարդակի
հետազոտումը։ Մեծ համակրանք ուներ աշխատավորների հանդեպ։ Այդ սկզբունքով է
լուսաբանում Ուայթ Թայլերի գլխավորած ապստամբության իրադարձությունները։ Այդ
ուղղության մյուս խոշոր պատմաբանը Ուիլյամ Քեննինգհեմն է (1849-1919)։ Նա մինչև
մահը աշխատել է Քեմբրիջի համալսարանում։ Գրել է «Անգլիական նոր
ժամանակաշրջանի արդյունաբերության ու առևտրի պատմությունը», «Անգլիական
միջնադարյան արդյունաբերության ու առևտրի պատմությունը» աշխատությունները,
որոնցում օգտագործել է հարուստ ու արժեքավոր փաստական նյութեր, որոնք ձեռք է
բերել անձնական արխիվներից։ Տնտեսական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվել է
նաև Ուիլյամ Էշլին (1860-1927): Նրա գլխավոր աշխատությունն է «Տնտեսական
պատմության ու տեսության ներածությունը», որը նվիրված է Անգլիայի միջին դարերի
տնտեսական պատմությանը: Այս ուղղությանն է պատկանում նաև Առնոլդ Թոյնբին
(1852-1883): Նրա «Արդյունաբերական հեղաշրջումը Անգլիայում 18-րդ դարում»
աշխատությունն այդ բնագավառի լավագույն գործն է մինչև այսօր։ Տարիներ շարունակ
աշխատել է Օքսֆորդի համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնում։ Հեղինակը
վերը նշված աշխատությունում հանգամանորեն լուսաբանում է արդյունաբերական
հեղաշրջման իրադարձությունները, դրա հետ կապված սոցիալական
փոփոխությունները, աշխատավորական մասսաների դրության վատթարացումը,
շահագործման կտրուկ ուժեղացումը։ Նա չափավոր ռեֆորմի կողմնակից է, դեմ էր
դասակարգային պայքարին, մեծ տեղ տալով դաստիարակությանը, կարծում էր, որ
աստիճանաբար կհարթվեն դասակարգային հակամարտությունները, կստեղծվեն
ներդաշնակ հարաբերություններ։
19-րդ դարի երկրորդ կեսին Անգլիայում տարածվեցին մարքսիզմը և
սոցիալիստական գաղափարները։ Այս ուղղությամբ կարևոր դերակատարում ունեցան
Հենրի Հայդմանը, Ուիլյամ Մորիսը, Ջորջ Խաուելը, Էրնեստ Բելֆորդ Բակսը, Սիդնեյ
Վեբբը, Բեատրիսա Պոտտերը։ Վեբբ ամուսինները զբաղվել են արհմիութենական
շարժման պատմության հարցերով և 1894 թ. հրատարակել են «Թրեյդ-յունյոնիզմի
պատմությունը» աշխատությունը, որը այդ բնագավառին նվիրված առաջին փորձն էր։
Այսպիսով, 19-րդ դարի երկրորդ կեսին անգլիական հասարակության, պետության
ներքին ու արտաքին քաղաքականության հարցերն իրենց ամբողջական լուսաբանումը
գտան պատմագիտական տարբեր դպրոցների հետևորդ պատմաբանների
աշխատություններում։
Թեմա հմ. 15. Պատմագիտությունը Արևմտյան Եվրոպայում (Գերմանիա)

Պատմագրությունը Գերմանիայում 19-րդ դարի երկրորդ կեսին

XIX դարի 50-60-ական թվականներին գերմանական հասարակությանը հուզող


հիմնական խնդիրը Գերմանիայի վերամիավորումն էր: Միավորման համար առաջ էին
քաշվում երկու ուղիներ՝ վերևից և ներքևից։ Վերևից միավորման քաղաքականությունը`
Պրուսիայի գլխավորությամբ, ցանկանում էր իրագործել պրուսական բուրժուազիան՝
բացառելով Ավստրիային, իսկ ներքևից միավորմանը ձգտում էին ժողովրդական լայն
մասաները, այդ թվում նաև Ավստրիայի կազմում եղած գերմանական շրջանները:
Սակայն բուրժուազիան բանվոր դասակարգի հետ չմիավորվեց, հակառակը`
միավորվեց ազնվականության հետ։ Պրուսիան 1864-1866 թթ. Դանիայի ու Ավստրիայի
դեմ պատերազմով, ապա 1870-1871 թթ. Ֆրանսիայի դեմ պատերազմով վերևից
վերամիավորեց երկիրը, որը 1871 թ. ավարտվեց կայսրության հռչակումով՝
Վիլհելմ Առաջինի գլխավորությամբ՝ 1871-1888 թթ.։ Նման պայմաններում գերմանական
պատմագիտական միտքն արդեն նախապատրաստված էր պատասխան տալու
վերամիավորմանը թե՛ վերևից, և թե՛ ներքևից միավորվելու դեպքերում։ 19-րդ դարի 50-
60- ական թվականներին գերմանական պատմագիտության մեջ զարգացան երկու
ուղղություններ՝ պրուսական կամ մանրգերմանական և ավստրիական կամ
մեծագերմանական-կաթոլիկական: Միաժամանակ իր գործունեությունն էր
շարունակում հարավգերմանական լիբերալ ուղղությունը, որը սակայն գնում էր դեպի
անկում։
XIX դարի 50-60-ական թվականներին գերմանական պատմագրության մեջ
վճռական տեղ էր գրավում մանրգերմանական ուղղությունը: Այս ուղղությունն
արտահայտում էր խոշոր բուրժուազիայի շահերը և պաշտպանում էր վերևից
Գերմանիայի վերամիավորման տեսակետը, որի համար այդ ուղղության
պատմաբաններին կոչում էին նաև քաղաքական պատմաբաններ, որովհետև նրանց
աշխատություններում պարզորոշ ընդգծվում էր դասակարգային ու
քաղաքական պայքարի և պատմագրության միջև եղած կապը։ Ներկայացուցիչներն էին
Հենրիխ Ֆոն Զիբելը (1817-1884), Յոհան Գուստավ Դրոյզեն (1808-1894), Հենրիխ Ֆոն
Տրեյչկեն (1834-1896), Ֆրիդրիխ Քրիստոֆ Դալմանը (1785-1860), Մաքս Դունկերը (1811-
1866), Ադոլֆ Շմիդտը (1812-1877), Հերման Բաումգարտեն (1833-1901):

Հենրիխ ֆոն Զիբելը պատկանում էր բուրժուական այն խավին, որ վաղուց ի վեր


կապված էր պրուսական պետության հետ։ Նրա հայրը ստացել էր ժառանգական
ազնվականական կոչում։ Բեռլինի համալսարանում ուսումնառության ժամանակ Զիբելի
վրա մեծ ազդեցություն թողեցին Սավինին ու Ռանքեն։ Զիբելը մանրգերմանական
պատմագիտական դպրոցի հիմնադիրն էր, հրապարակում էր «Պատմագիտական
ամսագիր» (Historishe Zeitschrift) հանդեսը, որը մինչև այժմ շարունակում է մնալ որպես
գերմանական բուրժուական պատմագիտության օրգանը։ 1848-1849 թթ. հեղափոխության
նախօրեին Զիբելը հրատարակեց «Հռենոսյան գավառի քաղաքական
կուսակցությունները» աշխատությունը, ուր բացահայտ ընդգծվում էր նրա քաղաքական
հավատամքը։ Նա պահանջում էր վերևից անցկացնել բարեփոխումներ, որը
հիմնավորում էր բուրժուազիայի ու յունկերության համագործակցությունը: Սրանով
պատմագրության մեջ հիմք դրեց դասակարգային հաշտեցման սկզբունքին։ Նա
միաժամանակ հակադրվում էր կաթոլիկ հոգևորականությանը, որին պաշտպանում էր
ավստրիական Հաբսբուրգների միապետությունը։ Այդ ընթացքում նա գրեց «Խաչակրած
առաջին արշավանքը» աշխատությունը, որը լի էր հակակաթոլիկությամբ։ 50-ական
թվականներին Զիբելի համար հիմնական թեմա դարձավ հեղափոխության հարցը։
Զիբելը «Ֆրանսիական հեղափոխության ու նրա ժամանակների պատմությունը»
աշխատությունում ներկայացնում է հեղափոխության գործիչներին` նպատակ
ունենալով պսակազերծել նրանց ու հեղափոխությունը։ Նա առաջինը փորձեց
ներկայացնել ողջ միջազգային հարաբերությունների պատմությունը ֆրանսիական
բուրժուական հեղափոխության ժամանակ, ցույց տալով, որ այդ հեղափոխությունը միայն
ֆրանսիական բնույթ չուներ, լուսաբանեց տնտեսական ու ֆինանսական հարցերը,
ապա մանրամասնությամբ նաև հեղափոխական պատերազմները։ Հեղինակը հանգում է
այն եզրակացության, որ առանց հեղափոխության, ռեֆորմների ճանապարհով կարելի է
զարգանալ։ Թշնամանքով է վերաբերվում ֆրանսիական լուսավորականությանը և 1789
թ. օգոստոսին «Մարդու և քաղաքացու իրավունքների խարտիայի» հրապարակմանը։
Ըստ նրա այդ հեղափոխությանը ժողովրդական մասաները պատրաստ չէին, ուստի
ինքնուրույն կառավարել անկարող էին։ Զիբելի քաղաքական աշխարհայացքի այդ
հիմնական գծերը՝ հակադեմոկրատիզմը, հակակաթոլիցիզմը, դարձան բուրժուազիայի
շահերի պաշտպանության հիմնական սկզբունքները։ Այդ սկզբունքների կրողներն էին
նաև Հենրիխ Տրեյչկեն ու Գուստավ Դրոյզեն։ Զիբելի աշխատություններով հիմնավորվում
էր Պրուսիայի գլխավորությամբ Գերմանիայի վերամիավորման Բիսմարկի
ցանկությունները։ Եվ պատահական չէր, որ նրա «Գերմանական կայսրության հիմնումը
Վիլհելմ Առաջինի կողմից» բազմահատոր աշխատության ստեղծման գործին ուշի ուշով
հետևում էր Բիսմարկը` կարդում էր լույս տեսած հատորները, որոնցում հեղինակն
արտահայտելով Բիսմարկի ուղղվածությունը, թշնամանքով էր վերաբերում
դեմոկրատիային ու դասակարգային պայքարի գաղափարին։ Դրանով Զիբելը
ապացուցեց, որ ինքը գերմանական պաշտոնական պատմագիտության կրողն է։
Աշխատությունը շարադրված է հարուստ արխիվային նյութի հենքի վրա, մանավանդ որ
հեղինակը պրուսական արխիվների գլխավոր վարչության պետն էր։ Բիսմարկն այդ
աշխատությունն ու նրա հեղինակին համարում էր ազգային պետության պաշտպանը։
Զիբելը պաշտպանում էր Բիսմարկի քաղաքականությունը՝ վերևից Պրուսիայի
գլխավորությամբ Գերմանիայի միավորման ձգտումը, որի դեպքում հաստատվելու
էր բուրժուազիայի ու ազնվականության դաշինք, իսկ նշված պատմաբաններն առաջ
անցնելով Բիսմարկից, առաջարկում էին Գերմանիայի պրուսականացումը։ Բիսմարկի
կառավարման ժամանակ Զիբելը և Տրեյչկեն դարձան ռայխստակի պատգամավոր՝
արտահայտելով գերմանական բուրժուազիայի շահերը, պայքարում էին լիբերալիզմի ու
բանվորական շարժման դեմ։
80-ական թվականներին Հենրիխ Տրեյչկեն հրատարակեց «Գերմանիայի
պատմությունը 19-րդ դարում» աշխատությունը, որում 18-րդ դարում ու հետագայում
Գերմանիայի ազգային առաջընթացը վերագրում էր Պրուսիային, անհաջողությունները՝
Ավստրիային, կաթոլիկ հոգևորականությանը և լիբերալ դեմոկրատական շարժմանը։ Այդ
սկզբունքը հիմնավորելու նպատակով նա պատմական սկզբնաղբյուրները վերլուծում էր
կամայական կողմնակալությամբ։ Արտահայտվելով տնտեսության, մշակույթի,
մասնավորապես գրականության զարգացման վերաբերյալ` նա պրուսական
պետությունը դիտում էր գերմանական մշակույթի ժառանգորդը։ 18-րդ դարի վերջին
գերմանական մշակույթի վերելքի հարցում փառաբանում է Ֆրիդրիխ Երկրորդին, որը
իբր բարձրացրեց գերմանական ազգի ինքնագիտակցությունը։ 1807-1813 թթ.
Պրուսիայում կատարված ռեֆորմները և տեղի ունեցած ազգային ազատագրական
պատերազմները պատմաբանը համարում էր պրուսական պետության միավորման ու
գերմանական դասական մշակույթի արդյունք։ Այնտեղ որտեղ նրա հայացքները
համընկնում են պատմական իրականության հետ, օրինակ՝ գերմանական մանր
պետություններում բացարձակ ինքնակալության գոյության հարցը, Տրեյչկեն տալիս է
ճիշտ նկարագրություն, բայց բոլորովին այլ մեկնաբանություն է տալիս դեմոկրատական
շարժումներին։

19-րդ դարի 2-րդ կեսին գերմանական պատմագրության խոշոր դեմքերից էր


Թեոդոր Մոմզեն (1817-1903), ով անտիկ պատմության խոշոր գիտակ էր, կողմնակից էր
գերմանական ազգային պետությանը, որի գլուխ կանգնած կլիներ պրուսական լիբերալ
տիրակալը։ Իր հիմնական «Հռոմի պատմությունը» աշխատությունում,
խորաթափանցորեն ներկայացնելով անտիկ պատմության իրադարձությունները,
առաջադրում ու լուծում է օրախնդիր հարցեր։ Հուլիոս Կեսարի անձի մեջ նա տեսնում էր
դեմոկրատիան ու միապետությունը միավորողի։ Նրա այդ «դեմոկրատական
կեսարիզմի» տեսակետը ծառայեց 19-րդ դարի 50-ական թվականների գերմանական
բուրժուազիայի ձգտումները արտահայտելու համար։ Մոմզեն արդիականացնում է
անտիկ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական հարաբերությունները` նրանցում
տեսնելով կապիտալիստական հարաբերություններ։ Մոմզեի ծառայություններն անտիկ
պատմության հարցերի լուսաբանման հարցում շատ մեծ են։
19-րդ դարի 2-րդ կեսին զարգացում գտած մյուս ուղղությունը մեծագերմանականն
էր, որի ներկայացուցիչները հանդիսանում էին կաթոլիցիզմի ու
Հաբսբուրգների ինքնակալության կողմնակիցները: Այս ուղղության ներկայացուցիչներն
այնքան էլ մեծ դեր չունեցան ժամանակի գերմանական պատմագիտության մեջ, որքան
մանրգերմանական պատմագիտության կրողները։ Մեծագերմանական
պատմագիտության ներկայացուցիչներից էր Յուլիուս Ֆիկկերը (1826-1902): Ծնվել է այն
ժամանակի հակապրուսականության մարզի կենտրոն Պատերբոռնում, որի կաթոլիկ
գյուղացիները դեմ էին Պրուսիային և վերջինիս գլխավորությամբ Գերմանիայի
վերամիավորմանը։ Երկար ժամանակ դասախոսել է Ինսբրուկի (Ավստրիա)
համալսարանում։ Եթե Զիբելը պայքարում էր Գերմանիայի Պրուսիայի գլխավորությամբ
վերամիավորման համար, ապա Ֆիկկերն այդ միավորումը տեսնում էր Ավստրիայի
գլխավորությամբ, սակայն երկուսն էլ ազգայնականությամբ իրար նման էին, թեև
ելակետի խնդրում՝ տարբեր։ Ֆիկկերը զարգացնում էր շովինիստական
տրամադրություններ, նշելով, որ օտար հողերի զավթման ու շահագործման
ընթացքում զարգացել ու ամրապնդվել է գերմանացիների ազգային միասնության
զգացումը։ Այլ ժողովուրդների վրա տիրապետության հաստատմամբ կարող է
հաջողությամբ զարգանալ Գերմանիան։ Ըստ նրա իտալական ազգը չի կարող միավորվել,
որովհետև այդ հնարավորությունը չունի։ Մեծագերմանական դպրոցի ներկայացուցիչ
էին նաև Թեոդոր ֆոն Զիկկելը և Օննո Կլոպպը։ Անկախ այն բանից, որ երկու դպրոցների
միջև կար հակասություն ու ընթանում էր բանավեճ նրանց միջև՝ արտահայտելով
պրուսական Հոհենցոլերների ու ավստրիական Հաբսբուրգների շահերը, երկու
ուղղություններն էլ միասնական էին իրենց հակադեմոկրատական ձգտումներում,
բանվոր դասակարգի դեմ իրենց թշնամանքով։
Պրուսիայի հովանու ներքո գերմանական բաժան-բաժան թագավորությունները
միավորվեցին 1871 թ. գերմանական կայսրության հռչակմամբ։ Միավորումը մեծ խթան
հանդիսացավ նրա տնտեսական զարգացման համար։ Երկրում մինչև 90-ական
թվականները ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Դարի վերջին
Գերմանիան արդյունաբերական մի քանի ճյուղերի արտադրությամբ առաջ անցավ
Անգլիայից։ Նա օգտագործեց երկրի ներուժը և զարգացման հնարավորությունները,
ինչպես նաև Ֆրանսիայից ստացած հինգ միլիարդ ֆրանկը և Էլզասի ու Լոթարինգիայի
հարստությունները։ Արդյունաբերության կենտրոնացումն ու համակենտրոնացումը,
դրա հետ կապված սոցիալական պրոցեսներով Գերմանիան առաջ անցավ մի շարք
երկրներից։ Դարի վերջին ձևավորվեց բուրժուա-յունկերական իմպերիալիզմը,
ուժեղացավ պրուսական միլիտարիզմը։ Վաղուց ի վեր Պրուսիայում ձևավորված
ռեակցիոն ռազմաշունչ համակարգը ծավալվեց ողջ երկրում։ Տիրապետող
դասակարգի բոլոր քաղաքական կուսակցությունները, ազգային (նացիոնալ) լիդերները,
յունկերական, պահպանողական, կաթոլիկական կենտրոնի կուսակցությունները
միավորվեցին՝ անկախ միջկուսակցական տարաձայնությունների։ Միավորումը
կատարվեց միապետական, ազգայնական, բանվորական շարժման հանդեպ ունեցած
անհաշտ ատելության սկզբունքով։ Երկրում ծավալվող բանվորական շարժումները,
հատկապես 1871 թ. Փարիզի կոմունայի արձագանքները, Ինտերնացիոնալի
գործունեությունն ահաբեկեց գերմանական բուրժուազիային ու նրա
գաղափարախոսներին։ Պատմաբանները բացահայտ անցան հետադիմական ուժերի
ճամբարը։ Մանրգերմանական պատմագրության ներկայացուցիչ Հենրիխ ֆոն Տրեչկեն
նշում է. «Ռայխստագում Ա. Բեբելի ելույթից հետո զգացվեց, որ պայթյունը մոտենում է»,
իսկ Զիբելը ավելացնում էր. «Միջազգային կուսակցական առաջնորդներ Բեբելը և
Լիբկնեխտը իրենց շուրջն են հավաքել գերմանական բանվորներին»։ Գերմանական
պատմագիտության շրջադարձը դեպի հետադիմությունը պայմանավորված էր երկրի
ներսում տեղի ունեցող իրադարձություններով` 1878 թ. սոցիալիստների դեմ ընդունված
«բացառիկ օրենքը», ծայրահեղ աջ ուժերի (օստէլբյան յունկերների, հռենոս-վեստֆալյան
մագնատների) և նրանց համատեղ պայքարը հովանավորչական մաքսի սահմանման
համար։ Այդ ամենը հասցրեց լիբերալիզմի մնացուկների ու հումանիզմի դեմ պայքարի
ծայրահեղ սրման, մեծ չափերի էր հասնում բանվոր դասակարգի դեմ բուրժուական
խմբավորումների պայքարի անհրաժեշտությունը։ Ահա այս ամենն իր
արտահայտությունը գտավ պաշտոնական գաղափարախոսության մեջ։

19-րդ դարի սկզբին գոյություն ունեցած «Հին պատմական դպրոցը» հիմնավորում


էր Գերմանիայի վերևից վերամիավորման անհրաժեշտությունը` առաջադրելով
ֆեոդալական մնացուկների վերացում, արդյունաբերության ու առևտրի արագ
զարգացում, պետության օգնությամբ բուրժուական ռեֆորմների անցկացում։ Սակայն 19-
րդ դարի վերջին քառորդին, երբ սրվել էր դասակարգային պայքարը, «Հին դպրոցի»
նախկին ակզբունքները տիրապետող իշխանության համար այլևս հարմար պայքարի
զենք լինել չէին կարող։ Այժմ արդեն բուրժուազիային անհրաժեշտ էին նոր պայմաններին
համապատասխանող պայքարի միջոցներ, որը սկսեց կատարել «Պատմագիտական նոր
դպրոցը» Գուստավ Շմոլլերի գլխավորությամբ։ Այս դպրոցը առանձնակի տեղ էր տալիս
սոցիալական ռեֆորմներին, բուրժուազիայի սոցիալական քաղաքականությանը։ Ըստ
որում սոցիալական ռեֆորմների անցկացման համար մեծ տեղ էին տալիս տնտեսական
կյանքում բուրժուազիայի միջամտությանը։ «Նոր դպրոցի» ձևավորումով բուրժուական
պատմագիտական միտքը նպատակադրված պայքար էր մղում մարքսիստական
ուսմունքի դեմ։ Այդ ուղղության հիմնական դեմքերն էին Ադոլֆ Վագները, Գուստավ
Շմոլլերը։ Գուստավ Շմոլլերի հայացքներն ամփոփված են նրա «Սոցիալական հարցը և
պրուսական պետությունը» աշխատությունում։ Հեղինակը պահանջում էր անցկացնել
սոցիալական ռեֆորմներ` սոցիալական ցնցումները կանխելու համար։ Այդ հարցում նա
օգտագործում էր անգլիական փորձը, որը անգլիական բուրժուազիան ձեռք էր բերել
արհեստակցական միությունների (թրեդ-յունոյնների) հետ հարաբերության ընթացքում։
Շմոլլերը կարծում էր, որ կապիտալիստական կարգերը կարող են ամրապնդվել միայն
այն դեպքում, երբ թագավորական իշխանությունը, պաշտոնյաները վճռականորեն ու
հաստատուն կերպով իրենց ձեռքը վերցնեն ռեֆորմների անցկացման օրենսդրությունը։
Փաստորեն, եթե «Մանրգերմանական դպրոցը» տարածում էր Հոհենցոլերների ազգային
առաքելության լեգենդը, ապա Շմոլլերն ստեղծեց նրանց սոցիալական առաքելության
լեգենդը` պրուսական պետությանը ներկայացնելով որպես «սոցիալական
միապետություն», որը բարձր է կանգնած բոլոր դասակարգերից, գործում է հանուն
սոցիալական արդարության։ Պետությանը մատուցած ծառայության համար Շմոլլերը
Դրոյզերի մահից հետո ստացավ «Հոհենցոլերների պատմաբանի»
պաշտոնական կոչումը։ «Նոր պատմական դպրոցի» ներկայացուցիչն էր Կառլ Բյուխերը
(1847-1930): Իր «Ժողովրդական տնտեսության ծագումը» աշխատությունում
տնտեսության զարգացման պարբերացման հիմքում դնում է ոչ թե արդյունաբերության
զարգացումը, այլ փոխանակությունը։ Այս դպրոցի ներկայացուցիչները թեև
հասարակական հարաբերությունների զարգացման պատմության հարցերի
մեկնաբանությամբ ամեն կերպ ծառայում էին բուրժուազիային՝ կեղծելով զարգացման
օրինաչափությունները, այնուամենայնիվ նրանք գիտական շրջանառության մեջ դրեցին
փաստական հարուստ նյութ, առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեցին
բուրժուական պատմագրության մեջ տնտեսական խնդիրների նկատմամբ։
19-րդ դարի վերջին կաթոլիկական ուղղությունը գերմանական
պատմագիտության մեջ հանդես էր գալիս որպես մեծագերմանական պատմագիտական
դպրոցի ավանդույթների շարունակող` քննադատելով սոցիալիզմը և բանվորական
շարժումը։ Այս ուղղության կրողն է Յոհան Յանսեն, որի «Գերմանական ժողովրդի
պատմությունը» աշխատությունը կարևոր գիտական նշանակություն ունի։ Հեղինակը
զարգացնում է այն միտքը, ըստ որի գերմանական ազգի ու Հռոմեական սրբազան
կայսրության ու Պապի հեղինակության վերականգնմամբ հնարավոր կլինի փրկել
Գերմանիան պրոլետարական հեղափոխությունից։ Նա Հաբսբուրգների դինաստիան
ներկայացնում է որպես գերմանական քրիստոնեական պետության և գերմանական
միասնության իդեալը, իսկ գերմանական իշխաններին, հատկապես Հոհենցոլերներին՝
ազգային շահերի դավաճաններ։ Նրա կողմից հավաքված պատմագիտական
փաստական նյութը նրան հնարավորություն է ընձեռնել մերկացնել «Մանրգերմանական
դպրոցի» կողմից Հեհենցոլերների ու Պրուսիայի մասին ստեղծված լեգենդը։ Սակայն
նման քննադատության խնդրում հեղինակը հետևողական չեղավ։ Նրա հիմնական
նպատակը անցյալում ու իր ժամանակին տեղի ունեցած մասայական հեղափոխական
շարժումների դատապարտումն էր։ Այն հատկապես դրսևորվեց Գյուղացիական
պատերազմի լուսաբանման ընթացքում։ Պատմաբանը կարծում է, որ գյուղում 16-րդ
դարում լուրջ սոցիալական պատճառներ չեն եղել գյուղացիական բողոքների համար։
Գյուղացիներին ու կալվածատերերին մտերմացնում էր միասնական քրիստոնեական
հավատը։ Գյուղին, ըստ նրա, հակադրվում է քաղաքը, որը սոցիալական ցնցումների
աղբյուր է։ Գյուղացիական պատերազմի ու ռեֆորմացիայի սկզբնապատճառ եղել է
ավետարանական սուրբ ոգու ազատության քարոզը։

Գերմանական բուրժուական պատմագիտության ներկայացուցիչները հաճախ


անդրադարձել են մշակույթի հարցերին, հատկապես իտալական վերածննդի
պատմությանը։ Այս առումով նշանավոր են Յակոբ Բուրգհարտը «Իտալիայում
վերածննդի պատմությունը», «Հունական մշակույթի պատմությունը», Էբերհարտ
Գոտգեյնը՝ «Մշակույթի զարգացումը հարավային Իտալիայում» աշխատություններով։
19-րդ դարի վերջին գերմանական պատմափիլիսոփայական մտքի բնագավառում մեծ
դեր են կատարել Վ. Վինդելբանդը (1848-1915) և Գ. Ռիկկերտը (1863-1916)։ Ելնելով այն
հանգամանքից, որ բնության ու հասարակության մասին եղած գիտությունները
հակադիր են, նրանք ձգտում էին ստեղծել դրանց ուսումնասիրման և հետազոտության
տարբեր մեթոդներ։ Պատմությունը համարում էին գաղափարագրական գիտություն, որը
զբաղվում է միայն անհատական, չկրկնվող երևույթների նկարագրությամբ և անկարող է
բացահայտել զարգացման օրենքները։ Պատմության գլխավոր խնդիրը, ըստ
Վինդելբանդի և Ռիկկերտի, հոգևոր պրոցեսների պատմության ուսումնասիրությունն է։
Վինդելբանդը պատմագիտական աշխատությունները դիտում էր որպես պատմաբանի
երևակայության արդյունք, գրում է. «Մի անգամ ինչ-որ մեկը ասել է, որ պատմությունը
հեքիաթ է, դրան հավատացել են։ Այն թեթևամիտ բառ է, բայց նրա մեջ կա ճշմարտության
հատիկ, այդ հատիկով մենք որոշում ենք պատմության օբյեկտիվության սահմանը»։
Սրանով է նա հիմնավորում պատմական պրոցեսը` այն դիտելով անհատների
գործունեության արդյունք։ Հետադիմական ճամբարը հիացմունքով ընդունեց նրա
կողմից պատմությանը նման սուբյեկտիվ, իդեալիստական ընկալման տեսությունը։

Պատմական գործընթացի ուսումնասիրության մեթոդաբանության մեջ լուրջ


ներդրում է կատարել փիլիսոփա, պատմաբան Վ. Դիլտեյը (1833-1911), որը դասախոսել
է Բազելի, Վիեննայի, Բրեսլավլի համալսարաններում՝ կիրառելով Ռանքեի ու Զիբելի
պատմագիտական փորձը, հանդիսանալով իշխող յունկերա-բուրժուական դասակարգի
գաղափարախոսը։ Նա անհանգստացած էր բուրժուական տեսական մտքի անկմամբ ու
առաջադիմական սոցիալ-դեմոկրատական գաղափարների առաջընթացով։ Ընդդեմ
պատմական մատերիալիզմի ու լիբերալ-ռացիոնալիզմի դեռևս 1883 թ. հրատարակեց
«Ոգու մասին գիտության ներածություն» աշխատությունը։ Հասարակական երևույթների
իմացության գործում նա առաջին տեղը հատկացնում է ինտուիցիային։ Հետազոտողի
կողմից առարկան հասկանալը կամ զգայությունը նա համարում էր անչափ բարձր
գիտելիք տվյալ առարկայի մասին, իսկ արվեստը համարում է գիտությունից բարձր։
Պատմության ուսւմնասիրության առարկան իդեայի, գաղափարի պատմությունն է,
այսպես կոչված օբյեկտիվ ոգու, որը հանդիսանում է սոցիալական աշխարհի ստեղծողը։
Դիլտեյն իր փիլիսոփայական հայացքները շարադրել է ոչ միայն տեսական բնույթի
աշխատություններում, այլ նաև ձգտել է այն կիրառել կենսագրական բնույթի
աշխատություններում, մասնավորապես իր կողմից գրված Հեգելի, Լեսինգի
կենսագրականներում։
19-րդ դարի 70-80-ականներին գերմանական սոցիալ-դեմոկրատական
պատմագիտական միտքը գերակայություն է հաստատում մյուս պատմագիտական
ուղղությունների նկատմամբ։ Մարքսի ու Էնգելսի աշխատությունները մեծ ազդեցության
են թողնում բանվորական շարժման ակտիվիստների շրջանում։ Ա. Բեբելը հոդվածներ
հրատարակեց Գերմանիայում գյուղացիական պատերազմի, Շառլ Ֆյուրեի, Ռոբերտ
Օուենի, Վ. Լիբկնեխտի, ֆրանսիական հեղափոխության մասին, նաև «Կինը և
սոցիալիզմ» աշխատությունը։
Կ. Կաուցկին հրատարակեց «Թոմաս Մորը և նրա Ուտոպիան», «Նոր սոցիալիզմի
նախորդները» աշխատությունները։ Կաուցկին ճիշտ է ներկայացրել հասարակական
պատմության զարգացման մեջ Թոմաս Մորի «Ուտոպիայի» դերը։ «Նոր սոցիալիզմի
նախորդները» գրքում առաջին անգամ փորձ կատարեց լուսաբանել աղանդավորական
շարժման պատմության հարցերը, բացահայտեց նրանց պատմական տեղը։ Գիտական
մարքսիզմի տարածման առաջին խոշոր պատմաբաններից էր Էդուարդ Բեռնշտեյնը
(1850-1932), որը մինչև ռևիզիոնիզմի ճամբարի անցումը հրապարակել էր
«Կոմունիստական ու դեմոկրատական շարժումները Անգլիայում 17-րդ դարում»
արժեքավոր աշխատությունը, որում ի տարբերություն բուրժուական պատմաբանների
ճիշտ է գնահատում ժողովրդական մասաներին, որոնք վճռական դերակատարում
ունեցան հեղափոխությոն խնդրում, թեև անկարող եղավ ամբողջականությամբ
մեկնաբանել հեղափոխության սոցիալ-տնտեսական արմատները, թույլ է տվել կոպիտ
սխալ՝ լեվելերներին ներկայացնելով որպես ժամանակակից սոցիալիստների։
19-րդ դարի վերջին Գերմանիայում առանձնահատուկ ուշադրություն դարձրին
պատմության լուսաբանմանն ու մասնագետների պատրաստմանը։ Գերմանական
համալսարաններում պատմության դասընթացները բաժանվեցին հին, միջին, նոր
ժամանակաշրջանների և այդ առիթով բացվեցին նոր ամբիոններ, ուր մասնագետների
պատրաստման լավագույն միջոց դարձավ պատմագիտական սեմինարների
անցկացումը։ Սեմինարների նյութերը մշտապես հրապարակվում էին։
Համալսարանները սկսում են հրապարակել պատմագիտական աշխատություններ ու
պատմագիտական բնույթի հանդեսներ։ Լայն ծավալ է ստանում պատմագիտական
սկզբնաղբյուրների հրապարակումը։ 1819 թ. հիմնադրված «Monumente Germanice
Historica» սկզբնաղբյուրների հրապարակման կազմակերպությունը ենթարկվեց
գիտնականների ընկերությանը, որը հաստատվեց Բեռլինում և 1874 թ. ենթարկվեց
կայսերական կենտրոնական կառավարությանը։
Թեմա 16. Պատմագիտական միտքը Ռուսաստանում XIX դարի երկրորդ
կեսին

XIX դարի երկրորդ կեսը ռուսական պատմության զարգացման նոր շրջանն էր,
միաժամանակ նոր փուլ պատմագիտական մտքի առաջընթացի բնագավառում։ Ղրիմի
պատերազմից հետո երկրում սրված հակաճորտատիրական պայքարը,
ճորտատիրական իրավունքի վերացումն ու գյուղացիության ազատագրման թերի
միջոցառումները, 60-70-ական թվականների ազատական-բուրժուական
բարեփոխումները, որոնք ոչ ամբողջական, այնուամենայնիվ կապիտալիստական
հարաբերությունների ուղի հարթեցին։ Նկատվեցին սոցիալական ու տնտեսական
տեղաշարժեր, ձևավորվում էր բուրժուազիան ու բանվոր դասակարգը, երևան էր գալիս
նրանց միջև դասակարգային պայքարի սրումը, միաժամանակ հասարակական
քաղաքական կյանքում սկիզբ դրեցին նոր իրողությունների ու նոր հարաբերությունների։
Հասարակական-քաղաքական կյանքում, տնտեսության բնագավառում տեղի ունեցող
փոփոխություններն իրենց արտացոլումը գտան պատմագիտության բնագավառում։
Փոփոխությունների ենթարկվեց գիտության բնագավառը: 1863 թ. համալսարանական
նոր կանոնադրությունը գիտության զարգացման համար բավարար ազատամտության ու
նոր հայեցակարգեր մշակելու հնարավորություններ ստեղծեց, մասնավորապես
համալսարանական ամբիոնների համար։ Մեծացավ հետաքրքրությունը պատմության
հանդեպ, այն դադարեց սիրողական զբաղմունք լինել նեղ շրջապատի համար։ Նկատվեց
տեղերում պատմության ու պատմագիտական վավերագրերի հանդեպ լուրջ
հոգատորություն, դրանք հրապարակելու անհրաժեշտություն։ Պատմության հանդեպ
ուշադրության մեծացումը արտահայտվեց նաև նրանով, որ պատմագիտության
ոլորտում լայն գործունեություն սկսեց բարձրացող տարրաստիճան
մտավորականությունը, ընդլայնվեց պատմության ուսումնասիրման թեմատիկան։
Պատմագիտական մտքի բնագավառում այժմ արդեն առաջատարը բուրժուական
պատմագրությունն էր, որին զուգընթաց զարգանում էր ազնվականական պաշտոնական
պատմագրությունը, որի մեթոդաբանության մեջ տեղի էր ունենում լուրջ փոփոխություն,
նոր իրադրության մեջ ստիպված էր պատմական-տեսական հարցերի լուսաբանման
ընթացքում օգտվել բուրժուական պատմագրության մեթոդներից, թեև բուրժուական
պատմագրությունը, զարգացող հասարակական հարաբերությունների ապագան
գնահատելով ու տեսնելով իր դեմ բարձրացող բանվոր դասակարգի ապագա փոթորիկը,
թեքվում էր դեպի ազնվականական պատմագիտությունը։
Դարի երկրորդ կեսին զարգացման հզոր թափ ստացավ արմատական
դեմոկրատական պատմագիտական ուղղությունը։ Այս բնագավառում շարունակում էր
իր գիտական գործունեությունը Ա. Ի. Գերցենը, սակայն այդ ուղղությունն առավել
ակտիվացավ Ն. Գ. Չեռնիշևսկու գործունեության արդյունքում։ Արմատական
դեմոկրատական պատմագրության բնագավառում առանձնահատուկ տեղ ունի Ա. Պ.
Շչապովը։ Բուրժուական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, երբ արդեն
աստիճանաբար ձևավորվում էր բանվոր դասակարգը, Ռուսաստանում սկզբնավորվեց
մարքսիստական պատմագրությունը, իսկ ճորտատիրական իրավունքի վերացումից
հետո հողազրկված ու ճորտատիրական մնացուկների խիտ ցանցում գտնվող
գյուղացիության բողոքի ու ազատագրման ձգտումների արտահայտիչը եղավ
նարոդնիկական պատմագիտությունը։ Դարի վերջին երկրում բուրժուական
հարաբերությունների խորացման հետևանքով ձևավորվեցին մանր բուրժուական
պատմագիտական հոսանքներ, որոնք իրենց դասակարգային շահերին հետամուտ,
ծառայելով նաև խոշոր բուրժազիային, ձգտելով ամլացնել բանվոր դասակարգի
դասակարգային պայքարը, քննադատում էին մարքսիզմի հիմնադրույթները։
Բուրժուական պատմագրությունը Ռուսաստանում ձևավորվեց դեռևս XIX դարի
առաջին կեսին, սակայն ամբողջ ձայնով հանդես եկավ, երբ բուրժուական
հարաբերությունները զարգացման լայն հնարավորություններ ստացան դարի երկրորդ
կեսին, մանավանդ ճորտատիրական իրավունքի վերացումից հետո ու կառավարության
կողմից ազատական բարեփոխումների իրագործմամբ։ Ամենից առաջ ընդարձակվում է
պատմագիտական մտքի թեմատիկան, ուժեղանում է պատմաբանների կողմից
տնտեսական ու սոցիալական հարցերի hանդեպ ունեցած հետաքրքրությունը
(արդյունաբերության ու առևտրի զարգացման, դասերի հանդես գալու, նրանց միջև եղած
հարաբերությունների մասին), որը իր արտահայտությունը գտավ այնպիսի խոշոր
մտածողների աշխատություններում, ինչպիսիք էին Վ. Օ. Կլյուչևսկին, Ն. Ի.
Կոստոմարովը, սակայն բուրժուական պատմագրության ներկայացուցիչներն այդ
հարցերի լուծման խնդրում ելնում էին պոզիտիվիզմի դիրքերից։ Պոզիտիվիզմը որպես
փիլիսոփայական ուղղություն գիտության դերը սահմանափակում էր միայն փաստերի
ու երևույթների արձանագրությամբ, գտնելով, որ գիտությունը կարող է միայն դրանք
նկարագրել, իսկ թափանցել դրանց էության մեջ անկարող է, ուրեմն հասարակական
կյանքի իրական օրենքներն ու օրինաչափություններն անճանաչելի են։ Հետևաբար
պատմության ուսումնասիրությունը նրանք տանում էին կեղծ ուղղությամբ, խանգարելով
հասարակության պատմության իրական զարգացման գիտական ճիշտ
մեկնաբանությանը։ Ահա թե ինչու տնտեսական հարցերի հանդեպ ցուցաբերած
հետաքրքրությունը համարելով բուրժուական պատմագրության լուրջ նվաճումը,
սակայն հարկ է ընդգծել, որ հարցերի ոչ ճիշտ մեկնաբանման ելակետի խնդրում
պատմագիտության մեջ կային ներքին հակամարտություններ։ Բուրժուական
պատմագրության ներկայացուցիչներից ոմանք հետաքրքրություն ցուցաբերեցին
ժողովրդի կյանքի ու կենցաղի նկատմամբ, սակայն զբաղվեցին միայն նրա կենցաղի ու
մշակույթի հարցերով, որովհետև ժողովուրդը նրանց համար միայն պատմության օբյեկտ
էր, չէին ճանաչում պատմության մեջ ժողովրդի ինքնուրույն դերը, նրան դիտում էին ոչ
թե սոցիալական, այլ ժողովրդագրական սկզբունքով, դրանից ոչ միայն արմատական
եզրակացություններ չկատարեցին, այլ հակադրվեցին այդ մասին եղած արմատական,
հեղափոխական գաղափարներին։ Բուրժուական պատմագրության մեջ կատարված
էական առաջընթացը դարի երկրորդ կեսին «պետական կամ իրավաբանական դպրոցի»
վերջնական կայացումն էր։ Այդ ուղղությունն արդեն գոյություն ուներ դարի առաջին
կեսին, որի կրողներն էին Կ. Դ. Կավելինը, Բ. Ն. Չիչերինը, դարի երկրորդ կեսին նրանց
գործի շարունակողներ՝ Վ. Ի. Սերգեևիչը, Ա. Դ. Գրադովսկին, որով նկատելի էր
ռուսական լիբերալ բուրժուազիայի զարգացման միտումը։ Նրանք առանձնահատուկ
հետաքրքրություն ցուցաբերեցին պետության, պետական հիմնարկների,
օրենսդրության, դասերի պատմության հանդեպ։ Սակայն այդ հարցերին ճիշտ
պատասխան չէին տալիս, գերագնահատում էին պետության դերը պատմական պրոցեսի
զարգացման գործում` նսեմացնելով ժողովրդական մասսաների ստեղծագործ
գործունեությունը։ Ռուսական բուրժուազիան տնտեսապես թույլ էր ու
քաղաքականապես անկայուն, ուստի նպատակ ուներ շարժվել առաջադիմության
ուղիով, սակայն վախենում էր հեղափոխական ցնցումներից, որից պաշտպանվելու
համար ինքնակալությունը դարձնում էր իր հովանավորը, այդ նույնը կատարում էր
պատմագիտական մտքի բնագավառում՝ համաձայնության գալով ազնվականական
պատմագրության հետ: Այդ հարցում երկու ուղղությունները նույն կերպ էին մտածում,
որի համար դրանք աստիճանաբար համաձուլվեցին։
Ռուսաստանում կապիտալիստական հարաբերությունների հաստատումը,
սոցիալ տնտեսական նոր հարաբերությունները հասարակության ու պատմագիտության
առջև դրեցին նոր խնդիրներ, որոնք նախկինում բացակայում էին։ Այդ խնդիրների
մեկնաբանությունը կատարեց բուրժուական պատմագրության նշանավոր
ներկայացուցիչ Վ.Օ.Կլյուչևսկին(1841-1911)։ Ուսանողական տարիներին նա
հրապուրվեց դեմոկրատական գաղափարներով ու հակադրվում էր ճորտատիրական
ինքնակալությանը։ Նա իր կյանքի մեծագույն մասը տրամադրեց գիտությանը: Նրա
հասարակական-քաղաքական իդեալը իրավական պետությունն էր՝ ինքնակալի
լիազորությունների սահմանափակությամբ։ Պատմության հարցերով սկսեց զբաղվել
դեռևս ուսանողական տարիներից, թեև աշակերտեց Ս.Մ.Սոլովյովին, ընդունեց նրա
հայեցակարգը Ռուսաստանի պատմության զարգացման վերաբերյալ, սակայն անցավ իր
նախանշած ուղիով, հակադիր դատողություններ չկատարելով իր ուսուցչի
հայեցակարգի նկատմամբ, այնուամենայնիվ, թեթևակիորեն ընդգծեց Սոլովյովի կողմից
սկզբնաղբյուրների ուսումնասիրման միակողմանիությունը։ Համալսարանն ավարտեց
պաշտպանելով մագիստրական թեզ՝«Հին ռուսական սրբերի վարքերը որպես
պատմագիտական սկզբնաղբյուր» թեմայով, ապա թեկնածուական թեզ՝«Օտարների
ասույթները Մոսկովյան պետության մասին» խորագրով։ 1872 թ.սկսեց դասախոսական
աշխատանք Ալեքսանդրովյան ռազմական ակադեմիայում, միաժամանակ նաև
Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներում, որը ղեկավարում էր նշանավոր
պատմաբան Վ.Ի.Գերյեն, ինչպես նաև Մոսկվայի հոգևոր ակադեմիայում։ Մոսկվայի
համալսարանում նույն ժամանակաշրջանում վարում էր իր ուսուցիչ Ս.Մ.Սոլովյովի
Ռուսաց պատմության դասընթացի սեմինար-գործնական պարապմունքները։ 1872 թ. երբ
վախճանվեցՍոլովյովը, Կլյուչևսկին շարունակեց իր ուսուցչի դասընթացը`
Ռուսաստանի պատմության մասին ու զբաղեցրեց նաև նրա տեղը՝Ռուսաստանի
պատմության ամբիոնի վարիչի պաշտոնում։ Միաժամանակ արքունիքում
թագաժառանգի համար կարդում էր Ռուսաստանի պատմության դասընթաց։ 1882 թ.
պաշտպանեց դոկտորական ատենախոսություն «Հին ռուսական բոյարական դուման»
թեմայով։ Մանկավարժական գործունեությունը զուգակցում էր գիտահետազոտական
աշխատանքի հետ։ Մոսկվայի համալսարանում նրա կարդացած դասախոսությունները
հրապարակվեցին հինգ հատորով՝«Ռուսաստանի պատմության դասընթաց» խորագրով։
Նրա գիտական գործունեության ամենաարգասաբեր ժամանակը համընկավ
Ռուսաստանում հետռեֆորմյան փուլի հետ, երբ տնտեսության բուռն
զարգացումը, դարձան պատմագիտության ուսումնասիրության հիմնական թեման,
պատմաբանների համար միայն քաղաքական խնդիրների ուսումնասիրությունը
բավականին նեղ էր, սոցիալ-տնտեսական հարցերի ուսումնասիրությունը դարձավ
վճռական։ Կլյուչևսկին այս փուլում ստեղծեց մի շարք կարևոր աշխատություններ`
«Ճորտատիրական իրավունքի հաստատումը Ռուսաստանում», «Գլխահարկը և
խոլոպության վերացումը Ռուսաստանում», «Ռուսական ռուբլին 16-18-րդ դարերում»,
ինչպես նաև «Հին ռուսական բոյարական դուման»։ Կլյուչևսկու պատմագիտական
աշխարհայացքի հիմնական դրույթները իրենց դրսևորումը գտել են հինգհատորյա
«Ռուսաց պատմության դասընթացում»։

ՀԻՄՆԱԿԱՆԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Историография истории нового времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М.,1990, էջ 227-240.
2. Репина Л. П., Зверева В. В., Парамонова М. Ю., История исторического знания, М.,
2004, էջ 56-184.

ԱՌԱՋԱՐԿՎՈՂԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Iggers, Georg G. The German Conception of History: The National Tradition of Historical
Thought from Herder to the Present (2nd ed. 1983)
2. Hale, John Rigby, ed. The evolution of British historiography: from Bacon to
Namier (1967).
3. Курс русской истории в 5-и ч., М., 1993.
ԹԵՄԱ հմ. 17.
Մարքսիստական պատմագրությունը. Կ. Մարքս, Ֆ. Էնգելս
Մարքսիզմը որպես գաղափարախոսություն, հասարակական մտքի հոսանք, նոր
մտածողության ձև, ծագեց ու ձևավորվեց 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ
արևմտաեվրոպական երկրներում հասարակական պայքարին ներգրավվեց
քաղաքական մի նոր ուժ` բանվոր դասակարգը: Վերջինս էապես տարբերվելով մյուս
աշխատավորական մասսաներից` առաջադրեց իր տնտեսական ու քաղաքական
պահանջները։ Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում բուրժուազիայի ու բանվոր
դասակարգի միջև պայքարն ավելի սուր բնույթ ստացավ՝ արտահայտելով կապիտալի ու
աշխատանքի ամենասուր հակամարտությունները։ Այս ընթացքում բանվորական
շարժումը կրում էր տարերային բնույթ, որը գիտակցականի վերածելու համար
անհրաժեշտ էր հասարակության մասին ճշմարիտ մի գիտություն: Բանվոր դասակարգի
դասակարգային պայքարի գիտությունը, որպես պայքարի գաղափարական զենք
ստեղծեցին հայտնի մտածողներ Կ. Մարքսը (1818-1883) և Ֆ. Էնգելսը (1820-1895)։
Հասարակական կյանքի զարգացման օրենքների ու օրինաչափությունների վերաբերյալ
այդ գիտությունը կոչվեց մարքսիզմ։ Նրա հիմքում ընկած է բնության ու հասարակական
կյանքի զարգացման խնդրում եղած մոտեցումներից մեկը, որ մարդկությունը ստեղծել է
ողջ 19-րդ դարի ընթացքում։ Այս դարում հայտնի էր գերմանական դասական
փիլիսոփայությունը, անգլիական դասական քաղաքատնտեսությունը և ֆրանսիական
ուտոպիական սոցիալիզմը: Գերմանական դասական փիլիսոփայությունը բացահայտեց
դիալեկտիկայի ուսմունքը, սակայն այն կիրառում էր իդեաների, գաղափարների
զարգացման մեկնաբանության մեջ։ Անգլիական դասական քաղաքատնտեսությունը
կապիտալիստական արտադրաեղանակը հայտարարեց ոչ պատմական, որը չէր
համապատասխանում մարդու բնությանը և դրսևորում էր կապիտալիզմի ամենախոր
հակամարտությունները։ Ուտոպիական սոցիալիզմի ներկայացուցիչները թեև
գիտակցում էին արտադրության կարևոր նշանակությունը հասարակական կյանքում,
սակայն պատմության զարգացման ընթացքը մեկնաբանում էին կամ կրոնով կամ էլ
փիլիսոփայական հայացքների ու մարդկային բարոյական նորմերի
փոփոխությամբ։ Մարդկային հասարակության պատմության մասին եղած բոլոր
նախկին պատկերացումները գիտականորեն մշակեցին Մարքսը և Էնգելսը,
վերաիմաստավորեցին դրանք ու զարգացման հիմքում դրեցին նյութական
արտադրությունը, տնտեսական հիմքը, որոնց զարգացումն ու փոփոխությունը հիմք
դրեցին պատմագիտության մեջ օբյեկտիվ, գիտական չափանիշի, այն է՝ երևույթների
կրկնելիությանը։ Ուսումնասիրելով տարբեր ժողովուրդների պատմության զարգացման
յուրահատկությունները` նրանք, միաժամանակ, տեսնում էին տնտեսական,
քաղաքական ու հավատալիքների փոփոխության խնդրում որոշակի արտադրական
պայմաններում տարբերիչ գծեր։ Այդ ընդհանուր բնութագրական գծերը, որոնք հատուկ
են այս կամ այն հասարակարգի ձևավորմանը, Մարքսը և Էնգելսը անվանեցին
հասարակական-տնտեսական ֆորմացիա։ Հասարակական-տնտեսական ֆորմացիայի
մասին գիտությունը հնարավորություն տվեց համաշխարհային պատմությունը դիտել
որպես բնա-պատմական գործընթաց, որի ընթացքում մարդկությունը անցնում է
զարգացման տարբեր աստիճաններով՝ ցածրից դեպի բարձրը։ Մարքսը և Էնգելսը ցույց
տվեցին, որ այդ անցումը կատարվել է նախնադարյան համայնական, ստրկատիրական,
ֆեոդալական, կապիտալիստական հարաբերությունների զարգացման աստիճաններով։
Մարդկության զարգացման բարձրագույն աստիճանը հանդիսանում է անդասակարգ,
կոմունիստական աստիճանը։ Հասարակական տնտեսական ֆորմացիաների ու նրանց
հերթափոխման գիտական մեկնաբանությունը հնարավորություն ստեղծեց
բացահայտելու, որ այն ունի իր դիալեկտիկան, զարգացում թռիչքաձև, աստիճանական
ընդմիջումներով, զարգացման զիգզագաձև ընթացք, որը հնարավոր է ժամանակավոր
լինի, նույնիսկ հետադիմական, սակայն տանելու է պատմության առաջընթացի
անխուսափելի հաղթանակին։ Այսպիսով, միայն դիալեկտիկայի օգնությամբ հնարավոր
եղավ պատմության մատերիալիստական ըմբռնումը։ Նախկին պատմագիտության
հիմնական թերություններից մեկն էլ այն էր, որ պատմության զարգացումը մեկնաբանում
էին առանձին պատմական անձանց գործունեությամբ և ոչ ժողովրդական մասսաների
գործունեությամբ։ Մինչդեռ հասարակագիտության մեջ խոսքը գնում է մասսայական
երևույթների, այլ ոչ թե առանձին դեպքերի մասին։ Պատմության մատերիալիստական
ըմբռնմամբ առաջին անգամ հնարավոր եղավ տեսնելու և գնահատելու ժողովրդական
մասսաների իսկական, վճռական դերը պատմական գործընթացի զարգացման խնդրում։
Նման եզրակացությունը հետևանք է այն բանի, որ գիտականորեն ընդունվեց մարդկանց
արտադրողական գործունեության վճռական դերը, որպես հասարակության հիմք,
ինչպես նաև այն, որ դասակարգային պայքարը հանդիսանում է այդ ամենի ծանրության
կենտրոնը։ Մարքսը և Էնգելսը բացահայտեցին դասակարգերի ծագման ու նրանց
պատմական շրջանակները։ Դասակարգերի ծագումը նրանք պայմանավորում էին
աշխատանքի հասարակական բաժանման ու արտադրամիջոցների մասնավոր
սեփականության հետ։ Այդ հիմունքով բոլոր հասարակություններում ծավալվող ամեն մի
պայքար, որը արտահայտում է դասակարգերի շահերը, ընդգրկում է տնտեսական,
քաղաքական, գաղափարական ոլորտները։ Մարքսի և Էնգելսի կողմից դասակարգային
պայքարի ուսմունքի բացահայտումը, բոլորովին տարբերվում է բուրժուական
պատմաբանների մեկնաբանությունից։ Նրանք դասակարգային պայքարը դիտում էին
նույն դասակարգի ներսում, իսկ Մարքսը և Էնգելսն այն բնութագրում էին որպես
տիրապետող ու շահագործվող դասակարգերի միջև մղվող պայքար, որը հեղափոխական
ճանապարհով տապալում է հինը և հաստատում նոր կարգեր։ Այդ հասկացության
ընդհանուր բնութագիրը Մարքսը տվել է «Քաղաքատնտեսության քննադատության
շուրջ» աշխատությունում։ Դրանով Մարքսը ցույց տվեց ու հիմնավորեց, որ պատմության
գիտական ուսումնասիրումը իր տարբեր կողմերով և հակասություններով միասնական
օրինաչափ պրոցես է։
Պատմական պրոցեսի ուսումնասիրման մատերիալիստական տեսությունը
Մարքսի ու Էնգելսի կողմից ստեղծվեց մի քանի տարիների ընթացքում, սերտորեն
կապված լինելով բանվորական հեղափոխական շարժման պրակտիկայի հետ։
Պատմության նկատմամբ մատերիալիստական մտածողության հիմնավորման
հարցերով Մարքսը և Էնգելսը սկսեցին զբաղվել դեռևս 1844 թ.։ Նույն տարում Մարքսը
գրեց «Տնտեսական-փիլիսոփայական ձեռագրեր 1844 թ.» աշխատությունը, ուր
հիմնավորեց պատմական մատերիալիզմի ելակետային դրույթները մարդկային
աշխատանքի ու արտադրության, որպես մարդկային պատմության հիմքի։ Պատմական
մատերիալիզմի մի շարք դրույթներ հիմնավորվեցին «Սրբազան ընտանիք, կամ
քննադատության քննադատական քննադատություն» աշխատությունում։ Քննադատելով
երիտասարդ հեգելականների կողմից առաջադրված պատմության մեջ
«քննադատական» մտածող անհատների վճռական դերի տեսակետը, դրան հակադրեցին
իրենց տեսությունը, որ պատմության իսկական կերտողները ժողովրդական մասսաներն
են, այսինքն, հասարակական կյանքում վճռական ու առաջնային են արտադրության
միջոցները։ Ավելի ուշ «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունում
նրանց այդ դրույթները լիովին հիմնավորվեցին։ Նրանք իրենց տեսական դրույթները
հիմնավորում ու հաստատում էին հեղափոխությունների փորձի հիման վրա,
մասնավորապես 1789 թ. ֆրանսիական հեղափոխության փորձով, որի մեջ նրանք
տեսնում էին դասական սոցիալական հեղափոխություն։ Մարքսը հետևողականորեն
ուսումնասիրեց յակոբինյան դիկտատուրայի հաստատման փորձը, որին աջակցեցին
ժողովրդական մասսաները։ Այդ դիկտատուրան հետագայում հիմք դարձավ
պրոլետարիատի դիկտատուրան հասկանալու համար։ «Գերմանական
գաղափարախոսություն» աշխատությունից հետո պատմության մատերիալիստական
ըմբռնման հիմնադրույթները իրենց լուսաբանումը ստացան «Փիլիսոփայության
աղքատություն» աշխատությունում, գրված Պրուդոնի «Աղքատության
փիլիսոփայություն» աշխատության դեմ։ Հասարակական կյանքի զարգացման
օրենքների ու օրինաչափությունների բացահայտման նպատակով Մարքսը և
էնգելսը ձեռնամուխ եղան բանվորական շարժման պատմության հարցերի
ուսումնասիրմանը։ Էնգելսը գրեց «Բանվոր դասակարգի վիճակը Անգլիայում»
աշխատությունը, ուր հարուստ փաստական նյութի հիման վրա շարադրեց 18-րդ դարի
կեսին բանվոր դասակարգի ձևավորումը, նրա պայքարը և դասակարգային
գիտակցության զարգացումը։ Նրանում շարադրեց բանվորական շարժման տարերային
ձևից մինչև գիտակցականի անցումը։ Այդ հարցին անդրադարձան «Կոմունիստական
կուսակցության մանիֆեստ»-ում, ուր ասվում էր. «Մինչ այժմ եղած հասարակությունների
պատմությունը եղել է դասակարգային պայքարի պատմություն /հետագայում Լ.
Մորգանի կողմից նախնադարյան համայնական հասարակության պատմության
հարցերի լուսաբանումից հետո, Մարքսը և Էնգելսը նշեցին, որ բացառությամբ
նախնադարյան համայնական հասարակության/։ Մշտական պայքարի մեջ են եղել
ստրուկն ու ստրկատերը, պատրիկն ու պլեբեյը, ճորտն ու ճորտատերը, վարպետն ու
ենթավարպետը, կարճ՝ ճնշողն ու ճնշվողը։ Այդ պայքարը ավարտվել է ողջ
հասարակության հեղափոխական վերակառուցմամբ, կամ էլ հակամարտող
դասակարգերի իսպառ վերացումով»։ «Մանիֆեստում» ցույց տվեցին, որ մի
հասարակարգի ներսում սաղմնավորվում են մեկ այլ հասարակության սաղմերը,
այնուհետև սկսված դասակարգային պայքարի ընթացքում փոխվում է սեփականության
ձևը, փոխվում է նաև հասարակական տնտեսակարգը։ Մարքսը և էնգելսը ցույց տվեցին,
որ տնտեսական-քաղաքական փոփոխություններն իրենց հետ բերում են գաղափարների
փոփոխություն, որ բոլոր ժամանակներում իշխող են միայն տիրապետողների
գաղափարները։ «Մանիֆեստում» բանվոր դասակարգի պատմական դերի մասին
գաղափարները հիմնավորվում են 1848-1849 թթ. հեղափոխությունների պատմական
փորձի հիման վրա։ «Մանիֆեստում» արտահայտված պրոլետարիատի պատմական
առաքելության մասին գաղափարներն իրենց վերջնական դրսևորումը ստացան 1848 թ.
տեղի ունեցած հեղափոխության ընթացքում։ Մարքսը և էնգելսը խմբագրելով «Նոր
հռենոսյան թերթը», նրա էջերում ի մի էին բերում Գերմանիայում տեղի ունեցող
իրադարձությունները։ Մի շարք լրագրային հոդվածներում «Բուրժուազիան և
հակահեղափոխությունը», «Ֆրանկֆուրտյան ժողովը», «Հոհենցոլերների
քաջագործությունը» և այլն, բացահայտեցին թագավորի հետ մարտյան լիբերալ
կառավարության համաձայնությունը։ Դրանցում բացահայտվեց ժողովրդի դեմ լիբերալ
բուրժուազիայի կատարած դավաճանության պատճառները, մանր բուրժուազիայի
թուլությունը, գերմանական գյուղացիության անկարողությունը զարգացնելու իր
հեղափոխական էներգիան, քանի որ չուներ հեղափոխական ղեկավարություն։
Մարքսը, նկատի ունենալով Ֆրանսիայում բուրժուական շարժման անցյալի
փորձը, առանձնահատուկ ուշադրությամբ էր հետևում 1848 թ. հեղափոխության
իրադարձությունների ու նրա բնույթի ուսումնասիրությանը։ Այդ հարցերին
անդրադարձել է հատկապես «Դասակարգային պատերազմը Ֆրանսիայում 1848-1850
թթ.» և դրա շարունակությունը հանդիսացող «Լուի Նապոլեոն Բոնապարտի Բրյումերի
18-ը» աշխատություններում։ Մարքսը, 1848 թ. հեղափոխության առջև դրված խնդիրները
նկատի ունենալով, այն բնութագրել է որպես բուրժուա-դեմոկրատական։ Հեղինակը
բացահայտեց հուլիսյան հեղափոխության ընթացքում բուրժուազիայի դեմ բանվոր
դասակարգի պայքարի թափը, բուրժուական խմբավորումների մարտավարությունը,
բոնապարտիզմի հաջողությունները, նրա դերը երկրորդ հանրապետության ստեղծման
գործում։ Մարքսը ցույց տվեց, որ Լուի Բոնապարտի թիկունքում կանգնած էին
աշխատավորական մասսաների պայքարից ահաբեկված բուրժուական
հակահեղափոխական տարրերը, որոնք ցանկանում էին իրենց իշխանությունը
ամրապնդել դիկտատորական իշխանությամբ, որն ի վիճակի էր ճնշել մասսաների
հեղափոխական ելույթները։ Նրանց պաշտպանեց նաև սեփականատեր
գյուղացիությունը, որն ուներ պատրանքներ գյուղացիության կայսր Նապոլեոնի հանդեպ,
որով գյուղացիները վերածվեցին բոնապարտիզմի կրողների։ Բոնապարտիզմի հիմք
դարձան նաև բանակի առանձին խմբեր, չինովնիկներ և այլ դասերի մնացուկներ, որոնք
ևս ձգտում էին իշխանության։ Ֆրանսիական հեղափոխության փորձի
ուսումնասիրությունը Մարքսին ու էնգելսին հնարավորություն ընձեռնեց ընկալելու նաև
Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Հունգարիայի հեղափոխությունների
առանձնահատկությունները։
Մարքսը և Էնգելսը իրենց մի շարք հոդվածներում լուսաբանել են եվրոպական
հեղափոխությունների դեմ ցարիզմի միջամտությունները, հատկապես, նկատի
ունենալով եվրոպական հեղափոխությունների ու ազգային-ազատագրական
պատերազմների ճնշման գործում ցարիզմի ակտիվ մասնակցությունը: «Ցարիզմի
արտաքին քաղաքականությունը XVIII դարում», «Ռուսաստանի արտաքին
քաղաքականությունը XIX դարում», Ղրիմի պատերազմի ժամանակ գրված
հոդվածաշարերում բնութագրել են ցարիզմի արտաքին ագրեսիվ, զավթողական
քաղաքականությունը, հանձին նրա տեսնելով եվրոպական հեղափոխական
շարժումները ճնշող ժանդարմի, սակայն միաժամանակ ռուս ժողովրդին
առանձնացնելով ցարիզմից, տեսնում են նրա պատմական առաջադիմական դերը,
հատկապես թուրքական լծի տակ տառապող քրիստոնյա բալկանյան ժողովուրդների,
հույների, սլավոնների ու արևմտահայության ազատագրության խնդրում, նշելով, որ այդ
ժողովուրդներն իրենց ազատագրության ելքը կապում են Պետերբուրգի իշխանության
հետ, որ Ռուսաստանն առաջադիմական դեր է խաղում Սև ու Կասպից ծովերի
ավազանում ապրող ժողովուրդների կյանքում։ 1850-ական թթ. Մարքսը գրեց տեսական
մի աշխատություն, որտեղ հիմնականում քննարկվում էր արևելյան հարցը և Ղրիմի
պատերազմի պատճառները: Մինչ այդ նա գրեց մի ամբողջ հոդվածաշար «Թուրքական
հարցը», «Ազգային փոքրամասնությունները Թուրքիայում» և այլն: Առաջին հոդված մեջ
նա Թուրքիայի քրիստոնիաների փրկարարի դերը վերագրում է Ռուսաստանին:
Ցարիզմի արտաքին քաղաքականության ներկայացմանը զուգահեռ անդրադարձել են
ռուսական պատմության ներքին բովանդակությանը. Պյոտր Մեծի բարեփոխումներին,
ներկայացնելով ռուս նշանավոր դիվանագետներին, բարձր են գնահատում Պյոտր
Առաջինի բարեփոխումները, որոնց արդյունքում, մատնանշում են նրանք, Ռուսաստանի
միջազգային հեղինակությունն աճեց, դարձավ եվրոպական տիպի պետություն։
Ռուսաստանի պատմության հարցերին Մարքսը անդրադարձել է Շլոսսերի
«Համաշխարհային պատմություն» գրքի առիթով կազմած կոնսպեկտում, ծավալուն
քաղվածքներ կատարելով ռուսական պատմության տարբեր ժամանակներ արտացոլող
պատմագիտական աշխատություններից։ Մարքսի այդ կոնսպեկտները հետագայում
հրապարակեց Էնգելսը «Ժամանակագրական քաղվածքներ» խորագրով, որը մեծ արժեք
է ներկայացնում համաշխարհային պատմության գլխավոր իրադարձությունների
լուսաբանման խնդրում։ Մարքսը և Էնգելսը ըստ արժանվույն գնահատել են ռուս
առաջադեմ մտավորականներին` Չերնիշևսկուն, Դոբրոլյուբովին, մոտ
հարաբերություններ են հաստատել ռուս վտարանդի գործիչների հետ, որոնց հետ
նամակագրությունները հրապարակվել է երկու հատորյա գրքով։ Անդրադարձել են 1859-
1861 թթ. Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացման պատմությանն ու
ետռեֆորմյան ռուսական տնտեսական կյանքի հարցերին։ Առանձնահատուկ է
Մարքսի «Կապիտալ» աշխատությունը, ուր պատմական մատերիալիզմի հիմնական
սկզբունքների հիման վրա տրված է կապիտալի զարգացման ողջ պատմությունը։
Հանգամանորեն լուսաբանվել է անգլիական արդյունաբերական հեղաշրջման
պատմությունը, որի հիման վրա բացահայտվել է հեղաշրջման սոցիալական
բովանդակությունը, բանվոր դասակարգի ու բուրժուազիայի ծագումն ու նրանց
հակամարտությունները, որոնց բախումը համարում էին անխուսափելի, արդյունքում
ծագող հեղափոխության օրինաչափությունը։ Պրոլետարիատի դիկտատուրայի հարցը
Մարքսը և էնգելսը, որպես ժամանակակիցներ առանձնահատուկ խորությամբ
քննարկեցին Փարիզի Կոմունայի օրինակի հիման վրա, իրենց արժեքավոր մի քանի
գործերում, մասնավորապես «Քաղաքացիական պատերազմը ֆրանսիայում»
աշխատությունում, ուր ընդգծում էին, որ բանվոր դասակարգը գրավելով իշխանությունը,
պետք է վերացնի հին պետական մեքենան, ստեղծի իր, երկինքը գրոհող բանվոր
դասակարգի պետությունը։ Գերմանիայի պատմության հարցերով առանձնապես
զբաղվել է Էնգելսը, հատկապես անդրադարձել է 1525 թ. գյուղացիական
ապստամբության պատմությանը, ուր առավել խորությամբ է լուսաբանել պատմական
ժամանակաշրջանի հիմնահարցերը, ուսումնասիրելով Գերմանիայի պատմությունը
սկսած վաղընջական ժամանակներից մինչև նոր ժամանակները։ Գրել է «Ռազմական
հարցը Պրուսիայում և գերմանական բանվորական կուսակցությունը», «Բանվորական
հարցի շուրջ», «Պարոն Բիսմարկի սոցիալիզմը», «Գերմանական գյուղացիության հարցի
շուրջը», «Բռնության դերը գերմանական պատմության մեջ» աշխատությունները։ Նշված
աշխատություններում հանգամանորեն լուսաբանել է երկաթյա կանցլեր Բիսմարկի
քաղաքականությունը, որ Բիսմարկը հասկացավ գերմանական բուրժուազիայի ազգային
ու տնտեսական պահանջները և ղեկավարեց Գերմանիայի միավորման շարժումը։
Էնգելսի փիլիսոփայական ամենադասական աշխատություններից են «Լյուդվիգ
Ֆոյերբախը և գերմանական դասական փիլիսոփայության վախճանը» և «Անտի-
Դյուրինգ»: Նրա հայտնի պատմական աշխատությունն է «Ընտանիքի, մասնավոր
սեփականության և պետության ծագումը»: Այսպիսով, Մարքսի ու Էնգելսի
գործունեությամբ համաշխարհային պատմագիտության մեջ նոր մտածողության հիմք
դրվեց։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Ойзерман Т. И., Формирование философии марксизма, 2 изд., М., 1974, էջ 45-232.
2. Историография истории нового времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М.,1990, էջ 202-226.

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Багатурия Г. А., Контуры грядущего. Энгельс о коммунистическом обществе, М.,
1972
2. Чагин Б. А. Создание и развитие К. Марксом и Ф. Энгельсом теории научного
коммунизма, Л., 1970
3. Энгельс и проблемы истории, М., 1970
ԹԵՄԱ հմ. 18.
Խորհրդային պատմագրության ձևավորումը: Վ. Ի. Լենին
Վ. Ի. Լենինը և լենինիզմը համաշխարհային պատմագրության վրա մեծ հետք են
թողել: Լենինը եղել է ոչ միայն քաղաքական գործիչ, այլև պատմաբան: Նա որպես
պատմաբան հանդես եկավ այն ժամանակ, երբ Եվրոպան թևակոխել էր
մոնոպոլիստական կապիտալիզմի ժամանակաշրջան և նկատվում էին ճգնաժամային
երևույթներ: Լենինը փորձում էր մարքսիզմը պաշտպանել տարբեր հարձակումներից և
այդ նպատակով 20-րդ դարի սկզբին նա գրեց տեսական փիլիսոփայական մի մեծ
աշխատություն, որը վերնագրված էր «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ»: Այս
աշխատությունը ուղղված էր Մախի, Պեցոլտի տեսությունների դեմ: Լենինը ընդգծում էր,
որ մեր տեսությունները շրջապատող աշխարհի նկատմամբ հարաբերական են, սակայն
ըստ նրա հարաբերական ճշմարտությունների ընդհանուր գումարից առաջանում է
բացարձակ ճշմարտություն: Ճշմարտության հասնելու համար հարկավոր են 14
չափանիշներ, սակայն հասարակությունը դեռևս հասել է միայն չորսին: Լենինը իր
աշխատություններում բավականին շատ անդրադարձել է 17-րդ դարի անգլիական
հեղափոխությանը և 18-րդ դարի ֆրանսիական հեղափոխությանը, հատկապես բարձր է
գնահատել Յակոբինյան դիկտատուրան, մասնավորապես Մ. Ռոբեսպիերին: Լենինը
1905-07 թթ. ռուսական հեղափոխությունը համեմատել է ֆրանսիական 1789 և 1848 թթ.
հեղափոխությունների հետ` գրելով հոդված: Լենինի աշխատություններից
պատմաբաններին հետաքրքրել է «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն
ստադիա» ուսումնասիրությունը: Նրա կարևորագույն աշխատությունն է «Ձախության
մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ»: Նրա կարծիքով արտասահմանյան
կոմունիստական կուսակցությունները պետք է անցնեն ռուսական ուղիով: Մյուս կողմից
Լենինի համոզմամբ արտասահմանյան կոմունիստական կուսակցությունները չպետք է
ժխտեն կամ հեռացնեն սոցիալիստական կուսակցություններին, այլ անհրաժեշտության
դեպքում պետք է դաշինք կնքեն դրանց հետ` ընդդեմ բուրժուական վերնախավի:
1917 թ. Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը և
բոկշևիկյան կուսակցության իշխանության գալը հնարավորություն տվեց մարքս-
լենինյան գաղափարախոսության գերակայության հաստատմանը: Պետք է նշել, որ
գաղափարական գերակայության հաստատումը միանգամից տեղի չունեցավ:
Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո շարունակում էին իրենց
գործունեությունը նախկին պատմաբաններն ու պատմագիտական ուղղությունները և
նրանց շատերի աշխատությունները չէին տեղավորվում մարքս-լենինյան
գաղափարախոսության շրջանակներում: Նախկին պատմաբանները մեծ գործ
կատարեցին, ինչպես խորհրդային պատմագրության կայացման գործում, այնպես էլ դա
երկրից դուրս ներկայացնելու հարցում: Նրանք փորձում էին պահպանել ռուսական
պատմագրության ավանդույթները և դրանցով նպաստել խորհրդային պատմագրության
զարգացմանը: Սակայն այս իրադրությունը տևեց մինչև 1920-ական թթ. վերջը: 1929 թ.
պատմական գիտության պաշտոնական առաջնորդ Մ. Ն. Պոկրովսկին հայտարարեց
«խաղաղ գոյակցության» ավարտը և սկսվեց Գիտությունների ակադեմիայի մաքրման
գործընթացը: Իշխող վերնախավը պատմագրության առջև դրեց նոր խնդիրներ, որոնք
համապատասխանում էին կոմունիստական կուսակցության պահանջներին:
Նախևառաջ ուշադրությունը կենտրոնացվեց մարքսիզմ-լենինիզմի
գաղափարախոսության քարոզմանը և ըստ այդմ նոր գիտական կենտրոնների
կազմակերպմանը, որոնց հիմնական խնդիրն էր ուսումնասիրել սոցիալիստական ու
կոմունիստական գաղափարախոսությունը և միջազգային հեղափոխական
շարժումները:
Այս շրջանում ուշադրություն դարձվեց 17-19-րդ դարերի բուրժուական
հեղափոխությունների և Փարիզի կոմունայի ուսումնասիրմանը: Խորհրդային
պատմաբանների ուշադրության կենտրոնում գտնվում էին բուրժուական
հեղափոխությունները, հեղափոխական փորձի ուսումնասիրումը, այնուհետև
բանվորական, սոցիալիստական ու կոմունիստական շարժումների ուսումնասիրումը,
վերջում` տնտեսական պատմության և միջազգային հարաբերությունների
հետազոտումը: Անգլիական հեղափոխության ագրարային պատմության
ուսումնասիրման խնդրում մեծ դեր կատարեց Ս. Ի. Արխանգելսկին (1882-1958)` նշելով,
որ 17-րդ դարի 40-50-ական թթ. ագրարային օրենսդրությունը համարվում էր այդ
շրջանում կապիտալիզմի զարգացման արդյունքներից մեկը: Նա գտնում էր, որ
կապիտալիստական զարգացման միտումները արդեն նկատվում էր Թյուդորների և
առաջին Ստյուրատների օրոք, երբ հողը անցնում էր վաճառականների ու
արհեստավորների ձեռքը:
Խորհրդային պատմաբանների ուշադրության կենտրոնում գտնվում էին
ֆրանսիական հեղափոխության հարցերը: Առաջին պատմաբանը, ով սկսեց
ուսումնասիրել բոլշևիկյան և յակոբինյան գաղափարները, համարվում է Ն. Մ. Լուկինը
(1885-1940): Նրա «Մաքսիմիլիան Ռոբեսպիեր» աշխատությունը հրատարակվել է 1919 թ.:
Նա սովորել էր Մոսկվայի համալսարանում: 20-30-ական թթ. հրատարակվեցին նրա
հիմնական աշխատությունները, որոնց մի մասը գրվել էր ֆրանսիական արխիվային
փաստաթղթերի հիման վրա: Լուկինը ուշադրություն է դարձրել յակոբինյաներին և
գտնում էր, որ յակոբինյան տեռորը պատմական անհրաժեշտ փաստ էր: Իր հայացքների
համար 1938 թ. նա ձերբակալվում է: Խորհրդային պատմագրության ուշադրության
կենտրոնում էր գտնվում 1794 թ. հուլիսի 27/28-ի թերմիդորյան հեղաշրջումը, որի
ուսումնասիրությամբ զբաղվել են երկու խոշոր պատմաբաններ Պ. Պ. Շեգոլևը (1903-1936)
և Կ. Պ. Դոբրոլյուբսկին (1885-1953):
Ժողովրդական շարժումների ուսումնասիրությամբ հայտնի էր Ե. Վ. Տառլեն (1874-
1955): Նա տարիներ շարունակ ուսումնասիրել է Փարիզի Ազգային արխիվի նյութերը,
որոնք դրված են նրա մենագրության հիմքում: Նրա մոտ պատմության նկատմամբ
հետաքրքրությունը ձևավորվել էր դեռևս գիմնազիայում, ապա ուսանողական
տարիներին: Տառլեն հայտնի էր հակամիապետական հայացքներով և ողջունեց
փետրվարյան հեղափոխությունը, սակայն հոկտեմբերյան իրադարձություններով
ոգևորված չէր: Նա սկսեց համագործակցել խորհրդային իշխանությունների հետ և 1923
թ. հնարավորություն ստացավ աշխատելու օտարերկրյա արխիվներում`
ուսումնասիրելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի միջազգային հարաբերությունների
պատմությունը: Զուգահեռ նա շարունակում էր ուսումնասիրել Ֆրանսիայում
մասայական շարժումների պատմությունը: Արդյունքում նա գրեց «Ֆրանսիայի բանվոր
դասակարգը մեքենայական արտադրության առաջին շրջանում» (1928) և «Ժերմինալ ու
պրերիալ» (1937) աշխատությունները: Այս երկու շարժումները և, հատկապես,
պրերիալների ապստամբությունը պրոլետարիատի պատմություն մեջ մեծ դեր ունեն: Նա
նշում է, որ այս շրջանում պլեբեյները չէին համագործակցում միջին, անգամ մանր
բուրժուազիայի ներկայացուցիչների հետ: Տառլեի աշխատությունները գրված են
արխիվային փաստաթղթերի հիման վրա, սակայն հեղինակը երբեմն անցնում է
գեղարվեստական ու դրամատիկական պատումներին: Խորհրդային պատմաբանների
ուսումնասիրությունների արդյունքում լույս տեսավ «1789-1794 թթ. ֆրանսիական
բուրժուական հեղափոխությունը» աշխատությունը (1941), որի խմբագիրներն էին Վ. Պ.
Վոլգինը և Տառլեն: Սա համարվում է հիմնարար աշխատություն, որտեղ քննարկվում է
ֆրանսիական հեղափոխության ընդհանուր պատմությունը:
Ֆրանսիական հեղափոխության ուսումնասիրման բնագավառում մեծ ներդրում է
կատարել նաև Ն. Ի. Կարեևը (1850-1931), ում աշխատությունները մինչև օրս չեն կորցրել
իրենց պատմագիտական արժեքը: Նա թողել է «Ֆրանսիական հեղափոխության
պատմաբանները» երեք հատորանոց հայտնի աշխատությունը (1924-925): Այստեղ
քննարկվում էին ֆրանսիական հեղափոխության հարցերը և հեղինակի տեսակետներն
այնքան էլ չէին համընկնում խորհրդային պատմագիտության հետ: Նրա
աշխատություններից է նաև «Արևմտյան Եվրոպան նոր շրջանում» (1922):
Խորհրդային պատմագրության մեջ զգալի տեղ էր հատկացվում նաև 19-րդ դարի,
հատկապես 1848 թ., հեղափոխությունների ուսումնասիրմանը: 1848-49 թթ.
հեղափոխությունների 75-ամյակի առթիվ հրատարակվեցին հատուկ ժողովածուներ և
առանձին հոդվածներ ու գրքույկներ: Այս առումով պետք է հիշատակել Ա. Ի. Մոլոկի
(1898-1977) անունը, ում աշխատությունները հիմնված են Փարիզի Ազգային արխիվի
նյութերի վրա և վերլուծում են Փարիզի բանվորների հունիսյան ապստամբության
իրադարձությունները: Հեղինակը եկել է այն եզրակացության, որ նահանգների
աշխատավորությունը անտարբեր չէր այն հարցի նկատմամբ, թե Փարիզում ով կհաղթեր:
Անշուշտ, մեծ տեղ էր հատկացվում 1871 թ. Փարիզի կոմունայի ուսումնասիրությանը:
Փարիզի կոմունայի վերաբերյալ առաջին ուսումնասիրությունը պատկանում է Ն. Մ.
Լուկինին «Փարիզյան կոմունան» (1923), որտեղ հեղինակը մեծ տեղ է հատկացրել
կոմունայի սոցիալ-տնտեսական քաղաքականությանը: Կոմունայի գործունեության
տարբեր հարցերը ուսումնասիրել է նաև Մոլոկը: Գյուղացիության նկատմամբ կոմունայի
քաղաքականությանը հեղինակն անդրադարձել է «Փարիզյան կոմունան և
գյուղացիությունը» /1925/ աշխատությունում: Կոմունայի կենցաղին, մշակույթին և
ժողովրդական լուսավորությանն անդրադարձել է «Ժողովրդական լուսավորությունը
1871 թ. Փարիզյան կոմունայի շրջանում» աշխատությունում:
Խորհրդային պատմագրության մեջ որոշակի տեղ հատկացվեց
արևմտաեվրոպական ուտոպիական սոցիալիզմի ուսումնասիրությանը: Սոցիալիզմի
կառուցման խնդրում փորձում էին վերցնել նախկին ուտոպիական սոցիալիզմի
գաղափարներից` փորձելով հավաքել ու խմբագրել դրանք: Այս հարցերով հանդես եկավ
նոր շրջանի խորհրդային պատմագրության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը Վ.
Պ. Վոլգինը (1879-1962): Նա գիտական գործունեությունը սկսել էր նախքան
հեղափոխությունը: Վոլգինը «Ժան Մելյեն և նրա «Կտակը» աշխատությունը
հրատարակեց միայն հեղափոխությունից հետո` 1919 թ.: 20-30-ական թթ. նա ծավալեց
գիտա-կազմակերպական լայն գործունեություն. ուսումնասիրեց ու փորձեց
համակարգել ուտոպիստական սոցիալիզմի հայտնի ներկայացուցիչներին ու նրանց
գաղափարները:
Խորհրդային պատմագրության մեջ շարունակվում էր նոր և նորագույն շրջանի
միջազգային հարաբերությունների ուսումնասիրումը: Այս առումով մեծ
հետաքրքրություն էր ներկայացնում Առաջին համաշխարհային պատերազմին
վերաբերող փաստաթղթերի ժողովածուի հրատարակումը: Միջազգային
հարաբերությունների պատմության վերաբերյալ հրատարակումների կազմակերպման
գործում մեծ տեղ է գրավում Մ. Ն. Պոկրովսկին (1868-1932): Նա փորձում էր արխիվային
նյութերով ներկայացնել Ռուսաստանի ղեկավար շրջանների քաղաքականությունը
մինչև հեղափոխությունը: Անդրադարձել է Գերմանիայի ծրագրերին, ինչպես նաև
Անտանտին: Նա գծում է «առևտրային կապիտալիզմի» համակարգը և հաստատում, որ
միջազգային հարաբերությունների բնագավառում հիմնական տեղը պատկանում է
առևտրային ուղիների շուրջ ընթացող պայքարին՝ օրինակ, 19-րդ դարի վերջի-20-րդ
դարի սկզբի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվում էր Բոսֆորի ու
Դարդանելի համար պայքարի շուրջ: Նման մոտեցումներով էլ նրա աշակերտները
շարունակեցին Առաջին համաշխարհային պատերազմի ուսումնասիրումը: Խորհրդային
պատմագրությունն ուշադրություն դարձրեց ռազմաքաղաքական դաշինքների
ստեղծման պատմությանը, ինչն էլ հանգեցրեց պատերազմի: Այս հարցերի
ուսումնասիրությամբ հայտնի էր Ս. Դ. Սկազկինը: Արխիվային փաստաթղթերի հիման
վրա նա ուսումնասիրել է Ռուսաստանի հարաբերությունները Գերմանիայի և Ավստրո-
Հունգարիայի հետ` կապված 19-րդ դարի 80-ական թթ. արևելյան հարցի հետ, որը
ներկայացված է «Ավստրո-ռուսական միության վերջը: Ռուս-գերմանական և ռուս-
ավստրիական հարաբերությունների պատմության ուսումնասիրումը կապված 19-րդ
դարի 80-ական թթ. արևելյան հարցի հետ» աշխատության մեջ: Սա տվյալ
ժամանակաշրջանի միջազգային հարաբերությունների ուսումնասիրման
ամենահայտնի աշխատությունն էր, որը գրված էր ներքին ու արտաքին
քաղաքականության ներկայացմամբ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Историография истории
нового и новейшего времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М., 2000, 7-145.
2. Тихонов В.В., Советская историческая наука в новейших отечественных
исследованиях: новые подходы и перспективы, Будущее нашего прошлого.
Материалы Всероссийской научной конференции. Москва, 15-16 июня 2011
г. М., 2011, էջ 241-248.

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Советская историография./ Под ред. Ю.Н. Афанасьева. М.: Российск. гуманит. ун-т,
1996
2. Алексеева Г.Д., Желтова Г.И. Становление и развитие советской системы научно-
исторических учреждений (20-30-е годы). Ташкент: Фан, 1977. 136
3. Сидорова Л.А. Отепель в исторической науке. Советская историография первого
послесталинского десятилетия. М.: Памятники исторической мысли, 1997.
ԹԵՄԱ հմ. 19

Պատմագիտական միտքը Արևմտյան Եվրոպայում (Անգլիա,)

ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ 1918-1945 ԹԹ.


Փարիզի խաղաղության վեհաժողովում Առաջին համաշխարհային պատերազմի
արդյունքների ամփոփման ու ամրապնդման հետևանքով որոշակիորեն նախագծվեց
Եվրոպայում և ամբողջ աշխարհում Անգլիայի առաջատար դիրքերի ամրապնդումը,
ինչպես նաև դա նպաստեց հաղթահարելու Բրիտանական կայսրության ներսում
նկատվող ճգնաժամային երևույթները և հասարակության մեջ ամրապնդվեց
բրիտանական կայսրությունն Ազգերի համագործակցության վերածվելու գաղափարը։
20-30-ական թվականներին մշակվեց սոցիալ-տնտեսական քաղաքականության նոր
ուղղվածություն, որը պահանջում էր կառուցվածքային վերակառուցումներ։
Հասարակական-քաղաքական կյանքում նկատելի դարձավ լիբերալ
կուսակցությունների դերի անկում, ուժեղացավ լեյբորիստների ազդեցությունը, աճեցին
արմատական-դեմոկրատական ու բանվորական շարժումները։ Համաշխարհային
տնտեսական ճգնաժամի տարիներին իշխող քաղաքական կուսակցությունը լարված
աշխատանք էր կատարում ներքաղաքական կյանքի կայունացման նպատակով։ 30-
ական թվականներին Մեծ Բրիտանիան ակտիվորեն ներգրավվեց հակաֆաշիստական
զինակցությանը՝ մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին։
Բրիտանական պատմագիտության առաջատար մեթոդը շարունակում էր մնալ
պատմական սոցիոլոգիայից անջատ պոզիտիվիզմը։ Դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին
պոզիտիվիզմը վերանայելու փորձ արեց Քեմբրիջի համալսարանի պատմաբանների
դպրոցի հիմնադիրներից մեկը` Ջ. Բերին, որը եկավ այն եզրակացության, որ ընդհանուր
սոցիոլոգիական օրենքները չի կարելի տարածել պատմության վրա։ Նրա կողմից
օրինաչափություն հասկացությունը հանգեցվեց պատմական պրոցեսում պատճառա-
հետևանքային կապին։ Նա ընդունում էր հասարակության զարգացման գործում
նյութական ու սոցիալական գործոնների դերը, սակայն կարծում էր, որ
փոփոխությունների վճռական գործոնը պետք է փնտրել հոգեբանության բնագավառում։
Դրանով հանդերձ նա մատնանշում էր անհատի կամքի դերը պատմության զարգացման
գործում։ Հին, միջնադարյան ու նոր պատմության շրջանները նրա կողմից բնութագրվում
է որպես համաշխարհային պատմության որոշակի աստիճաններ, որոնց ընթացքում
տեղի է ունեցել ոգու բացահայտումը, մտքի զարգացունը։ Նա բացառիկ դեր է
հատկացնում նոր պատմության ուսումնասիրությանը՝ 15-րդ դարի սկզբից և հնարավոր
է համարում վերջին 30-40 տարին դիտել հասարակական զարգացման կամ
ժամանակակից պատմության առանձին փուլ։ Ջ. Բերիի նման դատողությունները
պատմական պրոցեսի մասին համընկնում էին դարի 20-30-ական թվականների
բրիտանական պատմաբանների սուբյեկտիվ, անհատական դատողությունների հետ։
Նույն ժամանակ շատ մասնագետ պատմաբաններ բաժանում էին այն թեզը, որ իբր
պատմությունը պետք է ուսումնասիրել հանուն պատմության։ Դրանով պատմությունը
դիտվում էր գիտության հատուկ մարզ, որում անհնարին էր կիրառել ճանաչողական
մեթոդները, որոնք օգտագործվում են բնական գիտությունների կողմից։
Պատմագիտական մեթոդի անհատականացումը նրա կողմնակիցներին (Ա.Պոլլարդ,
Ջ.Պրոտերս, Ջ.Թրեվելյան) հանգեցրեց այն կարծիքին, թե պատմությունը առավել մոտ է
գրականությանը, արվեստին, քան գիտությանը։ Բրիտանական պատմաբանների կողմից
պոզիտիվիզմի տարրերի կիրառումը պատմության իմացության նեոկանտիստական
պատկերացումների համադրությամբ պատմության մեթոդաբանությանը հաղորդում էր
էկլեկտիզմի (տարատեսակ գաղափարների, մոտեցումների համատեղում) գծեր։
Պատմաբանների կողմից պատմության ուսումնասիրման նոր մեթոդների որոնումները
պայմանավորեցին Ա. Թոյնբիի և Վ. Քոլինգվուդի պատմա-փիլիսոփայական
աշխատությունների հանդես գալուն։
Առնոլդ Ջոզեֆ Թոյնբին (1889-1975) ստացել է դասական կրթություն Օքսֆորդի
համալսարանում և Աթենքի Բրիտանական հնագիտության դպրոցում։ Առաջին
աշխարհամարտի տարիներին զբաղվել է հասարակական-քաղաքական
գործունեությամբ, 1919 թ. մասնակցեց Փարիզի հաշտության համաժողովին։ Լոնդոնի
համալսարանում կարդացել է դասախոսություն Միջազգային հարաբերությունների
մասին, 1926 թ. ղեկավարում էր պատմագիտական հետազոտական աշխատանքները,
նշանակվեց Թագավորական ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի
ղեկավար։ Ա. Թոյնբիի համաշխարհային պատմության հայեցակետը ձևավորվեց 19-րդ
դարիվերջին և 20-րդ դարի սկզբին գիտական հեղափոխության ու համաշխարհային
պատերազմի ազդեցության ներքո և ամբողջականությամբ ներկայացվել է նրա
«Պատմության ընկալումը» բազմահատորի առաջին հատորում։ Առաջին
համաշխարհային պատերազմը հասարակական գիտակցության մեջ միավորեց անցյալն
ու ներկան, միահյուսեց տարբեր մշակույթների պատմական ճակատագրերը, որը
պայմանավորեց նրա կողմից սրությամբ հասկանալու զարգացող աշխարհի
ամբողջականությունը, ընդհանրությունը և փխրունությունը։ Մարդկության ներկայի ու
անցյալի վերաբերյալ խորը դատողությունները նրան ստիպեցին ձեռնամուխ լինելու
անցյալի պատմահամեմատական համակարգով ուսումնասիրելուն։ Անցյալի
ուսումնասիրության համար նրա կողմից ընտրված պատմա-մշակութային մոտեցումը
կառուցվում էր վերլուծության և համաշխարհային մարդկության սոցիալական փորձի
համադրման հիմքի վրա և նկատի էր առնվում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին
քառորդի ընթացքում եվրոպական սոցիոլոգիայի, մարդաբանության ու պատմության
նվաճումները։ Թոյնբիի ուսումնասիրման մեթոդաբանությունում միավորվեցին նախորդ
դարի ուղղափառ պոզիտիվիզմը և նոր ժամանակաշրջանի իռացիոնալիզմն ու
կռահողականությունը։ Նրա կողմից շրջանառության մեջ դրվեցին փորձնական հարուստ
նյութեր, սակայն դրանք ծառայեցին միայն ցուցադրության համար, քան գիտական
վերլուծության համար։ Թոյնբին օգտագործեց լոկալ քաղաքակրթություն
հասկացությունը, որը նախատեսում էր որոշակի ժամանակի ու տարածության մեջ
երկրների ու ժողովուրդների համար՝ միավորված ընդհանուր հոգևոր մշակույթով։
Պատմաբանը քաղաքակրթությունը բաժանում էր՝ առաջնային, երկրորդային,
երրորդային աստիճանների։ Այդ դասակարգումով աշխարհը բաժանում էր հինգ
քաղաքակրթությունների՝ արևմտյան, քրիստոնեական ուղղափառ, իսլամական,
հինդուսական, հեռավորարևելյան, որոնցից յուրաքանչյուրը իր մեջ պարունակում է
նախորդ քաղաքակրթության գծերը։ Թոյնբին պատմական առաջընթացը կապում է
գլխավորապես հասարակական հոգեբանության ու բարոյականության հետ, որը
մարդկային ոգու համաշխարհային զարգացման իմաստ էր ստանում՝ ձևավորելով
անհատի զարգացման ներդաշնակությունը։ Նա ձգտում էր միջնորդավորված կապ
ստեղծել գիտատեխնիկական ու տեխնոլոգիական միջոցների միջև մի կողմից և հոգևոր
առաջընթացի ու հասարակության միջև մյուս կողմից։ Պատմաբանը կարծում է, որ նոր
ժամանակը (15-րդ դարի վերջից) Արևմտյան աշխարհի զարգացումը նշանավորվել է
հիմնականում երկու ինստիտուտների ստեղծմամբ՝ տնտեսության բնագավառում
ինդուստրիալ համակարգը, քաղաքականության բնագավառում՝ դեմոկրատիան։ 15-րդ
դարի վերջից մինչև 1875 թ. նա համարում է մեծ տերությունների կազմավորման շրջան,
որոնցից յուրաքանչյուրը ձգտում է դառնալ համաշխարհային։ Դա ազգայի
պետությունների հաստատման շամանակաշրջան էր` պաշտպանելով իրենց
ամբողջականությունն ու անկախությունը։ 19-րդ դարի 60-70-ական թվականներին, ըստ
հեղինակի արևմտյան քաղաքակրթությունը անցում կատարեց նոր իրավիճակի, որի
ընթացքում նկատելիորեն զարգացավ հասարակության ինտեգրացիան տնտեսական,
քաղաքական ու հոգևոր բնագավառներում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
ազգայնականությունը զարգացավ լայնությամբ ու ընդգրկեց փոքր ժողովուրդների
մշակույթը, սկսեց կորցնել իր իրական ստեղծարար հատկանիշը, անկախ պետության
ստեղծման կարողությունը, միաժամանակ նկատելի է դառնում ձևափոխումը, որը
արտահայտվում է մեծ տերությունների փլուզումով, որն ավելի արագացվեց
համաշխարհային պատերազմով։ Ա. Թոյնբին հրաժարվելով անգլիակենտրոն ու
եվրոպակենտրոն պատմագիտության սկզբունքներից, որ կիրառում էին անգլիական
պատմագրության ներկայացուցիչները՝ մեծամտությամբ նայելով ոչ բրիտանացի
ժողովուրդների պատմական զարգացմանը, առաջարկում էր Անգլիայի պատմությունը
ուսումնասիրել որպես առանձին միավոր, սակայն միաժամանակ որպես ամբողջության
մաս։ Թոյնբի կողմից առաջադրված պատմամշակութային կառույցները կարևոր
ազդեցություն ունեցան 20-րդ դարի պատմագիտական մտքի զարգացման ու
առաջընթացի գործում, հնարավորություն ստեղծեցին պոզիտիվիստական
մեթոդաբանության տարրերը համադրել նորագույն պատմության իմացության նոր
մեթոդների հետ։ Այն օժանդակեց կայսերական պատմաբաններին, որպեսզի
մեծամտորեն չվերաբերվեն ոչ բրիտանական ու ոչ եվրոպական մշակույթներին։
Ռոբին Ջորջ Քոլինգվուդը (1889-1943) հակառակ Ա. Թոյնբիի հանդես եկավ
պոզիտիվիզմի հիմնադրույթների քննադատությամբ։ Ստանալով փայլուն կրթություն
Օքսֆորդի համալսարանում` պաշտպանեց ատենախոսություն, անցավ նույն
համալսարանում դասախոսական աշխատանքի, դասավանդելով անտիկ պատմություն,
դարձավ Լոնդոնի հնությունների ու Ակադեմիայի անդամ։ Զբաղվելով հնագիտությամբ ու
դասախոսելով անտիկ պատմություն՝ նա հնարավորություն ունեցավ մշակելու
պատմության հետազոտման նոր մեթոդներ՝ պատմության ու փիլիսոփայության
փոխներգործությամբ։ Քոլինգվուդի պատմա-փիլիսոփայական հայացքներն
ամբողջականացվել են նրա «Պատմության բարձրագույն նպատակը», «Կենսագրական»
աշխատություններում։ Նա կարծում էր, որ պատմությունը իրենից ներկայացնում է ոչ թե
եզակի իրադարձությունների հաջորդականություն՝ իրար հետ կապված
պատճառահետևանքային կապերով, որը դիտվում է որպես օրինաչափություն, այլ
գործընթաց է, որի էությունն է՝ այդ պրոցեսում դիալեկտիկական զարգացման ընթացքում
երևույթների փոփոխումը։ 20-րդ դարի սկզբին պոզիտիվիստների կողմից պատմությունը
ներկայացվում էր որպես մկրատ ու սոսինձ, հետևաբար հեղինակի համոզմամբ չէր
կարող արտացոլել պատմական իրականության բազմազանությունը և պատշաճ կերպով
ծառայել ապագային։ Նա պատմաբաններին կոչ էր անում հրաժարվել կուտակված
պատմական փաստերի ավանդական մեկնաբանությանն ստրկամտորեն ենթարկվելու
սովորությունից։ Հետազոտական մտքի խնդիրն է ոչ թե սկզբնաղբյուրում եղած փաստերի
պասիվ դիտարկումը, այլ տեղեկատվության ստեղծագործական վերլուծությունը։
Ըստ հեղինակի պատմաբանի խնդիրն է օգնել ժամանակակից հասարակությանը
բարոյական ու քաղաքական խնդիրների նախորոշման խնդրում։ Քոլինգվուդի
պատմագիտական հայեցակարգը կառուցված է իդեալիստական հիմքի վրա։
Պատմական գործընթացը, ըստ նրա այն է, ինչ հասանելի է իմացությանը, իսկ
իմացությանը հասանելի է միայն մտածողությունը։ Հետևաբար, նա կարծում էր, որ
պատմությունը մտքի պատմություն է, ոչինչ բացի մտքից չի կարող դառնալ պատմական
իմացության առարկա։ Սրանից պետք է եզրակացնել, որ ըստ Քոլինգվուդի պատմական
գիտելիքները, որոնք վերարտադրված են պատմաբանի ուղեղում որպես միտք, այն պետք
է ուսումնասիրել։
Շարունակում էր իր գոյությունը վիգական պատմագիտությունը, որի նկատմամբ
սկսվեց քննադատություն: Հայտնի դեմքերից էր Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր
Հերբերտ Բատերֆիլդը (1900-1979) իր «Պատմության վիգական մեկնաբանությունը»,
«Անգլիացին ու նրա պատմությունը» աշխատություններով: Մինչ այդ
աշխատությունների հրապարակումը նա մեծ հեղինակություն էր ձեռք բերել միջազգային
հարաբերությունների պատմության ու նոր ժամանակաշրջանի Եվրոպայի պատմության
ուսումնասիրության ոլորտում։ Նա նախկին լիբերալ պատմագիտական ուղղությունն
անվանեց վիգական և դրանով նպատակ չուներ վերածնունդ տալ արդեն անցյալ
դարձած թորիական ուղղությանը, գտնելով, որ այդ ուղղությունը անգլիացիների
հնարավորություն է ընձեռել գիտակցել ժամանակակից դեմոկրատական
հասարակության հաջորդական կապը անցյալի հետ և անցել է պատմության գիրկը։
Բատերֆիլդը, չժխտելով նախկին պատմաբանների հարուստ փորձը, աշխատում էր
հասարակական կյանքում տեղի ունեցող նոր փոփոխությունների հիման վրա վերանայել
հին պատմագիտական կոնցեպցիան։ Իրավացիորեն նշում էր, որ յուրաքանչյուր սերունդ
պետք է նորից գրի պատմությունը, ազատելով պատմության հետազոտությունը
ժամանակակից արժեքների իրավիճակային պարտադրանքից։ Պատմության հանդեպ
վիգական հայացքները բացառապես ներկայի պրիզմայով հանգեցնում է այն բանին, որ
պատմությունից ինքնակամ ընտրում են միայն այն փաստերը, որոնք
համապատասխանում են պատմության զարգացման փորձով չհիմնավորված
կոնցեպցիային։ Դրանով, նշում էր նա, պատմությունը պարզեցվում ու դրվում էր
սխեմայի մեջ։ Նման սխեման հետևանք էր այն բանի, որ պատմական
երևույթները վերացարկվում էին պատմական տեքստից ու դատողություններ էին
կատարում նրանց մասին նրանց բովանդակությունից ու այդ իրերի մասին
գնահատականից անկախ՝ ուղղակի ներկան նշելով։ Ելնելով դրանից Բատերֆիլդը
առաջարկում էր պատմությամբ զբաղվող հետազոտողին, որն իր առջև խնդիր է դրել
անցյալի անկողմնակալ ուսումնասիրության խնդիրը, վիգական պատմագրությունից
հանել առաջադիմություն ու հետադիմություն հասկացությունները, դրանց տված
բարոյական գնահատականը։ Այնուհետև հեղինակը կշտամբում էր այն
պատմաբաններին, որոնք, հարցնում էին թե ում ենք պարտական մեր կրոնական ազատ
հայացքների համար հարցի փոխարեն հարկ է հարցնեին, թե ինչպես ծագեցին այդ
կրոնական ազատ հայացքները։
Նշված ժամանակաշրջանում Անգլիայում առավել ուշադրություն սկսեցին
դարձնել արտաքին քաղաքականությանը, որով հիմնականում զբաղվում էին Լոնդոնի ու
Քեմբրիջի համալսարանների պատմաբանները: Նրանցից շատերն անմիջական
մասնակցություն էին ցուցաբերում դիվանագիտական հարաբերությունների
կառուցմանը ու արտաքին քաղաքականության ձևավորմանը։ 1919 թ. Փարիզի
հաշտության բանակցություններին որպես փորձագետներ ու խորհրդականներ
մասնակցեցին պատմաբաններ Գ. Տեմպերլեն, Ռ. Սիտոն–Ուոտսոնը, Չ. Ուեբստերը։ Գ.
Տեմպերլեն հրատարակեց «Փարիզի համաժողովի պատմությունը», որը իր առջև
նպատակ էր դրել արդարացնել Մեծ Բրիտանիայի պատերազմին ու խաղաղության
համաժողովին մասնակցությունը։ Պետությունը առանձնահատուկ նշանակություն
հատկացնելով արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների
պատմության ուսումնասիրմանը, 1920 թ. ստեղծեց միջազգային հարաբերությունների
ուսումնասիրման Թագավորական ինստիտուտ, ուր համախմբվեցին այլ
համալսարանների դասախասները։ Հիմանական ուշադրությունը կենտրոնացված էր
ժամանակակից միջազգային հարաբերությունների պատմությանը։ Ջ. Գուչը և Գ.
Տեմպերլեն հրապարակեցին «Բրիտանական փաստաթղթեր 1898-1914 թթ. պատերազմի
ծագման մասին», որի հիմնական նպատակն էր ցույց տալ, որ պատերազմը
սանձազերծվել է հիմնականում Գերմանիայի կողմից։ Թեև ընտրված դիվանագիտական
փաստաթղթերը խիստ միտումնավոր էին, այնուամենայնիվ այդ գործը հիմնահարցի
ուսումնասիրման խնդրում մեծ դեր ունեցավ։ Նույն ժամանակաշրջանում
հրապարակվեց կոլեկտիվ խմբագրությամբ «Բրիտանական արտաքին
քաղաքականության Քեմբրիջյան պատմությունը»՝ երեք հատորով, որի հրապարակմանը
մասնակցեցին Չ. Ուեբստերը, Ջ. Ռոուզը, Ջ. Գուչը։ Աստիճանաբար անգլիական
պատմագիտության մեջ արտաքին քաղաքականության մեկնաբանման խնդրում
կատարվեց լուրջ փոփոխություն, մասնավորապես անգլո-գերմանական
հարաբերությունների հետ կապված, այժմ պատերազմի սանձազերծման մեղքի խնդիրը
վերագրվում էր երրորդ պետությանը։ Պատմագրության մեջ, Օքսֆորդում նաև Լոնդոնի
համալսարանում ձևավորվեցին արևելաեվրոպական ու սլավոնական ուղղությունները։
առանձնապես մեծ ուշադրություն էի դարձնում մինչպատերազմյան Ռուսաստանի
պատմությանը, Հեռավոր Արևելքում նրա վարած քաղաքականությանն ու անգլո–
ռուսական հարաբերությունների ուսումնասիրության հարցերին։ Այս հարցերում
առանձնապես աչքի ընկավ Ռ. Սիտոն Ուոտսոնը։
Անգլիայի քաղաքական պատմության ուսումնասիրման խնդրում կարևոր դեր կատարեց
Լյուիս Բեռնստեյն Նեմիրը (1888-1960) իր «Անգլիան ամերիկյան հեղափոխության
ժամանակաշրջանում» աշխատությամբ, որում քննադատելով վիգական
պատմագիտական կոնցեպցիան՝ առաջադրում էր կոլեկտիվ կենսագրությունների
լուսաբանման մեթոդը։ Աստիճանաբար պատմագիտության մեջ հետազոտման առավել
կարևոր հիմնահարց էին դառնում սոցիալ-տնտեսական բնագավառները։ Այդ առումով
կարևոր է Ջ. Տրևելյանի «Անգլիայի սոցիոլոգիական պատմությունը»։ Անգլիական
պատմագիտության մեջ շարունակում էին քննարկման խնդիր մնալ անցյալի կարևոր
իրադարձությունները, մասնավորապես անգլիական բուրժուական հեղափոխության ու
արդյունաբերական հեղաշրջման պատմությունը։
Երկրում սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց
աշխուժանում էին բանվորական շարժումները, որոնք կամա, թե ակամա դառնում էին
պատմագիտությանը զբաղեցնող արդիական թեմաներ։ Այս բնագավառում առաջին
ուսումնասիրությունները կատարեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջուջ Դուգլաս
Գովարդ Քոուլը (1889-1959), որը հարում էր լեյբորիստական կուսակցության ձախ թևին։
Բացի այս հիմնահարցից նա կարևոր ու արժեքավոր աշխատություններ է հրատարակել
տնտեսության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի ու հասարակական մտքի
պատմության վերաբերյալ։ Զբաղվել է ականավոր անհատների կյանքի պատմության
հարցերով, առանձնապես Ռ. Օուենի, Կ. Մարքսի, պատմաբան Ու. Կոբետի
կենսագրություններով։ Նրան մեծ հեղինակություն բերեցին «Հասարակ մարդիկ» ու
«Չարտիստների դիմանկարները» աշխատությունները, որոնցում ամբողջականացվել է
Անգլիայում ֆաբրիկային պրոլետարիատի կազմավորման պատմությունը՝
լուսաբանելով դրա առանձին փուլերը:
ԹԵՄԱ հմ. 20

Պատմագիտական միտքը Արևմտյան Եվրոպայում (Գերմանիա,)

ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ 1918-1945 ԹԹ.

Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց Գերմանիայի պարտությամբ


և երկրում բռնկված Նոյեմբերյան հեղափոխությամբ, որի արդյունքում ստեղծվեց
Վեյմարյան հանրապետությունը։ Վեյմարյան հանրապետությունը իրագործեց մի շարք
դեմոկրատական վերափոխումներ` ազգաբնակչությանը տալով սոցիալական
իրավունքներ: Միաժամանակ պահպանվեց մոնոպոլիստական կապիտալի
տիրապետությունը: Կայսերական պատմագրությունն այս շրջանում հայտնվեց
երկընտրանքի առջև` ընտրել Վեյմարյան հանրապետությունը, թե պայքարել հին
կարգերի վերականգնման համար: Պատմաբանների հիմնական խնդիրը դարձավ բոլոր
միջոցներով ժխտել պատերազմի սանձազերծման հարցում Գերմանիայի
մեղսակցությունը, գաղափարական պայքար մղելով Վերսալյան որոշումների դեմ,
պահանջել պատերազմում պարտության պատճառով գերմանական կայսրության
կորցրած տարածքների վերադարձը։ Գաղափարական այդ պայքարը սկսվեց Վեյմարյան
հանրապետության դեմ, որին լծվեցին հին սերնդի ու նրանց գաղափարակից նոր սերնդի
պատմաբանները։ Շարունակեց իր գոյությունը պահպանողական պատմագրությունը,
որն այդպես էլ չհաշտվեց հանրապետության գոյության հետ: Նրանք առաջարկում էին
հին կարգերով ուժեղ պետության հիմնադրում, որը կպաշտպաներ նաև
աշխատավորական մասաներին: Այս դիրքերից հանդես եկավ նշանավոր պատմաբան
Վերներ Զոմբարտը, որը դարձավ միջին դասի գերմանական ուղղու զարգացման
քարոզիչը։ Իր հայացքները շարադրեց «Պրոլետարական սոցիալիզմ», «Գերմանական
սոցիալիզմ» աշխատություններում։ Նա ձգտում էր ցույց տալ ինչպես կարելի է դուրս գալ
տնտեսական անապատի դարից, առաջարկելով վերացնել խոշոր ձեռնարկությունները,
վերադառնալ մանր արհեստներին ու գյուղատնտեսությանը, կապիտալիզմը և նրա
եկամտի հանդեպ ունեցած ձգտումը դիտում էր դիվային գործ։ Նա կարծում էր ավելի լավ
կլինի պատմությունից ջնջել վերջին երկու դարերը և նորից սկսել լուսավորչական
աբսոլյուտիզմի ժամանակաշրջանով։
Տյուբինհենյան համալսարանի պրոֆեսոր Ալբերտ Վալը իր «Գերմանական
կայսրությունը կազմավորումից մինչև համաշխարհային պատերազմի սկիզբը» գրքում
հաջորդականության գիծ էր անցկացնում 1813 թ. ազատագրական պատերազմից մինչև
Պրուսիայի գլխավորությամբ Գերմանիայի վերամիավորումը։ Նա գերմանական
կայսրության ստեղծումը դիտում է գերմանական պատմության գագաթնակետը, որի
ընթացքում քննադատում է Բիսմարկին՝ Գերմանիան մեկուսացնելու սխալ
քաղաքականության համար։ Տյուբինհենյան մեկ այլ պատմաբան Իոհաննես Գալլերն իր
«Բյուլովի դարաշրջանը», «Գերմանական պատմության փուլերը» աշխատություններում
ընդգծում է հավատարմությունը պրուսական-յունկերական ավանդույթներին։
Քննադատում է Գերմանիայի արագ ինդուստրացումը, որը ստեղծեց ուժեղ բանվոր
դասակարգ, մեղադրում է կանցլեր Բյուլովին, որը ծավալելով ծովային նավաշինություն,
վատացրեց իր հարաբերությունները Անգլիայի հետ` պետականության իդեալ
համարելով պրուսական ռազմա-բյուրոկրատական համակարգը։ Ըստ նրա
գերմանական արտաքին քաղաքականությունը պետք է մշտապես ուղղված լինի դեպի
Եվրոպայի արևելքը, ամենից առաջ Լեհաստան, Մերձբալթիկա, Ռուսաստանի
արևմուտք։ Գալլերի աշխատությունները մեծ հեղինակություն էին վայելում հատկապես
երիտասարդության շրջանում՝բորբոքելովռևանշիստական տրամադրություններ։
Պահպանողականների փայլող աստղն էր Ֆրեյբուրգի համալսարանի պրոֆեսոր
Գերհարդ Ռիտտերը (1888-1967), որը բավականին չեզոք վերաբերմունք էր ցուցաբերում
Վեյմարյան հանրապետության նկատմամբ։ Առանձնապես խորությամբ է ուսումնասիրել
19-րդ և 20-րդ դարերի անգլո-գերմանական հարաբերությունները և ցույց տալիս, որ
սխալվում են այն պատմաբանները, որոնք կարծում էին, թե հնարավոր էր անգլո-
գերմանական դաշինքը, ընդգծում է նրանց միջև եղած անլուծելի
հակամարտությունները։ Նշելով նրանց միջև դաշինքի անհնարինությունը` պատճառը
համարում է ոչ միայն իմպերիալիստական հակամարտությունների սրումը, այլ նաև
աշխարհաքաղաքական գործոնները, գերմանական ու անգլիական մտածելակերպի
բոլորովին հակադիր լինելը։ Հանդես է գալիս Գերմանիայի՝ ԽՍՀՄի հետ
հարաբերությունների կարգավորման օգտին, որովհետև պետք է կարողանա վերջինիս
օգտագործել իր դիրքերը միջազգային արենայում ամրապնդելու համար։ Այս վերջին
կարծիքը Ռիտտերը լուսաբանում է իր «Մի քաղաքական կենսագրություն» ծավալուն
աշխատությունում, որում անդրադառնում է 19-րդ դարի սկզբին Պրուսիայում բարոն
Շտեյնի գլխավորությամբ իրագործված բարեփոխումների պատմությանը։ Լինելով
հասարակական կյանքի առաջընթացի հարցում բարեփոխումների կողմնակիցը` նա
փառաբանում է Բիսմարկին, որն իր ժամանակին բարեփոխումներով ամրապնդեց
Գերմանական կայսրությունը։ Հետևաբար 20-րդ դարում Գերմանիան պետք է ուժ գտնի
իր մեջ, որպեսզի թոթափի Վերսալյան ամոթալի դրույթները։
Զարգացավ նաև լիբերալ պատմագրությունը: Լիբերալ պատմաբանները
ընդունեցին ու պաշտպանեցին Վեյմարյան հանրապետությունը՝ այն դիտելով որպես
անխուսափելիություն ստեղծված իրավիճակում սոցիալական ցնցումներից
պաշտպանվելու համար։ Լիբերալների հիմնական տեսությունն արտահայտել է նրանց
գաղափարական ու հոգևոր հայր Ֆրիդրիխ Մեյնեկեն (1862-1954), գրելով՝ «Նայելով դեպի
անցյալը, ես սրտով մնում եմ միապետական, նայելով դեպի ապագան, բանականությամբ
ես վերածվում եմ հանրապետականի»։ Լիբերալները չհրաժարվելով Վերսալյան
պայմանագրի դեմ պայքարելուց ու կորցրած տարածքների վերադարձի
անհրաժեշտությունից, ամենից առաջ ցանկանում էին մյուս մեծ տերությունների հետ
Գերմանիայի հարաբերությունների կարգավորումը։ Մեյնեկեն ստեղծել է բազում
արժեքավոր հետազոտություններ, որոնցից կարելի է առանձնացնել «Նոր պատմության
մեջ պետական բանականության գաղափարը», որում ընդգծում է, որ պատմությունը
գաղափարի ու ոգու թագավորությունն է։ Նա կարծում է, որ պետության հզորության
հիմքը բարոյականության և ուժի հավասարակշռության պահպանումն է, իսկ
գերմանական կայսրությունը 1918 թ. խախտեց այդ բալանսը, որի համար տեղի ունեցավ
աղետը։ Այդ երկու գործոնների ներդաշնակությունը հնարավոր է պետության
բանականության միջոցով։ «Պատմականության ձևավորումը» աշխատությունում
նկարագրում է այն հսկայական պատկերը, որի մեջ ծագել է պատմականությունը, որը
համարում է Եվրոպայում հոգևոր հեղափոխություն։
Անգլիայի հետ Գերմանիայի հաշտության կողմնակիցն էր նաև լիբերալ խոշոր
պատմաբան Էրիխ Բրանդենբուրգը (1868-1946): Նա իր «Բիսմարկից մինչև
համաշխարհային պատերազմը» աշխատությունում դատապարտում է գերմանական
կառավարությանն անհեռատեսության համար, ճիշտ է կարծում, որ պատերազմը ծագեց
տերությունների հակասությունների սրման ու գաղութայի նոր տարածքների համար
մրցավազքի պատճառով, որի ընթացքում իբրև թե Գերմանիան մշտապես հակված էր
դեպի խաղաղությունը, որ Գերմանիան եթե ցանկանար պատերազմ, ապա այն
կսանձազերծեր ավելի բարենպաստ ժամանակ, երբ ընթանում էր ռուս–ճապոնական
պատերազմը, ըստ որում Գերմանիան սկսելով պատերազմը չէր ցանկանում հասնել
համաշխարհային տիրապետության, այլ ցանկանում էր հավասարություն ստեղծել մյուս
մեծ տերությունների միջև։ Մյուս կարևոր հանգամանքը, ըստ հեղինակի, այն էր որ
Գերմանիան թույլ տվեց պատերազմի հարցում լուրջ սխալ, երբ պաշտպանեց այլ
ժողովուրդների ճնշող Թուրքիային ու Ավստրո–Հունգարիային։ Լիբերալ
պատմագիտության մեջ յուրահատուկ տեղ է գրավում Ֆրանց Շնաբելը (1887-1966)
լիբերալ, կաթոլիկական հայացքներով ու Պրուսիայի հանդեպ ունեցած հակակրանքով,
որի համար նա ոչ մի համալսարանում պրոֆեսորի կոչում չկարողացավ ստանալ։ Նրա
հիմնական աշխատությունն է «Գերմանիայի պատմությունը 19-րդ դարում», ուր
հանգամանորեն լուսաբանում է սոցիալ–տնտեսական հարաբերությունները,
տեխնիկայի ու մշակույթի զարգացումը, հատկապես կրոնական առումով։
Անդրադառնալով Գերմանիայի վերամիավորման հիմնահարցին, կարծում է, որ
Պրուսիայի գլխավորությամբ վերամիավորումը չուներ ոչ մի պատմական հիմք, այն
իրականացավ Բիսմարկի բռնի գործունեության հետևանքով։
Գերմանիայում բանվորական շարժման պատմության հարցերի
ուսումնասիրության առաջին պատիվը պատկանում է Գուստավ Մայերին (18711948),
որի Ֆ. Էնգելսի կյանքի ու գործունեության պատմությանը վերաբերող աշխատությունը
իր տեսակի մեջ առաջինն էր, ուր բարձր էր գնահատվում մարքսիզմը, որի համար նրան
անվանում էին մարքսիստ։ Մարքսիզմի ազդեցությունն իր վրա կրեց նաև Էկար Քերը
(1902-1933), որին Գ. Ռիտտերը անվանեց սալոնային բոլշևիկ, նկատի ունենալով նրա
«Ռազմածովային նավատորմի շինարարությունը և կուսակցությունների
քաղաքականությունը 1894-1901 թթ.» աշխատությունը։ Նրա ուսուցիչ Մեյնեկեն, որը
մշտապես պաշտպանում էր իր աշակերտներին հարձակումներից ու նաև հակադիր էր
նրա հայացքներին, նրա աշխատությունը բարձր գնահատելով նշում է, որպես
բարձրակարգ պատմագիտական աշխատություն, բայց ծայրահեղ արմատական։ Քերը
աշխատությունում մերժում էր գերմանական պատմագիտության այն աքսիոմատիկ
տեսությունը, թե արտաքին քաղաքականությունն առաջնություն ունի ներքին
քաղաքականության հանդեպ, ընդգծելով, որ գերմանական արտաքին
քաղաքականությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հենվում էր ներքին
քաղաքականության սոցիալ–տնտեսական գործոնների վրա։ Հեղինակը, հանգամանորեն
ուսումնասիրելով գերմանական հասարակության սոցիալական շերտերի
պատմությունը, ռազմական մրցակցությունը, նավաշինարարությունը, բացահայտեց այդ
քաղաքականության դասակարգային բնույթը, որ նպատակաուղղված էր պայքարելու
գերմանական բանվոր դասակարգի հեղափոխական ակտիվությունը ճնշելու գործում։
Գերմանական կայսրության դասակարգային էությունը բացահայտելով, ցույց էր տալիս,
որ այն պաշտպանում է յունկերության ու խոշոր բուրժուազիայի շահերը, հետևաբար
արտաքին քաղաքականությունը համաժողովրդական շահերով չէր պայմանավորված։
Հենվելով Մաքս Վեբերի ու Ֆրանց Մերինգի հայացքների վրա` Քերը ջախջախիչ
քննադատության ենթարկեց պրուսական յունկերությանը, որը երկիրը հասցրեց
կործանման եզրին, սակայն պահպանում էր իր դիրքերը որպես արտոնյալ դասակարգ։
Քերը կարծում է, որ պրուսական մոնոպոլիստական կապիտալի հակառակորդ էր
Անգլիան, իսկ յունկերությանը՝ Ռուսաստանը, ուստի Գերմանիան կանգնած էր
անլուծելի դիլեմայի առջև և նրանց հետ հարցերը լուծելու համար սանձազերծեց
պատերազմը։
Սոցիալ-դեմոկրատական պատմագիտությունը զբաղվում էր հիմնական երկու
հիմնահարցերով՝ պատմական առաջընթացի տեսական հարցերով ու գերմանական
բանվորական շարժման պատմության հարցերով։ Այդ բնագավառում առաջին ընդունելի
հեղինակությունն էր Կառլ Կաուցկին (1854-1938)։ Գրել է մի շարք աշխատություններ,
որոնցից է «Պատմության մատերիալիստական ըմբռնումը», որում նա իրարից անջատեց
մարքսիզմի տեսության մեթոդն ու աշխարհայացքը։ Ըստ նրա պատմության
մատերիալիստական ըմբռնումը որպես մեթոդ կիրառելի է նաև այլ աշխարհայացքի
համար, այլ ոչ միայն մատերիալիստական փիլիսոփայությանը։ Այնուհետև նա
քննարկում էր «արտադրողական ուժեր» հասկացությունը, գտնելով, որ
կապիտալիստական հասարակությունը բնապատմական զարգացման արդյունք է, որի
զարգացման արդյունքում կազմակերպված բանվոր դասակարգն իր ձեռքը կվերցնի
դասակարգերի ձեռքից բաց թողնված քաղաքական իշխանությունը, հետևաբար, ըստ
Կաուցկու սոցիալիզմը նույնքան անհրաժեշտ իրողություն է պատմական զարգացման
ընթացքում, ինչպես գիշերվանը անհրաժեշտորեն օրվա փոխարինումը։ Հետևաբար
բանվոր դասակարգի ու նրա քաղաքական կուսակցության վերջնական նպատակը
հեղափոխության իրագործումը չէ, այլ այդ հեղափոխությունից օգտվելով կառուցել
սոցիալիստական հասարակարգ։ Գերմանիայում առաջին աշխարհամարտից հետո
տեղի ունեցած մեծ փոփոխությունները ուսումնասիրեց Ռիհարդ Զորգեն (1895-1944) իր
«Գերմանական նոր իմպերիալիզմ» աշխատությունում։ Զորգեն հիմնավորապես
ուսումնասիրեց հետպատերազմյան գերմանական իմպերիալիզմի ներքին ու արտաքին
քաղաքականության բովանդակությունն ու ուղղվածությունները, զարգացման
առանձնահատկությունները՝ ընդգծելով այդ փուլում գերմանական իմպերիալիզմի
ավելի ագրեսիվ բնույթը, որը իրական վտանգ էր ներկայացնում ֆաշիզմի իշխանությանը
տիրելու գործում։ Նա նպատակահարմար էր համարում ԿԿ գլխավորությամբ միավորել
բոլոր ձախ ուժերին ֆաշիզմի դեմ, նրան չեզոքացնելու համար։ Ճիշտ է նկատում Զորգեն,
ընդգծելով, որ հեղափոխությունից հետո իշխանությունները մեծ խոստումներ էին
տալիս, Վեյմարյան հանրապետությունը չի փոխել իր սոցիալական բովանդակությունը և
շարունակում է մնալ որպես կապիտալիստական պետություն։
Ֆաշիստական կարգերի առաջացման առաջին տարիներին պատմագիտության
բնագավառում իրականացվեց զտում։ Համալսարանական պրոֆեսորների 15%
աշխատանքից զրկվեց ոչ թե գաղափարական, այլ ազգայնական հիմունքներով։
Աշխատանքից ազատվեցին նշանավոր պատմաբաններ Ֆ. Շնաբելը, Վ. Գյոցը, Գ. Օնկեն,
Մեյնեկեն ստիպված հրաժարվեց «Պատմական ամսագրի» խմբագրի պաշտոնից, նրան
փոխարինեց Կառլ Մյուլլերը (1882-1964), որը 1933 թ. անդամագրվեց Ազգային սոցիալ-
դեմոկրատական կուսակցությանը։ Ֆաշիստական կառավարության կողմնակից
պատմաբանների ջանքերով պատմագիտության տոն տվողները դարձան
պահպանողականները, որոնց ցուցումներով փակվում էին պատմագիտական
հրատարակչություններ ու ամսագրեր, աշխատանքից ազատվում էին անցանկալի
պատմաբաններ, որոնց դիտում էին անցյալի լիբերալ խմբավորման խորհրդատուներ։
Գերմանական այդ շրջանի պատմագիտության առաջավոր դեմքն էր Վալտեր Ֆրանկը
(1905-1945), որի խոշոր աշխատությունն էր «Ազգայնականությունը և դեմոկրատիան
Ֆրանսիայում Երրորդ հանրապետության տարիներին», որում զուգահեռ էր անցկացնում
Գերմանիայում 1923 թ. ազգայնականների «Գարեջրային խռովությունների» ու
Ֆրանսիայում բուլանժիստական շարժման միջև, որոնք հանդես էին գալիս
պառլամենտական դեմոկրատիայի դեմ։ Հանգամանորեն լուսաբանվել են Երրորդ
հանրապետությունում բարոյական անկման, կոոռուպցիայի զարգացման ու
ֆինանսական սյուների գործունեությունը, քննադատելով երրորդ հանրապետության
պառլամենտական դեմոկրատիզմը և փոխելով քննադատության ուղղությունը, թիրախը
դարձնում է Վեյմարյան հանրապետությունը` պահանջելով վերջինիս լիկվիդացումը։
1935 թ. Ֆրանկի պահանջով լուծարվեց Կայսերական պատմագիտական հանձնաժողովը,
նրա փոխարեն ստեղծվեց Գերմանիայի նոր պատմության ինստիտուտ, որի ղեկավար
դարձավ Ֆրանկը։ Նա հետևողական պայքար ծավալեց ինչպես լիբերալների, այնպես
էլ Ռոզենբերգի ղեկավարած վարչության դեմ, ծաղրանքի ենթարկելով նրան ու նրա
աշխատակիցներին, որոնց համարում էր անգրագետներ, որոնք չունենալով
համապատասխան գիտելիքներ անկարող էին ղեկավարել ազգի հոգևոր զարգացումը։
Արդյունքում Ռոզենբերգի պահանջով Ֆրանկը ազատվեց աշխատանքից։ Ճակատագրի
հեգնանքով իր պայքարը ուղղվեց իր դեմ, երբ 1945 թ. նախապատրաստում էր նոր գործի
հրապարակումը, Գերմանիայի վերջնական պարտության ժամանակ նա ինքնասպան
եղավ։
Երկրորդ համաշխարհայինի տարիներին առանձնապես առաջընթաց չունեցավ։
Պատերազմի առաջին հաղթանակներից ոգևորված պահպանողական պատմաբանները
կրկնակի եռանդով սկսեցին զարգացնել Եվրոպայում գերմանական մշակութային
առաքելության գաղափարը։ 1940 թ. մամուլում տպագրվեց Վ. Ֆրանկի «Գերմանական
գիտությունները պատերազմի ժամանակ» աշխատությունը, որում նախատեսվում էր
պատերազմի հաղթական ավարտից հետո դեն նետել բոլոր հին արժեքները և ստեղծել
բոլորովին նոր արժեքներ։ Պատմաբանները աշխատում էին վերաիմաստավորել
նախորդ պատերազմի արդյունքները։ 1939 թ. հրապարակվեց Ա. Վեգերերի
«Համաշխարհային պատերազմի սկիզբը» աշխատությունը, որում պատերազմի մեղավոր
է ճանաչում Սերբիային, նրա հովանավոր Ռուսաստանին ու Ֆրանսիային։ Հեղինակը
մեղավորների շարքում չի դնում Մեծ Բրիտանիային հատուկ միտումով, արտահայտելով
իշխանական վերնախավի մտայնությունները՝ Գերմանիայի ու Անգլիայի միջև դաշինքի
հնարավորության մասին։ Դրան հակառակ Գ. Ռիտտերը «Ուժի և ուտոպիայի
պետություն» գործում զարգացնում էր հակաանգլիական տեսակետ, որն այնքան էր մոտ
ազգայնական կառավարության մոտեցումներին, որ անգամ պատերազմական թեժ
գործողությունների ժամանակ այդ գործը երկու անգամ հրատարակվեց մեծ
քանակությամբ։ Նրանում Ռիտտերը հիմնավորում էր գերմանական ու անգլիական
մտածելակերպի տարբերությունները, գերմանականը՝ ցամաքային, անգլիականը՝
կղզիական։ Առաջինը բաց է ու ազնիվ Մակկիավելու ոգով ընդունում է
քաղաքականության դաժանությունը, իսկ երկրորդը ընթանում է Թոմաս Մորի
հետքերով՝ այդ դաժանությունը թաքցնելով երեսպաշտական դատողություններով,
հումանիզմի մասին՝ դեմոկրատիայով ու արդարության վերաբերյալ։ Անգլիական
իմպերիալիզմը, ըստ Ռիտտերի կործանարար է Եվրոպայի համար։ 1943 թ. երբ երկիրը
արդեն դրվեց համընդհանուր պատերազմի մեջ, պատմագիտական շատ
հաստատություններ դադարեցին գործելուց։ Ֆաշիստական գաղափարախոսության
կողմից գերմանական պատմագիտական մտքի թարմացման բոլոր ձգտումները ի դերև
ելան, ավարտվեցին նրա լրիվ կործանմամբ։
ԹԵՄԱ հմ. 21

Պատմագիտական միտքը Արևմտյան Եվրոպայում (Ֆրանսիա)

Պատմագիտությունը Ֆրանսիայում 1918-1945 թթ.

XX դարի սկզբին ֆրանսիական պատմագիտական միտքը շարունակում էր իր


առաջընթացը՝ հարազատ մնալով նախորդ ժամանակաշրջանում ձեռք բերած
նվաճումներին ու այդ հիմքի վրա թարմացնելով ուսումնասիրության մեթոդները,
ընդլայնելով պատմագիտության թեմատիկան։ Այս շրջանում պատմագիտության
գլխավոր կենտրոններն էին համալսարանների հումանիտար գիտությունների
ֆակուլտետների պատմության ամբիոնները, ուր աշխատում էին նշանավոր
պատմաբաններ։ Միայն համալսարաններին էր իրավունք վերապահվում կազմակերպել
ատենախոսությունների պաշտպանություն, տալ գիտական աստիճան ու դիպլոմ։
Պատմագիտական մտքի զարգացման կարևոր կենտրոն էին նաև Կոլեջ դը Ֆրանսը, նաև
1930 թ. հիմնադրված գիտահետազոտությունների Ազգային կենտրոնը, որը սակայն
ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն այս ուղղությամբ երևելի
գործ չէր կատարել։ Պատմագիտության բնագավառում նախկինի նման աշխույժ
գիտական աշխատանք էին կատարում գիտահետազոտական ընկերությունները և
նրանց կից հրապարակվող ամսագրերի շուրջը համախմբված պատմաբանները։
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո կրկին իրենց գործունեությունը
ծավալեցին նախկինում գործող պատմագիտական ընկերությունները, ինչպես նաև նոր
կազմակերպված միությունները` «Նոր պատմության ընկերությունը», նրա կողմից
հրատարակվող «Revue dhistoire moderne et contem poraine» («Նոր և ժամանակակից
պատմության տեսություն») ամսագիրը, «Ֆրանսիական հեղափոխության պատմության
ընկերություն», որը հրատարակում էր «La Revolution frangaise» («Ֆրանսիական
հեղափոխությունը») ամսագիրը, «Ռոբեսպիերիզմի ուսումնասիրության ընկերությունը»,
որը հրատարակում էր «Annalles historigues de la Revolution francaise» («Ֆրանսիական
հեղափոխության անալներ (տարեգրություն») ամսագիրը և այլ ընկերություններ։ Մինչև
1920-ական թթ. պատմության հետազոտությունների միակ համընդհանուր ամսագիրը
մնում էր, դեռևս 1876 թ. հիմնադրված, «Revue historigue» («Պատմության տեսություն»)-ը,
որը մեծ տեղ էր հատկացնում պաշտպանության ներկայացված ատենախոսությունների
հրատարակմանը։ Մինչպատերազմյան պատմագիտական մտքի վրա մեծ ազդեցություն
ունեին երկրում ձևավորված հասարակական-քաղաքական իրադրությունը և
ժամանակի հոգևոր մշակույթի առանձնահատկությունները։ Առաջին աշխարհամարտի
հաղթական ավարտը երկրում առաջացրեց հայրենասիրական վերելք և ազգայնական
գաղափարների աճ: Անհրաժեշտ է ընդգծել, որ հետպատերազմյան ընդհանուր
ճգնաժամը, Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը, ինչպես նաև
Գերմանիայում ու Ավստրո-Հունգարիայում հեղափոխությունների ժամանակավոր
հաղթանակները խթան հանդիսացան Ֆրանսիայում հեղափոխական ու
սոցիալիստական գաղափարների զարգացման համար։ Երկրում աննախընթաց
զարգացան բանվորական ու սոցիալիստական շարժումները, սրվեց դասակարգային
պայքարը, ձևավորվեց կոմունիստական կուսակցությունը, ուժեղացավ մարքսիզմի
ազդեցությունը։ Հասարակության գիտակցության մեջ ավելի վճռական տեղ
սկսեցին զբաղեցնել տնտեսական ու սոցիալական, աշխատավորական մասաների
վիճակի ու ժողովրդական շարժումների հարցերը, միաժամանակ մարդկության
պատմության մեջ առաջին լայնամաշտաբ պատերազմի խնդիրը: 20-րդ դարի 30-ական
թվականներին ֆրանսիական հասարակական կարծիքի վրա ազդեցություն թողեցին
համաշխարհային տնտեսական ճգնաժամերը, ֆաշիզմի առաջացումը, ահագնացող նոր
համաշխարհային պատերազմի բռնկման վտանգը, երկրում Ժողովրդականն ճակատի
ստեղծումը։ Պատմաբանների նոր սերունդին արդեն չէին կարող բավարարել
ավանդական հին պոզիվիստական պատմագիտական դպրոցի հնացած դրույթները,
որոնք առաջվա նման ենթադրում էին դեպքերի ու իրադարձությունների, քաղաքական,
ռազմական, դիվանագիտական հարաբերությունների միայն պոզիտիվ
նկարագրությամբ, որոնցով հագեցած էր քննարկվող ժամանակաշրջանը։ Առկա
հիմնախնդիրները և նոր ստեղծված իրադրությունը պահանջում էին պատմաբաններից
պատմագիտական թեմատիկայի ընդարձակում ու հետազոտությունների
մեթոդաբանության նորացում, որի արդյունքում փոփոխության էր ենթարկվում
պատմագիտության բովանդակությունը։ Նոր ուղիների նման փնտրտուքը հետևանք էր
երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում մտավոր
զարգացման ոլորտում կատարված առաջընթացի։ 20-րդ դարի սկզբին կարևոր
հայտնագործություններ ու գյուտեր կատարվեցին բնական գիտությունների,
մասնավորապես ֆիզիկայի բնագավառում: Ուշադրության է արժանի ատոմի ճեղքման
հայտնագործությունը, Ա. Էնշտեյնի հավանականության տեսությունը և այլն: Զարգացավ
հոգեբանությունն ու սոցիոլոգիան: Հասարակության կյանքում մեծ տեղ հատկացվեց
մամուլին ու մյուս տեղեկատվական միջոցներին: Ֆրանսիայում այդ փուլում մեծ
տարածում գտավ փիլիսոփա Ա. Բերգսոնի տեսությունը, ըստ որի, ինչպես ինքն էր
ասում, պետք է հաղթահարել բանականության տեսակետը, պնդելով, որ կյանքի ու
ստեղծագործական գործունեությունը տրվում է մարդուն ոչ թե բանականության կողմից,
այլ դա ներըմբռնողությունն ու կռահումն է: Բնական գիտությունների բնագավառում
կատարված հայտնագործությունները չէին կարող իրենց անդրադարձը չունենալ
հասարակական գիտությունների վրա։ Նշանավոր պատմաբաններ Լյուսիեն Ֆեվրը և
Մարկ բլոկը այդ նկատի ունենալով, նշում էին, որ նախկինում հասարակագիտության
վերաբերյալ մշակված բոլոր տեսությունները փետուրի պես թռան։ Անհրաժեշտ եղավ հին
տեսությունները փոխարինել նորերով, հարկավոր էր վերանայել բոլոր գիտական
հասկացությունները, որոնցով օգտվել էին մինչ այդ։ Բլոկն ու Ֆեվրը անհրաժեշտ
համարեցին ամենից առաջ վերանայել պոզիվիստական պատմագիտության նախկին
սկզբունքներն ու մեթոդաբանությունը, ուստի սկսվեց պոզիտիվիստական
պատմագրության քննադատությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի
ավարտից հետո պատմագիտության մեջ շարունակվում էին պոզիտիվիստական
պատմագրության ավանդական սկզբունքները։ Նշված ուղղության հետևորդ
պատմաբանները կարևոր ու վճռական տեղ էին զբաղեցնում պատմագիտական
ընկերություններում, համալսարանական ամբիոններում, պատմագիտական
ամսագրերում, մասնավորապես «Պատմության տեսություն» հանդեսում։ 1920-1922 թթ.
հին սերնդի ներկայացուցիչ, պոզիտիվիստական ուղղության հետևորդ Լավիսի
խմբագրությամբ լույս տեսավ «Ժամանակակից ֆրանսիայի պատմությունը՝
հեղափոխությունից մինչև 1919 թ. խաղաղությունը» կոլեկտիվ աշխատությունը, շուրջ
տասը հատոր, որի հիմնական թեմաներից մեկի հեղինակն էր պոզիտիվիստական
ուղղության հետևորդ Շ. Սենոբոսը։ Շուտով հրատարակվեց «Ֆրանսիական ազգի
պատմությունը» բազմահատորյակը, իսկ Սենոբոսը հրապարակեց «Ֆրանսիական ազգի
անկեղծ պատմությունը» աշխատությունը։ Նշված աշխատություններում Ֆրանսիայի
պատմությունը ներկայացվում էր որպես ազգի միասնության պատմություն, չնայած
գոյություն ունեին հակասություններ, սակայն ազգն արդեն ընթանում էր
դեմոկրատական զարգացման ուղիով։ Պատմագիտությանը այս փուլին տոն էին տալիս
փիլիսոփաներ, սոցիոլոգներ, աշխարհագետներ, տնտեսագետներ, քաղաքագետներ ու
պատմաբաններ։ Փիլիսոփա և սոցիոլոգ Անրի Բերրը մինչ պատերազմը ծրագրել էր
հրատարակել -պատմա- մշակութային սինթեզով 100 հատորանոց գիտական
աշխատություն` 1920 թ. լույս տեսավ առաջին հատորը՝ «Մարդկության էվոլյուցիան»
խորագրով, որով հեղինակը ցանկանում էր շարունակել Դիդրոյի «Հանրագիտարանը»,
ըստ որում նախատեսում էր մարդկության պատմությունը ներկայացնել
հասարակագիտական բոլոր գիտությունների սինթեզով, ուր զարգացման հիմնական
գործոնը դիտվում էր հոգևոր գործունեությունը` այսինքն, առաջին պլանի վրա էր
պատմա-մշակութային գործընթացը։ Նշված շրջանում ֆրանսիական
պատմագիտության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցավ Պիյեր Վիդալ դե Բլաշի
(1845-1918) հայացքները, որը լինելով «Մարդու աշխարհագրություն» դպրոցի
ներկայացուցիչ, ուսումնասիրում էր մարդու վրա աշխարհագրական գործոնի, բնության,
կլիմայի ժողովրդագրության ունեցած դերը անցյալում ու ներկայում։ Այդ դպրոցի
ներկայացուցիչներն առաջինն սկսեցին ուսումնասիրել հետպատերազմյան
ժամանակաշրջանում տնտեսության, արտագաղթի, ժողովրդագրական փոփոխության
ու զարգացման հարցերը։ Պատմագիտության բնագավառում նոր սերնդի
ներկայացուցիչները քայլ կատարեցին հաղթահարելու պոզիտիվիզմի միայն
նկարագրական բնույթը, պատմությանը հաղորդել վերլուծական անալիտիկ, նոր
երևույթների տնտեսական զարգացման, աշխարհագրական, հավելյալ արժեքի ու գների
տեղաշարժման, աշխատավարձի փոփոխության հարցերի առավել խորքային
ուսումնասիրման բովանդակություն։
20-րդ դարի առաջին կեսին Ֆրանսիայում ձևավորվոց նոր պատմագիտական
դպրոց` հանձինս ԱՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ: Ֆրանսիական պատմագիտության նոր
ժամանակաշրջանի վերակառուցման գործում մեծ տեղ ունեն Լյուսիեն Ֆեվրը (1878-1956)
և նրա գաղափարակից Մարկ Բլոկը (1886-1944), ովքեր հանդիսացան Անալների դպրոցի
հիմնադիրները: Լ. Ֆեվրը Քոլեջ դը Ֆրանս բարձրագույն դպրոցի ժամանակակից
քաղաքակրթության պատմության ամբիոնի վարիչն էր, միաժամանակ Դիժոնի ու
Ստրասբուրգի համալսարանների պրոֆեսոր։ Նա զբաղվել է միջնադարյան մշակույթի
պատմության ու հոգեբանության ուսումնասիրմամբ: Նրա հետ նույն հարցերով էր
զբաղվում Մարկ Բլոկը, հատկապես միջնադարի պատմության։ Լ. Ֆեվրի կարևոր
աշխատություններից են «Մարտին Լյութերի ճակատագիրը», «Անհավատության
հիմնահարցը 16-րդ դարում», «Ռաբլեի կրոնը»։ Հրատարակել է նաև բազմաթիվ
հոդվածներ ու ելույթներ` «Ճակատամարտ հանուն պատմության», «Պատմության
ամբողջականության համար» ժողովածուներում։ Մ. Բլոկի նշանավոր գործերն են
«Հրաշագործ թագավորները», «Ֆեոդալական հասարակարգ», նրան համաեվրոպական
հեղինակություն բերեց «Ֆրանսիական պատմության ագրարային գծերը»
աշխատությունը։ Երկու պատմաբաններն էլ, հետևելով նշանավոր գիտնականներ Բերրի
ու Դյուրկհեյմի սկզբունքներին, իրենց աշխատությունները գրել են միջառարկայական
կապերի սինթեզի հիման վրա։ Լ. Ֆեվրը և Մ. Բլոկը որոշակի հարգանքով էին
վերաբերվում մարքսիզմին, մասնավորապես տնտեսական ու սոցիալական գործոնների
վճռական դերի ընդունումով։ Նրանք խիստ քննադատության ենթարկեցին
պոզիտիվիստական պատմագիտությանը, մասնավորապես այդ ուղղության խիստ
սահմանափակ լինելու համար, որ այն արդեն ընդունել է վերացական զարգացման
բովանդակություն, որ պատմությունը ոչ միայն պետք է շարադրել իրադարձություններն
ու երևույթները միայն նկարագրելով, այլ անհրաժեշտ է առաջադրել տեսակետներ ու
լուծել հիմնախնդիրներ։ Այս առումով Ֆեվրը և Բլոկը ֆրանսիական պատմագիտության
մեջ նոր էջ բացեցին՝ 1929 թ. հիմնադրելով նոր պատմագիտական ամսագիր «Annaes
dhistoire economigue et socialel» («Տնտեսական ու սոցիալական պատմության
տարեգրություն»), որի հրապարակումով պատմագիտության մեջ ձևավորվեց նոր
ուղղություն՝ «Անալների դպրոց» անվամբ։ Այդ ամսագրի շուրջ համախմբված
գաղափարակից պատմաբաններն անհրաժեշտ էին համարում հետազոտություններում
հիմնական ուշադրության կենտրոնում պահել սոցիալ-տնտեսական հարցերը,
թարմացնել ու նորացնել հետազոտությունների մեթոդաբանությունը։ Այդ դպրոցը
հետագա տասնյակ տարիների ընթացքում կարևոր դերակատարում ունեցավ
ֆրանսիական պատմագիտական մտքի զարգացման գործում։ Լ. Ֆեվրի ու Մ. Բլոկի
աշխատությունները նորարական շունչ հաղորդեցին պատմագիտությանը,
նշանավորեցին պոզիտիվիստական պատմագիտական ուղղությունից անցումը դեպի
նորի, պատմության նոր բովանդակության ու նոր մտահայեցողության պատմության
հիմնահարցերի նորովի մեկնաբանման։ Նրանք հիմք դրեցին, ինչպես անվանում են ԱՄն-
ում պատմաբանները «Նոր գիտական պատմագրության», որն իր ամբողջական
դրսևորումը գտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
Ֆրանսիայում 20-րդ դարում մեծ տեղ տրվեց սոցիալ-տնտեսական պատմության
ուսումնասիրությանը: Նոր ձևավորված դպրոցի հետագա զարգացման ու սոցիալ-
տնտեսական պատմության ուսումնասիրման խնդրում կարևոր դեր ունեցան այս
ուղղության հետևորդ պատմաբաններ Ֆ. Սիմիանին (1873-1935) և Է. Լյաբրուսսը (1895-
1988), որոնց մասին նշանավոր պատմաբան Կլոդ Վիլլարը նշել է, որ նրանք սոցիալ-
տնտեսական պատմությանը հաղորդեցին նոր իմաստ ու բովանդակություն՝
ուսումնասիրելով ապրանքների գների տատանման գործընթացը։ Ֆ.
Սիմիանին ճգնաժամի տարիներին` 1932 թ. հրատարակեց «Աշխատավարձի
սոցիալական էվոլուցիան և դրամը» աշխատությունը, որը ընդգրկում էր 1789-1928 թթ.
ընկած ժամանակաշրջանը: Հեղինակը ձգտել է բացահայտել տնտեսական զարգացման
պատճառներն ու նրա դինամիկան, բացահայտել տնտեսական զարգացման ցիկլը՝
վերելքն ու անկումը, կարճաժամկետ ու երկարաժամկետ ցիկլերով` մեծ կարևորություն
տալով երկարատև զարգացման ցիկլին։ Տնտեսության զարգացման գլխավոր ցուցանիշը
և նրանց մեկ ցիկլից մյուսին անցման պատճառը մեկնաբանում էր դրամական մասայի
տեղատվության ու մակընթացության գործընթացով, որի ընթացքում տեղի է ունենում
դրամի արժեքի փոփոխություն: Դրան հաջորդում է ապրանքի արժեքի փոփոխությունը,
որը և որոշում է աշխատավարձի, եկամտի և մյուս ծախսերի չափը։ Գների ու
ապրանքների արժեքի տատանումներն իրենց հերթին ազդում են կոլեկտիվ
հոգեբանության վրա, ինչպես նաև սոցիալական հարաբերությունների վրա։
Ֆ. Սիմիանիի մեթոդը կոնկրետ պատմագիտական նյութի հետազոտմամբ
զարգացրեց Էռնեստ Լյաբրուսսը։ Նա երիտասարդ տարիներին տարվել էր մարքսիզմով,
անցավ սոցիալիստների կողմը, դարձավ ֆրանսիական կոմունիստական
կուսակցության օրգան «Յումանիտե»-ի խմբագիրներից մեկը։ Սիմիանիի հետևողությամբ
Լյաբրուսսը կարծում էր, որ տնտեսական զարգացման ցիկլերը իրենցով արտահայտում
են պատմության զարգացումը, դրանց հիմնական ցուցանիշը համարում էր գների
փոփոխությունը և դրանց հետ կապված տարբեր սոցիալական խմբերի եկամտի չափը։
Այդ սկզբունքով են շարադրված նրա աշխատությունները` «18-րդ դարում Ֆրանսիայում
գների ու եկամուտների շարժման ակնարկ», «Ֆրանսիական տնտեսության ճգնաժամը
հին կարգերի վերջում և հեղափոխության սկզբում» աշխատությունները, որոնք գրված են
արխիվային նյութերի հիմքի վրա։ Նա հիմնավորում է, որ 1730-ական թվականներից
մինչև 1789 թ. անվերջ տեղի էր ունենում աշխատավարձի անկում, հետևաբար
կենսամակարդակի թանկացում և, որ այդ գործընթացն իր ազդեցությունն ունեցավ
սոցիալական հակասությունների սրման ու 18-րդ դարի ֆրանսիական հեղափոխության
հասունացման խնդրում։ Լյաբրուսի հետազոտությունների կենտրոնում էին տեխնիկայի,
արդյունաբերության, սեփականության բնույթի ու ժողովրդի պատմության հարցերը, իսկ
արտադրահարաբերությունների հարցերը նրան չէին հետաքրքրում։
20-րդ դարի 20-40-ական թվականներին ֆրանսիական պատմագիտության
հիմնական հարցերից մեկը շարունակում էր մնալ 1789 թ. հեղափոխության
պատմությունը։ Հեղափոխության ժամանակ առաջադրված խնդիրները, նրանց
պատմական արդյունքները հետագա ժամանակի համար, ժողովրդական մասաների
դերը, հեղափոխական բռնությունները, հեղափոխական յակոբինյան դիկտատուրան
պահպանում էին ոչ միայն իրենց գիտական, այլ նաև քաղաքական նշանակությունը։ 30-
40-ական թվականների միջև ընկած ժամանակաշրջանում հեղափոխության
գնահատման հարցում պատմագրության մեջ պահպանվում էին հին ավանդական
մոտեցումները, մասնավորապես հանրապետականների ու միապետականների
դիրքորոշումները, մանավանդ, որ այդ փուլում ուժեղանում էր ֆաշիզմը։
Հեղափոխության գաղափարների գնահատման հարցում նոր պայմաններում, երբ
աշխարհում տեղի էին ունեցել մեծ իրադարձություններ, առաջին աշխարհամարտից
հետո ստեղծված իրավիճակը և մանավանդ Ռուսաստանում Հոկտեմբերյան
հեղափոխության հաղթանակն ու աշխարհում առաջին սոցիալիստական պետության
ստեղծումը, որի հետևանքով ուժեղացել էին բանվորական ու սոցիալիստական
շարժումները։ Աշխարհում ստեղծված նոր իրավիճակը ստիպում էր պատմաբաններին
զուգահեռներ անցկացնել 1789 թ. ֆրանսիական հեղափոխության ու 1917 թ.
հոկտեմբերյան հեղափոխության միջև։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ Պ.
Հակսոտտը 1928 թ. հրապարակեց «Ֆրանսիական հեղափոխությունը» աշխատությունը,
որում զուգահեռներ անցկացնելով Հոկտեմբերյան հեղափոխության հետ,
յակոբինյաններին նույնացրեց բոլշևիկների հետ, դատապարտեց հեղափոխական
բռնությունները, յակոբինյանների իշխանության գալը դիտեց որպես պրոլետարական
հեղափոխություն, արդյունքում տեղի ունեցավ կոմունիստական տեռորը,
դիկտատորական կոմունիզմը։ Այդ աշխատությունն ունեցավ շուրջ 180
հրատարակչություն։
Միապետական ուղղության հետևորդ պատմաբանների նման տեսակետին
հակադրվեցին հանրապետականները` Ա. Օլարի գլխավորությամբ: Նրանք ինչպես
անցյալում, այնպես էլ այժմ ֆրանսիական 1789 թ. հեղափոխության մեջ տեսնում էին
հանրապետական ու դեմոկրատական արժեքների հիմնական աղբյուրը, որը հակադրում
էին ոչ միայն միապետականների տեսակետին, այլ նաև Հոկտեմբերյան հեղափոխության
գործնական նպատակներին, այն է՝ հեղափոխության բռնություններին ու
պրոլետարիատի դիկտատուրային։ Ա. Օլարը իր «Բռնության տեսությունը և
ֆրանսիական հեղափոխությունը» աշխատությունում փորձում էր հիմնավորել, որ
ֆրանսիական հեղափոխությունը բռնությունը կիրառում էր անհրաժեշտության
հարկադրանքով, ժամանակի թելադրանքով՝ ընդդեմ նրա թշնամիների և
ամենակարևորը` ուներ լեգալ իրավական հիմք։ Նա այս տեսակետով այն հակադրեց
Հոկտեմբերյան հեղափոխությանը։ Օլարի մահից հետո «Ֆրանսիական
հեղափոխություն» ամսագիրը փակվեց ու արդեն մոռացության տրվեց Օլարի
տեսակետը։ Ֆրանսիական հեղափոխության ուսումնասիրման նախաձեռնությունն իր
ձեռքը վերցրեց Ալբեր Մաթյեզը (1874-1932), որը ծագում էր գյուղացիական ընտանիքից,
ուներ սոցիալիստական հայացքներ, ղեկավարեց «Ռոբեսպիերիզմի ուսումնասիրման
ընկերությունը» և նրա «Հեղափոխական անալներ» ամսագիրը, որը հետագայում կոչվեց
«Ֆրանսիական հեղափոխության պատմության անալներ»։ Մաթյեզը աստիճանաբար
անցավ դեպի մարքսիզմը և սկսեց տպագրվել մարքսիստական օրգաններում,
համագործակցեց խորհրդային պատմաբանների հետ, ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ թղթակից
անդամ։ Մաթյեզի մի շարք աշխատություններ թարգմանվեցին ու տպագրվեցին ԽՍՀՄ-
ում։ Մաթյեզը Ժ. Ժորեսի հետևողությամբ, որի «Ֆրանսիական հեղափոխության
սոցիալիստական պատմությունը» աշխատությունը հրատարակվեց 1922-1927 թթ.,
զարգացրեց 18-րդ դարի հեղափոխության սոցիալական նույնականությունը։ Նրա
կարծիքով 1789 թ. հեղափոխությունն ապահովեց բուրժուազիայի հաղթանակը և դրա
համար բուրժուազիան մի շարք զիջումներ կատարեց ժողովրդական մասաների օգտին և
ստացավ նրանց աջակցությունը։ Նա կարծում էր, որ յակոբինյան դիկտատուրայի ու
հեղափոխության նվաճումը Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիան էր, որը
բուրժուազիայի կողմից զիջում էր, որը կատարել է նաև Հոկտեմբերյան
հեղափոխությունը, ինչին էլ Մաթյեզը ողջունում էր։ Ըստ նրա Բոլշևիկների հաղթանակը
յակոբինյանների գործի շարունակությունն էր։ Այս հարցին անդրադարձել է «Բոլշևիզմը
և յակոբինյանները» աշխատությունում, որ նրանք ունեին վերջնական նույն նպատակը,
այն է՝ ոչ միայն ֆրանսիական ու ռուսական, այլ ողջ աշխարհում հասարակության
վերակառուցում։ Ի հակակշիռ Օլարի, որի գլխավոր հերոսը Դանտոնն էր, Մաթյեզը
բարձր է գնահատում Ռոբեսպիերին, որին անվանում է մեծ հայրենասեր, դեմոկրատ,
գործունեությամբ՝ սոցիալիստ, իսկ Դանտոնին համարում է չափավոր գործիչ, դեմագոգ,
որը կարող էր ծախվել նրանց, ովքեր ցանկանում էին նրան գնել։ Մաթյեզի
պատմագիտական հայացքներն առանձնապես կարևորվում են նրանով, որ նա
առաջարկում էր հետևողականորեն նոր պայմաններում հետազոտել ու լուսաբանել
ֆրանսիական հեղափոխության պատմությունը և ինքն էլ իրականացրեց այն, լայնորեն
լուսաբանելով առաջարկվող հիմնախնդիրը, երբ արմատապես փոխվել էին պատմական
պայմանները։ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո տեղի էր ունենում
տնտեսական ճգնաժամ, դրամի արժեզրկում, քարտային համակարգի գործադրում,
արտագաղթ, մասսայական աղքատացում և այդ բոլորը համեմատում ու նույնացնում էր
ֆրանսիական հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Իր հիմնական
«Ֆրանսիական հեղափոխությունը», երեք հատորյա աշխատությունում և «Սոցիալական
շարժումները տեռորի փուլում ու պայքար թանկացումների դեմ», առաջին անգամ
հանգամանորեն ուսումնասիրվեց քաղաքային բնակչության սոցիալական վիճակը,
մասնավորապես հեղափոխության վճռական ժամանակաշրջանում՝ 1792-1794 թթ.,
բացահայտեց տնտեսականն լիբերալիզմի էությունը, առևտրական ռեգլամենտի հարցը,
հավասարարության քաղաքականությունը, յակոբինյանների սոցիալական
քաղաքականությունը։ Մաթյեզի ուսումնասիրությունները, մասնավորապես
Ռոբեսպիերի հանդեպ նրա ունեցած բարյացակամ վերաբերմունքը պատճառ դարձան իր
հանդեպ արդեն առաջացած սառը վերաբերմունքին, պատահական չէր, որ նրան
անվանում էին Սորբոնի համալսարանի դասակարգային պատմության միակ
պրոֆեսորը։ Դրանով էր պայմանավորված այն, որ նրան երկար ժամանակ թույլ չէին
տալիս համալսարանական աշխատանքի։ Միայն 1926 թ. իրավունք վերապահեցին
դասախոսելու Սորբոնի համալսարանում, ուր ստացավ պրոֆեսորի կոչում։ 1932 թ.
Սորբոնի համալսարանում դասախոսության պահին ուղեղի արյան զեղումից մահացավ։
Մաթյեզի մահից հետո ֆրանսիական հեղափոխության պատմության
ուսումնասիրության հարցը ստանձնեց Ժորժ Լեվեֆրը (1874-1959), որը երկար ժամանակ
զբաղվում էր ուսուցչությամբ և 1924 թ. անցավ դասախոսական աշխատանքի, Մաթյեզի
մահից հետո փոխարինեց նրան «Ռոբեսպիերիզմի ուսումնասիրման ընկերությունում» ու
«Ֆրանսիական հեղափոխության պատմության անալներ« ամսագրի խմբագրի
պաշտոնում։ Երիտասարդ տարիներին գաղափարական մտերմություն ուներ Ժան
Ժորեսի ու Ժյուլ Գեդի հետ, տարածում էր նրանց հայացքները, որի ընթացքում ընդունեց
մարքսիզմը, հատկապես ընդգծում էր մարքսիստական գաղափարախոսության սոցիալ-
տնտեսական գործոնի վճռական դերը։ Նա առանձնապես հրապուրվեց
աշխարհագրությամբ ու սոցիոլոգիայով։ Իր նախորդներ Սիմիանիի ու Լյաբրուսսի
հետևողությամբ մեծ տեղ էր տալիս վիճակագրությանը, նշելով, որ առանց
վիճակագրության չկա գիտություն։ Լեվեֆրը Մաթյեզի նման շարունակեց ֆրանսիական
հեղափոխության հետազոտումն ու դասավանդումը` ընդգծելով հեղափոխության
դեմոկրատիզմն ու հավասարության գաղափարները, դրանց քաղաքական արժեքը։ Իր
աշխատություններում նա շարունակեց յակոբինյաններին դիտել հեղափոխականներ,
բարձր գնահատելով նրանց ու Ռոբեսպիերի դերը, նրան համարելով ֆրանսիական
դեմոկրատիայի առաջնորդներից մեկը, զերծ մնալով նրա իդեալականացումից, ինչպես
կատարում էր Մաթյեզը։ Լեվեֆրի մեծ ծառայությունը ֆրանսիական հեղափոխության
պատմության հետազոտության գործում ամենից առաջ այն էր, որ լայնորեն լուսաբանեց
հեղափոխության սոցիալական բովանդակությունը, առաջադրելով այդ հիմնահարցի
հետազոտությունը կատարել ներքևից, այսինքն` հետազոտությունը կատարել ոչ թե
կառավարական, պառլամենտական, քաղաքական առումով, այլ ժողովրդական։ Այս
առումով Լեվեֆրը առաջինն էր, որ ուսումնասիրեց գյուղացիության վիճակը, նրա դերը
հեղափոխության մեջ, հեղափոխությունը հետագայում ինչ անդրադարձ ունեցավ
գյուղացիության վրա, ինչ դեր ունեցավ նրանց ճակատագրում։ Այդ հարցերի
լուսաբանմանն է նվիրված «Նոր դեպարտամենտի գյուղացիները ֆրանսիական
հեղափոխության ժամանակ», «Մեծ տագնապ», «Ագրարային հարցը տեռորի
ժամանակաշրջանում» աշխատություններում։ Լեվեֆրը ձգտում էր հիմնավորել, որ
գյուղացիությունը հեղափոխության ժամանակ բուրժուազիային աջակցող ուժ չի եղել, որ
գյուղացիությունը հանդես էր գալիս որպես ինքնուրույն ուժ` ունենալով իր սոցիալական
խնդիրներն ու նպատակները։ Նա ցանկանում էր ընդգծել, որ հեղափոխության ժամանակ
ծավալվել էր գյուղացիական ինքնուրույն հեղափոխություն՝ գործողությունների
ինքնուրույն մեթոդներով, հակակապիտալիստական ուղղվածությամբ, նպատակ
ունենալով պաշտպանել գյուղացիական տնտեսությունը, սոցիալական ու հոգևոր
արժեքները։ Գյուղացիությունը հեղափոխության ժամանակ այնքան ուժ ուներ, որ
ստիպեց բուրժուազիային վերացնելու ազնվականական հարաբերությունները, հանդես
եկան հողի նկատմամբ բուրժուական սեփականության հաստատման դեմ, ձգտելով
պահպանել համայնքային կառավարման կառույցները, սահմանափակել խոշոր
հողատիրությունը։ Վերջնական եզրակացություն կատարելով Լեվեֆրը կարծում է, որ
գյուղացիական հեղափոխությունը և' հեղափոխական էր, և՛ միաժամանակ
պահպանողական, որ հեղափոխությունը կործանելով ֆեոդալական
հարաբերությունները պահպանեց մանրգյուղացիական ագրարային կալվածքը, որի
հետևանքով դանդաղեց կապիտալիստական զարգացումը և մնաց անկատար։
18-րդ դարի ֆրանսիական հեղափոխության պատմության հետ միասին
պատմագրության կարևոր հիմնահարցերից էին 19-րդ դարում տեղի ունեցած
բուրժուական հեղափոխությունների պատմության հարցերը։ Առանձնապես
ուսումնասիրում էին 1848 թ. հեղափոխության պատմության հարցերը, որով զբաղվում էր
«1848թ. հեղափոխության պատմության ընկերությունը», որը կազմակերպվել էր 1904 թ.
պատմաբան Ժորժ Ռենուարի կողմից, իսկ այդ ընկերության ներկայացուցիչներն
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ավելի ընդարձակեցին
ընկերության ուսումնասիրման թեմատիկան, ներգրավելով 1830 թ. և 1870 թ.
հեղափոխությունների պատմության հարցերը։ Պատմաբանները հետազոտում էին
տնտեսական, սոցիալական, քաղաքական, կրոնական, գաղափարախոսական հարցեր,
դրանց ընթացքում նաև ֆրանսիական հասարակական կյանքում տեղի ունեցող
հասարակական փոփոխությունները։ Ռենուարի գլխավորությամբ նշված ընկերությունը
մեծ գործ կատարեց ֆրանսիական պատմագիտական մտքի բնագավառում։ Երկու
պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում բանվորական ու
սոցիալիստական շարժումները դեռևս չէին գիտակցվում որպես համալսարանական
ամբիոնների քննարկման հարց, ուստի դրանցով քչերն էին զբաղվում։ Նրանցից էր
Էդուարդ Դոլեանը, որը հրապուրված էր Պրուդոնով ու ֆրանսիական նոր ժամանակի
պատմության ու բանվորական շարժման մեջ դարձավ «նոր պրուդոնյան» ուղղության
հիմնադիրը։ Նա իր աշխատություններում՝ նվիրված Պրուդոնի ու Ռ. Օուենի կյանքի
պատմությանը, քննարկել է պրուդոնիզմի ու անարխո-սինդիկալիզմի հարցերը։ Ավելի
ուշ բանվորական ու սոցիալիստական շարժման հարցերը քննարկեցին այդ շարժման
մասնակիցների կողմից: Այդ առումով նշանավոր է ֆրանսիական կոմունիստական
կուսակցության անդամ Պոլ Լուիի «Ֆրանսիական սինդիկալիզմ», «Սոցիալիստական
կուսակցության պատմություն», «Բանվոր դասակարգի պատմությունը ֆրանսիայում
ֆրանսիական հեղափոխությունից մինչև մեր օրերը» աշխատությունները։ Բանվորական
ու սոցիալիստական շարժման պատմության հարցերի հետազոտման խնդրում
նշանավոր են Ալեքսանդր Զեվաեսի «Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության
պատմությունը», «Գործադուլը Դեկազվիլում», «Ժյուլ Գեդ» աշխատությունները, որոնք
թեև կրում են նկարագրական բնույթ, լուրջ վերլուծություններ չկան, պոզիտիվ բնույթ
ունեն, սակայն արտահայտում են ժամանակի գաղափարը։
Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո
ֆրանսիական պատմագիտության մեջ աշխուժություն նկատվեց Փարիզի Կոմունայի
պատմության ուսումնասիրման նկատմամբ։ Այդ ընթացքում Մարքսի, ապա Լենինի
հետևողությամբ 1871 թ. Փարիզի Կոմունան դիտում էին որպես պրոլետարիատի
դիկտատուրայի առաջին փորձ, բանվոր դասակարգի պետության ձև, որը
իրականացնում էր անցումը դեպի կոմունիստական հասարակարգին։ Ֆրանսիական
պատմագիտական մտքի աջ թևի ներկայացուցիչներն աշխատում էին ժխտել Փարիզի
կոմունային տրված նման բնութագրումը, մեղադրում էին կոմունարներին
վայրագությունների համար, նրանց հեղափոխականներ չէին համարում, որովհետև
նրանք տեսան, բայց չսաստեցին Փարիզի ստորին խավերի խժդժությունները։
Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչներն իրենց համակրանքն
արտահայտելով Կոմունայի հանդեպ` միաժամանակ չէին դիտում որպես բանվոր
դասակարգի դիկտատուրայի առաջին փորձ, ավելի շուտ այն համարում էին պայքար
հանրապետության, դեմոկրատիայի և աշխատանքի ազատագրության համար՝
դասակարգերի համագործակցության ճանապարհով։ Այս ուղղության ամենանշանավոր
ներկայացուցիչն էր Ժորժ Բուրժեն (1879-1958), որը Գ. Անրիի հետ միասին հրապարակեց
«Փարիզի Կոմունայի արձանագրությունները», «Կոմունայի առաջին օրերը», «1870-1871
թթ. պատերազմը և Կոմունան» աշխատությունները, որոնք հագեցած էին
վավերագրական փաստաթղթերով։ Այդ աշխատություններում հեղինակներն իրենց
համակրանքն էին ցուցաբերում Կոմունայի, կոմունարների, Կոմունայի
պրոլետարական բնույթի և բանվորական շարժումների նկատմամբ, սակայն
մարքսիստական տեսակետին հակառակ Կոմունան չէին դիտում որպես բանվոր
դասակարգի դիկտատուրա, պետության նոր ձև, որը տանում էր դեպի սոցիալիզմ:
Փարիզի Կոմունայի, ինչպես նաև բանվորական ու սոցիալիստական շարժումների
պատմության հետազոտման խնդրում շնորհակալ գործ կատարեց Ֆրանսիայի
կոմունիստական ու սոցիալիստական կուսակցությունների անդամ Մորիս Դոմանժեն
(1888-1976), որը Մաթյեզի աշակերտն էր և վաղ ժամանակից սկսեց զբաղվել
սոցիալիստական ու կոմունիստական շարժման պատմության հարցերով։
Պատմագիտական աշխատություններ է ստեղծել՝ նշանավոր մարդկանց
կենսագրությունները գրելով, այդ թվում Բաբյոֆի, Բլանկիի ու կոմունայի նշանավոր
գործիչ Էտյեն Վառլենի մասին։ Առանձնապես նշանավոր է նրա «Կոմունայի մարդիկ ու
փաստերը» աշխատությունը։ Նա իրեն համարում էր մարքսիստ, փորձում էր հիմնավորել
կոմունիստական ու սոցիալիստական գաղափարների առաջադիմական դերը
հասարակության առաջընթացի գործում, բարձր էր գնահատում Փարիզի Կոմունայի
գործունեությունը։
Ֆրանսիական պատմագիտության հիմնախնդիրներից էր Առաջին
համաշխարհային պատերազմի պատմության ուսումնասիրությունը։ Այն նախապես
լայն քննարկման ենթարկվեց մամուլում ու հրապարակախոսական հոդվածներում,
լուսաբանվեց կուսակցական ու դիվանագիտական գործիչների հուշագրություններում։
Առաջին համաշխարհային պատերազմի մարդկության համար անսովոր ծավալները,
բերած արհավիրքները, մարդկային ու նյութական ահռելի կորուստները, աղքատացումն
ու ունեզրկումը, արտագաղթը, նոր տերությունների ու նոր սահմանների ձևավորումը,
ազգային ազատագրական շարժումների հրդեհը, գաղութացման նոր բարձրացող ալիքը
հարկավ չէին կարող իրենց վրա չբևեռել մասնագետ-պատմաբանների ուշադրությունը։
Ինչպես հրապարակախոսության ու առանձին գործիչների հուշագրություններում,
այնպես էլ առաջին մասնագետ պատմաբանների գործերում հիմնական հարցը այն էր, թե
ինչպե՞ս և ինչու՞ ծագեց պատերազմը, ովքեր են դրա սանձազերծման
մեղավորները։ Ինչպես հայտնի է Վերսալի պայմանագրի 231 հոդվածի համաձայն
պատերազմի սանձազերծման ու նրա հետևանքների ողջ մեղավորը ճանաչվեց
Գերմանիան ու նրա դաշնակից Ավստրո-Հունգարիան։ Դրա հիման վրա ֆրանսիական
պատմագիտության մեջ ձևավորվեց հատուկ կարծիք, այսպես կոչված
«անտանտասերներ», ըստ որի Անտանտի մեջ միավորված տերությունները վարում էին
խաղաղասիրական քաղաքականություն, հետևաբար նաև Ֆրանսիան, իսկ հակառակորդ
զինակցության տերությունները` ագրեսիվ էին տրամադրված ու սկսեցին պատերազմը։
Սակայն պատմագիտության մեջ ծայր առավ նաև «ռևիզիոնիստական» կարծիք, որը
չժխտելով առաջինը, գտնում էր, որ Ֆրանսիան վարելով խաղաղասիրական
քաղաքականություն չէր ցանկանում մտնել պատերազմի մեջ, սակայն Ռուսաստանն
ուներ ագրեսիվ նպատակներ, անտեսելով Ֆրանսիայի խաղաղասիրական մղումները,
մտավ պատերազմի մեջ ու իր հետ պատերազմի մեջ ներքաշեց Ֆրանսիային։
Պատերազմի վերաբերյալ եղած բանավեճերն առավել սրվեցին, երբ Խորհրդային
կառավարությունը խախտելով մինչ այդ եղած միջազգային օրենքը դիվանագիտական
փաստաթղթերի գաղտնիության մասին, հրապարակեց տերությունների ցարական
կառավարության հետ կնքած բոլոր գաղտնի դիվանագիտական փաստաթղթերը, որոնք
նոր լույս սփռեցին պատերազմի ու նրա սանձազերծող կողմի պատմության վրա։
Գերմանական կողմը ևս նպատակ ունենալով մեղմել իր մեղսակցությունն այդ հարցում
1922-1929 թթ. հրապարակեց Գերմանիայի դիվանագիտական փաստաթղթերը (Die
Grosse politik Europeischn Kabinets…1870-1914), շուրջ 40 հատոր: Ֆրանսիան ևս
ձեռնամուխ եղավ դիվանագիտական փաստաթղթերի հրապարակմանը, հրապարակվեց
շուրջ 43 հատոր 1929-1959 թթ. ընթացքում, սակայն ըստ էության դրանք զիջում էին
գերմանականին։
20-ական թվականներին ֆրանսիական պատմագիտության մեջ պատերազմի
հիմնահարցի վերաբերյալ առաջինը հանդես եկավ Պիեռ Ռենուվեն (1893-1974), որը
Օլարի աշակերտն էր, պատերազմի մասնակից։ Նա ակտիվ մասնակցություն ունեցավ
ֆրանսիական դիվանագիտական փաստաթղթերի հրապարակմանը։ Դասախոսում էր
Սորբոնի համալսարանում, ընտրվեց Ակադեմիայի անդամ։ Նա նախապես ղեկավարում
էր «Պատերազմի պատմության ընկերությունը», որը հրապարակում էր
«Համաշխարհային պատերազմի պատմության ընկերություն» ամսագիրը։ Նա առաջինը
Սորբոնի համալսարանում սկսեց կարդալ դասընթաց համաշխարհային պատերազմի
պատմության վերաբերյալ, իսկ 1925 թ. լույս տեսավ «Պատերազմի անմիջական
պատճառները» աշխատությունը, որում լուսաբանում էր պատերազմի նախօրեին` երկու
ամիս առաջ միջազգային հարաբերությունները, ուր հեղինակն աշխատում էր
շարադրանքի ընթացքում լինել անկողմնակալ ու անաչառ։ Օգտագործել է ինչպես
ֆրանսիական, այնպես էլ գերմանական դիվանագիտական փաստաթղթեր։ Պատերազմի
սանձազերծման խնդրում նա հիմնականում «անտանտասերների» կարծիքն էր կիսում,
սակայն միաժամանակ պաշտպանում է «ռևիզիոնիստական» կողմնորոշման որոշ
դրույթներ, որ սկզբում Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան չէին ցանկանում
պատերազմել, սակայն ցարական Ռուսաստանը Ֆրանսիային ներքաշեց պատերազմի
մեջ։ Այնուհետև Ֆրանսիայում 1929 թ. պատերազմի ավարտի տասնհինգամյակի
կապակցությամբ հրապարակվեց կոլոկտիվ աշխատանք «Եվրոպայի
դիվանագիտության պատմությունը 1870-1914 թթ.» խորագրով, որի ամենակարևոր
գլուխները շարադրել էր Ռենուվեն, ուր պաշտպանում էր իր նախկին կարծիքը,
պատերազմի սանձազերծման խնդրում մեղավոր ճանաչելով Գերմանիային ու նրա
դաշնակիցներին, որ Անտանտայի կազմավորման հարցում տերությունների
գործողությունները թելադրված էին գերմանական կողմի ագրեսիվությամբ, իսկ
Ֆրանսիայի գործողություններն ունեին միայն պաշտպանականն նշանակություն։
Աշխատությունը կարևորվում է հատկապես նրանով, որ Ռենուվեն բացի
դիվանագիտական պատմությունից անդրադարձել է տերությունների տնտեսական
մրցակցությանը, իրենց երկրներում պատերազմի գաղափարական
նախապատրաստմանը, ռազմական մրցավազքին, ինչպես նաև տարբեր երկրներում
սկսված ազգային ազատագրական շարժումների հիմնահարցերին։ Այս հարցերը
Ռենուվեն ավելի ծավալուն լուսաբանեց 1934 թ. լույս տեսած «Ճգնաժամը և մեծ
պատերազմը» աշխատությունում։ Այդ աշխատությամբ նա առաջին անգամ գիտական
շրջանառության մեջ դրեց մինչ այդ անհայտ արխիվային նոր ու հարուստ փաստաթղթեր։
Պատմագիտության կարևոր հիմնահարցերից էր նաև գաղութային պատմության
խնդիրը, որն ավելի կարևորվեց պատերազմի հաղթական ավարտից հետո, երբ ավելի
ընդարձակվեցին Ֆրանսիայի գաղութային տարածքները։ Այս հիմնախնդիրը
քննարկվում էր պատերազմի նախօրեին ստեղծված «Ֆրանսիական գաղութացման
ընկերություն»-ում և նրան կից հրապարակվող «Ֆրանսիական գաղութների
պատմության տեսություն» ամսագրում։ Հրապարակվող աշխատութուններում
հեղինակներն աշխատում էի հիմնավորել, որ ֆրանսիական գաղութարարներն իրենց
գործունեությամբ գաղութներում տարածում էին մշակույթ ու քաղաքակրթություն և
նրանց գործունեության արդյունքում երեկվա վայրի ցեղերը բռնել են կուլտուրական
զարգացման ուղի, Մայր երկրի ու գաղութների միջև ծավալված ազատ
գործողությունների արդյունքում գաղութների համար այն դարձել է մայր հայրենիք, որի
համար էլ գաղութների ազգաբնակչությունը պատերազմի ժամանակ զենքը ձեռքին
պաշտպանում էր երկիրը գերմանական ոտնձգություններից։ Այդ տեսակետն էին
հիմնավորում ու պաշտպանում Գ. Անոտոն ու Ա. Մարտինիոն՝ իրենց կողմից
խմբագրված «Ֆրանսիական գաղութների ու գաղութների ընդարձակման պատմություն»
աշխատությունում։ Նրանք ցույց էին տալիս, որ գաղութացումը Ֆրանսիայի կողմից
կատարվել է ազատ, առանց բռնությունների, որ Ֆրանսիան ձգտել է հետամնաց
ժողովուրդների մեջ տարածել մշակույթ ու քաղաքակրթություն, որ այն
իմպերիալիստական նպատակներ չի հետապնդել։ Այդ տեսակետն էին հիմնավորում
Ալժիրի գաղութացման 100 ամյակին նվիրված 1931 թ. հրապարակված մի շարք
պատմագիտական աշխատություները։ Այդ փուլում Ալժիրի գաղութացման
քննադատությամբ առաջինը հանդես եկավ ձախ սոցիալիստ, ֆրանսիական
կոմունիստական կուսակցությանը մոտ կանգնած Շ. Ա. Ժյուլիենը։ Նրա
ուսումնասիրության հիմնահարցն էր Ալժիրի գրավման ու նրա գաղութացման
պատմությունը։ Նրա առաջին խոշոր գործն էր «Հյուսիսային Աֆրիկայի պատմությունը»,
որում հեղինակը զարգացնում էր այն տեսակետը, որ Ալժիրում ֆրանսիացի
գաղութարարների գործունեությունն ուներ դասակարգային արմատներ, լուսաբանում
էր սոցիալական շարժումները, լուսաբանելով հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների
պատմությունը համակրանքով է վերաբերվում նրանց կենցաղի ու մշակույթի հանդեպ։
Քաղաքական գիտությունների ծագումը: Հետպատերազմյան Ֆրանսիայում
ձևավորվեցին ժամանակակից սոցիոլոգիական ու քաղաքական գիտություններ, որոնց
ուսումնասիրման առարկան իշխանության պետության կուսակցությունների, երկրում
տեղի ունեցող ընտրությունների ու այդ ընթացքում շրջաններում ընտրողների կողմից
կուսակցությունների հանդեպ ցուցաբերած վարքագծի լուսաբանումն էր։ Այդ հարցերի
շուրջը ծավալվող դատողություններն ընդունված էր անվանել ընդհանուր «քաղաքական
գիտություններ» անվամբ։ Այս հարցում առաջինը եղավ լրագրող, հրապարակախոս,
քաղաքական գործիչ Ա. Զիգֆրիդը (1875-1959)։ Դեռևս 1913 թ. նա հրատարակել էր
«Արևմտյան Ֆրանսիայի քաղաքական քարտեզը Երրորդ հանրապետության
տարիներին» ծավալուն աշխատությունը, որում դրսևորվեց Ֆրանսիայում
ընտրությունների աշխարհագրությունը։ Նա հանգամանորեն ուսումնասիրեց Արևմտյան
Ֆրանսիայում տեղի ունեցած բոլոր ընտրությունները բավականին երկար
ժամանակամիջոցում։ Նա աշխատում էր քվեարկության արդյունքները պայմանավորել
աշխարհագրական միջավայրով, բնական ու սոցիալական պայմաններով, և այդ
շրջանների սոցիալ-տնտեսական կառույցներով և բնակչության քաղաքական
ավանդույթներով։ Նշելով եղած ընտրություններում քվեարկությունների
հաստատունությունը երկար ժամանակամիջոցում, եզրակացնում էր, որ այն
պայմանավորված է այդ շրջաններում բնակչության տեղաբաշխմամբ ու
սեփականության ձևով, որոնք որոշվում են աշխարհագրական գործոնով։ Հետևաբար,
եզրակացնում էր նա, արևմտյան շրջաններում, ուր տիրում է մանր սեփականությունը,
հանդիսանում է քաղաքական ազատության, հանրապետական ու դեմոկրատական
սկզբունքների հիմքը։ Այստեղից էլ նրա հաջորդ կարևոր եզրահանգումը՝ խոշոր
սեփականությունը, որը բնութագրական է ոչ արգավանդ տարածքներին ու քիչ
ազգաբնակչությամբ, առավելություն է տալիս արիստոկրատիային,
հոգևորականությանը, միապետականներին։ Կարելի է ասել, որ Զիգֆրիդը
գերագնահատել է աշխարհագրական գործոնը, բայց այնուամենայնիվ այդ սկզբունքով
բացահայտելու ընտրոողների ու հիերարխիայի քաղաքական վարքն ուղի հարթեց նոր
աշխատությունների լույս աշխարհ գալուն։ Հետպատերազմյան փուլում
ընտրություններում ընտրողների վարքի դրսևորման աշխարհագրության
ուսումնասիրությունն առավել զարգացավ։
Ֆրանսիայում զարգացավ նաև մարքսիստական պատմագրությունը, որին
նպաստեց հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում և խորհրդային
պետության ձևավորումը: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մարքսիստական
պատմագրությունը զարգանում էր նախ մամուլում ու հրապարակախոսության միջոցով,
ապա հանդես եկան այդ բնագավառի առաջին մասնագետ պատմաբանները։
Մարքսիստական պատմագիտության հիմնահարցերը առավելապես ուշադրություն
գրավեցին ու ստացան քաղաքական բնույթ Ժողովրդական ճակատի ստեղծումից հետո,
երբ առաջին պլան մղվեցին ֆրանսիական հեղափոխության կողմից առաջադրված
դեմոկրատական սկզբունքների՝ ձևավորվող ֆաշիստական գաղափարներից
պաշտպանելու անհրաժեշտությունը։ Այս փուլում մարքսիստ պատմաբանները
հարկադրված հրաժարվեցին նախկինուն Ժ. Գեդի ու նրա կողմնակիցների կողմից
ֆրանսիական հեղափոխությանը տրված գնահատականից, ըստ որի հեղափոխությունը
համարում էին Երրորդ դասի, այսինքն միայն բուրժուազիայի նպատակներին ծառայելու
միջոց։ Հանդես եկան մարքսիստ պատմաբաններ, որոնք իրենց հետազոտությունների
հիմքում դրեցին մարքսիստական մեթոդաբանությունը։ Այդ ուղղությամբ նշանավոր
գործ կատարեցին Օ. Կորնոն, Ժ. Բրուան, Ա. Սոբուլը։ Նրանք սկսեցին ուսումնասիրել Կ.
Մարքսի, Ֆ. Էնգելսի կյանքն ու գործունեությունը` լուսաբանելով նրանց
մատերիալիստական աշխարհայացքի կարևոր դրույթները։ Օղյուստ Կորնոն
հրատարակեց «Կարլ Մարքսի երիտասարդությունը» մենագրությունը, որը որպես
դոկտորական ատենախոսություն առաջին անգամ պաշտպանվեց Փարիզի
համալսարանում (1934 թ.): Ժան Բրուան բազմակողմանիորեն հետազոտեց
բանվորական ու հեղափոխական շարժումները, կուսակցական մամուլում որպես
հրապարակախոս լուսաբանեց ֆրանսիական կարևոր իրադարձությունների
պատմությունը։ 30-ական թվականներին լույս տեսան Ալբեր Սոբուլի պատմագիտական
աշխատությունները, որոնք նվիրված էին Սեն-Ժյուստի քաղաքական ու սոցիալական
հայացքների լուսաբանմանն ու 1789 թ. հեղափոխության ընդհանուր բնութագրմանը։
Թեև այն ժամանակ մարքսիստ պատմաբանների աշխատություններն այնքան էլ շատ
չէին, այնուամենայնիվ նրանք հիմք դրեցին մարքսիստական պատմագիտական
ուղղությանը։
ԹԵՄԱ հմ. 22

Պատմագիտական միտքը Արևմտյան Եվրոպայում ( Իտալիա)

Իտալական պատմագրությունը 1918-1945 թթ.

1-ին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Իտալիան հայտնվեց խորը


ճգնաժամի մեջ, արդյունքում 1922 թ. տապալվեց լիբերալ-խորհրդարանական
կառավարությունը և իշխանության եկավ ֆաշիզմը: Վերջինս աստիճանաբար
ամրապնդեց իր դիրքերը և երկրում հաստատեց տոտալիտարիստական համակարգ:
Ֆաշիստական կուսակցությունը միաձուլվեց պետական համակարգի հետ, իսկ
փաստացի իշխանությունը գտնվում էր Մուսսոլինիի ու նրա կողմնակիցների ձեռքում:
1929 թ. Վատիկանի հետ կնքված համաձայնագրով վերջ դրվեց իտալական
կառավարության ու կաթոլիկական եկեղեցու միջև եղած կոնֆլիկտին:
Հակաֆաշիստական բոլոր կուսակցությունների գործունեությունն արգելվեց, շատերը
վտարվեցին երկրից և իրենց գործունեությունը շարունակեցին վտարանդիության մեջ:
Իտալիայում ֆաշիստական վարչաձևը տապալվեց 2-րդ համաշխարհայինի տարիներին,
երբ 1943 թ. հուլիսի 25-ի հեղաշրջման հետևանքով Մուսսոլինին հեռացվեց
իշխանությունից:
Պատմական միտքը ֆաշիստական դիկտատուրայի տարիներին: Ֆաշիզմի
իշխանության գլուխ անցնելուց հետո մտավորականության ոչ մեծ խումբ սկսեց նրան
ակտիվ աջակցություն ցույց տալ: Այս ուղղության ամենահայտնի ներկայացուցիչներն են
փիլիսոփա-նեոհեգելական Ջովանի Ջենտիլեն և պատմաբան Ջոակկինո Վոլպեն: Նրանց
նպատակն էր իրականություն դարձնել ֆաշիստական գաղափարները և նրանք
զբաղեցրել են մի շարք պատասխանատու պաշտոններ: Ֆաշիզմի տարիներին Ջենտիլեն
դարձավ լուսավորության առաջին նախարարը: Հենց նա 1925 թ. հրատարակեց
ֆաշիստական մտավորականության մանիֆեստը: Ջենտիլեի գլխավորությամբ 20-ական
թթ. Իտալիայում ձեռնամուխ եղան հանրագիտարանի ստեղծմանը, իսկ միջին դարերի ու
նոր պատմությունը ներկայացրեց Վոլպեն: Մուսսոլինիի, Ջենտիլեի ու Վոլպեի կողմից
հանրագիտարանում գրվեց ֆաշիզմի վերաբերյալ հատվածը: 1930-ական թթ.
վերաձևակերպվեցին նախկին պատմական ընկերություններն ու հանդեսները:
Ստեղծվեց Պատմական հետազոտությունների կենտրոնական խունտան, այնուհետև
Նոր և նորագույն պատմության ինստիտուտը և այլն: Այս բոլոր կազմակերպությունները
հետապնդում էին քաղաքական նպատակներ: Ֆաշիստական սկզբունքներով մշակվեց
մեկ միասնական գաղափարախոսություն, որն էլ համարվեց պաշտոնական: Խիստ
վերահսկողություն սահմանվեց համալսարանների նկատմամբ, օրինակ պրոֆեսորները
պետք է հավատարմագրվեին ֆաշիզմին և դառնային այդ կուսակցության անդամ:
Չնայած այս պայմաններին մտավորականության մեջ 20-ական թթ. կար ընդդիմադիր
խումբ, որը դեմ էր ֆաշիզմին և ունեին լիբերալ գաղափարներ: Այս շրջանի իտալական
պատմաբանների մեջ կար հիմնականում գաղափարական պայքար:
Նոր և նորագույն պատմության ուսումնասիրման խնդիրը: 20-30-ական թթ.
իտալական պատմագրությունը լի էր հայրենասիրական թեմատիկայով: Իտալացի
պատմաբններն անդրադառնում էին այն դեպքերին կամ հրատարակում էին այն
փաստաթղթերը, որոնք կապված էին իրենց պատմության հետ: Օրինակ, Ֆրանսիական
հեղափոխության հարցը քննարկվում էր միայն այն տեսակետից, թե ինչպիսի
ազդեցություն է ունեցել իտալական ազգային շարժումների վրա:
Առաջին համաշխարհային պատերազմը մեծ ազդեցություն թողեց Իտալիայում,
հատկապես կայսերական քաղաքականության իրականացման տեսանկյունից, իսկ
պատմության թեմատիկայում ազգային հարցերն էին: Այս շրջանում աշխարհում տեղի
ունեցան խոշոր իրադարձություններ` Հոկտեմբերյան հեղափոխությունը
Ռուսաստանում, Ավստրո-Հունգարիայի փլուզումը, Եվրոպայում նոր պետությունների ի
հայտ գալը, ազգային ազատագրական շարժումների վերելքը և այլն, Իտալիայում ևս
հետաքրքրություն առաջացավ միջազգային հարաբերությունների նկատմամբ: Մյուս
կողմից, ֆաշիստական համակարգն ավելի շատ էր հետաքրքրված միջազգային
հարաբերություններով, քանի որ ցանկանում էր Իտալիան վերածել եվրոպական խոշոր
տերության: Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների
ուսումնասիրության նպատակով ստեղծվեցին մասնագիտացված ինստիտուտներ
(Միջին և Հեռավոր Արևելքի երկրների ինստիտուտ, Արևելյան Եվրոպայի երկրների
ինստիտուտ), որոնցից կարևորն էր Միջազգային քաղաքականության ինստիտուտը:
Այստեղ հրատարակվեց «Պատմության փաստաթղթերը և քաղաքական մտքերը»
խորագրով բազմահատոր ժողովածուն: Այս ինստիտուտում ակտիվ գործունեություն էր
իրականացնում Ջ. Վոլպեն: Նա էր խմբագրում վերոնշյալ ժողովածուն: Միջազգային
քաղաքականության ինստիտուտը ամբողջությամբ տոն չտվեց ֆաշիստական
վերնախավին, ավելին այնտեղ գործում էին նաև հակաֆաշիստական պատմաբաններ:
Ֆաշիզմի վերաբերյալ լույս տեսան նաև առանձին աշխատություններ: Կոլեկտիվ
հրատարակությունում «Ֆաշիստական կորպորացիաներ» խորագրով Վոլպեն
հեղինակեց «Ֆաշիզմի ծագումը» հատվածը: Ջենտիլեն Մշակույթի ազգային
ֆաշիստական ինստիտուտում աշխատում էր այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք էին
«Ֆաշիզմ և բոլշևիզմ», «Ֆաշիզմը և արևմտյան դեմոկրատները», «Ֆաշիզմը և Եվրոպան»:
Վտարանդիության մեջ գտնվող Գաետանո Սալվեմինին հակաֆաշիստական դիրքերից
գրեց «Ֆաշիստական դիկտատուրան Իտալիայում», «Մուսսոլինին որպես դիվանագետ»
գրքերը: 20-րդ դարի սկզբից իտալական պատմագրության մեջ կարևոր տեղ էին
զբաղեցնում Իտալիայի տնտեսական պատմության հիմնախնդիրները, որը ֆաշիզմի
տարիներին շարունակեց զարգանալ: Այս բնագավառում հայտնի ուսումնասիրողներից
էին Կ. Բարբագալլոն և Ռ. Մորադինին, որոնք հետաքրքրվել են իտալական
արտադրության պատմությամբ:
Ռիսորջիմենտոյի պատմագրությունը: Իտալիայում ֆաշիզմն իրեն հայտարարեց
Ռիսորջիմենտոյի միակ ժառանգորդը, ով կշարունակի նրա հերոսական
ավանդույթները: Ֆաշիստների կարծիքով երկրի միավորումից մինչև 1-ին
համաշխարհային պատերազմը իշխանությունը գտնվել է այնպիսի քաղաքական
վերնախավի ձեռքում, որը չի կարողացել Իտալիային ապահովել իր արժանի տեղը: Այս
դիրքերից էլ Վոլպեն շարադրել է «Իտալիան ճանապարհին» աշխատությունը, որտեղ
ֆաշիզմը ներկայացնում է որպես նոր Ռիսորջիմենտո: Հակաֆաշիստական դիրքերից
հանդես եկավ տաղանդավոր լրագրող Պերո Գոբետտին: Նա իրեն համարում էր լիբերալ
և բանվոր դասակարգին էր վերագրում Իտալիան ազատագրելու ֆունկցիան: Իսկ
պատմության մեջ լիբերալ կամ ազատարարի դերը վերագրում էր
հեղափոխություններին: Գոբետտին Ռիսորջիմենտոյի ժամանակաշրջանը համարում էր
Իտալիայի զարգացման համար առանձին գործընթաց և գտնում էր, որ ֆաշիզմի ու
Ռիսորջիմենտոյի միջև կա պատմական կապ: Նա Ռիսորջիմենտոն փորձում էր մաքրել
հունական ավանդազրույցներից և հատուկ Ռիսորջիմենտոյի պատմությանը նվիրեց
«Ռիսորջիմենտոն առանց հերոսների» աշխատությունը:
1918-45 թթ. իտալական պատմագրության մեջ շարունակում էր կարևոր տեղ
զբաղեցնել Բենեդետտո Կրոչեն: Նա իր քաղաքական հայացքներով պատկանում էր
լիբերալների աջ թևին և ֆաշիզմի իշխանության գլուխ անցնելու ժամանակ աջակցեց
վերջինիս, սակայն 20-ական թթ. կեսերից անցավ ընդդիմադիր ճամբարը: 1925 թ. Կրոչեն
բացահայտ դեմ դուրս եկավ Ջենտիլեյին և ի պատասխան վերջինիս Ֆաշիստական
մտավորականության մանիֆեստին գրեց «Կոնտրմանիֆեստ» աշխատությունը: Այս
շրջանում Կրոչեի ուսումնասիրության կենտրոնում էին լիբերալ գաղափարների
պատմական արժեքները, դա էր պատճառը, որ նա սկսեց հետաքրքրվել նոր
պատմությամբ և 19-րդ դարը անվանեց «լիբերալիզմի դար»: Կրոչեն նոր ժամանակներին
է նվիրել երկու խոշոր աշխատություններ «Իտալիայի պատմությունը 1871-ից մինչև 1915
թվականը» և «Եվրոպայի պատմությունը 19-րդ դարում»: Կրոչեն այդպես էլ չկարողացավ
բացատրել Իտալիայում ֆաշիզմի առաջացման պատճառները` համարելով, որ այն
Ռիսորջիմենտոյից դեպի լիբերալիզմ պատմական մի հատված է:
Ֆաշիզմի տարիներին Ռիսորջիմենտոյի պատմության ուսումնասիրության
բնագավառում իր ավանդն ունի Ադոլֆո Օմոդեոն, ով պատկանում էր Կրոչեի դպրոցին:
Նա Կրոչեի հետ համագործակցում էր «Կրիտիկա» ամսագրի շրջանակներում: Օմոդեոն
Ռիսորջիմենտոյի վերաբերյալ իր հայացքներն արտահայտեց կապված Գոբետտիի
«Ռիսորջիմենտոն առանց հերոսների» աշխատության հետ: Նա հիմնականում
քննադատում էր Գոբետտիի տեսակետները, հատկապես ժողովրդական զանգվածների
հետ կապված: Օմոդեոն հաստատում էր, որ Ռիսորջիմենտոյի գործիչները հերոսներ չեն,
այլ հասարակ մարդիկ են, որոնք ունեցել են անհաջողություններ և միաժամանակ մեծ
երազանք իրենց ժողովրդի ապագայի վերաբերյալ: Ռիսորջիմենտոյի պատմության մեջ
Օմոդեոն ավելի շատ հետաքրքրվել է Կավուրի կենսագրությամբ, որին նվիրել է իր
հիմնարար աշխատությունը և մի շարք հոդվածներ: Սակայն նա դեմ էր Կավուրին
անվանել հրաշագործ Իտալիայի միավորման հարցում: Օմոդեոն պատմական օբյեկտիվ
գնահատական է տվել Մաձինիին և եկել, այն եզրակացության, որ Կավուրի
դիվանագիտությունը հաջողվեց Մաձինիի ծավալած հեղափոխական քարոզչության
արդյունքում:
Ռիսորջիմենտոյի պատմության վերաբերյալ աշխատություն գրեց նաև Գ.
Սալվեմինին: Նրա ամենահայտնի գիրքն է «Իտալիայի քաղաքական պատմությունը 19-
րդ դարում», որը համարվում է Եվրոպան 19-րդ դարում» հատորյակի մասերից մեկը:
Սալվեմինին սկսեց ուսումնասիրել Ռիսորջիմենտոյի շրջանի սոցիալական
գաղափարները, որոնք շարունակեց նրա աշակերտ Նելլո Ռոսսելլին: Նրա առաջին
աշխատությունները նվիրված են Ռիսորջիմենտոյի տարիներին սոցիալական ու
բանվորական շարժումներին: Ավելի ուշ նա ուսումնասիրեց ու գրեց Կարլո Պիզականեյի
կենսագրությունն ու գործունեությունն: Վերջինիս մասին Ռոսսելլիի գիրքը լույս տեսավ
1932 թ. «Կարլո Պիզականեն իտալական Ռիսորջիմենտոյում» խորագրով: Հեղինակն
ուսումնասիրեց ու ներկայացրեց Պիզականեյի գաղափարները՝ հատկապես նշելով
ազգային խնդիրների կապը սոցիալական հեղափոխության հետ: Ֆաշիզմի իշխանության
տարիներին շարունակում էին փնտրել մի շարք հարցերի պատասխանը, ինչպիսիք էին
ժողովրդական մասաների և ազգային շարժումների դերը Ռիսորջիմենտոյում,
հեղաոխության և ֆաշիզմի առաջացման հարցերը: Մյուս հեղինակը, որն փորձել է
պատասխանել այս հարցերին Անտոնինո Գրամշին է, ով Ռիսորջիմենտոյում ստեղծեց
մարքսիստական պատմագրությունը: Նրա ամենահայտնի աշխատությունն է
«Բանտային տետրերը», որը հեղինակը գրել է բանտում եղած ժամանակ: Այս
աշխատությունը տպագրվեց 2-րդ համաշխարհային պատերազմից հետո վեց հատորով:
Գրամշինը համարվում է նաև Իտալական կոմունիստական կուսակցության
հիմնադիրներից մեկը: Նա, ուսումնասիրելով Ռիսորջիմենտոյի
պատմությունը, փորձում էր ցույց տալ, որ իրադարձությունները ազգային
հեղափոխություն էին և առաջնային դիրքերում բանվոր դասակարգն էր: Գրամշինը
համաձայն էր Իտալական մարքսիստական պատմագրության հայտնի
ներկայացուցիչներից Անտոնինո Լաբրիոլանի տեսակետի հետ: Վերջինիս կարծիքով
ազգային միավորման կարելի է հասնել այն դեպքում, եթե դրա համար ստեղծվել են
զարգացման պայմաններ: Գրամշիի կարծիքով հաղթանակի հասնելու համար պետք է
համագործակցեն բուրժուազիան ու գյուղացիությունը, ինչպես եղավ Ֆրանսիական
հեղափոխության ժամանակ: Գրամշինը Ռիսորջիմենտոն համարում էր անավարտ
հեղափոխություն, սակայն այնուամենայնիվ նա Ռիսորջիմենտոն համարում էր դժվար
պատմական գործընթաց:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների պատմաբանները: Երկրորդ
համաշխարհային պատերազմի թեմատիկան ուսումնասիրվեց նաև իտալական
պատմաբանների կողմից: Նախկինի պես ֆաշիստական դիրքերից հանդես եկավ
Վոլպեն, ով այս տարիներին գրեց «Ժամանակակից Իտալիան» աշխատությունը:
Պատմաբանների քննարկման թեմատիկայում էր նաև իտալո-հունական
հարաբերությունները, հատկապես երբ սկսվեց իտալական ագրեսիան Հունաստանի
նկատմամբ: Այս դիրքերից էլ գրվեց «Իտալիա և Հունաստան. Երկու
քաղաքակրթությունները և նրանց փոխհարաբերությունները» խորագրով ժողովածուն:
Նշված ժամանակաշրջանի հայտնի դեմքերից էր Կորրադո Բարբագալլոն, ով հիմնադրեց
Պատմագիտական նոր հանդեսը: Նա երկար տարիներ աշխատել է համաշխարհային
պատմության բազմահատորյակի վրա, այնուհետև աշխատություններ է գրել ամերիկյան
և ֆրանսիական հեղափոխությունների վերաբերյալ:
ԹԵՄԱ հմ. 23: Պատմագիտական միտքը ԱՄՆ-ում 20-րդ դարի առաջին
կեսին

ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-ՈՒՄ 1918-1945 ԹԹ.

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի տնտեսությունն իր


զարգացման տեմպերով ու ծավալով առաջ անցավ բոլոր մեծ տերություններից։ 20-ական
թվականներին այն սկսեց վերելք ապրել։ ԱՄՆ-ը տնտեսական գերակշիռ ազդեցություն
ձեռք բերեց Եվրոպայում ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։
Քաղաքագետներն ու սոցիոլոգները կրկին առաջադրեցին ԱՄՆ-ի բացառիկության
տեսությունը, ընդգծելով, որ Ֆորդը հաղթեց Մարքսին։ Սակայն 20-30-ական
թվականներին կապիտալիստական աշխարհը ներքաշվեց ծանր ու երկարատև
տնտեսական ճգնաժամի մեջ, որը մեծ դժվարություններ պարտադրեց ամերիկյան
տնտեսությանը։
Ամերիկյան պատմագրության մեջ կարևոր տեղ էր գրավում լիբերալ
ռեֆորմիստական (առաջադիմական) ուղղությունը: Նրանք անդրադառնում էին
Ամերիկայի պատմության կարևոր իրադարձություններին ու խնդիրներին, ինչպես նաև
համեմատություններ էին անցկացնում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև:
Առաջադիմական ուղղության կրողները ԱՄՆ–ի պատմության մեջ առաջին անգամ
լայնորեն լուսաբանեցին հասարակական կյանքում եղած հակամարտությունները,
ընդունեցին սոցիալական պայքարի կարևոր դերը, որի մեջ նշում էին լիբերալների
վճռական ազդեցությունը։ Առաջադիմական (պրոգրեսիվիստական) պատմագրության
կրողները առավել գիտական արդյունքների հասան վաղ ու միջին փուլերի
ուսումնասիրման ընթացքում։ Գաղութացման փուլի (1606-1776թթ.) հետազոտության
ընթացքում քննադատության ենթարկեցին նախկինում հաստատված այն տեսակետը,
թե Ամերիկայի պատմությունը սկզբնական շրջանում զարգացել է որպես միջին դասի
կատարյալ դեմոկրատական ուղիով, մինչդեռ կենտրոնական ու հարավային
գաղութներում բացահայտեցին ֆեոդալիզմի բազմաձև վերապրուկներ, ցույց տալով, որ
ոչ դեմոկրատական սկզբունքները արտահայտվել են քաղաքական ու կրոնական
կյանքում։ Ամերիկյան գաղութացման շրջանի պատմության պրոգրեսիվիստական
լուսաբանման հարցում խոշոր գործ է կատարել Ջեյմս Ադամսը իր «Գավառական
հասարակությունը» աշխատասիրությամբ, որում ընդգծում է, որ գաղութացման
պատմության ընթացքում տեղի է ունեցել հասարակության սոցիալ-տնտեսական
շերտավորում, սոցիալական կայունությունը եղել է սահմանափակ։
Առաջադիմական (պրոգրեսիվիստական) պատմագրության կրողները առավել
գիտական արդյունքների հասան վաղ ու միջին փուլերի ուսումնասիրման
ընթացքում։ Գաղութացման փուլի (1606-1776 թթ.) հետազոտության
ընթացքում քննադատության ենթարկեցին նախկինում հաստատված այն տեսակետը,
թե Ամերիկայի պատմությունը սկզբնական շրջանում զարգացել է որպես միջին դասի
կատարյալ դեմոկրատական ուղիով, մինչդեռ կենտրոնական ու հարավային
գաղութներում բացահայտեցին ֆեոդալիզմի բազմաձև վերապրուկներ՝ ցույց տալով, որ
ոչ դեմոկրատական սկզբունքներն արտահայտվել են քաղաքական ու կրոնական
կյանքում։ Ամերիկյան գաղութացման շրջանի պատմության պրոգրեսիվիստական
լուսաբանման հարցում խոշոր գործ է կատարել Ջեյմս Ադամսը իր «Գավառական
հասարակությունը» աշխատասիրությամբ, որում ընդգծում է, որ գաղութացման
պատմության ընթացքում տեղի է ունեցել հասարակության սոցիալ-տնտեսական
շերտավորում, սոցիալական կայունությունը եղել է սահմանափակ։ Պրոգրեսիվիստները
բավարար ուշադրությաւն չեն դարձրել ամերիկյան հեղափոխության
հակագաղութատիրական բովանդակությանը, կարծելով, որ հեղափոխության
ընթացքում առավել կարևոր հարցը Հյուսիսային Ամերիկայում ներքաղաքական
վերափոխումներն էին, որի համար էլ այդ հեղափոխությունը բնութագրում էին որպես
ներքին հեղափոխություն։ Այդ հարցի լուսաբանման խնդրում առավել աչքի ընկնող
հեղինակը Ջոն Ջեյմսն է, որն ամերիկյան պատմագրության մեջ առաջինը բացահայտեց
ամերիկյան ու 18-րդ դարի ֆրանսիական հեղափոխության ընդհանրությունը, ցույց
տվեց, որ նախկինում արմատացած այն կարծիքը, թե ամերիկյան հեղափոխությունը
քաղաքական ու հակագաղութատիրական է, իսկ ֆրանսիականը` սոցիալական
բովանդակություն ուներ, որը հին կարգերը փոխարինեց նորով։ Ջեյմսը երկու
հեղափոխությունները համարում էր սոցիալական, որովհետև դրանք բռնկվեցին
ժողովրդական լայն մասաների շարժման արդյունքում` նպատակ ունենալով փոխել
գոյություն ունեցող կարգերը։ Ջեյմսը նաև ընդգծում է հեղափոխությունների անկատար
լինելը, գտնելով, որ դեմոկրատական վերափոխումները ավարտման փուլում մնացին
սահմանափակ, որը իր արտահայտությունը գտել է ամերիկյան 1783 թ.
սահմանադրության մեջ։ Ամերիկյան պատմության միջին փուլի ուսումնասիրության
ընթացքում պրոգրեսիվիստներն իրենց ուշադրությունը կենտրոնացրին երեք
ելակետային խնդիրների վրա` Ջեֆֆերսոնյան դեմոկրատիա, նախագահ Ջեֆֆերսոնի
կառավարման ժամանակաշրջանը, 19-րդ դարի առաջին կեսը, Ջեկսոնյան
դեմոկրատիան և քաղաքացիական պատերազմը։ Ամերիկայի պատմության ոսկե դարը
դիտվում է Է. Ջեկսոնի նախագահության ժամանակաշրջանը (1829-1837 թթ.)։ Նախագահ
Ջեկսոնի կառավարման ողջ ընթացքի դասական հետազոտությունը կատարել է Ա.
Շլեզինգեր–Կրտսերը իր «Ջեկսոնի կյանքը» աշխատությունում, ուր Ջեկսոնի
դեմոկրատիան դիտում է երկու սոցիալական գործոնների՝ արևմտյան սահմանի
անհատական ոգին՝ հարթեցման և արևելյան շրջանների բանվորական շարժումները`
մեծ տեղ տալով բանվորական շարժումներին դեմոկրատական վերափոխումների
հարցում։
Պահպանողական ուղղության ուսումնասիրության հիմնահարցը 18-րդ և 19-րդ
դարերի ամերիկյան հեղափոխությունների՝ Անկախության պատերազմի ու
Քաղաքացիական պատերազմի պատմության լուսաբանումն էր, որը փորձում էր
հետազոտել գաղութային շրջանի իրադարձությունները: Ամերիկայի գաղութացման ու
Անկախության պատերազմի պատմության հիմնահարցի հետազոտումը կատարել են
դեռևս 1900-ական թվականներին ձևավորված «Կայսերական դպրոցի» ներկայացուցիչ
Չարլզ Էնդրյուսը (1863-1943թթ) իր «Ամերիկյան պատմության գաղութային փուլը» և
Էդուարդ Չանինգը՝ «ԱՄՆ–պատմությունը» աշխատություններում։ Նրանք ամենից առաջ
ամերիկյան գաղութները դիտել են որպես Բրիտանական կայսրության մաս, իսկ
անկախության համար պատերազմը՝ անգլիական գաղութային համակարգի մի դրվագ։
Ամերիկյան գաղութների ու Անգլիայի միջև սրված հակամարտությունները հանգեցրել են
գաղութների ու մետրոպոլիայի միջև ինքնակառավարման համար մղված պայքարի, թեև
չեն ժխտում այդ պայքարի անհրաժեշտությունը, սակայն կարծում են, որ եթե
մետրոպոլիայից տրվեր գաղութներին դոմինիոնի կարգավիճակ, ապա կկանխվեր
հեղափոխությունը Ամերիկայում։ Պահպանողական, անգամ հետադիմական
հայացքները դրսևորվեցին Քաղաքացիական պատերազմի ու ստրկության վերաբերյալ
այսպես կոչված «պատմաբան բուրբոնների» գործերում։ Ամերիկյան պատմագիտության
մեջ «Բուրբոն» անվանումը խորհրդանշական է, նկատի ունեին ֆրանսիական
թագավորական դինաստիային, որը հողափոխությամբ տապալվեց, սակայն հետո
վերականգնվեց, նրանից հետո առաջացավ հետևյալ արտահայտությունը՝ «Բուրբոնները
ոչինչ չսովորեցին ու ոչինչ չմոռացան»։ Ամերիկյան պատմաբանները «Բուրբոններ»
անվամբ բնութագրում էին ստրկատիրական Հարավը պաշտպանողներին։ Այդ կարգի
բազում պատմաբաններ իրենց ծագումով, հիմնականում Հարավից, ինչպես նաև
հասարակական կողմնորոշումով կապված էին Հարավի հետ, ուր շարունակում էր
գոյություն ունենալ ռասիզմն ու նեգրերի նկատմամբ խտրականությունը։
Այդ ուղղության կարևոր ներկայացուցիչներից էր Ուլրիխ Ֆիլիպսը (1877-1934), որի
հետազոտությունների հիմնական թեման էր ստրկության տնտեսական ու սոցիալական
անհրաժեշտությունը, որին նվիրված են «ԱՄՆ–ի պատմությունը», «Աշխատանքը և
կյանքը հին Հարավում» աշխատությունները։ Նա առաջին անգամ գիտական
շրջանառության մեջ դրեց պլանտատորների գործունեության վերաբերյալ հարուստ
արխիվային նյութեր՝ ֆինանսական հաշվետվություններ, կարգադրություններ, սակայն
ստրկության նկարագրությունը կատարվել է առանց նեգրերի կյանքի ու դաժան
աշխատանքի վերաբերյալ բավարար վերլուծության, ուստի այն ներկայացվել է կեղծված,
մանավանդ որ հեղինակը կարծում է, թե ստրկությունը աշխատանքի ու կապիտալի
միավորման ամենամարդասիրական ձևն էր, և քանի որ ստրուկները պլանտատորների
սեփականությունն էին ու թանկ, ուստի տերերը խնամքով էին վերաբերվում իրենց
թանկագին սեփականությանը։ Ստրկությունը նա դիտում էր որպես դաստիարակող
դպրոց, ուր վայրենաբարո ռասան իրեն նախապատրաստում է քաղաքակրթված
հասարակության մեջ ապրելու համար։ Պատմաբանների մեկ այլ խմբավորում, այդ թվում
Ջ. Ռենդելլը «Քաղաքացիական պատերազմը և վերակառուցումը», Է. Կրեյվենը՝
«Քաղաքացիական պատերազմի ծագումը» աշխատություններում քննադատում էին
լիբերալների քաղաքացիական պատերազմի վերաբերյալ առաջադրած տեսակետը,
մերժում էին դրա անհրաժեշտությունը, անվանելով անպտուղ պատերազմ, այն սերնդի
մոլորություն։ Պատերազմի որոշիչ պատճառ համարում էին հասարակական կարծիքի
առանձնահատուկ ձևակերպումը, որը ստեղծվել էր կայուն գաղափարների ձևով
քարոզչական հմուտ մեքենայնություններով, հարավցիների ու հյուսիսցիների
նախապաշարմունքներ փոխադարձաբար շահագործելու միջոցով։
Նշված ժամանակաշրջանում ամերիկյան պատմագիտության մեջ ձևավորվեց
Կոմոնս–Վիսկոնսյան դպրոցը` բանվորական շարժման վերաբերյալ։ Այս ուղղությանը
բնորոշ էր հետաքրքրությունը տնտեսական փաստերի հանդեպ՝ տնտեսական
գործունեության մեկնաբանությամբ ու լիբերալ պետական ռեֆորմների իրագործման
կողմնորոշմամբ։ Այս բնագավառում կարևոր քայլ էր «ԱՄՆ–ում բանվորական շարժման
պատմությունը» երկհատորյա աշխատության հրատարակումը (1918), որի հիմնական
հեղինակը Ջոն Կոմոսն էր (1862-1945), ով դարձավ այդ ուղղության տեսաբանն ու
հիմնադիրը։ Նա հրատարակեց մի շարք գործեր բանվորական շարժման ու
թրեյդյունյոնիզմի վերաբերյալ։ Դպրոցի հետազոտությունների սկզբունքները
ձևավորվեցին Կոմոնսի կողմից գերմանական պատմագիտության՝
քաղաքատնտեսության և հատկապես պատմատնտեսական սխեմաների, նրա տեսաբան
Կառլ Բյուխերի ազդեցության ներքո։ Այն իրենից ներկայացնում էր տնտեսության
բովանդակության ձևավորումը պատմական պայմանների, պահանջմունքների,
սոցիալական զարգացմամբ ու այս կամ այն երկրի քաղաքական ինստիտուտներով։
Մյուս կարևոր սկզբունքը, որ վերցրել էր Կոմոնսը Բյուխերից, պատմության
պարբերացման հիմքում ապրանքա–դրամական հարաբերությունների զարգացմամբ
հասարակության տնտեսական զարգացման մակարդակի բնորոշումն էր։ Վաղ
զարգացման աստիճանուն ԱՄՆ–ում արդյունաբերական բուրժուազիան գտնվում էր
առևտրական կապիտալի ազդեցության ներքո և հարկադրված էր դրանից ելք որոնել
վարձու բանվորների շահագործման միջոցով, իսկ երբ ձեռնարկատերերը 19-րդ դարում
ձեռք բերեցին ինքնուրույնություն և հնարավորություն մեծացնելու եկամուտը,
կապիտալիստների ու բանվորների միջև սկսվեց պայքար աշխատավարձի համար, որը
հետագայում աստիճանաբար մարեց։ Ըստ Կոմոնսի կազմակերպված բանվորական
շարժումը, հանձին թրեյդյունյոնների, կյանքի կոչվեց ոչ թե առաջին հերթին կապիտալի
ու աշխատանքի միջև եղած հակամարտության, այլ գլխավորապես իրենց բանվորների
միջև խմբավորումների, առաջին հերթին որակյալ, ավելի բարձր վարձատրվող ու ոչ
որակյալ բանվորների ու դրսից եկած բանվորների միջև մղվող մրցակցության արդյունք
էր։
Ձախ արմատական ուղղության պատմաբաններն ունեին
հակամոնոպոլիստական ուղղվածություն։ Ամենափայլուն դեմքը Վերնոն Փերինգտոնն
էր (1871-1929), իսկ «Ամերիկյան մտքի հիմնական հոսանքները» նրա հիմնարար
աշխատությունն էր, որով ստեղծեց երեքդարյա ամերիկյան ոգու էվոլյուցիայի՝
տնտեսական, սոցիալական, քաղաքական–իրավական գաղափարների զարգացման
սխեման ու հայեցակարգը, մինչև բարձրակարգ արձակն ու պոեզիան։ Ըստ նրա,
ամերիկյան պատմության էությունը սեփականության իրավունքի ու մարդու
իրավունքների կողմնակիցների միջև մղվող պայքարն է։ Այդ հակադրության տարրերը
հանդես եկան դեռևս 1776 թ. Անկախության դեկլարացիայում և դաշնային
Սահմանադրությունում, հետևաբար, նա կարծում է, չենք սխալվի, եթե ասենք, որ
պայքարը գնում է Անկախության դեկլարացիայի ու Սահմանադրության միջև, որը
կազմում է Ամերիկայի քաղաքական պատմության բովանդակությունը։ Նման կարծիքի
էր նաև այդ դպրոցի մեկ այլ ներկայացուցիչ Մ. Ջոզեֆսոնը, որը միաժամանակ մեծ
ուշադրություն դարձրեց ԱՄՆ–ում մոնոպոլիստական կապիտալի հաստատմանն ու դրա
հետևանքների լուսաբանմանը։
20-30-ական թվականների պատմագիտական մտքի զարգացման ոլորտում
կարևոր իրադարձություն էր նեգրական հիմնահարցի գիտական լուսաբանության
արմատավորումը, որը հիմնականում պայմանավորված էր Կարտեր Վուդսոնի (1875-
1950) գործունեության հետ։ Ծնվել է Վիրջինիայում, նախկին ստրուկի ընտանիքում։
Սովորել է Սորբոնի համալսարանում, նշանավոր պատմաբան Օլարի մտերիմն էր։
Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Գերմանիայում։ Հիմնել է նեգրական
պատմության ուսումնասիրության ընկերություն, հրատարակում էր «Նեգրական
պատմության ամսագիրը»։ Նրա ուսումնասիրության հիմնահարցը Հյուսիսային
Ամերիկայում շովինիզմի ու ռասիզմի արմատների բացահայտումն էր։ Իր
հետազոտություններով նա բացահայտեց, որ ԱՄՆ–ում ստրկատիրության ձևավորմանը
նախորդել է ռասիստական գաղափարախոսության հանդես գալը, որ այն ձևավորվել է
ամերիկյան սպիտակամորթների սևամորթների հանդեպ ունեցած ատելությունից, որ
նեգրերը պատկանում են ցածր ռասայի, որ սպիտակամորթները առավելություն ու
արտոնություններ ունեն։ Նրանք քննադատում էին 1775-1783 թթ. հեղափոխությունը,
առանձնապես 1787 թ. սահմանադրությունը, որով չցանկացան դեմոկրատական
ազատությունները տարածել նաև նեգրերի վրա, պահպանվեց ստրկությունը։ Նեգրական
պատմագրության ներկայացուցիչները հակադրվում էին պրոգրեսիվիստներին, որոնք
զարգացնում էին այն կարծիքը, որ նախագահներ Ջեֆֆերսոնի ու Ջեկսոնի կառավարման
տարիներին դեմոկրատիան զարգացավ, մինչդեռ ըստ նեգրական պատմագրության
կրողների, այդ տարիներին երկրի ներքին կյանքում մեծացավ
պահպանողականությունը։ Եթե պահպանողականները ղեկավարվում էին գույքային
ցենզի փոփոխությամբ ու ընտրական իրավունքի ընդլայնումով՝ բոլոր
սպիտակամորթերի համար, ապա նեգրական պատմաբանները առանձնապես նշում էին,
որ այդ ընթացքում նեգր ազգաբնակչությունը զրկվել է բոլոր իրավունքներից։ Նեգրական
պատմագրության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ազատագրական շարժումներին
սևամորթ ազգաբնակչության ունեցած մասնակցության հարցը։ Նրանք կտրականապես
մերժում էի ինչպես Ֆիլիպսի ռասիստական տեսությունը՝ նեգրերի կենսաբանական
թերարժեքության մասին, այնպես էլ մի շարք պատմաբանների աֆրո-ամերիկյան
ազգաբնակչության թերարժեքության սոցիալական հիմնավորումը, ըստ որի
անմարդկային շահագործումը, և պայմանները նեգրերին դարձրել են խոնարհ,
մանկամիտ գոյակցություն՝ սեմբո՝ կապիկ։ Այսպես էին անվանում Աֆրիկայի Էկվադորի
բանտու ցեղի լեզվով։ Նեգր պատմաբանները ընդհակառակն ընդգծում էին սևամորթների
հերոսական պայքարը պլանտատորների դեմ։ Առանձնապես նշում էին Քաղաքացիական
պատերազմի ժամանակ ազատության համար նեգրերի մղած հերոսական պայքարը, որի
արդյունքում տեղի ունեցավ վերջնական հաղթանակը: Այդ մասին Ույլամ Դյուբուան գրեց
«Սև վերկառուցում» աշխատությունը։ Դյուբուան քննադատության ենթարկեց ոչ միայն
ռասիստական պատմաբաններին, այլ նաև պրոգրեսրվիստներին, նրանց կողմից
տնտեսական հարցերի առավել քիչ լուսաբանումը, մանավանդ Վերակառուցման
ժամանակաշրջանում։ Անդրադառնալով բանվորական շարժման հարցերին` Դյուբուան
իրավացիորեն մեղադրում է ամերիկյան վերնախավի ներկայացուցիչներին, որոնց
հաջողվեց հեղափոխության ժամանակ քարոզչությամբ պառակտել հեղափոխական
ուժերին՝ սպիտակամորթներին հակադրելով սևամորթներին, զրկելով ժողովրդական
մասսաներին միասնական հանդես գալու հնարավորությունից, որի հետևանքով էլ
առավել լայն դեմոկրատական վերափոխումներ չիրականացվեցին։
Մարքսիստական պատմագիտական միտքը նախապես ձևավորվեց մամուլի
հրապարակումներով, ապա 20-ական թվականներից հանդես եկան մասնագետ
պատմաբաններ, որոնց հետազոտությունների հիմնահարցը բանվորական շարժումն էր
ու անցյալի և ժամանակակից պատմության հարցերի լուսաբանումը։ Առաջինը այս
ոլորտում հանդես եկավ Ա. Բիմբան իր «Ամերիկյան բանվոր դասակարգի
պատմությունը» աշխատությամբ, որում նա ձգտում է կատարել ամերիկյան բանվոր
դասակարգի պատմության ընդհանրացնող բնութագիրը՝ գաղութացման
ժամանակներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականները ընկած ժամանակամիջոցում`
ուշադրություն դարձնելով բանվորական նշարժումների կազմակերպչական ու
գործադուլային շարժումների հարցերին։ Ա. Ռոչեստերը իր «Հանրային շարժումները
Միացյալ Նահանգներում» աշխատությունում ընդգծում էր 19-րդ դարի վերջին
ֆերմերների հակամոնոպոլիստական պայքարի կապը բանվորական շարժման հետ ու
շարժմանը մասնակցած ֆերմերության դերը պայքարի թեժացման գործում։ Մի շարք
պատմաբաններ իրենց հետազոտությունների թեման դարձրեցին Անկախության
պատերազմի ու Քաղաքացիական պատերազմի՝ 1761-1765 թթ. հեղափոխական
ավանդույթների ուսումնասիրությունը։ Դ. Խարդին իր «Ամերիկյան առաջին
հեղափոխությունը» օրինաչափ է համարում ամերիկյան ժողովրդի հեղափոխական
պատերազմը գաղութարարների դեմ, մասնավորապես Անգլիայի դեմ։ Ընդգծում է, որ
անգլիական իշխանությունների ձգտումը Ամերիկան դարձնել իրենց եկամուտի
աղբյուրի, ամերիկյան բուրժուազիային վերածեց իրեն անհրաժեշտ ախոյանի։ Այդ
թեմային է նվիրված նաև Գ. Մորեյսոնի «Ճակատամարտ Ամերիկայի ազատության
համար» աշխատությունը։ Հեղինակը պաշտպանում է արմատական ուժերի շահերը։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամերիկյան
պատմագրության մեջ առանձին թեմա դարձավ արտաքին քաղաքականության
հիմնահարցը։ Հրապարակվեցին բազում պատմագիտական աշխատություններ նվիրված
արտաքին քաղաքականությանն հարցերին։ Հիմականում այս հարցում տոն էր տալիս
պաշտոնական ուղղությունը Ա. Բ. Դարլինգի գլխավորությամբ, որը ուսումնասիրելով
տերությունների ու ԱՄՆ–ի դիվանագիտական հարաբերությունները, եզրակացնում էր,
որ պատերազմում Ամերիկայի մուտքը արդարացի էր, քանի որ ծանր պայմաններում
տարածում էր ազատություն ու դեմոկրատիա, ինչի համար արժանի է դրական
գնահատականի։ Պատմաբանները առանձնապես հետազոտեցին ԱՄՆ–ի Լատինական
Ամերիկայի երկրների ու Հեռավոր Արևելքի հետ հարաբերությունների պատմությունը,
իսկ Եվրոպայի երկրների հարաբերության հարցը քննարկվում էր գլխավորապես
պատերազմի հետ առնչվելով։ Առանձնապես խորությամբ էին ուսումնասիրում Մոնրոի
դոկտրինան՝ նրա հանդես գալն ու էությունը։ Պատմաբաններից շատերը բավարարվում
էին այդ դոկտրինայի դիվանագիտական նախապատրաստման պատմությամբ, ցույց էին
նտալիս, որ ԱՄՆ–ի ղեկավարները վախենում էին, որ տերությունները պատերազմի մեջ
կներքաշեն Լատինական Ամերիկայի երկրներին, ուստի ցանկանում են պաշտպանել այդ
երկրներին Սրբազան դաշինքից, այսինքն Ամերիկան պաշտպանական միջոցներ էր
ձեռնարկում։ Ամերիկյան պատմագիտության մեջ Մոնրոի հայեցակետի
ուսումնասիրման կարևոր մասնագետներից էր Դեկտեր Փերկինգը (1891-1984), որը իր
«Մոնրոի դոկտրինան», «Ձեռքներդ հեռու. Մոնրոի դոկտրինոյի պատմությունը»
աշխատություններում հիմնավորապես լուսաբանել է այն` հարուստ արխիվային նյութի
հենքի հիման վրա` օգտագործելով Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդր արխիվներից
հայթհայթած նյութերը, արդյունքում արդարացրել է ԱՄՆ–ի արտաքին
քաղաքականությունը։ ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության արդարացմանն է
նվիրված նաև Սեմուել Բիմիսի (1891-1973) «Լատինամերիկյան պետությունները և ԱՄՆ–
ի արտաքին քաղաքականությունը» աշխատությունը, ուր հեղինակը ԱՄՆ–ի
միջամտությունը Լատինամերիկյան պետությունների ներքին գործերին դիտում է որպես
ԱՄՆ–ի ձգտում ամրապնդել ու կայունացնել այդ երկրների տնտեսությունը, որպեսի
տեղի չունենա եվրոպական երկրների ինտերվենցիա։
30-ական թվականներից սկսած ԱՄՆ–ում առավել խորությամբ սկսեցին ուսումնասիրել
արտաքին քաղաքականության ու պատերազմի հարցերը։ Պատմաբանները մեծ
ուշադրություն էին դարձնում իսպանո–ամերիկյան 1898 թ. պատերազմի ու «Ազատ
ձեռքերի» քաղաքականության (կամ Ջոն Հեյի դոկտրինայի) լուսաբանմանը։ Այդ
պատերազմի արդյունքում ԱՄՆ–ը իր ազդեցությունը հաստատեց Կուբայում,
Ֆիլիպիններում, Պուերտո–Ռիկոյում, ձգտում էին քողարկել նրա գաղութային էությունը,
արդարացնում էին պատերազմի պատճառներն ու նպատակները, ընդգծելով, որ ԱՄՆ–ը
ցանկանում էր ազատագրել այդ երկրները, պատերազմի մեջ մտավ իր երկրի
հասարակական կարծիքի ճնշման հետևանքով։ Դրա հետ միասին պրոգրեսիվիստական
ուղղության հետևորդ պատմաբաններից շատերը քննադատում էի ն ԱՄՆ–ի արտաքին
հարձակողական քաղաքականությունը։ Դ. Պտատտը իր «Զավթողականները 1898 թ.»
աշխատությունում լուսաբանում է զավթողական գաղափարախոսության ձևավորումը
ԱՄՆ–ում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Այդ բովանդակությամբ Ասիայում
ծավալված ԱՄՆ–ի քաղաքականության հարցերն են քննարկվել Չինաստանում «Բաց
դռների քաղաքականության» լուսաբանման հետ միասին Թեյլոր Դենետտի
«Ամերիկացիները Արևելյան Ասիայում» աշխատությունում լուսաբանվել են ԱՄՆ–ի
խաղաղօվկիանոսյան քաղաքականությունը, մշտապես ընդգծելով, որ ամերիկացիները
եվրոպացիների հետ միասին տեղացիների հետ վարում էին համագործակցված
քաղաքականություն, արդարացնելով ԱՄՆ-ի քաղաքականությունը, որ դոկտրինան
նկատի էր առնում Չինաստանի շահերը, պաշտպանում էր Չինաստանի անկախությունը
եվրոպական տերություններից։ Արտաքին քաղաքականության քննադատությունն էր
ներկայացված պատմաբաններ Ջ. Թերների, Ս. Նիրինգի, Ջ. Փրիմենի
աշխատություններում։ Ս. Նիրինգը աշխատում է լուսաբանել արտաքին
քաղաքականության տնտեսական բնույթը, բացահայտել մոնոպոլիաների ու
ֆինանսական կապիտալի էությունը։ «Ամերիկյան կայսրություն» աշխատությունում նա
մեկնաբանում է ԱՄՆ–ի պատերազմին մասնակցության հարցը, իսկ Ֆրիմանի հետ
գրված «Դոլարների դիվանագիտությունը» աշխատությունում ցույց են տալիս, որ
ամերիկյան մոնոպոլիաները օգտագործելով պատերազմը իրենց նպատակների համար,
ուզում էին հաստատվել Արևմտյան կիսագնդում, իսկ Թերները նշում է, որ մեր
պատերազմը ուղղված էր բիզնեսի նպատակներին։
30-ական թվականներին, երբ արդեն զգացվում էր նոր պատերազմի վտանգը,
պատմաբանները սկսեցին ներկայացնել իրենց ազգային շահերը համաշխարհային
քաղաքականության ոլորտում, աշխատելով բացատրել, թե արդյոք ԱՄՆ–ը կմտնի
պայքարի մեջ ընդդեմ ֆաշիզմի։ Շատ պատմաբաններ կողմ էին մեկուսացված
քաղաքականությանը, և առաջարկում էին այդ հարցում չեզոք դիրք գրավել: Այդ կերպ էր
մտածում պատմաբան Չ. Բիրդը։ Այդ հարցում ծավալված բանավեճը ամփոփվեց 1940 թ.
Ֆ. Ֆլեմինգի կողմից «Մեկուսացման սնանկությունը» աշխատությամբ։ Պատմաբաններից
շատերը նպատակահարմար էին համարում ծայրահեղ հետադիմության, ֆաշիզմի դեմ
պայքարի անհրաժեշտությունը։ Նրանցից Ջ. Շոտվելը, Ֆ. Ֆլեմինգը, Ֆ. Շումանը կարծում
էին, որ ԱՄՆ–ը պետք է մասնակցի ֆաշիզմի դեմ պայքարի տերությունների կոլեկտիվ
համագործակցությանը։ Ընդդեմ գերմանա–ճապոնական ագրեսիայի, որը ուղղված էր
նաև ԱՄՆ–ի տնտեսական շահերի, Ա. Դալլեսը, Գ. Արմստրոնգը կոչ էին անում ակտիվ
գործողությունների։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Гуревич А. Я., Исторический синез и школа <<Анналов>>, М., 1993, էջ 45-124.
2. Историография истории
нового и новейшего времени стран Европы и Америки под ред. И. П.
Дементьева, М., 2000, էջ 67-167.
3. Гуревич А.Я., Историк конца ХХ века в поисках метода, М., էջ 1996, 134-198.
ԱՌԱՋԱՐԿՎՈՂԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ա. Մերջեան, Ս. Հովհաննիսյան, Ն. Մկրտչյան, Գրամշիի մարդկության շրջանակը


և Հայաստանը, Եր., 2016:
2. Ս. Հովհաննիսյան, Լյուսիեն Ֆևր. Հանուն ուղղորդված պատմության, Վէմ
համահայկական հանդես, Դ (Ժ) տարի, 2012, թիվ 4 (40), “Վէմհանդես” ՍՊԸ
հրատարակչություն, Էջ I-XII:
3. Ս. Հովհաննիսյան, Աննալների պատմագիտական դպրոցը. Լյուսյեն Ֆևրի և Մարկ
Բլոկի պատմության տեսությունը, Վէմ համահայկականհանդես, Գ (Թ) տարի,
2011, թիվ 2 (34) ապրիլ-հունիս, “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, էջ 95-118:
4. Daileader, Philip and Philip Whalen, eds. French Historians 1900-2000: New Historical
Writing in Twentieth-Century France (2010)
5. Trevor-Roper, H. R. "Fernand Braudel, the Annales, and the Mediterranean," The Journal
of Modern History, Vol. 44, No. 4 (December, 1972), pp. 468–479
ԹԵՄԱհմ. 24. Պատմական գիտության զարգացման ընդհանուր
միտումները 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին

20-րդ դարի երկրորդ կեսին պատմագիտության, հետևաբար համաշխարհային


հասարակության հոգևոր կյանքում տեղի ունեցան խոշոր փոփոխություններ, որոնք
պայմանավորված էին ողջ աշխարհում տեղի ունեցած առաջընթացով։ Մեծ թափ էին
վերցրել գիտա-տեխնիկական ոլորտում նոր նվաճումները, մարդու տիեզերք դուրս գալով
մարդկության առջև բացվեցին տիեզերական տարածությունները ուսումնասիրելու լայն
հնարավորություններ, դեռևս դարի առաջին տարիներին ատոմի միջուկի ճեղքումը, այժմ
հնարավորություն ստեղծեց միջուկային էներգիայի օգտագործման համար, լուրջ
առաջընթաց ապրեց գենետիկայով զբաղվող գիտությունը՝ բացահայտելով
ժառանգականության կրող բնորոշ մասնիկները, հաշվողական տեխնիկայի
տաղանդավոր ինժեներների քրտնաջան գիտական հետազոտությունների արդյունքում
ստեղծվեցին ճշգրիտ էլեկտրոնային հաշվիչ սարքերը, հաշվիչ տեխնիկայի զարգացման
հիմքի վրա լայն հեռանկար էր բացվում արտադրողական ուժերի հետագա զարգացման
համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմից ու ֆաշիզմի ջախջախումից հետո
աշխարհում սկսվեց երկու հակադիր սոցիալ-քաղաքական համակարգերի,
սոցիալիստական՝ ԽՍՀՄ-ի, կապիտալիստական՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ,
հակադրությունը։ Իրադարձությունների զարգացումը ընթանում էր գլխապտույտ
արագությամբ, թվում էր, թե աշխարհը արդեն գլորվելու է դեպի նոր համաշխարհային
պատերազմի շրջապտույտի մեջ։ Սակայն սկսվեց Սառը պատերազմի
ժամանակաշրջանը։ Սոցիալիստական ու կապիտալիստական համակարգերի
առճակատման ընթացքում աշխարհում ծավալվող ազգային-ազատագրական
շարժումները փոփոխության ենթարկեցին աշխարհի քաղաքական քարտեզը` փլուզվեց
համաշխարհայինն կապիտալիզմի հենադաշտ հանդիսացող գաղութային համակարգը,
որի փլատակների վրա առաջացան մի շարք անկախ պետություններ։ Աշխարհում տեղի
ունեցած այդ փոփոխությունները առավել սրում էին երկու գերտերությունների կողմից
ղեկավարվող համակարգերի ոչ միայն քաղաքական, այլ նաև գաղափարական
հակամարտությունները, որը իր արտահայտությունն էր գտնում պատմագիտության
բնագավառում, ամենից առաջ մեթոդաբանության մեջ, ուր ձևավորվել էին
մարքսիստական ու ոչ մարքսիստական ուղղությունները։
Համաշխարհային պատմագիտության առաջընթացի խնդրում առավել մեծ
նշանակություն ստացավ ու զարգացման նոր հեռանկարներ բացեց 1990-ական
թվականներին ԽՍՀՄ–ում սկսված տնտեսական, քաղաքական ու գաղափարական
ճգնաժամը, կոմունիստական կարգերի իշխանության դադարեցումն ու աշխարհում
առաջին սոցիալիստական հզոր պետության փլուզումը։ Համաշխարհային
պատմագիտական մտքի բնագավառում առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց
տարբեր երկրների պատմաբանների մշտական շփման համար, ինչպես անհատական,
այնպես էլ առանձին պատմագիտական ընկերությունների, համալսարանական
ամբիոնների ու պատմաբանների ամենամյա միջոցառումների ու միջազգային
համագումարների մակարդակով։ Մարքսիզմը որպես գաղափարախոսություն,
հասարակական ու բնական գիտությունների մատերիալիստական մեկնաբանման միջոց
19-րդ դարի առաջադեմ մարդկության գիտական լուրջ նվաճումն էր։ Այն առաջ մղեց
պատմագիտության զարգացումը, նոր հորիզոններ բացեց հասարակական սոցիալ-
տնտեսական զարգացման հետազոտությունների առջև։ Առաջին անգամ
մատերիալիստական սկզբունքները հնարավորություն ընձեռեցին համաշխարհային
միասնական պատմական պրոցեսը ամբողջությամբ լուսաբանելու, այն դիտելով որպես
հասարակական-տնտեսական կացութաձևերի հաջորդական հերթափոխություն, որի
հիմքում դրվեց դասակարգային պայքարի տեսությունը, հետևաբար բոլոր քաղաքական
իրադարձությունները, պետության գործունեությունը, գաղափարախոսությունը
մեկնաբանվում էին դասակարգային պայքարի տեսությամբ։
Կյանքը, նաև գաղափարները նույնպես գտնվում են շարժման մեջ, իսկ շարժումը
զարգացում է, որն իր հետ բերում է փոփոխություններ։ Գաղափարներն ու
տեսությունները պատմական ժամանակի ու տարածության մեջ տվյալ շամանակի
համար կարող են ճիշտ լինել, իսկ մեկ այլ ժամանակի ու տարածության մեջ արդեն
հնանան ու անհնար լինի դրանցով ղեկավարվել։ Հետևաբար մարքսիզմը իր
սկզբունքային դրույթներով ամբողջությամբ ճիշտ լինելով 19-րդ դարի համար,
փոփոխված նոր ժամանակների ու հասարակական պատմության զարգացման ընթացքը
անհնարին է մեկնաբանել։ Մարքսիզմը իր զարգացման ընթացքում կրել է
փոփոխություններ։ Դասակարգային պայքարի տեսության բացարձակացումը, որը
ուղեկցվել է հեղափոխությամբ՝ պատմության շոգեքարշով, հաճախ հանգեցրել է
միակողմանիության ու պարզեցման՝ անցյալի իրադարձությունների մեկնաբանման
հարցում, հետևաբար այդ իրադարձությունների մեկնաբանման ընթացքում հանգեցնում
է բացասական հետևանքների։ Մարքսի, Էնգելսի և Լենինի ժամանակ նրանց
կապիտալիզմին տրված գնահատականը, որ կապիտալիստական հարաբերությունների
զարգացման ընթացքում սրվում է դասակարգային պայքարը, կապիտալիստական
հարաբերությունները ընկնում են ճգնաժամի մեջ, որ կապիտալիզմը իրեն սպառել է, կամ
նեխում, փտում է, սխալ դուրս եկավ։ Հետևաբար մարքսիստական այս տեսությունը
հնացել է ու խանգարում է ժամանակակից պատմության հիմնահարցերի
մեկնաբանմանը, շատ դեպքում տանում է դեպի պատմության կեղծմանը։ Մարքսիզմը,
դառնալով խորհրդային պետության գաղափարախոսությունը, մեծապես նպաստել է
բուրժուական տարբեր գաղափարախոսությունների հարձակումներից ժամանակին
խորհրդային պատմագրությունը պաշտպանելու գործին, սակայն միաժամանակ
բացասական դեր է խաղացել նույն պատմագրության զարգացմանը վերևների կամքին ու
թելադրանքին ենթարկելով, որի հետևանքով ստեղծված պատմագիտական գործերը թույլ
էին և փաստական նյութի օբյեկտիվ վերլուծություն չէր կատարվում։
ԽՍՀՄ-ի փլուզումը ոչ միայն հետխորհրդային տարածքներում, այլ նաև ողջ
աշխարհում պատմագիտության զարգացման առջև զարգացման նոր հեռանկարներ
բացեց։ Վերացան տարբեր պետությունների միջև պատմագիտական մտքի մեկուսի
զարգացման սահմանները, սկսվեց անհատ պատմաբանների, պատմաբանների
ընկերությունների սերտ համագործակցությունը։ Տարբեր երկրների պատմաբանների
տեսական սեմինարները, ամենամյա խորհրդաժողովները, պատմաբանների
միջազգայինն համագումարները մեծ հնարավորություն են ստեղծում նրանց շփման ու
պատմության հարցերի նորովի մեկնաբանման, մեթոդաբանական նոր միջոցների ու
ուղիների որոնման համար։

Ֆրանսիա. 20-րդ դարի 2-րդ կեսը Ֆրանսիայում կարևորվեց պատմագիտական


մտքի վերելքով: Ֆրանսիայում հանդես եկան խոշոր պատմաբաններ, որոնց
աշխատությունները ստացան միջազգային հնչեղություն: Շարունակվեցին «Անալների»
դպրոցի ավանդույթները, միաժամանակ Ֆրանսիան անմասն չէր կարող մնալ
աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, մասնավորապես ֆաշիզմի
ջախջախումը, նոր անկախ պետությունների հանդես գալը, սոցիալիստական ու
կապիտալիստական համակարգերի պայքարը, ԽՍՀՄ-ի փլուզումը: Այս շրջանի
ֆրանսիական պատմագրության մեջ կարելի է առանձնացնել երկու շրջան, որոնց միջև
սահմանագիծը կարելի է համարել մոտավորապես 1970-ական թթ. կեսերը: 1945-75 թթ.
ֆրանսիական պատմագրությունը աշխարհում գրավում էր առաջնային դիրքեր: Շատ
քննարկվող հարցերից էին Երկրորդ համաշխարհային պատերազմի և խորհրդային
կարգերի թեմաները: Վերջինի ենթատեքստում ակտիվացավ մարքսիստական
պատմագրությունը, սակայն ժամանակի ընթացքում այս ուղղության պատմաբանները
հրաժարվեցին նախկին մարքսիստական շատ գաղափարներից: 20-րդ դարի վերջին
տասնամյակում իր գերակա դիրքերն էր պահպանում «պատմության փիլիսոփայության
քննադատական» ուղղությունը, որի գաղափարակիրը մինչև պատերազմ Ռայմոն Արոնն
էր: Վերջին շրջանում Արոնը զբաղվում էր հիմնականում սոցիոլոգիական ու
քաղաքական հարցերով , իսկ այս ուղղության հայտնի պատմաբանը դարձավ Ա. Ի.
Մարրուն (1904-1977): Նրա հայտնի աշխատությունը, «Պատմական գիտակցության
մասին», 1954-75 թթ. վերահրատարակվեց յոթ անգամ` հեղինակին բերելով լայն
ճանաչում:
Շարունակեց զարգացում ապրել «Աննալների» դպրոցը, որի հայտնի
ներկայացուցիչը այս շրջանում դարձավ խոշոր պատմաբան Ֆերնան Բրոդելը (1902-
1985): Ծնվել ու մեծացել է գյուղում և ինքն իրեն անվանում էր «գյուղացիական
արմատներով պատմաբան»: Նրան շատ է հետաքրքրել աշխատանքն ու աշխատավոր
բնակչությունը, իսկ նրա գիտական հայացքները ձևավորվել են Բլոկի ու Ֆեվրի
գաղափարների ազդեցությամբ: Բրոդելը իր կյանքի հիմնական նպատակն էր համարում
«ամբողջովին նոր պատմության» ստեղծումը, որը նա անվանում էր գլոբալ կամ
համընդհանուր, այսինքն` համաշխարհային, որը կներառեր նաև մարդու վերաբերյալ
բոլոր գիտությունները: Նման մոտեցումներով Բրոդելի առաջին խոշոր աշխատությունն
է «Միջերկրական ծովը և Միջերկրծովյան աշխարհը Ֆիլիպպ 2-րդի
ժամանակաշրջանում»: Այս աշխատությունը սկսել է գրել գերության մեջ և այն ավարտին
հասցրել գերությունից հետո: Հեղինակը օգտագործել է Իսպանիայի, Ֆրանսիայի,
Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Վատիկանի և Դուբրովնիկի արխիվները, 1947-ին
դա պաշտպանել է որպես դոկտորական ատենախոսություն և հրատարակել 1949 թ.:
Բրոդելը ներկայացրել է միջերկրծովյան տարածաշրջանը 16-րդ դարում` ցույց տալով
այնտեղ տեղի ունեցող աստիճանական փոփոխությունները: Անդրադարձել է
տնտեսական, հասարակական, պետական և քաղաքակրթական հարցերին,
ուսումնասիրել քաղաքականությունն ու անհատներին: Բրոդելը մեծ ուշադրություն է
դարձրել աշխարհագրությանը և ընդհանրապես բնակլիմայական պայմաններին ու
շրջակա միջավայրին: Այս աշխատությունը սկիզբ դրեց այսպես կոչված
կառուցվածքային պատմությանը, որը իր գլխավոր խնդիրն էր համարում տարբեր
հասարակական կառույցների ուսումնասիրությունը: Այս տեսանկյունից էլ սկսեցին
ուսումնասիրել պատմական իրադարձությունները՝ պատերազմները,
հեղափոխությունները և այլն, որոնք մեծ ազդեցություն են թողել պատմության ընթացքի
վրա: Սրանով Բրոդելը Ֆեվրի հետ դարձավ Աննալների դպրոցի առաջնորդը, իսկ 1956 թ.
Ֆեվրի մահից հետո գլխավորեց «Աննալներ» հանդեսը: Բրոդելը ուշադրություն է
դարձրել այնպիսի խոշոր թեմաներին, ինչպիսիք են «Պատմություն և բնակլիմայական
պայմաններ», «Պատմություն և լեզվաբանություն», «Պատմություն և հոգեբանություն» և
այլն: Տնտեսության, կապիտալիզմի, շուկայական հարաբերությունների մասին Բրոդելը
իր գաղափարները ներկայացրել է «Նյութական քաղաքակրթություն» եռահատոր
աշխատության մեջ:
Աննալների դպրոցի մյուս ներկայացուցիչները ևս կատարեցին խոշոր
ուսումնասիրություններ, որոնց հիմնական մասը նվիրված է միջին դարերի
պատմությանը: 1955-1957 թթ. պատմաբան Պեր Շոնյուն հրատարակեց «Սեվիլիա և
Ատլանտիկա» 10 հատորանոց աշխատությունը: Հեղինակը իր առջև խնդիր էր դրել
ուսումնասիրել տնտեսական զարգացման վիճակագրությունը, ինչի հիման վրա էլ
հնարավոր էր վերլուծել հասարակության վերելքն ու անկումը: Նա որպես օրինակ
վերցրել էր Իսպանիայի ու Ամերիկայի միջև տեղի ունեցող ծովային առևտուրը, որն
իրականացվել էր Սեվիլիա նավահանգստի միջոցով ավելի քան 150 տարի` 1504-1650
թթ.: Շոնյուն ներկայացրել է Ատլանտիկայում ծովային առևտրի զարգացման
նկարագիրը` օգտագործելով հարուստ արխիվային փաստաթղթեր:
Մեկ այլ հայտնի պատմաբան էր Էմմանուել Լե Ռուա, Լյադյուրին, ով եղել էր
Բրոդելի աշակերտը և շարունակել նրա գաղափարները: Նրա հայտնի աշխատությունն
էր «Լանգեդոկի գյուղացիները»: Հեղինակը ջանասիրաբար ուսումնասիրել էր
արխիվները, վերականգնել էր վիճակագրական որոշ տվյալներ` արդյունքում
կարողացել է ներկայացնել գյուղատնտեսական արտադրանքի հիմնական տեսակները,
հողային սեփականության շարժը, եկամուտների ու գների էվոլուցիան,
ժողովրդագրական փոփոխությունները և ավելի քան 300 տարի գյուղացիության վիճակը:
Աննալների դպրոցի հետ կապված, սակայն միաժամանակ ինքնուրույն
զարգանում էր նոր գիտական ուղղություն, որն առաջին հերթին ուսումնասիրում էր
մենտալիտետը: Այս խնդրի ուսումնասիրումը սկսեցին ֆրանսիացի խոշոր
միջնադարագետներ Ռոբեր Մանդրուն և Ժորժ Դյուբին: Նրանք ուսումնասիրում էին
պատմական ժամանակաշրջանում հասարակության հայացքները, վարքն ու բարքը,
ավանդույթները, կենցաղը, մտածողության ձևերը և այլն: Զգալի առաջընթաց նկատվեց
նաև ժողովրդագրական խնդիրների ուսումնասիրության մեջ: 1962 թ. հիմնադրվեց
«Պատմական ժողովրդագրության հանրությունը», որը 1964-ից հրատարակում էր
«Պատմական ժողովրդագրության աննալներ» հանդեսը:
20-րդ դարի երկրորդ կեսից մեծ դեր էր շարունակում խաղալ պատմության
տնտեսական ու սոցիալական ուսումնասիրությունը: Այս ուղղության գլուխ կանգնեց
Էռնեստ Լյաբրուսսը (1895-1988): Նա հիմնականում ուշադրությունը դարձնում էր
տնտեսական պատմության հարցերին և իր ուսումնասիրությունը սկսեց եկամուտների
ու գների շարժի հետազոտումից: Նա խորությամբ ուսումնասիրեց 18-րդ դարի
ֆրանսիական տնտեսությունն ու հասարակությունը, գյուղատնտեսության ու
արտադրության հիմնական խնդիրները: Այնուհետև Լյաբրուսսը սկսեց ուսումնասիրել
19-րդ դարի պատմության նյութերը, որոնք հեղինակը հավաքեց ու ամբողջական
ներկայացրեց «Ճգնաժամի ասպեկտները և ֆրանսիական տնտեսության ճգնաժամերը
19-րդ դարի կեսերին» կոլեկտիվ աշխատությունում: Այնուհետև Բրոդելի հետ
համահեղինակությամբ կազմակերպեց ու խմբագրեց «Ֆրանսիայի տնտեսական ու
սոցիալական պատմությունը» 4 հատորյա հիմնարար աշխատությունը (1977-1982): Նա
անդրադարձել է նաև կապիտալիզմի զարգացմանը, դրա առանձնահատկություններին և
այլն:
Ֆրանսիական կապիտալիզմի ուսումնասիրման ուղղությամբ մեծ ներդրում
կատարեց Լյաբրուսսի աշակերտ պրոֆեսոր Ժ. Բուվեն (1920-1987): Նա իր բանկի մասին
«Լիոնի կրեդիտը» և այլ աշխատություններում ներկայացրել է ֆրանսիական
տնտեսության պատմությունը: Նրան հետևելով պատմաբան Վ. Ժիլլը հրատարակեց իր
ատենախոսությունը Ռոտշիլդների բանկի մասին, իսկ Մ. Լեվի-Լեբուայը ներկայացրեց
բանկերի դերը 19-րդ դարի 1-ին կեսին Եվրոպայի ինդուստրիացման գործընթացում:
Ֆրանսիայում սկսեցին ուսումնասիրել նաև միջազգային հարաբերությունների
պատմությունը, որի հայտնի դեմքն էր ակադեմիկոս Պեր Ռենուվեն (1893-1974): Նա
համարվում է ժամանակաշրջանի խոշոր պատմաբաններից մեկը: Նա առաջարկում էր
փոխել դիվանագիտական պատմության ավանդույթները, ավելի շատ անդրադառնալ
կառավարության արտաքին քաղաքականությանը և ավելի ընդարձակ` միջազգային
հարաբերությունների պատմությանը: Նրա այս հայացքները ամբողջությամբ
արտահայտվեցին 8 հատորյա «Միջազգային հարաբերությունների պատմություն»
կոլեկտիվ աշխատությունում, որը հրատարակվեց Ռենուվենի խմբագրությամբ 1953-58
թթ.: Նրա գաղափարները ներկայացված են նաև «Միջազգային հարաբերությունների
պատմության ներածություն» աշխատությունում (1964), որը նա գրել է իր աշակերտ Ժ.-Բ.
Դյուրոզելիի հետ: Նրանք ապացուցում էին, որ միջազգային հարաբերություններում
ամենակարևորը դա ազգերի միջև հարաբերությունների պատմությունն է, որն իր հերթին
շատ կողմերով կախված է պետության ու կառավարության գործունեությունից:
20-րդ դարի 2-րդ կեսին պատմաբանները շարունակեցին ֆրանսիական
հեղափոխության թեմատիկայի ուսումնասիրությունը: Այս առումով հայտնի
պատմաբան էր Ժորժ Լեֆեվրը (1874-1959): վերջինս կարևոր էր համարում սոցիալական
ու տնտեսական պատմության ուսումնասիրումը, որը ներկայացրել է իր հոդվածներում:
Սակայն նա իր ուսումնասիրության հիմնական թեմատիկան դարձրեց ֆրանսիական
հեղափոխությունը և այդ համատեքստում հրատարակեց «Դիրեկտորիա»,
«Ֆրանսիական հեղափոխություն», «Օռեանյան էտյուդներ» աշխատությունները,
որոնցում շարունակում է դասակարգային պայքարի և կուսակցությունների բախման ու
հեղափոխական գործիչների գործունեության ուսումնասիրումը: Պատմության
զարգացման համար մեծ դեր կատարեց նաև Ալբեր Սոբուլը (1914-1982): Նա շարունակեց
Լեֆեվրի գիծը, սակայն հիմնականում ուսումնասիրում էր հեղափոխության ընթացքում
ժողովրդական մասաների` սանկյուլոտների դերը: Վերջիններիս վերաբերյալ իր
ուսումնասիրություններն ու արխիվային փաստաթղթերը ներկայացրել է «Փարիզյան
սանկյուլոտները Երկրորդ հանրապետությունում» և մի շարք այլ աշխատություններում:
Կյանքի վերջին տարիներին նա անդրադարձել է ֆեոդալական հարաբերությունների
ճգնաժամին և հեղափոխության կողմից դրանց ոչնչացմանը: Այս խնդիրները քննարկել է
«Հեղափոխության գյուղացիական խնդիրները. 1789-1848» աշխատությունում:
Միաժամանակ Սոբուլը թողել է հեղափոխության պատմության վերաբերյալ խոշոր
աշխատություններ` «Ֆրանսիական հեղափոխության պատմության ակնարկ»,
«Քաղաքակրթությունը և ֆրանսիական հեղափոխությունը»: Ֆրանսիական
հեղափոխության ուսումնասիրման առումով հայտնի էր նաև Ժակ Գոդշոն (1907-1989):
Նրա հայտնի աշխատություններն են «Ֆրանսիայի հիմնարկները հեղափոխության և
Կայսրության ժամանակաշրջանում», «Հակահեղափոխություն. դոկտրինա և
գործողություն»: Նա երկար տարիներ ուսումնասիրել է ֆրանսիական հեղափոխության
միջազգային ազդեցությունը Եվրոպայում և Ամերիկայում: Այս խնդիրներին է նվիրված
նրա հիմնարար «Մեծ ազգ. Ֆրանսիայի հեղափոխական էքսպանսիան աշխարհում 1789
թ. մինչև 1799 թ.» աշխատությունը:
Նշված ժամանակաշրջանում շարունակվեց սոցիալական ու բանվորական
շարժումների ուսումնասիրությունը, որի հայտնի ներկայացուցիչներն էին Ա. Զեվաեսը,
Պ. Լուին, Մ. Դոմմանժեն, Ժ. Բրյուան: Պատմագիտության մեջ մեծ տեղ հատկացվեց
նորագույն պատմության ուսումնասիրմանը: Առանձնահատուկ էր վերաբերմունքը
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության թեմատիկայի նկատմամբ: Այս
առումով ամենահայտնի աշխատությունը Միշելի «Դիմադրության միտքը»
աշխատությունն է: Այսինքն՝ պատմագիտության մեջ հիմնավորվում ու բարձր էր
գնահատվում դիմադրության գաղափարը: Միաժամանակ սկսվեց Ֆրանսիայի
պատմության քաղաքագիտական ուսումնասիրությունը, որի հայտնի դեմքն էր
ակադեմիկոս Անդրե Զիգֆրիդը (1875-1959): 50-ական թթ. ֆրանսիական
քաղաքագիտության մեջ լայնորեն տարածվեց ամերիկյան «ինդուստրիալ
հասարակության» տեսությունը, որի գլխավոր քարոզողն էր ակադեմիկոս Ռայմոն Արոն:
70-80-ական թթ. շարունակեց զարգանալ Աննալների դպրոցը, որի հայտնի
ներկայացուցիչներն էին այս շրջանում Էմմանուել Լե Ռուա Լյադյուրին, Ժակ Լե Գոֆֆը
և Մարկ Ֆերրոն: Նրանց ղեկավարությամբ Աննալների հանդեսը ենթարկվեց
փոփոխության` հիմնականում ուշադրություն էին դարձնում պատմության
մենտալիտետին և պատմական մարդաբանությանը: Փաստորեն նրանք համարվում էին
Աննալների դպրոցի երրորդ սերունդը: 80-90-ական թթ. ֆրանսիական պատմագրության
մեջ նկատվեց զարգացման նոր մոտիվներ: Սոցիալ-տնտեսական խնդիրներն ու
ճգնաժամերը հանգեցրեցին նաև պատմության ճգնաժամին, այսինքն՝ պատմական
գիտությունը ևս կարիք ուներ նորացման: Այս շրջանում ֆրանսիական պատմաբանները
հիմնականում զբաղվում էին քաղաքական պատմությամբ և մշակութաբանությամբ:
Սկզբնավորվեց նոր պատմական գիտությունը, որի ուսումնասիրության թեմատիկան
ժամանակակից իրադարձություններն էին: Միաժամանակ լայնորեն սկսվեց արխիվային
փաստաթղթերի հրատարակումը և ստեղծվեցին պատմական ընկերություններ ու
հանդեսներ:

Անգլիա. Անգլիական պատմագրությունը փորձում էր հաստատել Անգլիայի դիրքը


աշխարհում ու հատկապես Եվրոպայում, ուստի պատմության նկատմամբ
հետաքրքրությունը ավելացավ: Նախկինի պես պատմագիտական կենտրոնները
հանդիսանում էին համալսարանները, հատկապես Օքսֆորդի եւ Քեմբրիջի,
միաժամանակ շատ քոլեջներ ստացան համալսարանի կարգավիճակ:
Պատմագիտության ուսումնասիրության խնդիրներն էին 19-րդ և 20-րդ դարերի Մեծ
Բրիտանիայի քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, Խորհրդային
Միության հետ հարաբերությունները և այլն: 20-րդ դարի 2-րդ կեսին առաջնային
դիրքերում էր քաղաքական պատմության ուսումնասիրման խնդիրը, երբ հստակեցվում
էին տերմինները: Քաղաքական պատմության դիրքերից հանդես եկավ պահպանողական
պատմաբան Ջ. Էլտոնը իր «Քաղաքական պատմություն. սկզբունքներն ու պրակտիկան»
աշխատությամբ: Քաղաքական իրադարձությունների ուսումնասիրման խնդրում
առաջնային դիրքերում էին գտնվում Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանները:
Օքսֆորդի համալսարանի հայտնի պատմաբաններից էին Դ. Պլատտը, Ս. Հոլմսը, Կ.
Մորգանը և այլք: Քեմբրիջում հայտնի էին Ջ. Պլամբը, Կ. Սկինները և ուրիշներ:
Անգլիայում ևս մեծ ուշադրություն դարձվեց տնտեսական պատմության
ուսումնասիրմանը: Այս շրջանակում ձևավորվեց բիզնեսի պատմությունը, հատկապես
Լոնդոնի համալսարանում: 80-ական թթ. ավելի մեծ տեղ հատկացվեց տնտեսական
պատմությանը և հայտնի էին խոշոր պատմաբաններ, ինչպիսիք Տ. Բերկերը, Ջ. Տերսկը,
Պ. Մատիասը, Ռ. Ս. Ֆլաուդը և ուրիշներ: 20-րդ դարի 2-րդ կեսին ավելի դինամիկ սկսեց
զարգանալ նոր սոցիալական պատմությունը, որի կայացման մեջ իրենց ավանդն ունեն
պատմաբաններ Է. Թոմպսոնը, Ռ. Հիլտոնը, Ա. Մորտոնը, Է. Հոբսբոումը և այլք:
Անգլիայում սոցիալական պատմության վերաձևավորումը կապված է Է. Թոմպսոնի
«Անգլիական բանվոր դասակարգի ձևավորումը» աշխատության հետ: Այս ուղղության
ներկայացուցիչները ներկայացնում էին ավանդական սոցիալական պատմությունը`
ներառելով տարբեր խմբերի ու կուսակցությունների պայքարը: Այս ուղղության մեջ
նկատվեց ձախ լիբերալ և արմատական պատմագրությունը, որի ուշադրության
կենտրոնում էին գտնվում մասայական ելույթներն ու դրանց զարգացման
աստիճանները:
40-ական թթ. վերջից Անգլիայում հիմնադրվեց տեղական պատմության
ուսումնասիրման կենտրոնը` առաջինը Լոնդոնում: Ուսումնասիրության առարկա էին
դառնում տեղական պատմական իրադարձությունները: Նման կենտրոնները 60-70-
ական թթ. դարձան խոշոր գիտական օջախներ, որտեղ հայտնի պատմաբաններից էին Ու.
Հոսկինսը, Գ. Ֆինբերգը, Ա. Էվերիտտը: Մեծ տեղ հատկացվեց քաղաքային պատմության
ուսումնասիրմանը: 20-րդ դարի վերջին քառորդին իր ինքնուրույն տեղը գրավեց
մշակութային պատմությունը, որի հետևորդները անդրադառնում էին մշակույթին ու
մշակութային ժառանգությանը: Մշակութային պատմության կայացման գործում իրենց
անգնահատելի ավանդն ունեցան լիբերալ և մարքսիստ պատմաբանները, ինչպիսիք էին
Ա. Բրիգգզը, Պ. Բերկը, Ա. Մակֆերլեյնը, Կ. Տոմասը, Է. Թոմպսոնը, Ռ. Սեմյուելը և այլք:
Նրանք իրենց աշխատություններում անդրադառնում էին ժողովրդական մշակույթի
պատմության հիմնախնդրին, գրի ու գրականության պատմությանը և այլ հարցերին: Այս
շրջանակներում ձևավորվեց ազգային մշակույթի վերաբերյալ հետազոտությունը,
ուշադրություն դարձվեց մշակութային շարժումներին, ֆեմինիստական, ավելի ուշ
գենդերային հարցերին և այլն:
20-րդ դարի 2-րդ կեսին նկատվեց նաև բրիտանական պատմագրության
տեսական-մեթոդաբանական հիմքի զգալի վերաձևակերպում, որը կապված էր
ժամանակի գործոնների հետ: 40-50-ական թթ. սահմանագծին Ա. Թոյնբին ավարտեց իր
«Պատմության ընկալումը» նշանավոր աշխատությունը: Այն ունեցավ զգալի
պատմամշակութային ազդեցություն պատմության հետագա զարգացման համար:
Հեղինակը անդրադառնում էր մշակութային, քաղաքակրթական հարցերին, իսկ վերջին
հատորներում խորհում է ժամանակի մեջ մարդու մասին: Սոցիալական ու տնտեսական
հարցերի պատմությանը դեռևս 30-ական թթ. անդրադարձել է Մ. Օուկշոտտը, ով իր
կոնցեպցիայի հիմքը համարեց պատմական դեպքերի ու իրադարձությունների
միասնական ներկայացման սկզբունքը: Դա արտացոլված է նրա «Պատմաբանի
ակտիվությունը» աշխատության մեջ: Նմանատիպ ուղիով իր դատողությունները
կառուցեց եվրոպական խոշոր պատմաբան ու փիլիսոփա Կ. Պոպպերը, ով մեծ
ազդեցություն գործեց բրիտանական պատմագրության վրա: Նրա հայտնի
աշխատությունն էր «Պատմականության աղքատությունը», որտեղ հեղինակը հետևելով
Օուկշոտտին գտնում է, որ մարդկության զարգացման ուղին անհնար է կանխատեսել
կամ կառուցել գոյություն ունեցող օրենսդրական զարգացման տեսություններով: Նա
օբյեկտիվ օրենքների ու զարգացման կողմնակիցն էր: 50-60-ական թթ. մեծ
հեղինակություն էր վայելում Անգլիայի նոր պատմության մասնագետ Ջ. Էլգոնը, որին մեծ
հեղինակություն բերեց «Պատմության պրակտիկա» մեթոդոլոգիական աշխատությունը:
Նրանից հետո պատմաբանները սկսեցին անդրադառնալ պատմության
մեթոդոլոգիական հարցերին: Պատմագիտական հարցերի քննարկմանը ակտիվորեն
մասնակցում էին նաև պահպանողական ուղղության պատմաբանները, որոնց շատ
հարցերում աջակցում էին լիբերալ պատմաբանները: Նրանք առաջ էին քաշում «մաքուր»
պատմության գաղափարը: Արդեն 70-80-ական թթ. նկատվեց լիբերալ ու
պահպանողական պատմաբանների գաղափարա-քաղաքական հայացքների
միախառնում, ինչն էլ ապահովեց պատմության նկատմամբ նոր մոտեցումը:
Պահպանողական պատմագրության հիմնական կրողն էր պահպանողական
կուսակցությունը, որը ձգտում էր ստեղծել «նոր հայրենասիրական պատմություն»: Այս
շրջանում լայնորեն տարածված էր քաղաքական պատմագրությունը, որի ուշադրության
կենտրոնում քաղաքական իրադարձություններն էին: 20-րդ դարի 2-րդ կեսին նոր
պատմության ուշադրության կենտրոնում էր գտնվում 17-20-րդ դարերում տեղի ունեցած
կարևոր իրադարձությունները: Դարձյալ քննարկվում էր անգլիական հեղափոխության
թեմատիկան: 70-80-ական թթ. պատմաբանների մեծ մասը ուսումնասիրում էր նոր
ժամանակների սկզբում մասաների գիտացությունը և ազգային մշակույթը:
Յուրահատուկ մանիֆեստ դարձավ Կ. Թոմասի «Կրոնը և մոգության անկումը»
աշխատությունը: Նոր պատմագիտությունը քարոզում էր նոր մշակույթ ու
ավանդույթներ, ինչն էլ հիմք էր հանդիսանում ազգային ինքնագիտակցության համար:
Նշված ժամանակաշրջանում անգլիական հեղափոխության թեմատիկային են
անդրադարձել Ջ. Էլտոնը, Կ. Ռասսելը, Պ. Կլարկը, Ա. Էվերիտը, Պ. Լասլետը և ուրիշներ:
Անգլիական պատմագրության մեջ մեծ ուշադրություն էին դարձնում արտաքին
քաղաքականության խնդիրներին, այդ թվում երկու համաշխարհային պատերազմներին:
Այս ուղղության մոտեցումներն ու տեսակետները ունեին պետական, կառավարական
բնույթ: Այս թեմատիկայով հանդես էին գալիս թե լիբերալ, և թե պահպանողական
պատմաբանները, ինչպիսիք էին Կ. Բորնը, Ս. Ստեյները, Ջ. Ջոլլին, Պ. Քեննեդին, Կ.
Ուիլսոնը և ուրիշներ:

Գերմանիա. 1945 թ. նացիզմի կրախն իր ազդեցությունը թողեց գերմանական


պատմագրության վրա: Գերմանական պատմագրության հայտնի ներկայացուցիչ
Ֆրիդրիխ Մեյնեկեն (1862-1954) 1946 թ. հրատարակեց իր վերջին խոշոր աշխատությունը
«Գերմանական աղետը», որտեղ արտահայտված են հեղինակի լիբերալ գաղափարները:
Նա գերմանական աղետի հիմքը հասցնում էր ընդհուպ Գերմանիայի միավորումը` դա
տեսնելով երկաթով և արյամբ միավորման մեջ: Այնուհետև նա առաջարկում է
Գերմանիայի ու Արևմուտքի հաշտեցումը: Երկրորդ համաշխարհայինից հետո
Գերմանիան բաժանվեց երկու մասի, որոնք զարգացան երկու տարբեր համակարգերով,
ինչն էլ իր հերթին ազդեցություն թողեց պատմագրության հետագա զարգացման վրա: 60-
ական թթ. տնտեսական հրաշքը անկում ապրեց, ինչի արդյունքում էլ ԳՖՀ-ում սկսեցին
փնտրել զարգացման նոր ուղիներ: Այս շրջանում պատմագրության մեջ կարելի է
առանձնացնել երեք ուղղություն` գերմանական պատմագրության դասական
ուղղության շարունակողները, որոնք արդիականացվելով նախկինի պես շարունակում
էին պատմությունը դիտել որպես գիտություն ոգու մասին, պատմության սոցիալական
ըմբռնման կողմնակիցները և պատմության ուսումնասիրման դիալեկտիկական
մատերիալիստական մեթոդի կողմնակիցները:
20-րդ դարի 2-րդ կեսին աջ արմատական պատմագրությունը հարում էր
նեոնացիզմին: Այս ուղղության ներկայացուցիչների աշխատություններում
վերականգնում էին Հիտլերին ու նացիոնալ-սոցիալիզմը: Աջ արմատական
պատմագրությունը նախկինի պես իր կարգախոսն էր դարձրել ռասիզմն ու
հակահրեականությունը: Հայտնի էր Ա. Հելբոկը իր «Գերմանական ազգի պատմությունը»
աշխատությամբ: Պահպանողական ուղղության աշխարհայացքի հիմքում ընկած էին
ավանդույթները, հեղինակությունը, ազատությունն ու պատասխանատվությունը,
մարդկանց բնական բարոյականությունը: Այս ուղղության ներկայացուցիչները
զարգացնում էին պետականության գերմանական գաղափարը, իսկ
ժողովրդավարությունը հասու էր միայն նեղ շրջանակներով: Հայտնի
ներկայացուցիչներից էր Բ. Վիլմսը իր «Գերմանական ազգ» աշխատությամբ: Մյուս
ուղղությունը համարվում էր նեոլիբերալը: Պետք է նշել, որ այս ուղղության մեջ 70-ական
թթ. տեղի ունեցան զգալի փոփոխություններ` ձևավորվեց սոցիալ-քննադատական
դպրոցը: 60-ական թթ. վերջին լիբերալ ու դեմոկրատական շարժումների արդյունքում
լայնորեն տարածվեց քննադատական տեսությունը, որի հեղինակներն էին
Ֆրանկֆուրտյան դպրոցի նեոմարքսիստական առաջնորդներ Թեոդոր Ադորնոն և
հատկապես Յուրգեպոմ Խաբերմասոմը: Այսինքն՝ սկզբնավորվեց արմատական
դեմոկրատական ուղղությունը, որը լայնորեն օգտվում էր մարքսիզմի սկզբունքներից:
ԳՖՀ-ում ավելի ընդարձակ էին սոցիալ-դեմոկրատական պատմագության շրջանակները:
Ներկայացուցիչները հասարակական գիտակցությունը ձևավորում էին խաղաղության
ամրապնդման, պատերազմներ թույլ չտալու, դեմոկրատական ազատությունների ու
իրավական պետություն սկզբունքների վրա: Այս ուղղությունը որդեգրել էր
ժողովրդական, հումանիստական ու առաջադիմական ավանդույթները: 70-ական թթ.
սկզբին ձևավորվեց ձախ սոցիալիստական պատմագրությունը` հիմքում ունենալով
սոցիալ-դեմոկրատական ու օրտոդոքսալ-մարքսիստական ուղղությունները: Կենտրոնը
համարվում էր Մարբուրգի համալսարանը, իսկ հիմնադիրը Վոլֆգանգ Աբենդրոտը: Այս
ուղղությունը անվանում են մարբուրգյան դպրոց: 20-րդ դարի 2-րդ կեսին Գերմանիայում
մեծ ուշադրություն դարձրեցին արխիվային փաստաթղթերի հրատարակմանը, որոնք
թույլ էին տալիս նորովի մեկնաբանել նորագույն պատմության կարևոր
իրադարձությունները:
ԳՖՀ-ում 50-ական թթ. գերակայում էր պահպանողական պատմագրությունը, որի
առաջնորդն էր Գերհարդ Ռիտտերը: Նա անդրադարձել է ֆաշիզմին, որի խնդիրը կապել
է ռազմականացման հետ, ինչն էլ ներկայացրել է իր վերջին աշխատության մեջ`
անավարտ է: Կենտրոնական խնդիրն էր գերմանական պատմության մեջ ճշտել
նացիզմի տեղն ու դերը: Նա պահպանողականության գլխավոր արժեքը համարում էր
գերմանական ազգային գիտակցության ամրապնդումը: Ռիտտերը անդրադարձել է նաև
Գերմանիայի արտաքին քաղաքականությանը, որը մինչ 1914 թ. որևէ նվաճողական
նպատակներ չուներ, իսկ պանգերմանական գաղափարները լայն ժողովրդականություն
վայելեցին պատերազմի ընթացքում: Ռիտտերի հիմնարար ստեղծագործության մեջ
հարուստ փաստական նյութ կա Գերմանիայի 1740-ից մինչև 1918 թթ. պատմության
վերաբերյալ: Պահպանողական պատմագրության մյուս հայտնի ներկայացուցիչն էր
Հանս Իոահիմ Շյոպսը: Նա իր բազմաթիվ աշխատություններում կողմնակից էր ոչ միայն
Պրուսիայի, այլև միապետության վերականգնմանը: Նրա ամենախոշոր աշխատությունն
է հինգ հատորով «Գերմանիայի նոր ժամանակների հոգևոր պատմությունը»: Իր
պահպանողական-նացիոնալիստական գաղափարներով հայտնի էր Ֆրիցա Ֆիշերը,
հատկապես լայնորեն տարածվեց նրա «Մրցավազք դեպի համաշխարհային
տիրապետություն» աշխատությունը: Նա ուսումնասիրել էր բազմաթիվ արխիվներ, այդ
թվում Պոտսդամի ու Մերզեբուրգի: Նա իսկապես համարվում էր ժամանակի
քաղաքական պատմության խորագիտակը: Ուսումնասիրվող ժամանակաշրջանում
փոփոխություններ տեղի ունեցան նաև սոցիալական պատմության բնագավառում: Այս
ուղղության առավել հայտնի ներկայացուցիչն էր հայդելբերգյան պրոֆեսոր Վերներ
Կոնցեն: Նա անդրադառնում էր սոցիալական կառույցներին, նրանց
հարաբերություններին և ընդհանրապես սոցիալական խնդրներին: Կոնցեի հայացքների
հիման վրա ձևավորվեց Հայդելբերգյան դպրոցը, որի ուսումնասիրության կենտրոնում
էին սոցիալական ու բանվորական շարժումների պատմության հարցերը: Կոնցեն առաջ
է քաշում ինտեգրացիայի գաղափարը և դրա նշանակությունը կապիտալիստական
հասարակական կառուցակարգում: Ինտեգրացիայի տեսությունը պատմաբանը
ներկայացրել է «Ինդուստրիալ աշխարհ» հատորյակի գիտական համարներում:
70-ական թթ. Մարբուրգի համալսարանում քաղաքական գիտությունների
պրոֆեսոր Վ. Աբենդրոտի շուրջ ձևավորվեց մարբուրգյան դպրոցը: Այս դպրոցի
ներկայացուցիչները հիմնականում քննարկում էին աշխատավորական ու սոցիալական
շարժումների գաղափարական-քաղաքական խնդիրները և գերմանական
պրոլետարիատի պայքարի ուղղությունը: Այս հարցերին է անդրադարձել Աբենդրոտը
«Գերմանական սոցիալ-դեմոկրատիայի վերելքն ու ճգնաժամը» աշխատությունում:
Մարբուրգյան դպրոցի հայտնի ներկայացուցիչն էր Ռեյնխարդ Կյունլը, ով զբաղվում էր
ֆաշիզմի ուսումնասիրությամբ: Նա թողել է մի շարք աշխատություններ «Բուրժուական
տիրապետության ձևերը: Լիբերալիզմ, ֆաշիզմ», «Ֆաշիզմ: Պատճառները:
Տիրապետության համակարգը: Արդիականությունը», «Վեյմարյան Հանրապետություն»,
«Ազգ: Նացիոնալիզմ: Ազգային հարց»: Քննարկվող ժամանակաշրջանում Գերմանիայում
ձևավորվեց նաև սոցիալ-քննադատական դպրոցը, որի խոշոր ներկայացուցիչն էր
Յուրգեպա Կոկկին: Նա իր գրքում քննարկում էր Առաջին համաշխարհային պատերազմի
տարիներին գերմանական հասարկության վիճակը, սոցիալ-տնտեսական համակարգը և
զարգացման գործընթացները: Այս դպրոցի հայտնի ներկայացուցիչներից էր նաև
Վոլֆգանգ Մոմմզեն: Նրա աշխատություններն են «Իմպերիալիզմի դարաշրջանը»,
«Եվրոպական իմպերիալիզմ»: Եվ վերջապես Գերմանիայում ձևավորվեց նեոիստորիզմը,
որի կոնցեպցիան տվեց մյունխենյան պատմաբան Թոմաս Նիպպերդայը: Այս շրջանում
Գերմանիայում ամենաշատ քննարկվող թեմաներից էր նաև նացիոնալ-սոցիալիզմի
գաղափարախոսությունը: Ֆաշիզմի հայտնի մասնագետներից էր Էռնեստ Նոլտեն, ում
հայտնի աշխատությունն էր «Ֆաշիզմն իր դարաշրջանում»: Ինչպես նաև հայտնի
ներկայացուցիչներից էին Կառլ Դիտրիխ Բրախերը, Հերդեր Շուլցը և Վոլֆգանգ Շիդերը:

Իտալիա. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայում սկսվեց


դեմոկրատականացման գործընթաց, որը ընդգրկեց պետության բոլոր բնագավառները:
Կարևոր նվաճում համարվեց 1947 թ. հանրապետական սահմանադրության հռչակումը:
Իրենց գործունեությունը շարունակեցին քրիստոնյա-դեմոկրատական,
կոմունիստական, սոցիալիստական կուսակցությունները: Երկրում տեղի ունեցող
քաղաքական ու գաղափարական փոփոխություններն իրենց ազդեցությունը թողեցին
պատմագրության վրա: 40-ական թթ. վերջին Իտալիայի հոգևոր կյանքում գերիշխում էր
կրոչեական իդեալիզմը, իսկ նրան հետևող նոր մտավորականությունը պահանջում էր
վերադառնալ մինչֆաշիստական լիբերալ-պառլամենտական համակարգին:
Իտալիայում ֆաշիզմի անկումը թույլ տվեց պատմագիտությունը ևս մաքրել տոտալիտար
ազդեցությունից: Մեծ տեղ հատկացվեց արխիվներին, սկսեցին հրապարակել
արխիվային փաստաթղթերը, գործում էին պատմության ինստիտուտներ և
հրատարակվում էին պատմական հանդեսներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց Կրոչեի «էթիկական-
քաղաքական» դպրոցի անկումը, որը կապված էր նրա գաղափարական ազդեցության
թուլացման հետ: Նրա վերջին աշխատությունն էր «Իտալիայի պատմությունը 1871-1915
թթ.»: Սկսվեց նաև Կրոչեի գաղափարների քննադատությունը: Սակայն 50-60-ական թթ.
գիտական աշխարհում շարունակում էին իրենց հեղինակությունը պահպանել մի շարք
հայտնի պատմաբաններ: Կրոչեի դպրոցին մոտ էր կանգնած պատմաբան Ֆեդերիկո
Շաբոն, ով սկսեց իտալական դիվանագիտական փաստաթղթերի բազմահատորյակի
հրատարակումը: Կրոչեի գաղափարներին էին հարում նաև Ֆրանկո Վալսեկկին,
Ալբերտո Մարիյա Գազալբերտին, Վալտեր Մատուրին, Նինո Վալերին և ուրիշներ: Այս
բոլոր հեղինակները մեծ դեր խաղացին պատմական գիտության ձևավորման գործում:
Իտալական պատմաբանների նոր սերնդի ներկայացուցիչներից էր Ռոզարիո Ռոմեոն, ով
հավատարիմ էր Կրոչեի գաղափարներին:
50-60-ական թթ. իտալական պատմագիտության մեջ ձևավորվեց տնտեսական-
իրավաբանական դպրոցը, որի հայրն էր Ջոակկինո Վոլպեն: Նա հանդիսանում էր
ֆաշիստական գաղափարախոսության կրողը: 50-ական թթ. սկզբին նա ավարտեց
եռահատոր «Ժամանակակից Իտալիան» աշխատությունը, որը նախկինում նրա կողմից
ներկայացրած գաղափարների ու հայցքների ամփոփ շարադրանքն էր: Այս դպրոցի
ներկայացուցիչներն էին Գաետանո Սալվեմինին, Կորրադո Բարբագալլոն և Ջինո
Լուցցատտոն: Վերջինս թողել է Իտալիայի տնտեսության մասին արժեքավոր
աշխատություն: Իտալիայում 40-50-ական թթ. անդրադարձան կաթոլիկ գաղափարներով
հանդեսների թեմատիկային, ինչի արդյունքում էլ ձևավորվեց կաթոլիկական
պատմագրությունը, որի ներկայացուցիչներին էին Արտուրո Կառլո Էմոլոն, Էտտորե
Պասսերեն դ’Անտրեվը, Գաբրիելե դե Ռոզան, Պետրո Սկոպպոլան: Նրանք իրենց
գաղափարներով մոտ էին Կրոչեի տնտեսական-քաղաքական հայացքներին: 70-80-ական
թթ. այս դպրոցի ներկայացուցիչները հրատարակեցին մի շարք կոլեկտիվ
աշխատություններ, որոնք նվիրված էին կաթոլիկական շարժումների պատմությանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իտալական պատմագրության
մեջ տեղի ունեցավ նաև թեմատիկայի փոփոխություն: Սկսեցին քննարկել ու լուսաբանել
միջազգային հարաբերությունները, ուշադրություն դարձվեց Արևելյան Եվրոպայի
երկրների, ԱՄՆ-ի, իսլամական երկրների, Արևելյան Ասիայի ու Աֆրիկայի երկրների
պատմությանն ու դիվանագիտությանը: Մեծացավ հետաքրքրությունը Խորհրդային
Միության նկատմամբ: Այս շրջանում տարածված գրքերից էր Կ. Բարբագալլոյի
«Կոմունիստական Ռուսաստանը (1917-1959)»: Նրա հետքերով Վ. Ջուստին շարադրեց
ԽՍՀՄ-ի պատմությունը` հասցնելով մինչև 1947 թ.: Վերջինս աշխատություններ է գրել
նաև Հոկտեմբերյան հեղափոխության և Տրոցկու հայացքների մասին: Փիլիսոփա Ա.
Պաստորեն հետազոտության ենթարկեց Լենինի փիլիսոփայական գաղափարները:
20-րդ դարի երկրորդ կեսին շարունակվեց Ռիսորջիմենտոյի պատմագրության
քննարկումն ու գիտական ուսումնասիրությունը: Այս առումով հետաքրքություն էր
ներկայացնում 1949 թ. հրատարակված Գրամշիի «Բանտային տետրերը»: Հեղինակը
կարծես թե փորձում էր պատասխանել 20-30-ական թթ. քաղաքական հարցերին:
Այնուհետև պատմական գիտության մեջ տիրապետող դարձան դեմոկրատական
գաղափարները, որոնք հաջորդեցին Ռիսորջիմենտոյի պատմագրությանը: Այս
բնագավառում առավել հայտնի են մարքսիստ հեղինակների երկու աշխատությունները`
Ֆ. Դելլա Պերուտի «Դեմոկրատներն ու իտալական հեղափոխությունը» և Ջ. Բերտի
«Դեմոկրատները և Հարավի նախաձեռնությունը»: Պատմագիտության մեջ շարունակում
էին քննարկել ֆաշիզմի թեմատիկան, որը ուսումնասիրում էին բոլոր դպրոցներն ու
ուղղությունները: Ֆաշիզմի թեմատիկան արդիական էր նաև հետպատերազմյան
շրջանում: Այս շրջանում աշխատություններ գրվեցին նաև խորհրդային կարգերի և
ԽՍՀՄ-ի մասին:

ԱՄՆ. 20-րդ դարի 2-րդ կեսը ԱՄՆ-ում կարևորվեց պատմական գիտության


զարգացմամբ: Այս շրջանում ուսումնասիրում էին ոչ միայն ԱՄՆ-ի պատմությունը, այլև
ձևավորվեցին նոր թեմատիկաններ, ինչպիսիք էին լատինոամերիկյանը, միջազգային
հարաբերությունների պատմությունը: Ամերիկյան պատմագիտական միտքը այս
շրջանում բաժանվում է երկու էտապի` 40-50-ական թթ. և 60-90-ական թթ.: Այս շրջանը
նշանավորվեց երկու համակարգերի պայքարով, սկսվեց սառը պատերազմը, այնուհետև
ԽՍՀՄ-ի փլուզումը, որոնք իրենց ազդեցությունը թողեցին ամերիկյան պատմագիտական
մտքի վրա: ԱՄՆ-ում ևս պատմագիտության զարգացման հիմքը համալսարաններն էին,
ինչպիսք էին Հարվարդի, Կոլումբիական, Չիկագոյի, Կալիֆորնիայի և այլն: 40-50-ական
թթ. ամերիկյան պատմագրության մեջ նկատվեցին մեթոդոլոգիական փոփոխություններ,
որոնք կապված էին նաև արևմտյան ընդհանուր պատմագիտական մտքի զարգացման
հետ: Նկատվեց պրոգրեսիվ ուղղության անկում, իսկ սառը պատերազմի պայմաններում
աճեցին պահպանողական տրամադրությունները: Հայտնի պատմաբաններից էր Բիրդը,
ով համարվում էր տնտեսական ուղղության ղեկավարը: Նա իր վերջին
աշխատություններում «Հանրապետություն», «Միացյալ Նահանգների պատմության
հիմքերը» փորձում է ներկայացնել միասնական պատմական գործընթացը, որը
կառուցում է տնտեսական փոփոխությունների հիման վրա: Ինչպես արդեն նշեցինք
վերելք ապրեց պահպանողական ուղղությունը, որի գաղափարախոսության հիմքում
դրված էր մեկ միասնական ամերկյան ազգի գաղափարը: Նման գաղափարներով էին
առաջնորդվում Լուիսա Հարցը, Դենիելյա Բուրստինը և Ռոբերտա Բրաունը: Հարցը
հայտնի պատմաբան և քաղաքագետ էր: Նա ուսումնասիրել է եվրոպական
հասարակական-քաղաքական համակարգը և անգլիական կառույցները նախկին
գաղութներում: Հայտնի աշխատությունն է «Լիբերալ ավանդույթները Ամերիկայում»:
Անգլիացիների քաղաքականությանը և ամերիկյան ինքնագիտակցության ձևավորմանն
է անդրադարձել Բուրստինը, որի հայացքները շարունակել է Բրաունը իր «Միջին
դասակարգի դեմոկրատիան և հեղափոխությունը Մասաչուսետում» աշխատության մեջ:
Պահպանողական պատմաբանները անդրադառնում են նաև քաղաքացիական
պատերազմի պատմությանը, որը ներկայացնում են ԱՄՆ-ի 19-րդ դարի պատմության
ամենախոշոր կոնֆլիկտը` «համաձայնեցված հետաքրքրությունների» շրջանակում:
Պահպանողական ուղղության մեջ ներթափանցեցին պատմաբան-«բուրբոնները», որոնք
ներկայացնում էին Ու. Բ. Ֆիլլիպսի հայացքները, որպես սպիտակ և սև ռասաների միակ
հնարավոր համակարգի, որը նեգրերի համար «քաղաքակրթական դպրոց» էր: 50-ական
թթ. այս գաղափարներով հանդես եկան Ֆ. Օուսլին, Ֆ. Սիմկինսը և ուրիշներ: Նրանց
գաղափարական աջակցություն էր ցույց տալիս Ս. Էլկինսը իր «Ստրկություն-ամերիկյան
հասարակական ու մտավորական կյանքի խնդիրը» աշխատությամբ: 1865-1877 թթ.
վերականգնման շրջանի մասին աշխատություն գրեց Կ. Վան Վուդվորդը
«Վերամիավորումը և ռեակցիան» խորագրով: Հեղինակը ներկայացնում էր Հարավի ու
Հյուսիսի գյուղատնտեսական ու արդյունաբերական բախումը:
Ամերիկյան պատմագիտության մեջ զարգացավ նաև նեոլիբերալ ուղղությունը:
Հայտնի ներկայացուցիչներից էին Ռ. Հոֆստեդտերը և Ա. Մ. Շլեզինգեր-կրտսերը:
Հոֆստեդտերը իր առաջին խոշոր աշխատությունում՝ «Սոցիալ-դարվինիզմը ամերիկյան
մտքում», կատարում է սոցիալական ուսմունքների ընդհանուր հետազոտում, այնուհետև
նա անդրադարձել է 19-րդ դարի վերջից Ամերիկայի պատմությանը: Այս թեմայով նրա
աշխատություններն են «Ամերիկյան քաղաքական ավանդույթը», «Բարեփոխումների
դարաշրջան»: Ինչպես Հոֆստեդտերը, այնպես էլ Շլեզինգեր-կրտսերը ամերիկյան
պատմությունը դիտում էր լիբերալ ռեֆորմների տեսանկյունից, նրա հիմնական
պատմական կոնցեպցիան հանդիսանում էր լիբերալ բարեփոխումների ցիկլը: Այս
տեսանկյունից նա շատ է անդրադարձել Ռուզվելտին ու նրա քաղաքական նոր կուրսին,
որոնք էլ ամփոփել է «Ռուզվելտի դարաշրջան» աշխատության մեջ:
Ամերիկյան պատմագրության մեջ հատուկ տեղ էր գրավում նաև արտաքին
քաղաքականության պատմագրությունը, մասնավորապես երկու դպրոցներ`
քաղաքական իդեալիզմի և իրական քաղաքականության: Առաջին դպրոցի
ներկայացուցիչներն էին Դ. Պերկինսը, Ս. Բեմիսը և ուրիշներ, իսկ երկրորդինը` Գ.
Մորգենթաուն, Ջ. Կեննան, Ռ. Օսգուդան և ուրիշներ: Առաջին դպրոցը շարունակում էր
պաշտոնական ուղղությունը և մեծ տեղ էր հատկացնում իրավական ու բարոյական
արժեքներին: Իսկ իրական քաղաքականության դպրոցը հանդես էր գալիս ուժերի
հավասարակշռման ու ազգային շահերի դիրքերից` քննադատելով ԱՄՆ-ի արտաքին
քաղաքական որոշ գործողությունները: Առանձնահատուկ էր վերաբերմունքը սառը
պատերազմի նկատմամբ, որին անդրադառնում էին բոլոր ուղղությունները:
Ուշադրության էր արժանի քաղաքական իդեալիզմի ներկայացուցիչ Ս. Ե. Գլիսոնի
«Չհայտարարված պատերազմ» երկհատորյա աշխատությունը: Սառը պատերազմի
ժամանակաշրջանում կառավարության ու պետական մարմինների աջակցությամբ
ստեղծվեց բանակի պատմության նվիրված 100 հատորով աշխատությունը: Այստեղ
ներկայացված էր բանակի, ավիացիայի ու նավատորմի ողջ պատմությունը:
60-80-ական թթ. ամերիկյան պատմագրության մեջ ևս նկատվեցին տեսական-
մեթոդոլոգիական փոփոխություններ: Ուշադրություն դարձվեց ինդուստրիալ ու նոր
ինդուստրիալ գաղափարներին: Հասարակության մեջ նկատվեց լիբերալիզմի վերելք, որը
ներկայացրեց Ջ. Գելբրեյտը: Վերջինիս հայացքները ամփոփված են «Նոր ինդուստրիալ
հանրություն» աշխատության մեջ, որտեղ հեղինակը առաջարկում է յուրահատուկ
պատմական կոմպրոմիս կապիտալիզմի ու սոցիալիզմի միջև: 70-80-ական թթ.
ամերիկյան պատմագրության մեջ ակտիվացավ արմատական-դեմոկրատական
ուղղությունը, որը կրում էր «նոր պատմագիտական ուղղության» ազդեցությունը: Այս
ուղղության ներկայացուցիչները ուսումնասիրում էին Ամերիկյան հեղափոխությունը,
քաղաքացիական պատերազմի ու վերականգնման ժամանակաշրջանները: Այս հարցերի
քննարկմանն է անդրադարձել Յուջինա Ջենովեզը իր «Ստրկության քաղաքական
տնտեսությունը: Հեղափոխական Հարավի տնտեսության ու հասարակության
ուսումնասիրությունը» մենագրության մեջ:
«Նոր պատմագիտության» մեջ հին գաղափարների կրողը համարվում էր «նոր
տնտեսական պատմագիտական» ուղղությունը: Այստեղ քննարկվում էի
արդյունաբերական հեղաշրջման և ինդուստրիալ հասարկության ձևավորման
պատմությունը: Նման ուսումնասիրություններով հայտնի էին պատմաբաններ Դ.
Էտակը, Գ. Կլարկը և ուրիշներ: 70-ական թթ. Ամերիկայում լայնորեն տարածվեց
նեոպահպանողականությունը, որն իր զարգացման գագաթնակետին հասավ 80-90-
ական թթ., երբ ձևավորվեց հանրապետական Ռեյգանի, ապա Բուշի կառավարությունը:
Հայտնի պատմաբաններն էին Ռ. Բերտոֆը և Ռ. Կերկը: Վերջինիս հայտնի
աշխատությունն է «Ամերիկյան համակարգի արմատները»: Նեոպահպանողականները
ևս մեծ ուշադրություն էին դարձնում բարեփոխումների քաղաքականությանը,
հատկապես Ռուզվելտի «նոր կուրսին»:
70-80-ական թթ. արմատական-դեմոկրատական ուղղության ուսումնասիրման
հիմնական թեմատիկան հանդիսանում էր արտաքին քաղաքականության
պատմությունը: Քննարկվող հարցերի հայտնի մասնագետն էր Ուիլյամ Է. Ուիլյամսը, որի
հայտնի աշխատությունն էր «Ամերիկյան դիվանագիտության ողբերգությունը»: Այս
ուղղության ներկայացուցիչները անդրադառնում էին իմպերիալիզմին, նրա
նվաճողական բնույթին, սոցիալական խնդիրներին և, հատկապես տնտեսական
ճգնաժամերին: Նման թեմատիկան քննարկվել է Ու. Լաֆիբերի «Նոր կայսրություն» և Տ.
Մակկորմիկի «Չինական շուկա» աշխատություններում:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Гуревич А.Я., Историк конца ХХ века в поисках метода, М. 1996, էջ 199-267.


2. Репина Л. П., <<Новая историческая наука>> и социальная история, М., 2009, էջ
75-234.
3. Հովհաննիսյան Ս., Աննալների դպրոցը 21-րդ դարի շեմին «Քննադատական
շրջադա՞րձ», թե՞ ճակատային վերադասավորում, «Վէմ» համահայկական
հանդես, 2 (2022), Էջ 62-80.
4. Հովհաննիսյան Ս., Աննալների դպրոցը և պատմության գրության կերպերը,
Եր., 2022.

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ս. Հովհաննիսյան, Աննալներիդպրոցիայլացումը. "Նորպատմագիտություն"։


Մասառաջին։Հետկառուցաբանականհայեցակարգըևպատմության "քանակային"
կամ "շարային" ըմբռնումը, Վէմհամահայկականհանդես, Դ (Ժ) տարի, 2012, թիվ 1
(37) հունվար-մարտ, “Վէմհանդես” ՍՊԸհրատարակչություն, Ե., էջ 62-83:
2. Foner, Eric, and Lisa McGirr, eds. American History Now (2011).

You might also like