You are on page 1of 6

1) Կլասիցիզմի ուղղության ստեղծման պատմական նախադրյալները։

Սկսած XVII դարից շատ ազգային գրականություններում ընդհատումներով


տարածվում և զգալի դեր է կատարում կլասիցիզմի գեղարվեստական մեթոդը։
Նախապես կլասիցիզմը տիրապետող դիրք գրավեց ֆրանսիական գրականության
մեջ, ապա տարածվեց նաև արևմտաեվրոպական մյուս երկրներում, Ռուսաստանում,
ինչպես և հայ իրականության մեջ։ Սակայն այդ մեթոդի ամենալրիվ և կատարյալ
արտահայտությունը մնաց XVII դարի ֆրանսիական գրականությունը։ Այդ դարի
գրեթե բոլոր նշանավոր ֆրանսիացի գրողները մեծ կամ փոքր չափով կապված էին
կլասիցիզմի ստեղծագործական սկզբունքների հետ։ Կլասիցիզմի առաջացման և
տարածման հասարակական հիմքը այն ժամանակ Ֆրանսիայում ստեղծված
միապետական կարգերն էին, որոնք հատկապես ուժեղացան Լյուդովիկոս XIV-ի
երկարատև թագավորության տարիներին։ Միապետությունը ձգտում էր իրեն
ենթարկել երկրի քաղաքական, տնտեսական և կուլտուրական կյանքի բոլոր կողմերը։
Գաղափարախոսության բոլոր տեսակները, այդ թվում արվեստն ու գրականությունը,
ծառայեցվում էին գոյություն ունեցող կարգերի ամրապնդմանը։ Պետության և
պաշտոնական գաղափարախոսության ակտիվ միջամտության և ազդեցության
պայմաններում գոյացավ կլասիցիզմի ուղղությունը՝ իր ստեղծագործական
պրակտիկայով ու տեսությամբ։

2) Կլասիցիզմի ուղղության գեղագիտությունը։


Այդ ուղղությունը կլասիցիզմ կոչվեց այն պատճառով, որ նրա ներկայացուցիչները
ձգտում էին նմանվել կլասիկներին, այսինքն՝ հին հունական և հռոմեական
գրականությանը։ Անտիկ գրականությունից նրանք շատ բան էին վերցնում՝ թեմաներ,
սյուժեներ, կերպարներ, դիցաբանական անուններ և արտահայտություններ։ Անտիկ
գրականությանը հետևելը մեխանիկական բնույթ չուներ, այլ միջոց էր ժամանակակից
կյանքից հարցեր արծարծելու համար։ Հին կերպարներն ու սյուժեները
արդիականացվում էին, արտահայտում նոր ժամանակի մարդու հոգեբանությունն ու
զգացմունքները։ Կլասիցիզմի կարևորագույն գծերից մեկը բանականության սկզբունքն
էր։ Հետևելով Դեկարտի փիլիսոփայությանը, կլասիցիզմի տեսաբանները պահանջում
էին ամբողջ ստեղծագործական աշխատանքը ենթարկել բանականության խիստ
օրենքներին։ «Թո՛ղ իմաստը ձեզ համար ամեն ինչից թանկ լինի», - դիմելով գրողներ
ասում էր Բուալոն։ Այդ պահանջն իր դրական դերը խաղաց, քանի որ
ստեղծագործության մեջ մտցնում էր հստակություն, տրամաբանական և ներդաշշնակ
կառուցվածք։ Սակայն արվեստի խնդիրը համարելով երևույթը բանականության
օրենքների համաձայն վերլուծելն ու բացատրելը՝ կլասիցիստները հաճախ ընկնում
էին միակողմանիության մեջ, անտեսում էին երկի հուզական հագեցվածությունը։ Դրա
հետևանքով կերպարները դառնում էին չոր, դատողական, կենդանի
հուզականությունից զուրկ։ Սուբյեկտիվորեն կլասիցիստները ձգտում էին
գեղարվեստական ճշմարտության։ Իրականության լայն և համակողմանի ըմբռնումը
կլասիցիստները փոխարինում էին սոսկ սոսկ «գեղեցիկ բնությամբ»՝ դրա մեջ
հասկանալով միայն ազնվականության և բուրժուական վերնախավի կյանքը և
արհամարհաբար երես թեքելով ժողովրդի կյանքի արտացոլման խնդրից։ Կերպարի
մեջ կլասիցիստն ամենից առաջ աշխատում էր հայտնաբերել բնավորության որևէ մեկ
հիմնական հատկանիշ։ Այդ գիծն ավելի հստակ արտահայտելու համար մի կողմ էին
դրված կերպարի մյուս հատկանիշները։ Գրողները խուսափում էին հերոսին անմիջար
գործողության մեջ ցուցադրելուց, դեպքերն ավելի շատ պատմվում էին, քան թե
ուղղակի պատկերվում։ Լեզվի հարցում կլասիցիստները պաշտպանում էին
հստակության, տրամաբանական կառուցիկության և մատչելիության սկզբունքը։

3) Ռոմանտիզմի ուղղության ստեղծման պատմական նախադրյալները։


Սկսած 18-րդ դարից եվրոպական գրականության մեջ առաջանում են կլասիցիզմին
հակադրվող մի շարք հոսանքներ որոնք վճրականորեն մերժում են
ստեղծագործությանը կաշկանդող կանոններն ու օրենքները: Այդ հոսանքներից էր
սենտիմենտալիզմը կամ նախառոմանտիզմը որը իր բոլոր հիմնական գծերով
հակադրվում էր կլասիցիզմին: Հենց սենտիմենտալիզմի հիման վրա էլ ի հայտ եկավ
ռոմանտիզմը: Ռոմանտիզմի ստեղծման ժամանակաշրջանը համընկավ 1789թ.
Ֆռանսիական հեղափոխության հետ: Սակայն բուրժուական հեղափոխությունը
ամենեվին չարդարացրեց այն հույսերն ու ակընկալումները որոնք ունեին
հասարակության տարբեր խավերը: Սոցիալական անհավասարությունը ուժեղացավ,
ժողովուրդները ստացան տեռոր, բռնապետություն և պատերազմներ: Ռոմանտիզմը
եղավ բուրժուական հեղափոխության արդյունքներից հասրակության տարբեր
դասակարգերի հիասթափության, դժգոհության գեղարվեստական արտահայտումը:
Առաջին ռոմանտիկները արտահայտում էին անցումային դարաշրջանի մարդկանց
տագնապալից, անհանգիստ, հակասական ներաշխարհն ու կենսական վիճակները:

4) Ռոմանտիզմի ուղղության գեղագիտությունը։


Ռոմանտիզմը ելնում է իրականության և իդեալի սուր հակադրության
գիտակցությունից: Գեղեցիկ ու վսեմ իդեալը, որը այնքան ուժեղ է ռոմանտիկ գրողի
հոգում բոլորովին չի համապատասխանում շրջապատին: Այստեղից էլ բխում է
գոյություն ունեցող իրականության ակտիվ ժխտման և ցանկալի իդեալի անվերապահ
հաստատման այն մեծ կիրքը որը շատ բնորոշ է ռոմանտիզմին: Ռոմանտիկական
կերպարը ոչ միայն իրականության որոշ կողմերի արտացոլումն է այլև իր վրա կրում է
գրողի ցանկությունը, երազանքի կնիքը: Ռոմանտիզմի կարևորագույն գծերից մեկը
կյանքն իդեալի համապատսխան վերակերտելու , վերափոխելու ձգտումն է: Այս
բոլորով պայմանավորված է կյանքի բացառիկ, արտակարգ ու անսովոր երևույթներն
ու դեմքերը պատկերելու ռոմանտիկական ձգտումը: Ռոմանտիկական կերպարները
միշտ բարձրանում են առօրյա մարդկանցից իրենց բնավորությամբ, հոգեբանությամբ
ու վարքագծով: Ռոմանտիզմին բնորոշ գծերից մեկն էլ սուբյեկտիվությունն է,
հեղիանակի ակտիվ միջամտությունը: Հերոսը զարգանում է այնպես ինչպեոս
հեղինակն է ցանկանում: Հաճախ սուբյեկտիվությունը հանգեցնում է հեղինակի և
հերոսի քնարական նույնացման, երբ ջնջվում է նրանց միջև եղած սահմանները:
Այսինքն հերոսն արտահայտում է հեղինակի հեղինակի նվիրական խոհերն ու
զգացմունքնրը: Ռոմանտիկները հանդես եկան ստեղծագործության ազատության
պահանջով, մերժելով կլասիցիզմի կաշկանդիչ օրենքները: Մեծ էր ռոմանտիկների
հետաքրքրությունը պատմության նկատմամբ: Ռոմանտիկ գրողները հաճախ
արդիականացնում էին անցյալի կերպարներն ու սյուժեները, նրանց վերագրում
ժամանակակից հատկանիշներ:
5) Կլասիցիզմի-ռոմանտիզմի տարբերությունները։
Կլասիցիզմը լինելով հիմնված կանոնների և օրենքների վրա խստորեն մնում էր
դրանց սահմաններում և այն հեղինակները որոնք խախտում էին այդ օրենքերը
արժանանում էին անարգանքի: Ռոմանտիզմը գալով փոխարինելու կլասիցիզմին
չուներ որևէ սահման և հեղինակը ազատ էր իր մտքերի ու հույզերի արտահայտման
մեջ: Կլասիցիզմի կերպարները ունեին բնավորության միայն մեկ գիծ և հիմնականում
անշարժ էին ու չէին զարգանում, մինչդեռ ռոմանտիզմի հեղինակի կերտած կերպարը
ուներ բնավորության մեկից ավել գծեր, սակայն դրանք բոլորը դրական էին և
պատկերում էին հեղինակի հույզերն ու մտքերը արտահայտող իդեալական հերոսին:
Կերպարը անընդհատ զարգանում էր ի հակադրություն կլասիցիզմի կերպարի: Եթե
կլասիցիստ գրողները իրենց սյուժեն, թեման և կերպարը վերցնում էին անտիկ
ժամանակի պատմություններից և իդեալականացնում էին անցյալը, ապա
ռոմանտիկները հաճախ վերցնում էին պատմական կերպարների և
արդիականացնում էին դրանք, նրանց վերագրում ժամանակակից հատկանիշներ:

6) Ռեալիզմի ուղղության գեղագիտությունը։


Ռեալիզմն աչքի է ընկնում գրական ձևերի ու միջոցների արտակարգ
բազմազանությամբ, կյանքի ճշմարտությունը բացահայտելու առավել մեծ
հնարավորություններով։
Թե երբ է առաջացել ռեալիզմը, կան տարբեր կարծիքներ: Սակայն ռեալիզմի սկիզբը
համարված է ընդունել 19-րդ դարի երկրորդ քառորդը: Այդ ժամանակից է որ ռեալիզմը
դառնում է գրականության գերիշխող, ձևավորված և կազմավորված ուղղություն:
Ռեալիստ գրողը ներկայացնում է կյանքը այնպես ինչպես որ այն կա, սակայն
մեխանիկորեն չի կրկնում իրադարձությունները, այլ ստեղծում է տիպական
կերպարներ, տիպական իրավիճակներում: Իրականությունը նույնությամբ կրկնող
գրական ժանրը կոչվում է նատուրալիզմ:
Ռեալիզմի գրականության հերոսները հիմնականում հանդիսանում են տվյալ
ժամանակի ինչ-որ խավի կամ մասնագիտության հավաքական կերպարներ, ցույց
տալով նրանց հիմնական գծերը:
Ռեալիզմի համաշխարհային գրականության վառ ներկայացուցիչներից են ` Օնօրե դը
Բալզակը, Գի դը Մոպասանը, Ջեկ Լոնդոնը և այլոք:
Հայ գրականության ռեալիստ գրողներից են ` Շիրվանզադեն, Նար-Դոսը, Գաբրիել
Սունդուկյանը, Հակոբ Պարոնյանը և այլոք:
7) Էպիկական սեռ, նրա առանձնահատկությունները։
Սյս սեռի երկերում կյանքի երևույթները պատկերվում են իբրև օբյեկտիվորեն,
հեղինակից անկախ գոյություն ունեցող փաստեր: Ըստ ձևի էպիկական
ստեղծագործության մեջ ամեն ինչ պատմվում է այնպես,որ կարծես դա տեղի է ունեցել
կյանքում իսկ հեղինակն ինչ-որ կերպ տեսել, իմացել է այդ մասին: Այս սեռի երկերում
հեղինակային պատմությունը զուգակցվում է հերոսների ուղղակի խոսքի հետ:
Էպիկական սեռի ստեղծագործությունների մեջ հանդես են գալիս օբյեկտիվ
մարդկային կերպարներ` իրենց բնավորության և փոխադարձ կապերի կոնկրետ
գծերով: Էպիկական սեռի հերոսների մասին պատկերացում կազմում ենք
բացարապես գործողություններով և արարքներով: Էպիկական
ստեղծագործությունները արձակ են, ունեն սյուժե, դեպքերի զարգացում և ընթացք:

8) Էպիկական սեռի հիմնական ժանրերը, դրանց համառոտ բնութագիրը։


Դիցաբանական զրույց. Առաջացել են այն ժամանակ, երբ մարդկանց գիտակցության
մեջ դեռևս տիրապետում էին դիցաբանական պատկերացումները: Մարդիկ
չկարողանալով ճիշտ հասկանալ ու բացատրել բնության երևույթները դրանք
վերագրում էին գերբնական ուժերին: Նման զրույցների օրինակներ են ` Հերկուլեսի,
Իկարի, Արա Գեղեցիկի, Տորք Անգեղի հետ կապված պատմությունները:

Առասպել. Հնագույն առասպելներում արտացոլվել են տվյալ ցեղի կամ ժողովրդի


կարևորագույն դեպքերը, թշնամիների հետ ունեցած բախումները: Սակայն այդ
արտացոլումները ստացել են չափազանցված, գերբնական տեսք: Նմանատիպ
առասպելներ են ` Հայկ և Բել, Տիգրան և Աժդահակ, Արտաշես և Աժդահակ:

Լեգենդ. Լեգենդը միջին դարերում ծագած, նախորդ երկու տեսակներին շատ մոտ
էպիկական ժանրի տեսակ է: Դրանք սովորաբար հյուսվում էին քրիստոնեական
եկեղեցու նշանավոչ գործիչների սուրբ արարքների, տանջձանքների ու մահվան
շուրջ:

Ավանդություն. Փոքրածավալ, արձակ ստեղծագործություններ են, որոնցում մարդիկ


յուրովի մեկնաբանել են բնության երևույթների ծագումն ու
առանձնահատկությունները, ստուգաբանել աշխարհագրական տեղանունները,
բացատրել քաղաքների ու գյուղերի, բերդերի ու կամուրջների, վանքերի և այլնի
ստեղծման հանգամանքները: Նմանատիպ ավանդություններ են ` Փարվանան,
Ախթամարը, Թմբկաբերդի առումը և այլն:

Հեքիաթ. Կան հեքիաթների մի քանի տեսակներ: Կենդանական հեքիաթներում


մարդիկ արտահայտել են իրենց պատկերացումները կենդանիների վարքագծի մասին
և այլաբանորեն ակնարկել են մարդկային այս կամ այն հատկանիշը: Կախարդական
հեքիաթներում նկարագրվում է բարու և չարի պայքարը, որտեղ բարին միշտ հաղթում
է: Կան նաև իրապատում հեքիաթներ որոնցում արտացոլվել են ժողովրդի կյանքի և
կենցաղի մասին տարբեր պատմություններ:

Էպոս. Բանահյուսական ժանրերից ամենախոշորն է: Այլ կերպ նաև անվանում են


վիպերգություն, դյուցազներգություն: Էպոսը ժողովրդի հավաքական հանճարի
ամենացայտուն արտահայտումն է, նրա պատմության հերոսական էջերը, նրա
խպայքարն ու իդեալները, ազատության ու արդարության ձգտումը: Կազմվել են
ժողովրդի երգերից ու զրույցներից: Սրա օրինակներից են Հունական Իլիականն ու
Ոդիսականը, Հայկական Սասնա Ծռերը, Ռուսական Իլյա Մուրոմեցը, Ֆրանսիական
Ռոլանդի Երգը և այլն:

Վեպ. Վեպը` մեծ ծավալի պատմողական, արձակ ստեղծագործություն է, որտեղ


կարող ենք հանդիպել մեծ քանակով կերպարներ, սյուժետային մեկից ավել գծեր:
Վեպի հիմնական գիծը այն է որ այն արտացոլում է ոչ թե կյանքի մեկ առանձին կողմ
կամ վիճակ, այլ համեմատաբար լայն, բազմակողմանի իրդարություն: Վեպը ոչ թե
սոսկ վերարտադրում է իրադրությունը այլ նաև վերլուծում, բացահայտում է նրա
հասարակական, բարոյական, անձնական արմատները, լայնորեն ցույց է տալիս
տվյալ երևույթի ներքին պատճառական կապերը: Վեպը հաճախ անվանում են
համադրական գրական ժանր:
9) Քնարական սեռ, նրա առանձնահատկությունները։
Կյանքի վերարտադրության բնույթն այստեղ զգալի չափով այլ է։ Քնարերգու
բանաստեղծն արտացոլում է իրականությունը ոչ թե էպիկական կերպարներ և
գործողություններ ստեղծելով, այլ իր ստացած տպավորությունների, խոհերի,
զգացմունքների վերարտադրության միջոցով։ Լիրիկայի բովանդակության այդ
հուզական, զգացմունքային բնույթն է պատճառը, որ քնարական երկերը, հազվադեպ
բացառությամբ, չափածո ձև են ունենում։ Քնարերգության մեջ օբյեկտիվ
իրականությունը ծավալուն կերպով, ուղղակիորեն չի պատկերվում, բայց մենք միշտ
տեսնում ենք այն տպավորությունը, որ նա առաջացնում է անհատի հոգում։ Այն
իրականության արձագանքն ու պատկերն է՝ դրոշմված բանաստեղծի հոգում։
Քնարական պոեզիայի տեսադաշտը շատ լայն է, անսահմանափակ։ Բանաստեղծը
կարող է արձագանքել ոչ միայն այսպես կոչված «անձնական թեմաներին», այլչ
ժամանակի քաղաքական և սոցիալական կյանքի բոլոր հարցերին։ Անհրաժեշտ է
միայն, որ բոլոր դեպքերում պահպանվի նրանց վերարտադրության քնարական
եղանակը, այսինքն՝ հասարակական մեծ խնդիրները վերապրվեն բանաստեղծի
կողմից, դառնան նաև խորապես անձնական հարց։ Քնարական հերոսը տարբերվում է
վեպի, պատմվածքի կամ դրամայի մեջ պատկերվող կերպարներից նրանով, որ նա
մեր առջև բացահայտում է ոչ թե ամբողջական գործողության, այլ հոգեկան-
զգացմունքային առանձին վիճակների մեջ, բնութագրվում է իր ներաշխարհի,
ապրումների տեսակետից։ Ի տարբերություն էպիկականի, քնարական
ստեղծագործություններում սովորաբար բացակայում են հանգամանորեն պատմվող
դեպքերը, այսինքն՝ սյուժեն։ Բանաստեղծը, իհարկե, կարող է նկարագրել արտաքին
աշխարհի ինչ-որ կողմերի, հիշատակել որոշ դեպքեր։ Բայց դա արվում է, որպեսզի
ավելի լրիվ արտահայտվեն քնարական հերոսի հոգեվիճակն ու ձգտումները։

10) Դրամատիկական սեռ, նրա առանձնահատկությունները։


Դրամատիկական սեռի երկերը, որոնք կոչվում են պիեսներ, նույնպես ունեն իրենց
բովանդակության և ձևի որոշակի առանձնահատկությունները։ Թատերգու հեղինակը
ոչ թե պատմում է դեպքերի և հերոսների մասին, այլ ուղղակիորեն ցուցադրում է այդ
ամենը մեր առջև։ Դրաման ամբողջովին կառուցվում է գործող անձանց խոսակցության
վրա և զուրկ է հեղինակային խոսքից։ Դրաման մի տեսակ երկակի բնույթ ունի․ այն
հավասարապես պատկանում է և՛ գրականությանը, և՛ թատերական արվեստին,
հետևաբար, կարող է ճիշտ հասկացվել միայն այդ տեսանկյունից։ Թատրոնի հետ
ունեցած կապից է բխում նաև պիեսների յուրահատուկ կառուցվածքը։ Նրանք
բաժանվում են մի քանի գործողության։ Պիեսը գործողությունների բաժանելը
անհրաժեշտ է ներկայացման ժամանակ ընդմիջումներ տալու, դեկորացիանները
փոխելու համար։ Դրաման ավելի, քան գրական որևէ երկ, պահանջում է լարված,
ամբողջական գործողություն, որոշակի կոնֆլիկտ, դեպքերի նպատակասլաց ընթացք։

11) Դրամատիկական սեռի ժանրերը, դրանց համառոտ բնութագիրը։


Ողբերգություն։ Ողբերգությունը գրական-թատերական այն ժանրն է, որի մեջ առավել
լրիվությամբ արտացոլվել են իրականության ողբերգական կողմերը, հասարակության
առաջընթացի համար մարտնչող ու զոհվող հերոսի վեհ գծերը։
Ողբերգությունն արծածում է քաղաքական և բարոյական մեծ հարցեր, կատարում
վիթխարի ընդհանրացումներ, որոնք նշանակությունը չեն կորցնում շատ սերունդների
համար։ Մեծ է նրա դաստիարակիչ ազդեցությունը։ Կարեկցանք առաջացնելով
գլխավոր հերոսի դժբախտ ճակատագրի համար, ողբերգությունը միաժամանակ
տոգորում է մեզ գեղագիտական ու բարոյական բարձր իդեալներով։

Կատակերգություն։ Կատակերգությունը գրականության բուն երգիծական ժանրերից


ամենից խոշոր է։ Նրա ժանրային ամենաբնորոշ գիծը երգիծական բովանդակության
պարտադիր առկայությունն է։ Կատակերգության հեղինակը կյանքի արտացոլում է
երգիծական վերաբերմունք առաջացնել դրանց նկատմամբ։ Կատակերգության, իբրև
երգիծական ժանրի համար շատ հատկանշական է չափազանցությունից, նույնիսկ
գրոտեսկից օգտվելը։ Կերպարների և վիճակների ծիծաղելի կողմերը ցույց տալու
համար կատակերգության հեղինակը դիտմամբ խտացնում է գույները, ստեղծում է
պատկերներ, որոնք տառացի ճշմարտության տեսակետից հազիվ թե հավանական են,
բայց գեղարվեստորեն ճշմարտացի են և տիպական։

Դրամա։ Դրամայի ժանրը ողբերգության և կատակերգության միջին տեղն է գրավում։


Դրաման ավելի ազատ է իր ընտրած կենսական նյութով և կառուցվածքով։ Այն ձգտում
է պատկերել կյանքի սուր կոնֆլիկտները, հոգեբանական և սոցիալական
հակասությունները՝ իրենց ամբողջ բնական բազմազանությամբ, իրական
շրջապատով և հանգամանքներով։ Դրամայի մեջ կարող են տեղ գտնել և՛ կոմիկական,
և՛ ողբերգական դրություններ, բայց դրանք չեն դառնում իրականության արտացոլման
տիրապետող սկզբունք, հատկապես չեն խտացվում, այլ ցուցադրվում են կյանքի
ընդհանուր հոսանքի մեջ՝ ուրիշ, ավելի սովորական վիճակների շարքում։

12) Գրական սեռեր, դրանց համառոտ բնութագիրը։


Էպիկական սեռ։
Քնարական սեռ։
Դրամատիկական սեռ։

You might also like