You are on page 1of 5

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԽՈՍՔԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

ԳԵՂԵՑԿԱԽՈՍՈՒԹՅԱՆ «ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»

Գաղափար ճարտասանության մասին: Դեռևս վաղնջական ժամանակներից տարբեր


ժողովուրդների կողմից հատուկ ուշադրություն է դարձվել բանավոր խոսքին: Հին հույները
մշակել են հրապարակային խոսքի ուսմունքը, որ կոչվում է ճարտասանություն:

Հայերեն ճարտասան և ճարտասանություն բառերը հունարեն հռետոր կամ հռետորիկե


բառերի թարգմանությունն են:

Հին հայերը ճարտասանությունը հասկացել են որպես ճարտար խոսելու արվեստ: Եթե


քերականությունը նպատակ ունի սովորեցնելու ճիշտ գրել ու խոսել, ապա ճարտասանությունը
սովորեցնում է ճարտար գրել և հատկապես խոսել: Ճարտար խոսել նշանակում է ոչ միայն
ճիշտ, այլև ներգործուն խոսել, կարողանալ ազդել ունկնդիրների վրա, նրանց համոզել, մղել
գործողության:

Համոզիչ լինելու համար ճարտասանը պետք է ճիշտ տրամաբանի, խուսափի


տրամաբանական սխալներից և կարողանա բացահայտել ընդդիմախոսների տրամաբանական
սխալները:

Հրապարակային խոսքի տեսակները: Ճարտասանության կիրառության հիմնական


ոլորտներն են հրապարակային խոսքի այնպիսի տեսակները, ինչպիսիք են դասախոսությունը,
զեկուցումը, ճառը, ելույթը:

Դասախոսությունը կարող է լինել միանգամյա և բազմանգամյա:

Բազմանգամյա են բուհերում և այլ ուսումնական հաստատություններում կարդացվող


դասախոսությունները, որոնք համակարգված գիտելիքներ են տալիս ուսանողներին և
ունկնդիրներին:

Այլ է վիճակը միանգամյա, հրապարակային դասախոսության դեպքում, երբ լսարանը կարող է


բաղկացած լինել տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանցից:

Զեկուցումը կարող էլինել հանդիսավոր, գործնական, հաշվետու և գիտական:

Հանդիսավոր զեկուցումը կարդացվում է որևէ իրադարձության, տոնակատարության


ժամանակ, գործնականը՝ կոլեկտիվներում և կազմակերպություններում որևէ գործնական
հարցի շուրջ, հաշվետու զեկուցումը՝ ղեկավար և պատասխանատու անձի կողմից
գործունեության ընդհանուր արդյունքների մասին, գիտական զեկուցումը՝ գիտաժողովներում
այս կամ այն հարցի լուծման, փորձերի և հայտանագործությունների, գիտական նորույթների և
նվաճումների մասին:

Ճառերը և ելույթները ներկայացվում են ժողովներում, հանրահավաքներում, քաղաքական


հավաքույթներում, դատարաններում:

Հրապարակային խոսքի նախապատրաստումը: Հին աշխարհի շատ ճարտասաններ


նախապես գրում էին խոսքը, անգիր սովորում և արտասանում: Կան դեպքեր, երբ խոսքը գրվում
է, բայց ճարտասանը անգիր չի անում, գրելն օգնում է նրան մտքերը հավաքելու համար. այս
դեպքում գրածին հավելում է հանպատրաստից ստեղծագործությունը, իսկ երկուսի միավորումը
ազդեցիկ է դարձնում խոսքը: Նախապատրաստված խոսքը գերադասելի է:

Հրապարակային խոսքի ներրգործության պայմաննեը: Լավ խոսելը դեռևս բավական չէ


խոսքը ունկնդիրներին հասցնելու և նրանց վրա ազդելու համար: Հարկավոր է բովանդակալից
խոսել և խոսքը ներգործուն դարձնելու համար օգտագործել համապատասխան միջոցներ:
Խոսքը ներգործուն լինելու համար պետք է լինի տեղին, այսինքն՝ համապատասխանի խոսքի
առարկային, լսարանին և խոսողին:

Խոսողը պետք է պատկերացնի խոսքի առարկան և ունկնդիրը համոզվում են, որ խոսողն


ավելին գիտի, քան ասում է:

Ճարտասանը պետք է իմանա, թե ինչ լսարանի հետ գործ ունի, որքանով է շահագրգռված
խոսքի առարկայով:

Հրապարակային խոսքի հեղինակը պետք է խոսի այնպիսի նյութերի որոնք թույլ են տալիս
անձնական հատկությունները: Օրինակ՝ ոչ կատարյալ բարոյական կերպար ունեցողը չի կարող
զեկուցում կարդալ բարոյականության մասին, խոսողը պիտի ունենա անձնական այնպիսի
հատկություններ, որ կասկած չառաջանա նրա ասածների վերաբերյալ:

Ապացուցումը տվյալ մտքի հիմանվորումն այն փաստերի միջոցով, որոնց ճշմարտությունն


ակնհայտ է կամ ապացուցված: Ապացուցման գործողությունն իրականացվում է երեք մասվ՝
դրույթ, փաստարկ և ցուցադրում:

Դրույթն այն միտքն է, որն անհարժեշտ է ապացուցել:

Փաստարկն այն միտքն է, որով ապացուցվում է դրույթը:

Ցուցադրումը փաստարկների և դրույթի կապի դրսևումն է:

Ա. Ապացուցվող դրույթ: Երբ առաջ է քաշվում որևէ դրույթ, ճարտասանը պետք է համոզված
լինի դրա ճշմարտության մեջ և այդ բանում աշխատի համոզել ունկնդիրներին: Դրույթը պետք է
ձևակերպել ճշգրիտ և հստակ, ունկնդիրների համար հասկանալի ձևով: Ճարտասանը ոչ միայն
ինքը պետք է կիրառի այս սկզբունքը, այլև պահանջի նույնը բանավիճողից:

Ապացուցման ընթացքում դրույթը չպետք է փոխվի: Դրույթի անտեսման տրամաբանական


սխալը կարող է հանդես գալ ակամա կամ միտումնավոր կերպով: Կողմերից մեկը կարող է
դրույթը փոխել՝ զգալով ընդդիմախոսի դրույթի վտանգավորությունը և փորձ անել՝ շեղելու նրա
ուշադրությունը:

Դրույթը պետք է զերծ լինի հակասականությունից. այն կարող է խոսողին մատնել


անհաջողության: Ընդհակառակը, ցույց տալ ընդդիմախոսի դրույթի հակասականությունը
նշանակում է կանխորոշել նրա պարտությունը:

Բ. Փաստարկներ: Փաստարկները հավաստի երևույթների արձանագրումներ են, արդեն


ապացուցված մտքեր, անվիճելի ճշմարտություններ և ստուգված սահմանումներ: Սխալ
փաստարկներով չի կարելի ապացուցել որևէ դրույթ: Եթե դրույթը սխալ է, և նրա համար այս
բանն արվում է միտումնավոր կերպով, ունկնդիրին մոլորության մեջ գցելու համար:
Փաստարկների ճշմարտության սկզբունքի խախտումը հայտնի է «կեղծ հիմունք» կամ
«հիմնական մոլորություն» անուններով:

Գ. Ցուցադրում: Ցուցադրումը տեղի է ունենում երեք եղանակով՝ արտածություն (դեդուկցիա),


մակածություն (ինդուկցիա) և համաբանություն (անալոգիա):

Արտածությունը բոլոր մարդկանց, բոլոր առարկաների, բոլոր երևույթների մասին հայտնի


ճշմարտությունների տարածումն է առանձին մարդկանց, երևույթների, առարակների վրա
(Մարդը մահկանացու է: Սահակը, Պարթևը, Արբակը մահկանացու են):

Մակածությունը արտածության հակառակ երևույթն է. եղած փաստերի ընդհանրացումն է:

Համաբանությունը ցուցադրման այն եղանակն է, երբ տվյալ երևույթը համեմատության մեջ է


դրվում մի այլ առարկայի կամ երևույթի հետ, գտնվում են ընդհանուր գծեր, և դրանց հիման վրա
ենթադրվում է գծի կամ գծերի առկայությունը:

Ցուցադրման կանոնների խախտումը կարող է հանգեցնել տրամաբանական տարբեր


սխալների: Դրանցից առավել տարածվածը հապճեպ ընդհանրացումն է, որը կատարվում է
անբավարար փաստերի հիման վրա:

Խոսքի հուզականությունը: Ճշմարտությունը բացահայտելու խոսողի կարողությունը և


բարոյական հեղինակությունը շատ կարևոր են, բայց խոսքի ներգործությունը մեծապես աճում է,
երբ դրանց միանում է զգացմունքը:

Խոսքի հուզականության առաջին պայմանը ճարտասանի հուզվելու և իր հուզմունքը


ունկնդիրներին փոխանցելու կարողությունն է: Կրքոտ խոսքը վկայում է, որ խոսողի համար
ճշմարտությունը կյանքի խնդիր է և ոչ թե խոսքի սովորական առարկա: Խոսողը չպետք է անցնի
հուզականության սահմանը: Խոսողի հուզականությունը և կրքոտությունը սերտորեն կապված
են խոսքի նպատակադրման հետ: Սերը և ատելությունը կրքի հիմնական դրսևորումներն են, և
խոսողը պետք է կարողանա սեր հարուցել խոսքի առարկայի նկատմամբ կամ ատելություն
ներշնչել:

Հրապարակային խոսքի նպատակահարմար կառուցվածքը:

1. Սկիզբ (մուտք): Հրապարակային խոսքի սկիզբը կամ մուտքը պետք է հնարավորություն տա


ամենից ավելի նպատակահարմար ձևով ունկնդիրներին տրամադրել դեպի խոսքի
առարկան, գրավել նրանց ուշադրությունը և հենց սկզբից բարեկամական մթնոլորտ ստեղծել
ու համակրանք շահել: Հնարավոր է հրապարակային խոսքի մուտքի երկու տեսակ: Մի
դեպքում՝ ունկնդիրների ներքաշումը նյութի մեջ կատարվում է աստիճանաբար, մյուս
դեպքում՝ միանգամից: Սկիզբը կարող է լինել կարճ կամ երկար: Առաջին դեպքում մի քանի
խոսքով բացատրվում է ելույթի նպատակը, և բուն նյութը ներկայացվում է հիմնական
շարադրանքի մեջ, երկրորդ դեպքում խոսքի առարկան ներկայացվում է փոքր-ինչ
հանգամանորեն: Սկիզբը, ըստ նյութի բնույթի և առարկայի կարող է լինել անպաճույճ, պարզ
կամ՝ վսեմ, հանդիսավոր: Առաջինը հանդես է գալիս սովորական, հատկապես գործնական
բնույթի զեկուցումներում և ելույթներում, երկրորդը՝ հանդիսավոր դեպքերում:
2. Հիմնամաս: Հրապարակային խոսքի հիմանամասը նպատակահարմար կերպով շարադրելու
համար հարկավոր է լուծել երկու խնդիր: Առաջինը մատուցվող նյութի այնպիսի բաշխումն է,
երբ այն ամենից լավ է համապատասխանում խոսքի առարկային և ունկնդիրների վրա
ներգործելու նպատակին, երկրորդ խնդիրը ուշադրության սևեռումն է:
Հրապարակային խոսքը, նպատակներին համապատասխան, կարող է լինել
պատմողական, հաստատական և հերքողական:
Պատմողական խոսքը պետք է լինի պարզ և հասկանալի, համառոտ և զերծ ավելորդ
մանրամասներից, ճշմարտացի և հավատ ներշնչող, կենդանի և հետաքրքիր:
Հաստատողական խոսքի մեջ որոշակի ընտրությամբ և հետևողականությամբ
ներկայացվում են ճշմարտությունը հաստատող փաստարկները:
Հերքողական խոսքը նպատակ ունի պատասխանելու հնարավոր առարկումներին կամ չիք
դարձելու ընդդիմախոսի փաստարկները:
3. Ավարտ (ամփոփում): Հրապարակային խոսքը ունենում է ավարտ կամ ամփոփում՝ պարզ
(հասարակ) կամ հանդիսավոր (հուզական):
Պարզ կամ հասարակ ավարտի դեպքում խոսողը սովորական ձևով ամփոփում է խոսքը,
անում համառոտ եզրակացություններ:
Հանդիսավոր կամ հուզական ավարտի դեպքում ճարտասանը խոսքին տալիս է հուզական
երանգ, դիմում ճարտասանական բացականչությունների, անդրադառնալով ասածին՝
ուժգնացնում այն:

Գեղեցկախոսության «գաղտնիքները»

Ցանկացած խոսքում դրսևորվում են նրա գլխավոր արժանիքները.


-ուժը. հասցեատրիրոջ (ունկնդրի, ընթերցողի) կամքի, ցանկությունների վրա ներգործելու
ունակությունը,
-հարստությունը. հասցեատրիրոջ մտքի, գիտակցության վրա ազդելու կարողությունը,
- գեղեցկությունը. հասցեատրիրոջ ներաշխարհի, զգացմունքների վրա ազդելու ունակությունը:
Որպեսզի խոսքը կատարի իր գործառույթները, անհրաժեշ է, որ օժտված լինի
ա/ բովանդակությամբ
բ/ հաղորդման ձևի կատարելությամբ
Լեզուն գործադրելու հմտություններն ու կարողությունները ձեռք են բերվում բազմակի
վարժանքներով, իսկ ամենակարևորը՝ ընթերցանությամբ, քանի որ մարդը որքան էլ ինքնուրույն
գործադրի լեզվամիջոցները, միևնույնն է, նրա խոսքը դատապարտված է սահմանափակության,
եթե ընթերցանությամբ չի հաղորդակցվում լեզվաօգտագործման ուրիշների փորձին:
Բայց ինչպե՞ս լողալ բառերի ծովում: Դրա համար անհրաժեշտ է.
1. բառերն օգտագործել իրենց նշանակություններին համապատասխան.
2. ճիշտ ընտրություն կատարել բառային հոմանիշներից՝ ըստ դրանց ոճական արժեքի (շենքը
կառուցել, ոչ թե պատրաստել).
3. խուսափել ոչ գրական բառերի գործածությունից («դեմից ասի», փոխանակ՝ «նախապես
ասացի»).
4. խուսափել նույն բառերի կրկնությունից («նրա անվամբ է կոչվում լսարանի անունը»). այն
արդարացվում է միայն գիտական ոճում, որտեղ տերմինների կրկնությունն անխուսափելի է.
5. խուսափել մակաբույծ, ավելորդ բառերից.
6. խուսափել օտար բառերից, երբ կան դրանց հայերեն համարժեքները.
7. չծանրաբեռնել միտքը չափից ավելի բառերով, դա մտքի աղքատության նշան է, մանավանդ
ավելորդ ածականների շռայլումը թուլացնում է խոսքի ուժը.
8. ճիշտ կիրառել քերականական կանոնները, գործածել լեզվի նորմատիվ ձևերը ( տատու,
զբաղացնել, վիճվել, կապնվել, փոխանակ՝ տատի, զբաղեցնել, վիճել, կապվել ևն).
9. ճիշտ օգտագործել կապերը (մոտ, հետ, վրա, պես, համար, նման կապերի հետ գործածվելիս
առաջին և երկրորդ դեմքի դերանունները դրվում են տրական հոլովով, օր.՝ մեզ մոտ, քեզ վրա,
ձեզ հետ ևն).
10. խուսափել ավելադրություններից (դրեց ակնոցները, իրեն մտքում, թևատակին դրած, ոտքով
քացի տալ, փոխանակ՝ դրեց ակնոցը, մտքում, թևատակին, քացի տալ ևն).
11. խուսափել օտարաբան արտահայտություններից ( թեյի սեղան պատրաստել, փոխանակ՝
գցել, չեմ տեղավորվում ժամանակի մեջ, փոխանակ՝ ժամանակը չի հերիքում ևն).
12. խուսափել արհեստական, գրասենյակային, կաղապարային արտահայտություններից, որոնք
խոսքը զրկում են կենդանությունից:
Ընդհանրացնենք՝
ա/ խոսելուց առաջ մտածել,
բ/ չկրկնել բոլորին հայտնի ճշմարտությունները,
գ/ ծիծաղելի վիճակներում չհայտնվելու համար չխոսել անծանոթ թեմաներից,
դ/ խոսել կապակցված, տարամբանված, եզրակացությունը բխեցնել ասելիքի
բովանդակությունից,
ե/ չաղավաղել փաստերը, ասել ճշմարտությունը, որքան էլ տհաճ լինի ձեզ համար,
զ/ ավելորդաբանություններով չձգձգել ասելիքը, խնայել ունկնդրի ժամանակը,
է/ խոսել պարզ և հստակ,
ը/ դիպուկ և տեղին օգտագործել բառերը, չշեղվել քերականական ճիշտ ձևերից,
թ/ ընտրել խոսքն ասելու պատեհ պահը և ասելիքի ճիշտ ձևը,
ժ/ խոսքն համեմել լեզվաոճական պատկերավորման միջոցներով, թևավոր
արտահայտություններով, ասացվածքներով և դարձվածքներով. դրանց պակասը ճապաղ է
դարձնում խոսքը, իսկ ավելցուկը կարող է շինծու, ահեստական երանգ հաղորդել խոսքին.
անհրաժեշտ է պահպանել չափի զգացողությունը:

You might also like