You are on page 1of 8

7-րդ շաբաթ

ԹԵՄԱ՝ Քերականական հարստություն և բազմազանություն:


Շարահյուսական հոմանիշ կառույցներ:
1-ին դաս Քննարկման հարցեր

 Երկկազմ և միակազմ նախադասություններ


 Նախադասության բնույթի փոփոխության հետ կապված հոմանիշ
նախադասություններ /դրական և ժխտական, պատմողական և հարցական,
հարցական և հրամայական, հրամայական և պատմողական/

2-րդ դաս
 Պարզ և բարդ նախադասություններ
 Շաղկապական և անշաղկապ բարդ նախադասություններ

Նախադասության տարբերակային ձևեր կամ տեսակներ: Դրանցից յուրաքանչյուրն


ունի իր ոճական արժեքը:
Պարզ նախադասություններն առավել հատուկ են ժողովրդական խոսքին, պարզ,
հստակ, ճշգրիտ ձևակերպումների համար ունեն անփոխարինելի դեր: Երբ
անհրաժեշտություն կա խոսքը դարձնելու բազմաբովանդակ և տարողունակ, բարդ
կառույցների նշանակությունն անփոխարինելի է:
Երկկազմ նախադասություններն ապահովում են մտքի ճշգրտությունը,
հստակությունը, տեղ չեն թողնում այլասացության: Հաճախ են գործածվում գիտական
և պաշտոնական ոճերում: Մինչդեռ միակազմ նախադասություններն այս տեսակետից
«կաղում են»: Բայց դրանք էլ ունեն իրենց առավելությունը, հնարավորություն են
ստեղծում հստակ, համառոտ, հակիրճ խոսքի: Հաճախակի կիրառություն ունեն
խոսակցական ոճում և ԶԼՄ-ի լեզվում:
Բարդ ստորադասական նախադասությունները լավագույն միջոց են
դատողություններ, եզրահանգումներ, երևույթների պատճառահետևանքային կապերն
ու փոխպայմանավորվածությունը արտահայտելու, խոսակցին համոզելու համար:
Բարդ համադասականները խոսքին հաղորդում են որոշ հանդիսավորություն,
միօրինակություն, ներդաշնակություն, ավելի մատչելի են, հարմար միջոց են միտքը
ծավալելու համար: Միայն կամ գերազանցապես բարդ նախադասություններով
կազմված խոսքը վերամբարձ է, երբեմն ծանրաշունչ, դժվարընկալելի, թեև թվում է
ավելի լուրջ ու ազդեցիկ: Եվ հակառակը, միայն պարզ նախադասություններով
կազմվածները լինում են դյուրըմբռնելի, հստակ, բայց հանդիսավորությունից զուրկ,
հաճախ էլ պարզունակ: Լավագույնը դրանց ներդաշնակ համատեղումն է ըստ խոսքի
բովանդակության, ձևի, հրապարակվող նյութի, իրադրության, կողմերի Փոխհարաբե-
րության, նպատակադրման ևն:

Համանիշ շարահյուսական կառույցներ:


1. Դրական և ժխտական նախադասություններ: ժխտումը հաճախ հնչում է կտրուկ և
կոշտ, համապատասխան դրական բնույթի նախադասությունը մեղմացնում է խոսքի
այդ երանգը, խոսքի բովանդակային կողմը նկատելիորեն հարստանում է, որովհետև
վերաբերմունքային ինչ-ինչ նրբերանգներ են հավելվում հաղորդվող մտքին:
«Դատողությունը ճիշտ չէ»: - «Դատողությունը սխալ է», երկրորդը առավել
ժխտողական երանգ ունի: «Նա խելոք է» և «Նա հիմարներից չէ» զուգահեռ կառույց-
ներից երկրորդը արտահայտում է հավելական իմաստ, ակնարկում է խոսքի
առարկայի' խելոք լինելուց բացի նաև այլ հատկանիշներ (ճարպկություն,
խորամանկություն ևն) ունենալու հանգամանքը: Սովորական խոսքում դրանք ունեն
ոճական-արտահայտչական արժեք, իսկ խոսքի դրսևորման այլ ձևերում (օր.՛
պաշտոնականում) դրանցից մեկի կամ մյուսի ընտրությունը թելադրվում է խոսքի
ճշգրտությամբ, ինչպես, օրինակ՝ «Նման դեպքերում հանցակցության ինստիտուտը
առկա չէ (բացակայում է)», «Հակառակ դեպքում հանցակազմը առկա չէ
(=>բացակայում է)»:
Կան ժխտումով կազմվող ձևեր, որոնց տրվող և դրական, և' բացասական
պատասխանները հանգում են միևնույն դրական արդյունքին օր. «Դե՞մ չեք, որ Դրիմը
մտնի Ռուսաստանի կազմի մեջ» (Ո չ (=Դեմ չեմ): Այո՜ (=Դեմ չեմ)):
Ավելի հաճախ ժխտումը արտահայտվում է հարցով («Բա սա գո՞րծ է»: = «Գործ չէ»):
Հաստատումը կարող է արտահայտվել ժխտական նախադասությամբ՝
ճարտասանական հարցով («Այդ մասին ո՞վ չգիտի»: = «Այդ մասին բոլորը գիտեն»):
Դրական համանիշներ ունեն նաև պատմողական նախադասությունները («Լավ է
զգում իրեն»: = «Վատ չի զգում իրեն»): Խոսքին բազմազանություն է հաղորդում նաև
կրկնակի ժխտումը. «Այդ գործը չկատարելը չի խրախուսվում»: = «Այդ գործը
կատարելը խրախուսվում է»: Կրկնակի ժխտումով կարելի է արտահայտել խորիմաստ
միտք. «Խոսեք ոչ թե այնպես, որ դատավորը կարողանա Ձեզ հասկանալ, այլ այնպես,
որ նա չկարողանա Ձեզ չհասկանալ» (Պ. Պորոխովշչիկով):
Շաղկապական և անշաղկապ բարդ նախադասություններ: Աոաջինները խոսքին
տալիս են ճշգրտություն, ավելի որոշակի են դարձնում խոսքային միավորների
հարաբերությունը: Երբ նպատակ կա ընդգծելու դատողությունների
պատճառահետևանքային կապը, անելու ընդհանրացումներ և եզրակացություններ,
շաղկապները պարտադիր գործածվում են: Այդ իսկ պատճառով դրանք հաճախակի
են հանդիպում գիտական և պաշտոնական ոճերում, մասնավորապես իրավա-
բանական ենթաոճում: Ստեղծում են հանդիսավոր ու համեմատաբար ծանր ոճ,
դանդաղում է խոսքի տեմպը, հատուկ են գրավոր-գրքային խոսքին, ասելիքը դառնում
է ավելի պատճառաբանված, հետևողական, ինչպես՝ «Սփյուռքը մեր ամենամեծ
ողբերգության հետևանքն է, ուստի դեռ հարց է այն, թե պետք է ցավե՞լ նրա
գոյությամբ, թե՞ պետք է հպարտանալ և դիտարկել այն որպես մեր պատմության
«լավագույն» ձեռքբերում, քանզի տասնամյակներ է, ինչ Սփյուռքը ամուր կանգնած է
մեր կողքին և մշտապես ձեռք է մեկնում մայր հայրենիքին»:
Երկրորդները ձևավորում են արագ խոսք, հատուկ են ժողովրդական
մտածողությանը, ուղեկցվում Են հատուկ հնչերանգով, որը նրանց տալիս է
հուզականություն, սրություն, ստեղծվում է լարվածություն. «Հիմա գնում եմ հանդիպեմ
նախարարին, ներկայացնեմ մեր ծրագիրը, փորձեմ շփման այլ եզրեր գտնել,
հնարավորինս քննարկենք խնդիրը, հավանության դեպքում բանակցությունները
կշարունակենք, գուցե ինչ- ինչ զիջումների գնանք, հակառակ դեպքում կգործենք մեր
պլանի համաձայն»: Անշաղկապ կառույցները ազդեցիկ են խոսքի եզրափակիչ
մասում. «Ավարտին պատշաճում են անշաղկապ արտահայտությունները, որպեսզի
դա վերջաբան լինի, այլ ոչ թե ճառ» (Արիստոտել):

Անշաղկապություն: Շաղկապը կամ շաղկապները միտումնավոր բաց են թողնում՝ խոսքին


արագություն, տեմպ, անընդհատ շարժման տպավորություն հաղորդելու համար, խոսքը
դառնում է ավելի սեղմ ու հատու: Առավել բնորոշ է ժողովրդական խոսքին և բանավոր
հաղորդակցմանը: Զեղչվում են առավելապես համադասական շաղկապները: Մտքով
հիմնականում հնարավոր է վերականգնել բաց թողնված շաղկապը: Օր.' «Հողն արյունի էր
ծարավ, (Իսկ) Ինքը ծարավ էր հողի....» (ԴՎ), «Ընկերություն անողը՝ շատ, (Իսկ) ընկերը՝ քիչ»
(ժող.), «Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդի՛ս, առաջնե՛կս, իմ հո՛ւյսս, իմ թա՛նկս,
լավը չես. (որովհետև) մեջդ վրեժ չկա» (ՀՄ):

Բազմաշաղկապություն: Սովորաբար բնորոշվում է որպես խոսքի որոշակի հատվածում


միավորիչ շաղկապների (շաղկապական բառերի) առատություն կամ միևնույն շաղկապի
(շաղկապական բառի) բազմակի կրկնություն: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ
բազմաշաղկապությունը շաղկապների անսովոր առատությունը կամ շաղկապների սոսկա-
կան կուտակումը չէ: Շաղկապների կրկնությունը կամ կուտակումը ոճական դարձույթ է
դառնում այն դեպքում, երբ, խոսքում հատուկ կապակցական կամ բովանդակային դեր չկա-
տարելով հանդերձ, ծառայում է խոսքի արտահայտչականությանը. խոսքը դարձնում է
հանդիսավոր ու վեհ, գործողությունները՝ հանդարտ ու դանդաղընթաց, ստեղծում է որոշակի
ռիթմ ու երաժշտականություն ևն: Օր.'«Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ Եվ գուցե այնժամ ես
մահը սիրեմ, Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ, Երբ գարունները ողջ թագավորեմ....» (ՀՇ):
Բազմաշաղկապությունը չպետք է շփոթել կրկնադիր շաղկապի գործածության հետ՝
թե՛..., թե՛ ..., և՛..., և՛..., կա՛ մ..., կա՛մ...: Ինչպես՝ «Ո՛չ օրենքների կապանքի մեջ ես, Ո՛չ կաշ-
կանդված ես ինչ-որ կանոնով, Ո՛չ նվաղությամբ ես արգելափակված, Ո՛չ խոնարհված ես
հպատակությամբ» (ԳՆ):

Նախադասության հաղորդակցական–հնչերանգային տեսակները: Նախադասությունները


արտահայտում են ոչ միայն միտք, այլև վերաբերմունք իրենց հաղորդած մտքի, տեղեկության
նկատմամμ: Այդ վերաμերմունքը կարող է արտահայտվել տարμեր միջոցներով՝
վերաբերականներով ու ձայնարկություններով, հոմանիշների ընտրությամբ,
պատկերավորման– արտահայտչական միջոցներով, նախադասության կառուցվածքով,
հնչերանգով ևն: Այդ միջոցներից է նախադասության հաղորդակցական–հնչերանգային
տեսակի ընտրությունը: Այդ տեսակները, ինչպես գիտենք, չորսն են՝ պատմողական,
հարցական, հրամայական, բացականչական:

Դրանցից որևէ մեկի ընտրությունը կախված է խոսքային իրադրությունից: Հաղորդակցման


միևնույն նպատակն ունենալով՝ խոսողն ընտրում է այդ տեսակներից որևէ մեկը՝ հաշվի
առնելով խոսակիցների առկայությունը և կազմը, իր և խոսակիցների հարաբերությունը և
շատ այլ հանգամանքներ: Օր.՝ եթե ուզում եք իմանալ համագործակցության համար Ձեր
կողմից կատարված առաջարկները մերժելու պատճառները, կարող եք Ձեր գործընկերոջը
դիմել հետևյալ տարբերակներով՝ 1. «Ցանկալի կլիներ իմանալ մերժման պատճառները»: 2.
«Շա¯տ կցանկանայինք մեր համագործակցությունը խոչընդոտող պատճառների մասին
տեղեկանալ»: 3. «Հարգարժա՛ն գործընկեր, չէի՞ք ասի՝ ինչ հիմնական պատճառներից դրդված
եք մերժել համագործակցության մեր առաջարկները»: 4. «Հիմնավորե՛ք մերժումը»:

Այս տարբերակներից ամեն մեկն ունի իր հնչերանգային առանձնահատկությունը: Առաջին


նախադասությունը պատմողական է. այն հնչերանգի առումով չեզոք է, չկան հատուկ ձևով
շեշտված բառեր: Երկրորդը բացականչական է. նրանում կա տևական (բացականչական)
շեշտով արտասանվող բառ: Երրորդը հարցական է. նրանում կա բարձրացող (հարցական)
շեշտով բառ, կա նաև հորդոր: Չորրորդը հրամայական է. նրանում կա սուր (հրամայական)
շեշտով արտասանվող բառ:
Նախադասությունների հնչերանգային տեսակները տարբերվում են նաև ստորոգյալի
արտահայտությամբ՝ բայի եղանակով և ժամանակով: Լրացուցիչ դեր ունի նաև
վերաբերականների, ձայնարկությունների առկայությունը: Ի դեպ, նախադասության բնույթը
չի փոխում կոչականը, որը սովորաբար ունենում է հատուկ շեշտադրում:

Պատմողական նախադասություն: Չեզոք հնչերանգով նախադասություն է: Նպատակն է՝


հաղորդել, պատմել, նկարագրել որևէ բան, դատողություն անել, միտք հաղորդել: Հնչերանգը
հանդարտ է, առանց հատուկ (հարցական, տևական կամ սուր) շեշտի: Պատմողական
նախադասության ստորոգյալը կարող է արտահայտվել բոլոր եղանակների դրական կամ
ժխտական բայաձևերով՝ բացի հրամայականից՝ «Հայտնի է, որ դարեր շարունակ
ֆրանսերենը եղել է գերիշխող լեզու դիվանագիտական պաշտոնական շփումների ժամանակ՚:
«Գնացքը մեկնում է երեկոյան, պիտի շտապենք՚: Պատմողական նախադասությունը կարող է
լինել նաև միակազմ՝ «Բաժին 4. հատուկ հանձնարարականներ»: Պատմողական
նախադասություններում կարող են լինել հաստատական, ժխտական, երկբայական,
սաստկական, զիջական, անջատական, մեկնական և այլ վերաբերականներ՝ «Մի խոսքով,
մեկնում ենք»: «Անշուշտ, սա առաջին փորձն է»: «Թերևս լավ ստացվի»:

Հարցական նախադասություն: Հարցական հնչերանգով նախադասությունն է: Նպատակն է՝


հարցի միջոցով տեղեկություն կամ վերաբերմունք ակնկալել, արտահայտել մեղմ խնդրանք,
շեշտել որևէ փաստ, իրողություն՝ առանց պատասխան ակնկալելու (ճարտասանական
հարց), ինչպես՝ «Ի՞նչն է Ձեզ հատկապես մտահոգում»: «Ո՞վ չգիտի, թե նա ինչ հետին նպա-
տակներ ունի»: «Չէի՞ք ասի՝ ինչպես հասնեմ քաղաք»:

Հնչերանգին բնորոշ է հարցական շեշտը, որ սովորաμար դրվում է բայի կամ հարցական


դերանվան, իսկ երբեմն՝ այլ բառի վրա՝ «Դա՞ է հիմնական պատճառը»: «Կարո՞ղ եմ արդյոք
խոսել օրենքի մասին, երբ զինված եմ»: «Չե՞ք խոսելու»: Եթե բազմակի անդամները միացած են
թե երկընտրական շաղկապով, ապա վերջինս սովորաբար վերցնում է իրեն հաջորդող
անդամի հարցական շեշտը՝ «Հարցը այսօ՞ր է քննարկվելու, թե՞ վաղը»: Հարցական
նախադասությունը երբեմն կարող է լինել միակազմ՝« Ներե՞լ, ինչի՞ համար»:

Բացականչական նախադասություն: Բացականչական հնչերանգով նախադասությունն է:


Նպատակն է՝ արտահայտել զգացմունք, հուզական վերաբերմունք, մասնավորապես՝
զարմանք, հիացմունք, ցնծություն, սարսափ, ցավ, ափսոսանք, ցանկություն, ինչպես նաև
մաղթանք, ողջույն, կոչ, հանդիմանություն և այլն՝ «Ի¯նչ դժբախտություն է չունենալ
Աստված»: «Որքա¯ն շատ են ճշմարտության թշնամիները»: «Էլ ի¯նչ արահետ, որ տաճար չի
տանում»: «Ա¯յ քեզ բան... Ամո¯թ քեզ.. »:

Հնչերանգին բնորոշ է տևական (բացականչական) շեշտը, որը գրավոր խոսքում նշանակվում


է երկարացման նշանով՝ «Սև գիշե¯ր, և հուշե¯ր, և խոհե¯ր անհամար…»: Բացականչական
նախադասությունը շատ հաճախ լինում է միակազմ. « Տարինե¯ր, տարինե¯ր.. »:

Հրամայական նախադասություն: Հրամայական հնչերանգով նախադասությունն է:


Նպատակն է՝ արտահայտել հրաման, կոչ, հորդոր, խնդրանք, կարգադրություն, ցուցում,
առաջադրանք, թելադրանք, արգելք՝ «Ստեղծե՛ք քիչ օրենքներ, բայց հետևե՛ք, որ դրանք
կատարվեն»: «Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր»: «Եթե դուք
ցանկանում եք, որ ձեր գրությունը կարդան, գրե՛ք այն մեկ էջի վրա»:
Հնչերանգին բնորոշ է սուր շեշտը՝ «Մի՛ վախեցեք կատարելությունից. դուք դրան չեք հասնի»
Ստորոգյալը մեծ մասամբ արտահայտվում է հրամայական եղանակի դրական և արգելա-
կան ժամանակաձևերով՝ «Մոտեցի՛ր ինձ»: «Երբեք մի՛ գործածիր այն բառը, որի իմաստը
չգիտես»: Կարող է արտահայտվել նաև հետևյալ ժամանակաձևերով.

• Ենթադրական եղանակի ապառնիի երկրորդ դեմքի դրական կամ ժխտական ձևերով՝


«Վաղը կհանդիպե՛ք, կպայմանավորվե՛ք հետագա անելիքների մասին»: «Չե՛ք պատասխանի
որևէ հարցի»:

• Ըղձական եղանակի ապառնիի երկրորդ դեմքի ժխտական ձևերով՝ «Չմիջամտե՛ք


գործարքին»:

• Սահմանական եղանակի ապառնիի երկրորդ դեմքով՝ արտահայտելով մեղմ հրաման,


կարգադրություն՝ «Գնալու եք և մասնակցելու եք այդ արարողությանը»,- կարգադրեց աշխա-
տակազմի ղեկավարը»:

• Ըղձական եղանակի ապառնիի առաջին դեմքով՝ արտահայտելով կարգադրություն, հրաման


թե՛ խոսակցին, թե՛ իրեն՝ խոսողին՝ «Իսկ այժմ անցնե՛նք մտքերի փոխանակության,
այնուհետև՝ քվեարկության»:

• Սահմանական եղանակի ներկայի երկրորդ դեմքով՝ հորդոր. ունի խոսակցական երանգ՝


«Վաղը հանդիպում ես գործատուի հետ, ճշտում մեր անելիքները»:

Հրամայական նախադասությունները հաճախ լինում են միակազմ՝ «Լռե՛լ»: «Դո՛ւրս


այստեղից»: Հրամայական նախադասություններին բնորոշ են կոչականը, կոչական
ձայնարկությունները, այո՛, ո՛չ, չէ՛ և այլ վերաբերականներ՝ «Այո՛, սկսի՛ր»: «Ո՛չ, մի՛ գնա»: «
Է¯յ, մի՛ աղմկեք»:

Ծան.: Ոմանք ընդունում են նաև նախադասության հնչերանգային ըղձական տեսակ՝«Տամ


պարանոցս կարոտին այն երկնուղեշ Ու օրորվեմ եղերական ու անբասիր» (ԵՉ):

Խառը բնույթի նախադասություններ: Երբեմն միևնույն նախադասության մեջ համատեղվում


են տարբեր բնույթի նախադասությունների տարրեր՝ «Ծնվեցիր՝ ծնի՛ր՝ կարգն է բնության»:
«Ի¯նչ գեղեցկություն. երբևէ տեսե՞լ ես այսպիսի բան»: Այդ տարրերից որևէ մեկը սովորաբար
լինում է գերիշխող և որոշում է նախադասության հաղորդակցական–հնչերանգային տեսակը:

1-ին դաս
Լսարանային աշխատանք.

 Գրե՛ք միակազմ և երկկազմ հոմանիշ նախադասություններ։

 Գրե՛ք դրական և ժխտական հոմանիշ նախադասություններ:

 Գրե՛ք պատմողական և հարցական հոմանիշ նախադասություններ:


 Գրե՛ք հարցական և հրամայական հոմանիշ նախադասություններ:

 Գրե՛ք հրամայական և պատմողական հոմանիշ նախադասություններ:

 Հիշե՛ք բանաստեղծական տողեր՝ անվանական և բայական միակազմ


նախադասություններով:

Արտալսարանային աշխատանք.

 «Պատերազմի արհավիրքները» վերնագրով խիստ հակիրճ մի պատո՛ւմ գրեք,


որն ամբողջությամբ կազմված լինի անվանական և բայական միակազմ
նախադասություններով:

 Կազմե՛ք միակազմ (անվանական անդեմ) նախադասություններ՝ գործածելով


ողջույնի, մաղթանքի, անեծքի խոսքեր, կոչեր։

 Գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրեք բանաստեղծական տողեր՝


տարբեր հնչերանգի նախադասություններով:

2-րդ դաս
Լսարանային աշխատանք.

 Տրված բարդ համադասական նախադասություններին հոմանիշ մեկական


բարդ ստորադասական և պարզ ընդարձակ նախադասությո՛ւն գրեք:
Նմուշ՝ Սուրենն առանձնապես չէր համակրում աներորդուն և սակավ էր այցելում նրան:

ա/ Սուրենը սակավ էր այցելում աներորդուն, քանի որ առանձնապես չէր համակրում նրան:

բ/ Առանձնապես չհամակրելով աներորդուն՝ Սուրենը սակավ էր այցելում նրան:

1. Սահակը տեսավ ամբարտավան հարևանին և թողեց ձեռքի բահը:


2. Զորքն աշխատում էր խուսափել կատաղած փղերից և ցրվում էր աջ ու ձախ:
3. Լուսամուտի փեղկերը բացվեցին, և եղնիկը մի ոստյունով դուրս ցատկեց:
4. Երեկոյան Արսենը ճանապարհեց ընկերներին և նորից գործի անցավ:
5. Նա գիտեր այդ մասին, սակայն իրեն բանից անտեղյակ էր ձևացնում:

 Տրված պարզ ընդարձակ նախադասություններին հոմանիշ մեկական բարդ


ստորադասական և համադասական նախադասությո՛ւն գրեք:
1. Աշխատելով պահպանել արտաքին անդորրը՝ մերձավորներն այդ հարցը գրեթե չէին
քննարկում:

2. Գնացքը շարժվելուն պես մանկությունս ասես հեռու երազ դարձավ:


3. Հայելու առջև մազերը հարդարելիս հիշողության մեջ ակամա վերակենդանացնում էր
անցյալի պատկերները:

4. Բնությունից գեղեցիկ չլինելով՝ անչափ առինքնող էր ու հմայիչ:

5. Ծեր կինը, վերջապես հայտնվելով տոմսարկղի մոտ, թեթևացած շունչ քաշեց:

 Դերբայական դարձվածով նախադասությունները դարձրե՛ք բարդ


ստորադասական նախադասություններ:
1. Տանը միայնակ չմնալու համար նա հաճախ արտաժամյա պարապմունքներից հետո էլ
իր համար որևէ զբաղմունք էր որոնում: 2. Մեզ համար միակ տրամաբանական և ճիշտ
ուղին Հայաստան վերադառնալն ու մեր ստեղծագործական կորովը հայ ժողովրդին
ծառայեցնելն է: 3. Հաջորդ օրն իսկ մեկնեցի Սթրւսդֆորդ Շեքսպիրի ծննդավայրը
խոնարհվելու հանճարեղ գրողի աճյունին: 4. Ամսլ նկարելիս երիզը արևի շողքով պիտի
լուսավորես: 5. Հանճարե՛ղ Սարյան, չեմ կարող հրաժեշտի խոսք ասել քեզ մեր
պատմության ու գալիքի դիմանկարը ստեղծողիդ: 6. Սարյանի նկարներում մեզ դարերի
խորքը տանող հին ոտնահետքեր կան: 7. Ռումբ գցողը մի փոս սրտի մեջ է անում, հետո
հողի վրա: 8. Վիլյամ Սարոյանն իր գրքերը համարում է աշխարհին ու մարդկանց
ուղղված նամակներ: 9.Դաշտենցի «Խոդեդանն» ու «Ռանչպարների կանչը» աշխարհի
բոլոր լեզուներով թարգմանվելու դեպքում էլ միայն հայերիս են ուղղված լինելու: 10.
Դերենիկ Դեմիրճյանը չէր մտածում մարդկանց միտք ու խոսք հասցնելու մասին, այլ
սուզվում էր նրանց արյան մեջ, փոխանցում ոգին: 11. Տղան նայում էր առավոտվա
կապույտով շղարշված գյուղին, և աշխարհի գեղեցկությունն ալեկոծվում էր հոգում: 12.
Ոտքը շեմից դուրս դնելուն պես ասես ջրվեժ խշշաց ականջներում: 13. Հիվանդ մարդիկ
սարերն են գնում իրենց ցավը հովերին տալու: 14. Գունատ դեմքը շփելու փոխարեն Քեռի
Թորոսը ընկուզենու բունն էր շփում: 15. Դե հիմա հարցրու քեզ մոտ գալուս պատճառը: 16.
Գիշերը կամաց֊կամաց դառնում է կապույտ ու արծաթ թելերով հյուսված մի անհուն
շղարշ: 17 Սարալանջերի արտերն ու մարգագետինները միշտ էլ իրենց ուժերի ներածին
չափ բերք են տալիս:

 Գրե՛ք շաղկապական բարդ նախադասություններ՝ դրանք դարձնելով


անշաղկապ/շարահարական/:

Արտալսարանային աշխատանք.

 Բերե՛ք պարզ և բարդ հոմանիշ նախադասությունների 5 օրինակ:

 Բարդ նախադասությունները դարձրե՛ք դերբայական դարձվածով պարզ


նախադասություններ:
1. Նա չէր կարողանում որևէ կերպ իրենից վանել այն թախիծը, որ կապարի պես ծանրացել էր
կրծքին: 2. Ես Բյուրականի աստղադիտարանից վերադառնում եմ հաստատ որոշումով, որ
չեմ գրելու մեծ գիտնականի կոչումների ու տիտղոսների մասին: 3. Այն, ինչ ոգու հետ կապ
չունի, չունի սկիզր ու վերջ, ունի միայն ընթացք: 4. Մարդիկ ուզում էին ըմբոշխնել աշնանային
հոգնած արևի շողերը, որոնք երկնքից ասես քամվում ու ներքև էին ծորում: 5. Բանաստեղծը
նման է ջրաղացպանի, որ աղունը ժողովրդից առնում ու նրան ալյուր է տալիս: 6. Լույսն
ավելի ցանկալի է դառնում, երբ պարուրվում է խավարով: 7. Ով չգիտի իր երկրի
պատմությունը, ներկան էլ չի հասկանա: 8. Նոր միայն զգաց, որ այդ աղմկահույզ աշխարհում
ինքը միայնակ է: 9. Ես պետք է լայն բացեի պատուհանները, որպեսզի ցրեի սենյակներում
խտացած միայնությունն ու ձանձրույթը: 10. Մաշտոցը տառերը երկնեց նրա համար, որ այդ
գրերով հայրենի հողը պաշտպանեն: 11. Այդ ժամին ծառերի ստվերներն այնքան էին
երկարած լինում, որ խառնվում էին գետից բարձրացող մութի թևերին: 12. Եթե իր սեփական
արտը ցաներ, իրեն երբեք թույլ չէր տա սերմը կիսատ բռով շաղ տալ: 13. Մարդը ծնվում է,
որպեսզի կյանքում ինչ-որ լավ բան անի: 14. Հենց քաշեցի հրացանի ձգանը, գլխովս կայծակի
արագությամբ մի միտք անցավ:

 Զույգ նախադասությունները իրա՛ր միացրեք և, ու, կամ շաղկապներից մեկով


և կետադրե՛ք:
Աղվեսը մի թուղթ գտավ …. այդ թուղթը տարավ գայլին: Թագավորը ժլատ ու աչքածակ
մարդ էր …. հրամայեց որ կարասը իրեն տան: կղզին լճի հարավ-արևելքում էր ….
հյուսիսային ափից տարբերվում էր թե բուսականությամբ թե կենդանիներով: Խեղճ
կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին ….անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել
այդտեղից: Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը ….չոր փոսի վրայով անցնելով տիկինը
մոտեցավ կոճղերին: Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս … վարորդը
մեքենան արգելակեց: կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները …մեր միջև
կարծես թե բարեկամություն հաստատվեց: Որպես խայծ վանդակի մեջ ես
ամենագայթակղիչ բանանները կդնեմ …. նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի
վանդակը:

 Գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրեք բանաստեղծական տողեր՝


շաղկապական և անշաղկապ բարդ նախադասություններով:

You might also like