You are on page 1of 7

պ1..

Հանցագործության նախապատրաստություն

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հանցագործության


նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք
կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը,
ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն
ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով: Պատժելի է
համարվում միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների
նախապատրաստությունը:
Չինաստանի քրեական օրենսգրքով հանցագործության
նախապատրաստություն է համարվում հանցանքի կատարման համար գործիքների
նախապատրաստումը և հանցանքի կատարման համար պայմաններ ստեղծելը:
Այսինքն, օրենսդիրը քրեական պատասխանատվություն է սահմանում բոլոր
հանցագործությունների նախապատրաստության համար՝ անկախ նրանից դա ոչ մեծ
ծանրության թե առանձնապես ծանր հանցագործություն է: Չավարտված
հանցագործության դեպքում կարող է նշանակվել ավելի մեղմ պատիժ, քան
ավարտվածի համար կամ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից մեղմ
պատիժ կամ էլ անձին կարող են ազատել պատժից:
Նմանատաիպ է մոտեցումը նաև Լեհաստանի քրեական օրենսգրքով,
մասնավորապես, հանցագործության նախապատրաստություն է համարվում
հանցանքի կատարման նպատակով դրա համար պայմաններ ստեղծելը, այդ
նպատալով այլ անձնաց հետ համաձայնության մեջ մտնելը, միջոցներ ձեռք բերելը
կամ նախապատրաստելը, տեղեկատվություն հավաքելը կամ գործողությունների
ծրագիր կազմելը:
Հարկ է նշել, որ հանցագործության նախապատրաստության բնորոշումը
բացակայում է Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի քրեական
օրենսգրքերում: Այնուհանդերձ, նախապատրաստական որոշ գործողություններ
քրեական օրենսգրքի այլ դրույթների ուժով քրեական պատասխանատվություն են
առաջացնում:
Գերմանիայի քրեական օրենսգրքով հանցագործության
նախապատրաստությունը պատժելի է միայն 2 դեպքերում՝
1. եթե նախապատրաստական գործողություններն ինքնին արդեն հանցակազմ
են պարունակում: Օրինակ, մարդասպանը ապօրինի զենք է ձեռք բերում
սպանությունը կատարելու համար:
2. եթե հատուկ մասի նորմերը պատասխանատվություն են նախատեսում
կոնկրետ հանցանքի կատարմանը նախապատրաստվելու համար: Օրինակ,
Գերմանիայի քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված
պետական դավաճանության նախապատրաստության, դրամանիշերի կամ վճարման
միջոցների կեղծման նախապատրաստության համար:
Նմանատիպ մոտեցում է դրսևորվում նաև Ֆրանսիայի քրեական օրենսգրքով:
Ֆրանսիայում, որպես կանոն, քրեական պատասխանատվություն նախատեսված չէ
հանցագործության նախապատրաստության համար: Բացառություն է կազմում որոշ
ծանր հանցագործությունների նախապատրաստությունը, ինչն անմիջականորեն
նախատեսված է քրեական օրենսգրքի հատուկ մասում: Օրինակ, ֆրանսիական
քրեական իրավունքում նախապատրաստական փուլում պատժելի է համարվում
երկու կամ ավելի անձանց միավորումը, համաձայնեցումը հանցանքների
կատարման, օրինակ` պետության տարածքային ամբողջականության դեմ հանցավոր
ոտնձգության կատարման համար: Ֆրանսիայում ինքնուրույն
պատասխանատվություն է սահմանվում նաև մի շարք քաղաքական հանցավոր
արարքների դրդելու չհաջողված փորձերի համար, օրինակ` լրտեսության, պետական
դավաճանության և այլն: Ընդ որում, խոսքը գնում է սոսկ չհաջողված դրդչության
մասին, քանի որ հաջողված դրդչությունը արդեն իսկ քննարկվում է հանցակցության
ինստիտուտի շրջանակներում:
Շվեյցարիայի քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում
այնպիսի կազմակերպչական կամ տեխնիկական արարքների կատարման համար,
որոնք ամբողջությունը վկայում է անձի կողմից հանցավոր վարքագծի դրսևորման
նախապատրաստության մասին: Ընդ որում, նշված վարքագիծը պատժելի է միայն
այն դեպքերում, երբ հանցավորը նախապատրաստվում է կատարել դիտավորյալ
սպանություն, ծանր սպանություն, ծանր մարմնական վնասվածքի պատճառում,
անձի առևանգում կամ ապօրինաբար ազատությունից զրկում, հրկիզում, պատանդ
վերցնել:
Անգլիայի և ԱՄՆ-ի քրեական օրենսգրքերում բացակայում է
հանցագործության նախապատրաստության բնորոշումը, իսկ գիտական
մոտեցումները հաճախ հակառակ մոտեցումներ են արտահայտում: Օրինակ,
գիտնականներից մեկը գտնում է, որ քրեական պատասխանատվությունը պետք է
առաջանա ոչ թե ավարտված հանցագործության պահից, այլ այն պետք է ի հայտ գա
հանցավոր մտադրության իրականացման առավել վաղ փուլերում, քանզի պետք չէ
սպասել, որ հանցավորը անմիջական վտանգի ենթարկի ոտնձգության օբյեկտը:
Միաժամանակ, գիտնականը գտնում է, որ խոսք կարող է գնալ միայն հանցափորձի
փուլում անձին պատասխանատվության ենթարկելու մասին, իսկ հանցագործության
նախապատրաստությունը պետք է լինի ոչ պատժելի: Այս մոտեցումը անհասկանալի
է, քանի որ հենց իր մոտեցման դրսևորման ժամանակ գիտնականը նշում է, որ պետք
չէ սպասել հանցափորձի փուլին (հանցագործության օբյեկտը անմիջական վտանգի
ենթարկելը), այլ պետք է ավելի վաղ փուլում կանխել անձի վարքագիծը: Սակայն, եթե
քրեական պատասխանատվություն նախատեսված չէ հանցագործության
նախապատրաստության համար, անհասկանալի է, թե ինչպես պետք է կարգավորվի
բարձրացված հարցը:
Այնուհանդերձ, ինչպես և Ֆրանսիայում, այնպես էլ ԱՄՆ-ում և Անգլիայում
նույնպես պատժելի են համարվում թե չհաջողված դրդչությունը և թե հանցակիցների
համաձայնության կամ պայմանավորվածության առկայությունը: Ընդ որում,
պատժելի է համարվում ինչպես կոնկրետ անձին ուղղված չհաջողված դրդչությունը,
այնպես էլ չկոնկրետացված անձին ուղղված դրդչության փորձը: Եթե անձը ի
սկզբանե գիտի, որ հանցագործությունը հնարավոր չէ իրականացնել իր առաջարկած
մեթոդով, ապա նա պատասխանատվության չի ենթարկվի: Օրինակ, եթե նա անձին
տալիս է դեղահաբեր, վերջինիս խաբելով, որ իրականում դրանք թույն են և այդ
դեղահաբերը վերցրած անձը փորձում է դրանցով սպանություն կատարել, ապա
դրդչություն իրականացրած անձը կազատվի քրեական պատասխանատվությունից,
իսկ մյուս անձը կենթարկվի պատասխանատվության:
2. Հանցափորձ

ՀՀ օրենսդրությամբ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ


կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է
հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից
անկախ հանգամանքներով:
Նմանատիպ մոտեցում է շարադրված Չինաստանի և Իսպանիայի քրեական
օրենսգրքերում: Չինաստանի քրեական օրենսգրքով հանցափորձ է համարվում
հանցանքի կատարմանն ուղղված արարքը, եթե հանցանքը ավարտին չի հասցվել
հանցավորի կամքից անկախ պատճառներով: Իսպանիայի քրեական օրենսգրքով
հանցափորձ է համարվում հանցանքի կատարմանն անմիջականորեն ուղղված
գործողությունները, որոնք օբյեկտիվորեն պետք է հանգեցնեին որոշակի հետևանքի,
սակայն եթե արդյունքը չի առաջանում անձի կամքից անկախ պատճառներով:
Բերված 2 բնորոշումներն էլ, ըստ էության, նույնանում են ՀՀ օրենսգրքով
հանցափորձի բնորոշման ձևակերպման հետ, այն տարբերությամբ, որ վերջիններիս
դեպքում նշված չէ արարքի կատարման ժամանակ ուղղակի դիտավորության
առկայության անհրաժեշտությունը:
Շվեյցարիայի քրեական օրենսգրքով հանցափորձի ձևակերպման ժամանակ
դրսևորված է այլ մոտեցում: Օրենսգիրքը, նախևառաջ, տարբերակում է ավարտված և
չավարտված հանցափորձ հասկացությունները: Եթե հանցավոր վարքագիծ սկսած
անձը այն չի հասցնում ավարտին, ապա նա կատարում է չավարտված հանցափորձ,
իսկ եթե հանցավոր վարքագիծը հասցվել է ավարտին, սակայն հանցավոր արդյունքը
չի առաջացել, ապա անձի կատարածը համարվում է ավարտված հանցափորձ: Հարկ
է նշել, որ ավարտված և չավարտված հանցափորձերի օրենսդրական բնորոշումը
շատ քիչ երկրներում է կատարված: Շվեյցարիայի քրեական օրենսգրքում
նախատեսված է նաև §անպետք¦ հանցափորձի հասկացությունը: Մասնավորապես
նշվում է, որ եթե միջոցը, որով հանցավորը փորձում է հանցանք կատարել կամ այն
առարկան, որին ուղղված է ոտնձգությունը, օժտված են այնպիսի հատկանիշներով,
որ դրանց օգտագործմամբ կամ դրանց դեմ ոտնձգությունը ընդհանրապես չի կարող
իրականացվել, ապա դատավորը կարող է մեղմացնել հանցավորի կողմից
կատարված արարքի համար պատիժը: Այսպիսով, օրենսդիրը տարբերում է թե
անպետք առարկայի դեմ և թե անպետք միջոցներով հանցափորձը:
Որոշակի թերություններ են առկա Լեհաստանի քրեական օրենսգրքով
հանցափորձի բնորոշման մեջ: Մասնավորապես, լեհ օրենսդրի բնորոշմամբ
հանցափորձ է համարվում հակաօրինական արարքի կատարմանն անմիջականորեն
ուղղված վարքագիծը, եթե այն ավարտին չի հասցվել: Այս բնորոշումից նախ պարզ չէ,
թե ինչ պատճառներով հանցավորը չի կարողացել ավարտին հասցնել իր
վարքագիծը, քանզի հնարավոր է, որ անձը ավարտին չհասցնի իր վարքագիծը նաև
իր կամքով, իսկ այդ դեպքում հանցափորձի մասին չի կարելի խոսել:
Ինչպես և Շվեյցարիայում, Լեհաստանում նույնպես տրվել է §անպետք
հանցափորձի¦ սահմանումը: Այն ընկալվում է որպես այնպիսի վիճակ, երբ
հանցավորը իրեն հաշիվ չի տալիս, որ հանցանքի կատարումն անհնարին է`
պայմանավորված հանցանքի կատարման համար պահանջվող ոտնձգության
ենթարկվող պիտանի առարկայի բացակայությամբ կամ այնպիսի միջոցի
օգտագործման պատճառով, որը պիտանի չէ հանցանքի կատարման համար:
Հանցափորձի բնորոշման յուրահատուկ մոտեցում է դրսևորել Գերմանիայի
օրենսդիրը: Հանցափորձ է համարվում այն անձի արարքը, ով հանցագործության
մասին իր պատկերացումից ելնելով սկսում է իրականացնել վարքագիծը: Այս
բնորոշման մեջ շեշտադրումը արված է հանցագործության սուբյեկտիվ կողմի վրա,
սակայն կրկին նշված չէ, թե ինչ պատճառներով արարքը ավարտին չի հասցվել:
Գերմանիայի օրենսդրությամբ միշտ պատժելի է համարվում հանցագործության
հանցափորձը, մինչդեռ զանցանքի հանցափորձը պատժելի է միայն այն դեպքերում,
երբ ուղղակիորեն նախատեսված է օրենքով: Օրինակ՝ իրավակիրառական
գործունեության ժամանակ մոլորություն ստեղծելու համար կեղծ փաստաթղթի
օգտագործումը:
Որոշ դեպքերում, հանցափորձի կատարումը կարող է ինքնուրույն
հանցակազմ պարունակել: Դրա օրինակ է սուտ ցուցմունք տալուն դրդելու փորձը:
Գերմանիայի օրենսգրքով կարգավորված է նաև անպետք հանցափորձի
հասկացությունը, որը ունի նույն ձևակերպումը ինչ և Շվեյցարիայի քրեական
օրենսգրքով է:
Ֆրանսիայի քրեական օրենսգրքի ձևակերպման համաձայն հանցափորձն
առկա է, եթե հանդիսանալով որպես հանցանքի կատարման սկիզբ, այն չի կասեցվել,
կամ հանրորեն վտանգավոր հետևանքներ չի առաջացրել հանցավորի կամքից
անկախ հանգամանքներով: Այս ձևակերպման մեջ առկա է անճշտություն, քանի որ
հասկանալի չէ, թե ինչպես կարող էր հանցանքը ավարտին չհասցվել, եթե այն չի
կասեցվել: Ինչպես և Գերմանիայում, Ֆրանսիայում ևս պատժելի է համարվում միայն
հանցագործության կատարմանն ուղղված հանցափորձը, իսկ զանցանքի փորձը
պատժելի է միայն օրենքով սահմանված դեպքերում: Ֆրանսիացի իրավաբանները
տարբերում են չկայացած հանցագործությունը, այսինքն` այն իրավիճակը, երբ
հանցավորը արել է իրենից կախված ամեն ինչ ցանկալի արդյունքին հասնելու
համար, սակայն նրա թույլ տված սխալի կամ այլ պատճառով այդ արդյունքը չի
առաջացել: Սրանից պետք է տարբերել անհնարին հանցավոր արարքը, երբ արարքը
ի սկզբանե հնարավոր չէր ավարտին հասցնել հանցավոր ոտնձգության առարկայի
կամ ընտրված միջոցի ոչ պիտանի լինելու արդյունքում: Հիշյալ երկու դեպքերում էլ
հանցավորը ենթակա է քրեական պատասխանատվության:
Անգլիայում հանցափորձի ինստիտուտը կարգավորվում է քրեորեն պատժելի
հանցափորձի մասին օրենքով, համաձայն որի հանցափորձն առկա է, եթե հանցանքի
կատարման դիտավորությամբ հանցավորը կատարում է գործողություն, որն ավելին
է, քան հանցագործության նախապատրաստությունը (սա, Անգլիայում կոչվում է
§մոտակա քայլ¦-ի կանոն): Հանցափորձն առկա է, նույնիսկ եթե փաստերը վկայում են,
որ հանցանքի կատարումն անհնարին է: Այս ձևակերպումն այնքան լայն է, որ առիթ է
տալիս դրա կիրառման ժամանակ բևեռային մոտեցումների դրսևորման համար. մի
շարք դեպքերում դատարանները հանցափորձ են համարում հանցագործության
նախապատրաստությունը, այլ դեպքերում՝ հանցափորձը դիտում որպես
նախապատրաստություն:
ԱՄՆ-ում ևս միասնական մոտեցում չկա հանցափորձի բնորոշման առումով:
Որոշ նահանգներում հանցափորձ է համարվում անձի կողմից հանցանքի
կատարման մտադրությամբ այնպիսի արարքի կատարումը, որը նպաստում է
հանցանքի կատարմանը: Այս ձևակերպման մեջ արտացոլված է, որ հանցափորձը
պետք է լինի դիտավորյալ գործողությունների միջոցով, սակայն նշված չէ, թե ինչ
հանգամանքների ուժով հանցանքը ավարտին չի հասցվել:
ԱՄՆ-ի որոշ նահանգներում, օրինակ՝ Իլլինոիսում հանցափորձի էությունը
բացահայտվում է §էական քայլ¦ (մոտակա քայլ) կատեգորիայի միջոցով,
մասնավորապես նշվում է, որ անձը մեղավոր է հանցափորձի կատարման մեջ, եթե
կոնկրետ հանցանքի կատարման մտադրությամբ նա կատարում է այդ ոտնձգության
առումով էական քայլ հանդիսացող որոշակի գործողություն: Սակայն այստեղ ևս
դժվարություն է առաջանում հանցագործության նախապատրաստության և
հանցափորձի տարանջատման առումով: Բարձրացված հարցը լուծելու համար ԱՄՆ-
ում ղեկավարվում են 3 հիմնական տեսություններով՝
ա/ §վերջին մոտակա քայլ¦ - հանցափորձն առկա է, եթե հանցավորն արել է
ամեն ինչ, որն իր կարծիքով անհրաժեշտ էր կոնկրետ արդյունքի առաջացման
համար.
բ/ §վտանգավոր մերձակայք¦- հանցափորձը սկսվում է այն ժամանակ, երբ
անձի վարքագիծը դառնում է բավականին վտանգավոր և պետք է խափանվի.
գ/ §անբարոյական քայլ¦- հանցափորձն այնպիսի քայլ է, որը սովորական անձը
չէր անի:
Ինչպես տեսնում ենք, բերված տեսությունները ևս հստակ չեն և կարող են հիմք
հանդիսանալ կամայական մեկնաբանության համար:
3. Հանցանքի կատարումից կամովին հրաժարում

ՀՀ քրեական օրենսդրության համաձայն՝


1. Հանցագործությունից կամովին հրաժարում է համարվում անձի կողմից
հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամ
անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողությունը (անգործությունը)
դադարեցնելը, եթե անձը գիտակցել է հանցագործությունն ավարտին հասցնելու
հնարավորությունը:
2. Հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը
ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա՝ փաստացի կատարած
արարքն այլ հանցակազմ չի պարունակում:
3. Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը կամովին
հրաժարվելու դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա,
պետական մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով, կանխել է
կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը:
4. Եթե վերը նշված մասում հիշատակված գործողությունները չեն հանգեցրել
կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները պատիժ
նշանակելիս կարող են հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը
մեղմացնող հանգամանք:
Հանցագործությունից կամովին հրաժարումն ունի հետևյալ հատկանիշները՝
ա/ հանցանքի կատարմանն ուղղված վարքագիծը հանցագործության
նախապատրաստության կամ չավարտված հանցափորձի փուլում դադարեցնելը,
բ/ հանցանքի կատարումից կամովին հրաժարվելը,
գ/ հանցանքի կատարումից վերջնականապես հրաժարվելը,
դ/ հանցանքն ավարտին հասցնելու հնարավորության գիտակցումը,
ե/ փաստացի կատարվածում այլ հանցակազմի բացակայությունը:
Լեհաստանի քրեական օրենսդրությամբ ևս նախատեսված է
հանցագործությունից կամովին հրաժարման ինստիտուտը: Ընդ որում, լեհ օրենսդիրը
տարբերում է հանցագործության նախապատրաստությունից կամովին հրաժարումը
և հանցափորձից կամովին հրաժարումը: Լեհաստանի քրեական օրենսդրության
ձևակերպման համաձայն հանցագործության նախապատրաստության համար
պատժի ենթակա չէ նա, ով կամովին հրաժարվել է դրանից, հատկապես, երբ
ոչնչացրել է նախապատրաստված միջոցները կամ կանխել է դրանց օգտագործումը
ապագայում: Հանցագործության համար պատժի ենթակա չէ նա, ով կամովին
հրաժարվել է արարքի կատարումից կամ կանխել է ավարտված հանցագործության
հատկանիշ հանդիսացող հետևանքը:
Ներկայացված ձևակերպումների թերությունն այն է, որ օրենսդիրը
ուշադրություն չի դարձրել հանցանքի կատարումից կամովին հրաժարման
ինտելեկտուալ հատկանիշին, այն է՝ հանցանքն ավարտին հասցնելու
հնարավորությունը գիտակցելու հանգամանքին:
Գերմանիայի քրեական օրենսգրքով հանցափորձի համար չի պատժվում նա,
ով կամովին հրաժարվում է արարքի հետագա կատարումից կամ խոչընդոտում է
հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացմանը, հանցանքը ավարտին
հասցնելուն: Վերջին պարագայում օրենսդիրը պահանջում է, որ հանցավորը
գործադրի բոլոր ջանքերը հանցանքը ավարտին հասցնելը կանխելու համար:
Իսպանիայի քրեական օրենսգրքով հանցանքի կատարումից կամովին հրաժարում է
համարվում անձի կողմից հանցանքի կատարումը կամովին կանխումը՝ այն
ավարտին հասցնելուց հրաժարվելու կամ հետևանքների առաջացումը կանխելու
եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ հանցավորի փաստացի կատարվածում
այլ հանցակազմ է պարունակվում: Ըստ էության, Իսպանիայի քրեական օրենսգրքում
տեղ գտած ձևակերպումը բավականին նմանություններ ունի ՀՀ քրեական
օրենսգրքում տեղ գտածի հետ, քանզի դրանում ներկայացված են կամովին
հրաժարման ինստիտուտի թե կամային, թե ինտելեկտուալ հատկանիշները:
Չինաստանի քրեական իրավունքի համաձայն կամովին հրաժարումն առկա է
այն դեպքում երբ հանցավորը կամովին դադարեցնում է իր կողմից սկսված արարքը
կամ կամովին, արդյունավետ կերպով կանխում է հանրորեն վտանգավոր
հետևանքների առաջացումը: Եթե կամովին հրաժարված անձի կատարածը վնաս չի
պատճառել, ապա նա ազատվում է պատժից. վնասների առկայության դեպքում նա
քրեական պատասխանատվությունից չի ազատվում, բայց նրա նկատմամբ
նշանակվում է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:
Կամովին հրաժարման ինստիտուտը կարգավորում է ստացել նաև ԱՄՆ-ի
օրենսդրությամբ: Նահանգներից մեկի՝ Փենսիլվանիայի օրենսդրությամբ սահմանված
է, որ հանցափորձի փուլում հանցանքի կատարումից կամովին և վերջնական
հրաժարումը հիմք է անձին պատժից ազատելու համար, եթե դրա արդյունքում
հանցավորը խուսափել է հանցանքը ավարտին հասցնելուց, իսկ երբ սոսկ կամովին
հրաժարումը բավարար չէ՝ անհրաժեշտության դեպքում նաև ձեռնարկել է միջոցներ
այդ հետևանքները կանխելու համար: Օրենսդիրը նշում է, որ կամովին հրաժարման
ինստիտուտը բացակայում է, եթե՝
ա/ անձի կամովին հրաժարումը պայմանավորված է հանցավորի այն
համոզվածությամբ, որ կան հանգամանքներ, որոնց ուժով ինքը կձերբակալվի կամ չի
հասնի իր ցանկալի նպատակին,
բ/ հանցավորի որոշումը պայմանավորված է հանցանքը հետաձգելու կամ մեկ
այլ համարժեք օբյեկտի կամ տուժողի հանդեպ ոտնձհություն կատարելու
հանգամանքով:
Այսինքն, ԱՄՆ-ի օրենսդրի համար չափազանց կարևոր է հանցանքի
կատարումից կամովին հրաժարման շարժառիթը:
Մի շարք երկրներում հանցանքի կատարումից կամովին հրաժարման
ինստիտուտը օրենսդրական սպառիչ կարգավորում չի ստացել, մասնավորապես
խոսքը վերաբերում է Անգլիային, Շվեյցարիային, Ֆրանսիային և այլն: Օրինակ,
Անգլիայում կամովին հրաժարման ինստիտուտին վերաբերող նորմեր ընդհանրապես
չկան, Շվեյցարիայում սոսկ նշվում է, որ եթե անձը սեփական նախաձեռնությամբ
հանցանքը ավարտին չի հասցնում, դատավորը կարող է հրաժարվել հանցափորձի
համար պատիժ նշանակելուց: Ֆրանսիայում կամովին հրաժարման ինստիտուտը
մասնակի ամրագրում է գտել հատուկ մասի նորմերում: Օրինակ, Ֆրանսիայի
քրեական օրենսգրքի համաձայն, ահաբեկչական ակտի կատարման փորձ կատարած
յուրաքանչյուր անձ կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե
դատական կամ վարչական իշխանությանը տեղեկացնելով կարողացել է խուսափել
հանցանքի կատարումից և անհրաժեշտության դեպքում ՝ բացահայտել այլ
հանցակիցներին:

You might also like