You are on page 1of 5

1.

ԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ
ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի ձևավորումը


Լանդշաֆտ բառն ունի գերմանական ծագում, նշանակում է խիստ որոշակի բնատեղամաս,
Երկիր մոլորակի մակերևույթի առանձնացված ինքնազարգացող հատվածամաս:
Լանդշաֆտագիտությունը ձևավորվել է ֆիզիկական աշխարհագրության հիման վրա XIX
դարի գերմանացի բնագետներ Հումբոլդտի և Ռիտերի կողմից, որոնք պնդում էին
աշխարհագրական թաղանթի զարգացման գոտիական սկզբունքը (Երկրի բևեռներից դեպի
հասարակած ու լեռների ստորոտից դեպի լեռնագագաթ):
Այդ բնագետները լանդշաֆտագիտությունը սահմանում էին որպես «գիտություն բնական և
մարդածին լանդշաֆտների, դրանց ծագման, կառուցվածքի, գործառնության, շարժընթացի ու
աստիճանական զարգացման մասին»:
Էկոլոգիա բառն առաջացել է հունարեն օյկոս (οϊκος)`բնակատեղ, և լոգոս (λóγος)`
գիտություն, բառերից: Այն թարգմանաբար նշանակում է գիտություն բնակատեղի մասին:
Հիմնադիրը XIX դարի գերմանացի բնագետ Հեկելն է, ով գտնում էր, որ. «էկոլոգիան գիտություն է
օրգանիզմների և նրանց բնակության միջավայրի պայմանների միջև առկա
փոխազդեցությունների մասին»:
Բնակության միջավայրի պայմաններ ասելով՝ պետք է հասկանալ անօրգանական
(մակերևութային լեռնային ապարներ, կլիմա, ջրաբանական տարրեր, հողածածկույթ) և
օրգանական (բուսածածկույթ, կենդանական աշխարհ) բաղադրիչների փոխկապակցված
ամբողջությունը, որը բնութագրվում է խիստ որոշակի ներքին կառուցվածքային օրինաչափու-
թյուններով:
Ոմանք էկոլոգիան համարում են կենսաբանության առանձին ճյուղ, ոմանք աշխարհագրու-
թյան, հասարակագիտության, սոցիոլոգիայի: Ճշմարիտն այն է, որ էկոլոգիան ինքնուրույն
գիտություն է, ունի կենսաբանական, ֆիզիկաքիմիական, աշխարհագրական, լանդշաֆտա-
գիտական, պատմագիտական, հասարակագիտական, տնտեսագիտական և սոցիոլոգիական
արմատներ:
Ուրեմն. էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների (բույսերի, կենդանիների,
մարդկանց) միմյանց հետ փոխադարձ կապերի և նրանց բնակատեղի (կենսատարածքի) բնական
պայմանների ու իրենց իսկ միջև ձևավորված փոխազդեցությունների և փոխհարաբերությունների
զարգացումների մասին:
Հետևաբար, էկոլոգիա գիտության ուսումնասիրության առարկան չի կարող լինել ո՛չ
կենսաբանի, ո՛չ աշխարհագրագետի, ո՛չ տնտեսագետի, ո՛չ հասարակագետի մենաշնորհը:
Էկոլոգիայի ուսումնասիրության առարկան պահանջում է բազմակողմանի, համալիր և
համակարգված հետազոտություն, որն անչափ բարդ գործընթաց է:
Էկոլոգիայի և լանդշաֆտագիտության մայր գիտությունների՝ կենսաբանության ու աշխար-
հագրության շփումների ուսումնասիրության շնորհիվ 1939թ.-ին գերմանացի աշխարհագետ
Տրոլը հանգեց գիտական նոր ուղղության՝ «լանդշաֆտային էկոլոգիայի» գաղափարին:
Ընդհանուր մոտեցմամբ. լանդշաֆտային էկոլոգիան գիտություն է օրգանիզմների՝ միմյանց
նկատմամբ և սահմանափակ չափերով իրենց կենսատարածքի լանդշաֆտաստեղծ գործոնների
հետ փոխադարձ պատճառահետևանքային կապերի տարածական անհամասեռությունների ու
տարբերությունների մասին:

1
1.2. Լանդշաֆտագիտության ուսումնասիրության առարկան
Գիտական մեկնաբանությամբ՝ լանդշաֆտը ներքին ինքնուրույնությամբ բնութագրվող
բնատարածքային համալիր է՝ հարափոփոխ (դինամիկ) զարգացող համասեռությամբ և
ինքնատիպությամբ (բնական լանդշաֆտ), որոնք մարդու կողմից կարող են ենթարկվել
կարճաժամկետ կամ երկարաժամկետ վերափոխման (մարդածին լանդշաֆտ):
XIX դարի սկզբին լանդշաֆտ բառը կորցրել էր իր նախկին վարչաքաղաքական և
գեղագիտամշակութային նշանակությունները՝ մատնանշելով բաց տեղանքում դիտորդի համար
մեկ միասնական հայացքով տեսանելի որոշակի բնատեղամաս: XIX դարի 30-ական թ.թ.-ին
լանդշաֆտ բառը փոխարինում էր ավելի ուշ գործածության մեջ դրված «շրջակա միջավայր»
կամ «աշխարհագրական թաղանթ» հասկացությունները:
Առանձնացնենք լանդշաֆտի, հետևաբար լանդշաֆտագիտության ուսումնասիրության
առարկայի մի քանի սահմանումներ.
«Բնական լանդշաֆտը որոշակի մարզ է, որում ռելիեֆը, կլիման, ջրագրությունը,
հողածածկույթը և օրգանական աշխարհը միաձուլվում են որպես ներդաշնակ ամբողջություն՝
տիպաբանորեն կրկնվելով այս կամ այն բնական զոնայի սահմաններում» (Լ. Ս. Բերգ):
«Լանդշաֆտը երկրային մակերևույթի տարածականորեն սահմանափակ այնպիսի
տեղամաս է, որը բնութագրվում է ծագումնաբանական (գենետիկական) ընդհանրությամբ և
բնական բաղադրիչների սերտ փոխկապակցվածությամբ» (Ս. Վ. Կալեսնիկ):
Եթե ընդհանրացնենք, ապա, աշխարհագրական մեկնաբանությամբ՝ լանդշաֆտն աշխար-
հագրական թաղանթի որոշակի տարածքային տեղամաս է՝ իրեն բնորոշ երկրաբանական հիմքի
զարգացման պատմության, լեռնային ապարակազմի ձևավորման առանձնահատկությունների,
մակերևույթի անհարթությունների (ռելիեֆի), կլիմայական պայմանների, ջրաբանական
բնութագրիչների, հողաբուսական ծածկույթի, կենդանական աշխարհի և, այդտեղ բնակվող
մարդկանց ինքնատիպ, փոխպայմանավորված միասնությամբ ու ընդհանրությամբ, որն ունի
հստակ արտահայտված աշխարհագրական դիրք և սահմաններ:

1.3. էկոլոգիայի ուսումնասիրության առարկան


Էկոլոգիան՝ որպես ինքնուրույն գիտություն, սահմանվում է տարբեր ձևակերպումներով,
սակայն, ամենապարզ ու դասական մեկնաբանությամբ. էկոլոգիան գիտություն է կենդանի
(բիոտիկ) և անկենդան (աբիոտիկ) բնության փոխհարաբերությունների մասին:
Ընդարձակենք էկոլոգիայի սահմանման շրջանակները.
Էկոլոգիան գիտություն է, որր մշակում է միջոցառումներ և դրանց ծրագրեր՝ կապված
բնական պաշարների (ռեսուրսների) պահպանության ու արդյունավետ (ռացիոնալ)
օգտագործման հետ՝ միաժամանակ զբաղվելով նաև կենսոլորտի վրա մարդու տնտեսական
գործունեության հետևանքով առաջացած համամոլորակային (գլոբալ) փոփոխությունների
կանխագուշակմամբ:
Էկոլոգիան ուսումնասիրում է էկոհամակարգերի գործունեության ընդհանուր
օրինաչափությունները և օրենքները՝ դրանց կազմավորման տարբեր մակարդակներում:
Էկոլոգիան ուսումնասիրում է բույսերի, կենդանիների և մարդկանց կենսամիջավայրը:
Էկոլոգիան բնական գիտությունների՝ կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և բնական
աշխարհագրության յուրատեսակ համատեղում է:

2
2. ԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Լանդշաֆտագիտության կառուցվածքը


Լանդշաֆտագիտությունը, ինչպես ցանկացած զարգացող գիտություն, ձևավորված
կառուցվածքային համակարգ է, որի բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի հստակ
ձևակերպված ուսումնասիրության առարկա և հրատապ խնդիրներ:
Լանդշաֆտագիտության կառուցվածքային բաղադրիչներն են.
1. Լանդշաֆտների ձևաբանություն (մորֆոլոգիա) – ուսումնասիրվում են լանդշաֆտների
(գետահովտի, ճահճուտի, բացատի, ծովափի և այլն) ներքին կառուցվածքային բոլոր բաղադրիչ-
ներն ու գործոնները` ինչպես առանձին, այնպես էլ` միասին:
2. Լանդշաֆտների շարժընթաց (դինամիկա) - ուսումնասիրվում են լանդշաֆտների
ներսում կատարված, ընթացող և ակնկալվող բնական ու մարդածին երևույթները, դրանց
հարուցած քանակական ու որակական փոփոխությունները:
3. Լանդշաֆտների համակարգում (սիստեմատիկա) – ուսումնասիրվում են լանդշաֆտ-
ների տեսակավորման, դասակարգման և համակարգման սկզբունքներն ու մեթոդները: Առավել
մեծ փոփոխություններ են արձանագրվել մարդածին (անթրոպոգեն) լանդշաֆտների համա-
կարգման (խմբավորման) դեպքում, երբ դրանք դիտարկվում են ոչ միայն որպես կենսաա-
պահովման բնատարածքներ, այլև` պատմական, մշակութային, հանրային ժառանգություն:
4. Կիրառական (գործնական) լանդշաֆտագիտություն - ուսումնասիրվում են տնտեսու-
թյան տարբեր ոլորտներում ծագող գիտագործնական հիմնախնդիրների լանդշաֆտաբովանդակ
հիմքերը և դրանց լուծման համալիր միջոցառումները: Վերջին 20-30 տարում զարգացել են
ագրոլանդշաֆտագիտությունը, մելիորատիվ լանդշաֆտագիտությունը, ռեկրեացիոն և զբոսա-
շրջային լանդշաֆտագիտությունը: Նոր են զարգանում լանդշաֆտային պլանավորումը,
լանդշաֆտային մշտադիտարկումը, լանդշաֆտային փորձաքննությունը և լանդշաֆտային
դիզայնը, որոնք ստվերում են թողել լանդշաֆտների երկրաքիմիան, լանդշաֆտների երկրաֆի-
զիկան, պատմական, հնէաբանական, մարդածին, բժշկական, ջրային (աքվալ) տիեզերական,
քաղաքաբնակային լանդշաֆտագիտությունները: Միայն լանդշաֆտային էկոլոգիան է
շարունակում մնալ ժամանակակից ուսումնասիրությունների կիզակետում:
5. Լանդշաֆտագիտության մեթոդաբանություն և լանդշաֆտային քարտեզագրություն –
ուսումնասիրվում են տեսական ու կիրառական ուղղվածությամբ լանդշաֆտագիտական
հետազոտությունների մեթոդները և ձեռք բերված արդյունքների մշակման ու քարտեզագրման
հիմունքները:
2.2. Էկոլոգիայի կառուցվածքը
Ժամանակակից էկոլոգիան այն եզակի գիտություններից մեկն է, որը ներգրավում է տարբեր
կրթական մակարդակ և տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց: Ներկայումս մարդ-
կային բարձր արժեքներ են ոչ միայն հայրենասիրությունը, քաղաքավարությունը, հանդուրժո-
ղականությունը կամ բարոյականությունը, այլև էկոլոգիական մտածողությունը և կրթվածու-
թյունը:
Էկոլոգիայի կառուցվածքում առանձնացվում են հետևյալ բաժինները.
1. Ընղհանուր էկոլոգիա - ուսումնասիրվում են մեկ գիտական ընդհանուր հենքի վրա
էկոլոգիական բազմաբովանդակ գիտելիքների միավորման և համապատասխան գիտագործ-
նական համակարգերի ձևավորման տեսական հիմքերը (տեսական էկոլոգիա), որոնք հիմնվում

3
են փորձարարական ճանապարհով (փորձարարական էկոլոգիա) և մաթեմատիկական
մոդելավորմամբ (մաթեմատիկական էկոլոգիա) հաստատված օրինաչափությունների
վերլուծության (վերլուծական կամ անալիտիկ) վրա:
2. Կենսաէկոլոգիա (բիոէկոլոգիա) - ուսումնասիրվում են կենսաբանական համակարգերի
տարբեր մակարդակների և դրանց իսկ կողմից զբաղեցրած կենսատարածքների միջև գոյություն
ունեցող փոխադարձ կապերն ու փոխհարաբերությունները:
3. Երկրաէկոլոգիա (գեոէկոլոգիա) - ուսումնասիրվում են կենդանի օրգանիզմների և նրանց
կենսամիջավայրի փոխհարաբերությունները՝ ըստ ծագումնաբանության (ցամաքային
էկոլոգիա, ծովային էկոլոգիա, անուշահամ ջրերի էկոլոգիա, հողային էկոլոգիա, մարդածին
էկոլոգիա), բնակլիմայական այս կամ այն զոնայում ընդգրկվածության (տունդրայի էկոլոգիա,
փշատերև անտառների էկոլոգիա, տափաստանների էկոլոգիա, անապատների էկոլոգիա,
բարձր լեռների էկոլոգիա և այլն), լանդշաֆտային տեսակի (գետաhովտային էկոլոգիա,
ճահճուտային էկոլոգիա, ծովափնյա էկոլոգիա, կղզային էկոլոգիա և այլն), ֆիզիկաաշխարհագ-
րական շրջանացման համակարգում գրաված տեղի (մայրցամաքների էկոլոգիա, օվկիանոսների
էկոլոգիա, տարածաշրջանների էկոլոգիա և այլն):
4. Կիրառական էկոլոգիա - ուսումնասիրվում են մարդկային գործունեության տարբեր
ոլորտների և բնագավառների էկոլոգիական հարցերը` ճարտարագիտական էկոլոգիա, գյու-
ղատնտեսական էկոլոգիա, անտառարդյունաբերական էկոլոգիա, քաղաքային բնակավայրերի
էկոլոգիա (ուրբոէկոլոգիսւ), բժշկական էկոլոգիա և այլն:
5. Սոցիալական էկոլոգիա - ուսումնասիրվում են մարդկային խմբերի (պոպուլյացիաների
էկոլոգիա), ժողովուրդների, ազգերի (էթնոէկոլոգիա), մշակույթների, քաղաքակրթությունների,
կրոնի (թեոէկոլոգիա) էկոլոգիական հարցերը:
6. Մարդու էկոլոգիա - ուսումնասիրվում են մարդու առողջությանը, կենսապայմաններին,
աշխատանքային միջավայրին, տեղակացվածությանը, կրթվածությանը, տեխնոլոգիական
գրագիտությանը վերաբերող էկոլոգիական հարցեր:

2.3 Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի խնդիրները


Չնայած լանդշաֆտագիտության և էկոլոգիայի կառուցվածքային մասնակի ընդհանրու-
թյանը (ագրոլանդշաֆտագիտություն – գյուղատնտեսական էկոլոգիա, բժշկական լանդշաֆտա-
գիտություն - բժշկական էկոլոգիա, ջրային լանդշաֆտագիտության - ծովային կամ անուշահամ
ջրերի էկոլոգիա), դրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է որոշակի առաջնահերթ
խնդիրներով:
Լանդշաֆտագիտության առաջնահերթ խնդիրներից են.
1) բնատարածքային համալիրների (ԲՏՀ-երի) համակարգված ուսումնասիրությունը,
2) ԲՏՀ-երի տիպականացումը, համակարգումը և դասակարգումը,
3) ԲՏՀ-երի ձևավորման պայմանների և զարգացման պատմական անցյալի վերծանումը,
4) ԲՏՀ-երի զարգացման հեռանկարների կանխատեսումը,
5) լանդշաֆտների կազմի և ներքին կառուցվածքի ճանաչողությունը,
6) լանդշաֆտների և լանդշաֆտաստեղծ գործոնների միջև ուղղակի ու միջնորդավորված
կապերի և հարաբերությունների բացահայտումը,
7) լանդշաֆտների ներքին և արտաքին կայունության վերլուծությունն ու գնահատումը,
8) լանդշաֆտների տարածքային (աշխարհագրական) տարաբաժանման (դիֆերենցման) և
միասնացման (ինտեգրման) հիմնադրույթների հստակեցումը,

4
9) լանդշաֆտների շրջանացման սկզբունքների մշակումը և արդյունավետ կիրառումը,
10) լանդշաֆտների բնառեսուրսային կարողության (պոտենցիալի) հետազոտումր,
11) լանդշաֆտների նպատակային (ռացիոնալ) օգտագործման երաշխավորությունների
կանոնակարգումը,
12) լանդշաֆտների վրա մարդու տնտեսական գործունեության ազդեցության և դրա
հետևանքների հաշվառումը, պլանավորումն ու կառավարումը,
13) լանդշաֆտների քարտեզագրումը:
Էկոլոգիայի առաջնահերթ խնդիրներից են.
1) Երկիր մոլորակի կենսոլորտի կամ էկոոլորտի ժամանակակից վիճակի
ուսումնասիրությունը,
2) կենսոլորտի ձևավորման պատճառների և զարգացման առանձնահատկությունների
բացահայտումը,
3) կենսոլորտի շարժընթացի կանխատեսումը տարածության մեջ և ժամանակի ընթացքում,
4) քարոլորտի, մթնոլորտի և ջրոլորտի հետ կենսոլորտի փոխադարձ կապերի
վերլուծությունն ու վերծանումը,
5) կենսոլորտի վրա բնական և մարդածին գործոնների ազդեցության գնահատումը,
6) բնության և մարդկային հասարակության փոխհարաբերությունների ներդաշնա-
կությունն ապահովող նախագծերի, ծրագրերի ու հայեցակարգերի մշակումը,
7) մարդ-բնություն փոխհարաբերությունների լավորակման (օպտիմալացման) արդյու-
նավետ միջոցառումների առաջադրումը և կիրառումը,
8) բնօգտագործման և ռեսուրսախնայողության հարցերի խորքային հետազոտումը,
9) շրջակա միջավայրի պահպանությանը միտված միջոցառումների համակարգումը,
10) կենսոլորտի և առանձին էկոհամակարգերի ինքնավերականգնման ու
ինքնակարգավորման խախտված հատկությունների բացահայտումը և կանխարգելումը,
11) կենսաբանական տարբեր մակարդակի համակարգերի (առանձնյակների,
պոպուլյացիաների, կենսացենոզների, էկոհամակարգերի) կենսագործունեության և զարգաց-
ման օրինաչափությունների ու առանձնահատկությունների համալիր ուսումնասիրությունը և
ձեռք բերված արդյունքների տարածաժամանակային քարտեզագրումը,
12) դեգրադացված (հետընթաց ապրող) էկոհամակարգերի վերականգնումը:

You might also like