You are on page 1of 3

8.

    Լեզվի անվանողական նշանները՝ հաշվողական նշանների


կառուցվածքը /թվական համակարգերի հիմքերը/։
Լեզվի անվանողական միավորների մասին խոսելիս ելնում ենք նրանց նշանային
դերակատարությունից, որի տակ հասկանում ենք բառերի դրանց կապակցությունների
(signifiant) կապը արտալեզվական բովանդակության հետ (signifie՛): Մարդը փորձում է լսած
հնչյունը նույնականացնել առավել հաճախ լսվող միավորի ձևի հետ։ Ուստի խոսքում բառի
ընտրության համար հաճախականությունը կարևոր հատկանիշ է։ Պարզվում է, որ լեզվական
նշանների հաճախականության և համակարգում նրանց զբաղեցրած տեղի միջև գործում է
խիստ համապատասխանություն: Անվանողական նշանները երեք խմբի են պատկանում՝
անվանական, ցուցական և հաշվողական։
Անվանական ամեն մի միավորի հետ խոսողների գիտակցության մեջ
պատկերացումներ են ստեղծվում լոզվից դուրս գոյություն ունեցող միանգամայն որոշակի
երևույթների մասին և այդ զուգորդությունները նորանոր կապեր ստեղծում բառերի և
արտալեզվական բովանդակության միջև:
Ցուցական ձևույթները կամ դերանունները, օրինակ՝ ես, դու, նա, տարբեր լեզուներով
հաղորդակցման տիպական իրադրությունների շրջանակում ունեն որոշակի ցուցման
ուղղվածության մշտական բնույթ՝ ես-ը ցույց է տալիս խոսողին, դու-ն խոսակցին, նա-ն
մնացած ամեն ինչին /անգամ անձը նա-ի մեջ իրայնացվում է/:
Հաշվողական կամ թվական ձևույթների անփոփոխ բնույթը ոչ երևույթների դաս է, ոչ
ցուցման ուղղվածություն, այլ լեզվից դուրս գոյություն ունեցեղ երևույթների շարք և դրանում
որոշակի տեղի պատկերացում է, ինչպես, օրինակ «հինգ», որը պատկերացում է տալիս շարք
կազմող չորս նշյալի և դրանց հաջորդողի մասին:
Հաշվողական բառերը՝ թվականները ամենուրեք կազմում են համարակալման
բառերի զուգորդելի շարք, որի կառուցվածքը լեզուներում տարբերվում է: Դա կապված է
բնական թվերի հիմքը կազմող պարզ թվականների քանակից: Համակարգի հիմքը տարբեր
մեծություններ են, որով ավարտվում է բնական պարզ թվերի հաջորդական շարքը:
Համակարգի բազմակիությանը համապատասխանում են համակարգի հետագա պարզ
թվականները /տաս, հարյուր, հազար, միլիոն և այլն/: Պարզ թվականների
համադրությունները բարդ թվականներ են կազմում, որոնք լրացնում են համակարգի բաց
հատվածները:
Առավել պարզ հիմքեր են երկակին, որը կազմված է 1 և պարզ թվականներից: 3 = 2+1,
4 = 2+2: Պարզվում է, որ 4 –ը բնական թվերի շարքի վերջին թվականն է, նրան հետևում են
«շատ և ավելի շատ» բառերը: Երկակի համակարգերը կապված են մարմնի զույգ մասերի
ընկալման հետ՝ ականջ, աչք, հոնք, ձեռք, ոտք և այլն և հատուկ են Ավստրալիայի,
Հարավային Աֆրիկայի և Ամերիկայի ժողովուրդներին և զարգացման ցածր աստիճանի վրա
գտնվող այլ ենթամշակույթներին: Հնգակի համակարգերը կազմավորվել են ձեռքի հինգ
մատների գիտակցման հիման վրա: Այս համակարգը զարգացել է անցումային փուլերով և
որոշ ժողովուրդների մոտ հանգեցրել 10, այլ լեզուներում՝ 20 հիմքով թվային համակարգերի:
20 հիմքով թվական համակարգերի ստեղծման հիմք են ծառայել անցումը ոտքի
մատերին կամ զրուցակցի ձեռքերին: Օրինակ՝ արևելաավստրալիական նիկումբուլ լեզվում
5-ը նշանակում է մեկ ձեռք, 10-ը՝ երկու ձեռք, իսկ հետո հաշվարկն անցնում է ոտքերի
մատներին: Ավստրալիական մի այլ՝ դիերի լեզվում 20 թվականը կոչում են «ձեռքեր և
ոտքեր», Աստիճանաբար, 20 հիմքով թվականների դեպքում դադարում է ձեռքերի և ոտքերի
հաշվառումը և հետո գալիս են այլ բանաձևեր՝ 30 = 20+10, 40 = 20 x 20, և այլն: Թվականների
այս համակարգերը տարածված են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում /մայա
լեզուն/ և Մեկսիկայում /ացտեկների լեզուն/: 20 հիմքով թվական համակարգի տարածման
շրջան է Հարավային Սուդանը ինչպես նաև Միջերկրական ծովի ավազանը, բասկերը
Պիրենյան թերակղզում և վրացիները Այսրկովկասում: Այդ ինքնատիպ ազդեցությամբ են
պայմանավորված ֆրանսերենի 20 հիմքով թվական համակարտի որոշ ձևեր, ինչպես՝ 70 = 60
+ 10 /soixamte-dix/, 80 = 4 x 20 /quatre-vingt/, 90 = (4 x 20) + 10 / quatre-vingt- dix:
Եվրոպայի և Ասիայի լեզուներում տիրապետում է 10 հիմքով թվային համակարգը, որ
ենթադրում է համարողական տեխնիկայի սահմանափակումը երկու ձեռքի մատներով: Այն
տարածել են անասնապահական և երկրագործության մշակույթը կրող հնդեվրոպական,
փոքրասիական, կովկասյան, սեմական, քամյան և այլ բազմաթիվ ժողովուրդներ: Մաքուր
տեսքով 10 հիմքով թվական համակարգ ունեցող ժողովուրդների մոտ 1 – 10 թվերը կազմված
են պարզ, արմատական թվականներից, իսկ 10 –ը հանդես է գալիս որպես համակարգի հիմք:
Հսկայական մշակույթ է ձևավորված 6 հիմքով թվականների շուրջ: Այս թվային
համակարգի շուրջ շատ լեգենդներ են հյուսվել և, քանի որ 6, 12, 24, 36, 60, 360, 600, 3600 և այլ
աստղագիտական և տոմարագիտական արժեք ունեցող թվականները կազմված են 6 հիմքով
թվականից, իսկ դրա հիմքը հնագիտությունը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել։ Մինչդեռ
դրա հիմքում ընկած էր մարդկության համար կենսական նշանակություն ունեցող ցորենի
կամ գարու հասկի վրա հատիկների դասավորությունը՝ կողք-կողքի 6 և յուրաքանչյուրի վրա
10 հատիկ ուղղահայաց կառուցվածքով: Ընդ որում կենտրոնի շուրջ կլորությամբ
դասավորված 6 հատիկի գծագիր պատկերը հիմնարար է հայկական, շումերական,
եգիպտական, խեթական, հուրրիական, արարատյան մշակույթի ճարտարապետության
համակարգերում: Երկրի վրա կան ուժեր, որոնք, 6 հիմքով թվական համակարգի գաղտնիքը
իրական ստեղծողներից պոկելով, համարեցին տիեզերական և այլմոլորակային մշակույթի
ազդեցություն երկրի վրա, դրա իրականացման հնարավորությունների պարզաբանումը
թողնելով գիտաֆանտաստիկ գրականության ժանրին /Տես Ա.Դավթյանի զրույցները
յութուբում շումերական մշակույթի մասին/: Հայկական բարձրավանդակի և Առաջավոր
Ասիայի հնամենի ազգաբնակչության մշակույթը ըստ ամենայնի հենված էր 6 հիմքով
թվական համակարգի վրա՝ օրվա 24 ժամ տես Միհրի տաճարի սյունաշարի քանակությունը
Գառնիում/, այդ ժամերի բաժանում 6-ական ժամերով 4 պահի, շաբաթվա 6 և ամսվա 30 օր, 12
ամիս, 36 համաստեղություն, հայերենի այբուբենի 36 տառ, 360 և 3600 տարեփուլերի
հաշվարկներ և բազմաթիվ այլ թվայնացված գիտելիքներ խոսում են 6 հիմքով թվականի
գիտամշակութային հսկայական արժեքի մասին և առնվազն ծիծաղելի է դրան արտերկրային
ծագում վերագրելը:
Այսպիսով՝ 6 հիմքով թվային համակարգի երկրային մեկնաբանությունը միանգամայն
հիմնավորված է գարու և ցորենի հասկի կառուցվածքով, որի ընդհանուր տեսքը
հազարամյակների ընթացքում դարձել է նաև ազգային ճարտարապետության
խորհրդանիշերից մեկը և պահպանվել մինչև մեր օրերը /կարող է զարմանալի թվալ, սակայն
նուռը իր պատյանում պարունակում է 12 բաժանմունք, որոնցում անհավասար կերպով
բաշխված է 365 հատիկ, որը նույնպես առեղծված է: Ընդ որում, գարու հետ կապված շատ
պայմանականություններ կան, որոնցից մեկը գարու հատիկի կշիռն է թանկարժեք
մետաղների ոլորտում:
Անվանական, ցուցական և համարողական բառերը որոշակի իրադրություններում
կարող են նույնական նշանակություն ձեռք բերել: Օրինակ՝ հանդերձարանում դիմելով
աշխատակցին, մենք ասում ենք՝ «Վերարկուն, այս, երկրորդը։ Առաջին դեպքում նոր
պատկերացումը կապվում է նախօրոք յուրացված պատկերացումների հետ և, նրանց
միջոցով՝ անվանական բառի հետ: Դերանունը մեր ուշադրությունը կրկին ուղղում է որոշակի
պատկերացման վրա, որի նշանն ինքն է հանդիսանում: Վերջապես, թվականը մեր այդ
պատկերացումը զետեղում է բնական շարքի որոշակի հատվածում և դրանով հանդերձ
նշանակում այն: Այս երեք խոսքային հնարների համակցումը տարբեր լեզուներում տարբեր
հարաբերակցություն ունի և հնարավորություն է տալիս նշանակել մարդուն հասանելի ողջ
իրականությունը:

You might also like