You are on page 1of 58

2020-2021թթ.

ՄԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
MYOLOGIA
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ
Կմախքային մկանները, կպչելով ոսկրերին, նրանց շարժման մեջ են դնում, մասնակցում
մարմնի խոռոչների՝ բերանի, կրծքի, որովայնի, կոնքի պատերի կազմությանը, մասնակցում են
մի շարք օրգանների՝ ըմպանի, կերակրափողի վերին մասի, կոկորդի պատերի կազմությանը,
ազդում են թմբկախոռոչում լսողական ոսկրերի վրա, կազմում են աչքի օժանդակ օրգանները՝
ակնաշարժ մկանները: Կմախքային մկանների միջոցով մարդու մարմինը պահվում է
հավասարակշռության մեջ, տեղաշարժվում է տարածության մեջ, կատարում է շնչառական և
կլման շարժումներ, ձևավորում է դիմախաղը: Կմախքային մկանների ընդհանուր զանգվածը
զգալիորեն մեծ է: Չափահաս մարդու դեպքում այն կազմում է մարմնի զանգվածի մոտ 40%-ը,
նորածնի դեպքում՝ 20-22%, իսկ տարեց և ծեր մարդկանց դեպքում մկանային հյուսվածքի
զանգվածը որոշ չափով պակասում է (մինչև 25-30%):
Մարդու մարմնում կան մոտ 400 մկաններ՝ կազմված գծավոր (միջաձիգ զոլավոր)
մկանային հյուսվածքից, որը կծկվում է մեր կամքին համապատասխան: Կենտրոնական
նյարդային համակարգից նյարդերով եկող ազդակների ներգործությամբ կմախքային մկաններն
ազդում են ոսկրային լծակների վրա, ակտիվորեն փոփոխում մարդու մարմնի դիրքը:

Մկանների կառուցվածքը
Յուրաքանչյուր մկան (musculus) կազմված է միջաձիգ զոլավոր մկանաթելերից, որոնք
պատված են շարակցահյուսվածքային պատյանով՝ էնդոմիզիումով (endomysium): Տարբեր
մեծության մկանաթելեր միավորվում են մկանախրձերի, որոնք շրջապատված են
շարակցահյուսվածքային պատյանով՝ ներքին պերիմիզիումով (perimysium internum): Ամբողջ
մկանի պատյանը էպիմիզիումն է կամ արտաքին պերիմիզիումը (epimysium s. perimysium
externum), որը շարունակվում է ջլի վրա՝ որպես պերիտենդինեում (peritendineum):
Յուրաքանչյուր մկան ունի ակտիվ կծկվող մաս՝ մկանի մարմինը կամ փորիկը (venter), և
պասիվ մաս՝ ջիլը (tendo): Մկանի փորիկը մոտակա և հեռակա ծայրերում վերածվում է ջլի, որի
միջոցով մկանը կպչում է ոսկրերին: Պայմանականորեն ընդունված է, որ մկանի սկիզբը (origo)
տեղակայված է մարմնի միջին առանցքին ավելի մոտ (ավելի մոտակա), քան կպման կետը
(insertio), որը տեղակայված է ավելի հեռակայորեն: Ուստի մկանի մոտակա ծայրի ջիլը կոչվում
է մկանի գլխիկ (caput) և մկանի սկիզբն է: Մկանի հեռակա ջիլը կամ նրա պոչը (cauda) մկանի
վերջն է, որի միջոցով մկանը կպչում է մեկ այլ ոսկրին: Ջիլը կազմված է խիտ շարակցական
հյուսվածքից, այն մկանից զգալիորեն բարակ է, սակայն ամուր է և ունակ է դիմանալու մեծ
ծանրաբեռնվածության ու գործնականորեն չի ձգվում:
Մկանների ջլերը միատեսակ չեն: Վերջույթների մկաններն ունեն նեղ երկար ջլեր: Որոշ
մկաններ, մասնավորապես որովայնի խոռոչի պատերի ձևավորմանը մասնակցողներն ունեն
լայն տափակ ջիլ, որը կոչվում է ջլոն (aponeurosis): Եթե մկանն առաջացել է մի քանի մկանների
միաձուլումից կամ զարգացել է առանձին միոտոմներից, այդ դեպքում նրանց արանքում մնում
են միջանկյալ ջլեր, որոնք կոչվում են ջլային ընդհատումներ (intersectiones tendineae): Այդպիսի

1
մկաններն ունենում են երկու (օրինակ՝ երկփորանի մկան, m. digastricus) կամ մի քանի փորիկ
(օրինակ՝ որովայնի ուղիղ մկան, m. rectus abdominis):
Մկանները բավականին հարուստ են արյան անոթներով, որոնք ապահովում են նրանցում
կատարվող բուռն նյութափոխանակության գործընթացները: Մկաններում զարկերակները
ճյուղավորվում են մինչև մազանոթներ, որոնք մկանաթելերի խրձերում առաջացնում են խիտ
ցանց՝ յուրաքանչյուր մկանաթելին հարում է ամենաքիչը մեկ արյունատար մազանոթ: Ջլերը,
որոնց մեջ նյութափոխանակությունը թույլ է կատարվում, ավելի աղքատ են արյան անոթներով,
քան մկանի փորիկը: Մկաններում, ինչպես նաև ջլերում կան զգացող և շարժիչ նյարդային
վերջավորություններ:

Մկանների դասակարգումը
Կմախքային մկանները չունեն միասնական դասակարգում: Մկանների տեսակները լինում
են՝ ըստ դիրքի, ձևի, մկանաթելերի ուղղության, ֆունկցիայի, հոդերի նկատմամբ ունեցած իրենց
հարաբերության:
1. Ըստ դիրքի՝ լինում են մակերեսային և խորանիստ, միջային և կողմնային, արտաքին և
ներքին մկաններ:
2. Ըստ ձևի՝ լինում են երկար, կարճ և լայն մկաններ (նկ. 1): Երկար և կարճ մկանները
հիմնականում իլիկաձև են (musculi fusiformes), կպչում են վերջույթների երկար և կարճ
ոսկրերին, որոնք կատարում են լծակների դեր, ուստի բնորոշ են վերջույթներին, օրինակ բազկի
երկգլխանի մկանը կամ մատները ծալող երկար և կարճ մկանները:
Ւլիկաձև մկանների մկանախրձերն ուղղված են մկանի երկայնաձիգ առանցքին զուգահեռ:
Եթե մկանախրձերը թեք կպչում են ջլի մի կողմին, ապա այդ մկանները կոչվում են
միափետրանի (musculi unipennati): Եթե մկանախրձերը տեղակայված են ջլի երկու կողմերում,
ապա այդ մկանը կոչվում է երկփետրանի (musculus bipennatus): Երբեմն մկանային խրձերը ջլին
մոտենում են մի քանի կողմից՝ առաջացնելով բազմափետրանի մկան (musculus multipennatus),
օրինակ՝ դելտայաձև մկանը (m. deltoideus):
Որոշ մկաններ սկսվում են մի քանի գլխիկներով տարբեր ոսկրերից, որը ուժգնացնում է
նրանց սկսման հենարանը: Այս տեսակետից լինում են երկգլխանի (biceps), եռագլուխ (triceps) և
քառագլուխ (quadriceps) մկաններ: Այնուհետև այս գլխիկները միանում են և առաջացնում
ընդհանուր փորիկ: Երբեմն մկաններն ունենում են երկու ու ավել փորիկ, որոնք իրար են
միանում ջլային ընդհատումների միջոցով, օրինակ՝ երկփորանի մկանը (m. digastricus),
որովայնի ուղիղ մկանը (m. rectus abdominis): Մեկ ընդհանուր փորիկից կարող են սկսվել մի
քանի ջլեր, որոնք կպչում են տարբեր ոսկրերին, օրինակ՝ ձեռքի և ոտքի ծալիչ ու տարածիչ
մկաններն ունեն մի քանի (մինչև չորս) ջիլ, որի շնորհիվ մկանային մեկ փորիկի կծկումը
միաժամանակ շարժում է մի քանի մատներ, որը տնտեսում է մկանային աշխատանքը:
Լայն մկանները տեղակայված են իրանի վրա և մասնակցում են իրանի պատերի
կազմությանը։ Օրինակ՝ որովայնի ուղիղ մկանը, որովայնի արտաքին, ներքին թեք և լայնական,
մեջքի լայնագույն մկանները, որոնք ունեն գգալի լայնություն:
3. Ըստ մկանաթելերի ուղղության մկանները լինում են ուղիղ, թեք, երկայնական,
լայնական և շրջանաձև: Շրջանաձև մկանները (musculus orbicularis) սովորաբար շրջապատում

2
են մարմնի բնական անցքերը (բերանի և հետանցքային), ծորանների բացվածքները և
կատարում են սեղմանների (սֆինկտերների) դեր (m. sphincter):
4. Ըստ մկանի գործառույթի՝ լինում են ծալիչ (m. flexor), տարածիչ (m. extensor), վարհակող
(m. pronator), վերհակող (m. supinator), բարձրացնող (m. levator), իջեցնող (m. depressor), զատող
(m. abductor) և առբերող (m. adductor) մկաններ։
5. Ըստ հոդերի նկատմամբ ունեցած իրենց հարաբերության լինում են միահոդ, երկհոդ և
բազմահոդ մկաններ: Այն մկանները, որոնք կպչում են հարակից ոսկրերին և ազդում են մեկ
հոդի վրա, կոչվում են միահոդ, մյուսները ցատկում են երկու կամ ավելի հոդերի վրայով,
այսինքն երկհոդ և բազմահոդ են: Վերջիններս սովորաբար միահոդայիններից երկար են և
տեղակայվում են առավելապես մակերեսորեն: Կան մկաններ, որոնք հոդերի վրա
ընդհանրապես չեն ազդում, որովհետև սկսում և կպչում են ոսկրերին, որոնք հոդերի միջոցով
չեն միանում, օրինակ՝ մախաթակորճային մկանը (m. stylohyoideus): Դրանցից են դիմախաղի
մկանները, բերանի հատակի մկանը (m. mylohyoideus), շեքի մկանները:
Մկանների անուններն ունեն տարբեր ծագում: Որոշ մկաններ իրենց անվանումը ստանում
են ձևին համապատասխան, օրինակ՝ շեղանկյունաձև մկան (m. rhomboideus), սեղանարդաձև
մկան (m. trapezius), բրգաձև մկան (m. pyramidalis), մյուսները՝ ըստ մեծության (մեծ, փոքր,
երկար, կարճ), երրորդները՝ ըստ մկանային խրձերի ուղղության, օրինակ՝ թեք, լայնական: Որոշ
մկանների անվանումներում արտացոլված է նրանց կառուցվածքը (երկգլխանի, եռգլխանի,
երկփորանի և այլն), նրանց սկիզբը և վերջը (բազկաճաճանչային, կրծոսկրաանրակապտկաձև
մկաններ):

Մկանների օժանդակ ապարատները


Բացի մկանի երկու գլխավոր մասերից՝ մարմնից ու ջլից, կան նաև օժանդակ
հարմարանքներ, որոնք հեշտացնում են մկանի աշխատանքը:
Դրանք են՝ փակեղները, ջլաբունոցները, ձուսպապարկերը և մկանների ճախարակները:
Փակեղը (fascia) մկանի շարակցահյուսվածքային պատյանն է (նկ. 2): Փակեղները
սահմանազատում են մկանները միմյանցից, կծկման ժամանակ ստեղծում են հենարան
մկանային փորիկի համար, վերացնում են մկանների շփումը մեկը մյուսի նկատմամբ:
Փակեղները նաև սահմանափակում են թարախի տարածումը և արյան տարածումը
արյունազեղման ժամանակ, հնարավորություն են տալիս կատարել տեղային ցավազրկում:
Որոշ տեղերում (սրունքի, նախաբազկի վրա) փակեղները ծառայում են որպես մկանի սկսման
տեղ, և այդ տեղերում դժվար է մկանը անջատել փակեղից:
Տարբերում են սեփական փակեղներ (fasciae propriae) և մակերեսային փակեղներ (fasciae
superficiales): Յուրաքանչյուր շրջան ունի իր սեփական փակեղը, օրինակ՝ բազկի փակեղը (fascia
brachii), նախաբազկի փակեղը (fascia antebrachii): Եթե մկանները տեղակայված են մի քանի
շերտով, ապա սեփական փակեղը բաժանվում է մակերեսային և խորանիստ թիթեղների, որոնք
տեղակայվում են hարևան շերտերի միջև. փակեղի մակերեսային թիթեղը (lamina superficialis)՝
մակերեսային շերտերի միջև, խորանիստ թիթեղը (lamina profunda)՝ խորանիստների միջև:
Մակերեսային փակեղը տեղակայված է մաշկի տակ, սահմանազատում է մկանները
ենթամաշկային բջջանքից՝ պատելով մարմնի տվյալ շրջանի մկանները, օրինակ՝ վերջույթների

3
մկանները: Սովորաբար սեփական փակեղն արձակում է ելուններ՝ միջմկանային խտրոցներ
(septa intermuscularia), որոնք անցնում են տարբեր ֆունկցիոնալ մկանախմբերի միջև և կպչում
են ոսկրին: Փակեղները, միջմկանային խտրոցներն ամուր սերտաճում են ոսկրերի շրջոսկրին,
կազմում են մկանների և մյուս օրգանների փափուկ հենքը կամ փափուկ կմախքը:
Այն տեղերում, որտեղ մկանները մասամբ սկսվում են փակեղներից, փակեղները խիտ են,
լավ են զարգացած և արտաքին տեսքով հիշեցնում են բարակ, լայն ջիլ, օրինակ՝ ազդրի լայն
փակեղը, սրունքի փակեղը: Սակայն սա ջիլ չէ, ջլոն չէ, ինչպես սխալ անվանում էին նախկինում,
այլ ջլային տեսակի փակեղներ են: Փոքր ծանրաբեռնվածություն ունեցող մկաններն ունեն ոչ
ամուր, փխրուն փակեղ, առանց շարակցահյուսվածքային թելերի որոշակի ուղղության:
Մի քանի տեղերում նկատվում են փակեղների հաստացումներ ներկայացնող
գոյացություններ: Դրանցից է ջլային աղեղը (arcus tendineus), որը գոյացել է որպես փակեղի
տեղային hաստացում և անցնում է տվյալ շրջանի նյարդաանոթային խրձի վրայով:
Որոշ hոդերի շրջանում, օրինակ՝ սրունքվեգային, ճաճանչադաստակային, որտեղ
մկանները և ջլերը վերջույթի կառուցվածքին համապատասխան փոխում են իրենց
ուղղությունը, փակեղը հաստ է և ամուր, այն ցատկում է մկանների ջլերի վրայով և կպչում է
ոսկրային ելուններին՝ գոյացնելով ներդակազմ կամուրջներ՝ մկանների արգելաններ (retinacula):
Երբեմն այս գոյացությունները սխալմամբ անվանում են կապաններ:
Արգելանների և հարակից ոսկրերի միջև առաջացած խողովակները, որոնց միջով անցնում
են մկանների բարակ երկար ջլերը, կոչվում են ջլաբունոցներ կամ ոսկրաներդակազմ կամ
ներդակազմ խողովակներ: Ջլաբունոցը (vagina fibrosae tendinis) կարող է լինել ընդհանուր մի
քանի ջլերի համար կամ ներդակազմ խտրոցներով յուրաքանչյուր ջլի համար բաժանվել մի
քանի ինքնուրույն բունոցների: Ինչպես արգելանները, այնպես էլ նրանց տակ տեղակայված
բունոցների դերը ջլերը իրենց տեղում պահելն է, թույլ չտալով նրանց զատվել ոսկրերից.
միաժամանակ նրանք արգելակում են ջլերի կողմնային տեղաշարժը և այդպիսով նպաստում
մկանային ուժը ճիշտ ուղղությամբ կիրառելուն:
Ջլերի սահումը ջլաբունոցի մեջ հեշտանում է այն հանգամանքի շնորհիվ, որ ջլաբունոցը
ներսից ծածկված է ձուսպային թաղանթով, որը ջլաբունոցի երկու ծայրերին շրջվում է բուն ջլի
վրա՝ նրա շուրջը գոյացնելով փակ ձուսպային բունոց (vagina synovialis): Ձուսպային բունոցն ունի
երկու թերթիկ՝ ներքին և արտաքին (նկ. 3): Ներքին՝ ընդերային թերթիկը (lamina visceralis),
պատում է ջիլը բոլոր կողմերից, սերտաճում է նրան (նրա շարակցահյուսվածքային պատյանին՝
պերիտենդինեումին): Արտաքին՝ առպատային թերթիկը (lamina parietalis) ներսից սերտաճած է
ջլաբունոցի ներդակազմ պատերին: Այնտեղ, որտեղ ձուսպաբունոցի ընդերային թերթիկը
շարունակվում է առպատային թերթիկի, առաջանում է ջլի միջընդերքը (mesotendineum): Ջլի
միջընդերքի միջով դեպի ջիլ են անցնում արյունատար անոթներ և նյարդեր, ուստի միջընդերքը
վնասվելու դեպքում ջիլը մեռուկանում է: Ձուսպային բունոցի ընդերային և առպատային
թերթիկների միջև առաջանում է ճեղքանման փակ խոռոչ (cavum vaginae synovialis): Այն
պարունակում է մի քանի կաթիլ ձուսպային հեղուկ, որը կատարում է քսուքի դեր. վերացնում է
շփումը շարժման մեջ եղող ջլի և խողովակի անշարժ պատերի միջև: Ձուսպային թաղանթը
կարող է շրջապատել մեկ կամ մի քանի ջիլ, եթե նրանք դրված են մեկ ջլաբունոցում։
Այն տեղերում, որտեղ ջիլը կամ մկանը հպվում է ոսկրային ելունին, կան ձուսպային

4
պարկեր, որոնք վերացնում են շփումը մկանի և ոսկրի միջև, նաև հեշտացնում են մկանի
սահումը: Ձուսպային պարկը (bursa synovialis) ունի տափակած շարակցահյուսվածքային պարկի
տեսք, որի ներսում պարունակվում է քիչ քանակությամբ ձուսպային հեղուկ: Ձուսպապարկի
պատերը մի կողմից ձուլված են շարժվող օրգանին (մկանին), մյուս կողմից՝ ոսկրին կամ ուրիշ
ջլին։ Պարկերի չափերը տարբեր են՝ մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Հոդի
կողքին տեղակայված ձուսպապարկի խոռոչը կարող է հաղորդակցվել հոդի խոռոչի հետ:
Այնտեղ, որտեղ մկանի ջիլը փոխում է իր ուղղությունը, սովորաբար գոյանում է ճախարակ
(trochlea muscularis), որի վրայով պտտվում է ջիլը: Լինում են ոսկրային և ներդակազմ
ճախարակներ: Ոսկրային ճախարակները ծածկված են աճառով, և ոսկրի ու ջլի միջև
տեղակայվում է ձուսպապարկ: Ներդակազմ ճախարակները կազմվում են փակեղներով:
Ճախարակները ոչ միայն փոխում են ջլի ուղղությունը, այլև ծառայում են ջլի համար հենարան և
միաժամանակ մեծացնում են ջլի ոսկրին կպչելու անկյունը, դրանով իսկ մեծացնում ուժի
ներդրման լծակը:
Նույնպիսի գործառույթ են կատարում քունջութաձև ոսկրերը (ossa sesamoidea), որոնք
զարգանում են մի քանի ջլերի hաստության մեջ կամ սերտաճում են ջլին: Դրանցից են
դաստակի սիսեռաձև ոսկրը (os pisiforme), ինչպես նաև ամենամեծ քունջութաձև ոսկրը՝
ծնկոսկրը (patella) :

Մկանների աշխատանքը
Մկանային հյուսվածքի հիմնական հատկությունը, որի վրա հիմնված է մկանի
աշխատանքը, կծկողականությունն է: Մկանի կծկման ժամանակ նրա մի ծայրը մնում է
անշարժ. այն անշարժ կետ է (punctum fixum), իսկ մյուս ծայրը՝ շարժուն կետը (punctum mobile)
մոտենում է անշարժ կետին. դրա հետևանքով մկանը կարճանում է: Սովորաբար մկանի
անշարժ կետը համընկնում է մկանի սկզբին: Մկանի շարժուն կետը տեղակայվում է մյուս
ոսկրի վրա, որին մկանը կպչում է: Մկանի անշարժ և շարժուն կետերը կարող են փոփոխվել
իրենց տեղերով: Օրինակ՝ կանգնած վիճակում, երբ առաջ են թեքվում, որովայնի ուղիղ մկանի
համար շարժուն կետը նրա վերին (մոտակա) ծայրն է, իսկ երբ կախված դրությամբ ոտքերը
ծալում են կոնքազդրային հոդում, մկանի շարժուն ծայրը դառնում է նրա ստորին (հեռակա)
ծայրը:
Մկաններն ազդում են հոդերի վրա՝ փոխելով ոսկրային լծակների դիրքը: Ընդ որում՝
յուրաքանչյուր մկան ազդում է հոդի վրա միայն մեկ ուղղությամբ: Մեկառանցքանի հոդի
(գլանաձև, ճախարակաձև) ոսկրային լծակների շարժումը կատարվում է միայն մեկ առանցքի
շուրջ: Այդպիսի հոդի նկատմամբ մկանները դասավորվում են երկու կողմից և ազդում են նրա
վրա երկու ուղղությամբ: Օրինակ՝ արմնկային հոդում որոշ մկաններ ծալիչներ են, մյուսները՝
տարածիչներ: Այն մկանները, որոնք ազդում են հոդի վրա հակառակ ուղղություններով, մեկը
մյուսի նկատմամբ անտագոնիստներ են: Յուրաքանչյուր շարժում անտագոնիստ մկանների
գործողության արդյունք է: Այսպես՝ յուրաքանչյուր ծալման դեպքում կծկվում են ոչ միայն
ծալիչները, այլև տարածիչները, որոնք աստիճանաբար զիջում են ծալիչներին և
սահմանափակում նրանց չափից ավելի կծկումը: Այսպիսով, մկանների անտագոնիզմն
ապահովում է նրանց կծկումների սահունությունը և համաչափությունը:

5
Յուրաքանչյուր հոդի վրա մեկ ուղղությամբ սովորաբար ազդում են երկու կամ ավելի
մկաններ: Ազդեցության ուղղությամբ այսպիսի համագործակից մկանները կոչվում են
սիներգիստներ: Երկառանցքանի հոդում (էլիպսաձև, կոճային, թամբաձև) մկանները
խմբավորվում են նրա երկու առանցքներին համապատասխան, որոնց շուրջ կատարվում են
շարժումներ: Գնդաձև հոդին, որն ունի շարժման երեք առանցք (բազմառանցքանի հոդ),
մկանները հարում են մի քանի կողմից և նրա վրա ազդում են տարբեր ուղղություններով:
Այսպես, օրինակ՝ ուսային հոդում կան մկաններ՝ ծալիչներ և տարածիչներ, որոնք իրագործում
են շարժում ճակատային առանցքի շուրջ, զատող և առբերող՝ սագիտալ առանցքի շուրջ, և
պտտողներ՝ երկայնաձիգ առանցքի շուրջ՝ դեպի ներս՝ վարհակիչներ, և դեպի դուրս՝
վերհակիչներ: Այն մկանների խմբում, որոնք կատարում են այս կամ այն շարժումը, կարելի է
առանձնացնել գլխավոր մկաններ, որոնք ապահովում են տվյալ շարժումները, և օժանդակ,
որոնք լրացնում են շարժումը:
Մկանների ֆունկցիոնալ բնութագրման համար օգտագործվում են այնպիսի ցուցանիշներ,
ինչպիսիք են մկանի անատոմիական և ֆիզիոլոգիական տրամագծերը: Անատոմիական
տրամագիծը լայնական կտրվածքի մակերեսն է, որն ուղղահայաց է մկանի երկարությանը և
անցնում է մկանի փnրիկի ամենալայն մասով: Այս ցուցանիշը բնութագրում է մկանի չափը, նրա
հաստությունը: Ֆիզիոլոգիական տրամագիծը մկանի կազմի մեջ մտնող բոլոր մկանաթելերի
լայնական կտրվածքի գումարային մակերեսն է: Քանի որ կծկվող մկանի ուժը պայմանավորված
է մկանաթելերի լայնական կտրվածքի մեծությամբ, ուստի մկանի ֆիզիոլոգիական տրամագիծը
բնորոշում է նրա ուժը:
Իլիկաձև և ժապավենաձև մկանների, որոնց մկանաթելերը դասավորված են զուգահեռ,
անատոմիական և ֆիզիոլոգիական տրամագծերը համընկնում են: Հովհարաձև մկանների
դեպքում այլ է: Միատեսակ անատոմիական տրամագիծ ունեցող երկու հավասարամեծ
մկաններից փետրաձև մկանի ֆիզիոլոգիական տրամագիծն ավելի մեծ է իլիկաձևից: Փետրաձև
մկանի մկանային թելերի գումարային լայնական կտրվածքն ավելի մեծ է, իսկ թելերն ավելի
կարճ են, քան իլիկաձևինը: Այս պատճառով փետրաձև մկանն օժտված է ավելի մեծ ուժով,
սակայն նրա կարճ մկանային թելերի կրճատման ուժն ավելի փոքր կլինի, քան իլիկաձև կամ
ժապավենաձև մկաններինը: Ուստի փետրաձև մկաններն այնտեղ են, որտեղ անհրաժեշտ է
մկանային կծկումների զգալի ուժ: Երկար մկանաթելերից կազմված իլիկաձև և ժապավենաձև
մկանները կծկման ժամանակ կարճանում են ավելի մեծ չափով: Նույն ժամանակ նրանք
զարգացնում են ավելի փոքր ուժ, քան փետրաձև մկանները, որոնք ունեն նույնպիսի
անատոմիական տրամագիծ:

Մկանների զարգացումը
Մարդու մարմնի, ինչպես նաև կենդանիների ամբողջ կմախքային միջաձիգ զոլավոր
մկանները զարգանում են մեզոդերմից: Իրանի մկանները զարգանում են առավելապես
մեզոդերմի մեջքային մասից, որը բաժանվում է մարմնի նախնական հատվածների՝ սոմիտների:
Վերջիններս տեղակայված են սաղմի առանցքային օրգանների՝ նյարդային խողովակի և
մեջքալարի կողքերին: Այնուհետև յուրաքանչյուր սոմիտ բաժանվում է 3 մասի՝ սկլերոտոմ,
դերմատոմ և միոտոմ: Վերջինից զարգանում են իրանի մկանները:

6
Սկզբում միոտոմը գրավում է սոմիտի թիկնամիջային մասը և ունի խոռոչ (միոցել):
Մեծանալով միոտոմը կորցնում է բջջային բնույթը և վերածվում է սինցիտյալ զանգվածի, որից
առաջանում են միջաձիգ զոլավոր կծկվող մկանաթելերը: Միոտոմները հետագայում աճում են
մեջքային և փորային ուղղությամբ: Միոտոմների մեջքային մասերից զարգանում են մեջքի
խորանիստ (սեփական) մկանները: Միոտոմների փորային մասերից ծագում են կրծքի
խորանիստ մկանները և որովայնի առաջային և կողմնային պատերի մկանները:
Միոտոմները կապվում են նյարդային համակարգի հետ: Յուրաքանչյուր միոտոմին
համապատասխանում է նյարդային խողովակի որոշակի մաս՝ նևրոմեր, որից նրան մոտենում
են ապագա ողնուղեղային նյարդերի թելերը: Ընդ որում՝ մեջքային մկանները նյարդավորվում
են ողնուղեղային նյարդերի մեջքային ճյուղերով, մինչդեռ փորային մկանները նյարդավորվում
են այս նյարդերի փորային ճյուղերով: Միևնույն միոտոմից ծագող բոլոր մկանները
նյարդավորվում են միևնույն ողնուղեղային նյարդով: Հարևան միոտոմները կարող են ձուլվել
իրար, բայց ամեն մի միոտոմ դարձյալ պահպանում է իրեն պատկանող նյարդաթելը: Սա է
պատճառը, որ մի քանի միոտոմներից առաջացած մկանը, օրինակ, որովայնի ուղիղ մկանը
նյարդավորվում է մի քանի նյարդերով:
Պետք է նշել, որ յուրաքանչյուր նյարդ հետևում է մկանին նրա տեղափոխումների և
փոփոխությունների ընթացքում: Այդ պատճառով նյարդի անջատման մակարդակը դեպի տվյալ
մկանը կարող է ցույց տալ նրա հիմնադրման տեղը, օրինակ՝ ստոծանին, որը զարգանում է
պարանոցային միոտոմներից և նյարդավորվում է պարանոցային հյուսակի ճյուղով՝
ստոծանիական նյարդով:
Իրանի վրա զարգացող մկանների մի մասը (մեջքի, կրծքի խորանիստ մկանները և
որովայնի մկանները), որոնք ամբողջ ժամանակ առաջանում են և մնում են իրանի
սահմաններում, կոչվում են աուտոխտոն մկաններ (հուն. autos - ինքը, chton - երկիր, autochtonos
- բնիկ, տեղացի) :
Զարգացման բարդ գործընթացներ են տեղի կատարվում վերջույթները իրանին միացնող
մկանների դեպքում: Այստեղ կան վերջույթի մեզենքիմի սաղմում հիմնադրվող մկաններ, որոնք
այնուհետև իրենց մոտակա ծայրերով գաղթում են իրանի վրա և ամրանում իրանի ոսկրերին:
Դրանք տրունկոպետալ մկաններն են (լատ.՝ truncus իրան, petere՝ դեպի իրան ուղղվող):
Այդպիսի մկաններից են մեծ, փոքր կրծքային մկանները և մեջքի լայնագույն մկանը: Ստորին
վերջույթի վրա կա մեկ տրունկոպետալ մկան՝ մեծ գոտկային մկանը: Մի քանի այլ մկաններ
սաղմնադրվում են իրանի և գանգի վրա՝ միոտոմների փորային բաժիններից և խռիկային
մկանների հիման վրա, ապա իրենց հեռակա ծայրերով իրանից և գանգից տեղափոխվում են
վերջույթների վրա և ամրանում նրա ոսկրերին: Դրանք կոչվում են տրունկոֆուգալ (լատ.
truncus՝ իրան, fugere՝ վազել, իրանից փախչող): Դրանցից են սեղանարդաձև,
կրծոսկրաանրակապտկաձև, մեծ և փոքր շեղանկյունաձև, առաջային ատամնավոր,
թիակակորճային, ենթաանրակային մկանները, ինչպես նաև թիակը բարձրացնող մկանը։ Իսկ
այն մկանները, որոնք հիմնադրվում են մեզենքիմից վերջույթների սաղմերի սահմաններում և
մնում են վերջույթների սահմաններում, կոչվում են վերջույթների աուտոխտոն մկաններ:
ԳԼԽԻ ՄԿԱՆՆԵՐԸ և ՓԱԿԵՂՆԵՐԸ
Գլխի մկանները լինում են դիմախաղի և ծամիչ:

7
ԴԻՄԱԽԱՂԻ (ՄԻՄԻԿԱՅԻ) ՄԿԱՆՆԵՐ
Դիմախաղի (միմիկայի) մկանները տարբերվում են մարդու մարմնի մյուս շրջանների
մկաններից ինչպես ծագումով, այնպես էլ կպման բնույթով և գործառույթով: Դիմախաղի
մկանները զարգանում են երկրորդ (կորճային) ընդերային աղեղի հիման վրա, ուստի
նյարդավորվում են դիմային նյարդով (VII զույգ գանգային նյարդ): Դիմախաղի մկանները
տեղակայված են մակերեսորեն անմիջապես մաշկի տակ, փակեղով ծածկված չեն և ի
տարբերություն կմախքային մկանների՝ չունեն երկակի ոսկրային կպումներ, այլ մեկ կամ երկու
ծայրով ներհյուսվում են մաշկին կամ լորձաթաղանթին, այդ պատճառով կծկվելիս շարժում են
դեմքի մաշկը՝ արտացոլելով հոգեկան վիճակը (ուրախություն, սարսափ, թախիծ, նողկանք և
այլն). նրանք մասնակցում են նաև խոսելու և ծամելու գործողությանը: Դիմախաղի մկանները
տեղակայված են բնական բացվածքների շուրջ՝ ունենալով շրջանաձև կամ ճառագայթաձև
դասավորություն (նկ. 4): Շրջանաձև մկանները կատարում են սեղմիչների դեր, ճառագայթաձև
դասավորվածները՝ լայնիչների դեր:
Դիմախաղի մկանները, ըստ տեղակայման, լինում են. գանգաթաղի, ակնային ճեղքը
շրջապատող, ռունգերը (քթանցքերը) շրջապատող, բերանային ճեղքը շրջապատող և
ականջախեցու:
Գանգաթաղի մկաններ
1. Վերգանգային մկան (m. epicranius), որում տարբերում են հետևյալ մասեր. 1)
ծոծրակաճակատային մկան, 2) ջլային սաղավարտ (վերգանգային ջլոն), 3) քունքագագաթային
մկան:
Ծոծրակաճակատային մկանը (m. occipitofrontalis) ունի ճակատային փորիկ (venter frontalis)
և ծոծրակային փորիկ (venter occipitalis), որոնք միացած են միմյանց ջլոնով՝ ջլային
սաղավարտով (galea aponeurotica): Այն զբաղեցնում է միջանկյալ դիրք և ծածկում է գլխի
գագաթային շրջանը: Ծոծրակային փորիկը սկսվում է վերին վզարմատային գծից և ուղղվելով
վեր՝ ներհյուսվում է ջլային սաղավարտին: Ճակատային փորիկը զարգացած է ավելի ուժեղ,
սկսվում է հոնքերի մաշկից և գլխի մաշկի մազածածկ մասի սահմանի մակարդակին (պսակաձև
կարանից առաջ) նույնպես վերածվում է ջլային սաղավարտի:
Ջլային սաղավարտը տափակ ներդակազմ թիթեղ է, որը զբաղեցնում է գանգաթաղի մեծ
մասը: Ուղղահայաց շարակցահյուսվածքային խրձերով ջլային սաղավարտը միանում է գլխի
մաշկի մազածածկ մասին: Ջլային սաղավարտի և գանգաթաղի շրջոսկրի միջև փուխր
շարակցական հյուսվածքի միջնաշերտ է: Այդ պատճառով ծոծրակաճակատային մկանի
կծկման դեպքում գլխի մաշկի մազածածկ մասը ջլային սաղավարտի հետ ազատ
տեղաշարժվում է գանգաթաղի վրայով:
Քունքագագաթային մկանը (m. temporoparietalis) տեղակայված է գանգի կողմնային
մակերեսին, վերին ականջային մկանի այն մկանախրձերն են, որոնք սկսվում են ականջախեցու
աճառից և հովհարի նման տարածվելով, կպչում են ջլային սաղավարտի կողմնային մասին:
Ֆունկցիան. ծոծրակաճակատային մկանի ծոծրակային փորիկը գլխի մաշկը ձգում է հետ,
իսկ ճակատային փորիկի կծկման դեպքում ճակատի մաշկը ձգվում է դեպի վեր, ճակատի վրա
առաջանում են լայնական ծալքեր, հոնքերը բարձրանում են, և դեմքին տրվում է զարմանքի
արտահայտություն:

8
Անոթավորումը. a. occipitalis, a. auricularis posterior, a. temporalis superficialis, a. supraorbitalis:
Նյարդավորումը. n. facialis:
2. Հպարտության մկանը (m. procerus) սկսվում է քթոսկրից և վերջանում է հոնքամեջի մաշկի
մեջ՝ հյուսվելով ծոծրակաճակատային մկանի ճակատային փորիկին:
Ֆունկցիան. կծկվելիս հպարտության մկանը ձգում է քթի արմատի մաշկը դեպի վար՝
առաջացնելով լայնական ծալքեր հոնքամեջի շրջանում:
Անոթավորումը. a. angularis:
Նյարդավորումը. n. facialis:
Ակնային ճեղքը շրջապատող մկաններ
1. Աչքի օղակաձև մկանը (m. orbicularis oculi) շրջապատում է ակնային ճեղքը, տեղակայված
է կոպերի հաստության մեջ և ակնակապճի ոսկրային շրջեզրով: Այն կազմված է երեք մասից.
կոպային, ակնակապճային և արցունքային:
Կոպային մասը (pars palpebralis) մկանախրձերի բարակ շերտ է՝ տեղակայված կոպերի
մաշկի տակ, որոնք սկսվում են կոպի միջային կապանից, անցնում են աչքի կողմնային անկյուն,
որտեղ վերին և ստորին կոպերից եկող թելերը փոխադարձ միահյուսվում են՝ առաջացնելով
կոպի կողմնային կարը: Վերջինս ձգվում է աչքի կողմնային անկյունից դեպի ակնակապճի
կողմնային եզրը:
Ակնակապճային մասը (pars orbitalis) զգալիորեն ավելի հաստ է և լայն, քան կոպայինը: Այն
սկսվում է ճակատոսկրի քթային մասից, վերին ծնոտի ճակատային ելունից և կոպի միջային
կապանից, ապա մկանախրձերն ուղղվում են դեպի աչքի կողմնային անկյուն, որտեղ վերին և
ստորին մասերը միահյուսվում են. վերին մկանախրձերի մի մասը ներհյուսվում է
ծոծրակաճակատային մկանի ճակատային փորիկին, և հոնքերը կնճռող մկանին:
Արցունքային մասը (pars lacrimalis) սկսվում է արցունքոսկրի արցունքային կատարից,
անցնում է արցունքապարկի հետևով և ներհյուսվում է կոպային մասին:
Ֆունկցիան. աչքի օղակաձև մկանը ակնային ճեղքի սեղմանն է: Կոպային մասը փակում է
կոպերը: Ակնակապճային մասի կծկման դեպքում աչքերը կկոցվում են, գոյանում են
հովհարաձև ծալքեր աչքի կողմնային անկյան շրջանում, միաժամանակ իջեցնում է հոնքերը և
թշի մաշկը ձգում դեպի վեր: Արցունքային մասը լայնացնում է արցունքապարկը՝
քթարցունքային ծորանով նպաստելով արցունքային հեղուկի արտահոսքին:
Անոթավորումը. a. facialis, temporalis superficialis, a. infraorbitalis, supraorbitalis:
Նյարդավորումը. n. facialis:
2. Հոնքը կնճռող մկանը (m. corrugator supercilii) սկսվում է վերհոնքային աղեղի միջային
մասից, անցնում է դեպի վեր և կողմ, կպչում է համապատասխան կոպի մաշկին: Այս մկանի
խրձերի մի մասը միահյուսվում է աչքի օղակաձև մկանին:
Ֆունկցիան. մոտեցնում է հոնքերը միմյանց, որի հետևանքով հոնքամիջում գոյանում են
ուղղահայաց ծալքեր: Հոնքերի նման դիրքն արտահայտում է ցավ և ծանր հոգեկան ապրումներ:
Անոթավորումը. a. frontalis, a. temporalis superficialis, a. supraorbitalis:
Նյարդավորումը. n. facialis:
Ռունգերը (քթանցքերը) շրջապատող մկաններ

9
1. Քթային մկանը (m. nasalis) թույլ զարգացած է, մասամբ ծածկված է վերին շուրթը
բարձրացնող մկանով: Այն կազմված է միջաձիգ և թևային մասերից: Միջաձիգ մասը (pars
transversa) սկսվում է վերին ծնոտից՝ վերին կտրիճներից վեր և կողմնայնորեն: Մկանախրձերը
ուղղվում են դեպի վեր և ներս, վերածվում են ջլոնի, որը ցատկում է քթի մեջքի աճառային մասի
վրայով և միանում հակառակ կողմի համանուն մկանին:
Թևային մասը (pars alaris) սկսվում է միջաձիգ մասից վար և միջայնորեն, ներհյուսվում է քթի
թևի մաշկին:
Ֆունկցիան. միջաձիգ մասը սեղմում է քթի աճառային մասը և ձգում այն դեպի վար՝
նեղացնելով քթանցքերը, թևային մասը ձգում է քթի թևը դեպի վար և կողմ՝ լայնացնելով
քթանցքերը:
Անոթավորումը. a. labialis superior, a. angularis:
Նյարդավորումը. n. facialis:
2. Քթի միջնապատը իջեցնող մկանը (m. depressor septi nasi) քթային մկանի մի մասն է: Նրա
խրձերը սկսվում են վերին ծնոտի կենտրոնական կտրիչից վեր և կպչում են քթի միջնապատի
աճառային մասին:
Ֆունկցիան. ձգում է քթի միջնապատը դեպի վար:
Անոթավորումը. a. labialis superior:
Նյարդավորումը. n. facialis:
Բերանի ճեղքը շրջապատող մկաններ
1. Բերանի օղակաձև մկանը (m. orbicularis oris) տեղակայված է շրթունքների հաստության
մեջ՝ կազմելով վերին և ստորին շրթերի մկանային հենքը: Այն բաղկացած է եզրային և շրթնային
մասերից:
Եզրային մասը (pars marginalis) մկանի ծայրամասային բաժինն է, այն կազմվում է հարակից
դիմախաղի մկանների խրձերով, որոնք մոտենում են շրթունքներին և շարունակվում որպես
եզրային մկանախուրձ:
Շրթնային մասը (pars labialis) տեղակայված է վերին և ստորին շրթունքների հաստության
մեջ: Մկանախրձերը ձգվում են բերանի մեկ անկյունից մյուսը՝ ներհյուսվելով բերանի անկյան
լորձաթաղանթին և մաշկին:
Ֆունկցիան. փակում է բերանի ճեղքը, մասնակցում է ծծելու, ծամելու և համբուրվելու
գործողություններին:
Անոթավորումը. a. labialis superior, a. labialis inferior, a. infraorbitalis, a. mentalis:
Նյարդավորումը. n. facialis:
2. Վերին շուրթը բարձրացնող մկանը (m. levator labii superioris) սկսվում է վերին ծնոտի
ստորակնակապճային եզրից: Ուղղվելով դեպի վար մկանախրձերը հավաքվում են և
ներհյուսվում քթաշրթնային ծալքի մաշկին: Այս մկանից անջատվում է մի մկանախուրձ, որը
ներհյուսվում է քթի թևի մաշկին:
Ֆունկցիան. բարձրացնում է վերին շուրթը՝ արտահայտելով քթաշրթնային ակոսը, որը
ձգվում է քթի դրսային կողմից մինչև վերին շուրթը: Մկանը ձգում է նաև քթի թևը դեպի վեր՝
լայնացնելով քթանցքը:
Անոթավորումը. a. labialis superior, a. angularis, a. infraorbitalis:

10
Նյարդավորումը. n. facialis:
3. Ստորին շուրթը իջեցնող մկանը (m. depressor labii inferioris) սկսվում է ստորին ծնոտի
հիմքից՝ կզակային անցքից ցած, ուղղվում է վեր և ներհյուսվում է ստորին շուրթի մաշկին և
լորձաթաղանթին:
Ֆունկցիան. ձգում է ստորին շուրթը դեպի վար և մի փոքր կողմ, մասնակցում է ծաղրի,
թախիծի, նողկանքի արտահայտմանը:
Անոթավորումը. a. labialis inferior, a. mentalis:
Նյարդավորումը. n. facialis:
4. Այտային մեծ մկանը (m. zygomaticus major) սկսվում է այտոսկրից և կպչում է բերանի
անկյանը:
Ֆունկցիան. ձգում է բերանի անկյունը դեպի վեր և կողմ՝ խորացնելով քթաշրթնային ծալքը,
ծիծաղի գլխավոր մկանն է:
Անոթավորումը. a. buccalis, a. infraorbitalis:
Նյարդավորումը. n. facialis:
5. Այտային փոքր մկանը (m. zygomaticus minor) սկսվում է այտոսկրից և ներհյուսվում է
քթաշրթնային ծալքի մաշկին կամ բերանի անկյան մաշկին:
Ֆունկցիան. բարձրացնում է բերանի անկյունը՝ խորացնելով քթաշրթնային ծալքը:
Անոթավորումը. a. buccalis, a. infraorbitalis:
Նյարդավորումը. n. facialis:
6. Ծիծաղի մկանը (m. risorius) մի փոքր լայնական խուրձ է, սկսվում է ծամիչ փակեղից և
ներհյուսվում է բերանի անկյան մաշկին և թշի մաշկին: Սովորաբար թույլ է արտահայտված,
հաճախ բացակայում է:
Ֆունկցիան. բերանի անկյունը ծիծաղելիս ձգում է դեպի կողմ՝ թշի վրա առաջացնելով
փոսիկ:
Անոթավորումը. a. buccalis, a. transversa faciei, a. facialis:
Նյարդավորումը. n. facialis:
7. Բերանի անկյունը բարձրացնող մկանը (m. levator anguli oris) տեղակայված է վերին շուրթը
բարձրացնող և այտային մեծ մկանների տակ, սկսվում է ժանիքային փոսից կամ շնափոսից
(անցյալում մկանը կոչվել է ժանիքային մկան (m. caninus)) և կպչում է բերանի անկյանը:
Ֆունկցիան. ձգում է բերանի անկյունը դեպի վեր և կողմ:
Անոթավորումը. a. infraorbitalis, a. buccalis:
Նյարդավորումը. n. facialis:
8. Թշամկանը (m. buccinator) բարակ քառանկյուն մկան է, կազմում է թշի մկանային հենքը:
Մկանը սկսվում է ստորին ծնոտի թշային կատարից, վերին ծնոտի ատամնաբնային ելունի
արտաքին մակերեսից՝ մեծ աղորիքներին համապատասխանող տեղամասից և
թևակերպաստործնոտային կարից (raphe pterygomandibularis), որը ձգվում է ստորին ծնոտի և
թևակերպ ելունի կարթի միջև: Մկանախրձերն ուղղվում են դեպի բերանի անկյուն,
ներհյուսվում են բերանի անկյան և շուրթերի մաշկին, նաև շարունակվում են վերին և ստորին
շուրթերի մկանային հենքի մեջ: Վերին երկրորդ մեծ աղորիքի մակարդակին հարականջային
թքագեղձի ծորանը թափանցում է մկանի միջով:

11
Ֆունկցիան. բերանի անկյունը ձգում է դեպի հետ, թուշը սեղմում է ատամներին:
Անոթավորումը. a. buccalis:
Նյարդավորումը. n. facialis:
9. Բերանի անկյունն իջեցնող մկանը (m. depressor anguli oris) եռանկյուն մկանային թիթեղ է,
լայն հիմքով սկսվում է ստորին ծնոտի հիմքից՝ կզակային թմբիկից մինչև առաջին մեծ աղորիքի
մակարդակ, և կպչում է բերանի անկյան մաշկին:
Ֆունկցիան. բերանի անկյունը ձգում է դեպի վար և կողմ՝ դեմքին տալով տխրության
արտահայտություն:
Անոթավորումը. a. labialis inferior, a. mentalis:
Նյարդավորումը. n. facialis:
10. Կզակային մկանը (m. mentalis) սկսվում է ստորին ծնոտի կտրիչների և ժանիքի
բարձրություններից և կպչում է կզակի մաշկին:
Ֆունկցիան. կզակի մաշկը ձգում է դեպի վեր և կողմ, կզակի վրա առաջանում են փոսիկներ,
նպաստում են ստորին շուրթի դեպի առաջ արտափքմանը:
Անոթավորումը. a. labialis inferior, a. mentalis:
Նյարդավորումը. n. facialis:
Ականջախեցու մկաններ
Մարդու ականջախեցու մկանները թույլ են զարգացած, ականջախեցին շարժելու
ունակությունը գրեթե բացակայում է, այն համատեղվում է ծոծրակաճակատային մկանի
միաժամանակ կծկմանը:
Կան առաջային ականջային (m. auricularis anterior), վերին ականջային (m. auricularis
superior) և հետին ականջային (m. auricularis posterior) մկաններ, որոնք ականջային մկանների
մնացորդներն են:
Ֆունկցիան. կարող են ականջախեցին ձգել դեպի առաջ, վեր և հետ:
Անոթավորումը. a. temporalis superficialis, a. auricularis posterior:
Նյարդավորումը. n. facialis:

ԾԱՄԻՉ ՄԿԱՆՆԵՐ
Ծամիչ մկանները զարգանում են առաջին (ստործնոտային) ընդերային աղեղից: Նրանք
սկսվում են գանգի ոսկրերից և կպչում են միակ շարժուն ոսկրին՝ ստորին ծնոտին՝
ապահովելով շարժումներ քունքաստործնոտային հոդում ծամելու, կլման, խոսելու ժամանակ
(նկ. 5):
1. Ծամիչ մկանը (m. masseter) քառանկյուն մկան է, կազմված է մակերեսային (ավելի մեծ) և
խորանիստ (ավելի փոքր) մասերից: Մկանի մակերեսային մասը սկսվում է վերին ծնոտի
այտային ելունից և այտային աղեղի առաջային 2/3-ից, խորանիստ մասը՝ այտային աղեղի միջին
և հետին 1/3-ներից, ապա մկանախրձերն ուղղվում են վար և կպչում ստորին ծնոտի ճյուղի
կողմնային մակերեսին՝ պսակաձև ելունի հիմքից մինչև ծամիչ թմբկություն:
Ֆունկցիան. բարձրացնում է ստորին ծնոտը՝ զարգացնելով մեծ ուժ: Մկանի մակերեսային
խրձերը նաև ստորին ծնոտը շարժում են դեպի առաջ:
Անոթավորումը. a. masseterica:

12
Նյարդավորումը. n. trigeminus:
2. Քունքային մկանը (m. temporalis) հովհարաձև է, տեղակայված է գանգի կողմնային
մակերեսին՝ զբաղեցնելով ամբողջ քունքափոսը: Մկանը սկսվում է գանգաթաղի կողմնային
պատի ստորին քունքային գծից, մկանախրձերը զուգամիտելով ուղղվում են վար և վերածվելով
հաստ ջլի՝ կպչում են ստորին ծնոտի պսակաձև ելունին:
Ֆունկցիան. բարձրացնում է ստորին ծնոտը, ազդում է առավելապես առաջային ատամների
վրա («կծող մկան»): Մկանի հետին հորիզոնական խրձերը ստորին ծնոտը ձգում են դեպի հետ:
Անոթավորումը. aa. temporales profundae et superficiales:
Նյարդավորումը. n. trigeminus:
3. Թևակերպ կողմնային մկան (m. pterygoideus lateralis) հաստ, կարճ մկան է, տեղակայված է
ստորքունքային փոսում, սկսվում է երկու գլխիկներով՝ վերին և ստորին (նկ. 6): Վերին գլխիկը
սկսվում է սեպոսկրի մեծ թևի ստորքունքային կատարից և ստորքունքային մակերեսից,
ստորինը՝ թևակերպ ելունի կողմնային թիթեղի արտաքին երեսից: Երկու գլխիկների
մկանախրձերը մոտենում են իրար, ուղղվում են հետ և կողմ՝ կպչելով ստորին ծնոտի կոճային
ելունին՝ ծնոտի վզիկի թևակերպ փոսիկին:
Ֆունկցիան. մկանի երկկողմանի կծկման դեպքում ստորին ծնոտը շարժվում է դեպի առաջ:
Միակողմանի կծկման դեպքում ստորին ծնոտը տեղաշարժվում է դեպի հակառակ կողմ:
Անոթավորումը. a. maxillaris, a. facialis:
Նյարդավորումը. n. trigeminus:
4. Թևակերպ միջային մկանը (m. pterygoideus medialis) քառանկյուն հաստ մկան է, նման է
ծամիչ մկանին, բայց ավելի թույլ արտահայտված: Մկանը սկսվում է սեպոսկրի թևակերպ
փոսից, ուղղվում է դեպի վար, հետ ու կողմ և կպչում ստորին ծնոտի ճյուղի ներքին մակերեսի
թևակերպային թմբկությանը:
Ֆունկցիան. բարձրացնում է ստորին ծնոտը, այն ուղղում է դեպի առաջ:
Անոթավորումը. a. maxillaris, a. facialis:
Նյարդավորումը. n. trigeminus:

ԳԼԽԻ ՓԱԿԵՂՆԵՐԸ
Քունքային փակեղը (fascia temporalis) ամուր ներդակազմ թիթեղ է, որը ծածկում է
քունքամկանը և ամուր սերտաճում նրան (տե´ս նկ. 5): Փակեղը սկսվում է գանգի կողմնային
մակերեսի վերին քունքային գծից և ջլային սաղավարտից: Այն ծածկում է մկանը և այտային
աղեղից վեր փեղեկվում է երկու թերթիկների՝ մակերեսային (lamina superficialis) և խորանիստ
(lamina profunda): Մակերեսային թերթիկը կպչում է այտային աղեղի արտաքին մակերեսին, իսկ
խորանիստը՝ նրա ներքին մակերեսին: Այս թիթեղների միջև կան ոչ մեծ քանակությամբ
ճարպային բջջանք, արյունատար անոթներ և նյարդեր:
Ծամիչ փակեղը (fascia masseterica) ծածկում է ծամիչ մկանը՝ ամուր սերտաճելով նրան:
Վերևում նա կպչում է այտային աղեղին, ներքևում՝ ստորին ծնոտի եզրին: Առջևից այն
վերածվում է թշաըմպանային փակեղի, իսկ հետևից ձուլված է հարականջային գեղձի
պատյանին:

13
Հարականջային փակեղը (fascia parotidea) փեղեկվում է՝ պատյան առաջացնելով
հարականջային գեղձի շուրջը:
Թշաըմպանային փակեղը (fascia buccopharyngea) համեմատաբար թույլ է զարգացած,
ծածկում է թշամկանի հետին հատվածը և շարունակվում է ըմպանի կողմնային պատի վրա: Այս
փակեղի խտացած հատվածը, որը ձգվում է սեպոսկրի թևակերպ ելունի կարթից մինչև ստորին
ծնոտ, կազմում է թևակերպաստորինծնոտային կարը (raphe pterygomandibularis):

ՊԱՐԱՆՈՑԻ ՄԿԱՆՆԵՐԸ և ՓԱԿԵՂՆԵՐԸ


Ըստ ծագման և տեղագրության՝ պարանոցի մկանները բաժանվում են առանձին խմբերի:
Ըստ ծագման լինում են.
1. Մկաններ, որոնք զարգանում են առաջին (ստորին ծնոտային) ընդերային աղեղի
մեզենքիմից: Դրանք են՝ ծնոտակորճային մկանը, երկփորանի մկանի առաջային փորիկը:
2. Մկաններ, որոնք երկրորդ (ստորկորճային) ընդերային աղեղի ածանցյալներն են: Դրանք
են՝ մախաթակորճային մկանը, երկփորանի մկանի հետին փորիկը և պարանոցի
ենթամաշկային մկանը:
3. Խռիկային աղեղների ածանցյալներն են կրծոսկրաանրակապտկաձև մկանը և
սեղանարդաձև մկանը:
4. Միոտոմների փորային մկանների մնացորդներն են կրծոսկրակորճային,
կրծոսկրավահանային, վահանակորճային, թիակակորճային, կզակակորճային, առաջային,
միջին և հետին սանդղաձև մկանները, ինչպես նաև առողնաշարային մկանները, պարանոցի
երկար մկանը և գլխի երկար մկանը:
Տեղագրական տեսակետից պարանոցի մկանները լինում են մակերեսային, միջին
(կորճային) և խորանիստ:
Մակերեսային մկանախմբին են պատկանում ենթամաշկային մկանը և
կրծոսկրաանրակապտկաձև մկանը (նկ. 7):
Միջին (կորճային) մկանախումբը բաժանվում է վերկորճային մկանների՝ տեղակայված
կորճոսկրից վեր, և ստորկորճային մկանների՝ տեղակայված կորճոսկրից վար: Վերկորճային
մկաններն են՝ ծնոտակորճային, երկփորանի, մախաթակորճային և կզակակորճային մկանները:
Ստորկորճային մկաններն են՝ կրծոսկրակորճային, կրծոսկրավահանային, վահանակորճային և
թիակակորճային մկանները (նկ. 8):
Պարանոցի խորանիստ մկանները բաժանվում են կողմնային և առողնաշարային խմբերի:
Կողմնային խմբի մկաններն են առաջային, միջին և հետին սանդղաձև մկանները:
Առողնաշարային խմբում են գլխի երկար մկանը, գլխի առաջային ուղիղ մկանը, գլխի
կողմնային ուղիղ մկանը և պարանոցի երկար մկանը (նկ. 9):

Պարանոցի մակերեսային մկաններ


1. Պարանոցի ենթամաշկային մկանը (m. platysma) բարակ, տափակ մկան է, տեղակայված է
անմիջապես մաշկի տակ: Մկանը սկսվում է կրծքային փակեղից՝ II կողի մակարդակին,
անցնում է վեր և միջայնորեն՝ զբաղեցնելով պարանոցի գրեթե ամբողջ առաջակողմնային
մակերեսը, բացառությամբ լծային կտրուճից վեր գտնվող եռանկյունաձև փոքր շրջանի, ապա

14
բարձրանալով դեմքի շրջան՝ ներհյուսվում է ծամիչ փակեղին: Մկանախրձերի մի մասը
միանում է ստորին շուրթը իջեցնող մկանին և ծիծաղի մկանին (տե´ս նկ. 7):
Ֆունկցիան. բարձրացնում և ձգում է պարանոցի մաշկը՝ պաշտպանելով մակերեսային
երակները ճնշվելուց, նաև ձգում է բերանի անկյունը դեպի վար:
Անոթավորումը. a. cervicalis superficialis, a. facialis:
Նյարդավորումը. n. facialis:
2. Կրծոսկրաանրակապտկաձև մկանը (m. sternocleidomastoideus) տեղակայված է
անմիջապես ենթամաշկային մկանի տակ: Սկսվում է երկու գլխիկներով կամ ոտիկներով
(միջային և կողմնային)՝ կրծոսկրի կոթի առաջային երեսից և անրակի կրծոսկրային ծայրից:
Բարձրանալով վեր՝ մկանի գլխիկները (ոտիկները) միանում են՝ կազմելով մեկ փորիկ, որը
կպչում է քունքոսկրի պտկաձև ելունին և վերին վզարմատային գծին (տե´ս նկ. 8): Անրակից վեր
մկանի միջային և կողմնային գլխիկների (ոտիկները) միջև առաջանում է փոքր վերանրակային
փոսը (fossa supraclavicularis minor):
Ֆունկցիան. միակողմանի կծկման դեպքում թեքում է գլուխը դեպի իր կողմ, իսկ դեմքը՝
հակառակ կողմ: Մկանի երկկողմանի կծկման դեպքում գլուխը պահում է ուղղաձիգ դիրքում,
առավելագույն կծկման դեպքում գլուխը թեքում է հետ: Անշարժացած գլխի դեպքում
բարձրացնում է կրծքավանդակը՝ նպաստելով շնչառությանը՝ որպես օժանդակ շնչառական
մկան:
Անոթավորումը. a. sternocleidomastoidea, a. occipitalis, a. thyroidea superior, a. thyroidea inferior:
Նյարդավորումը. n. accessorius, պարանոցային հյուսակ:
Միջին (կորճային) խմբի մկաններ բաժանվում են երկու խմբի. վերկորճային մկաններ, որոնք
տեղակայված են կորճոսկրից վեր, և ստորկորճային մկաններ, որոնք կորճոսկրից վար են:
Վերկորճային մկաններն են.
1. Ծնոտակորճային մկանը (m. mylohyoideus) սկսվում է ստորին ծնոտի ծնոտակորճային
գծից, ուղղվում է միջայնորեն և սերտաճում է ջլային կարանին, որը ձգվում է միջին գծով կզակից
մինչև կորճոսկրի մարմին (տե´ս նկ. 8): Ջլային կարանին սերտաճում են աջ և ձախ
ծնոտակորճային մկանների առաջային 2/3-ները: Մկանի հետին խրձերը կպչում են կորճոսկրի
մարմնին: Տեղակայվելով ստորին ծնոտի և կորճոսկրի միջև՝ երկու ծնոտակորճային մկանները
կազմում են բերանի ստոծանու (diaphragma oris) մկանային հենքը:
Ֆունկցիան. ամրացած ստորին ծնոտի դեպքում մկանը կոկորդի հետ բարձրացնում է
կորճոսկրը: Ամրացած կորճոսկրի դեպքում իջեցնում է ստորին ծնոտը:
Անոթավորումը. a. alveolaris inferior, a. facialis:
Նյարդավորումը. n. trigeminus (n. mandibularis):
2. Երկփորանի մկանը (m. digastricus) կազմված է երկու փորիկներից՝ առաջային և հետին,
որոնք իրար միացած են միջանկյալ ջլով: Մկանի առաջային փորիկը (venter anterior) սկսվում է
ստորին ծնոտի երկփորանի փոսից, ուղղվում է հետ ու կողմնայնորեն դեպի կորճոսկր և
վերածվում միջանկյալ ջլի: Հետին փորիկը (venter posterior) սկսվում է քունքոսկրի պտկաձև
կտրուճից, ուղղվում է առաջ, վար և միջայնորեն, այնուհետև վերածվում է միջանկյալ ջլի, որը
թափանցում է մախաթակորճային մկանը և կպչում կորճոսկրի մարմնին ու մեծ եղջյուրին:

15
Ֆունկցիան. ամրացած ստորին ծնոտի դեպքում հետին փորիկը կորճոսկրը ձգում է դեպի
հետ և վեր: Ամրացած կորճոսկրի դեպքում երկփորանի մկանը իջեցնում է ստորին ծնոտը:
Անոթավորումը. հետին փորիկը՝ a. occipitalis, a. auricularis posterior, առաջային փորիկը՝ a.
facialis (a. submentalis):
Նյարդավորումը. հետին փորիկը՝ n. facialis, առաջային փորիկը՝ n. trigeminus (n.
mandibularis):
3. Մախաթակորճային մկանը (m. stylohyoideus) սկսվում է քունքոսկրի մախաթաձև ելունից,
ուղղվում է վար և առաջ՝ դեպի կորճոսկրի մարմին: Կորճոսկրի մոտ մկանի ջիլը փեղեկվում է՝
ընդգրկելով երկփորանի մկանի միջանկյալ ջիլը:
Ֆունկցիան. ձգում է կորճոսկրը դեպի հետ և վեր:
Անոթավորումը. a. occipitalis, a. facialis, a. lingualis:
Նյարդավորումը. n. facialis:
4. Կզակակորճային մկանը (m. geniohyoideus) տեղակայված է ծնոտակորճային մկանի վերին
մակերեսին՝ միջին գծի երկու կողմերում: Սկսվում է ստորին ծնոտի կզակային փշից և կպչում է
կորճոսկրի մարմնին:
Ֆունկցիան. ֆիքսված ստորին ծնոտի դեպքում մկանը կոկորդի հետ բարձրացնում է
կորճոսկրը: Ֆիքսված կորճոսկրի դեպքում իջեցնում է ստորին ծնոտը:
Անոթավորումը. a. mylohyoidea, a. facialis:
Նյարդավորումը. պարանոցային հյուսակ:
Ստորկորճային մկաններն են.
1. Կրծոսկրակորճային մկանը (m. sternohyoideus) սկսվում է կրծոսկրի կոթի հետին երեսից,
կրծոսկրաանրակային հետին կապանից և անրակի կրծոսկրային ծայրից, ուղղվում է վեր և
կպչում կորճոսկրի մարմնին (տե´ս նկ. 9): Աջ և ձախ կրծոսկրակորճային մկանների միջային
եզրերի միջև գոյանում է եռանկյունաձև տարածություն, որտեղ պարանոցային փակեղի
թիթեղները սերտաճում են՝ առաջացնելով պարանոցի միջին գիծը:
Ֆունկցիան. կորճոսկրը ձգում է դեպի վար:
Անոթավորումը. a. thyroidea superior, a. thyroidea inferior, a. cervicalis superficialis:
Նյարդավորումը. ansa cervicalis:
2. Կրծոսկրավահանային մկանը (m. sternothyreoideus) տեղակայված է կրծոսկրակորճային
մկանի տակ, սկսվում է կրծոսկրի կոթի հետին մակերեսից և I կողաճառից, ուղղվում է վեր և
կպչում է կոկորդի վահանաճառի թեք գծին:
Ֆունկցիան. կոկորդը ձգում է դեպի վար:
Անոթավորումը. a. thyroidea superior, a. thyroidea inferior, a. cervicalis superficialis:
Նյարդավորումը. ansa cervicalis:
3. Վահանակորճային մկանը (m. thyreohyoideus) կարծես թե կրծոսկրավահանային մկանի
շարունակությունը լինի դեպի վեր, սկսվում է վահանաճառի թեք գծից և կպչում է կորճոսկրի
մարմնին և մեծ եղջյուրին:
Ֆունկցիան. ամրացած կորճոսկրի դեպքում կոկորդը ձգում է դեպի վեր:
Անոթավորումը. a. thyroidea superior, a. thyroidea inferior, a. cervicalis superficialis:
Նյարդավորումը. պարանոցային հյուսակ:

16
4. Թիակակորճային մկանը (m. omohyoideus) երկար բարակ մկան է, ունի երկու փորիկ՝
վերին և ստորին, որոնք միացած են միջանկյալ ջլով: Ստորին փորիկը (venter inferior) սկսվում է
թիակի վերին եզրից՝ թիակի կտրուճից միջայնորեն, թեքորեն ուղղվում է վեր և առաջ,
կրծոսկրաանրակապտկաձև մկանի հետին եզրի տակ վերածվում է միջանկյալ ջլի, ապա
մկանախրձերը շարունակվում են՝ ձևավորելով վերին փորիկը (venter superior), որը կպչում է
կորճոսկրի մարմնին:
Ֆունկցիան. պարփակված լինելով պարանոցային փակեղի թիթեղների միջև՝ մկանը ձգում է
պարանոցային փակեղը՝ պարանոցի խորանիստ երակները խոչընդոտելով ճնշվելուց:
Ամրացած թիակի դեպքում մկանը ձգում է կորճոսկրը դեպի հետ և վար:
Անոթավորումը. a. thyroidea superior, a. thyroidea inferior, a. cervicalis superficialis:
Նյարդավորումը. ansa cervicalis:
Այսպիսով, բոլոր չորս վերկորճային մկանները բարձրացնում են կորճոսկրը: Երբ այս ոսկրը
ֆիքսված է, մկաններից երեքը (mm. mylohyoideus, geniohyoideus, digastricus) իջեցնում են ստորին
ծնոտը, և դառնում ծամիչ մկանների անտագոնիստները:
Կորճոսկրը ֆիքսում են նրանից ցած տեղակայված ստորկորճային մկանները, այլապես
հնարավոր չէր լինի ստորին ծնոտի իջեցումը, քանի որ վերկորճային մկանների կծկումն ավելի
շուտ վեր կբարձրացներ թեթև և շարժուն կորճը: Այս երեք մկանները, հատկապես
ծնոտակորճայինը, կլման ընթացքում կծկվելով, բարձրացնում են լեզուն ու կպցնում քիմքին,
որի շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի ըմպան:
Վերկորճային մկանները, շարժելով ստորին ծնոտը, կորճը, կոկորդը և շնչափողը, մեծ դեր
են կատարում հոդաբաշխ խոսքի արտասանման գործում:
Պարանոցի խորանիստ մկանները բաժանվում են կողմնային և առողնաշարային խմբերի:
Կողմնային խմբի մկաններն են առաջային, միջին և հետին սանդղաձև մկանները:
1. Առաջային սանդղաձև մկանը (m. scalenus anterior) սկսվում է III-VI պարանոցային ողերի
լայնաձիգ ելունների առաջային թմբիկներից և կպչում է I կողի վերին մակերեսի առաջային
սանդղաձև մկանի թմբիկին:
Անոթավորումը. a. thyroidea inferior, a. cervicalis ascendens:
Նյարդավորումը. պարանոցային հյուսակի մկանային ճյուղերը:
2. Միջին սանդղաձև մկանը (m. scalenus medius) սկսվում է վերին վեց պարանոցային ողերի
լայնաձիգ ելունների առաջային թմբիկներից, ուղղվում է վար և դուրս, կպչում է I կողին՝
ենթաանրակային զարկերակի ակոսից հետ:
Անոթավորումը. a. vertebralis, a. cervicalis profunda:
Նյարդավորումը. պարանոցային հյուսակի մկանային ճյուղերը:
3. Հետին սանդղաձև մկանը (m. scalenus posterior) սկսվում է V-VII պարանոցային ողերի
լայնաձիգ ելունների հետին թմբիկներից, ուղղվում է վար և դուրս, կպչում է II կողի արտաքին
մակերեսին:
Անոթավորումը. a. cervicalis profunda, a. transversa colli, a. intercostalis posterior I:
Նյարդավորումը. պարանոցային հյուսակի մկանային ճյուղերը:
Սանդղաձև մկանների ֆունկցիան. ողնաշարի պարանոցային բաժնի ֆիքսված վիճակում
բարձրացնում են I և II կողերը՝ նպաստելով կրծքավանդակի լայնացմանը: Միաժամանակ

17
հենարան են ստեղծում արտաքին միջկողային մկանների համար: Ամրացած կրծքավանդակի
դեպքում երկու կողմերի սանդղաձև մկանները կծկվելով ողնաշարի պարանոցային մասը
ծալում են դեպի առաջ: Միակողմանի կծկման դեպքում ողնաշարի պարանոցային մասը ծալում
և թեքում են դեպի իրենց կողմ:
Պարանոցի առողնաշարային մկանախումբը տեղակայված է ողնաշարի առաջային
մակերեսին, միջին գծի երկու կողմերում: Դրանք են պարանոցի և գլխի երկար մկանները, գլխի
առաջային և կողմնային ուղիղ մկանները:
1. Պարանոցի երկար մկանը (m. longus colli) հարում է ողնաշարի առաջակողմնային
մակերեսին I պարանոցային ողից մինչև III կրծքային ող: Այս մկանն ունի երեք մաս՝
ուղղահայաց, վերին թեք և ստորին թեք: Ուղղահայաց մասը սկսվում է վերին երեք կրծքային և
ստորին երեք պարանոցային ողերի մարմինների առաջային մակերեսից, ուղղվում է վեր և
կպչում է IV-II պարանոցային ողերի մարմիններին: Վերին թեք մասը սկսվում է III-V
պարանոցային ողերի լայնաձիգ ելունների առաջային թմբիկներից, ուղղվում է վեր և կպչում է
ատլասի առաջային թմբիկին: Ստորին թեք մասը սկսվում է վերին երեք կրծքային ողերի
մարմինների առաջային մակերեսից, ուղղվում է վեր և կողմնայնորեն, կպչում է ստորին երեք
պարանոցային ողերի լայնաձիգ ելունների առաջային թմբիկներին:
Ֆունկցիան. ծալում է ողնաշարի պարանոցային մասը: Միակողմանի կծկման դեպքում
պարանոցը թեքում է դեպի նույն կողմ: Վերին թեք մասի կծկման դեպքում գլուխը պտտում է
դեպի նույն կողմ, ստորին թեք մասի կծկման դեպքում՝ դեպի հակառակ կողմ:
Անոթավորումը. a. vertebralis, a. cervicalis profunda, a. cervicalis ascendens:
Նյարդավորումը. պարանոցային հյուսակի մկանային ճյուղերը:
2. Գլխի երկար մկանը (m. longus capitis) սկսվում է VI-III պարանոցային ողերի լայնաձիգ
ելունների առաջային թմբիկներից, ուղղվում է վեր և միջայնորեն, կպչում է ծոծրակոսկրի
հիմային մասի ստորին մակերեսին՝ ըմպանային թմբիկից հետ:
Ֆունկցիան. գլուխը և ողնաշարի պարանոցային մասը թեքում է առաջ:
Անոթավորումը. a. vertebralis, a. cervicalis profunda:
Նյարդավորումը. պարանոցային հյուսակի մկանային ճյուղերը:
3. Գլխի առաջային ուղիղ մկանը (m. rectus capitis anterior) սկսվում է ատլասի առաջային
աղեղից և կպչում է ծոծրակոսկրի հիմային մասի ստորին մակերեսին՝ ծոծրակային մեծ անցքից
առաջ:
Ֆունկցիան. գլուխը թեքում է առաջ:
Անոթավորումը. a. vertebralis, a. pharyngea ascendens:
Նյարդավորումը. պարանոցային հյուսակի մկանային ճյուղերը:
4. Գլխի կողմնային ուղիղ մկանը (m. rectus capitis lateralis) սկսվում է ատլասի լայնաձիգ
ելունից և կպչում է ծոծրակոսկրի կողմնային մասին:
Ֆունկցիան. գլուխը թեքում է կողմ, ազդում է բացառապես ատլասածոծրակային հոդի վրա:
Անոթավորումը. a. vertebralis, a. occipitalis:
Նյարդավորումը. պարանոցային հյուսակի մկանային ճյուղերը:

ՊԱՐԱՆՈՑԻ ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

18
Պարանոցի շրջանները
Պարանոցի վերին սահմանն անցնում է կզակի ստորին եզրով, ստորին ծնոտի հիմքով և
ճյուղի հետին եզրով մինչև քունքստործնոտային հոդ, շարունակվում է դեպի վար և հետ
(քունքոսկրի պտկաձև ելունի գագաթով), վերին վզարմատային գծով դեպի ծոծրակային
արտաքին ցցաթումբ: Պարանոցի ստորին սահմանն անցնում է կրծոսկրի լծային կտրուճով
անրակի վերին եզրով մինչև ուսելունի գագաթ և այնուհետև VII պարանոցային ողի փշելուն:
Պարանոցը բաժանվում է առաջային և հետին բաժինների: Պարանոցի հետին բաժինը կոչվում է
վիզ (regio nuchae) և նկարագրվում է մեջքի հետ, իսկ առաջային բաժինը նեղ իմաստով կոչվում է
բուն պարանոց (collum):
Պարանոցի առաջային բաժինը կազմված է առաջային, կրծոսկրաանրակապտկաձև և
կողմնային շրջաններից:
1. Պարանոցի առաջային շրջանը (regio cervicalis arterior) ունի եռանկյան տեսք, որի գագաթն
ուղղված է ներքև: Այս շրջանը վերևից սահմանվում է ստորին ծնոտի հիմքով, ներքևից՝
կրծոսկրի լծային կտրուճով, կողքերից՝ աջ և ձախ կրծոսկրաանրակապտկաձև մկանների
առաջային եզրերով: Ստորին ծնոտի անկյան և պտկաձև ելունի միջև տեղակայված հատվածը
կոչվում է հետծնոտային փոս (fossa retromandibularis), որտեղ տեղակայված են հարականջային
գեղձի հետին մասերը, անոթներ և նյարդեր:
Առաջային միջին գծով պարանոցի այս շրջանը բաժանվում է պարանոցի աջ և ձախ միջային
եռանկյունիների: Պարանոցի առաջային շրջանում յուրաքանչյուր կողմից առանձնացվում են
երեք եռանկյունիներ՝ ենթաստործնոտային, քնային և թիակաշնչափողային:
 Ենթաստործնոտային եռանկյունին (trigonum submandibulare) վարից սահմանվում է
երկփորանի մկանի առաջային և հետին փորիկներով, իսկ վերևից՝ ստորին ծնոտի մարմնի
հիմքով: Այս եռանկյան շրջանում տեղակայված է ենթածնոտային թքագեղձը:
Ենթաստործնոտային եռանկյան մեջ առանձնացվում է ոչ մեծ, բայց վիրաբուժության համար
շատ կարևոր լեզվային կամ պիրոգովյան եռանկյունին (trigonum linguale): Առջևից այն
սահմանվում է ծնոտակորճային մկանի հետին եզրով, հետևից և ներքևից՝ երկփորանի մկանի
հետին փորիկով, վերևից՝ ենթալեզվային նյարդով (XII զույգ): Եռանկյան հատակը զբաղեցնում է
կորճալեզվային մկանը, որի վերին մակերեսով անցնում է լեզվային զարկերակը: Այս
զարկերակի արյունահոսության դեպքում պիրոգովյան եռանկյան շրջանում փեղեկում են
կորճալեզվային մկանի խրձերը և կապում լեզվային զարկերակը:
 Քնային եռանկյունին (trigonum caroticum) սահմանվում է հետևից՝
կրծոսկրաանրակապտկաձև մկանի առաջային եզրով, առջևից և ներքևից՝ թիակակորճային
մկանի վերին փորիկով, իսկ վերևից՝ երկփորանի մկանի հետին փորիկով: Այս եռանկյան մեջ
ընդհանուր քնային զարկերակը բաժանվում է արտաքին և ներքին քնային զարկերակների:
 Թիակաշնչափողային եռանկյունին (trigonum omotracheale) հետևից և ներքևից սահմանվում
է կրծոսկրաանրակապտկաձև մկանի առաջային եզրով, վերևից՝ թիակակորճային մկանի վերին
փորիկով, միջայնորեն՝ պարանոցի միջին գծով: Այս եռանկյան ստորին մասում տեղակայված է
շնչափողը՝ ծածկված փակեղով, ստորկորճային մկաններով և մաշկով:
2.Կրծոսկրաանրակապտկաձև շրջանը (regio sternocleidomastoidea) համապատասխանում է
համանուն մկանի տեղակայմանը:

19
3. Պարանոցի կողմնային շրջանը (regio cervicalis lateralis) ունի եռանկյան տեսք, որի գագաթը
ուղղված է վեր: Շրջանն առջևից սահմանվում է կրծոսկրաանրակապտկաձև մկանի հետին
եզրով, հետևից՝ սեղանարդաձև մկանի կողմնային եզրով և ներքևից՝ անրակով: Պարանոցի
կողմնային շրջանը թիակակորճային մկանի ստորին փորիկով բաժանվում է երկու եռանկյան՝
թիակաանրակային և թիակասեղանարդաձև:
 Թիակաանրակային եռանկյունին (trigonum omoclaviculare) վարից սահմանափակվում է
անրակով, վերևից՝ թիակակորճային մկանի ստորին փորիկով, իսկ առջևից՝
կրծոսկրաանրակապտկաձև մկանի հետին եզրով:
 Թիակասեղանարդաձև եռանկյունին (trigonum omotrapezoideum) առջևից սահմանվում է
կրծոսկրաանրակապտկաձև մկանի հետին եզրով, հետևից՝ սեղանարդաձև մկանի կողմնային
եզրով, իսկ վարից՝ թիակակորճային մկանի ստորին փորիկով:
Պարանոցի սանդղաձև մկանների միջև առաջանում են տարածություններ, որոնց միջով
անցնում են վերին վերջույթի կարևոր նյարդաանոթային խրձեր: Այդ տարածություններն են.
 Միջսանդղաձև տարածությունը (spatium interscalenum) առաջային և միջին սանդղաձև
մկանների միջև է, վարից այն սահմանվում է առաջին կողով: Այս տարածության միջով անցնում
են ենթաանրակային զարկերակն ու բազկային հյուսակը:
 Առաջսանդղաձև տարածությունը (spatium antescalenum) առջևից սահմանվում է
կրծոսկրակորճային և կրծոսկրավահանային մկաններով, հետևից՝ առաջային սանդղաձև
մկանով: Այս տարածության միջով անցնում է ենթաանրակային երակը և ստոծանիական
նյարդը:

ՎԵՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՄԿԱՆՆԵՐ


Վերին վերջույթի մկանները տեղագրորեն բաժանվում են՝ 1) ուսագոտու մկանների, 2)
վերին ազատ վերջույթի մկանների:

ՈՒՍԱԳՈՏՈՒ ՄԿԱՆՆԵՐԸ
1. Դելտայաձև մկանը (m. deltoideus) տեղակայված է մաշկի տակ, ծածկում է ուսային հոդը,
առաջացնում է ուսին բնորոշ կլորություն: Դելտայաձև մկանը դելտայաձևակրծքային ակոսի
(sulcus deltoidopectoralis) միջոցով բաժանվում է մեծ կրծքային մկանից:
Դելտայաձև մկանն ունի փետրավոր կառուցվածք, բազմափետրանի մկան է, այն սկսվում է
անրակի կողմնային երրորդականի առաջային եզրից, թիակի ուսելունից և թիակի կատարից:
Համապատասխանաբար տարբերակվում է մկանի երեք մաս՝ անրակային, ուսելունային և
թիակային: Մկանի բոլոր երեք մասերի խրձերը համամիտվում են և կպչում բազկոսկրի
դելտայաձև թմբկությանը (նկ. 11): Դելտայաձև մկանի և բազկոսկրի մեծ թմբիկի միջև
ենթադելտայաձև ձուսպային պարկն է (bursa subdeltoidea):
Ֆունկցիան. մկանի անրակային մասը կծկվելիս ծալում է բազուկը և պտտում դեպի ներս:
Թիակային մասը տարածում է բազուկը և պտտում դեպի դուրս, ուսելունային մասը զատում է
բազուկը: Ամբողջ մկանը կծկվելու դեպքում վերջույթը զատում է մինչև 70°, ավելի վեր (70°-ից
վեր) բարձրացումը սահմանափակվում է այն հանգամանքով, որ բազկոսկրի գլխիկը հասնում է

20
ուսելունին ու կտցաուսելունային կապանին և հենվում նրանց: Բազկի ավելի վեր բարձրացումը
կատարվում է սեղանարդաձև մկանի վերին մասի և առաջային ատամնավոր մկանի ստորին
խրձերի միջամտությամբ: Վերջիններս թիակը պտտում են սագիտալ առանցքի շուրջ այնպես,
որ նրա ստորին անկյունն ուղղվում է դեպի դուրս. դրա հետևանքով թիակի տանձաձև
հոդափոսը և բազկոսկրի գլխիկը բարձրանում են 70°-ից վեր:
Անոթավորումը. a. circumflexa humeri anterior, a. circumflexa humeri posterior, a.
thoracoacromialis:
Նյարդավորումը. n. axillaris:
2. Վերկատարային մկանը (m. supraspinatus) տեղակայված է թիակի վերկատարային փոսում
(նկ. 12): Մկանը սկսվում է համանուն փոսի պատերից, անցնում է կտցաուսելունային կապանի
տակով և կպչում է բազկոսկրի մեծ թմբիկի վերին հարթակին: Վերկատարային մկանի խրձերի
մի մասը ներհյուսվում է ուսային հոդի պարկին: Մկանը ծածկված է ամուր փակեղով (fascia
supraspinata), որը ներհյուսվում է համանուն փոսի եզրերին՝ ոսկրաներդակազմ բունոց
առաջացնելով մկանի համար:
Ֆունկցիան. դելտայաձև մկանի հետ զատում է բազուկը, ձգում է ուսային հոդի պարկը՝
նրան պաշտպանելով վնասումից:
Անոթավորումը. a. circumflexa scapulae, a. suprascapularis:
Նյարդավորումը. n. suprascapularis (բազկային հյուսակի կարճ ճյուղ):
3. Ստորկատարային մկանը (m. infraspinatus) զբաղեցնում է ստորկատարային փոսի մեծ
մասը, որտեղից և սկիզբ է առնում: Մկանախրձերը զուգամիտվելով ուղղվում են դեպի կողմ և
վեր, անցնում են ուսային հոդի հետևով և կպչում են բազկոսկրի մեծ թմբիկի միջին հարթակին:
Ստորկատարային մկանի խրձերի մի մասը ներհյուսվում է ուսային հոդի պարկին:
Ֆունկցիան. պտտում է բազուկը դեպի դուրս (վերհակում), ձգում է ուսային հոդի պարկը՝
նրան պաշտպանելով վնասումից:
Անոթավորումը. a. circumflexa scapulae, a. suprascapularis:
Նյարդավորումը. n. suprascapularis (բազկային հյուսակի կարճ ճյուղ):
4. Փոքր կլոր մկանը (m. teres minor) սկսվում է թիակի կողմնային եզրից, ուղղվում է վեր ու
դուրս և կպչում է բազկոսկրի մեծ թմբիկի ստորին հարթակին: Ստորկատարային մկանը փոքր
կլոր մկանի հետ ծածկված է ստորկատարային փակեղով (fascia infraspinata): Սա մի հաստ
փակեղ է, որը, ձուլվելով թիակի եզրերին և կատարին, ստորկատարային փոսը դարձնում է
ոսկրաներդակազմ բունոց:
Ֆունկցիան. պտտում է բազուկը դեպի դուրս (վերհակում), ձգում է ուսային հոդի պարկը՝
նրան պաշտպանելով վնասումից:
Անոթավորումը. a. circumflexa scapulae:
Նյարդավորումը. n. axillaris:
5. Մեծ կլոր մկանը (m. teres major) սկսվում է թիակի կողմնային եզրի ստորին մասից,
ստորին անկյունից և ստորկատարային փակեղից: Մկանախրձերն ուղղվում են դեպի
բազկոսկրի փոքր թմբիկի կատարը և մեջքի լայնագույն մկանի հետ կպչում են նրան:
Ֆունկցիան. անշարժացած թիակի դեպքում տարածում է բազուկը, միաժամանակ պտտում
այն դեպի ներս (վարհակում), նաև վերին վերջույթն առբերում է դեպի իրան:

21
Անոթավորումը. a. subscapularis:
Նյարդավորումը. n. subscapularis (բազկային հյուսակի կարճ ճյուղ):
6. Ենթաթիակային մկանը (m. subscapularis) լայն, հաստ, եռանկյունաձև մկան է, զբաղեցնում
է թիակի կողային մակերեսը: Մկանը սկսվում է ենթաթիակային փոսից և թիակի կողմնային
եզրից: Նրա տափակ, լայն ջիլն ուղղվում է կողմնայնորեն, անցնում է ուսային հոդի առջևով՝
ձուլվելով հոդապարկին, կպչում է բազկոսկրի փոքր թմբիկին և փոքր թմբիկի կատարին (նկ. 13):
Կպման տեղում մկանի ջլի և ուսային հոդի պարկի միջև կա ենթաթիակային մկանի ենթաջլային
պարկը, որը սովորաբար հաղորդակցվում է ուսային հոդի խոռոչի հետ: Ենթաթիակային մկանը
ծածկված է համանուն փակեղով (fascia subscapularis), որը կպչում է ենթաթիակային փոսի
եզրերին:
Ֆունկցիան. բազուկը պտտում է դեպի ներս (վարհակում), միաժամանակ վերին վերջույթն
առբերում է դեպի իրան:
Անոթավորումը. a. subscapularis:
Նյարդավորումը. n. subscapularis (բազկային հյուսակի կարճ ճյուղ):

ՎԵՐԻՆ ԱԶԱՏ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՄԿԱՆՆԵՐ


Բազկի մկաններ
Բազկի մկանները բաժանվում են երկու խմբի՝ առաջային (ծալիչներ) և հետին
(տարածիչներ):
Առաջային խմբի մկաններն են կտցաբազկային մկանը, բազկի երկգլխանի մկանը և
բազկային մկանը: Հետինը խմբի մկաններն են բազկի եռագլուխ մկանը և արմնկային մկանը:
Այս երկու մկանախմբերը բաժանված են միմյանցից բազկի սեփական փակեղի թիթեղներով՝
միջային կողմից բազկի միջային միջմկանային խտրոցով, դրսային կողմից՝ բազկի կողմնային
միջմկանային խտրոցով:
Բազկի առաջային խմբի մկաններ
1. Կտցաբազկային մկանը (m. coracobrachialis) սկսվում է կտցաձև ելունի գագաթից և կպչում
է բազկոսկրին՝ փոքր թմբիկի կատարից ցած: Մկանախրձերի մի մասը ներհյուսվում է բազկի
միջային միջմկանային խտրոցին:
Ֆունկցիան. բազուկը ծալում է ուսային հոդում և առբերում է դեպի իրան:
Անոթավորումը. a. circumflexa humeri anterior, a. circumflexa humeri posterior:
Նյարդավորումը. n. musculocutaneus (բազկային հյուսակ):
2. Բազկի երկգլխանի մկանը (m. biceps brachii) ունի երկու գլուխ՝ երկար և կարճ (տե´ս նկ.
13): Կարճ գլուխը (caput breve) սկսվում է կտցաձև ելունի գագաթից: Երկար գլխի (caput longum)
ջիլը սկիզբ է առնում թիակի վերհոդային թմբիկից (tuberculum supraglenoidale), անցնում է
ուսային հոդի խոռոչի միջով, որտեղ ծածկված է ձուսպաթաղանթով, ապա բազկի վրա պառկում
է միջթմբկային ակոսի մեջ:
Բազկի վրա երկու գլուխները միանում են մի ընդհանուր իլիկաձև փորիկի, որը վերածվում է
ջլի և կպչում ճաճանչոսկրի թմբկությանը: Ջլի միջային մակերեսից անջատվում է մի տափակ
ներդակազմ թիթեղ՝ բազկի երկգլխանի մկանի ջլոնը (aponeurosis m. bicipitis brachii), որի խրձերն
ուղղվում են վար ու միջայնորեն, և ներհյուսվում են նախաբազկի փակեղին:

22
Ֆունկցիան. բազուկը ծալում է ուսային հոդում, ծալում է նախաբազուկը արմնկային հոդում,
նախապես վարհակած նախաբազուկը պտտում է դեպի դուրս՝ կատարելով վերհակում:
Անոթավորումը. a. brachialis, aa. collaterales ulnares superioris et inferioris, a. recurrens radialis:
Նյարդավորումը. n. musculocutaneus (բազկային հյուսակ):
3. Բազկային մկանը (m. brachialis) սկսվում է բազկոսկրի մարմնի առաջային երեսի ստորին
երկու երրորդականից, բազկի միջային և կողմնային միջմկանային խտրոցներից և կպչում է
ծղիկոսկրի թմբկությանը: Մկանի ջլի խորանիստ խրձերը ներհյուսվում են արմնկային հոդի
պարկին:
Ֆունկցիան. նախաբազուկը ծալում է արմնկային հոդում:
Անոթավորումը. a. brachialis, aa. collaterales ulnares superioris et inferioris, a. recurrens radialis:
Նյարդավորումը. n. musculocutaneus (բազկային հյուսակ):
Բազկի հետին խմբի մկանները
1. Բազկի եռագլուխ մկանը (m. triceps brachii) զբաղեցնում է բազկի ամբողջ հետին
մակերեսը, կազմված է երեք գլխից (կողմնային, միջային և երկար), որոնք վերածվում են մեկ
ընդհանուր ջլի (տե´ս նկ. 12): Կողմնային գլուխը (caput laterale) սկսվում է բազկի հետին
մակերեսից՝ ճաճանչային նյարդի ակոսի կողմնային եզրից վեր, իսկ ներքևում՝ կողմնային
միջմկանային խտրոցից: Միջային գլուխը (caput mediale) սկսվում է նույնպես բազկի հետին
մակերեսից, ճաճանչային նյարդի ակոսի միջային եզրից վար, միջային և կողմնային
միջմկանային խտրոցներից: Երկար գլուխը (caput longum) սկիզբ է առնում թիակի ենթահոդային
թմբիկից (tuberculum infraglenoidale), ուղղվում է վար, անցնում է փոքր և մեծ կլոր մկանների
միջև: Բազկի հետին մակերեսին երեք գլուխների մկանախրձերը միանում են՝ առաջացնելով
տափակ լայն ջիլ, որը կպչում է ծղիկոսկրի արմունկելունին: Խրձերի մի մասը ներհյուսվում է
արմնկային հոդի պարկին և նախաբազկի փակեղին:
Ֆունկցիան. նախաբազուկը տարածում է արմնկային հոդում, երկար գլուխը ազդում է նաև
ուսային հոդի վրա՝ տարածելով բազուկը և այն առբերելով դեպի իրան:
Անոթավորումը. a. profunda brachii, aa. circumflexae humeri anteriores et posteriores, aa.
collaterales ulnares superiores et inferiores:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
2. Արմնկային մկանը (m. anconeus) եռանկյունաձև է, սկսվում է բազկի կողմնային վերկոճի
հետին մակերեսից և կպչում է արմունկելունի կողմնային մակերեսին և ծղիկոսկրի մոտակա
ծայրի հետին մակերեսին:
Ֆունկցիան. նախաբազուկը տարածում է արմնկային հոդում:
Անոթավորումը. a. interossea recurrens:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):

ՆԱԽԱԲԱԶԿԻ ՄԿԱՆՆԵՐ
Նախաբազկի մկանները բազմաթիվ են, նրանց մեծ մասը բազմահոդ են, քանի որ ազդում են
մի քանի հոդերի վրա՝ արմնկային, ճաճանչադաստակային, ձեռքի և մատների հոդերի վրա:
Ըստ գործառույթի՝ նախաբազկի մկանները բաժանվում են ծալիչների և տարածիչների, ընդ
որում՝ նրանց մի մասը ծալում ու տարածում է դաստակը, իսկ մյուսները՝ մատները.

23
վերջիններից մեկը զատում է բութը: Բացի այդ, կան նաև վարհակող և վերհակող մկաններ: Ըստ
տեղագրության՝ նախաբազկի բոլոր մկանները բաժանում են երկու խմբի՝ առաջային (ծալիչներ
և վարհակիչներ) և հետին (տարածիչներ և վերհակիչներ): Առաջային խմբի մկանների մեծ մասը
սկսվում է բազկոսկրի միջային վերկոճից և նախաբազկի փակեղից, իսկ հետին խմբի մկանները
սկսվում են բազկոսկրի կողմնային վերկոճից և նույնպես նախաբազկի փակեղից:
Նախաբազկի առաջային խմբի մկանները
Նախաբազկի առաջային խումբը կազմում են ձեռքի և մատների յոթ ծալիչ մկանները և
երկու վարհակիչ մկանները, որոնք դասավորված են չորս շերտով: Մակերեսային՝ առաջին,
շերտը (մկաններն ուսումնասիրվում են ճաճանչոսկրից դեպի ծղիկոսկրը) կազմում են հետևյալ
մկանները՝ բազկաճաճանչային մկանը, կլոր վարհակիչը, դաստակի ճաճանչային ծալիչը,
երկար ափային մկանը, դաստակի ծղիկային ծալիչը: Երկրորդ շերտում տեղակայված է
մատների մակերեսային ծալիչը: Երրորդ շերտը կազմում են երկու մկան՝ մատների խորանիստ
ծալիչը և բութ մատի երկար ծալիչը: Ամենախորը՝ չորրորդ շերտում, քառակուսի վարհակիչ
մկանն է:

Առաջային մկանախմբի առաջին շերտը


1. Բազկաճաճանչային մկանը (m. brachioradialis) սկսվում է բազկոսկրի կողմնային վերկոճից
վեր՝ կողմնային միջմկանային խտրոցից: Նախաբազկի կեսից մկանը վերածվում է նեղ, տափակ
ջլի, որն անցնում է ձեռքի բութ մատը զատող երկար մկանի ու բութ մատի կարճ տարածիչ
մկանի ջլերի տակով և կպչում է ճաճանչոսկրի հեռակա ծայրին՝ մախաթաձև ելունից վեր:
Բազկաճաճանչային մկանին միջայնորեն հարում են կլոր վարհակիչը և դաստակի ճաճանչային
ծալիչը (նկ. 14):
Ֆունկցիան. ծալում է նախաբազուկը արմնկային հոդում, պտտում է ճաճանչոսկրը՝ ձեռքը
պահելով վարհակման և վերհակման միջև միջին դիրքում:
Անոթավորումը. a. radialis, a. collateralis radialis, a. recurrens radilais:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
2. Կլոր վարհակիչ մկանը (m. pronator teres) սկսվում է երկու անհավասար գլխիկներով՝ մեծ
և փոքր: Մեծ գլխիկը սկսվում է բազկոսկրի միջային վերկոճից, փոքրը՝ ծղիկոսկրի պսակաձև
ելունից և թմբկությունից: Մկանն ուղղվում է դեպի դուրս և տափակ ջլով կպչում է ճաճանչոսկրի
կողմնային մակերեսին՝ միջին կեսից վեր:
Ֆունկցիան. ձեռքի հետ պտտում է նախաբազուկը դեպի ներս (վարհակում), մասնակցում է
նաև նախաբազկի ծալմանը արմնկային հոդում:
Անոթավորումը. a. brachialis, a. ulnaris, a. radialis:
Նյարդավորումը. n. medianus (բազկային հյուսակ):
3. Դաստակը ծալող ճաճանչային մկանը (m. flexor carpi radialis) սկսվում է բազկոսկրի
միջային վերկոճից և միջային միջմկանային խտրոցից, կպչում է նախադաստակային II ոսկրի
հիմքին:
Ֆունկցիան. ծալում է դաստակը, դաստակը տարածող ճաճանչային մկանների հետ զատում
է ձեռքը:
Անոթավորումը. a. radialis:

24
Նյարդավորումը. n. medianus (բազկային հյուսակ):
4. Ափային երկար մկանը (m. palmaris longus) սկսվում է բազկոսկրի միջային վերկոճից և
միջային միջմկանային խտրոցից: Ունի կարճ իլիկաձև փորիկ, որը նախաբազկի կեսից
վերածվում է տափակ, երկար ջլի: Վերջինս անցնում է ձեռքի վրա ծալիչների արգելանի վրայով
և ներհյուսվում է ափային ջլոնին: Երբեմն մկանը բացակայում է:
Ֆունկցիան. ձգում է ափային ջլոնը, մասնակցում է ձեռքի ծալմանը:
Անոթավորումը. a. radialis:
Նյարդավորումը. n. medianus (բազկային հյուսակ):
5. Դաստակը ծալող ծղիկային մկանը (m. flexor carpi ulnaris) սկսվում է երկու գլխիկով՝
բազկային և ծղիկային: Բազկային գլխիկը սկիզբ է առնում բազկոսկրի միջային վերկոճից և
միջային միջմկանային խտրոցից: Ծղիկային գլխիկը սկսվում է նախաբազկի փակեղից և
ծղիկոսկրի արմնկային ելունի միջային եզրից: Մկանն ուղղվում է ձեռքի ափային երես
նախաբազկի միջային եզրով և վերածվում է երկար ջլի, որը կպչում է սիսեռաձև ոսկրին: Ջլի
խրձերի մի մասը շարունակվում է դեպի կարթաձև ոսկր՝ առաջացնելով սիսեռակարթային
կապանը (lig. pisohamatum), և V նախադաստակային ոսկրի հիմք:
Ֆունկցիան. ծալում է դաստակը, դաստակը տարածող ծղիկային մկանների հետ առբերում է
ձեռքը:
Անոթավորումը. a. ulnaris, aa. collaterales ulnares superioris et inferioris:
Նյարդավորումը. n. ulnaris (բազկային հյուսակ):

Առաջային մկանախմբի երկրորդ շերտը


6. Մատները ծալող մակերեսային մկանը (m. flexor digitorum superficialis) սկսվում է երկու
գլխիկներով՝ բազկածղիկային և ճաճանչային: Բազկածղիկային գլուխը (caput humeroulnare)
ավելի խոշոր է, սկիզբ է առնում բազկոսկրի միջային վերկոճից, ծղիկային համակողմնային
կապանից և ծղիկոսկրի պսակաձև ելունից: Ավելի փոքր՝ ճաճանչային գլուխը (caput radiale,)
սկսվում է ճաճանչոսկրի մոտակա ծայրից (նկ. 15): Երկու գլխիկները միանում են և
առաջացնում ընդհանուր փորիկ, որը նախաբազկի կեսից բաժանվում է չորս մասի՝
նախաբազկի ստորին երրորդականում վերածվելով չորս ջլերի: Այս ջլերն անցնում են
դաստակի խողովակով, ուղղվում են դեպի II-V մատների ափային մակերես և կպչում միջին
մատոսկրերի հիմքին: Մոտակա մատոսկրի մակարդակին մկանի յուրաքանչյուր ջիլ ճեղքվում է
երկու ոտիկների, որոնց արանքում գոյանում է ջլային ճեղք (hiatus tendineus). այդ ճեղքով
անցնում է մատները ծալող խորանիստ մկանի համապատասխան ջիլը՝ առաջացնելով ջլային
խաչվածք (chiasma tendineum):
Ֆունկցիան. ծալում է II-V մատների մոտակա և միջին ֆալանգները և դրա հետ նաև ձեռքը:
Անոթավորումը. a. ulnaris, a. radialis:
Նյարդավորումը. n. medianus (բազկային հյուսակ):

Առաջային մկանախմբի երրորդ շերտը


7. Մատները ծալող խորանիստ մկանը (m. flexor digitorium profundus) սկսվում է ծղիկոսկրի
առաջային մակերեսի մոտակա երկու երրորդականից և նախաբազկի միջոսկրային թաղանթից:

25
Նախաբազկի կեսից մկանը բաժանվում է չորս ջլերի, որոնք մատների մակերեսային ծալիչի
ջլերի հետ անցնում են դաստակի խողովակով, ապա մատների մակերեսային ծալիչի ճեղքված
ջլերի արանքով ուղղվում են դեպի II-V մատների հեռակա մատոսկրերի հիմքերը (նկ. 16):
Ֆունկցիան. ծալում է II-V մատների հեռակա ֆալանգները (բացի բութ մատից),
ճաճանչադաստակային հոդում մասնակցում է ձեռքի ծալմանը:
Անոթավորումը. a. ulnaris, a. radialis:
Նյարդավորումը. n. medianus, n. ulnaris (բազկային հյուսակ):
8. Ձեռքի բութ մատը ծալող երկար մկանը (m. flexor pollicis longus) սկսվում է ճաճանչոսկրի
առաջային մակերեսից՝ ճաճանչոսկրի թմբկությունից կողմնայնորեն, և նախաբազկի
միջոսկրային թաղանթից: Մկանի ջիլն անցնում է դաստակի խողովակով, ափի վրա անցնում է
բութ մատի կարճ ծալիչի երկու գլուխների արանքով և կպչում է բութ մատի հեռակա մատոսկրի
հիմքին:
Ֆունկցիան. ծալում է բութ մատի հեռակա մատոսկրը, մասնակցում է ձեռքի ծալմանը:
Անոթավորումը. a. radialis, a. interossea anterior:
Նյարդավորումը. n. medianus (բազկային հյուսակ):

Առաջային մկանախմբի չորրորդ շերտը


9. Քառակուսի վարհակիչ մկանը (m. pronator quadratus) քառակուսի, տափակ մկան է,
տեղակայված է անմիջապես նախաբազկի երկու ոսկրերի և միջոսկրային թաղանթի վրա՝
մատների և դաստակի ծալիչների ջլերի տակ՝ նախաբազկի ստորին երրորդականի
սահմաններում (նկ. 17): Մկանը սկսվում է ծղիկոսկրի մարմնի ստորին երրորդականի
առաջային մակերեսից, անցնում է լայնական ուղղությամբ և կպչում է ճաճանչոսկրի ստորին
երրորդականի առաջային մակերեսին:
Ֆունկցիան. վարհակում է նախաբազուկը և ձեռքը:
Անոթավորումը. a. interossea anterior:
Նյարդավորումը. n. medianus (բազկային հյուսակ):

Նախաբազկի հետին խմբի մկանները


Նախաբազկի հետին մկանները բաժանվում են մակերեսային և խորանիստ շերտերի:
Մակերեսային շերտում են դաստակի ճաճանչային երկար տարածիչը, դաստակի ճաճանչային
կարճ տարածիչը, մատների տարածիչը, ճկույթի տարածիչը, դաստակի ծղիկային տարածիչը:
Խորանիստ շերտը կազմում են վերհակիչը, ձեռքի բութ մատը զատող երկար մկանը, ձեռքի բութ
մատի երկար տարածիչը, ձեռքի բութ մատի կարճ տարածիչը, ցուցամատի տարածիչը:
Նախաբազկի հետին մկանախմբի մակերեսային շերտը
1. Դաստակը տարածող ճաճանչային երկար մկանը (m. extensor carpi radialis longus) սկսվում է
բազկոսկրի կողմնային վերկոճից և բազկի կողմնային միջմկանային խտրոցից: Նախաբազկի
կեսից մկանը վերածվում է տափակ ջլի, որը, անցնելով տարածիչների արգելանի (retinaculum
extensorum) տակով, կպչում է II նախադաստակային ոսկրի հիմքին (նկ. 18):
Ֆունկցիան. տարածում է ձեռքը, դաստակի ճաճանչային ծալիչի հետ միաժամանակ
կծկվելիս զատում է ձեռքը:

26
Անոթավորումը. a. radialis, a. collateralis radialis, a. recurrens radilais:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
2. Դաստակը տարածող ճաճանչային կարճ մկանը (m. extensor carpi radialis brevis) սկսվում է
բազկոսկրի կողմնային վերկոճից, ճաճանչային համակողմնային կապանից և նախաբազկի
փակեղից: Մկանի ջիլը դաստակը տարածող ճաճանչային երկար մկանի ջլի հետ անցնում է
տարածիչների արգելանի տակով՝ երկրորդ խողովակով, կպչում է III նախադաստակային
ոսկրի հիմքին:
Ֆունկցիան. տարածում է ձեռքը, դաստակը ծալող ճաճանչային մկանի հետ միաժամանակ
կծկվելիս զատում է ձեռքը:
Անոթավորումը. a. radialis, a. collateralis radialis, a. recurrens radilais:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
3. Մատները տարածող մկանը (m. extensor digitorium) տեղակայված է ճաճանչային
տարածիչներից միջայնորեն, սկսվում է բազկոսկրի կողմնային վերկոճից և նախաբազկի
փակեղից: Նախաբազկի մեջտեղում մկանը բաժանվում է չորս փորիկի, որոնցից
յուրաքանչյուրը վերածվում է երկար ջլի: Բոլոր չորս ջլերն անցնում են տարածիչների արգելանի
տակով և կպչում են II-V մատների մեջքային մակերեսին: Նախադաստակային ոսկրերի
գլխիկների մակարդակին տարածիչների ջլերը միմյանց միացած են թեքորեն ուղղված
ներդակազմ խրձերով՝ միջջլային շաղկապիչներով (connexus intertendineus), որի հետևանքով
երկու միջին (III և IV) մատների տարածումը հնարավոր է կատարել համատեղ: Ցուցամատը և
մասամբ ճկույթը ինքնուրույն տարածվում են սեփական տարածիչների շնորհիվ: Ձեռքի
մեջքային երեսին յուրաքանչյուր ջիլ իր համապատասխան մատի վրա եռանկյունաձև
լայնանում է և բաժանվում երեք խրձերի. միջինը կպչում է երկրորդ մատոսկրի հիմքին, իսկ
երկու կողմնայինները՝ եղնգային մատոսկրի հիմքին:
Ֆունկցիան. տարածում է II-V մատները, մասնակցում է ձեռքի տարածմանը
ճաճանչադաստակային հոդում:
Անոթավորումը. a. interossea posterior:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
4. Ճկույթը տարածող մկանը (m. extensor digiti minimi) մատները տարածող մկանի հետ ունի
ընդհանուր սկիզբ: Մկանի ջիլն անցնում է տարածիչների արգելանի տակով՝ հինգերորդ
խողովակով, և կպչում է ճկույթի մեջքային կողմին՝ միջին և հեռակա մատոսկրերի հիմքերին:
Ֆունկցիան. տարածում է ճկույթը:
Անոթավորումը. a. interossea posterior:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
5. Դաստակը տարածող ծղիկային մկանը (m. extensor carpi ulnaris) սկսվում է բազկոսկրի
կողմնային վերկոճից, նախաբազկի փակեղից և արմնկային հոդի պարկից: Մկանի ջիլն
անցնում է տարածիչների արգելանի տակով՝ վեցերորդ խողովակով, և կպչում է V
նախադաստակային ոսկրի հիմքին:
Ֆունկցիան. տարածում է ձեռքը, նաև առբերում է ձեռքը՝ համագործակցելով դաստակը
ծալող ծղիկային մկանի հետ:
Անոթավորումը. a. interossea posterior:

27
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):

Հետին մկանախմբի խորանիստ շերտը


6. Վերհակող մկանը (m. supinator) սկսվում է բազկոսկրի կողմնային վերկոճից, ճաճանչային
համակողմնային կապանից և ծղիկոսկրի մոտակա ծայրից: Մկանն անցնում է կողմնային
ուղղությամբ (գրկում է ճաճանչոսկրը հետևից և կողքից) և կպչում է ճաճանչոսկրի վերին
երրորդականի կողմնային մակերեսին (նկ. 19):
Ֆունկցիան. ձեռքի հետ պտտում է ճաճանչոսկրը դեպի դուրս (վերհակում է):
Անոթավորումը. a. recurrens interossea, a. recurrens radialis, a. radialis:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
7. Ձեռքի բութ մատը զատող երկար մկանը (m. abductor pօllicis longus) սկսվում է ծղիկոսկրի,
ճաճանչոսկրի հետին մակերեսներից և նախաբազկի միջոսկրային թաղանթից: Մկանն ուղղվում
է դեպի վար և կողմ, շրջանցում է ճաճանչոսկրի դրսային եզրը, դուրս է գալիս մատները
տարածող մկանի ջլի ճաճանչային եզրի տակից, խաչվում է դաստակը տարածող ճաճանչային
մկանների ջլերի հետ, այնուհետև բութ մատը տարածող կարճ մկանի ջլի հետ անցնում է
տարածիչների արգելանի տակ եղող առաջին խողովակով և կպչում է I նախադաստակային
ոսկրի հիմքի մեջքային երեսին:
Ֆունկցիան. զատում է ձեռքի բութ մատը, մասնակցում է ձեռքի զատմանը:
Անոթավորումը. a. interossea posterior, a. radialis:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
8. Ձեռքի բութ մատը տարածող կարճ մկանը (m. extensor pօllicis brevis) ծագումով բութ մատը
զատող երկար մկանի մի մասն է, առկա է միայն մարդու դեպքում: Սկսվում է ճաճանչոսկրի
հետին մակերեսներից և նախաբազկի միջոսկրային թաղանթից, անցնում է բութ մատը զատող
երկար մկանի ջլի հետ տարածիչների արգելանի տակով և կպչում է ձեռքի բութ մատի մոտակա
մատոսկրի հիմքին:
Ֆունկցիան. տարածում է բութ մատի մոտակա մատոսկրը, զատում է ձեռքի բութ մատը:
Անոթավորումը. a. interossea posterior, a. radialis:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
9. Ձեռքի բութ մատը տարածող երկար մկանը (m. extensor pօllicis longus) սկսվում է
ծղիկոսկրի հետին մակերեսի միջին երրորդականից և նախաբազկի միջոսկրային թաղանթից,
դուրս է գալիս մատները տարածող մկանի ջլի տակից՝ նախորդ երկու մկաններից ցած, անցնում
է տարածիչների արգելանի տակով՝ երրորդ խողովակով, կպչում է ձեռքի բութ մատի հեռակա
մատոսկրի հիմքին: Ճաճանչադաստակային հոդի ճաճանչային կողմում՝ բթի մկանների ջլերի
արանքում, գոյանում է մի փոս, որը կոչվում է անատոմիական քթախոտատուփ: Այս փոսը մի
կողմից սահմանվում է բութ մատը տարածող երկար մկանի ջլով, իսկ մյուս կողմից բութ մատը
տարածող կարճ մկանի և բութ մատը զատող երկար մկանի ջլերով:
Ֆունկցիան. տարածում է բութը:
Անոթավորումը. a. interossea posterior, a. radialis:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):
10. Ցուցամատը տարածող մկանը (m. extensor indicis) սկսվում է ծղիկոսկրի հետին

28
մակերեսի ստորին երրորդականից և նախաբազկի միջոսկրային թաղանթից, մատները
տարածող մկանի ջլի հետ անցնում է տարածիչների արգելանի տակով՝ չորրորդ խողովակով,
կպչում է ցուցամատի մոտակա մատոսկրի հետին մակերեսին՝ ձուլվելով մատները տարածող
մկանի ջլախրձերի հետ:
Ֆունկցիան. տարածում է ցուցամատը:
Անոթավորումը. a. interossea posterior:
Նյարդավորումը. n. radialis (բազկային հյուսակ):

ՁԵՌՔԻ ՄԿԱՆՆԵՐ
Ձեռքի մկանները բաժանվում են երեք խմբի՝ 1) բթամատի մկանները (կողմնային խումբ),
որոնք առաջացնում են ափի կողմնային շրջանում լավ արտահայտված բութ մատի
բարձրությունը՝ բթաթումբ կամ թենար (thenar), 2) ճկույթի մկանները (միջային խումբ), որոնք
ափի միջային շրջանում կազմում են ճկույթի բարձրությունը՝ ճկութաթումբ կամ հիպոթենար
(hypothenar), 3) ձեռքի մկանների միջին խումբը, որը տեղակայված է նշված երկու մկանային
խմբերի միջև, ինչպես նաև ձեռքի մեջքային երեսին։

ՎԵՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Վերին վերջույթի մկանների, փակեղների և ոսկրերի միջև առաջանում են
տարածություններ, խոովակներ և ակոսներ, որոնց մեջ տեղակայված են անոթներ ու նյարդեր և
որոնց իմացությունը կարևոր է գործնական բժշկության համար:
Անութային շրջան կամ անութային փոսի տեղագրությունը
Անութային կամ թևատակի փոսը (fossa axillaris) փոսություն է կրծքի կողմնային մակերեսի և
բազկի մոտակա բաժնի միջային մակերեսի միջև, այն լավ երևում է, երբ զատում են բազուկը:
Առջևից փոսը սահմանվում է մեծ կրծքային մկանի ստորին եզրը ծածկող մաշկային ծալքով,
հետևից՝ մեջքի լայնագույն մկանի և մեծ կլոր մկանի ստորին եզրերը ծածկող մաշկային ծալքով:
Փոսի միջային սահմանը համապատասխանում է գծին, որը նշված մկանների ստորին եզրերը
իրար է միացնում կրծքավանդակի վրա, իսկ կողմնային սահմանը այդ մկանների եզրերը
միացնող գիծն է բազկի ներքին երեսին:
Փոսի հատակը կազմող մաշկը, փակեղը և ճարպային բջջանքը հեռացնելու դեպքում
բացվում է անութային խոռոչը (cavum axillare): Անութային խոռոչն ունի քառակող բրգի ձև, որի
հիմքն ուղղված է դեպի վար և կողմ, իսկ գագաթը՝ դեպի վեր և միջայնորեն: Անութային խոռոչն
ունի չորս պատ՝ առաջային, հետին, միջային և կողմնային: Խոռոչի առաջային պատը կազմում
են մեծ և փոքր կրծքամկանները, հետինը՝ մեջքի լայնագույն, մեծ կլոր և ենթաթիակային
մկանները, միջայինը՝ առաջային ատամնավոր մկանը, կողմնայինը՝ բազկի երկգլխանի մկանի
կարճ գլուխը, կտցաբազկային մկանը և բազկոսկրը (նկ. 130):
Անութային խոռոչի հիմքը բացվում է լայն անցքով՝ ստորին բացվածքով (apertura inferior),
որի սահմանները համապատասխանում են անութային փոսի սահմաններին: Անութային
խոռոչի վերին բացվածքը (apertura superior) խոռոչը կապում է պարանոցի շրջանի հետ, այն
սահմանվում է առջևից անրակով, ներսից I կողով և հետևից թիակի վերին եզրով:
Անութային խոռոչը լցված է ճարպային բջջանքով, որում տեղակայված են նյարդեր,

29
անոթներ և ավշային հանգույցներ: Անոթների և նյարդերի փոխհարաբերությունն ավելի ճշգրիտ
նկարագրելու համար անութային խոռոչի առաջային պատը բաժանում են երեք եռանկյունների՝
անրակակրծքային, կրծքային և ենթակրծքային, որոնք հաջորդաբար դրված են մեկը մյուսից
ցած: Վերինը՝ անրակակրծքային եռանկյունին (trigonum clavipectorale), գագաթով ուղղված է
կողմնայնորեն, վերևից սահմանափակված է անրակով, վարից՝ փոքր կրծքամկանի վերին
եզրով: Միջինը՝ կրծքային եռանկյունին (trigonum pectorale), համապատասխանում է փոքր
կրծքամկանի ուրվագծերին, իսկ ստորինը՝ ենթակրծքային եռանկյունին (trigonum subpectorale),
սահմանվում է փոքր և մեծ կրծքամկանների ստորին եզրերով:
Անութային խոռոչի հետին պատի վրա՝ ենթաթիակային մկանի ստորին եզրի, մեծ կլոր
մկանի և բազկոսկրի վիրաբուժական վզիկի միջև, առաջանում է եռանկյունաձև տարածություն,
որը եռագլուխ մկանի երկար գլխիկով բաժանվում է երկու անցքի՝ եռակող և քառակող։ Եռակող
անցքը (foramen trilaterum) տեղակայված է միջայնորեն, նրա պատերը կազմված են՝ վերևից՝
ենթաթիակային մկանի ստորին եզրով, վարից՝ մեծ կլոր մկանով, դրսային կողմից՝ բազկի
եռագլուխ մկանի երկար գլխիկով (տե´ս նկ. 13)։ Քառակող անցքը (foramen quadrilaterum)
տեղակայված է կողմնայնորեն: Նրա կողմնային պատը կազմում է բազկի վիրաբուժական
վզիկը, միջայինը՝ բազկի եռագլուխ մկանի երկար գլխիկը, վերինը՝ ենթաթիակային մկանի
ստորին եզրը, ստորինը՝ մեծ կլոր մկանը: Եռակող անցքով անցնում են թիակի շրջադարձ
անոթները, քառակող անցքով՝ անութային նյարդը և բազկոսկրի հետին շրջադարձ անոթները:

Բազկի տեղագրությունը
1. Բազկի առաջային շրջանում բազկի երկգլխանի մկանի երկու կողմերով՝ նրա և բազկային
մկանի միջև, անցնում է երկգլխանի մկանի երկու ակոս՝ միջային (sulcus bicipitalis medialis) և
կողմնային (sulcus bicipitalis lateralis): Այս ակոսները բաժանում են բազկի առաջային շրջանը
(regio brachii anterior) հետին շրջանից (regio brachii posterior): Միջային ակոսը արտահայտված է
ավելի լավ, քան կողմնայինը, քանի որ այստեղ է պառկում վերին վերջույթի նյարդաանոթային
խուրձը:
2. Բազկի հետին շրջանում՝ բազկոսկրի և բազկի եռագլուխ մկանի միջև, ճաճանչային
նյարդի ակոսի երկարությամբ առաջանում է ճաճանչային նյարդի խողովակը (բազկամկանային
կամ պարուրաձև խողովակը (canalis ո. radialis, s. canalis humeromuscularis, s. spiralis)): Խողովակի
մուտքը (վերին բացվածքը) բազկոսկրի մարմնի միջային եզրին է, վերին և միջին երրորդականի
սահմանի մակարդակին: Այն սահմանափակված է ոսկրով, վերևից՝ բազկի եռագլուխ մկանի
կողմնային գլխիկով, իսկ վարից՝ այդ մկանի միջային գլխիկով: Խողովակի ելքը (ստորին
բանցվածքը) բազկի կողմնային եզրին է՝ բազկային և բազկաճաճանչային մկանների միջև,
բազկոսկրի միջին և ստորին երրորդականների սահմանի մակարդակին: Այս խողովակով
անցնում է ճաճանչային նյարդը, բազկի խորանիստ զարկերակը և երակները:

Արմնկային շրջանի տեղագրությունը


Արմնկային առաջային շրջանում (regio cubitalis anterior) առանձնանում է արմնկային փոսը
(fossa cubitalis): Այս փոսի հատակը և վերին սահմանը կազմում է բազկային մկանը, դրսային
կողմից փոսը սահմանափակված է բազկաճաճանչային մկանով, միջային կողմից՝ կլոր

30
վարհակիչով (տե´ս նկ. 14): Արմնկային փոսում են կողմնային (ճաճանչային) ակոսը (sulcus
lateralis, s. radialis) և միջային (ծղիկային) ակոսը (sulcus medialis, s. ulnaris): Կողմնային ակոսը
դրսից սահմանվում է բազկաճաճանչային մկանով, միջային կողմից՝ բազկային մկանով:
Միջային ծղիկային ակոսը տեղակայված է ներսից կլոր վարհակիչ մկանի, իսկ դրսից բազկային
մկանի միջև:
Արմնկային հետին շրջանում՝ արմունկելունի կողքերին, առանձնանում է ևս երկու ակոս։

Նախաբազկի տեղագրությունը
Նախաբազկի առաջային շրջանում առանձնացվում է երեք ակոս՝ ճաճանչային, միջնակ և
ծղիկային (տե´ս նկ. 14)։ Ճաճանչային ակոսը (sulcus radialis) կողմնայնորեն սահմանափակված է
բազկաճաճանչային մկանով, միջայնորեն՝ դաստակը ծալող ճաճանչային մկանով: Ճաճանչային
ակոսում անցնում են ճաճանչային զարկերակը, երակները և ճաճանչային նյարդի մակերեսային
ճյուղը: Միջնակ ակոսը (sulcus medianus) դաստակը ծալող ճաճանչային և մատները ծալող
մակերեսային մկանների միջև է: Միջնակ ակոսը զբաղված է միջնակ նյարդով: Ծղիկային ակոսը
(sulcus ulnaris) դրսային կողմից սահմանափակվում է մատները ծալող մակերեսային մկանով,
իսկ միջային կողմից՝ դաստակը ծալող ծղիկային մկանով: Ծղիկային ակոսի մեջ տեղակայված
են ծղիկային զարկերակը, երակները և նյարդը:

ԻՐԱՆԻ ՄԿԱՆՆԵՐԸ և ՓԱԿԵՂՆԵՐԸ


Իրանի մկանները բաժանվում են մեջքի, կրծքի և որովայնի մկանների:
Մեջքը (dorsum) ընդգրկում է իրանի ողջ հետին մակերեսը: Նրա վերին սահմանը կազմում
են արտաքին ծոծրակային ցցաթումբը և վզարմատային վերին գիծը: Ստորին սահմանն են՝
սրբոսկրազստային հոդերը և պոչուկը: Կողքերից մեջքին սահմանակցում է ուսագոտին,
անութային փոսը, կրծքի և որովայնի կողմնային մակերեսները՝ հետին անութային գծերով:
Մեջքի սահմաններում են ողնաշարային (regio vertebralis), սրբոսկրային (regio sacralis),
թիակային (regio scapularis), ենթաթիակային (regio infrascapularis), գոտկային (regio lumbalis) և
պարանոցի հետին կամ վզարմատային (regio nuchae) շրջանները:

ՄԵՋՔԻ ՄԿԱՆՆԵՐԸ և ՓԱԿԵՂՆԵՐԸ


Մեջքի մկանները բազմաթիվ են, զույգ են, ունեն բարդ անատոմիատեղագրական
հարաբերություններ, որոնք պայմանավորված են նրանց զարգացման և գործառույթի
առանձնահատկություններով: Մեջքի մկանները լինում են մակերեսային և խորանիստ:
Մեջքի մակերեսային մկանները զարգանում են՝ պայմանավորված վերին վերջույթով,
դասավորված են երկու շերտով (նկ. 25): Դրանք են՝ սեղանարդաձև մկանը, մեջքի լայնագույն
մկանը, մեծ և փոքր շեղանկյունաձև մկանները և թիակը բարձրացնող մկանը: Վերին և ստորին
հետին ատամնավոր մկանները տեղակայված են ավելի խորը և կպչում են կողերին:
Մեջքի խորանիստ մկանները զարգանում են իրանային միոտոմներից, ուստի ի հայտ են
գալիս բոլորից վաղ՝ պահպանելով պարզագույն հատվածավորված կառուցվածքը,
տեղակայված են խորը և կազմում են մեջքի սեփական (աուտոխտոն) մկանները: Խորանիստ
մկաններն են՝ գլխի և պարանոցի զոլավոր մկանները, ողնաշարն ուղղող մկանը,

31
փշալայնաձգային մկանը (ներառյալ ատլասծոծրակային հոդի կարճ մկանները,
ենթածոծրակային մկանները), միջփշային և միջլայնաձգային մկանները:

Մեջքի մակերեսային մկանները


1. Սեղանարդաձև մկանը (m. trapezius) տափակ է, եռանկյունաձև, գրավում է մեջքի վերին
մասը: Սկսվում է վզարմատային վերին գծից, վզարմատային կապանից և կրծքային բոլոր ողերի
փշելուններից: Մկանախրձերը զուգամիտվելով ուղղվում են կողմնայնորեն ու կպչում են
ուսագոտու ոսկրերին: Մկանի վերին խրձերն ուղղվում են դեպի վար և կողմնայնորեն, կպչում
են անրակի ուսելունային ծայրին: Միջին խրձերը վերջանում են թիակի ուսելունի վրա, իսկ
ստորին մկանախրձերն անցնում են դեպի վեր և կողմ՝ կպչելով թիակի կատարին:
Պարանոցային VII ողի և առաջին երկու կրծքային ողերի փշելունների շրջանում երկու
սեղանարդաձև մկանները գոյացնում են մի լայն շեղանկյունաձև լայնանք (ջլային հայելի):
Սեղանարդաձև մկանի ստորին կողմնային եզրն առաջացնում է աուսկուլտացիոն
եռանկյան միջային սահմանը: Այս եռանկյան ստորին սահմանն անցնում է մեջքի լայնագույն
մկանի վերին եզրով, իսկ կողմնայինը՝ մեծ շեղանկյունաձև մկանի ստորին եզրով (եռանկյունին
մեծանում է ուսային հոդում ձեռքը դեպի առաջ ծալելու դեպքում, երբ թիակը տեղաշարժվում է
դեպի կողմ և առաջ):
Ֆունկցիան. մկանի բոլոր մասերի միաժամանակյա կծկման դեպքում, երբ ողնաշարն
անշարժացած է, թիակը մոտեցնում է ողնաշարին: Մկանի վերին խրձերը կծկվելիս
բարձրացնում են ուսագոտին (թիակն ու անրակը), ընդ որում՝ թիակի ստորին անկյունը շրջվում
է դեպի կողմ, ինչպես դա կատարվում է վերին վերջույթը հորիզոնական գծից վեր
բարձրացնելիս: Ստորին մկանախրձերն իջեցնում են թիակը: Ամրացած թիակի և երկկողմանի
կծկման դեպքում մկանը տարածում է ողնաշարի պարանոցային բաժինը և թեքում է գլուխը
դեպի հետ:
Անոթավորումը. a. transversa colli, a. occipitalis, a. suprascapularis, aa. intercostales posteriores:
Նյարդավորումը. n. accessorius, պարանոցային հյուսակ:
2. Մեջքի լայնագույն մկանը (m. latissimus dorsi) տափակ, լայն, եռանկյունաձև է, գրավում է
մեջքի ստորին մասը: Մկանն ունի մակերեսային դիրք, բացառությամբ վերին հատվածի, որը
ծածկված է սեղանարդաձև մկանով: Սկսվում է վերջին 4-6 կրծքային, գոտկային բոլոր ողերի
փշելուններից, միջին սրբոսկրային կատարից, զստային կատարի հետին մասից և չորս ստորին
կողերից՝ նրանց անկյուններից կողմնայնորեն: Մկանախրձերն ուղղվում են դեպի վեր և կողմ,
ծածկում են թիակի ստորին անկյունը, զուգամիտվելով, մոտենում են բազկոսկրին, որտեղ
վերածվում են կարճ ջլի և կպչում բազկոսկրի փոքր թմբիկի կատարին: Գոտկային շրջանում
երկու կողմի լայնագույն մկանները գոյացնում են շեղանկյունաձև ջլային լայնանք՝
միաձուլվելով կրծքագոտկային փակեղին (fascia thoracolumbalis):
Ֆունկցիան. անշարժացրած ողնաշարի դեպքում մկանը առբերում է բազուկը, պտտում
դեպի ներս և տարածում: Իր կողային խրձերի շնորհիվ օժանդակում է շնչառական
շարժումները: Բազուկների անշարժացման դեպքում ձգում է իրանը դեպի ձեռքերը (մարզաձողի
վրա վարժություններ կատարելիս, մագլցելիս, լողալիս):
Անոթավորումը. a. thoracodorsalis, a. circumflexa humeri posterior, aa. intercostales posteriores:

32
Նյարդավորումը. n. thoracodorsalis (բազկային հյուսակի կարճ ճյուղ):
3. Փոքր և մեծ շեղանկյունաձև մկանները (mm. rhomboidei minor et major) տեղակայված են
սեղանարդաձև մկանի տակ, երբեմն նկարագրվում են որպես մեկ մկան (տե´ս նկ. 25):
Փոքր շեղանկյունաձև մկանը սկսվում է VII պարանոցային և I կրծքային ողերի
փշելուններից, թեքորեն ուղղվում է դեպի վար և կպչում է թիակի միջային եզրին՝ թիակի
կատարի մակարդակից վեր: Մեծ շեղանկյունաձև մկանը սկսվում է II-V կրծքային ողերի
փշելուններից և կպչում է թիակի միջային եզրին՝ կատարի մակարդակից վար:
Ֆունկցիան. մոտեցնում է թիակը ողնաշարին և ձգում դեպի վեր:
Անոթավորումը. a. transversa colli, a. suprascapularis, aa. intercostales posteriores:
Նյարդավորումը. n. dorsalis scapulae (բազկային հյուսակի կարճ ճյուղ):
4. Թիակը բարձրացնող մկանը (m. levator scapulae) սկսվում է չորս ատամներով
պարանոցային վերին չորս ողերի լայնաձիգ ելունների հետին թմբիկներից, ուղղվում է դեպի
վար և կողմնայնորեն, կպչում է թիակի վերին անկյանը: Մկանի վերին երրորդականը ծածկված
է կրծոսկրաանրակապտկաձև մկանով, ստորին երրորդականը՝ սեղանարդաձև մկանով:
Ֆունկցիան. բարձրացնում է թիակը՝ մոտեցնելով ողնաշարին: Ամրացած թիակի դեպքում
ողնաշարի պարանոցային մասը թեքում է դեպի իր կողմ:
Անոթավորումը. a. transversa colli, a. cervicalis superficialis, a. cervicalis ascendens:
Նյարդավորումը. n. dorsalis scapulae (բազկային հյուսակի կարճ ճյուղ):
Կողերին կպչում են երկու բարակ, տափակ մկաններ՝ վերին և ստորին հետին ատամնավոր
մկաններ:
5. Վերին հետին ատամնավոր մկանը (m. serratus posterior superior) տեղակայված է
շեղանկյունաձև մկանների տակ, սկսվում է պարանոցային ստորին երկու (VI-VII) և կրծքային
վերին երկու (I-II) ողերի փշելուններից, ուղղվում է ցած և կողմնայնորեն, կպչում է II-V կողերի
հետին երեսներին՝ նրանց անկյուններից դուրս (նկ. 26):
Ֆունկցիան. բարձրացնում է կողերը:
Անոթավորումը. a. cervicalis profunda, aa. intercostales posteriores:
Նյարդավորումը. n. intercostales (ThI-ThIV):
6. Ստորին հետին ատամնավոր մկանը (m. serratus posterior inferior) մեջքի լայնագույն մկանի
տակ է, ձուլվում է նրա սկզբնամասին և կրծքագոտկային փակեղին: Մկանը սկսվում է ստորին
երկու կրծքային (XI-XII) և վերին երկու գոտկային (I-II) ողերի փշելուններից, չորս ատամներով
կպչում է ստորին չորս կողերի հետին երեսներին:
Ֆունկցիան. իջեցնում է կողերը:
Անոթավորումը. aa. intercostales posteriores:
Նյարդավորումը. nn. intercostales (ThIX-ThXII):

Մեջքի խորանիստ մկանները


Մեջքի խորանիստ մկաններն առաջացնում են երեք շերտ՝ մակերեսային, միջին և
խորանիստ: Մակերեսային շերտը կազմում են գլխի զոլավոր մկանը, պարանոցի զոլավոր
մկանը և ողնաշարն ուղղող մկանը, միջինը՝ միջաձիգ փշային մկանը, խորանիստ շերտն
առաջացնում են միջփշային, միջլայնաձգային և ենթածոծրակային մկանները։

33
ԿՐԾՔԻ ՄԿԱՆՆԵՐԸ և ՓԱԿԵՂՆԵՐԸ
Կրծքի մկանները դասավորված են մի քանի շերտով, որը պայմանավորված է նրանց ոչ
միանման ծագմամբ և տարբեր գործառույթով:
Ավելի մակերեսորեն տեղակայված են այն մկանները, որոնք զարգանում են վերին
վերջույթի սաղմնադրման հետ, ուստի վերին վերջույթը միացնում են կրծքավանդակին:
Դրանցից են մեծ և փոքր կրծքային մկանները, ենթաանրակային և առաջային ատամնավոր
մկանները (նկ. 27):
Կրծքի մկանների խոր շերտերում են սեփական (աուտոխտոն) մկանները, որոնք
զարգանում են միոտոմների փորային բաժիններից: Այս մկանները սկսվում և կպչում են
կրծքավանդակի պատին: Դրանցից են արտաքին և ներքին միջկողային մկանները,
ենթակողային մկանները և կրծքի լայնական մկանը:
Կրծքի մկանների հետ նկարագրվում է նրանց հետ անատոմիորեն և ֆունկցիոնալ
տեսակետից սերտորեն կապված կրծքաորովայնային պատնեշը՝ ստոծանին, գլխավոր
շնչառական մկանը, որը զարգանում է պարանոցային միոտոմների փորային բաժիններից:
Ուսագոտու հոդերի վրա ազդող մկանները
1. Մեծ կրծքային մկանը (m. pectoralis major) հովհարաձև է, զբաղեցնում է կրծքավանդակի
առաջային պատի զգալի մասը (նկ. 28): Ըստ մկանի սկսման տեղերի՝ տարբերում են՝
անրակային մաս (pars clavicularis), որը սկսվում է անրակի միջային կեսից, կրծոսկրակողային
մասը (pars sternocostalis), որը սկիզբ է առնում կրծոսկրի և վերին վեց կողաճառների առաջային
մակերեսից, որովայնային մասը (pars abdominalis), որը թույլ է արտահայտված, սկսվում է
որովայնի ուղիղ մկանի բունոցի առաջային պատից: Բոլոր մասերի մկանախրձերը
զուգամիտվելով անցնում են կողմնային ուղղությամբ և կպչում են բազկոսկրի մեծ թմբիկի
կատարին: Մեծ կրծքային մկանը դելտայաձև մկանից բաժանվում է լավ արտահայտված
դելտայաձևակրծքային ակոսով (sulcus deltoideopectoralis), որը վերևում անրակի տակ,
լայնանում և սահմանում է ստորանրակային փոսը (fossa infraclavicularis): Տեղակայվելով
մակերեսորեն՝ մեծ կրծքամկանը փոքր կրծքային մկանի հետ կազմում է անութային խոռոչի
առաջային պատը և ստորին եզրով սահմանափակում է անութային փոսը:
Ֆունկցիան. առբերում է վերին վերջույթը և պտտում դեպի ներս: Եթե ձեռքը ամրացած է վեր
բարձրացած դիրքում, բարձրացնում է կողերը և կրծոսկրը (օժանդակ շնչառական մկան է)՝
նպաստելով կրծքավանդակի լայնացմանը:
Անոթավորումը. a. thoracoacromialis, rr. intercostales anteriores, a. thoracica superior, a. thoracica
lateralis:
Նյարդավորումը. nn. pectorales lateralis et medialis (բազկային հյուսակի կարճ ճյուղեր):
2. Փոքր կրծքային մկանը (m. pectoralis minor), տափակ է, եռանկյունաձև, տեղակայված է
անմիջապես մեծ կրծքային մկանի տակ: Սկսվում է II-V կողերից, ուղղվում է վեր և կողմ, կպչում
է թիակի կտցաձև ելունին (նկ. 29):
Ֆունկցիան. թիակը ձգում է առաջ: Ամրացած ուսագոտու դեպքում բարձրացնում է կողերը՝
նպաստելով կրծքավանդակի լայնացմանը:

34
Անոթավորումը. a. thoracoacromialis, rr. intercostales anteriores, a. thoracica superior, a. thoracica
lateralis:
Նյարդավորումը. nn. pectorales mediales et laterales (բազկային հյուսակի կարճ ճյուղեր):
3. Ենթաանրակային մկանը (m. subclavius) փոքր, իլիկաձև է, տեղակայված է անրակի և I
կողի միջև: Սկսվում է I կողաճառից, անցնում է կողմնային ուղղությամբ և կպչում է անրակի
ուսելունային ծայրին:
Ֆունկցիան. ձգում է անրակը ներքև և առաջ՝ նպաստելով կրծոսկրաանրակային հոդի
ամրացմանը:
Նյարդավորումը. n. subclavius (բազկային հյուսակի կարճ ճյուղ):
Անոթավորումը. a. transversa scapulae, a. thoracoacromialis, a. thoracica superior:
4. Առաջային ատամնավոր մկանը (m. serratus anterior) լայն է, քառանկյունաձև, տեղակայված
է կրծքավանդակի կողմնային պատի արտաքին երեսին: Սկսվում է 9 խոշոր ատամներով վերին
ութ կամ ինը կողերից, ուղղվում է հետ և կպչում է թիակի միջային եզրին և ստորին անկյանը:
Նրա վերին և միջին խրձերը հորիզոնական են, ստորիններն ուղղված են թեքորեն՝ առջևից հետ
և վարից վեր: Առաջային ատամնավոր մկանի ստորին 4-5 ատամները մտնում են որովայնի
արտաքին թեք մկանի ատամների միջև (նկ. 30):
Ֆունկցիան. տեղաշարժում է թիակը, հատկապես նրա ստորին անկյունը դեպի առաջ և
կողմ: Ստորին խրձերը նպաստում են թիակի պտտմանը սագիտալ առանցքի շուրջը, որի
հետևանքով թիակի կողմնային անկյունը տեղաշարժվում է դեպի վեր և դուրս, ձեռքը
բարձրանում է հորիզոնական դիրքից վեր: Ամրացած թիակի դեպքում առաջային ատամնավոր
մկանը բարձրացնում է կողերը՝ նպաստելով կրծքավանդակի լայնացմանը:
Անոթավորումը. a. thoracodorsalis, a. thoracica lateralis, a. thoracica superior, aa. intercostales
posteriores:
Նյարդավորումը. ո. thoracicus longus (բազկային հյուսակի կարճ ճյուղ):
Կրծքի սեփական (աուտոխտոն) մկաններ
Այս խմբի մկաններից են արտաքին և ներքին միջկողային մկանները, ամենաներքին
միջկողային մկանները, ենթակողային մկանները և կրծքի լայնական մկանը:
1. Արտաքին միջկողային մկանները (mm. intercostales externi) յուրաքանչյուր կողմում 11-ն
են: Սկսվում են վերադիր կողի ստորին եզրից՝ նրա ակոսի արտաքին եզրից, ու կպչում են
ստորադիր կողի վերին եզրին: Մկանախրձերն ուղղվում են թեքորեն կրծքավանդակի
առաջային պատի վրա՝ վերից վար, հետևից առաջ, կրծքավանդակի հետին պատի վրա՝ վերից
վար և ներսից դեպի դուրս: Մկանները զբաղեցնում են միջկողային տարածությունները
հետևում՝ սկսած կողերի թմբիկներից, առջևում մինչև կողաճառները, որտեղ նրանք մինչև
կրծոսկր փոխարինվում են շարակցահյուսվածքային թաղանթով՝ արտաքին միջկողային
թաղանթով (membrana intercostalis externa): Այս մկանները ներքին միջկողային մկանների
համեմատ, առաջացնում են ավելի հաստ շերտ:
Ֆունկցիան. բարձրացնում են կողերը, նրանց հետին մասերը ամրացնում են կողաողնային
հոդերը:
Անոթավորումը. aa. intercostales posteriores, truncus costocervicalis, a. thoracica interna, a.
musculophrenica:

35
Նյարդավորումը. ոո. intercostales (ThI-ThXI):
2. Ներքին միջկողային մկանները (mm. intercostales interni) տեղակայված են արտաքին
միջկողային մկաններից անմիջապես ներս, նրանք զբաղեցնում են միջկողային
տարածությունները՝ սկսած առջևից՝ կրծոսկրի եզրից (իսկական կողերի) և կեղծ կողերի
աճառների առաջային ծայրերից մինչև կողերի անկյունները՝ հետևից, որտեղ նրանց
շարունակությունը ներքին միջկողային թաղանթն է (membrana intercostalis interna): Մկանները
սկսվում են ստորադիր կողի վերին եզրից և hամապատասխան կողային աճառից և կպչում են
վերադիր կողի ստորին եզրին ակոսից ներս: Ներքին միջկողային մկանների խրձերը
կրծքավանդակի հետին պատի վրա ուղղված են թեքությամբ ներքևից դեպի վեր և դուրս, իսկ
առաջային պատի վրա՝ վեր և միջայնորեն: Արտաքին միջկողային մկանների խրձերի
նկատմամբ դասավորված են գրեթե ուղիղ անկյան տակ: Այս մկանների ներքին խրձերը կոչվում
են ամենաներքին միջկողային մկաններ (mm. intercostales intimi):
Ֆունկցիան. ներքին միջկողային մկաններն իջեցնում են կողերը, ամրացնում են
կրծքակողային հոդերը:
Անոթավորումը. aa. intercostales posteriores, truncus costocervicalis, a. thoracica interna, a.
musculophrenica:
Նյարդավորումը. nn. intercostales (ThI-ThXI):
3. Ենթակողային մկանները (mm. subcostales) տեղակայված են կրծքավանդակի hետին պատի
ներքին մակերեսին: Սկսվում են X-XII կողերի անկյունների մոտ, ուղղվում են դեպի վեր և կողմ,
ցատկում են մեկ-երկու կողերի վրայով և կպչում վերադիր կողերի ներքին մակերեսին:
Ֆունկցիան. իջեցնում են կողերը:
Անոթավորումը. aa. intercostales posteriores:
Նյարդավորումը. nn. intercostales (ThI-ThXI):
4. Կրծքի լայնական մկանը (m. transversus thoracis) տեղակայված է կրծքավանդակի
առաջային պատի հետին (ներքին) մակերեսին: Սկսվում է թրաձև ելունից, կրծոսկրի մարմնի
ստորին կեսից: Մկանախրձերը ուղղվում են hովհարաձև դեպի կողմ և վեր, առանձին
ատամներով կպչում են 2-6-րդ կողաճառներին: Մկանի ստորին խրձերն անցնում են
հորիզոնական, միջին խրձերն ուղղված են թեքությամբ վարից վեր և դեպի կողմ, իսկ վերիններն
անցնում են ուղղահայաց՝ վարից դեպի վեր:
Ֆունկցիան. ունենալով հենարան կրծոսկրի վրա՝ այս մկանը ձգում է կողաճառները վար,
իջեցնում է կողերը, մասնակցում է արտաշնչման գործողությանը:
Անոթավորումը. a. thoracica interna:
Նյարդավորումը. nn. intercostales (ThII-ThVI):

Ստոծանի
Ստոծանին (diaphragma, m. phrenicus) բարակ, տափակ մկանաջլային միջնապատ է կրծքի և
որովայնի խոռոչների միջև: Այն գմբեթաձև է՝ ուռուցիկ կողմով ուղղված դեպի կրծքի խոռոչ,
գոգավոր կողմով՝ դեպի վար, որովայնի խոռոչ, որը պայմանավորված է խոռոչների ճնշման
տարբերությամբ: Բայց գմբեթների բարձրությունները համաչափ չեն. նրա աջ գմբեթը լյարդի
ճնշման հետևանքով ավելի բարձր է, քան ձախը: Այս երկու գմբեթների միջև հատվածը փոքր-

36
ինչ տափակած է սրտի ճնշման հետևանքով: Ստոծանին գլխավոր շնչառական մկանն է և
որովայնի մամուլի կարևորագույն օրգանը: Ստոծանու մկանախրձերը դասավորված են
ծայրամասում, սկսվում են կրծքավանդակի ստորին բացվածքի շրջեզրից, ուղղվում են վեր՝
ծայրամասից դեպի ստոծանու մեջտեղը, համամիտվում են ու վերածվում ջլային կենտրոնի
(centrum tendineum): Ըստ սկսման տեղերի տարբերում են ստոծանու գոտկային, կողային և
կրծոսկրային մասերը (նկ. 31):
Ստոծանու գոտկային մասը (pars lumbalis) ամենաուժեղն է, նրա մկանաջլային խրձերը
սկսում են գոտկային ողերի առաջային մակերեսից՝ աջ և ձախ ոտիկներից (crus dextrum et crus
sinistrum) և միջային ու կողմնային աղեղնաձև կապաններից:
Ստոծանու աջ և ձախ ոտիկները ներքևում ներհյուսվում են ողնաշարի առաջային
երկայնաձիգ կապանին: Աջ ոտիկն ավելի ուժեղ է զարգացած և սկսվում I-IV գոտկային ողերի
մարմինների առաջային երեսից, իսկ ձախը՝ առաջին երեքից:
Վերևում ոտիկների միջային ջլային խրձերը՝ որպես միջնակ աղեղնաձև կապան (lig.
arcuatum mediаnum), խաչվում են և I գոտկային ողի մարմնի առջևում, սահմանափակում
աորտային բացվածքը (hiatus aorticus): Այս անցքով անցնում են աորտան և կրծքային (ավշային)
ծորանը: Այսպիսով, աորտային բացվածքի եզրերը սահմանափակված են կապանի ներդակազմ
թելերով, ուստի ստոծանու ոտիկների մկանային խրձերը կծկվելու դեպքում այս կապանը
աորտան պահպանում է ճնշվելուց, որի հետևանքով աորտայում արյան հոսքի ճանապարհին
խոչընդոտներ չեն առաջանում: Աորտային բացվածքից ավելի վեր ստոծանու աջ և ձախ
ոտիկների մկանային խրձերը նորից խաչվում են, ապա դարձյալ հեռանում՝ առաջացնելով
որկորային (կերակրափողային) բացվածքը (hiatus esophageus), որի միջով կրծքվանդակից
որովայնի խոռոչ է անցնում որկորը թափառող նյարդի հետ: Ստոծանու աջ և ձախ ոտիկների
մկանային խրձերի միջով անցնում են սիմպաթիկ ցողունը, ընդերային մեծ և փոքր նյարդերը,
կենտ երակը (աջից) և կիսակենտ երակը (ձախից):
Միջային աղեղնաձև կապանը (lig. arcuatum mediale) ձգված է մեծ գոտկային մկանի վրայով,
սկսվում է I կամ II գոտկային ողի մարմնի կողմնային երեսից և կպչում է I կամ II գոտկային ողի
լայնաձիգ ելունի գագաթին:
Կողմնային աղեղնաձև կապանը (lig. arcuatum laterale) անցնում է գոտկային քառակուսի
մկանի վրայով, ձգվում է I կամ II գոտկային ողի լայնաձիգ ելունի գագաթից մինչև XII կողը:
Ստոծանու կողային մասը (pars costalis) սկսվում է ստորին վեց-յոթ կողերի ներքին
մակերեսից առանձին մկանային խրձերով, որոնք մտնում են որովայնի լայնական մկանի
ատամների միջև:
Ստոծանու կրծոսկրային մասը (pars sternalis) ամենանեղ և թույլն է, սկսվում է կրծոսկրի
հետին մակերեսից:
Ստոծանու երեք մասերի միջև յուրաքանչյուր կողմից առաջանում են մկանաթելերից զուրկ
եռանկյունաձև մասեր՝ գոտկակողային եռանկյունին և կրծոսկրակողային եռանկյունին:
Գոտկակողային եռանկյունին (trigonum lumbocostale) տեղակայված է գոտկային և կողային
մասերի միջև, այն ավելի մեծ է, քան կրծոսկրակողային եռանկյունին (trigonum sternocostale),
որը կրծոսկրային և կողային մասերի միջև է: Այս եռանկյունների սահմաններում որովայնի
խոռոչը կրծքի խոռոչից բաժանվում է ներորովայնային և ներկրծքային փակեղների բարակ

37
թերթիկներով և շճային թաղանթներով (որովայնամզով և թոքամզով) միայն՝ երբեմն դառնալով
ստոծանիական ճողվածքների առաջացման մաս:
Ստոծանու ջլային կենտրոնը (centrum tendineum) կազմված է զանազան ուղղություններով
խաչվող ջլային թելերով: Ջլային կենտրոնի մակերեսն ունի հայելու փայլ, որի պատճառով այն
կոչել են հելմոնթյան հայելի (speculum Helmonti): Ջլային կենտրոնում աջից կա ստորին
սիներակի անցք (foramen venae cavae), որով նշված երակը որովայնի խոռոչից անցնում է կրծքի
խոռոչ:
Ֆունկցիան. կծկման դեպքում ստոծանու գմբեթը տափակում է, որը հանգեցնում է կրծքի
խոռոչի մեծացմանը և որովայնի խոռոչի փոքրացմանը: Որովայնի մկանների հետ
միաժամանակ կծկվելու դեպ֊քում ստոծանին նպաստում է ներորովայնային ճնշման
բարձրացմանը:
Անոթավորումը. a. pericardiacophrenica, a. phrenica superior, a. phrenica inferior, a.
musculophrenica, aa. intercostales posteriores:
Նյարդավորումը. ո. phrenicus (CIII-CV):

ՈՐՈՎԱՅՆԻ ՄԿԱՆՆԵՐԸ և ՓԱԿԵՂՆԵՐԸ


Որովայնը (abdomen) իրանի մասն է, տեղակայված կրծքավանդակի և կոնքի միջև:
Որովայնի վերին սահմանն անցնում է թրաձև ելունի հիմքով, կողային աղեղներով մինչև XII
կրծքային ող: Կողմնայնորեն որովայնի սահմանն անցնում է հետին անութային գծով՝
կողաղեղից մինչև զստային կատար: Որովայնի ստորին սահմանը աջից և ձախից կազմում է
պայմանականորեն անցկացված գիծը՝ վերին առաջային զստային փշից մինչև ցայլային թմբիկ:
Նշվածները որովայնի արտաքին սահմաններն են, որոնք չեն համընկնում որովայնի խոռոչի
սահմաններին: Որովայնի խոռոչը դեպի վեր տարածվում է մինչև ստոծանու գմբեթ, իսկ
ներքևում իջնում է մինչև կոնքի սահմանային գիծ, որը որովայնի խոռոչը բաժանում է փոքր
կոնքի խոռոչից: Որովայնի խոռոչում օրգանների տեղակայումը, նրանց տեղագրությունը և
ուրվագիծը արտաքին ծածկույթների վրա ավելի ճիշտ որոշելու համար որովայնը երկու
հորիզոնական գծերով բաժանում են երեք հարկերի: Մեկն անցնում է տասներորդ
կողաճառների ստորին եզրերի միջև՝ միջկողային գիծը (linea bicostarum), մյուսը՝ զստոսկրերի
առաջային վերին փշերի միջև՝ միջփշային գիծը (linea bispinarum):
Այսպիսով, առանձնացնում են վերին հարկը՝ վերորովայն (epigastrium), միջին հարկը՝ միջին
որովայն (mesogastrium) և ստորին հարկը՝ ստորորովայն (hypogastrium): Բացի այդ, երկու
ուղղահայաց գծերի միջոցով, որոնք անցկացվում են որովայնի ուղիղ մկանների դրսային
եզրերով՝ կողային աղեղից մինչև ցայլային թմբիկ, նշված հարկերից յուրաքանչյուրը բաժանվում
է երեք առանձին շրջանների։ Համապատասխանաբար վերորովայնում տարբերում են աջ և
ձախ ենթակողային (թուլակողային) շրջանները (regiones hypochondriacae dextra et sinistra) և
վերորովայնային սեփական շրջանը (regio epigastrica propria), միջին որովայնում՝ աջ և ձախ
կողմնային շրջանները (regiоnes laterales dextrae et sinistrae) և պորտային շրջանը (regio
umbilicalis): Ստորորովայնում առանձնացնում են աջ և ձախ աճուկային շրջանները (regiones
inguinales dextra et sinistra) և ցայլային շրջանը (regio pubica): Որովայնի մկանները կազմում են
որովայնի խոռոչի կողմնային, առաջային և հետին պատերի մկանային հենքը:

38
Որովայնի խոռոչի կողմնային պատերի մկանները
Որովայնի խոռոչի կողմնային պատերը կազմված են շերտ առ շերտ իրար վրա դրված երեք
լայն տափակ մկաններից՝ որովայնի արտաքին թեք մկանից, որովայնի ներքին թեք մկանից և
որովայնի լայնական մկանից:
Նշված մկանները որովայնի առաջային պատի շրջանում վերածվում են լայն և տափակ
ջլերի՝ ջլոնների, որոնք, գրկելով որովայնի ուղիղ մկանը առջևից և հետևից, նրա համար
ձևավորում են ջլոնային բունոց: Այնուհետև հասնելով առաջային միջնակ գծին՝ աջ և ձախ
կողմերի մկանների ջլոնները միանում են իրար՝ առաջացնելով որովայնի սպիտակ գիծը (linea
alba)։
1. Որովայնի արտաքին թեք մկանը (m. obliquus externus abdominis) որովայնի մկաններից
ամենամակերեսայինն է և ծավալունը (տե´ս նկ. 27): Ութ խոշոր ատամներով սկսվում է ստորին
ութ կողերի արտաքին մակերեսից, որոնցից վերին հինգը մտնում են առաջային ատամնավոր
մկանի, ստորին երեքը՝ մեջքի լայնագույն մկանի ատամների միջև: Արտաքին թեք մկանի վերին
մկանախրձերն անցնում են գրեթե հորիզոնական, ավելի ներքև դասավորված խրձերն ուղղվում
են թեք՝ վերից վար և միջային ուղղությամբ, իսկ ամենաստորին մասի խրձերն ընթանում են
վար գրեթե ուղղաձիգ: Մկանաթելերը կարծես թե արտաքին միջկողային մկանների
շարունակությունն են, քանի որ ունեն նույն ուղղությունը: Սա բացատրվում է նրանով, որ
ֆիլոգենեզի ընթացքում կողերի անհետացմանը զուգընթաց մկանները միաձուլվել են`
կազմելով ամբողջական մկանային թիթեղներ: Մկանի հետին խրձերը կպչում են զստոսկրի
կատարի արտաքին շրթին: Մկանի մնացած խրձերը, որոնք ավելի բարձր և առաջ են սկսվում,
ուղղվում են շեղորեն դեպի վար և միջայնորեն՝ վերածվելով լայն ջլոնի: Վերջինս անցնում է
որովայնի ուղիղ մկանի առջևով ու միջին գծի վրա միանում է մյուս կողմի մկանի ջլոնին:
Որովայնի արտաքին թեք մկանի ջլոնի ստորին եզրը ձգվում է զստոսկրի առաջային վերին
փշից դեպի ցայլային թմբիկ, ընդ որում՝ ակոսանման ծալվում է դեպի ներս՝ առաջացնելով
աճուկային կապան կամ պուպարյան լար (ligamentum inguinale (Pouparti)): Ցայլոսկրին կպման
տեղում ջլոնը բաժանվում է երկու ոտիկների՝ միջային և կողմնային։ Միջային ոտիկը (crus
mediale) կպչում է ցայլային համաճոնի առաջային երեսին, իսկ կողմնային ոտիկը (crus laterale)՝
ցայլային թմբիկին։ Ցայլային թմբիկի կպման մոտ կողմնային ոտիկից առանձնանում են ջլային
խրձեր, որոնք կլորացնում են աճուկային կապանի կպման սուր անկյունը և գոյացնում
թողանցքային կամ ժիմբերնատյան կապանը (lig. lacunare (Gimbernati)):
Զստային կատարից վեր՝ որովայնի արտաքին թեք մկանի հետին եզրի և մեջքի լայնագույն
մկանի ստորին եզրի միջև, գոյանում է եռանկյունաձև տարածություն՝ գոտկային եռանկյունին
(trigonum lumbale): Այս եռանկյան հիմքը (ստորին կողմը) կազմված է զստային կատարով,
կողմնայնորեն սահմանվում է որովայնի արտաքին թեք մկանի հետին եզրով, միջայնորեն՝
մեջքի լայնագույն մկանով։ Եռանկյան հատակը կազմում է որովայնի ներքին թեք մկանը:
Գոտկային եռանկյունին կարող է ծառայել որպես ճողվածքների առաջացման տեղ:
Ֆունկցիան. ամրացած կոնքագոտու և երկկողմանի կծկման դեպքում իջեցնում է կողերը,
ծալում ողնաշարը: Միակողմանի կծկման դեպքում իրանը պտտում է հակառակ կողմ:

39
Ամրացած կրծքավանդակի դեպքում կարող է բարձրացնել կոնքը: Մասնակցում է որովայնային
մամուլի կազմավորմանը:
Անոթավորումը. aa. intercostales posteriores, a. subcostalis, a. thoracica lateralis, a. circumflexa ilii
superficialis, a. circumflexa ilii profunda, aa. lumbales, a. iliolumbalis:
Նյարդավորումը. nn. interostales (ThV-ThXII), n. iliohypogastricus, n. ilioinguinalis:
2. Որովայնի ներքին թեք մկանը (m. obliquus internus abdominis) տեղակայված է արտաքին
թեք մկանի տակ՝ կազմելով որովայնի պատի երկրորդ մկանային շերտը (տե´ս նկ. 28):
Մկանախրձերը սկսվում են աճուկային կապանի կողմնային երկու երրորդականից, զստային
կատարի միջանկյալ գծից և կրծքագոտկային փակեղից:
Ներքին թեք մկանի խրձերն ընդհանուր առմամբ ունեն հովհարաձև ուղղություն,
մասնավորապես մկանի հետին վերին խրձերն անցնում են վարից վեր և կպչում վերջին 3-4
կողաճառներին՝ ներքին միջկողային մկանների խրձերի հետ ունենալով միանման ուղղություն:
Ավելի վար տեղակայված խրձերը, որոնք սկսվում են զստոսկրի կատարից, ունեն
համեմատաբար լայնական ուղղություն, իսկ ստորին աճուկային կապանից սկսվող խրձերը՝
վայրէջ ուղղություն:
Ներքին թեք մկանը դեպի առաջ շարունակվում է որպես լայն ջլոն: Վերջինս որովայնի ուղիղ
մկանի կողմնային եզրի մոտ փեղեկվում է երկու թիթեղների, որոնք անցնում են որովայնի ուղիղ
մկանի առջևով և հետևով, և միջին գծի վրա միանում է մյուս կողմի մկանի ջլոնին՝
մասնակցելով սպիտակ գծի կազմավորմանը:
Ֆունկցիան. երկկողմանի կծկման դեպքում որովայնի ներքին թեք մկանները ծալում են
ողնաշարը: Միակողմանի կծկման դեպքում հակառակ կողմի որովայնի արտաքին թեք մկանի
հետ պտտում է իրանը դեպի իր կողմը, իջեցնում է կողերը: Ամրացած կրծքավանդակի դեպքում
բարձրացնում է կոնքը:
Անոթավորումը. aa. intercostales posteriores, a. subcostalis, aa. epigastricae inferior et superior, a.
musculophrenica, a. circumflexa ilii superficialis, a. circumflexa ilii profunda, aa. lumbales:
Նյարդավորումը. nn. intercostales (ThVI-ThXII), n. iliohypogastricus, n. ilioinguinalis:
3. Որովայնի լայնական մկանը (m. transversus abdominis) որովայնի կողմնային պատի
ամենախորանիստ մկանն է, կազմում է երրորդ շերտը (տե´ս նկ. 29): Մկանը սկսվում է ստորին
վեց կողերի ներքին երեսից վեց ատամներով, որոնք մտնում են ստոծանու կողային մասի
ատամների միջև, իսկ ավելի վար սկիզբ է առնում կրծքագոտկային փակեղի խորանիստ
թիթեղից, զստային կատարի ներքին շրթից և աճուկային կապանի կողմնային երկու
երրորդականից: Ստոծանուց վեր այս մկանի շարունակությունը կրծքի լայնական մկանն է:
Մկանախրձերն ունեն հորիզոնական ուղղություն՝ անցնելով հետևից դեպի առաջ ու
միջայնորեն, և որովայնի ուղիղ մկանի կողմնային եզրի մոտ վերածվում են ջլոնի՝ կորությամբ
դեպի դուրս դարձած աղեղնաձև գծով, որը կոչվում է կիսալուսնաձև կամ շպիգելյան գիծ (linea
semilunaris (Spigelii)): Մկանի ջլոնն ուղղվում է դեպի սպիտակ գիծ, ընդ որում՝ նրա վերին
հատվածն անցնում է որովայնի ուղիղ մկանի հետևով, իսկ ստորինը՝ որովայնի ուղիղ մկանի
առջևով: Մարդու ներքին թեք և լայնական մկանների ստորին խրձերից անջատվում է մի մաս,
որը մտնում է սերմնալարի կազմության մեջ և ձևավորում է ամորձին բարձրացնող մկանը (m.
cremaster):

40
Լայնական մկանի հետին՝ դեպի որովայնի խոռոչը դարձած երեսը, ծածկված է լայնական
փակեղով (fascia transversa), որը ներորովայնային փակեղի մի մասն է: Ներորովայնային փակեղը
պաստառում է որովայնի պատերը ներսից և ըստ շրջանների ստանում է համատասխան
անվանում:
Ֆունկցիա. լինելով որովայնի մամուլի կարևոր բաղադրիչ մասը՝ փոքրացնում է որովայնի
խոռոչի չափերը, կողերը ձգում է առաջ դեպի միջնակ գիծ:
Անոթավորումը. aa. intercostales posteriores, a. subcostalis, a. epigastrica inferior, a. epigastrica
superior, a. musculophrenica, a. circumflexa ilii superficialis, a. circumflexa ilii profunda, aa. lumbales:
Նյարդավորումը. nn. intercostales (ThV-ThXII), n. iliohypogastricus, n. ilioinguinalis:

Որովայնի խոռոչի առաջային պատի մկանները


1. Որովայնի ուղիղ մկանը (m. rectus abdominis) տափակ է, երկար, ժապավենաձև,
տեղակայված է միջին գծի կողքին, և հակառակ կողմի համանուն մկանից բաժանված է
սպիտակ գծով (տե´ս նկ. 28): Մկանը սկսվում է երկու ջլային մասերով ցայլային կատարից և
ցայլային համաճոնի ներդակազմ խրձերից: Ուղղվելով դեպի վեր՝ մկանը նկատելիորեն
լայնանում է և կպչում թրաձև ելունի և VII-V կողաճառների առաջային մակերեսին: Ամբողջ
երկարությամբ մկանն ընդհատվում է 3 կամ 4 լայնակի անցնող ջլային միջահատներով
(intersectiones tendinae), որոնք ամուր կպած են որովայնի ուղիղ մկանի բունոցի առաջային
թիթեղին և մկանը բաժանում են փորիկների: Առաջին՝ ավելի գանգամերձ տեղակայված
միջահատը, VIII կողաճառի մակարդակին է, երկրորդը՝ առաջին միջահատի և պորտի միջև
եղած տարածության կեսին, երրորդը՝ պորտի մակարդակին, չորրորդը հազվադեպ է, թույլ է
արտահայտված, որովայնի ուղիղ մկանի բունոցի հետին պատի աղեղնաձև գծի մակարդակին է։
Որովայնի ուղիղ մկանի ջլային միջահատները միոտոմների միջև եղած
շարակցահյուսվածքային խտրոցների մնացորդներն են, որոնցից զարգացել է այս մկանը:
Ֆունկցիան. ամրացած կոնքագոտու դեպքում կողերը ձգում է վար (իջեցնում է
կրծքավանդակը), ծալում է ողնաշարը (իրանը), երբ կրծքավանդակը անշարժացած է,
բարձրացնում է կոնքը:
Անոթավորումը. aa. epigastricae superioris et inferioris, aa. intercostales posteriores:
Նյարդավորումը. nn. intercostales (ThVI-ThXII), n. iliohypogastricus:
2. Բրգաձև մկանը (m. pyramidalis) եռանկյունաձև է, տեղակայված է որովայնի ուղիղ մկանի
ստորին մասից առաջ: Մկանը սկսվում է ցայլային կատարից, ուղղվում է վարից վեր և
ներհյուսվում է սպիտակ գծին: Մկանը երբեմն բացակայում է:
Ֆունկցիան. ձգում է որովայնի սպիտակ գիծը:
Այսպիսով, որովայնի կողմնային և առաջային պատերի մկանները կծկվելիս նեղացնում են
որովայնի խոռոչը և ճնշում են գործադրում նրա մեջ զետեղված ներքին օրգանների վրա՝
կազմելով որովայնային մամուլը (prelum abdominale): Մամուլի ազդեցությունը արտահայտվում
է կղազատման, միզարձակման և փսխման ժամանակ: Հատկապես մեծ է որովայնի մամուլի
դերը կանանց շրջանում ծննդաբերության ժամանակ: Գերակշռող դերը պատկանում է
որովայնի լայնական մկանին, որին օժանդակում են որովայնի մյուս մկանները: Մամուլի
գործողությանը մասնակցում է նաև ստոծանին, որը խոր ներշնչման ժամանակ տափակում է՝

41
ճնշելով որովայնի խոռոչի օրգանները վերից վար ուղղությամբ: Բացի այդ, որովայնի մամուլի
ճնշման շնորհիվ է, որ ներքին օրգանները պահպանում են իրենց դիրքը: Այս դեպքում որովայնի
առաջային մկանաջլոնային պատը կատարում է փորակապի կամ փորի գոտու դեր: Բացի այդ,
որովայնի մկանները կծկվելիս ծալում են ողնաշարը և իրանը: Այսպիսով, նրանք դառնում են
ողնաշարը տարածող մկանների անտագոնիստը: Ծալումը կատարում են գլխավորապես ուղիղ
մկանները: Միակողմանի կծկման դեպքում որովայնի մկանները մասնակցում են ողնաշարի և
կրծքավանդակի պտտմանը: Վերջապես, որովայնի մկանները մասնակցում են նաև շնչառական
շարժումներին, քանի որ իջեցնում են կողերը՝ նպաստելով արտաշնչմանը, ինչպես նաև ներքին
օրգանները ճնշելով՝ բարձրացնում են թուլացած ստոծանին և վերականգնում այն դիրքը,
ինչպիսին այդ մկանն ուներ արտաշնչման ժամանակ:

Որովայնի խոռոչի հետին պատի մկանները


Գոտկային քառակուսի մկանը (m. quadratus lumborum) տեղակայված է գոտկային ողերի
լայնական ելունների կողքին (տե´ս նկ. 31): Մկանը սկսվում է զստային կատարից և
զստագոտկային կապանից, ուղղվում է դեպի XII կողի ստորին եզր և վերին գոտկային ողերի
լայնաձիգ ելուններ: Մկանի կողմնային մասն անցնում է թեքությամբ դեպի վեր և ներս: Մկանն
առջևից ծածկված է կրծքագոտկային փակեղի խորանիստ թերթիկով: Գոտկային քառակուսի
մկանի միջային մասին հարում է մեծ գոտկային մկանը, իսկ հետևից՝ ողնաշարն ուղղող մկանի
սկիզբը:
Ֆունկցիան. երկկողմանի կծկման դեպքում նպաստում է ողնաշարը ուղղաձիգ դիրքում
պահելուն: Միակողմանի կծկման դեպքում ողնաշարն ուղղող մկանի և որովայնի մամուլի
մկանների հետ թեքում է ողնաշարը դեպի իր կողմը, XII կողը ձգում է ներքև:
Անոթավորումը. a. subcostalis, aa. lumbales, a. iliolumbalis:
Նյարդավորումը. plexsus lumbalis:

Որովայնի սպիտակ գիծը


Որովայնի սպիտակ գիծը (linea alba) ներդակազմ թիթեղ է, որը ձգվում է առաջային միջնակ
գծով՝ թրաձև ելունից մինչև ցայլային համաճոն (տե´ս նկ. 29): Այն կազմված է որովայնի աջ և
ձախ կողմերի լայն մկանների ջլոնների խաչաձևված թելերով:
Վերին մասում սպիտակ գիծը բավականին լայն է (մինչև 2,5սմ տրամագծով), ստորին
մասում՝ պորտի մակարդակից դեպի ցայլային համաճոն, այն նկատելիորեն նեղանում է, իսկ
նրա հաստությունը սագիտալ հարթությամբ աճում է:
Սպիտակ գծի գրեթե մեջտեղում պորտային օղն է (anulus umbilicalis), որը լցված է սպիացած
հյուսվածքով և նրա միջոցով միանում է պորտի մաշկին:
Սպիտակ գիծը բավականին ամուր է և աղքատ արյունատար անոթներով, որի համար
վիրահատությունների ժամանակ սպիտակ գծի երկարությամբ տարված կտրվածքների
դեպքում արյունահոսություն գրեթե չի նկատվում: Դրանից օգտվում են վիրաբույժները, երբ
անհրաժեշտ է լայն մուտք ստեղծել դեպի որովայնի խոռոչի և կոնքի օրգաններ:

Աճուկային խողովակ

42
Աճուկային խողովակը (canalis inguinalis) ճեղք տարածություն է որովայնի առաջային պատի
հաստության մեջ՝ աճուկային կապանից անմիջապես վեր (նկ. 33): Խողովակն ունի 4-5սմ
երկարություն, տեղակայված է թեք՝ հետևից առաջ, վերից վար և դրսից ներս, նրա միջով
տղամարդկանց դեպքում անցնում է սերմնալարը, կանանց դեպքում՝ արգանդի կլոր կապանը:
Ինչպես արդեն նշվել էր, աճուկային կապանը որովայնի արտաքին թեք մկանի ջլոնի
ստորին եզրն է, որն ակոսանման շրջվում է հետ ու վեր, և ձգվում է զստոսկրի առաջային վերին
փշի և ցայլային թմբիկի միջև: Այս կապանի կողմնային երկու երրորդականին ձուլվում են
ներքին թեք և լայնական մկանները, իսկ միջային մեկ երրորդականի սահմանում այդ մկանները
կպում չունեն աճուկային կապանին, այլ ազատ թռչում են սերմնալարի (կամ արգանդի կլոր
կապանի) վրայով: Այսպիսով, ներքին թեք ու լայնական մկանների ստորին ազատ եզրերի ու
աճուկային կապանի միջային 1/3-ի միջև մնում է մի եռանկյունաձև ճեղք, որի միջով անցնում է
տղամարդու սերմնալարը կամ կնոջ արգանդի կլոր կապանը: Այս ճեղքը կոչվում է աճուկային
խողովակ: Ներքին թեք ու լայնական մկաններից առանձնանում են մկանային խրձեր, որոնք
ուղղվում են մինչև ամորձապարկ՝ կազմելով ամորձին բարձրացնող մկանը:
Աճուկային խողովակը ունի չորս պատ՝ առաջային, հետին, վերին և ստորին։ Աճուկային
խողովակի առաջային պատը կազմված է որովայնի արտաքին թեք մկանի ջլոնով, հետինը՝
լայնական փակեղով, վերինը՝ որովայնի ներքին թեք և լայնական մկանների ստորին ազատ
կախված եզրերով, ստորինը՝ աճուկային կապանի միջային 1/3-ով։ Քանի որ սերմնալարը,
ամորձապարկից բարձրանալով, անցնում է աճուկային խողովակի միջով ու մտնում է որովայնի
խոռոչ, ուստի այդ խողովակն ունի երկու բացվածք՝ աճուկային ներքին և արտաքին օղեր:
Արտաքին կամ մակերեսային կամ ենթամաշկային աճուկային օղը (annulus inguinalis
superficialis) տեղակայված է ցայլոսկրից վեր՝ աճուկային խողովակի առաջային պատի վրա՝
որովայնի արտաքին թեք մկանի ջլոնի միջային և կողմնային ոտիկերի միջև: Այն ունի չորս
պատ՝ վերին, ստորին, կողմնային և միջային: Մակերեսային օղը սահմանափակվում է վերևից
արտաքին թեք մկանի ջլոնի միջային ոտիկով (crus mediale), վարից՝ կողմնային ոտիկով (crus
laterale): Այս ոտիկների միջև գոյանում է եռանկյունաձև թեք ճեղք, որի կողմնային սուր
անկյունը կլորանում է աղեղնաձև միջկոթոնային (միջոտիկային) թելերով (fibrae intercrurales),
որոնք անցնում են միջային ոտիկից կողմնայինի վրա և առաջանում են որովայնի արտաքին թեք
մկանը ծածկող փակեղից: Այսպիսով, օղի կողմնային պատը կազմում են միջկոթոնային թելերը:
Մակերեսային աճուկային օղի միջային պատը հետադարձ կամ կոլեզյան կապանն է (lig.
reflexum (Collesi)): Այս կապանը եռանկյուն խուրձ է, գոյացել է հակառակ կողմի արտաքին թեք
մկանի ջլոնի ստորին խրձերով, որոնք թեքորեն կտրում են միջին գիծը, անցնում են հակառակ
կողմի արտաքին թեք մկանի ջլոնի միջային ոտիկի հետևով և միաձուլվում են կողմնային
ոտիկին՝ սահմանափակելով մակերեսային օղը միջային կողմից:
Ներքին կամ խորանիստ աճուկային օղը (annulus inguinalis profundus) տեղակայված է
աճուկային խողովակի հետին պատին՝ որովայնի առաջային պատի հետին երեսին (նկ. 34):
Որովայնի խոռոչի կողմից այն ունի լայնական փակեղի ձագարաձև փոսության տեսք՝
տեղակայված աճուկային կապանի միջին հատվածից վեր: Խորանիստ աճուկային օղը
համապատասխանում է աճուկային կողմնային փոսի տեղակայմանը (աճուկային փոսերի
մանրամասն նկարագրությունը տրվում է «Մարսողություն» բաժնում)։
Աճուկային խողովակի ծագումը պայմանավորված է ամորձու իջեցմամբ և որովայնամզի
43
արտափքմամբ, որը կատարվում է ներարգանդային զարգացման ժամանակաշրջանում (տե´ս
«Մարսողություն» բաժինը):

Որովայնի ուղիղ մկանի բունոց


Որովայնի ուղիղ մկանի բունոցը (vagina m. recti abdominis) կազմված է որովայնի երեք լայն
մկանների ջլոններով, որոնք գրկում են որովայնի ուղիղ մկանը առջևից և հետևից (տե´ս նկ. 32):
Որովայնի ուղիղ մկանի բունոցի առաջային և հետին պատերի կառուցվածքը միանման չէ:
Պորտից վեր բունոցը կազմված է այնպես, որ արտաքին թեք մկանի ջլոնն անցնում է ուղիղ
մկանի առջևով, իսկ լայնական մկանի ջլոնը՝ նրա հետևով, այնինչ ներքին թեք մկանի ջլոնը
փեղեկվում է առաջային և հետին երկու թերթիկի: Առաջային թերթիկն անցնում է ուղիղ մկանի
առջևով՝ ձուլվելով արտաքին թեք մկանի ջլոնին, և կազմում է բունոցի առաջային պատը:
Ներքին թեք մկանի ջլոնի հետին թերթիկն անցնում է ուղիղ մկանի հետևով և ձուլվում է
լայնական մկանի ջլոնին՝ առաջացնելով բունոցի հետին պատը:
Պորտից 4-5 սմ ցած՝ բունոցի ստորին պատի կառուցվածքն այլ է: Այստեղ բոլոր երեք լայն
մկանների ջլոններն անցնում են ուղիղ մկանի առջևով՝ կազմելով նրա բունոցի առաջային
պատը, իսկ հետևից ուղիղ մկանը ծածկված է միայն լայնական փակեղով: Այսպիսով, բունոցի
հետին ջլային պատը պորտից ցած վերջանում է լավ արտահայտված գոգությունով ցած
ուղղված աղեղնաձև գծով (linea arcuata s. semicircularis (Douglasi)): Աղեղնաձև գծից ցած
որովայնի ուղիղ մկանի հետին մակերեսը ծածկված է միայն լայնական փակեղով, որի հետևում
հետորովայնամզային բջջանքն է և որովայնամիզը: Որովայնի ուղիղ մկանի բունոցի ստորին
հատվածի հետին ջլոնային պատի բացակայությունը, ըստ երևույթին, պայմանավորված է
ֆիզիոլոգիական տարբեր վիճակների դեպքում միզապարկի և արգանդի դիրքի և չափերի
փոփոխությամբ:

ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՄԿԱՆՆԵՐԸ և ՓԱԿԵՂՆԵՐԸ


Ստորին վերջույթի մկանները բաժանվում են կոնքագոտու և ստորին ազատ վերջույթի
մկանների: Ստորին ազատ վերջույթի մկաններում տարբերում են ազդրի, սրունքի, ոտքի
մկաններ: Քանի որ կոնքագոտին ամուր, գրեթե անշարժ միանում է ողնաշարին
սրբոսկրազստային հոդում, ուստի կոնքագոտին հատուկ մկաններ չունի, և մկանները, որոնք
սկիզբ են առնում ողնաշարից (մեծ գոտկային, տանձաձև, մեծ հետույքային), կպչում են
ազդրոսկրին՝ անատոմիական և ֆունկցիոնալ տեսակետից դառնալով կոնքազդրային հոդի
մկաններ:

Կոնքի մկանները
Կոնքի մկանները բաժանվում են երկու խմբի՝ ներքին և արտաքին: Ներքին մկաններն են
զստագոտկային, ներքին փականցքային և տանձաձև մկանները: Արտաքին մկաններն են
հետույքային մեծ, միջին և փոքր մկանները, լայն փակեղը լարող, ազդրի քառակուսի և
արտաքին փականցքային մկանները:

Կոնքի մկանների ներքին խումբը


1. Զստագոտկային մկանը (m. iliopsoas) կազմված է երկու մկանից՝ մեծ գոտկային և զստային,

44
որոնք, սկսվելով տարբեր տեղերում (գոտկային ողերի և զստոսկրի վրա), միանում, դառնում են
մեկ միասնական մկան և կպչում են ազդրոսկրին (նկ. 35): Մկանը մասնակցում է որովայնի
խոռոչի հետին պատի մկանային հենքի ձևավորմանը:
Գոտկային մեծ մկանը (m. psoas major) հաստ է և իլիկաձև, սկիզբ է առնում XII կրծքային և
բոլոր գոտկային ողերի մարմինների կողմնային երեսներից: Նրա վերին եզրով ձգվում է
ստոծանու միջային աղեղնաձև կապանը: Մկանն ուղղվում է վար և քիչ կողմնայնորեն, առջևից
հատում է կոնքի սահմանային գիծը և միանում զստամկանին:
Զստային մկանը (m. iliacus) տափակ եռանկյունաձև մկան է, զբաղեցնում է զստափոսը,
տեղակայված է գոտկային մեծ մկանից դրսայնորեն: Սկսվում է զստափոսից, զստոսկրի
կատարի ներքին շրթից և փորային սրբոսկրազստային ու զստագոտկային կապաններից:
Զստամկանը ներքևում միանում է գոտկային մեծ մկանին և նրա հետ մկանային թողանցքով
(աճուկային կապանի տակով) դուրս է գալիս ազդրի շրջան և կպչում է ազդրոսկրի փոքր
տամբիոնին:
Ֆունկցիան. ծալում է ազդրը կոնքազդրային հոդում: Ստորին վերջույթի անշարժացման
դեպքում ծալում է ողնաշարի գոտկային մասը և թեքում է կոնքը առաջ իրանի հետ:
Անոթավորումը. a. iliolumbalis, a. circumflexa ilii profunda:
Նյարդավորումը. գոտկային հյուսակի մկանային ճյուղեր:
2. Գոտկային փոքր մկանը (m. psoas minor) բարակ, տափակ մկան է, տեղակայված է
գոտկային մեծ մկանի առաջային երեսին, երբեմն բացակայում է: Մկանը սկսվում է XII
կրծքային և I գոտկային ողերի մարմիններից: Նրա բարակ փորիկը վերածվում է երկար ջլի, որը
կպչում է զստոսկրի աղեղնաձև գծին և զստացայլային բարձրությանը՝ ձուլվելով զստային
փակեղին:
Ֆունկցիան. ձգում է զստային փակեղը:
Անոթավորումը. aa. lumbales:
Նյարդավորումը. գոտկային հյուսակի մկանային ճյուղեր:
3. Ներքին փականցքային մկանը (m. obturatorius internus) սկսվում է կոնքոսկրի ներքին
երեսի փականցքային թաղանթից և փականցքի շրջեզրերից (բացառությամբ փականցքային
ակոսի) (նկ. 36): Ներքին փականցքային մկանը փոքր կոնքի խոռոչից դուրս է գալիս փոքր
նստային անցքով, շրջվում է սուր անկյան տակ փոքր նստային կտրուճի եզրով և կպչում է մեծ
տամբիոնի միջային մակերեսին: Անցքից դուրս գալով՝ կոնքազդրային հոդի հետին երեսին
ներքին փականցքային մկանին են միանում վերին և ստորին երկվորյակ մկանները, որոնք
նույնպես կպչում են մեծ տամբիոնին: Վերին երկվորյակ մկանը (m. gemellus superior) սկսվում է
նստային փշից, ստորինը (m. gemellus inferior)-ը՝ նստային թմբից (նկ. 37):
Ֆունկցիան. ազդրը պտտում է դեպի դուրս:
Անոթավորումը. a. glutea inferior, a. obturatoria, a. pudenda interna:
Նյարդավորումը. սրբոսկրային հյուսակի մկանային ճյուղեր:
4. Տանձաձև մկանը (m. piriformis) սկսվում է սրբոսկրի կոնքային երեսից, II-IV սրբոսկրային
կոնքային անցքերից կողմնայնորեն, դուրս է գալիս փոքր կոնքի խոռոչից մեծ նստային անցքով:
Կոնքազդրային հոդի հետևում մկանը վերածվում է կլորավուն ջլի, որը կպչում է մեծ տամբիոնի
գագաթին (տե´ս նկ. 37):

45
Ֆունկցիան. ազդրը պտտում է դեպի դուրս՝ աննշան զատումով:
Անոթավորումը. aa. gluteae superioris et inferioris, a. sacralis lateralis:
Նյարդավորումը. սրբոսկրային հյուսակի մկանային ճյուղեր:

Կոնքի մկանների արտաքին խումբը


Կոնքի արտաքին մկանները տեղակայված են հետույքային շրջանում և կոնքի կողմնային
մակերեսին: Կոնքի արտաքին մկաններն առաջացնում են երեք շերտ՝ մակերեսային, միջին և
խորանիստ:
Մակերեսային շերտը կազմում են հետույքային մեծ մկանը և լայն փակեղը լարող մկանը:
Միջին շերտում են հետույքային միջին մկանը, ազդրի քառակուսի մկանը (այս խմբին պետք է
դասել նաև տանձաձև, ներքին փականցքային մկանների արտակոնքային մասերը և վերին ու
ստորին երկվորյակ մկանները): Խորանիստ շերտի մեջ են մտնում հետույքային փոքր և
արտաքին փականցքային մկանները: Թվարկած բոլոր մկանները ներգործում են կոնքազդրային
հոդի վրա:
1. Հետույքային մեծ մկանը (m. gluteus maximus) հզոր, զանգվածային մկան է, տեղակայված է
անմիջապես մաշկի ու փակեղի տակ, հետույքային շրջանում (regio glutea): Այն ամենամեծ
զարգացման է հասնում մարդու դեպքում, պայմանավորված ուղղաձիգ քայլվածքով (նկ. 38):
Մկանն ունի լայն սկիզբ զստոսկրի կատարից՝ զստոսկրի արտաքին երեսի հետին հետույքային
գծից հետ, ողնաշարն ուղղող մկանի սկզբնական ջլային մասից, սրբոսկրի և պոչուկի մեջքային
մակերեսից և սրբոսկրաթմբային կապանից: Մկանը թեքորեն անցնում է դեպի վար և դուրս,
կպչում է ազդրոսկրի հետույքային թմբկությանը: Մկանի խրձերի մի մասն անցնում է մեծ
տամբիոնի վրայով և շարունակվում է որպես լայն փակեղի զստաոլոքային ուղի: Մկանի ջլի և
մեծ տամբիոնի միջև հետույքամկանի մեծ տամբիոնային ձուսպապարկն է (bursa trochanterica m.
glutei maximi):
Ֆունկցիան. կոնքազդրային հոդի վրա կարող է ազդել ինչպես իր ամբողջ զանգվածով,
այնպես էլ առանձին մասերով: Ամբողջ մկանի կծկման դեպքում տարածում է ազդրը՝ փոքր-ինչ
պտտելով դեպի դուրս: Մկանի առաջավերին խրձերն ազդրը զատում են, լարում լայն փակեղի
զստաոլոքային ուղին, նպաստելով ծնկան հոդը տարածված վիճակում պահելուն: Մկանի
հետին ստորին խրձերն առբերում են ազդրը՝ պտտելով նրան դեպի դուրս: Երբ ստորին
վերջույթն անշարժացված է, մկանը տարածում է կոնքը և նրա հետ նաև իրանը՝ վերջինս
պահելով ուղղաձիգ դիրքում (մարմնին տալիս է զինվորական կեցվածք):
Անոթավորումը. a. glutea inferior, a. glutea superior, a. circumflexa femoris medialis:
Նյարդավորումը. n. gluteus inferior:
2. Հետույքային միջին մկանը (m. gluteus medius) սկսվում է զստոսկրի արտաքին երեսից՝
առաջային և հետին հետույքային գծերի միջև, ուղղվում է դեպի վար, վերածվում է հաստ ու
տափակ ջլի, որը կպչում է մեծ տամբիոնի գագաթի կողմնային երեսին: Հետույքային միջին
մկանի ջլի և մեծ տամբիոնի միջև կա ձուսպապարկ: Մկանի հետին խրձերը տեղակայված են
հետույքային մեծ մկանի տակ:
Ֆունկցիան. զատում է ազդրը, առաջային խրձերն ազդրը պտտում են ներս, հետինները՝
դուրս: Ամրացված ստորին վերջույթի դեպքում հետույքային փոքր մկանի հետ կոնքը և իրանը

46
պահում է ուղղաձիգ դիրքում:
Անոթավորումը. a. glutea superior, a. cricumflexa femoris lateralis:
Նյարդավորումը. n. gluteus superior:
3. Հետույքային փոքր մկանը (m. gluteus minimus) տեղակայված է հետույքային միջին մկանի
տակ: Սկսվում է զստոսկրի արտաքին երեսից՝ առաջային և ստորին հետույքային գծերի միջև՝
մեծ նստային կտրուճի եզրից (տե´ս նկ. 37): Կպչում է ազդրոսկրի մեծ տամբիոնի
առաջակողմնային մակերեսին, խրձերի մի մասը ներհյուսվում է կոնքազդրային հոդի
հոդապարկին: Մկանի ջլի և մեծ տամբիոնի միջև կա ձուսպապարկ (bursa trochanterica m. glutei
minimi):
Ֆունկցիան. զատում է ազդրը: Նրա առաջային խրձերը մասնակցում են ազդրի դեպի ներս
պտտմանը, իսկ հետինները՝ դեպի դուրս պտտմանը:
Անոթավորումը. a. glutea superior, a. circumflexa femoris lateralis:
Նյարդավորումը. n. gluteus superior:
4. Լայն փակեղը լարող մկանը (m. tensor fasciae latae) տեղակայված է հետույքային միջին
մկանից անմիջապես առաջ՝ ազդրի կողմնային երեսին, ազդրի լայն փակեղի մակերեսային և
խորանիստ թերթիկների միջև: Սկսվում է զստային առաջային վերին փշից, ազդրի վերին և
միջին երրորդականների սահմանի մակարդակին դառնում է լայն փակեղի զստաոլոքային ուղի
(tractus iliotibialis), որը շարունակվում է վար և կպչում ոլոքի կողմնային կոճին:
Ֆունկցիան. լարում է զստաոլոքային ուղին՝ նպաստելով տարածման դիրքում ծնկան հոդի
ամրացմանը, ծալում է ազդրը:
Անոթավորումը. a. glutea superior, a. circumflexa femoris lateralis:
Նյարդավորումը. n. gluteus superior:
5. Ազդրի քառակուսի մկանը (m. quadratus femoris) տափակ է, քառանկյունաձև, տեղակայված
ստորին երկվորյակ մկանից ցած, հետույքային մեծ մկանի ստորին եզրի տակ: Մկանաթելերը
դասավորված են լայնակի ուղղությամբ՝ նստային թմբից մինչև ազդրոսկրի միջտամբիոնային
կատարը: Մկանի առաջային մակերեսի և մեծ տամբիոնի միջև հաճախ կա ձուսպապարկ։
Ֆունկցիան. ազդրը պտտում է դեպի դուրս։
Անոթավորումը. a. glutea inferior, a. circumflexa femoris medialis, a. obturatoria:
Նյարդավորումը. n. ischiadicus:
6. Արտաքին փականցքային մկանը (m. obturatorius externus) եռանկյունաձև է, սկսվում է
ցայլոսկրի և նստոսկրի ճյուղի արտաքին մակերեսից և փականցքային թաղանթից (տե´ս նկ. 37):
Մկանախրձերը զուգամիտվելով անցնում են հետ և վեր, ազդրոսկրի վզիկի և կոնքազդրային
հոդի հոդապարկի հետևով, և նեղ ջլով կպչում ազդրոսկրի տամբիոնային փոսին ու
հոդապարկին:
Ֆունկցիան. ազդրը պտտում է դուրս:
Անոթավորումը. a. obturatoria, a. circumflexa femoris lateralis:
Նյարդավորումը. n. obturatorius:

Ստորին ազատ վերջույթի մկանները


Ազդրի մկանները

47
Ազդրի մկանները մասնակցում են մարմնի՝ ուղղաձիգ դիրքում պահպանմանը և ուղղաձիգ
քայլվածքին, ուստի առավելագույն զարգացման են հասնում մարդու դեպք ում:
Ունենալով մեծ զանգված և զգալի երկարություն՝ դրանք ունակ են մեծ ուժ զարգացնելու
ներգործելով ինչպես կոնքազդրային, այնպես էլ ծնկան հոդերի վրա:
Ազդրի մկանները բաժանվում են երեք խմբի՝ առաջային (տարածում են սրունքը), հետին
(ծալում են սրունքը) և միջային (առբերում են ազդրը):
Ազդրի մկանների առաջային խումբը
1. Դերձակային մկան (m. sartorius) սկսվում է զստային առաջային վերին փշից, ուղղվում է
վար և ներս, անցնում է ազդրի միջային երես և կպչում է ոլոքի թմբկությանը և սրունքի փակեղին
(նկ. 39):
Կպման տեղում դերձակային մկանի ջիլը, սերտաճելով նազելի և կիսաջլակազմ մկանների
ջլերի հետ, գոյացնում է եռանկյունաձև ներդակազմ թիթեղ՝ մակերեսային սագաթաթը, որի տակ
սագաթաթի ձուսպապարկն է (bursa anserina):
Ֆունկցիան. ծալում է ազդրը և ծունկը, մասնակցում է նաև ազդրի զատմանը և պտտմանը
դեպի դուրս:
Անոթավորումը. a. cricumflexa femoris lateralis, a. genus descendens, a. femoralis (rr. musculares):
Նյարդավորումը. n. femoralis:
2. Ազդրի քառագլուխ մկանը (m. quadriceps femoris) բոլոր մկաններից ամենազանգվածայինն
է, գրավում է ազդրի առաջային, մասամբ կողմնային երեսը և տարածվում է մինչև ծնկան հոդի
շրջան (տե´ս նկ. 39): Մկանը բաղկացած է չորս մկաններից, որոնք կազմում են նրա գլուխները՝
ազդրի ուղիղ, կողմնային, միջային և միջանկյալ լայն մկանները: Ազդրի ստորին
երրորդականում բոլոր չորս գլուխները կազմավորում են մեկ ընդհանուր ջիլ, որը կպչում է
ծնկոսկրի հիմքին և եզրերին: Այս ջլի շարունակությունը ծնկոսկրի կապանն է (lig. patellae), որը
ձգվում է ծնկոսկրի գագաթից և կպչում է ոլոքի թմբկությանը: Ծնկոսկրը որպես քունջութաձև
ոսկր, տեղակայված է քառագլուխ մկանի ջլի հաստության մեջ, մեծացնում է մկանի ջլի կպման
մակերեսը, որով և մեծանում է մկանի ազդման ուժը:
Ազդրի ուղիղ մկանը (m. rectus femoris) իլիկաձև է, ունի երկփետուր կառուցվածք: Մկանը
սկսվում է զստոսկրի առաջային ստորին փշից և քացախափոսի վերին եզրից: Ոսկրի և մկանի
սկզբնամասի միջև կա ձուսպապարկ: Մկանն իջնում է վար կոնքազդրային հոդի առջևով,
ազդրի առաջային մակերեսին տեղակայվում է լայն փակեղը լարող մկանի և դերձակային
մկանի միջև: Ծնկոսկրից վեր 8 սմ, այն փոխվում է ջլի, որը կպչում է ծնկոսկրի հիմքին:
Ազդրի կողմնային լայն մկանը (m. vastus lateralis) չորս գլուխներից ամենախոշորն է: Մկանն
իր ջլային և մկանային խրձերով սկսվում է միջտամբիոնային գծից, մեծ տամբիոնի ստորին
մասից, հետույքային թմբկությունից և ազդրի անհարթ գծի կողմնային շրթից, ինչպես նաև
ազդրի կողմնային միջմկանային խտրոցից: Մկանաթելերը թեքորեն ուղղվում են ցած և կպչում
են ազդրի ուղիղ մկանի ջլին, ծնկոսկրի վերին-կողմնային մասին և ոլոքի թմբկությանը: Ջլային
խրձերի մի մասը շարունակվում է որպես ծնկոսկրի կողմնային արգելան (retinaculum patellae
laterale):
Ազդրի միջային լայն մկանը (m. vastus medialis) ունի լայն սկիզբ, սկսվում է միջտամբիոնային
գծի ստորին կեսից, անհարթ գծի միջային շրթից և ազդրի միջային միջմկանային խտրոցից,

48
կպչում է ծնկոսկրի հիմքի վերին եզրին և ոլոքի միջային կոճի առաջային երեսին: Այս մկանի
ջիլը մասնակցում է ծնկոսկրի միջային արգելանի (retinaculum patellae mediale) կազմավորմանը:
Ազդրի միջանկյալ լայն մկանը (m. vastus intermedius) տեղակայված է ազդրի ուղիղ մկանի
տակ, սկսվում է ազդրոսկրի մարմնի առաջային և կողմնային երեսների վերին 2/3-ից,
ազդրոսկրի անհարթ գծի կողմնային շրթի ստորին մասից և կողմնային միջմկանային խտրոցից:
Կպչում է ծնկոսկրի հիմքին և ազդրի ուղիղ, կողմնային և միջային լայն մկանների ջլերի հետ
մասնակցում է ազդրի քառագլուխ մկանի ընդհանուր ջլի կազմությանը:
Ֆունկցիան. ազդրի քառագլուխ մկանը սրունքի հզոր տարածիչն է ծնկան հոդում։ Ազդրի
ուղիղ մկանը ծալում է ազդրը:
Անոթավորումը. a. femoralis, a. profunda femoris:
Նյարդավորումը. n. femoralis:

Ազդրի հետին խմբի մկանները


Հետին խմբի մկաններն են ազդրի երկգլխանի մկանը, կիսաջլակազմ և
կիսաթաղանթակազմ մկանները (տե´ս նկ. 38):
1. Ազդրի երկգլխանի մկանը (m. biceps femoris) զբաղեցնում է կողմնային դիրք և հարում է
ազդրի կողմնային լայն մկանին: Մկանն ունի երկու գլուխ՝ երկար և կարճ: Երկար գլուխը (caput
longum) կիսաջլակազմ մկանի հետ սկսվում է նստային թմբից և սրբոսկրաթմբային կապանից:
Ազդրի վերին 2/3-ում երկար գլուխն անցնում է կիսաջլակազմ մկանի կողքով, իսկ ստորին
երրորդականի մակարդակին առանձնանում է կիսաջլակազմ մկանից, միանում կարճ գլխին և
վերածվում տափակ ջլի: Կարճ գլուխը (caput breve) սկսվում է անհարթ գծի կողմնային շրթի
միջին երրորդականից և ազդրի կողմնային միջմկանային խտրոցից:
Մկանի ընդհանուր ջիլն ուղղվում է վար ծնկան հոդի հետին կողմնային երեսով և կպչում
նրբոլոքի գլխիկին ու ոլոքի կողմնային կոճի դրսային մակերեսին (ջլի խրձերի մի մասը
շարունակվում է սրունքի փակեղի վրա): Մկանի ջլի և նրբոլոքային համակողմնային կապանի
միջև ազդրի երկգլխանի մկանի ստորին ենթաջլային ձուսպապարկն է (bursa subtendinea m.
bicipitis femoris inferior):
Ֆունկցիան. հետին խմբի մյուս մկանների հետ տարածում է ազդրը, ծալում է սրունքը ծնկան
հոդում, ծնկան հոդում ծալված սրունքը պտտում է դեպի դուրս:
Անոթավորումը. a. circumflexa femoris medialis, aa. perforantes:
Նյարդավորումը. երկար գլուխը՝ n. tibialis, կարճ գլուխը՝ ո. peroneus communis:
2. Կիսաջլակազմ մկանը (m. semitendinosus) ազդրի երկգլխանի մկանի երկար գլխի հետ
սկսվում է նստային թմբից: Ազդրի միջին երրորդականի մակարդակում վերածվում է երկար ջլի,
որն ուղղվում է դեպի վար՝ ծնկան հոդի հետին միջային երեսով, և կպչում է ոլոքի թմբկության
միջային մակերեսին: Կիսաջլակազմ մկանի ջիլն իր կպման տեղում նազելի և դերձակային
մկանների հետ առաջացնում է ջլային լայնանք՝ մակերեսային սագաթաթը (pes anserinus
superficialis), որի տակ առկա է ձուսպապարկ (bursa anserina):
Ֆունկցիան. տարածում է ազդրը, ծալում է սրունքը, ծնկան հոդում ծալված սրունքը պտտում
է դեպի ներս:
Անոթավորումը. aa. perforantes:

49
Նյարդավորումը. n. tibialis:
3. Կիսաթաղանթակազմ մկանը (m. semimembranosus) տեղակայված է նախորդ մկանի տակ:
Մկանը սկսվում է նստային թմբից տափակ, երկար թաղանթանման ջլով, որը կազմում է մկանի
երկարության գրեթե կեսը: Այստեղից էլ ծագել է մկանի անունը: Ջիլը ազդրի միջին
մակարդակում վերածվում է մկանային փորիկի, որը տեղակայված է կիսաջլակազմ մկանի
տակ: Ծնկան հոդի մակարդակին մկանը շարունակվում է որպես տափակ ջիլ և կպչում է ոլոքի
միջային կոճի հետին կողմնային երեսին: Այդ ջիլը իր կպման տեղում բաժանվում է երեք
խրձերի, որոնք կազմում են խորանիստ սագաթաթը (pes anserinus profundus)։ Նշված խրձերից
մեկը միանում է ոլոքային համակողմնային կապանին և կպչում ոլոքի միջային կոճին, երկրորդ
խուրձը, ուղղվելով դեպի վար և կողմնայնորեն, վերջանում է ծնկափոսային մկանի փակեղի և
ոլոքի ձկնամկանի գծի վրա, երրորդը՝ ամենահզոր խուրձը, ուղղվում է դեպի ծնկան հոդի
հոդապարկի հետին երեսը՝ ձևավորելով ծնկափոսային թեք կապանը: Այնտեղ, որտեղ
կիսաթաղանթակազմ մկանի ջիլը ցատկում է ազդրի միջային կոճի վրայով և հպվում է
երկվորյակ մկանի միջային գլխին, առկա են այս մկանի ձուսպապարկերը (bursae m.
semimembranosi):
Ֆունկցիան. տարածում է ազդրը և ծալում սրունքը, ծալված ծնկան հոդում սրունքը պտտում
է դեպի ներս:
Անոթավորումը. a. circumflexa femoris medialis, aa. perforantes, a. poplitea:
Նյարդավորումը. n. tibialis:

Ազդրի միջային խմբի մկանները


Միջային խմբի մկաններն են նազելի, կտինային և առբերիչ (երկար, կարճ և մեծ) մկանները
(նկ. 40):
Այս խմբի մկանների գլխավոր գործառույթը ազդրի առբերումն է, որի համար էլ կոչվում են
առբերիչ մկաններ: Դրանք ուժեղ զարգացման են հասնում մարդու դեպքում պայմանավորված
ուղիղ քայլվածքով։
1. Կտինային մկանը (m. pectineus) կարճ, տափակ մկան է, սկսվում է ցայլոսկրի վերին
ճյուղից՝ ցայլային կատարից: Բարակ տափակ ջլով կպչում է ազդրոսկրի կտինային գծին:
Ֆունկցիան. մասնասկցում է ազդրի առբերմանը և ծալմանը:
Անոթավորումը. a. obturatoria, a. pudenda externa, a. profunda femoris:
Նյարդավորումը. ո. obturatoriսs:
2. Երկար առբերիչ մկանը (m. adductor longus) եռանկյունաձև է, տեղակայված է կտինային
մկանից միջայնորեն և վար, առջևից ծածկում է կարճ առբերիչ մկանը և մեծ առբերիչ մկանի
վերին խրձերը: Սկսվում է հաստ ջլով ցայլոսկրի արտաքին երեսից՝ ցայլային կատարի և
համաճոնի միջև: Անցնելով դեպի վար և կողմնայնորեն՝ շարունակվում է որպես բարակ և լայն
ջիլ, որը կպչում է ազդրի անհարթ գծի միջային շրթի միջին հատվածին:
Ֆունկցիան. առբերում է ազդրը, միաժամանակ ծալում է և պտտում դեպի դուրս:
Անոթավորումը. a. obturatoria, a. pudenda externa, a. profunda femoris:
Նյարդավորումը. n. obturatorius:
3. Կարճ առբերիչ մկանը (m. adductor brevis) տեղակայված է երկար առբերիչ մկանի

50
հետևում: Մկանը սկսվում է ցայլոսկրի մարմնի և ստորին ճյուղի արտաքին երեսից, ուղղվում է
դեպի վար ու դուրս և կարճ ջլային խրձերով կպչում անհարթ գծի վերին մասին:
Ֆունկցիան. առբերում է ազդրը, մասնակցում է ազդրի ծալմանը:
Անոթավորումը. a. obturatoria, aa. perforantes:
Նյարդավորումը. n. obturatorius:
4. Մեծ առբերիչ մկանը (m. adductor magnus) հաստ է, եռանկյունաձև, ազդրի միջային խմբի
մկաններից ամենաուժեղն է, տեղակայված է կարճ և երկար առբերիչ մկաների հետևում:
Հետևից նրան հարում են կիսաջլակազմ, կիսաթաղանթակազմ մկանները և ազդրի երկգլխանի
մկանի երկար գլուխը: Մկանը սկսվում է նստային թմբից, նստոսկրի ճյուղից և ցայլոսկրի
ստորին ճյուղից, ուղղվում է դեպի դուրս և կպչում է ազդրոսկրի անհարթ գծի միջային շրթին
ամբողջ երկայնքով՝ մինչև ազդրոսկրի միջային վերկոճ:
Մկանի վերին խրձերն ուղղված են գրեթե հորիզոնական, ձգվում են ցայլոսկրից դեպի
ազդրոսկրի մարմնի վերին մաս: Մկանի միջին խրձերը սկսվում են նստային թմբից և շեղորեն
իջնում են վար՝ դեպի ազդրոսկրի անհարթ գիծ: Ստորին խրձերը, որոնք գրեթե ուղղաձիգ են,
վերածվում են ամուր ջլի, որը կպչում է ազդրոսկրի միջային վերկոճի առբերիչային թմբիկին
(tuberculum adductorium)։ Ազդրոսկրի միջային կոճից 8-10սմ բարձր՝ մեծ առբերիչ մկանի ջլային
խրձերի միջև կա բացվածք՝ ջլային ճեղք (hiatus tendineus adductorius), որի միջով ազդրային
զարկերակն անցնում է դեպի ծնկափոս:
Ֆունկցիան. ազդրի ամենաուժեղ առբերիչ մկանն է: Մկանի միջային խրձերը, որոնք սկիզբ
են առնում նստային թմբից, մասնակցում են նաև ազդրի տարածմանը:
Նյարդավորումը. n. obturatorius, n. ischiadicus:
Անոթավորումը. a. obturatoria, aa. perforantes:
5. Նազելի մկանը (m. gracilis) տափակ, երկար մկան է, մակերեսորեն անցնում է ազդրի
ամբողջ միջային եզրով (տե´ս նկ. 39): Կարճ ջլով սկսվում է ցայլային համաճոնի ստորին կեսից
և ցայլոսկրի ստորին ճյուղից: Ազդրի ստորին երրորդականում մկանի փորիկը տեղակայված է
դերձակային և կիսաթաղանթակազմ մկանների միջև, իսկ ծնկան հոդի մակարդակին՝
դերձակային և կիսաջլակազմ մկանների միջև: Նազելի մկանի ջիլը կպչում է ոլոքի թմբկության
միջային երեսին և մասնակցում է մակերեսային սագաթաթի կազմությանը:
Ֆունկցիան. առբերում է ազդրը, ծալում սրունքը, միաժամանակ պտտում է նրան դեպի
ներս:
Անոթավորումը. a. obturatoria, a. pudenda externa, a. femoralis:
Նյարդավորումը. n. obturatorius:

Սրունքի մկանները
Սրունքի մկանները, ինչպես ազդրի և կոնքագոտու մկանները, հարմարեցված են մարմնի
ուղղաձիգ դիրքի պահպանմանն ու քայլելուն: Այստեղ մեծ մկանային զանգվածները
միաձուլվում են և առաջացնում ընդհանուր ջլեր, որի հետևանքով մեծանում է գումարային ուժը՝
ապահովելով մեծածավալ և ուժգին շարժումներ, որոնք անհրաժեշտ են ուղղաձիգ դիրքի
պահպանման և այդ դիրքում քայլելու համար: Զարգացած են նաև նրանց օժանդակ
հարմարանքները:

51
Սրունքի մկանները, ունենալով լայն սկիզբ ոսկրերի, միջմկանային խտրոցների և սրունքի
փակեղների վրա, ազդում են ծնկան, սրունքվեգային և ոտքի հոդերի վրա:
Տարբերում են սրունքի առաջային, հետին և կողմնային մկանախմբեր: Առաջային խմբի
մկաններն են՝ ոլոքային առաջային մկանը, մատները տարածող երկար մկանը և ոտքի բութը
տարածող երկար մկանը: Հետին խմբին են պատկանում սրունքի եռագլուխ մկանը (կազմված
երկվորյակ մկանից և ձկնամկանից), ներբանային մկանը, ծնկափոսային մկանը, ոլոքային
հետին մկանը, մատները ծալող երկար մկանը և բութը ծալող երկար մկանը: Կողմնային խմբին
են պատկանում նրբոլոքային երկար և կարճ մկանները:

Սրունքի առաջային խմբի մկանները


1. Ոլոքային առաջային մկանը (m. tibialis anterior) առաջային խմբի մկաններից
ամենաուժեղն է ու ամենամիջայինը (նկ. 41): Սկսվում է ոլոքի կողմնային կոճից և կողմնային
մակերեսի վերին կեսից, միջոսկրային թաղանթից և սրունքի փակեղից: Սրունքի հեռակա
երրորդականի մակարդակին մկանախրձերը վերածվում են երկար ջլի, որը հաջորդաբար
անցնում է տարածիչների ջլերի արգելանների տակով, շրջանցում է ոտքի միջային եզրը և
կպչում է միջային սեպաձև ոսկրի ներբանային երեսին և I նախագարշապարային ոսկրի
հիմքին:
Ֆունկցիան. տարածում է ոտքը սրունքվեգային հոդում, միաժամանակ բարձրացնում ոտքի
միջային եզրը, ամրացնում է ոտքի երկայնական կամարը: Երբ ոտքը անշարժացած է, սրունքը
թեքում է առաջ, նպաստում սրունքը ուղղաձիգ դիրքում պահելուն:
Անոթավորումը. a. tibialis anterior:
Նյարդավորումը. ո. peroneus profundus:
2. Մատները տարածող երկար մկանը (m. extensor digitorum longus) ունի փետրաձև
կառուցվածք, տեղակայված է նախորդ մկանից կողմնայնորեն: Սկսվում է ոլոքի կողմնային
կոճից, նրբոլոքի մարմնի առաջային երեսից, միջոսկրային թաղանթի վերին մասից, սրունքի
փակեղից և միջմկանային խտրոցից:
Իջնելով ցած՝ մկանը վերածվում է ջլի, որը հաջորդաբար անցնում է տարածիչների ջլերի
վերին և ստորին արգելանների տակով: Սրունքավեգային հոդի մակարդակին ջիլը բաժանվում է
չորս խրձերի, որոնք պարփակված են մեկ ընդհանուր ձուսպաբունոցի մեջ: Յուրաքանչյուր ջիլ
կպչում է II-V մատների միջին և հեռակա մատոսկրերի հիմքերին:
Մկանի ստորին մասից անջատվում է ոչ մեծ խուրձ՝ երրորդ նրբոլոքային մկանը (m.
peroneus tertius), որի ջիլը կպչում է V նախագարշապարային ոսկրի հիմքին:
Ֆունկցիան. տարածում է II-V մատները նախագարշապարամատոսկրային հոդերում,
ինչպես նաև ոտքը՝ սրունքվեգային հոդում: Երրորդ նրբոլոքային մկանը բարձրացնում է ոտքի
դրսային եզրը: Երբ անշարժացված է ոտքը, առաջային ոլոքային մկանի պես, սրունքը պահում է
ուղղաձիգ դիրքում:
Անոթավորումը. a. tibialis anterior:
Նյարդավորումը. ո. peroneus profundus:
3. Ոտքի բութ մատը տարածող երկար մկանը (m. extensor hallucis longus) տեղակայված է
ավելի խոր՝ նախորդ երկու մկանների միջև, որոնք ծածկում են նրա վերին հատվածը: Սկսվում է

52
նրբոլոքի առաջային մակերեսի միջին երրորդականից, սրունքի միջոսկրային թաղանթից:
Մկանի ջիլն անցնում է ոտքի թիկնային երես՝ տարածիչների ջլերի վերին և ստորին
արգելանների տակով, առանձին ձուսպաբունոցի մեջ, և կպչում է ոտքի բութ մատի հեռակա
մատոսկրին: Ջլի առանձին խրձերը կարող են կպչել նաև մոտակա մատոսկրին:
Ֆունկցիան. տարածում է ոտքի բութ մատը, բարձրացնում է ոտքի միջային եզրը,
մասնակցում է ոտքի ծալմանը սրունքվեգային հոդում:
Անոթավnրումը. a. tibialis anterior:
Նյարդավորումը. n. peroneus profundus:

Սրունքի հետին խմբի մկանները


Հետին խմբի մկանները դասավորված են երկու շերտով՝ մակերեսային և խորանիստ:
Մակերեսային շերտում են սրունքի եռագլուխ մկանը և ներբանային մկանը (նկ. 42): Խորանիստ
շերտը կազմված է ոչ մեծ ծնկափոսային մկանով և երեք երկար մկաններով՝ մատները ծալող
երկար մկանով (տեղակայված է ամենամիջային դիրքում), ոլոքային հետին մկանով
(զբաղեցնում է միջանկյալ դիրք) և ոտքի բութ մատը ծալող երկար մկանով (տեղակայված է
կողմնայնորեն):
Սրունքի հետին խմբի մկանների մակերեսային շերտը
1. Սրունքի եռագլուխ մկանը (m. triceps surae) բաղկացած է երկու մկաններից՝ երկվորյակ
մկանից, որը տեղակայված է մակերեսայնորեն, և ձկնամկանից՝ տեղակայված երկվորյակ
մկանի տակ:
Երկվորյակ մկանը (m. gastrocnemius) ունի երկու գլուխ՝ միջային և կողմնային, որոնք
սկսվում են ազդրոսկրի ծնկափոսային մակերեսից՝ երկու կոճերից վեր: Գլուխները սկսվում են
ջլային մասով, որոնք իրենց ջլային կպումներով միանում են ծնկան հոդի հոդապարկին:
Երկվորյակ մկանի յուրաքանչյուր գլխի և ծնկան հոդի հոդապարկի միջև կա մեկական
ձուսպապարկ (bursa subtendinea m. gastrocnemii lateralis et medialis): Երկու ձուսպապարկն էլ
հաղորդակցվում են ծնկան հոդի խոռոչի հետ:
Սրունքի կեսին երկվորյակ մկանի երկու գլուխները վերածվում են հաստ, տափակ ջլի, որը
իջնելով նեղանում և ձուլվում է ձկնամկանի ջլի հետ՝ ձևավորելով կրնկային (աքիլլեսյան) ջիլը
(tendo calcaneus s. Achillis): Այդ ջիլը կպչում է կրունկոսկրի թմբին։ Ջլի և ոսկրի միջև կրնկային
(աքիլլեսյան) ջլի ձուսպապարկն է (bursa tendinis calcanei (Achillis):
Ձկնանման մկանը (m. soleus) հաստ է, տափակ, տեղակայված է երկվորյակ մկանից առաջ:
Նրա առջևում տեղակայված են խորանիստ շերտի մկանները: Ձկնամկանն ընդարձակ սկիզբ
ունի ոլոքի հետին երեսին՝ ձկնանման մկանի գծից, և ջլային աղեղից (arcus tendineus m. solei),
որը ցատկում է ոլոքից նրբոլոքի վրա: Մկանը վերածվում է տափակ ջլի, որը մասնակցում է
կրնկային ջլի կազմությանը:
Ֆունկցիան. սրունքի եռագլուխ մկանի երկվորյակ մկանախումբը՝ իբրև երկհոդանի մկան
(այն անցնում է երկու հոդերի վրայով՝ ծնկան և սրունքվեգային), ծալում է սրունքն ու ոտքը
(ներբանային ծալում), մինչդեռ ձկնամկանը մեկհոդանի է (անցնում է միայն սրունքվեգային
հոդի վրայով) և ծալում է ոտքը (ներբանային ծալում): Երբ անշարժացած է ոտքը, եռագլուխ
մկանը սրունքը պահում է վեգոսկրի վրա, այդպիսով արգելակում է մարմնի առաջթեքումը:

53
Անոթավորումը. a. tibialis posterior:
Նյարդավորումը. n. tibialis:
2. Ներբանային մկանը (m. plantaris) անկայուն է, ոչ մեծ փորիկով և երկար, բարակ ջլով:
Սկսվում է ազդրոսկրի կողմնային վերկոճից վեր և ծնկափոսային թեք կապանից: Մկանի ջիլն
անցնում է երկվորյակ և ձկնանման մկանների միջով, հարում է կրնկային ջլի միջային եզրին,
որի հետ կպչում է կրնկային թմբին:
Ֆունկցիան. ձգում է ծնկան հոդի պարկը, մասնակցում է սրունքի և ոտքի ներբանային
ծալմանը:
Անոթավորումը. a. poplitea:
Նյարդավորումը. n. tibialis:
Սրունքի հետին խմբի մկանների խորանիստ շերտը
1. Ծնկափոսային մկանը (m. popliteus) տեղակայված է ծնկան հոդի հետին երեսին: Հաստ
ջլով սկսվում է ազդրոսկրի կողմնային կոճից (նրբոլոքային համակողմնային կապանի կպչելու
տեղից վար): Մկանն ուղղվում է միջայնորեն և վար, անցնում է ծնկափոսային աղեղնաձև
կապանի տակով և կպչում է ոլոքի հետին երեսին՝ ձկնանման մկանի գծից վեր (նկ. 43):
Ֆունկցիան. ծալում է սրունքը, պտտում է նրան դեպի ներս, ձգում է ծնկան հոդի պարկը՝
պաշտպանելով ձուսպաթաղանթը սեղմվելուց:
Անոթավորումը. a. poplitea:
Նյարդավորումը. n. tibialis:
2. Մատները ծալող երկար մկանը (m. flexor digitorum longus) երկփետրանի մկան է,
տեղակայված է ոլոքային հետին մկանի հետևում և միջայնորեն: Սկսվում է ոլոքի մարմնի
հետին երեսին՝ ձկնանման մկանի գծից վար, սրունքի փակեղից և սրունքի հետին միջմկանային
խտրոցից: Մկանի ջիլն ուղղվում է դեպի վար, խաչվում է ոլոքային հետին մկանի ջլի հետ,
շրջանցում է միջային պճեղը հետևից, անցնում ծալիչների ջլերի արգելանի (retinaculum
flexorum) տակով դեպի ոտքի ներբան: Ապա ջիլը հետևից և վարից շրջանցում է վեգոսկրի
հենակը՝ տեղակայված լինելով մատների կարճ ծալիչի վրա, և բաժանվում է չորս առանձին
ջլերի, որոնք փեղեկում են մատների կարճ ծալիչի ջլերը և կպչում II-V մատների հեռակա
մատոսկրերին:
Ֆունկցիան. ծալում է II-V մատների հեռակա մատոսկրերը, ծալում է ոտքը, բարձրացնում է
ոտքի միջային եզրը:
Անոթավորումը. a. tibialis posterior:
Նյարդավորումը. n. tibialis:
3. Ոտքի բութ մատը ծալող երկար մկանը (m. flexor hallucis longus) երկփետրանի մկան է,
տեղակայված է ոլոքային հետին մկանից կողմնայնորեն՝ մասամբ ծածկելով նրան: Սկսվում է
նրբոլոքի մարմնի ստորին երկու երրորդականից, միջոսկրային թաղանթից, սրունքի հետին
միջմկանային խտրոցից: Մկանի ջիլն անցնում է ծալիչների ջլերի արգելանի տակով՝ միջային
պճեղի հետևով՝ մատները ծալող երկար մկանի ջլից կողմնայնորեն: Այնուհետև ջիլը պառկում է
վեգոսկրի հետին ելունի համանուն ակոսի մեջ, ապա՝ վեգոսկրի համանուն ակոսի մեջ
(վեգոսկրի հենակի տակ): Հասնելով ոտքի բութ մատի ներբանային երես՝ ջիլը կպչում է բութ
մատի հեռակա մատոսկրին:

54
Ֆունկցիան. ծալում է ոտքի բութ մատը, մասնակցում է ոտքի ներբանային ծալմանը և
առբերմանը, ամրացնում է ոտքի երկայնական կամարը:
Անոթավորումը. a. tibialis posterior, a. peronea:
Նյարդավորումը. n. tibialis:
4. Ոլոքային հետին մկանը (m. tibialis posterior) դրված է խորը, սրունքի հետին երեսին՝
մատները ծալող երկար մկանի (միջային կողմից) և ոտքի բութ մատը ծալող երկար մկանի
(դրսային կողմից) միջև: Սկսվում է նրբոլոքի մարմնի հետին մակերեսից, ոլոքի մարմնի վերին
2/3-ից (ձկնամկանի գծից վար) և սրունքի միջոսկրային թաղանթից:
Մկանի ջիլն անցնում է անմիջապես միջային պճեղի հետևով՝ ծալիչների ջլերի արգելանի
տակով: Անցնելով ոտքի ներբանային երեսը՝ ջիլը կպչում է նավակաձև ոսկրի թմբկությանը,
բոլոր երեք սեպաձև ոսկրերին, ինչպես նաև IV (երբեմն և V) նախագարշապարային ոսկրի
հիմքին:
Ֆունկցիան. ծալում է ոտքը (ներբանային ծալում), առբերում է նրան և թեթևակի
բարձրացնում է ոտքի միջային եզրը:
Անոթավորումը. a. tibialis posterior:
Նյարդավորումը. n. tibialis:
Սրունքի մկանների կողմնային խումբը
Կողմնային խումբը կազմում են նրբոլոքային երկար և կարճ մկանները, որոնք
տեղակայված են սրունքի կողմնային երեսին՝ առաջային և հետին միջմկանային խտրոցների
միջև (նկ. 44):
1. Նրբոլոքային երկար մկանը (m. peroneus (fibularis) longus) երկփետրանի է, տեղակայված է
մակերեսորեն, սկսվում է նրբոլոքի գլխիկից և կողմնային երեսի վերին երկու երրորդականից,
ոլոքի կողմնային կոճից, սրունքի փակեղից և սրունքի միջմկանային խտրոցներից:
Սրունքվեգային հոդի մակարդակին մկանի ջիլը, շրջանցելով կողմնային պճեղը հետևից,
անցնում է նախ՝ վերին նրբոլոքային արգելանի տակով՝ նրբոլոքային կարճ մկանի ջլի հետ
ընդհանուր ջլաբունոցի մեջ, ապա՝ կրունկոսկրի կողմնային ակոսի մեջ պառկած՝ ստորին
նրբոլոքային արգելանի տակով: Ներբանում նրբոլոքային երկար մկանի ջիլը թեքորեն անցնում
է դեպի առաջ և ներս, պառկում է խորանարդաձև ոսկրի համանուն ակոսի մեջ՝ շրջապատված
առանձին (սեփական) ձուսպաբունոցով, որից հետո կպչում է I և II նախագարշապարային
ոսկրերի հիմքերին և միջային սեպաձև ոսկրին:
Այն կետերում, որտեղ ջիլը փոխում է իր ուղղությունը (կողմնային պճեղի հետևում և
խորանարդաձև ոսկրի վրա), սովորաբար այն հաստացած է՝ ի հաշիվ նրա հաստության մեջ
գոյացող ներդաճառի կամ քունջութաձև ոuկրիկի:
Ֆունկցիան. ծալում է ոտքը, բարձրացնում է նրա կողմնային եզրը (վարհակում), ամրացնում
է ոտքի լայնական ու երկայնական կամարները:
Անոթավորումը. a. genus inferior lateralis, a. peronea:
Նյարդավորումը. n. peroneus superficialis:
2. Նրբոլոքային կարճ մկանը (m. peroneus (fibularis) brevis) երկփետրանի է, տեղակայված է
նախորդ մկանի տակ: Սկuվում է նրբոլոքի կողմնային մակերեսի ստորին 2/3-ից, սրունքի
միջմկանային խտրոցներից: Մկանի ջիլն անցնում է կողմնային պճեղի հետևով ու վերին

55
նրբոլոքային արգելանի տակով՝ պառկելով նրբոլոքային երկար մկանի ջլի հետ ընդհանուր
ձուսպաբունոցի մեջ: Ապա անցնելով ստորին արգելանի տակով՝ նրբոլոքային կարճ մկանի ջիլը
շրջվում է առաջ, անցնում է կրունկոսկրի դրսային կողմով և կպչում է V նախագարշապարային
ոսկրի հիմքին: Երբեմն նրանից առանձնանում է մի խուրձ, որը միանում է V մատի տարածիչի
ջլին:
Ֆունկցիան. բարձրացնում է ոտքի կողմնային եզրը (վարհակում): Խոչընդոտում է ոտքի
ներբանով դեպի ներս շրջվելը, մյուս մկանների օժանդակությամբ ծալում է ոտքը (ներբանային
ծալում):
Անոթավորումը. a. peronea:
Նյարդավորումը. n. peroneus superficialis:

Ոտքի մկանները
Ոտքը, ինչպես և ձեռքը, բացի սրունքից ձգվող մկաններից, ունի իր սեփական կարճ
մկանները: Վերջիններս բաժանվում են մեջքային և ներբանային խմբերի:

ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Մկանները, նրանց ջլերը, փակեղները և ոսկրերը ստորին վերջույթի վրա առաջացնում են
նրա ռելիեֆը և սահմանափակում են զանազան անցքեր, խողովակներ, փոսեր, ակոսներ։
Նստային մեծ անցքով տանձաձև մկանից վեր և վար մնում են ճեղքեր, որոնք կոչվում են
վերտանձաձև և ստորտանձաձև անցքեր (foramen suprapiriforme et foramen infrapiriforme): Այդ
անցքերով անցնում են հետույքային անոթներն ու նյարդերը:
Փականցքային խողովակը (canalis obturatorius) տեղակայված է նույնանուն անցքի վերին
եզրի սահմաններում: Այս խողովակն առաջանում է ցայլոսկրի փականցքային ակոսով և ներքին
փականցքային մկանի վերին եզրով։ Խողովակի երկարությունը 2,0-2,5սմ է։ Խողովակով
անցնում են համանուն անոթներն ու նյարդերը։
Կոնքոսկրի վերին առաջային զստային փշից մինչև ցայլային թմբիկ ձգվում է աճուկային
կապանը (պուպարյան լարը): Վերջինս ոսկրի հետ սահմանում է մի տարածություն, որտեղից
անցնելով՝ զստային փակեղն իր կողմնային մասով ձուլվում է պուպարյան լարին, իսկ միջային
մասով հաստանալով՝ իջնում է և կպչում զստակտինային բարձրությանը: Փակեղի այս
հաստացած զոլը կոչվում է զստակտինային աղեղ (arcus iliopectineus):
Այս աղեղը աճուկային կապանի տակ եղած տարածությունը բաժանում է երկու մասի՝
կողմնային՝ մկանային թողանցքի (lacuna musculorum) և միջային՝ անոթային թողանցքի (lacuna
vasorum): Մկանային թողանցքով անցնում են զստագոտկային մկանը և ազդրային նյարդը:
Անոթային թողանցքով անցնում են ազդրային զարկերակը, երակը և ավշային անոթներ։
Ազդրի առաջային երեսին առանձնացվում է ազդրային կամ սկարպյան եռանկյունին
(trigonum femorale s. Scarpae), որի սահմաններն են վերևից՝ աճուկային կապանը, դրսային
կողմից՝ դերձակային մկանը, միջային կողմից՝ երկար առբերիչ մկանը: Եռանկյան հատակը
կազմում են զստագոտկային և կտինային մկանները: Ազդրային եռանկյան սահմաններում՝
ազդրի լայն փակեղի մակերեսային թերթիկի տակ, երևում է լավ արտահայտված
զստակտինային ակոսը (sulcus iliopectineus), որը միջային կողմից սահմանափակվում է

56
կտինային, իսկ դրսային կողմից զստագոտկային մկաններով: Նշված ակոսը դեպի վար
շարունակվում է որպես ազդրային առաջային ակոս (sulcus femoralis anterior), որը միջայնորեն
սահմանվում է երկար և մեծ առբերիչ մկաններով, իսկ դրսայնորեն՝ ազդրի միջային լայն
մկանով։ Ազդրային եռանկյան գագաթում ազդրային առաջային ակոսը, դեպի վար
շարունակվելով, վերածվում է ազդրածնկափոսային կամ առբերիչ խողովակի (canalis
femoropopliteus s. adductorius (Hunteri)):
Առբերիչ խողովակը (canalis adductorius (ազդրածնկափոսային կամ հունտերյան խողովակ))
ազդրի առաջային շրջանը հաղորդակցում է ծնկափոսի հետ: Այս խողովակի միջային պատը
մեծ առբերիչ մկանն է, կողմնայինը՝ ազդրի միջային լայն մկանը, առաջայինը՝ ներդակազմ
թիթեղը (lamina vastoadductoria), որը ցատկում է նշված մկանների միջև: Խողովակն ունի վերին,
ստորին և առաջային բացվածքներ: Առբերիչ խողովակի վերին բացվածքն ազդրային առաջային
ակոսի շարունակությունն է. այն ծածկված է դերձակային մկանով: Խողովակի ստորին
բացվածքը ազդրի հետին երեսին է, ազդրոսկրի միջային վերկոճից 8սմ բարձր և տեղակայված է
մեծ առբերիչ մկանի ջլային խրձերի միջև, ուստի կոչվում է մեծ առբերիչ մկանի ջլային ճեղք
(hiatus tendineus (adductorius)). այն բացվում է ծնկափոսի մեջ: Առբերիչ խողովակի առաջային
բացվածքը ներդակազմ թիթեղի վրա է: Առբերիչ խողովակով անցնում են ազդրային
զարկերակը, երակը և ենթամաշկային նյարդը:
Ծնկափոսը (fossa poplitea) շեղանկյուն փոս է, որը տեղակայված է ծնկան հոդի հետին
երեսին: Ծնկափոսի վերին անկյունը դրսային կողմից սահմանափակվում է ազդրի երկգլխանի
մկանով, միջային կողմից՝ կիսաթաղանթակազմ մկանով: Ստորին անկյունը երկվորյակ
մկանների միջային և կողմնային գլուխների միջև է: Նրա հատակն են ազդրոսկրի ծնկափոսային
մակերեսը և ծնկան հոդի հետին մակերեսը:
Ծնկափոսով, որը լցված է ճարպային բջջանքով, նրա վերին անկյունից դեպի ստորին
անկյունն են իջնում նյարդեր, արյունատար և ավշային անոթներ, նրա մեջ կան ավշային
հանգույցներ: Ծնկափոսում նյարդանոթային տարրերը մակերեսից դեպի խորք դասավորվում
են հետևյալ կերպ՝ նյարդ, երակ, զարկերակ (nervus, vena, arteria, հապավումով nva):
Ծնկափոսից վար սկսվում է սրունքծնկափոսային կամ գրուբերյան խողովակը (canalis
cruropopliteus (BNA)), որն անցնում է սրունքի հետին խմբի մակերեսային և խորանիստ
մկանների միջով և տարածվում է ծնկափոսի ստորին սահմանից մինչև կրունկային
(աքիլլեսյան) ջլի սկսման միջային եզրը։ Խողովակի առաջային պատը վերին 2/3-ում կազմում է
ոլոքային հետին մկանը, ավելի վար՝ ոտքի բութ մատը ծալող երկար մկանը: Խողովակի հետին
պատը ձկնամկանի առաջային մակերեսն է: Սրունքծնկափոսային խողովակն ունի երեք
բացվածք՝ վերին (մուտք), առաջային և ստորին (ելք): Վերին բացվածքը սահմանափակվում է
ծնկափոսային մկանով և ձկնամկանի ջլային աղեղով: Առաջային բացվածքը տեղակայված է
խողովակի ամենավերին մասում՝ սրունքի միջոսկրային թաղանթի վրա: Ստորին բացվածքը
սրունքի ստորին 1/3-ում է, կրունկային (աքիլլեսյան) ջլի միջային եզրին: Այս խողովակով
անցնում են ոլոքային հետին զարկերակը, երակները և ոլոքային նյարդը:
Սրունքի միջին երրորդականում սրունքծնկափոսային խողովակից կողմնային ուղղությամբ
առանձնանում է ստորին մկանանրբոլոքային խողովակը (canalis musculoperoneus inferior), որի

57
պատերն են՝ առջևից՝ նրբոլոքի հետին երեսը, հետևից՝ ոտքի բութ մատի երկար ծալիչը: Այս
խողովակով անցնում են նրբոլոքային զարկերակն ու երակները:
Սրունքի վերին երրորդականում նրբոլոքի կողմնային մակերեսի և նրբոլոքային երկար
մկանի միջև առաջանում է վերին մկանանրբոլոքային խողովակը (canalis musculoperoneus
superior): Այս խողովակը ինքնուրույն է և չի հաղորդակցվում սրունքծնկափոսային խողովակի
հետ. նրա միջով անցնում է մակերեսային նրբոլոքային նյարդը:
Ոտքի ներբանում ներբանային անոթների ու նյարդերի համար առաջանում են կողմնային և
միջային ներբանային ակոսները: Նրանք տեղակայված են մատների կարճ ծալիչի երկու
կողմերում։ Միջային ներբանային ակոսը (sulcus plantaris medialis) անցնում է մատների կարճ
ծալիչի և ոտքի բութ մատը զատող մկանի միջև, իսկ կողմնային ներբանային ակոսը (sulcus
plantaris lateralis)՝ մատների կարճ ծալիչի և ճկույթը զատող մկանի միջև:

58

You might also like